Tuesday, July 21, 2015

Զվարճալի պատմություն

Մարդիկ, որոնք տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ երկար տարիներ առաջ՝ թողնելով իրենց հարազատներին, ընկերներին ու ծանոթներին հայրենիքում, չեն պատկերացնում, որ այդ ժամանակի ընթացքում փոփոխվել են թե՛ իրենք և թե՛ նրանք: Օրինակ, երեսուն տարեկան երիտասարդը քսանհինգ տարի ապրելով Կալիֆորնիայում բնականաբար հասցնում է պապիկ դառնալ, տարիքային փոփոխության ենթարկվել ժամանակի ընթացքում թե՛ ներքուստ, և թե՛ արտաքուստ: Տարիքային փոփոխման են ենթարկվում նաև հայրենիքում մնացածները: Փոփոխություններն ավելի ակնառու են տղամարդկանց մոտ, որովհետև նրանցից շատերը սպիտակում են կամ ճաղատանում՝ ի տարբերություն կանանց, որոնք միայն սպիտակելով, ներկում են իրենց մազերը՝ վերականգնելով գույնը:

Գալուստն իր ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ բնակություն հաստատեց Կալիֆորնիա նահանգում: Նա նկատել էր, որ հանդիպելով դեռ Հայաստանից ծանոթ մարդկանց, նրանք իրեն կամ չէին ճանաչում կամ էլ դժվարությամբ էին մտաբերում: Օրինակ, մի օր նա կնոջ հետ զբոսնում էր Գլենդել քաղաքի Մափլ զբոսայգում, երբ անակնկալի եկավ, տեսնելով իր նախկին աշխատակցուհուն՝ Սիրանույշին, որի հետ աշխատել էր ՀՀ Գիտությունների Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, նույնիսկ նույն լաբորատորիայում ավելի քան տասնհինգ տարի: Նա ուրախ-ուրախ մոտեցավ նրան և ասաց.

- Բարև՛, Սիրանույշ, դու՞ էլ ես այստեղ: Ինչպիսի՜ անակնկալ:

- Դուք ո՞վ եք, - զարմացած ասաց կինը, - ես Ձեզ չեմ ճանաչում:

- Ինչպե՞ս, թե չես ճանաչում, - շփոթվեց նա, - ես եմ, Գալուստը:

- Ի՞նչ Գալուստ, ես ոչ մի Գալուստ անունով մարդ չեմ ճանաչում:

- Կատակու՞մ ես, Սիրանույշ: Քո անունը Սիրանույշ չի՞, - շարունակում էր Գալուստը մտերմիկ դու-երով խոսել նրա հետ, մինչդեռ նա նրան հարգալից Դուք-երով էր պատասխանում, ինչպես ընդունված է անծանոթ մարդկանց հետ խոսելիս:

- Այո՛, Սիրանույշ է, բայց  Ձեզ, միևնույնն է, չեմ ճանաչում:

- Ա՜խր, ոնց չես ճանաչում, - արդեն զայրացած բացականչեց Գալուստը, - երկար տարիներ միասին նույն գիտահետազոտական ինստիտուտում ենք աշխատել, նույնիսկ նույն լաբորատորիայում: 

Գալուստի կինը տեսնելով, որ նա արդեն ձայնը բարձրացրել է անծանոթ կնոջ վրա, փորձելով մեղմել ամուսնու զայրութը, միջամտեց.

- Գալու՛ստ ջան, չե՞ս տեսնում, որ այս կինը քեզ չի ճանաչում: Դու երևի շփոթում ես նրան մի ուրիշ կնոջ հետ: Արի՛ գնանք այստեղից:

- Ո՛չ մի բան էլ չեմ շփոթում, - բորբոքված ասաց Գալուստը:

- Հա՜, հիշեցի, - ասաց Սիրանույշը, - դու՛, Սամվելն ես:

- Սամվելը մեր ասպիրանտն էր, ես Գալուստն եմ, ինժեները, հիշեցի՞ր:

- Վա՜յ, Գալուստ ջան, դու՞ ես, - վերջապես ասաց Սիրանույշը, - միանգամից չճանաչեցի, համ էլ չէի սպասում քեզ տեսնել այստեղ:

- Փա՜ռք Աստծո, - ասաց նա, - արդեն հույսս կտրել էի, որ ինձ կկարողանաս ճանաչել:

Մի ուրիշ անգամ Գալուստը պատահաբար տեսավ իրեն ծանոթ մի բժշկուհու, Լոս Անջելեսի Բրոդվեյ փողոցի վրա և ասաց.

- Բարև Ձեզ, Անժելիկա Լևոնովնա:

Բժշկուհին ուշադիր նայեց նրան, ճգնելով մտաբերել, թե ո՞վ է իր խոսակիցը: Գալուստն օգնության եկավ նրան.

- Ե՛ս եմ, Գալուստը:

Անժելիկա Լևոնովնայի երեսին մի ուրախ ժպիտ գծագրվեց.

- Վա՜յ, Գալուստ ջան, ինչպիսի անակնկալ հանդիպում, դու՞ ես:

Փաստորեն անցած ժամանակի և ահռելի՝ ավելի քան տաս հազար կիլոմետր հայրենիքից հեռու գտնվելու պատճառով, այսպիսի դեպքեր շատ էին հանդիպում: Գալուստն ինքը հանդիպելով երևանյան նշանավոր թերթերից մեկի նախկին խմբագրին, միանգամից չճանաչեց նրան և մոտենալով ասաց.

- Ձեր դեմքը շատ ծանոթ է թվում: Դուք Երևանում որտե՞ղ էիք աշխատում:

Երևի վերը նկարագրված դեպքերի պատճառով էր, որ Գալուստի մտքում մի հետաքրքիր ու զավեշտալի գաղափար հասունացավ. նա որոշեց առիթը բաց չթողնել և մի լավ զվարճանալ, եթե նորից նման դեպքի հանդիպի:

Շատ շուտով «բախտը ժպտաց» նրան: Նա նստած էր Գլենդել քաղաքի Ադամս զբոսայգու ծառի շվաքում, հարմարավետ նստարանի վրա, պաշտպանվելով ցերեկվա տապից, երբ նրան մոտեցավ մի մարդ իր փոքրիկ շնիկի հետ և ասաց.

- Բարև Ձեզ, կարելի է՞ նստել:

- Իհարկե, - ասաց Գալուստը և անմիջապես ճանաչեց երևանյան նախկին հարևանին, որն ապրում էր իր տնից ընդամենը երկու տուն այն կողմ:

Մարդը նրան ընդհանրապես չճանաչեց: Նա արդեն քսանհինգ տարի ապրում էր Կալիֆորնիայում և կլիներ մոտ ութսուն տարեկան, բայց այնքան լավ էր պահպանվել, որ հազիվ հիսուն տարեկանի տեսք ուներ: Գալուստը վաթսուն անց էր, բայց  նրանից մեծ էր երևում: Նախկին հարևանը նրան տեսել էր երիտասարդ հասակում միայն, իսկ հիմա տարիներ անց բնականաբար, փոխված լինելով, չնայած ձայնը, շարժ ու ձևը և էլի շատ բաներ նույնն էին մնացել, չկարողացավ  ճանաչել Գալուստին:

- Տղայիս շունն է. - ասաց նախկին հարևանը, - հինգ օրով գնացել են հանգստանալու, իսկ շանը թողել իմ ու կնոջս խնամքին:

- Գիտե՛մ, - ասաց Գալուստը:

- Որտեղի՞ց գիտես, - զարմացած ասաց նախկին հարևանը:

- Ես շատ բան գիտեմ, քանի որ օժտված եմ հատուկ զգացողությամբ, - բացատրեց Գալուստը, - կուզե՞ս գուշակեմ, թե Երևանի ո՞ր շրջանում ես դու ապրել ընտանիքիդ հետ, - և, չսպասելով պատասխանի, ասաց, - Կենտրոն համայնքում:

Նա ապշած նայեց Գալուստի երեսին: Ճիշտն ասած, նախկին հարևանը կրթություն չէր ստացել և մի քիչ էլ միամիտ էր, այդ պատճառով դժվար չէր նրան մոլորեցնելը:

- Ես գուշակություններ անելով փող եմ վաստակում, - ասաց Գալուստը, - կուզես գուշակե՞մ քո կամ կնոջդ անվան առաջին տառը: Եթե ճիշտ գուշակեմ՝ դու ինձ տալիս ես հինգ դոլար, եթե սխալվեմ՝ ես քեզ կտամ հինգ դոլար, օքե՞յ:

- Օքե՛յ, - ասաց նա, ակնհայտորեն հետաքրքրված և ոգևորված Գալուստի «խաղով», - սկզբի համար գուշակի՛ր իմ անվան սկզբնատառը:

Գալուստը ուշադիր նայեց նրա երեսին, ցուցադրաբար նայեց նրա աչքերի մեջ և ձևացրեց, որ մտքում հաշվարկներ է անում: Այդ ընթացքում մարդն անհամբերությամբ սպասում էր: Վերջապես Գալուստը հանդիսավորությամբ արտաբերեց.

- «Հ»:

Նա լուռ դրամապանակից հանեց հինգ դոլարանոց թղթադրամը և մեկնեց նրան: Գալուստը վերցնելով այն, խնամքով դրեց իր դրամապանակի մեջ և ասաց.

- Շնորհակալություն, եթե ուզում ես, շարունակենք:

- Շարունակե՛նք, - ասաց նա լրջացած:

- Լա՛վ, այդ դեպքում, հիմա էլ գուշակե՞մ կնոջդ անվան սկզբնատառը:

- Գուշակի՛ր, - ասաց նա:

Նա նորից ձևացրեց, որ մտքում բարդ հաշվարկներ է անում, այս անգամ ավելի երկար, քանի որ կինը այդտեղ չէր, որպեսզի ճշմարտանման հնչի և հոգոց անելով, իբր դժվար էր, ասաց.

- «Հ»:

Նորից հարևանը լռելայն Գալուստին մեկնեց հինգ դոլարանոց մեկ ուրիշ թղթադրամ, որը նա նորից տեղավորեց իր դրամապանակի մեջ:

 Անցավ մի քանի օր: Նույն այգում Գալուստը կրկին հանդիպեց իր նախկին հարևանին՝ Հովհաննեսին, կնոջ՝ Հռիփսիմեի հետ: Նրանք շատ ուրախացան Գալուստին տեսնելով և անմիջապես մոտեցան նրան: Հովհաննեսի կինն առանց ժամանակ կորցնելու հարցրեց.

- Իսկ կարո՞ղ եք գուշակել, թե մենք քանի՞ երեխա ունենք:

- Կարող եմ, բայց դա տասը դոլար կարժենա: Իհարկե, սխալվելու դեպքում ես կվճարեմ Ձեզ, տիկի՛ն, - պատասխանեց Գալուստը:

- Օքե՛յ, - ասացին նրանք:

Գալուստը ցուցադրաբար սկսեց մտմտալ և հաշվարկներ անել և մի քիչ սպասեցնելուց հետո ասաց.

- Դուք ունենք երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր, ամենակրտսերը  դուստրն է և բոլորն էլ մոտավորապես հիսուն տարեկանին մոտ տարիքի են:

Նրանց զարմանքը շատ մեծ էր և գրեթե վախեցած Գալուստին նայելով ասացին.

- Անհավանական է, էս ո՞նց եք անում: Ում պատմում ենք, չեն հավատում, որ նման բան կարող է լինել:

Գալուստն ինքնավստահ ժպտալով ասաց.

- Ասել էի, չէ՞, որ հատուկ գուշակելու շնորհք, հատուկ զգացողություն ունեմ: Ձեր ավագ որդու անունը սկսվում է «Հ», նրանից փոքրինը՝ «Կ», իսկ աղջկանը՝ «Ա» տառերով, ճի՞շտ է:

Նրանք գրեթե սարսափած նայեցին Գալուստին, վեր կացան ու հեռացան: Գալուստը նրանց ետևից գոռաց.

- Ու՞ր եք փախչում, ճշմարտությունից հնարավոր չէ փախչել…

Հովհաննեսն ու իր կինը Գալուստենց շենքից երկու տուն այն կողմ են ապրում, ինչպես Հայաստանում, իմիջայլոց, Գլենդել քաղաքի կենտրոնում, ինչպես Երևանում: Միթե՞ սա զուգադիպություն է: Իհարկե, ո՛չ:

Երեկոյան Գալուստը գնաց նրանց տուն, ներկայացավ և խոստովանեց ամեն ինչ: Նրանք ջերմորեն գրկեցին Գալուստին, շատ ուրախանալով հանդիպման համար: Նա, իհարկե, վերադարձրեց «վասատակած գումարները» և բոլորով միասին մի լավ ծիծաղեցին եղածի վրա…


Կալիֆորնիա, Գլենդել, 
19 հուլիսի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...