Thursday, January 14, 2016

Անամոթը...

Նրանք ընկերուհիներ էին դեռևս մանուկ հասակից՝ Անահիտը և Լուսինեն. նույն բակում էին մեծացել, նույն դպրոցը հաճախելերկուսն էլ ամուսնացած էին և երեխաներ ունեին՝ Անահիտը երկու որդի, իսկ Լուսինեն՝ որդի և դուստր:

Մինչև Խորհրդային Միության փլուզվելը, նրանք ոչ մի տնտեսական դժվարություններ չէին տեսել: Ընդհանրապես, Խորհրդային Միությունը շատ հարմար էր ապրելու, աշխատելու և սովորելու համար, քանի որ գները վերահսկվում և զսպվում էին կառավարության կողմից, գործազրկություն չկար, ընդհակառակը՝ չաշխատելն էր հետապնդվում օրենքով, իսկ սովորելը՝ խրախուսվում, չկար ազգային խտրականություն և թշնամություն, առավել ևս ազգամիջյան բախումներ …

Սակայն, 1988թ. փետրվարից իրադրությունը կտրուկ փոխվեց Հայաստանում. սկսվեց արցախյան ազատագրական շարժումը, 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի ահավոր երկարաշարժը, որը պաշտոնական հաղորդագրությամբ մոտ 25000 մարդու կյանք խլեց, իսկ ոչ պաշտոնական տվյալներով մոտ՝ 50000-60000՝ մեծ, վիշտ պատճառելով ամբողջ հայ ժողովրդին թե Հայաստանում, և թե հայկական սփյուռքում1990թ. օգոստոսի 23-ին ՀՍՍՀ-ի Գերագույն Խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը: Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախությունից հետո, տնտեսական վիճակը Հայաստանում կտրուկ վատթարացավ: Գրեթե բոլոր գործարանները կաթվածահար եղան. շատ աշխատատատեղեր փակվեցին և գործազրկությունը մեծ չափերի հասավ:

Լուսինեն ամուսնուն կորցնելուց հետո, ստիպված մեկնեց արտագնա աշխատանքի՝ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ... Անահիտի երկու որդիները մասնակցեցին արցախյան հերոսամարտին՝ ցավոք, նրա ավագ որդին զոհվեց: Ընդհանրապես, Հայաստանի անկախացումից հետո, Հայաստանում և, հատկապես Արցախում ապրող գրեթե բոլոր հայերը մեծ փորձությունների ենթարկվեցին՝ առկա բազմաթիվ մարտահրավերների պատճառով...

Անցան տարիներ՝ բազում հոգսերի, զրկանքների, պատերազմի, սովի, անմոռաց վշտի տարիներ...Անահիտը հիվանդացավ: Նրա օրերը հաշվված էին: Նա ցավեր ուներ, բայց այդ ցավերը նրան ավելի տանելի էին թվում, քան որդու կորստի ցավը... Նրա մտերիմ ընկերուհին՝ Լուսինեն հաճախ էր զանգահարում նրան Նյու-Յորքից: Նրա գնալուց հետո անցել էր ավելի քան քսանհինգ տարի... ընկերուհիները շատ էին միմյանց կարոտել, բայց ավա՜ղ Լուսինեն օրինական կարգավիճակ չուներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և, հետևաբար չէր կարող գալ Հայաստան: Նա, նույնիսկ այդ տարիների ընթացքում, չէր տեսել իր որդուն, դստերը և թոռներին, չնայած բոլորին էլ շատ էր կարոտել...

Լուսինեն արդեն յոթանասուն տարեկան էր և դեռ աշխատում էր, չնայած բոլորովին  վերջերս լուրջ վիրահատության էր ենթարկվել... Նա խնայողությամբ էր ապրում և տարիներ շարունակ ծանր ու ստորացուցիչ աշխատանքներ կատարելով, բոլոր իր խնայած միջոցներն՝ անմնացորդ, ուղարկում էր Հայաստան, գլխավորապես որդուն, ով նրա ուղարկած փողերով գնել էր նոր, ընդարձակ բնակարան, շքեղորեն վերանորոգել և կահավորել էր այն, ինչպես նաև գնել էր թանկարժեք ավտոմեքենա, հարմարավետ ամառանոց... նրա որդին իր ընտանիքի հետ ապրում էր բավականին բարեկեցիկ ու երջանիկ կյանքով՝ մոր ուղարկած փողերով, իհարկե՛. նա չէր աշխատում և մտադրություն էլ չուներ աշխատելու, ի տարբերություն իր մորը, որի անձնուրաց նվիրվածությունն անսահման էր ընտանիքի և հարազատների հանդեպ...

Երբ Անահիտը մահացավ, Լուսինեն շատ վշտացավ ու լաց եղավ. նա վերհիշեց մանկությունն ու անցած կյանքն իր անբաժան ընկերուհու և հասակակցի հետ, շատ ափսոսաց, որ չկարողացավ հրաժեշտ տալ նրան և ներկա լինել նրա հուղարկավորությանը... Լուսինեն անմիջապես զանգահարեց Անահիտի կրտսեր որդուն, ցավակցություն հայտնեց և տեղեկացրեց, որ երկու հարյուր դոլար է ուղարկելու թաղման ծախսերի համար: Նա գիտեր, որ իր մտերիմ ընկերուհու ընտանիքը դրամական օգնության կարիք ուներ: Լուսինեն փողն ուղարկեց իր որդուն և խնդրեց հանձնել տիկին Անահիտի կրտսեր որդուն կամ ամուսնուն:

Թաղման օրն իրարանցում էր Անահիտենց փոքրիկ բնակարանում, որը  լեփ-լեցուն էր այցելուներով, իսկ նրանց մի մասն էլ համախմբված էր շենքի շքամուտքի մոտ: Անընդհատ մարդիկ էին գալիս՝ հարևաններ, ազգականներ, բարեկամներ, ընկերներ՝ վերջին հրաժեշտը տալու տիկին Անահիտին: Անահիտի կրտսեր որդին և ամուսինը, գլխիկոր նստած դագաղի մոտ, անընդհատ վեր էին կենում և համեստորեն շնորհակալություն էին հայտնում այցելուներին՝ ցավակցությունների հանար: Բոլոր այցելուներն անկեղծորեն սգում էին տիկին Անահիտի մահվան համար, որովհետև նա լավ անձնավորություն էր և վայելում էր ազգականների, հարևանների և բոլոր իրեն ճանաչողների մեծագույն սերն ու հարգանքը...

Մի քիչ ուշացումով եկավ նաև Լուսինեի որդին՝ Արմենը: Նրա պարանոցին մի հաստ ոսկյա շղթա կար, իսկ ձեռքին պսպղում էր շվեյցարական, հանրահայտ «Համիլտոն» մակնիշի թանկարժեք ժամացույցը: Արմենը մոտեցավ հանգուցյալի ամուսնուն և որդուն, ցավակցություն հայտնեց: Այնուհետև, նա տիկին Անահիտի որդու հետ առանձնանալով ասաց.

- Ապե՛ր, բերել եմ մորս ուղարկած փողը, բայց կներես՝ հարյուր քսան դոլար ա մնացել... տղերքով էս շոգին մի տեղ նստեցինք, մի քիչ գարեջուր խմեցինք, ութսուն դոլարը ծախսվեց...

Երբ թաղումից հետո տիկին Լուսինեն զանգահարեց, տիկին Անահիտի որդին և ամուսինը նրբանկատորեն չհայտնեցին նրան Արմենի անամոթ ու լկտի արարքի մասին...


Երևան, Հայաստան
12 հունվարի, 2016թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...