Sunday, November 2, 2014

«Pemphigus Vulgaris»




- Տղաս կոկորդս կցավի, - ասաց հայրս: Նա, չնայած, որ երկար տարիներ ապրում էր Հայաստանում, այսինքն Արևելյան Հայաստանում, բայց շարունակում էր խոսել արևմտահայերենով: 
           
- Ի՞նչ անենք, - ասացի ես, - կյանքումդ առաջին անգամ կոկորդդ ցավեց, արդեն սրտնեղում ես, բա մենք ի՞նչ ասենք, որ հաճախ կոկորդի ցավ ենք ունենում: Անգինա է, մի քանի օրից կանցնի:
           
- Հա, կանցնի՞ տղաս, - պարզամտորեն հարցրեց նա:
           
- Իհարկե՛, կանցնի՛, հո անընդհատ չի ցավելու:
           
Անցավ մի քանի օր, բայց հորս կոկորդի ցավը չէր անցնում: Նա մեր խորհրդով սկսեց հաճախակի տաք թեյ խմել, սոդայաջրով ողողել կոկորդը, բայց միևնույն է չէր անցնում:
           
Մեր ընտանիքում, հատկապես ես մանուկ հասակից տառապել եմ անգինայով, որն ուղեկցվում էր բարձր ջերմով: Ինձ խնամելով տանջվում էր նաև մայրս: Ինչքան անքուն գիշերներ է նա անցկացրել իմ անկողնու մոտ, երբ ես երեխա էի և որպեսզի վերջապես ազատվեմ այդ հիվանդությունից վիրահատվել եմ բավականին հասուն տարիքում. երեսուն տարեկանում հեռացվել են իմ նշագեղձերը: Սկզբում դա էլ չօգնեց, քանի որ վիրահատությունից հետո մոտ մեկ տարի տառապում էի ֆարինգիտով՝ չորանում էր կոկորդս, բարձրանում էր մարմնիս ջերմաստիճանը: Մեկ տարի անց կամաց-կամաց վիճակս բարելավվեց և ես այլևս չհիվանդացա: Անգինայով հիվանդանում էին նաև մայրս և երկվորյակ քույրերս, բայց նրանց մոտ դա ավելի մեղմ էր ընթանում, բացի դրանից ո՛չ այնքան հաճախ, ինչքան ինձ մոտ: Ընդհանրապես անգինայով շատերն են հիվանդանում: Երևի դա էր պատճառը, որ մենք այնքան էլ լրջորեն չէինք վերբերվում հորս «անգինային»
           
Հայրս շարունակում էր իր «բուժումները» միայն մի տարբերությամբ, որ նա նաև սպիտակ մառլյայով փաթաթել էր կոկորդը՝ հետևելով «տաք պահիր, որ անցնի» ժողովրդի մեջ ընդունված խորհրդին: Մենք արդեն սովոր էինք այդ փաթաթանը տեսնել նրա պարանոցին:  Սակայն, մի օր մայրս հայտնեց ինձ, որ հորս ծնկներին հեղուկով լեցուն մեծ-մեծ բշտիկներ են հայտնվել, որոնք ո՛չ քոր են գալիս, ո՛չ էլ ցավում: Դա ինձ շատ տարօրինակ թվաց և ես նրան տարա բժշկի: Մենք գնացինք պոլիկլինիկա, մաշկային բաժանմունք:
           
Ես, հիմա ապրելով Միցայալ Նահանգներում, նոր եմ հասկացել, թե ինչքան արդյունավետ է բժշկական համակարգը Հայաստանում և հակառակը, ինչքան անարդյունավետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հիվանդը Հայաստանում կարող է նախնական բուժում ստանալ պոլիկլինիկայում, իսկ առանձին դեպքերի և բարդությունների դեպքում հիվանդանոցում: Պոլիկլինիկայում կան գրեթե բոլոր հիվանդությունների գծով բաժանմունքներ, որտեղ հիվանդին ո՛չ միայն ախտորոշում են, այլ նաև բուժում, ըստ որում միանգամայն ձրի: Ամերիկայում բժշկական համակարգը բաղկացած է բազմաթիվ բժշկական կենտրոններից և հիվանդանոցներից: Բժշկական կենտրոններում հիվանդը հիմնականում նախնական զննման է ենթարկում,  կատարվում են որոշ ախտաբանական հետազոտություներ: Բուժումը մեծ մասամբ կատարվում է հիվանդանոցում, եթե նույնիսկ դա առաջին բժշկական օգնություն ցույց տալն է: Այդ պատճառով էլ հիվանդանոցները լեփ լեցուն են հիվանդներով՝ նույնիսկ բոլոր հիվանդանոցների շտապ օգնության բաժանմունքները: Համակարգից գրեթե բոլորն են դժգոհ: Ժամանակ առ ժամանակ թերթերում քննադատական հոդվածներ են տպվում, իսկ հեռուստացույցով քննադատական հաղորդումներ կազմակերպվում, բայց համակարգը համառորեն մնում է նույնը:
           
Հորս զննեց մաշկային բաժանմունքի վարիչը` Կառլեն Լևոնիչը, որը բժշկական գիտությունների թեկնածուի կոչում ուներ: Կառլեն Լևոինիչը միջահասակ, թեթևակի ալեխառն մազերով, ինտիլիգենտ մի անձնավորություն էր:  Նա ասաց, որ ոչ մի վտանգավոր բան չկա, որ պարզապես մրսածություն է, իսկ ինչ վերաբերվում է բշտիկներին, ապա դրանք հենց այդ մրսածության հետևանքն են: Մենք ուրախացանք, որ վտանգավոր ոչինչ չկա և վերադարձանք տուն: Հայրս շատ էր հավանել Կառլեն Լևոինիչին: Երբ տուն եկանք, նա ասաց.
           
- Ի՛նչ աղեկ բժիշկ մըն էր:
           
Անցավ ևս մեկ ամիս: Հորս վիճակը չէր լավանում: Այս անգամ ես մեր տուն հրավիրեցի մեկ ուրիշ մաշկաբանի՝ բժիշկ Վարդան Մարգարյանին: Նա մի թռուցիկ հայացք գցեց հորս ծնկների վրայի բշտիկներին և նրանից ծածուկ, գլխի շարժումով ինձ հասկացրեց, որ դուրս գնանք: Մենք գնացինք հյուրասենյակ և բժիշկն ասաց.
           
- «Pemphigus Vulgaris», - և տխուր նայեց ինձ:           
           
- Ի՞նչ, - ասացի ես: Նա նորից կրկնեց.           
           
- «Pemphigus Vulgaris»:
           
- Իսկ ի՞նչ է նշանակում դա, - ասացի ես:
           
- Դա նշանակում է, որ Ձեր հայրը ծանր հիվանդ է և ընդամենը երեք ամսվա կյանք ունի: «Pemphigus Vulgaris»-ն ավելի վատ հիվանդություն է քան քաղցկեղն ու ավելի արագ ընթացող: Մաշկային հիվանդություններն, ի տարբերություն մյուս հիվանդությունների, ախտանիշներն ի ցույց են դնում հենց հիվանդի մաշկի վրա: Դրա համար էլ մաշկաբանների զգալի մասը գրեթե չի սխալվում ախտորոշման հարցում:  Եթե բուժումը շուտ սկսվեր, այսինքն հվանդությունն ախտորոշվեր ավելի շուտ ապա հնարավոր կլիներ հիվանդի կյանքը զգալիորեն երկարացնել:
           
- Ուրեմն, եթե Կառլեն Լևոնիչը ճիշտ ախտորոշե՞ր, ապա հնարավոր կլինե՞ր հորս կյանքը երկարացնել:
           
- Ա՛յո, բայց հիմա արդեն ուշ է:
           
Հաջորդ օրը մենք հորս տարանք «Մաշկաբանության և Սեռավարակբերի Գիտա-ժշկական Կենտրոն»: Այնտեղ լաբորատոր հետազոտությունների արդյունքները դրական դուրս եկան: Այսինքն, հաստատվեց, որ հայրս հիվանդ է «Pemphigus Vulgaris»-ով…
           
Բաժանմունքում կային և տարեցներ և երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք նույնպես հիվանդ էին «Pemphigus Vulgaris»-ով: Նրանց՝ գրեթե բոլորի մոտ հիվանդությունը սկսվել էր կոկորդի ցավով, ինչպես հորս մոտ: Նրանք բոլորը դիմել էին քիթ-կոկորդի բժիշկներին կարծելով որ նշագեղձերի խնդիր ունեն: Զարմանալի է, բայց բժիշկները նույնիսկ հեռացրել էին նրանցից մի քանիսի նշագեղձերը՝ կարծելով, որ իսկապես խնդիրը նշագեղձերի մեջ է, բայց վերջի վերջո բոլորն էլ եկել էին մաշկային բաժանմունք…
           
«Pemphigus Vulgaris»-ը իմունային խանգարում է: Իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ ընդեմ մաշկի և լորձաթաղանթների վրա գտնվող հատուկ սպիտակուցների: Այդ հակամարմինները կոտրում են մաշկի բջիջների միջև եղած կապերը, որը հանգեցնում է բշտիկների ձևավորմանը:  Ստույգ պատճառը դեռևս անհայտ է: Բուժման համար ամենից առաջ օգտագործում են իմունային համակարգն ամրապնեդող պատրաստուկներ, ինչպես նաև հակաբորբոքիչներ և կորտիկոստերոիդներ: Ամեն դեպքում  կողմնակի բարդություններն անխուսափելի են գրեթե բոլոր օգտագործվող դեղերի բարձր չափաբաժինների պատճառով: Հիվանդությունն անբուժելի է, բայց հնարավոր է համապատասխան բժշկական հսկողության դեպքում երկարացնել հիվանդի կյանքը:
           
Մի քանի ամիս հայրս անցկացրեց հիվանդանոցքում: Նրան խնամում էր մայրս: Նա մահացով ուղիղ երեք ամիս անց, ինչպես կանխատեսել էր բժիշկ՝ Վարդան Մարգարյանը:
           
Պատահաբար իմացա, որ ճակատագրի հեգնանքով Կառլեն Լևոնիչի դիսրտացիայի թեման եղել էր «Pemphigus Vulgaris»-ը…



Կալիֆորնիա, Գլենդել
16 հոկտեմբերի, 2014թ.
           


           
           


Saturday, November 1, 2014

«Իշկեմբե չորբասը»

              
- Ես քեզի «իշկեմբե չորբասը» ուտելու պիտի տանիմ, - ասաց Հակոբն իր ականջ շոյող, գեղեցիկ արևմտահայերենով, երբ ես Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Սոֆիայում իջևանել էի նրանց տանը: Ես չհասկացա, թե դա ինչ է, բայց նրա մոր և քրոջ դեմքերին գծագրված հիացմունքից գլխի ընկա, որ դա բացառիկ համով և հարգի մի ճաշատեսակ է այստեղ:
            
Բուլղարիան ավելի քան երեք հարյուր տարի թուրքական լծի տակ լինելով, փոխ էր առել թուրքերենից բազմաթիվ բառեր, որոնք շատ տարօրինակ էին հնչում իմ ականջին: Այդ բառերը զարմանալիորեն մտել են նաև գրական բուլղարերենի մեջ: Փա՜ռք աստծո, որ մենք ավելի երկար տառապելով այդ նույն զազրելի, թուրքական լծի տակ, նման փոփոխության չենք ենթարկել մեր լեզուն: Օրինակ, «չորապ»՝ նշանակում է գուլպա, «չեքմեջե»՝ դարակ, «աքըլ»՝ խելք և այլն, իսկ «իշկեմբե»՝ նշանակում է փորոտիք, «չորբասը»՝ ապուր: Այսինքն՝ մենք գնալու էինք փորոտիքով ապուր ուտելու… Ես դեռ չգիտեի, թե այդ բառերն ինչ են նշանակում, հետո իմացա…
            
Հաջոր օրը մի արտառոց դեպք տեղի ունեցավ: Բակի կատուն մոտ վազեց մի փոքրիկ դաշտային մկան մոտ: Մենք բակում նստած լինելով դա նկատեցինք և մոտեցանք, որ տեսնենք, թե ինչպես է մկան հախից գալու: Ի զարմանս մեզ՝ կատուն ակնհայտորեն վախենում էր մկնիկից: Զարմանալի է, բայց մկնիկն էլ զգաց դա և անմիջապես, օգտվելով առիթից, թռավ ու կծեց կատվի դունչը: Կատուն մղկտալով փախավ: Տարիներ են անցել, բայց այդ դեպքն այնքան էր տպավորվել իմ մեջ, որ մինչև հիմա հիշում եմ: Ախր մկնիկը հազիվ մի հիսուն գրամ կլիներ, իսկ կատուն՝ մոտ երկուս ու կես կիլոգրամ: Այսինքն՝ մուկը հարձակվեց իրենից հիսուն անգամ խոշոր կենդանու վրա: Փաստորեն դա աներևակայելի սխրանք էր…
            
Անցավ մի քանի օր, բայց Հակոբն ինձ չէր հրավիրում «իշկեմբե չորբասը» ուտելու, և ես կարծեցի, որ նա պարզապես մոռացել էր իր տված խոստումը: Ազգականս՝ Հակոբը, մի շատ պատկառելի մարդ էր, մասնագիտությամբ ճարտարագետ և աշխատում էր Սոֆիայի նախագծային ինստիտուտներից մեկում: Գործի առումով նա հաճախ էր գործուղման մեկնում եվրոպական մի շարք քաղաքներ՝ Վիեննա, Փարիզ, Վարշավա, Պրագա, Ստոկհոլմ, Մադրիդ, Բարսելոնա և այլուր, ուներ բազմաթիվ տպավորություններ ու հետաքրքիր պատմություններ իր գործուղումների վերաբերյալ: Հավանական էր չէ՞, որ այդպիսի զբաղվածության տեր մարդը մոռանար իր խոստումը, բայց նա չէր մոռացել, քանի որ նրա համար էլ էր «իշկեմբե չորբասը» ուտելն իրադարձություն, չնայած նա ինձ նման առաջին անգամ չէր ճաշակելու այն:
            
Ես արդեն մոռացել էի նրա հրավերի մասին, երբ մի օր, երեկոյան, նա հանդիսավոր կերպով հայտարարեց, որ վաղը միասին գնալու ենք «իշկեմբե չորբասը» ուտելու: Ես ուրախացա, որ վերջապես ճաշակելու եմ և ամենակարևորն, իմանալու եմ, թե ի՞նչ է «իշկեմբե չորբասն»:
            
Հաջորդ օրը Հակոբն իր ավտոմեքենայով ինձ տարավ Վիտոշա լեռան վրա գտնվող մի ռեստորան, որը հայտնի էր իր համեղ «իշկեմբե չորբասըյով»:
            
Վիտոշան մի շատ գեղեցիկ լեռ է և գտնվում է հենց Սոֆիայի կենտրոնում: Սոֆիացիների ամենասիրված վայրն է Վիտոշան: Այն շատ հարուստ է թե՛ բուսական, և թե՛ կենդանական աշխարհով: Վիտոշան անտառածածկ սար է, բայց կան նաև կանաչ և ծաղկազարդ մարգագետիններ: Ամենուրեք թռչունների ճղվղոց է լսվում, իսկ փափկամազիկ սկյուռիկները թե՛ բուլղարացիների, և թե՛ զբոսաշրջիկների սիրելիներն են՝ այնքան աշխույժ, այնքան մարդամոտ և գեղեցիկ, շնորհիվ իրենց փարթամ մորթիների: Որքան են նրանք տարբերվում Կալիֆորնիայի նոսր մորթածածկույթով սկյուռիկներից…Վիտոշայի վրա ամենուրեք ծառուղիներ են սարքած, իսկ ծառերին տեղ-տեղ ամրացված են փոքրիկ աղբարկղներ: Կան նաև փոքրիկ կրպակներ՝ առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար: Շաբաթվա վերջին սոֆիացիների մեծ մասն ուսապարկերով իրենց հանգիստն են անցկացնում հենց Վիտոշայի վրա, իսկ ձմռանը սկսվում է դահուկասահքի սեզոնը…Վիտոշան շատ գեղեցիկ է…Նրան կարելի սիրահարվել, ինչպես կնոջն են սիրահարվում…
            
Ռեստորանը գնչուական էր և գտնվում էր Վիտոշայի ստորոտում: Իմիջիայլոց, Բուլղարիայում շատ կան գնչուներ: Ռեստորանը լեփ-լեցուն էր: Հակոբը նախօրոք էր մեզ համար սեղան պատվիրել: Մեր սեղանը գտնվում էր սրահի մեջտեղում: Հակոբը շատ բարձր տրամադրության մեջ էր: Իհարկե, նրա լավ տրամադրության պատճառը «իշկեմբե չորբասը» ուտելու առիթն էր: Շուտով մատուցողը բերեց խորը, ծաղկանախշ ամանների մեջ լցված «իշկեմբե չորբասըն»: Նայելով ամանի մեջ ես անչափ հիասթափվեցի: Ամանի մեջ ջրիկ ապուր էր լցված, որի մեջ «լող էին տալիս» ոչխարի աչքեր, ականջներ, շրթունքներ, լեզու, քթամաս, փորոտիք և այլն: Զզվանքից ու սարսափից սիրտս սկսեց խառնել: Հակոբն այնքան էր տարված իր «իշկեմբե չորբասըն» ուտելով, որ չնկատեց դա: Նա ախորժակով ուտում էր «իշկեմբե չորբասըն» և ես հոմոզված եմ, որ այդպիսի մի քանի աման էլ լրացուցիչ կուտեր և չէր կշտանա: Ես գդալով անընդհատ, հուսահատ խառնում էի «իշկեմբե չորբասըն», չհամարձակվելով անգամ գոնե մի գդալ ուտելու: Ես, միևնույն ժամանակ, ամաչում էի Հակոբից:
            
- Աստված իմ, ի՞նչ կմտածի նա, երբ նկատի, որ չեմ ուտում, - լարված մտածում էի ես:
            
Վերջապես Հակոբը նկատեց, որ չեմ ուտում, այլ գդալով խառնելով մտախոհ և զարմացած նայում եմ ամանիս:
            
- Չհավնեցա՞ր, - հարցրեց նա, արհամարանքով նայելով ինձ:
            
- Դուն «ձուկի գլուխ, - դարձած ես, - ասաց նա: «Ձուկի գլուխ» ասելով, նա նկատի ուներ ռուսներին:
            
Նա կանչեց մատուցողին և ինձ համար լանգետ պատվիրեց, իսկ իմ ամանը քաշելով իր առջև՝ սկսեց ախորժակով ուտել:
            
Ճաշելուց հետո մենք ավտոմեքենայով ուղևորվեցինք դեպի Վիտոշայի վրա գտնվող բարձր ժայռաբեկորը, որի վրա էր գտնվում զբոսաշրջիկների կողմից շատ սիրված սրճարանը: Այնտեղից հրաշալի տեսարան էր բացվում ամբողջ քաղաքի վրա: Մենք սուրճ պատվիրեցինք ու պաղպաղակ: Իմ տրամադրությունը սկսեց կամաց-կամաց բարձրանալ: Ես Հակոբին շնորհակալություն հայտնեցի՝ ինձ այսքան գեղեցիկ վայր բերելու համար: Իրոք, բառերով աննկարագրելի էր այն գեղեցկությունը, որ ես զգում էի:

Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդել
16 հոկտեմբերի, 2014թ.



Monday, October 27, 2014

Ընդվզում

Ես դպրոցական էի: Մեր դասարանում կար քսանհիննգ աշակերտ: Նրանցից քսաներեքը Վեհանուշին «Շաշ» ստորացուցիչ մականունով էին դիմում նրա ձախ աչքի մի փոքր շիլության պատճառով… Ամբողջ դասարանից միայն ես էի նրան անունով դիմում: Ինձ համար անընդունելի էր մարդու թերությունները երեսով տալը: Քանի դեռ մենք ցածր դասարաններում էինք, Վեհանուշը մի կերպ դիմանում էր այդ ծաղրուծանակին, բայց մեր մեծանալուն զուգընթաց աստիճանաբար աճում էր նաև նրա վիրավորվածությունը:
           
Մենք արդեն տասներեք-տասնչորս տարեկան էինք և արդեն սկսում էինք հասունանալ: Դա հատկապես տեսանելի էր աղջիկների պարագայում: Նրանք կանացի մարմնաձևեր և դիմագծեր էին ստանում. սկսել էին ավելի շատ հայելու առաջ կանգնել՝ տարբեր սանրվածքներ անել ու օծանելիք օգտագործել, փոխվել էր նաև նրանց քայլվածքը՝ սկսել էին շորորալով քայլել՝ ամեն կերպ ընդգծելով իրենց  բարեմասնությունները, միևնույն ժամանակ դարձել էին ավելի նախանձ ու բամբասկոտ…  
           
Բոլորին է հայտնի դեռահասների ցավագին ինքնասիրության զգացումն ու խոցելիությունը: Մի փոքրիկ բանից նրանք կարող են վիրավորվել և արձագանքել անկանխատեսելիորեն: Այդպես էլ եղավ Վեհանուշի պարագայում:
           
Դասարանում մենք զույգերով էինք նստում: Իմ կողքին նստում էր իմ մտերիմ ընկերը՝ Սամվելը: Մենք հաճախ էինք միասին դաս պատրաստում, գնում էինք կինո, թատրոն կամ պարզապես զբոսնում: Հատկապես Սամվելը Վեհանուշին չէր սիրում և ամեն կերպ նրան ձեռք էր առնում և, իհարկե, երբեք նրան Վեհանուշ չէր անվանում: Վեհանուշն էլ իր հերթին ամենից շատ ատում էր Սամվելին, իսկ ինձ ընդհակառակը պաշտում էր, և ես համոզված եմ, որ պատրաստ էր նույնիսկ անձնազոհության գնալ ինձ համար: Երբ ես նրան Վեհանուշ էի ասում, այնպիսի քնքշությամբ էր նայում ինձ, որ ես շիկնում էի ու շփոթվում: Դա սեր չէր նրա կողմից, այլ երախտագիտություն և գնահատական իմ նորմալ վերաբերմունքի համար…Երևի Վեհանուշի միակ և բաղձալի երազանքն այդ ժամանակ այն էր, որ մնացած աշակերտներն էլ նրան դիմեին իր անունով, այլ ոչ թե այդ վիրավորական ու ստորացուցիչ «Շաշ» մականունով:
           
Զարմանալին այն է, որ ես քաջ գիտակցելով, որ չի կարելի մարդկանց վիրավորական մականուններ կպցնել, չէի փորձում խոսել կամ համոզել իմ ընկերներին, որ Վեհանուշին «Շաշ» չասեն: Ես չէի փորձում նույնիսկ իմ մտերիմ ընկերոջը՝ Սամվելին համոզել դա: Ես հիմա եմ հասկանում, թե՞ ինչքան սխալ եմ եղել:   
           
Օրեցօր Վեհանուշը կանացիանում ու գեղեցկանում էր: Նա փարթամացել էր: Նրա կրծքերն անգամ ավելի նկատելի էին քան մյուս աղջիկներինը: Երբ նա հուզվում էր, նրա կրծքերը վեր ու վար էին անում՝ նրա շնչառությանը զուգընթաց: Վեհանուշի գեղեցկանալը նկատել էին բոլորը, այդ թվում նաև Սամվելը: Աշակերտները նրան այլևս նույն չարությամբ «Շաշ» չէին անվանում: Ես դա նկատել էի, բայց ոչ Վեհանուշը: Նա նույն կերպ խրտնում, սրտնեղում ու վիրավորվում էր իր «Շաշ» մականունից:
           
Մի անգամ, երբ հերթական անգամ Սամվելը նրան «Շաշ» մականունով դիմեց, նրա համբերությունը հատավ և նա մի հարվածով գետին տապալեց Սամվելին ու սկսեց իր փոքրիկ բռունցքներով նրան անխնա ծեծել: Սկզբում Սամվելը փորձում էր պաշտպանվել, բայց չդիմանալով նրա եռանդուն հարվածներին սկսեց օգնություն կանչել… Ոչ ոք տեղից չշարժվեց և Սամվելին օգնության չհասավ… Վեհանուշը Սամվելին մի լավ դնգստելուց հետո ոտքի կանգնեց ու հաղթականորեն նայեց շուրջը հավաքվածներին: Նա հուզված էր. կուրծքը վեր ու վար էր անում, դեմքը շիկնել էր, իսկ աչքերը վառվում էին երկու փոքրիկ լուսարձագների պես: Այդ պահին Վեհանուշը շատ գեղեցիկ էր, անչափ գեղեցիկ: Մենք բոլորս հիացած, մի քիչ էլ վախեցած ակնապիշ նայում էինք նրան:
           
Վեհանուշը մոտեցավ մեր նստարանին, սեղանի վրայից արհամարհանքով մի կողմ շպրտեց Սամվելի պայուսակը, որի միջից տետրակները, դասաքրքերը մատիտիներն ու գրիչենրն այս ու կողմ թռան, և նստեց Սամվելի տեղը՝ իմ կողքին: Վտարելով Սամվելին իր տեղից, նա կարծես վտարեց նաև նրա ունեցած-չունեցածը:
           
Սամվելը գետնից վեր կացավ, թափ տվեց փոշոտված շորերը՝ լուռ, գլխիկոր գնաց և նստեց դասարանի վերջին շարքում:
           
Այդ օրվանից հետո ոչ ոք չէր համարձակվում Վեհանուշին «Շաշ» մականունով կոչել:
           
Անցան տարիներ: Փողոցում պատահաբար հանդիպեցի իմ համադասարանցուն՝ Վեհանուշին: Նա էլ ավելի էր գեղեցկացել, աչքի շլությունն անգամ անցել էր: Ըստ երևույթին հասակ առնելով փոփոխվել էր նաև նրա դեմքի կառուցվածքն ու մկանների դիրքը, որի հետևանքով էլ ինքնիրեն շտկվել էր նրա շիլությունը: Վեհանուշն ամուսնացել էր և երեք երեխաների մայր էր դարձել: Նա մեր դպրոցում օտար լեզու էր դասավանդում:



Կալիֆորնիա, Գլենդել
12 հոկտեմբերի, 2014թ.


Sunday, October 26, 2014

«Քաղաքակիրթ» չուկչին


Ես գործուղման մեջ էի Խորհրդային Միության մայրաքաղաքում՝ Մոսկվայում: Քաղաքի ծայրամասում գտնվող մի գիտահետազոտական ինստիտուտում ամբողջ օրն աշխատելուց հետո, սաստիկ քաղցած լինելով, որոշեցի գնալ քաղաքի կենտրոն և ճաշել, քանի որ այնտեղի ռեստորանաները խիստ տարբերվում էին ճաշատեսակների որակով ու բազմազանությամբ, ինչպես նաև սպասարկման կուլտուրայով:
            
Մի քանի ավտոբուս փոխելուց հետո վերջապես հասա քաղաքի կենտրոն: Մի քիչ քայլելուց հետո տեսա «Մետրոպոլ» ռեստորանը: «Մետրոպոլը» միջազգային կարգի ռեստորան էր, այսինքն կարգ ու կանոնի և որակի առումով ավելի բարձր, քան նույնիսկ շքեղ սովորական ռեստորանները Մոսկվայի կենտրոնում: Այդպիսի ռեստորանները չնայած նախատեսված էին գլխավորապես արտասահմանցիների համար, բայց երբեմն տեղացիներին էլ էին թույլատրում այնտեղ ճաշել, հատկապես, երբ թափուր սեղաններնը շատ էին:   
            
Ես ներս մտա և մատուցողուհուն խնդրեցի ինձ առաջնորդել մի որևէ սեղանի մոտ: Մատուցողուհին նրբագեղ արտաքինով, գեղեցիկ, ոսկեգույն, շրջանակավոր ակնոցով, խստաբարո, բայց միևնույն ժամանակ չափազանց քաղաքավարի, միջահասակ մի կին էր: Նա ինձ և բարետես արտաքինով մի չուկչի տղամարդու առաջնորդեց սրահի մեջտեղում գտնվող սեղաններից մեկի մոտ: Մատուցողուհին, ճաշացուցակները մեզ հանձնելով, հեռացավ: Մենք մի քանի րոպե ժամանակ ունեինք ճաշատեսակներ, խմիչք և այլն ընտրելու համար:  
            
Ես շատ արագ ընտրություն կատարեցի և սկսեցի շուրջ բոլորս դիտել: Ռեստորանը բավական լավ կահավորված էր. աթոռները և սեղանները շատ հարմարավետ և շքեղ տեսք ունեին, իսկ բյուրեղյա ջահերն առատորեն լուսավորում էին սեղանները, որոնք ծածկված էին ձյունասպիտակ, քաթանե  սփռոցներով: Ամենուրեք մաքուր էր ու պսպղուն, հատկապես սեղանները:
            
Քանի որ դեռ ժամանակ կար, ես սկսեցի ուսումնասիրել նաև չուկչուն: Նա երիտասարդ էր, մոտ 30-35 տարեկան, հագել էր թանկարժեք, մուգ կապույտ գույնի կոստյում, որի տակից երևում էր վառ կարմիր վերնաշապիկը և դեղնա-կապտավուն նախշերով փողկապը: Վառ կարմիր գույնի, խնամքով ծալած թաշկինակի եռանկյունաձ ծայրը երևում էր նրա բաճկոնի վրայի կրծքագրպանից, համընկնելով վերնաշապիկի գույնի հետ: Ի տարբերություն նրա, ես շատ հասարակ էի հագնված՝ երկնագույն ջինսե տաբատ և կանաչավուն մի վերնաշապիկ:
            
Վերջապես մատուցողուհին եկավ և վերցրեց մեր պատվերները: Ես ասացի, թե ինչ եմ ուզում պատվիրել, իսկ չուկչին լուռ մատով ցույց տվեց իր պատվերները ճաշացուցակում: Ըստ երևույթին, իմ սեղանակիցը քչախոս էր:  Այդ պատճառով ես չփորձեցի նրա հետ խոսքի բռնվել:
             
Մի փոքր անց մատուցողուհին բերեց մեր պատվիրած ճաշերը և ընգծված քաղաքվարությամբ ու նրբագեղությամբ շարեց սեղանին: Ես սկսեցի զգուշությամբ ուտել, քանի որ ցանկացած անզգույշ շարժումի դեպքում սփռոցը կարող էր կեղտոտվել: Նկատեցի, որ ռեստորանի մյուս այցելուներն էլ էին ինձ նման զգուշանում, բացի չուկչուց…

Նա որպես առաջին ճաշատեսակ հավով ապուր էր պատվիրել: Ապուրի մեջ «այսբերգի» նման հավի մի թև էր ցցված: Չուկչին գդալով կերավ ապուրի ջրիկ մասը, իսկ ձեռքերով սկսեց ուտել հավի թևը: Նա ջանասիրաբար կրծում էր ամեն մի ոսկորը, լիզում, մաքրազարդում էր այն ու խնամքով շարում իր ափսեի ձախ կողմում՝ հենց սփռոցի վրա… Որպես երկրորդ ճաշատեսակ մատուցողուհին նրա համար բերեց տապակած հավ: Երևում է չուկչին վաղուց հավ չէր կերել կամ էլ իր երկրամասում՝ հյուսիսում, որտեղ ապրում էր, ավելի տարածված էր իշայծամի և տավարի միսը…
            
Իմիջիայլոց, տապակած հավը շատ համով էին պատրաստում խորհրդային մի շարք ռեստորաններում՝ հայկական կամ վրացական ձևով. հավը բացում էին մեջտեղից և ապխտում աղով, աղացած կծու կարմիր բիբարով, աղացած սև բիբարով, սոխով, սխտորով, ցիտրոնով և ռեհանով, այնուհետր մի քանի ժամ թողնելուց հետո այն տեղավորում հսկայական, մոտ մեկ մետր տրամագծով  թավայի  մեջ, վրան ծանրություն դնում ու ձեթով տապակում: Այսպիսի թավայի մեջ միաժամանակ տեղավորվում էր երեսունից երեսունհինգ հավ…
            
Չուկչին շարունակում էր ախորժակով ուտել տապակած հավը՝ խնամքով լպստելով և կանոնավոր կերպով հավի ոսկորները շարելով իր ափսեի կողքին… Ես սարսափած նայում էի ձյունասպիտակ, քաթանե սփռոցի վրա հետզհետե ավելացող ոսկորներին և նրանցից առաջացած խայտաբղետ բծերին… Մտքումս ասում էի. «Տե՜ր Աստված, տեսնես ի՞նչ կանի մատուցողուհին, եթե տեսնի դա հաշիվը փակելիս…Հանկարծ չսպանի՞ էս խեղճին»…
             
Քանի մոտենում էր մատուցողուհու վերադառնալու պահը, այնքան ես նյարդայնանում էի: Ինչ վերաբերվում էր չուկչուն, ապա նա շատ հանգիստ էր ու կշտացած: Չուկչին շատ գոհ էր ու բավարարված և, ինձ նման, սպասում էր մատուցողուհուն՝ հաշիվը փակելու համար:
            
Հանկարծ ես գլխի ընկա. «Աաստվա՜ծ իմ, նա հանգիստ է, որովհետև կարծում է, որ շատ քաղաքկիրթ ձևով է վարվել, իսկ ապացույցն ի ցույց դրված հավի ոսկորների կանոնավոր շարվածքն է ձյունասպիտակ քաթանե սփռոցի վրա»…
            
Փաստորեն, մատուցողուհին, եթե նույնիսկ զայրանա կամ հանդիմանի նրան, ապա չի կարողանա ապացուցել, որ նրա արարքն առնվազն փնթիություն է…
            
Վերջապես մատուցողուհին եկավ և ի զարմանս ինձ, կարծես չնկատեց  հավի ոսկորները, որոնք կողք-կողքի, կանոնավոր կերպով շարված էի չուկչու ափսեի կողքին, հենց սփռոցի վրա՝ մոտ քսանհինգից երեսուն սանտիմետր երկարությամբ: Ես ապշած էի, միաժամանակ ուրախ, որ տհաճ կամ նույնիսկ սկանդալային միջադեպ տեղի չունեցավ: Թեթևացած շունչ քաշեցի…
            
Չուկչին հեռացավ, նույնիսկ ցտեսություն չասաց ո՛չ ինձ, ո՛չ էլ մատուցողուհուն:
            
Մատուցողուհին ինձնից գումարը գանձելուց հետո սկսեց անտրտունջ հավաքել սեղանի սփռոցի վրայի ոսկորները:
            
«Տե՜ր Աստված, փաստորեն մեր բարետես մատուցողուհին նկատել էր «քաղաքակիրթ չուկչու» կողմից խնամքով շարված հավի ոսկորների կույտն օսլայած, ձյունասպիտակ սփռոցի վրա… Ակնհայտորեն դա նրա առաջին չուկչի այցելուն չէր»…
               
 Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդեյլ
10 հոկտեմբերի, 2014թ.

Հպանցիկ սեր


Մենք՝ երեքս միասին աշխատում էինք մի հետազոտական ինստիտուտի փոքրիկ լաբորատորիայում: Լաբորատորիայի ամենաերիտասարդ աշխատակիցները մենք էինք՝ Մանեն` մի գեղեցիկ ու խանդոտ աղջիկ, որ արդեն հասցրել էր ամուսնալուծվել, Հովիկը և ես: Մնացած աշխատողներն ավելի տարիքով էին և լուրջ, կարծես` ամբողջ աշխարհի հոգսն իրենց էին տվել, որովհետև շատ լուրջ գիտական խնդիրներով էին զբաղված: 
           
Մենք՝ երեքս, երևի մեր տարիքի պատճառով, հաճախ առանձնանում էինք նրանցից: Երբեմն միասին ընդմիջման էինք դուրս գալիս, իսկ քանի որ Մանեենց բնակարանը բավականին մոտիկ էր մեր աշխատավայրին, մենք ժամանակ առ ժամանակ հյուրընկալվում էինք այնտեղ:

Մի օր Մանեն ընդմիջման ժամին մեզ հրավիրեց իրենց տուն՝ իր պատրաստած տորթը ճաշակելու: Պետք է նշեմ, որ նա բավականին համեղ էր պատրաստում, և մենք, իհարկե, հաճույքով համաձայնվեցինք: Մենք՝ երեքս, բարձր տրամադրությամբ, ոտքով ուղևորվեցինք Մանեենց տուն: Ճանապարհին ես նռան հյութ գնեցի, իսկ ընկերս՝ Հովիկը՝ պաղպաղակ: Հովիկն ամբողջ ճանապարհին կատակում էր: Ես վաղուց էի նկատել, որ նա անտարբեր չէ Մանեի նկատմամբ, չնայած Մանեն իբր դա չէր նկատում: Միգուցե պատճառը Հովիկի ցածր հասակն էր… Սակայն դա չէր խանգարում Մանեին խանդելու այն բոլոր աղջիկներին, որոնց մենք հանդգնում էինք նայել նրա ներկայությամբ: Այդ պատճառով մենք Մանեի ներկայությամբ աշխատում էին զուսպ լինել և ցույց չտալ մեր հիացմունքն ուրիշ աղջիկների հանդեպ:  

Դուռը բացեց Մանեի մայրը: Մանեն մեզ առաջնորդեց իր առանձնասենյակը, որը շատ հարմարավետ էր, իսկ բազմաթիվ ծաղիկները և առատ, բնական լուսավորությունն այնպիսի տպավորությունն էին ստեղծում, որ կարծես բնության գրկում լինեինք: Մենք նստեցինք բազմոցին, որի առջև մի փոքրիկ սեղան կար, իսկ բազմոցից մի քիչ հեռու դրված էր խոշոր էկրանով հեռուստացույցը: Մանեն սիրում էր հեռուստացույց դիտել: Նա ուներ իր սիրած ալիքներն  ու հաղորդումները:

Մինչ մենք հեռուստացույց էինք դիտում, Մանեն բերեց տորթը, որը ձևավորված էր տարբեր տեսակի հատապտուղներով և մրգերով: Գույներն այնքան հաջող էին ընտրված, որ ես ու Հովիկը հիացմունքից թեթևակի ծափ տվեցինք: Մանեն գոհունակ ժպտաց՝ ակնհայտորեն բավարարվելով մեր գնահատականներով: Այնուհետև, նա բերեց պաղպաղակը, հյութը, սուրճը և շրջվելով դեպի ինձ՝ ժպտալով գանգատվեց, որ հեռուստացույցի ալիքներից մեկը, հենց այն ալիքը, որ նա հաճախակի էր դիտում, լավ չէր ցույց տալիս:  Ես մոտեցա հեռուստացույցին, միացրեցի ու հերթով ստուգելով ալիքների պատկերների որակը` գտա այն ալիքը, որը վատ էր ցույց տալիս: Քանի որ մնացած ալիքների պատկերների որակը լավ էր` հասկացա, որ խնդիրն անտենայի դիրքի մեջ է: Անտենան տեղաշարժելով և հարմար դիրք գտնելով՝ կարողացա ստանալ որակյալ պատկեր: Բավարարված իմ աշխատանքով, ես շրջվեցի և զարմանքով նկատեցի, որ Մանեի ու Հովիկի մեջտեղում նստած է արտակարգ գեղեցկության մի աղջիկ… Մի ակնթարթում մտքովս  տերյանական այս տողերն անցան.

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին…*

Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ անմիջապես գերեց ինձ: Ես նայում էի նրան ու չէի կշտանում: Մտածեցի, միթե՞ կատարվեց իմ երազանքը, և ես վերջապես հանդիպեցի իմ բաղձալի երկրորդ կեսին, բայց չէ, նա ավելին էր, քան իմ երազանքի աղջիկը, որովհետև ավելին էր, քան իմ ակնկալիքները: Այդ պահին ես միայն նրան էի տեսնում, իսկ ընկերներս կարծես մշուշի մեջ լինեին՝ նման լուսանկարչական ապարատին, երբ կադրում միայն մեկն է ֆոկուսի մեջ, իսկ մնացածները՝ ֆոկուսից դուրս: Չնայած` իմ գերհիացած վիճակին, ես միաժամանակ պարզորոշ նկատում էի, որ Մանեն չէր խանդում այդ աղջկան, ավելին` անուշիկ ժպտալով, կարծես խրախուսում էր ինձ, իսկ Հովիկը զարմացած նայում էր ինձ և բոլորովին չէր կիսում իմ հիացմունքն այդ աղջկա նկատմամբ: Ես ոչ միայն հիացած էի աղջկանով, այլ նաև զարմացած էի իմ ընկերների տարօրինակ վարքագծից:

Ինչևիցե, մի փոքր ուշքի գալուց հետո, ծանոթացա աղջկա հետ. նրա անունը Նվարդ էր: Մենք խոսում էինք միմյանց հետ՝ առանց նկատելու իմ ընկերների ներկայությունը: Նրանք էլ հասկանալով պահի լրջությունը՝ լուռ էին և չէին խառնվում մեր խոսակցությանը: Միայն Մանեն շարունակում էր խորհրդավոր ժպտալ, իսկ Հովիկը քանի գնում՝ լրջանում էր ու տխրում: Դա շատ տարօրինակ էր, քանի որ նա ասող-խոսող և կատակասեր տղա էր: Ես կարծում էի, որ Մանեն ժպտալով քաջալերում էր մեր նոր սկսվող հարաբերությունները:
           
Մեր ընդմիջման ժամն ավարտվում էր, արդեն ժամանակն էր աշխատավայր վերադառնալու: Մանեն խնդրեց ինձ անջատել հեռուստացույցը: Ես մոտեցա հեռուստացույցին, մեկ անգամ ևս արագ ստուգեցի Մանեի սիրած ալիքների որակը և անջատեցի այն: Շրջվեցի ու տեսա, որ Նվարդը չկա… Նա` այդ կարճ ժամանակահատվածն օգտագործելով գնացել էր՝ առանց անգամ հրաժեշտ տալու: Կրկին զարմացա և հարցրեցի ընկերներիս, թե ի՞նչ եղավ Նվարդը: Նրանք, ինչպես նրա հայտնվելու ժամանակ էր, տարօրինակ կերպով ծիծաղեցին: 

Աշխատավայրում երեքս էլ լուռ էինք՝ մտասուզված մեր մտքերի մեջ: Կարևոր բան էր տեղի ունեցել. ես սիրահարվել էի, բայց ինչ-որ բան էր տեղի ունեցել նաև ընկերներիս հետ, որը ես չգիտեի ու չէի հասկանում: Ես երբեմն գաղտագողի նայում էի նրանց դեմքերին, փորձելով կարդալ նրանց մտքերը, բայց նրանք խնամքով ձևացնում էին, թե իբրև ոչինչ էլ չի եղել, և ամեն ինչ առաջվա նման է: Լարվածությունը քանի գնում մեծանում էր: Ես չդիմացա և մոտենալով Հովիկին՝ խնդրեցի աշխատանքից հետո մի քիչ քայլել: Նա անմիջապես համաձայնվեց: Ակնհայտորեն դա նրա սրտով էր:

Մենք շատ անգամներ էինք Հովիկի հետ զբոսնել, բայց այս անգամ ուրիշ զգացողույթուն ունեինք՝ երկուսս էլ: Հովիկն ասաց, որ Մանեն էլ էր ցանկություն հայտնել՝ միանալ մեզ, բայց նա կտրականապես մերժել էր նրան: Միանգամայն պարզ էր, որ իմ ընկերները՝ երկուսն էլ ցանկություն ունեին խոսել ինձ հետ Նվարդի մասին: 

Խոսակցությունը սկսեցի ես: Նրան պատմեցի, թե ինչքան եմ հրապուրված Նվարդով, որ մտադրություններս անգամ այնքան լուրջ են, որ պատրաստ եմ հենց հիմա, նույնիսկ Նվարդին լավ չճանաչելով, ամուսնանալ նրա հետ: Նա ուշադիր լսեց ինձ, այնուհետև մի խոր հոգոց հանելուց հետո ասաց.

- Ձե՛ռք քաշիր Նվարդից:

- Բայց ինչու՞, - ասացի ես, - միթե՞ իմ այս խոստովանությունը լսելուց հետո այդպիսի պատասխան կարող ես տալ ինձ:

- Այո՛, - ասաց նա, - որովհետև դու ամեն ինչ չէ, որ գիտես: Դու կարծում ես պատահականությու՞ն էր, որ Նվարդը քեզ համար աննկատելի հայտնվեց և նույնքան աննկատելի կերպով անհետացավ` առանց նույնիսկ քեզ հրաժեշտ տալու: Նվարդին ես մի քանի անգամ հանդիպել եմ Մանեենց տանը: Նվարդը Մանեի ընկերուհին է և միաժամանակ նրա հարևանուհին: Նվարդն այն միակ աղջիկն է, ում Մանեն չի խանդում, որովհետև նա կաղ է՝ այն էլ երկու ոտքից…Եթե դու տեսնեիր` ինչպես է տեղաշարժվում Նվարդը, այո՛, այո՛, տեղաշարժվում, ոչ թե քայլում, դու այդքան չէիր հիանա նրանով: Չէ՞ որ դու նրա արտաքինով էիր այդքան հիացած, այդպես չէ՞, իսկ նրա արտաքինը, մեղմ ասած, այնքան էլ հրապուրիչ չէ: Նվարդը հաշմանդամ է ի ծնե: Նա ամաչում էր քեզնից, նա չէր ուզում իր հաշմանդամությունն ի ցույց դնել քեզ: Դրա համար էլ օգտվելով առիթից, որ դու հեռուստացույցի մոտ ես և կանգնած ես մեջքով դեպի մեզ, աննկատ եկավ և նստեց բազմոցին ու նույնքան էլ աննկատ փախավ… Այո՛, փախավ քեզնից, որովհետև տեսավ, թե ինչպես ես սիրահարված նայում իրեն, իսկ դա նրան ցավ էր պատճառում: Նվարդը խելոք աղջիկ է և գերզգայուն, նա շատ լավ ըմբռնում է, որ դուք միասին երբեք երջանիկ չեք լինի: Չէ՞ որ նա, որպես հաշմանդամ, թերարժեքության բարդույթ ունի, իսկ ամուսնանալով քեզ հետ՝ այն ավելի կխորանա՝ ուղեկցելով նրան իր ողջ կյանքում: Նա շատ հպարտ է և թույլ՝ զիջողության գնալու համար: Նա մերժում է քեզ և խնդրել է Մանեին հաղորդել դա քեզ…

Տարիներ անցան: Ի վերջո, Մանեն և Հովիկն ամուսնացան և երեխաներ ունեցան: Ես նույնպես ամուսնացա և երջանիկ եմ իմ ընտանիքով, բայց երբեմն հիշում եմ Նվարդին ու մի բութ ցավ եմ զգում սրտիս վրա…Միգուցե՞ ավելի երջանիկ կլինեի Նվարդի հետ… Աստված իմ, ինչու՞ բնությունն այդքան դաժան է վարվել նրա հետ…

Մենք բաժանված ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:*

* Վահան Տերյան, «Գարուն» բանաստեղծությունից:
* Վահան Տերյան, «Անդարձություն» բանաստեղծությունից:

Կալիֆորնիա, Գլենդեյլ

4 hոկտեմբերի, 2014թ.

Monday, October 20, 2014

Magie



Այս փոքրիկ պատմվածքը
նվիրվրում է կրտսեր որդուս՝
Հայկի ծննդյան 23-ամյակին:


Մենք՝ երեքս, միասին աշխատում էինք մի հետազոտական ինստիտուտի փոքրիկ լաբորատորիայում: Լաբորատորիայի ամենաերիտասարդ աշխատակիցները մենք էինք՝ Մանեն, մի գեղեցիկ ու խանդոտ աղջիկ, որ արդեն հասցրել էր ամուսնալուծվել, Հովիկը և ես: Մնացած աշխատողներն ավելի տարիքով էին և լուրջ, կարծես ամբողջ աշխարհի հոգսն իրենց էին տվել, որովհետև շատ լուրջ գիտական խնդիրներով էին զբաղված: 
         
Մենք՝ երեքս, երևի մեր տարիքի պատճառով, հաճախ առանձնանում էինք նրանցից: Երբեմն միասին ընդմիջման էինք դուրս գալիս, իսկ քանի որ Մանեենց բնակարանը բավականին մոտիկ էր մեր աշխատավայրին, ժամանակ առ ժամանակ հյուրընկալվում էինք այնտեղ:
            
Մի օր Մանեն ընդմիջման ժամին մեզ հրավիրեց իրենց տուն՝ իր պատրաստած տորթը ճաշակելու: Պետք է նշեմ, որ նա բավականին համեղ էր պատրաստում, և մենք, իհարկե՛, հաճույքով համաձայնվեցինք: Մենք՝ երեքս, բարձր տրամադրությամբ, ոտքով ուղևորվեցինք Մանեենց տուն: Ճանապարհին ես նռան հյութ գնեցի, իսկ ընկերս՝ Հովիկը՝ պաղպաղակ: Հովիկն ամբողջ ճանապարհին կատակում էր: Ես վաղուց էի նկատել, որ նա անտարբեր չէ Մանեի նկատմամբ, չնայած Մանեն իբր դա չէր նկատում: Միգուցե պատճառը Հովիկի ցածր հասակն էր… Սակայն դա չէր խանգարում Մանեին խանդելու այն բոլոր աղջիկներին, որոնց մենք հանդգնում էինք նայել նրա ներկայությամբ: Այդ պատճառով մենք Մանեի ներկայությամբ աշխատում էին զուսպ լինել և ցույց չտալ մեր հիացմունքն ուրիշ աղջիկների հանդեպ:   
            
Դուռը բացեց Մանեի մայրը: Մանեն մեզ առաջնորդեց իր առանձնասենյակը, որը շատ հարմարավետ էր, իսկ բազմաթիվ ծաղիկները և առատ, բնական լուսավորությունն այնպիսի տպավորությունն էին ստեղծում, որ կարծես բնության գրկում լինեինք:  Մենք նստեցինք բազմոցին, որի առջև մի փոքրիկ սեղան կար, իսկ բազմոցից մի քիչ հեռու դրված էր խոշոր էկրանով հեռուստացույցը: Մանեն սիրում էր հեռուստացույց դիտել: Նա ուներ իր սիրած ալիքներն  ու հաղորդումները:
            
Մինչ մենք հեռուստացույց էինք դիտում, Մանեն բերեց տորթը, որը ձևավորված էր տարբեր տեսակի հատապտուղներով և մրգերով: Գույներն այնքան հաջող էին ընտրված, որ ես ու Հովիկը հիացմունքից թեթևակի ծափ տվեցինք: Մանեն գոհունակ ժպտաց՝ ակնհայտորեն բավարարվելով մեր գնահատականներով: Այնուհետև նա բերեց պաղպաղակը, հյութը, սուրճը և շրջվելով դեպի ինձ՝ ժպտալով գանգատվեց, որ հեռուստացույցի ալիքներից մեկը, հենց այն ալիքը, որ նա հաճախակի էր դիտում,  լավ չէր ցույց տալիս:  Ես մոտեցա հեռուստացույցին, միացրեցի ու, հերթով ստուգելով ալիքների պատկերների որակը, գտա այն ալիքը, որը վատ էր ցույց տալիս: Քանի որ մնացած ալիքների պատկերների որակը լավ էր, հասկացա, որ խնդիրն անտենայի դիրքի մեջ է: Անտենան տեղաշարժելով և հարմար դիրք գտնելով՝ կարողացա ստանալ որակյալ պատկեր: Բավարարված իմ աշխատանքով, ես շրջվեցի և զարմանքով նկատեցի, որ Մանեի ու Հովիկի մեջտեղում նստած է արտակարգ գեղեցկության մի աղջիկ… Մի ակնթարթում մտքովս  տերյանական այս տողերն անցան.

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին…*
            
Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ անմիջապես գերեց ինձ: Ես նայում էի նրան ու չէի կշտանում: Մտածեցի, միթե՞ կատարվեց իմ երազանքը, և ես վերջապես հանդիպեցի իմ բաղձալի երկրորդ կեսին, բայց չէ, նա ավելին էր, քան իմ երազանքի աղջիկը, որովհետև ավելին էր, քան իմ ակնկալիքները: Այդ պահին ես միայն նրան էի տեսնում, իսկ ընկերներս կարծես մշուշի մեջ լինեին՝ նման լուսանկարչական ապարատին, երբ կադրում միայն մեկն է ֆոկուսի մեջ, իսկ մնացածները՝ ֆոկուսից դուրս: Չնայած իմ գերհիացած վիճակին, ես. Միաժամանակ, պարզորոշ նկատում էի, որ Մանեն չէր խանդում այդ աղջկան, ավելին, անուշիկ ժպտալով կարծես խրախուսում էր ինձ, իսկ Հովիկը զարմացած նայում էր ինձ և բոլորովին չէր կիսում իմ հիացմունքն այդ աղջկա նկատմամբ: Ես ո՛չ միայն հիացած էի աղջկանով, այլ նաև զարմացած՝ իմ ընկերների տարօրինակ վարքագծից:
            
Ինչևիցե, մի փոքր ուշքի գալուց հետո, ծանոթացա աղջկա հետ. նրա անունը Նվարդ էր: Մենք խոսում էինք միմյանց հետ՝ առանց նկատելու իմ ընկերների ներկայությունը: Նրանք էլ, հասկանալով պահի լրջությունը, լուռ էին և չէին խառնվում մեր խոսակցությանը: Միայն Մանեն շարունակում էր խորհրդավոր ժպտալ, իսկ Հովիկը քանի գնում՝ լրջանում էր ու տխրում: Դա շատ տարօրինակ էր, քանի որ նա ասող-խոսող և կատակասեր տղա էր: Ես կարծում էի, որ Մանեն ժպտալով քաջալերում էր մեր նոր սկսվող հարաբերությունները:
             
Մեր ընդմիջման ժամն ավարտվում էր, արդեն ժամանակն էր աշխատավայր վերադառնալու: Մանեն խնդրեց ինձ անջատել հեռուստացույցը: Ես մոտեցա հեռուստացույցին, մեկ անգամ ևս արագ ստուգեցի Մանեի սիրած ալիքների որակը և անջատեցի այն: Շրջվեցի ու տեսա, որ Նվարդը չկա… Նա, այդ կարճ ժամանակահատվածն օգտագործելով, գնացել էր… Առանց անգամ հրաժեշտ տալու: Կրկին զարմացա և հարցրեցի ընկերներիս, թե ի՞նչ եղավ Նվարդը: Նրանք, ինչպես նրա հայտնվելու ժամանակ էր, տարօրինակ կերպով ծիծաղեցին:  
            
Աշխատավայրում երեքս էլ լուռ էինք՝ մտասուզված մեր մտքերի մեջ: Կարևոր բան էր տեղի ունեցել. ես սիրահարվել էի, բայց ինչ-որ բան էր տեղի ունեցել նաև ընկերներիս հետ, որը ես չգիտեի ու չէի հասկանում: Ես երբեմն գաղտագողի նայում էի նրանց դեմքերին, փորձելով կարդալ նրանց մտքերը, բայց նրանք խնամքով ձևացնում էին, թե իբրև ոչինչ էլ չի եղել, և ամեն ինչ առաջվա նման է: Լարվածությունը, քանի գնում, մեծանում էր: Ես չդիմացա և, մոտենալով Հովիկին, խնդրեցի աշխատանքից հետո մի քիչ քայլել: Նա անմիջապես համաձայնվեց: Ակնհայտորեն դա նրա սրտով էր:
            
Մենք շատ անգամներ էինք Հովիկի հետ զբոսնել, բայց այս անգամ ուրիշ զգացողույթուն ունեինք երկուսս էլ: Հովիկն ասաց, որ Մանեն էլ էր ցանկություն հայտնել՝ միանալ մեզ, բայց նա կտրականապես մերժել էր նրան: Միանգամայն պարզ էր, որ իմ ընկերները՝ երկուսն էլ ցանկություն ունեին խոսել ինձ հետ Նվարդի մասին: 
            
Խոսակցությունը սկսեցի ես: Նրան պատմեցի, թե ինչքան եմ հրապուրված Նվարդով, որ մտադրություններս անգամ այնքան լուրջ են, որ պատրաստ եմ հենց հիմա, նույնիսկ Նվարդին լավ չճանաչելով, ամուսնանալ նրա հետ: Նա ուշադիր լսեց ինձ, այնուհետև, մի խոր հոգոց հանելուց հետո, ասաց.
            
- Ձե՛ռք քաշիր Նվարդից:
            
- Բայց ինչու՞, - ասացի ես, - միթե՞ իմ այս խոստովանությունը լսելուց հետո այդպիսի պատասխան կարող ես տալ ինձ:
            
- Այո՛, - ասաց նա, - որովհետև դու ամեն ինչ չէ, որ գիտես: Դու կարծում ես պատահականություն է՞ր, որ Նվարդը քեզ համար աննկատելի հայտնվեց և նույնքան աննկատելի կերպով անհետացավ, առանց նույնիսկ քեզ հրաժեշտ տալու: Նվարդին ես մի քանի անգամ հանդիպել եմ Մանեենց տանը: Նվարդը Մանեի ընկերուհին է և միաժամանակ նրա հարևանուհին: Նվարդն այն միակ աղջիկն է, որին Մանեն չի խանդում, որովհետև նա կաղ է, այն էլ երկու ոտքից… Եթե դու տեսնեիր, թե ինչպես է տեղաշարժվում Նվարդը, այո՛, այո՛, տեղաշարժվում, ո՛չ թե քայլում, դու այդքան չէիր հիանա նրանով: Չէ՞ որ դու նրա արտաքինով էիր այդքան հիացած, այդպես չէ՞, իսկ նրա արտաքինը, մեղմ ասած, այնքան էլ հրապուրիչ չէ: Նվարդը հաշմանդամ է ի ծնե: Նա ամաչում էր քեզնից, նա չէր ուզում իր հաշմանդամությունն ի ցույց դնել քեզ: Դրա համար էլ օգտվելով առիթից, որ դու հեռուստացույցի մոտ ես և կանգնած ես մեջքով դեպի մեզ, աննկատ եկավ և նստեց բազմոցին ու նույնքան էլ աննկատ փախավ… Այո՛, փախավ քեզնից, որովհետև տեսավ, թե ինչպես ես սիրահարված նայում իրեն, իսկ դա նրան ցավ էր պատճառում: Նվարդը խելոք աղջիկ է և գերզգայուն, նա շատ լավ ըմբռնում է, որ դուք միասին երբեք երջանիկ չեք լինի: Չէ՞ որ նա, որպես հաշմանդամ, թերարժեքության բարդույթ ունի, իսկ ամուսնանալով քեզ հետ՝ այն ավելի կխորանա՝ ուղեկցելով նրան իր ողջ կյանքում: Նա շատ հպարտ է և թույլ՝ զիջողության գնալու համար: Նվարդը մերժում է քեզ և խնդրել է Մանեին հաղորդել դա քեզ…
            
Տարիներ անցան: Ի վերջո, Մանեն և Հովիկն ամուսնացան և երեխաներ ունեցան: Ես նույնպես ամուսնացա և երջանիկ եմ իմ ընտանիքով, բայց երբեմն հիշում եմ Նվարդին ու մի բութ ցավ եմ զգում սրտիս վրա…Միգուցե՞ ավելի երջանիկ կլինեի Նվարդի հետ… Աստվա՜ծ իմ, ինչու՞ բնությունն այդքան դաժան է վարվել նրա հետ…

Մենք բաժանված ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:*

* Գարուն, Վահան Տերյան,
* Անդարձություն, Վահան Տերյան

 Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդեյլ
4 hոկտեմբերի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...