Tuesday, February 24, 2015

Հաջողակ ձկնորսը

Այդ տարի չափազանց շոգ ամառ էր Երևանում: Անտանելի տոթ էր: Մարդիկ նույնիսկ գիշերները չէին կարողանում քնել շոգի պատճառով, հետևաբար հանգստացողների թիվը թե՛ Հայաստանում, և թե՛ նրա սահմաններից դուրս շատ մեծ էր: Մարդիկ հիմնականում զով տեղեր էին գնում հանգստանալու: Նրանց մի զգալի մասը գնում էր ծովափ:
            
Այդ տարի մենք նույնպես, ընտանյոք հանդերձ, հանգստանում էինք Սև Ծովի ափին, Հայկական Կիրճ կոչվող փոքրիկ գյուղակում, որն Աբխազիայի Գուդաուդի շրջանի, Նոր Աֆոն քաղաքից ընդամենը մեկ կիլոմետր 

Աբխազիան՝ իր լեռնային ու անտառածածկ բնությամբ, հատկապես՝ ծովափնյա լողափերով, աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Նրա բոլոր շրջանները, բացառությամբ Թքուարչալիի՝ ծովափնյա են, որտեղ բացի աբխազներից ապրում են նաև մեգրելներ, վրացիներ, հայեր, ուկրաինացիներ, ռուսներ, հույներ և էստոնացիներ:
Երբ ուղևորներով լեցուն, երևանյան գնացքը, անցնելով Վրաստանի միջով, հասնում է Աբխազիայի Օչամչիրա քաղաքը, ուղևորներին սկսում է երևալ Սև Ծովը, որը հատկապես չքնաղ է արևային եղանակին և խաղաղ վիճակում: Այդպիսի ժամանակ այն պսպղում է արևի տակ՝ իր հայելային հարթ և անկրկնելի երկնագույն մակերևույթով: Առաջին անգամ ծովը տեսնելիս՝ հմայվում, սիրահարվում ես նրան հավիտյան:  Բառերով անհնար է նկարագրել նրա գեղեցկությունը: Թերևս, ծովանկարիչը կարողանա ներկայացնել այն՝ ըստ հավուր պատշաճի, ինչպես դա արել է մեր անգերազանցելի և հանրահայտ հայրենակիցը՝ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին՝ իր նշանավոր կտավներում:
            
Մենք ապրում էինք մի մեծ վրանի տակ՝ ծովից ընդամենը մի քանի տասնյակ քայլ հեռավորության վրա: Վրանը տեղադրված լինելով տանտիրոջ ընդարձակ բակում, շրջապտաված էր բազմաթիվ պտղատու ծառերով: Այնտեղ կային մանդարինի, նարինջի, կիտրոնի, արքայանարինջի, թզի, տանձի և խնձորի ծառեր: Այդ ծառերի շնորհիվ մենք ցերեկները պաշտպանված էինք արևի կիզիչ ճառագայթներից: Գիշերները ծառերը թեթևակի օրօրվում էին հարբած մարդու նման, իսկ տերևների խշխշոցը միախառնվում էր ծովի ալիքների շլմփոցներին փափուկ ավազի վրա:
            
Նույն բակում հանգստանում էին նաև ուրիշ հայ ընտանիքներ: Մենք գրեթե ամբողջ օրը լողանում էինք ծովում, խաղում ավազների հետ կամ վոլեյբոլ խաղում, բացառությամբ ցերեկվա այն ժամերի, երբ արևը երկնկամարում էր ու անխնա այրում էր մեր, համարյա մերկ, մարմինները: Այդ ժամերին բոլորր հովեկներն առանձնանում էին և վայելում հետկեսօրյա հանգիստն իրենց կացարաններում, իսկ երեկոյան, հենց ծովափին, մի փոքրիկ խարույկ էին վառում, խմբվում նրա շուրջը՝ զրուցելով ու կատակելով ժամանակ անցկացնում աստղազարդ երկնքի տակ:   
            
Հանգստացողների մեջ կային երկու երիտասարդ տղաներ, ովքեր չափազանց հետաքրքրված ու հրապուրված էին ձկնորսությամբ: Նրանք Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի՝ մարզական իրերի խանութից գնել էին ձկնորսական պարագաներ և շատ հաճախ, օրեր շարունակ իրենց ժամանակն անց էին կացնում կարթով ձուկ բռնելով, սակայն նրանց բոլոր փորձերն ապարդյուն էին անցնում. ոչ մի կերպ չէր հաջողվում գոնե մի փոքրիկ ձկնիկ բռնել…
            
Ծայրաստիճան հիասթափված ու հուսահատված, նրանք, կրկին ապարդյուն, փորձել էին ձուկ որսալ նույնիսկ, Գագրայի շրջանում գտնվող, հանրահայտ Ռիցա գեղատեսիլ լճում, ինչպես նաև Նոր Աֆոնի Պսիրցխա գետում:
            
Մի օր, առավոտյան լողափ գնալիս, պատահաբար լսեցի նրանց խոսակցությունը.
            
-  Լավ, ի՞նչ անենք, միգուցե խայծը փոխենք և որդի փոխարեն ձկան միս դնենք: Ա՜խր, մի պատճառ կա չէ՞, որ չի բռնվում:
            
Չգիտեմ ինչու՞, բայց ես, միջամտելով տղաների խոսակցությանը, մեծամտորեն, իհարկե, կատակով ասացի.
            
- Խայծը փոխել պետք չի՝ պարզապես բռնե՛լ, ձուկ բռնե՛լ պիտի իմանաք…
            
Տղաներից մեկն անմիջապես կարթը տվեց ձեռքս և ասաց.
           
- Դե՛, եթե դու ձուկ որսալ գիտես՝ որսա,՛ տեսնե՛նք:
            
Ես անակնկալի եկա, քանի որ կյանքումս ձուկ չէի բռնել… Ակամա կարթը վերցնելով ձեռքս, ինքնավստահ կարթաձողը թափով վեր բարձրացրեցի, ինչքան ուժ ունեի իջեցրի այն ծովի մակերևույթին, այնուհետև  կտրուկ վեր քաշեցի, և ո՜վ զարմանք՝ մի չաղլիկ ձուկ կախված իմ կարթից՝ բերանը բաց ու խուփ էր անում՝ անհույս թփրտալով օդում …
            
Ես անփույթ՝ կարթաձողը նետեցի ավազի վրա, հաղթական նայեցի տղաներին և ուզում էի հեռանալ, երբ նրանք ինձ կանգնեցրին.
            
- Միգուցե դա պատահականությու՞ն էր, եթե բռնո՞ղ ես, մի հատ էլ բռնի՛, որ հավատանք:
            
- Ի՞նչ, - ասացի ես, - ուրեմն դուք կասկածու՞մ եք իմ ձկնորսական հմտություններին, - զայրացած ձևացա ես ու ավազի վրայից վերցնելով կարթաձողը, նորից թափով վեր բարձրացրեցի այն, ուժգին հարվածեցի նրանով ծովի մակերևույթին և վեր քաշեցի: Անհավատալի էր, բայց կրկին մի չաղլիկ ձուկ թփրտաց օդում՝ չափազանց զարմացնելով թե՛ տղաներին, և թե՛ ինձ, հատկապե՛ս՝ ինձ:
            
Ես աչքերիս չէի հավատում: Ես մտածում էի. «Տեր Աստված, միթե՞ դա հնարավոր է, որ երկու անգամ բախտս բերի: Անկասկած, այստեղ մի պատճառ կա, որ ես չգիտեմ»: Բայց ես՝ աշխատեցի տղաներին ցույց չտալ իմ զարմանքն, ասելով.
            
- Հիմա համոզվեցի՞ք, որ բռնողից է կախված, այլ ոչ թե խայծից:
            
Նրանք ասացին.
           
-Այո՛, համոզվեցինք, բայց ինչու՞ են քո բռնած երկու ձկներն էլ մուգ կանաչադարչնագույն, այլ ոչ թե արծաթափայլ, ինչպես բոլոր ձկները:
            
Ես նոր նկատեցի, որ իրո՛ք, իմ բռնած երկու ձկներն էլ մուգ կանաչադարչնագույն էին՝ ունեին տափակ փոր, եռանկյունաձև իրան և բեղիկներ: 
            
-Հա,՜հա՜, - ծիծաղեցի ես, - ձեզ համար ի՜նչ տարբերություն, ձուկը ձուկ է… Արծաթափայլ գույնի ձկներ՝ ով ասես կարող է բռնել, բացի դրանից ես հատուկ եմ մուգ կանաչադարչնագույն ձկներ բռնել, որովհետև դրանք շատ համեղ են: Որ տապակեք դրանց, ինձ էլ մի կտոր կբերե՛ք, որ ճաշակեմ, չեք մոռանա, չէ՞:
            
Կեսօրին նրանք ձկներն արդեն տապակել էին, և ինձ հրավիրեցին ճաշակելու: Անհավատալի է, բայց այս անգամ էլ չէի սխալվել՝ ձկները, իրոք, շատ համեղ էին: Համեղ էր նաև վրացական «Խվանչքարա» կարմիր գինին, որը մենք խմեցինք մեր հաջող ձկնորսության կապակցությամբ:
            
Իմ հեղինակությունը տղաների մոտ ակնհայտորեն բարձրացել էր, և նրանք անառարկելիորեն հավատում էին իմ հմուտ ձկնորս լինելուն: Սակայն, ես անհանգիստ էի, որովհետև, ամենայն հավանականությամբ, նրանք ինձ նորից էին հրավիրելու ձկնորսության, իսկ բախտն ամեն անգամ ինձ չէր կարող ժպտալ:  Ես անընդհատ մատածում էի, թե ինչու՞ էին իմ բռնած ձկները ոչ սովորական:
            
Երկար մտածելուց հետո գլխի ընկա, որ դրանք ծովի հատակի ավազը փորփրող ձկներ են, իսկ կանաչադարչնագույն գունավորումը՝ ըստ երևույթին, կանաչադարչնագույն խոտերի մեջ քողարկվելու համար է: Ափամերձ մասում, հենց այն տեղում, որտեղ բռնվել էին ձկները, սուզվելով և հասնելով ծովի հատակին՝ համոզվեցի իմ ենթադրության՝ ճշմարտացիության մեջ: Դեռ ավելին, ես նկատեցի բազմաթիվ մուգ կանաչադարչնագույն ձկներ ծովի հատակին և մի քիչ ծովի հատակից բարձր մակարդակի վրա՝ նաև արծաթագույն ձկների, որոնք այնքան էլ շատ չէին: Հայտնի դարձավ նաև ձկների բազմաքանակության գաղտնիքը. ընդամենը մի քանի մետր այն կողմ, ծովեզրի հետ բութ անկյուն կազմելով՝ մի փոքրիկ գետակ էր թափվում ծովը՝ իր հետ բերելով առատ սննունդ ձկների համար: Հասկացա նաև, թե ինչ էր կատարվել: Երբ ես ուժգին կարթաձողով հարվածել էի ծովի մակերևույթին, կեռիկը ձկան խայծի հետ միասին հասել էր հատակին, որտեղ բազմաթիվ, սոված ձկներից մեկը կուլ տալով այն՝ բռնվել էր: Այսինքն, եթե կարթաթելի վրա գտնվող լողակը դրվի ավելի բարձր, հնարավորություն տալով կարթաթելին ամրացված կեռիկին ինջնելու ծովի հատակը, ապա հատակի մոտ լողացող բազմաթիվ ձկներից մեկը հեշտությամբ կբռնվի: Փաստորեն, կարթաթելի վրա ամրացված լողակի դիքից է կախված, թե ինչ խորության վրա է որսը կատարվում: Իմ ենթադրությունների և դիտարկումների հիման վրա, ես իսկապես դարձա հմուտ ձկնորս: Ես հիմա գիտեի, թե ինչպես որս անեմ և անհամբեր սպասում էի տղաների հրավերին:
            
Հաջորդ օրը, կեսօրից հետո մենք գնացինք ձկնորսության: Ես կանգնեցի գետակի աջ կողմում, որտեղ կերը շատ էր, իսկ տղաներին կարգադրեցի կանգնել գետակի ձախ կողմում: Ընդամենը մեկ ժամում, ես միջին մեծության հինգ-վեց հատ ձկներ բռնեցի՝ այս անգամ արծաթափայլ, որովհետև լողակը կարթաթելի վրա ճիշտ դիրքում էի ամրացրել, իսկ տղաները կարողացան բռնել միայն երկու, բայց ավելի խոշոր ձկներ:
            
Երեկոյան, ծովափին կրակ վառեցինք և մարմանդ կրակի վրա խորովեցինք մեր բռնած ձկները, որոնք չափազանց համեղ էին: Իհարկե, չմոռացանք վայելել նաև անզուգական, վրացական «Խվանչքարա» կարմիր գինին:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
22 փետրվարի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...