Sunday, November 2, 2014

«Pemphigus Vulgaris»




- Տղաս կոկորդս կցավի, - ասաց հայրս: Նա, չնայած, որ երկար տարիներ ապրում էր Հայաստանում, այսինքն Արևելյան Հայաստանում, բայց շարունակում էր խոսել արևմտահայերենով: 
           
- Ի՞նչ անենք, - ասացի ես, - կյանքումդ առաջին անգամ կոկորդդ ցավեց, արդեն սրտնեղում ես, բա մենք ի՞նչ ասենք, որ հաճախ կոկորդի ցավ ենք ունենում: Անգինա է, մի քանի օրից կանցնի:
           
- Հա, կանցնի՞ տղաս, - պարզամտորեն հարցրեց նա:
           
- Իհարկե՛, կանցնի՛, հո անընդհատ չի ցավելու:
           
Անցավ մի քանի օր, բայց հորս կոկորդի ցավը չէր անցնում: Նա մեր խորհրդով սկսեց հաճախակի տաք թեյ խմել, սոդայաջրով ողողել կոկորդը, բայց միևնույն է չէր անցնում:
           
Մեր ընտանիքում, հատկապես ես մանուկ հասակից տառապել եմ անգինայով, որն ուղեկցվում էր բարձր ջերմով: Ինձ խնամելով տանջվում էր նաև մայրս: Ինչքան անքուն գիշերներ է նա անցկացրել իմ անկողնու մոտ, երբ ես երեխա էի և որպեսզի վերջապես ազատվեմ այդ հիվանդությունից վիրահատվել եմ բավականին հասուն տարիքում. երեսուն տարեկանում հեռացվել են իմ նշագեղձերը: Սկզբում դա էլ չօգնեց, քանի որ վիրահատությունից հետո մոտ մեկ տարի տառապում էի ֆարինգիտով՝ չորանում էր կոկորդս, բարձրանում էր մարմնիս ջերմաստիճանը: Մեկ տարի անց կամաց-կամաց վիճակս բարելավվեց և ես այլևս չհիվանդացա: Անգինայով հիվանդանում էին նաև մայրս և երկվորյակ քույրերս, բայց նրանց մոտ դա ավելի մեղմ էր ընթանում, բացի դրանից ո՛չ այնքան հաճախ, ինչքան ինձ մոտ: Ընդհանրապես անգինայով շատերն են հիվանդանում: Երևի դա էր պատճառը, որ մենք այնքան էլ լրջորեն չէինք վերբերվում հորս «անգինային»
           
Հայրս շարունակում էր իր «բուժումները» միայն մի տարբերությամբ, որ նա նաև սպիտակ մառլյայով փաթաթել էր կոկորդը՝ հետևելով «տաք պահիր, որ անցնի» ժողովրդի մեջ ընդունված խորհրդին: Մենք արդեն սովոր էինք այդ փաթաթանը տեսնել նրա պարանոցին:  Սակայն, մի օր մայրս հայտնեց ինձ, որ հորս ծնկներին հեղուկով լեցուն մեծ-մեծ բշտիկներ են հայտնվել, որոնք ո՛չ քոր են գալիս, ո՛չ էլ ցավում: Դա ինձ շատ տարօրինակ թվաց և ես նրան տարա բժշկի: Մենք գնացինք պոլիկլինիկա, մաշկային բաժանմունք:
           
Ես, հիմա ապրելով Միցայալ Նահանգներում, նոր եմ հասկացել, թե ինչքան արդյունավետ է բժշկական համակարգը Հայաստանում և հակառակը, ինչքան անարդյունավետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հիվանդը Հայաստանում կարող է նախնական բուժում ստանալ պոլիկլինիկայում, իսկ առանձին դեպքերի և բարդությունների դեպքում հիվանդանոցում: Պոլիկլինիկայում կան գրեթե բոլոր հիվանդությունների գծով բաժանմունքներ, որտեղ հիվանդին ո՛չ միայն ախտորոշում են, այլ նաև բուժում, ըստ որում միանգամայն ձրի: Ամերիկայում բժշկական համակարգը բաղկացած է բազմաթիվ բժշկական կենտրոններից և հիվանդանոցներից: Բժշկական կենտրոններում հիվանդը հիմնականում նախնական զննման է ենթարկում,  կատարվում են որոշ ախտաբանական հետազոտություներ: Բուժումը մեծ մասամբ կատարվում է հիվանդանոցում, եթե նույնիսկ դա առաջին բժշկական օգնություն ցույց տալն է: Այդ պատճառով էլ հիվանդանոցները լեփ լեցուն են հիվանդներով՝ նույնիսկ բոլոր հիվանդանոցների շտապ օգնության բաժանմունքները: Համակարգից գրեթե բոլորն են դժգոհ: Ժամանակ առ ժամանակ թերթերում քննադատական հոդվածներ են տպվում, իսկ հեռուստացույցով քննադատական հաղորդումներ կազմակերպվում, բայց համակարգը համառորեն մնում է նույնը:
           
Հորս զննեց մաշկային բաժանմունքի վարիչը` Կառլեն Լևոնիչը, որը բժշկական գիտությունների թեկնածուի կոչում ուներ: Կառլեն Լևոինիչը միջահասակ, թեթևակի ալեխառն մազերով, ինտիլիգենտ մի անձնավորություն էր:  Նա ասաց, որ ոչ մի վտանգավոր բան չկա, որ պարզապես մրսածություն է, իսկ ինչ վերաբերվում է բշտիկներին, ապա դրանք հենց այդ մրսածության հետևանքն են: Մենք ուրախացանք, որ վտանգավոր ոչինչ չկա և վերադարձանք տուն: Հայրս շատ էր հավանել Կառլեն Լևոինիչին: Երբ տուն եկանք, նա ասաց.
           
- Ի՛նչ աղեկ բժիշկ մըն էր:
           
Անցավ ևս մեկ ամիս: Հորս վիճակը չէր լավանում: Այս անգամ ես մեր տուն հրավիրեցի մեկ ուրիշ մաշկաբանի՝ բժիշկ Վարդան Մարգարյանին: Նա մի թռուցիկ հայացք գցեց հորս ծնկների վրայի բշտիկներին և նրանից ծածուկ, գլխի շարժումով ինձ հասկացրեց, որ դուրս գնանք: Մենք գնացինք հյուրասենյակ և բժիշկն ասաց.
           
- «Pemphigus Vulgaris», - և տխուր նայեց ինձ:           
           
- Ի՞նչ, - ասացի ես: Նա նորից կրկնեց.           
           
- «Pemphigus Vulgaris»:
           
- Իսկ ի՞նչ է նշանակում դա, - ասացի ես:
           
- Դա նշանակում է, որ Ձեր հայրը ծանր հիվանդ է և ընդամենը երեք ամսվա կյանք ունի: «Pemphigus Vulgaris»-ն ավելի վատ հիվանդություն է քան քաղցկեղն ու ավելի արագ ընթացող: Մաշկային հիվանդություններն, ի տարբերություն մյուս հիվանդությունների, ախտանիշներն ի ցույց են դնում հենց հիվանդի մաշկի վրա: Դրա համար էլ մաշկաբանների զգալի մասը գրեթե չի սխալվում ախտորոշման հարցում:  Եթե բուժումը շուտ սկսվեր, այսինքն հվանդությունն ախտորոշվեր ավելի շուտ ապա հնարավոր կլիներ հիվանդի կյանքը զգալիորեն երկարացնել:
           
- Ուրեմն, եթե Կառլեն Լևոնիչը ճիշտ ախտորոշե՞ր, ապա հնարավոր կլինե՞ր հորս կյանքը երկարացնել:
           
- Ա՛յո, բայց հիմա արդեն ուշ է:
           
Հաջորդ օրը մենք հորս տարանք «Մաշկաբանության և Սեռավարակբերի Գիտա-ժշկական Կենտրոն»: Այնտեղ լաբորատոր հետազոտությունների արդյունքները դրական դուրս եկան: Այսինքն, հաստատվեց, որ հայրս հիվանդ է «Pemphigus Vulgaris»-ով…
           
Բաժանմունքում կային և տարեցներ և երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք նույնպես հիվանդ էին «Pemphigus Vulgaris»-ով: Նրանց՝ գրեթե բոլորի մոտ հիվանդությունը սկսվել էր կոկորդի ցավով, ինչպես հորս մոտ: Նրանք բոլորը դիմել էին քիթ-կոկորդի բժիշկներին կարծելով որ նշագեղձերի խնդիր ունեն: Զարմանալի է, բայց բժիշկները նույնիսկ հեռացրել էին նրանցից մի քանիսի նշագեղձերը՝ կարծելով, որ իսկապես խնդիրը նշագեղձերի մեջ է, բայց վերջի վերջո բոլորն էլ եկել էին մաշկային բաժանմունք…
           
«Pemphigus Vulgaris»-ը իմունային խանգարում է: Իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ ընդեմ մաշկի և լորձաթաղանթների վրա գտնվող հատուկ սպիտակուցների: Այդ հակամարմինները կոտրում են մաշկի բջիջների միջև եղած կապերը, որը հանգեցնում է բշտիկների ձևավորմանը:  Ստույգ պատճառը դեռևս անհայտ է: Բուժման համար ամենից առաջ օգտագործում են իմունային համակարգն ամրապնեդող պատրաստուկներ, ինչպես նաև հակաբորբոքիչներ և կորտիկոստերոիդներ: Ամեն դեպքում  կողմնակի բարդություններն անխուսափելի են գրեթե բոլոր օգտագործվող դեղերի բարձր չափաբաժինների պատճառով: Հիվանդությունն անբուժելի է, բայց հնարավոր է համապատասխան բժշկական հսկողության դեպքում երկարացնել հիվանդի կյանքը:
           
Մի քանի ամիս հայրս անցկացրեց հիվանդանոցքում: Նրան խնամում էր մայրս: Նա մահացով ուղիղ երեք ամիս անց, ինչպես կանխատեսել էր բժիշկ՝ Վարդան Մարգարյանը:
           
Պատահաբար իմացա, որ ճակատագրի հեգնանքով Կառլեն Լևոնիչի դիսրտացիայի թեման եղել էր «Pemphigus Vulgaris»-ը…



Կալիֆորնիա, Գլենդել
16 հոկտեմբերի, 2014թ.
           


           
           


Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...