Saturday, August 19, 2017

Արի՛ գրազ գանք…

Պարթևն իր մասնագիտությունն ու աշխատանքը շատ էր սիրում, բայց ամեն անգամ աշխատանքի գնալիս մի տհաճ զգացողություն էր ունենում, քանի որ աշխատանքային ընկերները հաճախ նրան ձեռք էին առնում ու մի լավ հոգու հետ խաղում՝ իր ցածր հասակի և, մանավանդ, այդ հասակին անհամապատասխան անվան համար… Նրանք դա միտումնավոր կամ չարությամբ չէին անում, պարզապես զվարճանում էին՝ չզգալով, թե ինչպիսի՜ մեծ ցավ էին պատճառում նրան:

«Ա՜խր ինչո՞ւ էր ինքը ցածրահասակ. քեռիներն ու մորաքույրերը, հորեղբայրներն ու հորաքույրերը՝ բոլորն էլ բարձրահասակ էին, միայն ինքն էր ցածրահասակ»… Մայրն ասում էր, որ միգուցե ինքը քաշել է մորական պապին, ով այնքան էլ բարձրահասակ չէր: «Էս ի՜նչ զուլում է, որտեղից-որտեղ հենց ե՞ս պիտի քաշեի նրան… Դե՛, արի՜ ու մի հավատա ծագումնաբանության վերաբերյալ այդ նոր գիտությանը՝ գենետիկային: Փաստորեն ես կրում եմ մորական պապիս ցածր հասակին հատուկ գենետիկ կոդը, և միմիայն ես՝ մեր ամբողջ գերդաստանից: Դե՛, արի՜ ու մի ջղայնացիր»:

- Օ՜հ, Աստված իմ, դու ինձ համբերություն տու՛ր, - բարձրաձայն գոչեց նա, - ի՞նչ անեմ, ինչպե՞ս դուրս գամ այս ստորացուցիչ վիճակից: Միգուցե թողնե՞մ աշխատանքս և մեկ ուրիշ տեղ գործ փնտրեմ, բայց չէ՜. ա՜խր այնտեղ էլ կարող է նույն բանը կրկնվել:

Իննից տաս պակաս նա տեղ հասավ և դժկամությամբ մտավ աշխատասենյակ: Արդեն աշխատակիցների մի մասը եկել էր և աշխուժորեն քննարկում էր անցյալ օրվա  իրադարձությունները:

- Տեսա՞ք, Զանազանյանն ի՜նչ գոլ խփեց:

- Հա՜, իհարկե՛, տեսանք:

- Ըստ եղանակի տեսության՝ այսօր շատ շոգ է լինելու:

- Օ՜ֆ, ո՞նց ենք դիմանալու:

- Իմացա՞ք, Կիևյան փողոցի վրա գտնվող կոշիկի խանությում չեխական արտադրության կանացի կոշիկներ են ստացել:

- Իսկապե՞ս:

Պարթևը չմիացավ քննարկումներին, այլ լուռ գնաց, նստեց իր գրասեղանի մոտ: Այդ բաժնում էին աշխատում նաև իր համակուրսեցիներից շատերը՝ Աշոտը, Գագիկը, Վահագնը, Գևորգը, Վահեն, Հասմիկն ու Արևիկը: Նրանք բոլորն էլ մաթեմատիկոսներ էին: Լավ մարդիկ էին, երիտասարդ մասնագետներ՝ խելոք, զարգացած ու հեռանկարով: Բաժինը շատ մեծ էր` բաղկացած մոտ երեսուն հոգուց: Զբաղված էին վիճակագրությամբ՝ մասսայական երևույթների վերլուծությամբ, որը հիմնված է հավանականությունների տեսության մեթոդների վրա, ինչպես նաև հաշվիչ տեխնիկայի համար ալգորիթմներ մշակելով, որոնք կարևոր էին տվյալների մշակման և մտահանգումների ավտոմատացման ժամանակ կիրառելիս: Պարթևը վիճակագրության մասնագետ էր:

Կամաց-կամաց եկան նաև մյուսները: Աշխատանքային օրը սկսվեց և յուրաքանչյուրն անցավ իր պարտականությունների կատարմանը: Ընդմիջման ժամին, ինչպես միշտ, նախկին համակուրսեցիները միասին գնացին նախաճաշելու հարևանությամբ գտնվող սրճարանում: Դեռևս ոչ ոք չէր կատակել կամ հիշատակել Պարթևի ցածր հասակը և, նույնիսկ «Պարթևիկով» չէր դիմել նրան: «Ի՞նչ է եղել սրանց, ինչու՞ են ինձ մոռացել», - գոհունակությամբ մտածեց նա: Հատկապես՝ անտանելի էր Վահագնը. ամենից շատ նա էր սիրում նրա հոգու հետ խաղալ: Միայն աղջկները՝ Հասմիկն ու Արևիկն էին Պարթևի կողմից և գրեթե միշտ պաշտպանում էին նրան. «Ի՞նչ եք ուզում էս խեղճ տղայից, դուք ուրիշ գո՜րծ, բա՜ն չունե՞ք»: 

Մի հանգամանք էլ կար՝ Պարթևն անտարբեր չէր համակրելի, նրբիրան ու սևահեր Արևիկի նկատմամբ դեռ ուսանողական տարիներից, հետևաբար ավելի էր նեղվում այդ հիմար ու անտանելի կատակներից: Նա անընդհատ պատրաստվում էր սիրո խոստովանություն անել, բայց չէր համարձակվում. վախենում էր հնարավոր, նորանոր ստորացումներից ու ծաղրուծանակներից, չնայած դա այնքան էլ հավանական չէր թվում, որովհետև չէր հավատում, որ իր համակուրսեցիները նման պարագաներում այդքան աննրբանկատություն կցուցաբերեին…

Աշխատանային օրը մոտենում էր ավարտին, երբ Վահագնը մոտեցավ նրան և չարաճիճիորեն բացականչեց.

- Պարթևի՜կ, ո՞նց ես:

Պարթևն ամոթից կարմրեց: Հակառակի պես բոլորը նկատեցին դա, և դրանից նա ավելի վատ զգաց իրեն: Արևիկն անմիջապես օգնության հասավ.

- Էլի սկսեցի՞ր: Ձեռք քաշի՛ր: Նորից պարապ ե՞ս:                                   

Արևիկի միջամտությունը ոգեշնչեց Պարթևին, և նա դիմեց Վահագնին.

- Ինչու՞ է քեզ թվում, որ դու ինձանից բարձրահասակ ես:

Վահագնը չկարողացավ զսպել ծիծաղը, մյուսներն էլ չդիմացան և սկսեցին ծիծաղել:

- Հա՜, հա՜, հա՜, - անվերջ քրքջում էին նրանք, - էս ի՜նչ ծիծաղելի բան ասացիր, Պարթևի՛կ: Միթե՞ չի երևում, թե ես ինչքան բարձրահասակ եմ քեզանից, - ծիծաղից արցունքոտված աչքերով  բացականչեց Վահագնը:

- Ո՛չ, չի երևում, դա դեռ պետք է ապացուցել, - լրջորեն պատասխանեց Պարթևը:   

- Ապացուցե՞լ, խելքդ թռցրեցի՞ր, - զարմացած գոչեց Վահագնը, - ես առնվազն 25 սանտիմետրով քեզանից բարձրահասակ եմ, և դա նկատելի է նույնիսկ  առանց չափումներ անելու: 

- Բացի ուղղակի չափումներ անելուց, գնահատականներ տալու համար կան նաև վիճակագրական մեթոդներ, չէ՞ որ ես մաթեմատիկական վիճակագրության մասնագետ եմ, իսկ վիճակագրությունը, ինչպես հայտնի է, շատ լուրջ գիտություն է, եթե չես մոռացել, իհարկե՛, - մի քիչ ծաղրական՝ հանդիմանեց նրան Պարթևը:

- Ո՜նց թե, հիմա էլ դու՞ ես ինձ ձեռք առնում, - ջղայնացավ Վահագնը:

- Ո՛չ, ես, ձեր նման, մարդկանց մեջ թերություններ չեմ փնտրում, որ հետո  ծաղրեմ: Եթե համաձայն չես ինձ հետ, արի՛ գրազ գանք:

- Ինչի՞ վրա, - անմիջապես վրա բերեց Վահագնը: 

- Տարվողը «Պոպլավոկ» հանրահայտ սրճարանի շուրջը գտնվող ջրավազանն է մտնում ու հատելով անցնում այն մեր՝ բոլորի և այնտեղ միշտ ամբոխված մարդկանց առջևով:

- Համաձա՛յն եմ, - ասաց Վահագնը, - բայց մի պայմանով, որ բաժնից բոլոր ցանկացողները, հատկապես մեր համակուրսեցիները ներկա լինեն այդ խայտառակ ու ցնցող տեսարանին:

- Ես էլ եմ ուզում պայման դնել, -  ասաց Պարթևը, - եթե գրազը կրվես, այլևս ինձ ձեռք չառնե՛ս, ու ինձ «Պարթևիկ» չանվանես,  մանավանդ քո անունն էլ չի համապատասխանում քո էությանը:

- Ինչպե՞ս, - զարմացավ Վահագնը:           

- Շատ պարզ, Վահագն անունը, ըստ հայկական դիցաբանության, խորհրդանշում է պատերազմի, քաջության, ինչպես նաև ամպրոպի, կայծակի և արեգակնային Աստծուն: Միթե՞ դու ամպրոպի նման որոտում, կայծակի նման փայլատակում կամ էլ՝ արեգակի նման լուսավորում ես: Միգուցե քեզ փաղաքշական՝ Արևիկով դիմենք, հը՞:

Ներկաները քահ-քահ ծիծաղեցին, անհարմար վիճակի մեջ դնելով Վահագնին:

- Ապրե՛ս, Պարթև, լա՜վ դրա հախից եկար, - խանդավառված բացականչեց Արևիկը, - այսուհետ նրան էլ կարող ենք Արևիկ կոչել, ինչպես ինձ, եթե շարունակի քեզ հետապնդել անվանդ կամ հասակիդ պատճառով:

Հետո նրանք արագ մեկմեկու ձեռք սեղմեցին, իսկ ներկաներից մեկն էլ հապճեպորեն կտրեց նրանց գրազը, ինչպես ընդունված էր:

Քիչ հետո, երբ աշխատանքն ավարտվեց, համակուրսեցիներով ելան փողոց, որպեսզի փորձեն Պարթևի կողմից առաջարկված վիճակագրական մեթոդը: Նրանք խմբովին հարցնում էին պատահական անցորդներին. «Պարթևն է՞ բարձրահասակ, թե՞ Վահագնը»: Հարցվողները նախ ժպտում էին, իսկ հետո պատասխանում, որ իհարկե՛, Պարթևը: Հենց սկզբից խմբի անդամները հասկացան, որ հարցվող մարդիկ կատակով էին վերաբերվում հարցին և, չնայած իրականում ցածրահասակը Պարթևն էր, այլ ոչ թե Վահագնը, նրանք ժպտալով մատնացույց էին անում Պարթևին: Փաստորեն, Պարթևը հաշվի էր առել այդ հանգամանքը և պարզից էլ պարզ էր, որ նա էր հաղթելու: Ոչ ոքի մտքով չէր անցել, որ հարցը կարող է կատակով ընդունվել հարցվողների կողմից, բացի Պարթևից, իհարկե՛:

Պարթևը հաղթեց: Նա կրեց գրազը: Բարձրացավ նաև նրա հեղինակությունն ընկերների մոտ. բոլորն անխտիր ընդունեցին նրա խելացի լինելու փաստը: Այդ պահից սկսած Արևիկը սկսեց մի տեսակ հպարտությամբ նայել Պարթևին: Հայտնի բան է՝ կանայք սիրում են հաղթողներին:

Երբ համակուրսեցիները հասան «Պոպլավոկ», այնտեղ, ինչպես միշտ, մարդաշատ էր: Ամռան տապին մարդիկ այստեղ էին գալիս հանգստանալու` նստելով ջրավազանի շուրջը, ծառերի շվաքում տեղադրված փայտյա, ընդարձակ նստարանների վրա կամ էլ սրճարանում, իսկ ցերեկվա ժամերին էլ փոքրիկներն էին զվարճանում՝ լողանալով, ուրախ աղմուկով չփչփացնելով ջրի մեջ, ինչպես նաև արևահարվելով լողավազանը բոլորող պատերի վրա:

Տեղ հասնելուն պես Վահագնն անմիջապես մտավ ջուրը և սկսեց լրջախոհ քայլել մի ափից դեպի մյուսը: Նրա մարմինը մինչև գոտկատեղը ընկղմված էր ջրի մեջ: Մարդիկ մի պահ քարացան, դադարեց նաև աղմուկը: Ամենքը զարմացած նայում էին նրան, իսկ նա՝ լուռ, գլուխը կախ շարունակում էր առաջ շարժվել: Քիչ անց մարդիկ սթափվեցին, սկսեցին ծիծաղել և ենթադրություններ անել. «Երևի խմած է կամ էլ՝ խելագար», - ասում էին նրանք, սակայն ոչ ոքի մտքով չանցավ, որ նա պարզապես տարվել էր գրազը և ստիպված էր հենց այդպես՝ հագուստներով, փողկապով ու կոշիկներով մտնել ջուրը:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
15 օգոստոսի, 2017թ.

Sunday, July 9, 2017

Անմար սեր


Պարթևն իր մասնագիտությունն ու աշխատանքը շատ էր սիրում, բայց ամեն անգամ աշխատանքի գնալիս մի տհաճ զգացողություն էր ունենում, քանի որ աշխատանքային ընկերները հաճախ նրան ձեռք էին առնում ու մի լավ հոգու հետ խաղում՝ իր ցածր հասակի և, մանավանդ, այդ հասակին անհամապատասխան անվան համար… Նրանք դա միտումնավոր կամ չարությամբ չէին անում, պարզապես զվարճանում էին՝ չզգալով, թե ինչպիսի՜ մեծ ցավ էին պատճառում նրան:
           
«Ա՜խր, ինչո՞ւ էր ինքը ցածրահասակ. քեռիներն ու մորաքույրերը, հորեղբայրներն ու հորաքույրերը՝ բոլորն էլ բարձրահասակ էին, միայն ինքն էր ցածրահասակ…»: Մայրն ասում էր, որ միգուցե ինքը քաշել է մորական պապին, ով այնքան էլ բարձրահասակ չէր: «Էս ի՜նչ զուլում է, որտեղից-որտեղ հենց ե՞ս պիտի քաշեի նրան… Դե՛, արի՜ ու մի հավատա ծագումնաբանության վերաբերյալ այդ նոր գիտությանը՝ գենետիկային: Փաստորեն ես կրում եմ մորական պապիս ցածր հասակին հատուկ գենետիկ կոդը, և միմիայն ես՝ մեր ամբողջ գերդաստանից: Դե՛, արի՜ ու մի ջղայնացիր»:
           
- Օ՜հ, Աստված իմ, դու ինձ համբերություն տու՛ր, - բարձրաձայն գոչեց նա, - ի՞նչ անեմ, ինչպե՞ս դուրս գամ այս ստորացուցիչ վիճակից: Միգուցե թողնե՞մ աշխատանքս և մեկ ուրիշ տեղ գործ փնտրեմ, բայց չէ՜. ա՜խր, այնտեղ էլ կարող է նույն բանը կրկնվել:
           
Իննից տաս պակաս նա տեղ հասավ և դժկամությամբ մտավ աշխատասենյակ: Արդեն աշխատակիցների մի մասը եկել էր և աշխուժորեն քննարկում էր անցյալ օրվա  իրադարձությունները:
           
- Տեսա՞ք, Զանազանյանն ի՜նչ գոլ խփեց:
           
- Հա՜, իհարկե՛, տեսանք:
           
- Ըստ եղանակի տեսության՝ այսօր շատ շոգ է լինելու:
           
- Օ՜ֆ, ո՞նց ենք դիմանալու:
           
- Իմացա՞ք, Կիևյան փողոցի վրա գտնվող կոշիկի խանությում չեխական արտադրության կանացի կոշիկներ են ստացել:
           
- Իսկապե՞ս:
           
Պարթևը չմիացավ քննարկումներին, այլ լուռ գնաց, նստեց իր գրասեղանի մոտ: Այդ բաժնում էին աշխատում նաև իր համակուրսեցիներից շատերը՝ Աշոտը, Գագիկը, Վահագնը, Գևորգը, Վահեն, Հասմիկն ու Արևիկը: Նրանք բոլորն էլ մաթեմատիկոսներ էին: Լավ մարդիկ էին, երիտասարդ մասնագետներ՝ խելոք, զարգացած ու հեռանկարով: Բաժինը շատ մեծ էր` բաղկացած մոտ երեսուն հոգուց: Զբաղված էին վիճակագրությամբ՝ մասսայական երևույթների վերլուծությամբ, որը հիմնված է հավանականությունների տեսության մեթոդների վրա, ինչպես նաև հաշվիչ տեխնիկայի համար ալգորիթմներ մշակելով, որոնք կարևոր էին տվյալների մշակման և մտահանգումների ավտոմատացման ժամանակ կիրառելիս: Պարթևը վիճակագրության մասնագետ էր:
           
Կամաց-կամաց եկան նաև մյուսները: Աշխատանքային օրը սկսվեց, և յուրաքանչյուրն անցավ իր պարտականությունների կատարմանը: Ընդմիջման ժամին, ինչպես միշտ, նախկին համակուրսեցիները միասին գնացին նախաճաշելու հարևանությամբ գտնվող սրճարանում: Դեռևս ոչ ոք չէր կատակել կամ հիշատակել Պարթևի ցածր հասակը և, նույնիսկ «Պարթևիկով» չէր դիմել նրան: «Ի՞նչ է եղել սրանց, ինչու՞ են ինձ մոռացել», - գոհունակությամբ մտածեց նա: Հատկապես՝ անտանելի էր Վահագնը. ամենից շատ նա էր սիրում նրա հոգու հետ խաղալ: Միայն աղջկները՝ Հասմիկն ու Արևիկն էին Պարթևի կողմից և գրեթե միշտ պաշտպանում էին նրան. «Ի՞նչ եք ուզում էս խեղճ տղայից, դուք ուրիշ գո՜րծ, բա՜ն չունե՞ք»: 
           
Մի հանգամանք էլ կար՝ Պարթևն անտարբեր չէր համակրելի, նրբիրան ու սևահեր Արևիկի նկատմամբ դեռ ուսանողական տարիներից, հետևաբար ավելի էր նեղվում այդ հիմար ու անտանելի կատակներից: Նա անընդհատ պատրաստվում էր սիրո խոստովանություն անել, բայց չէր համարձակվում. վախենում էր հնարավոր, նորանոր ստորացումներից ու ծաղրուծանակներից, չնայած դա այնքան էլ հավանական չէր թվում, որովհետև չէր հավատում, որ իր համակուրսեցիները նման պարագաներում այդքան աննրբանկատություն կցուցաբերեին…
           
Աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, երբ Վահագնը մոտեցավ նրան և չարաճիճիորեն բացականչեց.
           
- Պարթևի՜կ, ո՞նց ես:
           
Պարթևն ամոթից կարմրեց: Հակառակի պես բոլորը նկատեցին դա, և դրանից նա ավելի վատ զգաց իրեն: Արևիկն անմիջապես օգնության հասավ.
           
- Էլի սկսեցի՞ր: Ձեռք քաշի՛ր: Նորից պարապ ե՞ս:                             
           
Արևիկի միջամտությունը ոգեշնչեց Պարթևին, և նա դիմեց Վահագնին.
           
- Ինչու՞ է քեզ թվում, որ դու ինձանից բարձրահասակ ես:
           
Վահագնը չկարողացավ զսպել ծիծաղը, մյուսներն էլ չդիմացան և սկսեցին ծիծաղել:
           
- Հա՜, հա՜, հա՜, - անվերջ քրքջում էին նրանք, - էս ի՜նչ ծիծաղելի բան ասացիր, Պարթևի՛կ: Միթե՞ չի երևում, թե ես ինչքան բարձրահասակ եմ քեզանից, - ծիծաղից արցունքոտված աչքերով  բացականչեց Վահագնը:
           
- Ո՛չ, չի երևում, դա դեռ պետք է ապացուցել, - լրջորեն պատասխանեց Պարթևը:   
           
- Ապացուցե՞լ, խելքդ թռցրեցի՞ր, - զարմացած գոչեց Վահագնը, - ես առնվազն 25 սանտիմետրով քեզանից բարձրահասակ եմ, և դա նկատելի է նույնիսկ  առանց չափումներ անելու: 
           
- Բացի ուղղակի չափումներ անելուց, գնահատականներ տալու համար կան նաև վիճակագրական մեթոդներ, չէ՞ որ ես մաթեմատիկական վիճակագրության մասնագետ եմ, իսկ վիճակագրությունը, ինչպես հայտնի է, շատ լուրջ գիտություն է, եթե չես մոռացել, իհարկե՛, - մի քիչ ծաղրական՝ հանդիմանեց նրան Պարթևը:
           
- Ո՜նց թե, հիմա էլ դու՞ ես ինձ ձեռք առնում, - ջղայնացավ Վահագնը:
           
- Ո՛չ, ես, ձեր նման, մարդկանց մեջ թերություններ չեմ փնտրում, որ հետո ծաղրեմ: Եթե համաձայն չես ինձ հետ, արի՛ գրազ գանք:
           
- Ինչի՞ վրա, - անմիջապես վրա բերեց Վահագնը: 
           
- Տարվողը հագնված «Պոպլավոկ» հանրահայտ սրճարանի շուրջը գտնվող ջրավազանն է մտնում ու հատելով անցնում այն մեր բոլորի և այնտեղ միշտ ամբոխված մարդկանց առջևով:
           
- Համաձա՛յն եմ, - ասաց Վահագնը, - բայց մի պայմանով, որ բաժնից բոլոր ցանկացողները, հատկապես մեր համակուրսեցիները ներկա լինեն այդ խայտառակ ու ցնցող տեսարանին:
           
- Ես էլ եմ ուզում պայման դնել, -  ասաց Պարթևը, - եթե գրազը կրվես, այլևս ինձ ձեռք չառնե՛ս, ու «Պարթևիկ» չանվանես,  մանավանդ քո անունն էլ չի համապատասխանում  էությանդ:
           
- Ինչպե՞ս, - զարմացավ Վահագնը:   
           
- Շատ պարզ, Վահագն անունը, ըստ հայկական դիցաբանության, խորհրդանշում է պատերազմի, քաջության, ինչպես նաև ամպրոպի, կայծակի և արեգակնային Աստծուն: Միթե՞ դու ամպրոպի նման որոտում, կայծակի նման փայլատակում կամ էլ՝ արեգակի նման լուսավորում ես: Միգուցե քեզ փաղաքշական՝ Արևիկով դիմենք, հը՞:
           
Ներկաները քահ-քահ ծիծաղեցին, անհարմար վիճակի մեջ դնելով Վահագնին:
           
- Ապրե՛ս, Պարթև, լա՜վ դրա հախից եկար, - խանդավառված բացականչեց Արևիկը, - այսուհետ նրան էլ կարող ենք Արևիկ կոչել, ինչպես ինձ, եթե շարունակի քեզ հետապնդել անվանդ կամ հասակիդ պատճառով:          
           
Հետո նրանք արագ մեկմեկու ձեռք սեղմեցին, իսկ ներկաներից մեկն էլ հապճեպորեն կտրեց նրանց գրազը, ինչպես ընդունված էր:
           
Քիչ հետո, երբ աշխատանքն ավարտվեց, համակուրսեցիներով ելան փողոց, որպեսզի փորձեն Պարթևի կողմից առաջարկված վիճակագրական մեթոդը: Նրանք խմբովին հարցնում էին պատահական անցորդներին. «Պարթևն է՞ բարձրահասակ, թե՞ Վահագնը»: Հարցվողները նախ ժպտում էին, իսկ հետո պատասխանում, որ իհարկե՛, Պարթևը: Հենց սկզբից խմբի անդամները հասկացան, որ հարցվող մարդիկ կատակով էին վերաբերվում հարցին և, չնայած իրականում ցածրահասակը Պարթևն էր, այլ ոչ թե Վահագնը, նրանք ժպտալով մատնացույց էին անում Պարթևին: Փաստորեն, Պարթևը հաշվի էր առել այդ հանգամանքը և պարզից էլ պարզ էր, որ նա էր հաղթելու: Ոչ ոքի մտքով չէր անցել, որ հարցը կարող է կատակով ընդունվել հարցվողների կողմից, բացի Պարթևից, իհարկե՛:
           
Պարթևը հաղթեց: Նա կրեց գրազը: Բարձրացավ նաև նրա հեղինակությունն ընկերների մոտ. բոլորն անխտիր ընդունեցին նրա խելացի լինելու փաստը: Այդ պահից սկսած Արևիկը սկսեց մի տեսակ հպարտությամբ նայել Պարթևին: Հայտնի բան է՝ կանայք սիրում են հաղթողներին:
           
Երբ համակուրսեցիները հասան «Պոպլավոկ», այնտեղ, ինչպես միշտ, մարդաշատ էր: Ամռան տապին մարդիկ այստեղ էին գալիս հանգստանալու` նստելով ջրավազանի շուրջը, ծառերի շվաքում տեղադրված փայտյա, ընդարձակ նստարանների վրա կամ էլ սրճարանում, իսկ ցերեկվա ժամերին էլ փոքրիկներն էին զվարճանում՝ լողանալով, ուրախ աղմուկով չփչփացնելով ջրի մեջ, ինչպես նաև արևահարվելով լողավազանը բոլորող պատերի վրա:
           
Տեղ հասնելուն պես Վահագն անմիջապես մտավ ջուրը և սկսեց լրջախոհ քայլել մի ափից դեպի մյուսը: Նրա մարմինը մինչև գոտկատեղը ընկղմված էր ջրի մեջ: Մարդիկ մի պահ քարացան, դադարեց նաև աղմուկը: Ամենքը զարմացած նայում էին նրան, իսկ նա՝ լուռ, գլուխը կախ շարունակում էր առաջ շարժվել: Քիչ անց մարդիկ սթափվեցին, սկսեցին ծիծաղել և ենթադրություններ անել. «Երևի խմած է կամ էլ՝ խելագար», - ասում էին նրանք, սակայն ոչ ոքի մտքով չանցավ, որ նա պարզապես տարվել էր գրազը և ստիպված էր հենց այդպես՝ հագուստներով, փողկապով ու կոշիկներով մտնել ջուրը:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
15 օգոստոսի, 2017թ.


Saturday, April 29, 2017

«Այս հեռախոսով, դու իրավունք չունե՛ս զանգահարելու»


21-րդ դարի սկզբի ամենամեծ հրաշքը դա անկասկած բջջային հեռախոսն է, որը հիմա մատչելի է գրեթե բոլորին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ընդհանրապես այն անվճար տրամադրվում և ամեն ամիս պետության հաշվին վերալիցքավորվում է ցածր եկամուտ ունեցողների, չքավորների և նույնիսկ անտունների համար: Բջջային հեռախոսը սովորական կամ քաղաքային հեռախոսի նման միայն խոսելու համար չէ, այլ նաև՝ հաղորդագրություններ ուղարկելու, կոմունալ վճարումներ, համացանցի միջոցով գնումներ և այլ գործառույթներ կատարելու համար: Այն միաժամանակ, և՛ ժամացույց է, և՛ օրացույց, և՛ միկրոհաշվիչ և՛ քարտեզ, և՛ ուղեցույց, և՛ ֆոտոխցիկ, և՛ տեսախցիկ, և՛ ձայնագրիչ և՛ ծոցատետր, և՛ լրագիր, և՛ տեղեկատու, և՛ գովազդատու, և ռադիո, և՛ հեռուստացույց, և՛ զանազան էլեկտրոնային խաղերի մի ամբողջ աշխարհ և՛ ընդհանրապես՝ ամե՜ն ինչ…
           
Սակայն, երբ տարիներ առաջ «Արմենթել» հեռախոսային ընկերությունը Հայաստանում շահագործման հանձնեց բջջային հեռախոսային կապը, այն մատչելի չդարձավ հասարակության լայն խավերի համար: Չգիտես ինչու, «SIM» քարտերը թողարկվեցին սահմանափակ քանակով, որոնք շուկայում սկսվեցին վերավաճառվել չափազանց բարձր գներով` մոտավորապես 200 դոլարով: Արմեթելը, լինելով միակ բջջային հեռախոսային կապի օպերատորը Հայաստանում, այսինքն՝ մենաշնորհ ունենալով շուկայում, առիթից օգտվելով՝ սահմանել էր նաև չափազանց բարձր սպասարկման վարձեր: Հետագայում դրությունը շտկվեց, որովհետև գները կտրուկ, զգալիորեն իջան հայկական շուկայում հայտնված «Vivacell-MTC» և «Orange Armenia» բջջային հեռախոսային կապի օպերատորների երևան գալով:
           
Իհարկե՛, ո՛չ միայն սովորական մարդիկ, այլև գործարարներն ու զանազան կազմակերպությունների ներկայացուցիչներն էին գիտակցում, թե ինչքա՜ն օգտակար կարող է լինել բջջային հեռախոսային կապը` լայն հնարավորություններ բացելով գործարարության և վարչարարության առջև:
           
Հայ-ամերիկյան «N» համատեղ կազմկերպությունում նույնպես դա քաջ գիտակցում էին: Այն, հատկապես կարևոր էր ամերիկացի աշխատակիցներին ծառայություններ մատուցող բաժնի համար, որի տնօրենն էր Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ Վարդան Կարապետյանը, իսկ նրա օգնականը՝ Գագիկ Դավթյանը: Բազմաթիվ դիմումներից հետո, վերջապես «Արմենթելը» երկու «SIM» քարտ հատկացրեց «N» կազմակերպությանը: Որոշվեց՝ գնել երկու բջային հեռախոս՝ մեկը կազմակերպության ամերիկացի նախագահի համար, մյուսը՝ Գագիկի, ով բավականին հաճախ, գործերի բերումով, ստիպված էր լինել դրսում: Տնօրեն Վարդան Կարապետյանը հանդիսավորությամբ և անթաքույց նախանձով բջջային հեռախոսը հանձնելով Գագիկին, ասաց.
           
- Ա՛յս հեռախոսով դու իրավունք չունես զանգահարելու քո ազգականներին, ընկերներին և ծանոթներին, հասկացա՞ր:
           
- Այո՛:
           
- Ա՛յս հեռախոսով, ընդհանրապես, իրավունք չունես զանգահարելու ո՛չ մեկին: Այն տուն տանելու իրավունք էլ չունես, այսինքն՝ աշխատանքային օրվա վերջում բջջային հեռախոսը պետք է դնե՛ս չհրկիզվող պահարանի մեջ, որի բանալիներից մեկը քո մոտ է, մյուսը՝ ինձ մոտ, իսկ առավոտյան նորից պետք է վերցնես այնտեղից, հասկացա՞ր:
           
- Հասկացա՛, բայց իհարկե՛, կարո՞ղ եմ աշխատանքի բերումով զանգահարել որևէ մեկին, այդպես չէ՞:
           
- Ո՜չ, չե՛ս կարող: Նորից եմ կրկնում՝ ոչ մեկին:
           
- Այդ դեպքում ինչի՞ս է պետք այն: Ինձ միայն հեռախոսազանգեր ստացող բջջային հեռախոս պետք չէ: Քեզ վերցրու՛, ես դրա կարիքը չունեմ:
           
- Ո՛չ, ղեկավարությունը քեզ է հատկացրել:
           
- Իսկ ի՞նչ է, ղեկավարությունը չի հասկանու՞մ, որ նման անհեթեթ պայմաններ դնելով, հեռախոսը դարձնում է անպետք ու ավելորդ մի իր, -  դժգոհեց Գագիկը, ով հասկանում էր, որ պայմաններ դնողը՝ հենց Վարդանն է` նրա անմիջական պետը:
           
- Դա քո գրծը չէ, արա՛ ինչ քեզ ասում են, - պնդեց Վարդանը, - և հիշի՛ր, ի՜նչ քեզ ասացի:
           
- Ա՜խր, այդ բջջային հեռախոսը ո՛չ թե կօգնի ինձ, այլ ավելորդ hոգս կդառնա, իսկ ես էլ, դու շատ լավ գիտես, բավականին ծանրաբեռնված եմ աշխատանքով:
           
- Հա՛, ծանրաբեռնված ես, բայց դրա համար աշխատավարձ ես ստանում, մի մոռացի՛ր դրա մասին էլ, - չարությամբ հիշեցրեց նրան Վարդանը, ով Գագիկից տարիքով բավականին փոքր էր, չնայած դա չէր խանգարում նրան լինել ամբարտավան ու գոռոզ՝ իրենից ավելի ցածր պաշտոններ ունեցողների հետ և, ընդհակառակը, լինել քաղաքավարի, հլու և հնազանդ՝ իրենից բարձր պաշտոններ զբաղեցնողների հետ: Նա՝ ինքն էլ դեմ չէր լինի՝ ունենալ այդ հեռախոսը, մանավանդ կարող էր պարծենալ իր հասակակիցների մոտ, որ բջջային հեռախոս ունի, բայց ամբողջ օրն աշխատասենյակում էր անցկացնում և զանգահարելու համար պարզապես կարող էր օգտվել քաղաքային հեռախոսից: Չկար որևէ ծանրակշիռ պատճառ՝ հեռախոսն իրենով անելու համար…             
           
- Լա՜վ, այդ դեպքում ի՞նչ օգուտ այդ հեռախոսից, կարո՞ղ ես ինձ բացատրել, - գոչեց Գագիկը:
           
- Այո՛, կարող եմ: Ես հնարավորություն կունենամ քաղաքային հեռախոսով զանգահարելու ու ամեն վայրկյան վերահսկելու քեզ:
           
- Ա՜խր, քեզ շատ լավ հայտնի է, որ ես ստիպված եմ աշխատել նաև արտաժամյա,  հաճախ նաև հանգստյան օրերին, իմիջայլոց, առանց լրացուցիչ վարձատրության, որպեսզի հասցնեմ կատարել բոլոր անհրաժեշտ աշխատանքները, հետևաբար ի՞նչ իմաստ ունի ինձ վերահսկելը, մանավանդ՝ միայնակ եմ աշխատում:
           
- Գագի՛կ, արտաժամյա շխատանքի դիմաց վճարվելու մասին մենք արդեն խոսել ենք, և ես բազմիցս տեղյակ եմ պահել, որ մեր կազմակերպությունը լրացուցիչ միջոցներ չունի քեզ վճարելու…
           
- Չունի՞, թե՞ չի ուզում վճարել, իմ կարծիքով դրանք տարբեր բաներ են, իսկ կազմակերպության տված բջջային հեռախոսը պարզապես զանգ է, այլ ոչ թե հեռախոս, քանի որ, ցավոք սրտի և ի վնաս գործի, միայն զանգի գործառույթն է թույլատրված: Դժբախտաբար, կազմակերպությունը, իր վարվելաոճով, գրեթե ոչնչով չի տարբերվում «նոր հարուստներից»: Լսե՞լ ես, այսպիսի մի անեկդոտ կա նրանց մասին. ««Նոր հարուստներից» մեկի գերեզմանին տապանաքար են դնում, որի էկրանին գրված է լինում. «Բաժանորդը դուրս է սպասարկման ռադիոծածկույթից, զանգահարեք մի փոքր ուշ»»… 
           
- Հա՜, հա՜, հա՜, լավն էր, բայց ասածներս չմոռանաս, - ասաց Վարդանը:
           
Գագիկը մի քանի օր հետը ման ածեց բջջային հեռախոսը, զայրանալով, որ ստիպված է անիմաստ   կերպով կրել այն: Վարդանն աչալուրջ հետևում էր, որ նա ճշգրտորեն կատարի՝ իր իսկ կողմից սահմանված անմիտ պայմանները, այն է՝ չզանգահարել, չխոսել և աշխատանքը վերջանալուն պես՝ հեռախոսը թաքցնել չհրկիզվող պահարանում: Սակայն մի օր էլ՝ իբրև թե մոռացավ և հետը տուն տարավ: Նա նոր էր ճաշել և պատրաստվում էր մեկնվել բազմոցին մի քիչ հանգստանալու համար, երբ Վարդանը զանգահարեց նրան ու նախատեց.
           
- Ա՜խր, քանի անգամ զգուշացրել եմ, որ հեռախոսը տուն չտանես, ինչու՞ ուշադիր չեղար, - զայրացած բղավում էր նա հեռախոսով:
           
-  Մոռացա, հո ուշքս, միտքս մենակ հեռախոսը չի, վաղը կբերեմ:
           
- Ի՜նչ վաղը, դու հասկանու՞մ ես, թե ի՜նչ ես ասում, հեռախոսը հենց հիմա պիտի բերվի, որ դնենք չհրկիզվող պահարանի մեջ, - ասաց Գագիկի անդրդվելի ու գոռոզ պետը:
           
- Ես հիմա չեմ կարող բերել, թող մնա վաղը, - պնդեց Գագիկը, - վաղը, որ բերեմ, կարող ես ստուգել՝ ոչ զանգել եմ, ոչ էլ՝ խոսել, միայն չեմ հասցրել այն թաքցնել չհրկիզվող պահարանում, - նրբորեն ծաղրեց նա:
           
- Լա՛վ, այդ դեպքում վարորդին կուղարկեմ ձեր տուն:
             
Մի կես ժամից վարորդը եկավ և հեռախոսը տարավ: Հաջորդ օրը Վարդանն այլևս չանրադարձավ հեռախոսին՝ ի ուրախություն Գագիկի:
           
Տարիներ անց, երբ Գագիկը մշտական բնակություն էր հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նա, հերթական անգամ հայրենիք այցելելիս, մի բջջային հեռախոս բերեց իր նախկին պետին՝ որպես նվեր: Հանդիսավորությամբ հանձնելով այն նրան, ով դեռևս աշխատում էր նույն «N» կազմակերպությունում, խստությամբ ասաց.
           
- Ա՛յս հեռախոսով դու իրավունք չունես զանգահարելու քո ազգականներին, ընկերներին և ծանոթնորին, հասկացա՞ր: Ա՛յս հեռախոսով, ընդհանրապես, իրավունք չունես զանգահարելու ո՛չ մեկին: Այն տուն տանելու իրավունք էլ չունես, այսինքն՝ աշխատանքային օրվա վերջում բջջային հեռախոսը պետք է դնե՛ս չհրկիզվող պահարանի մեջ, այն նույն հեռախոսի կողքին, որ տարիներ առաջ ինձ էիր հանձնել կազմակերպության անունից, հասկացա՞ր: Չմոռանա՛ս, նույնիսկ աշխատանքի բերումով չի կարելի զանգահարել որևէ մեկին, հասկացա՞ր:
           
Երկուսն էլ՝ անկեղծ ծիծաղեցին:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
25 ապրիլի, 2017թ.

Saturday, April 15, 2017

«Թանկագին» նվերը


- Գագի՛կ, այս ի՞նչ փաթեթ է դրված գրասեղանիդ, նվեր է՞, - զայրացած հարցրեց ամերիկյան «N» խոշոր կազմակերպության, ծառայությունների գծով երիտասարդ տնօրեն՝ Վարդան Կարապետյանն իր ենթակային՝ Գագիկ Դավթյանին:
           
Վարդան Կարապետյանն ավարտել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան և դա նրան հնարավորություն էր տվել բավականին բարձր աշխատավարձով աշխատանք գտնել Երևանում գործող բազմաթիվ ամերիկյան կազմակերպություններից մեկում: Ճիշտն ասած այդ բաժնի աշխատանքների համար հարկավոր չէր ո՛չ տնօրենի մագիստրոսի կոչումը, ոչ էլ նրա ենթակայի բարձրագույն կրթությունը: Պարզապես Հայաստանում, հատկապես՝ անկախությունից հետո, աշխատանքի ընդունվելու պայմաններն ու պահանջները, անբնականորեն բարձրացել էին: Մինչև անկախանալը կատակով, ռուսների նման, ասում էին. «Աշխատանքը հո գա՞յլ չէ, որ անտառ փախչի», իսկ անկախությունից հետո. «Աշխատանքը գայլ չէ է՜, այլ ավելի սարսափելի բան»…
           
- Ես գաղափար անգամ չունեմ, թե դա ի՞նչ է և ումի՞ց է, - վիրավորված պատասխանեց Գագիկը, ով երիտասարդ տնօրենից զգալիորեն տարիքով մեծ էր և անըդհատ վազքի մեջ էր՝ տարբեր տեսակի ծառայություններ մատուցելով ամերիկացի աշխատակիցներին՝ կապված նրանց կենցաղի, շրջագայությունների ու մշակութային միջոցառումների հետ:
           
Պարզվեց՝  Գագիկին Ամերիկայից նվեր բերողը դոկտոր  Հենդերսոնն էր:
           
- Շուտ տա՛ր և վերադարձրու՛, - զայրացած կարգադրեց երիտասարդ և գոռոզ տնօրենը Գագիկին:           
           
- Բայց ի՞նչ ասեմ, մանավանդ ես նրան չէի խնդրել, որ ինձ համար նվեր բերեր, - սրտնեղեց Գագիկը:            
           
- Իմ գործը չէ՛, արա՛ ինչ ասում եմ…
           
Գագիկը շփոթահար ուղևորվեց դեպի դոկտոր Հենդերսոնի աշխատասենյակը, ով հանդիսանում էր կազմակերպության փոխնախագահը: Դոկտոր Հենդերսոնն ԱՄՆ քաղաքացի էր, կիսով չափ հայ, չնայած հայերեն չգիտեր: Նա քաղաքագիտության դոկտորի կոչում էր ստացել Մայամիի համալսարանում և բավականին խիստ բնավորություն ուներ:
           
Դոկտոր Հենդերսոնը լսելով Գագիկին, մռայլվեց, անմիջապես ձեռքը տարավ դեպի հեռախոսը և հավաքեց Վարդանի համարը.
           
- Լսի՛ր, Վարդան, դու ի՞նչ իրավունքով ես ստիպում Գագիկին, որ վերադարձնի իմ բերած նվերը: Նվեր տալը կամ նվիրատվություն անելը կամավորական սկզբունքով է և ոչ ոք իրավունք չունի դա արգելելու՝ լինի դա Հայաստանում, թե Ամերիկայում, հասկացա՞ր:
           
- Դոկտո՛ր Հենդերսոն, - զգուշությամբ փորձեց նրան առարկել Վարդանը, – դա հակասում է մեր կազմակերպության քաղաքականությանը. նվերը համարվում է կաշառք և ոչ մի կերպ չի խրախուսվում:
           
- Ի՞նչ ես խոսում, գժվե՞լ ես: Ինձ էլ ես վիրավորում: Ես ի՞նչ շահ ունեմ Գագիկին կաշառելուց: Դու չես էլ հասկանում, թե ի՞նչ ես խոսում: Թե՞ ուզում ես ազնվությունդ ի ցույց դնել՝ այս ամենը ձեռնարկելով: Վերջ տու՛ր: 
           
Գագիկը վերադարձավ տնօրենի և իրեն հատկացրած ընդհանուր աշխատասենյակը և գեղեցիկ ձևավորված փաթեթը դրեց Վարդանի գրասեղանին:
           
- Ինչու՞ ես իմ գրասեղանի վրա դնում:
           
- Ի՞սկ ուր դնեմ:
           
- Չգիտեմ:
           
- Ես էլ չգիտեմ: Դու ես տնօրենը, դու էլ` որոշիր, - ձանձրացած պատասխանեց Գագիկը:
           
- Լավ, բաց արա՛, տեսնենք մեջն ի՞նչ կա:
           
- Ինձ համար բոլորովին հետաքրքիր չէ, թե մեջն ի՞նչ կա, - այդ ամենից արդեն հոգնած, անտարբեր ասաց Գագիկը:
           
- Քեզ ասում եմ, բաց արա՛, - արդեն մեղմացած խնդրեց տնօրենը:
           
Փաթեթը միջին մեծության, մի հաստափոր գրքի չափ էր, խնամքով փաթաթված բաց շագանակագույն թղթով և վրայից խաչաձև կապված կարմիր, նուրբ ժապավենով: Փաթեթի վրա մեծ-մեծ, վայելուչ ձեռագրով անգլերեն գրված էր՝ for Gagik from Dr. Henderson, այսինքն` Գագիկի համար դոկտոր Հենդերսոնի կողմից: Մի քանի տակ թուղթ քանդելուց հետո, մի ստվարաթղթե տուփ երևաց: Այդ տուփի մեջ դարձյալ թղթով մի քանի տակ փաթաթված մեկ այլ տուփ կար, որի մեջ էլ՝ մի փոքրիկ, բազմագործառույթ, տափակաբերան աքցան: Վերջինս այնպես էր սարքած, որ միաժամանակ կարող էր ծառայել նաև որպես դանակ, կտրիչ, պտուտակահան և մկրատ:
           
- Սա ինձ հարկավոր չէ՛, - ասաց Գագիկը և իրը դրեց տնօրենի գրասեղանին:
           
Վարդանը վերցրեց փոքրիկ գործիքը, հեշտությամբ տեղավորելով ափի մեջ, տնտղեց և դիմելով ինքնիրեն, թե՞ Գագիկին, հարցրեց.
           
- Տեսնես՝ ի՞նչ կարժենա սա Ամերիկայում, - հետո ջղայնացած գոչեց, - ի՜նչ էլ բան է գտել նվիրելու, չէ՞ր կարող մի կարգին բան նվիրել: 
           
Գագիկը լուռ էր: Նա լարված մտածում էր. «Երևի վիրավորվում է, որ իրեն նվեր չեն բերում: Ախ՜ր, չի ըմբռնում, որ նվերին էլ են արժանանում… Ինչքա՜ն աղմուկ բարձրացրեց այս հասարակ բանի համար, ուղղակի նողկալի է և նվաստացուցիչ… Միթե՞ կարելի է մարդու հետ այդպես վարվել: Եթե այս աշխատանքը թողնեմ, հեռանամ, ընտանիքս քաղցի կմատնվի: Իրեն ինչ կա՝ ինձ նման ընտանիք, փոքրիկ երեխաներ  չունի: Չէ՜, պետք է առայժմ մնամ, բայց ընթացքում փորձեմ մի ուրիշ աշխատանք գտնել, որտեղ ինձ վրա սրա նման գոռոզները վերևից չեն նայի ու մանավանդ չեն ճնշի»:
           
- Գագի՛կ, Գագի՛կ, չես լսու՞մ: Տե՛ս, ինչ եմ մտածել: Վերցրու՛ այս անպետք գործիքը և տա՛ր պահեստ՝ մուտք անելու: Այդպես և՛ օրենքով կլինի, և՛ դոկտոր Հենդերսոնն էլ չի իմանա: Լավ ե՞մ մտածել:  
           
Գագիկին բոլորովին դուր չեկավ տնօրենի «հանճարեղ» գաղափարը, բայց լռեց: «Երևի պարապությունից չգիտի, թե ի՞նչ անի: Սա էլ լավ առիթ է՝ ապացուցելու իր «ազնվությունն ու սկզբունքայնությունը», բայց չգիտես ինչու՞ դա միշտ կիրառելի չէ», - մտածեց նա: Երբ անցյալ տարի դոկտոր Կլարկը, վերադառնալով Ամերիկայից, երկու փողկապ բերեց՝ մեկը Գագիկի, իսկ մյուսը՝ Վարդանի համար, նա ասաց. «Արի՛ այս անգամ ընդունենք նվերները: Անհարմար է միշտ մերժելը»: Հետո՝ նրան թվաց, որ Գագիկին բաժին հասած փողկապն ավելի լավն է, առանց ամաչելու առաջարկեց փոխանակել: Այն ժամանակ Գագիկն ասաց. «Երկուսն էլ քեզ վերցրու, ես սովորություն չունեմ փողկապ կրելու», - չնայած դա այդպես չէր: Մի ուրիշ անգամ Ջոնսոն ամուսինները Գագիկի համար բրդե, տաք սվիտեր էին բերել Ամերիկայից և ուրախությամբ հանձնելով Գագիկին, ասացին. «Գագի՛կ, սա որ հագնես, ձմռան ամիսներին էլ երբե՜ք չես մրսի: Չէ՞, որ դու գործերիդ պատճառով հաճախ ստիպված ես դրսում լինել»: Այն ժամանակ Գագիկը ո՛չ միայն սվիտերը վերադարձրեց ամուսիններին, պատճառաբանելով կազմակերպության վարած քաղաքականության կանոնները, այլև ստիպված եղավ լսել տնօրենի երկար-բարակ ճառն այդ նույն կանոնների վերաբերյալ, իսկ Ջոնսոն ամուսիներն ամոթահար, Գագիկից ներողություն խնդրեցին՝ նրան անհարմար վիճակի մեջ դնելու համար: Նա հիշեց նաև Սթիվ Հուի դեպքը: Չինացի Սթիվ Հուն արձակուրդին վերադառնալով ԱՄՆ, Գագիկին էլեկտրոնային փոստով նամակ գրեց ու տեղյակ պահեց, որ այլևս հետ չի գալու, քանի որ բարձր վարձատրվող աշխատանք էր գտել այնտեղ, իսկ վերջերս գնած ճապոնական «Sony» մագնիտոֆոնն էլ թողնում էր Գագիկին՝ որպես նվեր, որովհետև նրան համարում էր իր ընկերը: Պատասխան նամակով Գագիկը գրեց նրան, որ չի կարող նվերն ընդունել, քանի որ դա հակասում է կազմակերպության քաղաքականությանը, բայց կարող է որոշակի զեղջված գումարով գնել այն նրանից: Իմանալով այդ մասին, Վարդանն ասաց. «Ես կգնեմ: Քույրս հենց այդպիսի մագնիտոֆոնի մասին է երազում, որը ո՛չ միայն ռադիո, այլև լազերային սկավառակով նվագարկիչ ունի: Փոխարենը կտամ քեզ մեր հին, չինական արտադրության մագնիտոֆոնը»: Չինացի Սթիվը հրաժարվեց Գագիկից գումար վերցնել՝ պատճառաբանելով, որ սրտանց է նվիրում: Գագիկն էլ մագնիտոֆոնը փոխանցեց Վարդանին, չնայած անչափ հավանում էր:

Գագիկը վերցրեց փաթեթը տնօրենի գրասեղանի վրայից և ճարահատյալ ուղևորվեց հաշվապահության բաժին, կազմակերպության պահեստապետի՝  Արշակի մոտ, ով մոտավորապես Վարդանի տարիքին էր՝ 23-24 տարեկան և նույնքան մեծամիտ ու գոռոզ, ինչքան Վարդանը, քանի որ միաժամանակ սովորում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում և հույս էր փայփայում, որ ուսումն ավարտելուց հետո իրեն կհաջողվի ավելի բարձր պաշտոնով, մանավանդ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնել մի որևէ արտասահմանյան կազմակերպությունում, ինչպես Վարդանին էր հաջողվել:

Երբ Արշակն իմացավ, թե ինչու է Վարդանն ուղարկել Գագիկին իր մոտ, շատ զարմացավ և անմիջապես, դոկտոր Հենդերսոնի նման, զանգահարեց Վարդանին.

- Լսի՛ր Վարդան, դու էլ բան ու գործ չունե՞ս, էս ի՞նչ ես հնարել, ինչու՞ ես էս խեղճ մարդուն իզուր տեղը տանջում, ինձ էլ հետը:

- Քո գործը չէ՛, - կոպիտ պատասխանեց նրան Վարդանը, - արա՛ ինչ քեզ ասում է Գագիկը: Անմիջապես այդ գործիքը մուտք արա՛ պահեստ, իսկ վաղն էլ դուրս գրի՛ր այնտեղից և հանձնի՛ր Գագիկին:

Նույնիսկ գլխավոր հաշվապահը փորձեց Վարդանին խելքի բերել և ավելորդ խնդիրներ չառաջացնել, սակայն հայ-ամերիկյան համատեղ կազմակերպության ծառայությունների գծով երիտասարդ ու նորելուկ տնօրենն անդրդվելի էր…

Հաջորդ օրն Արշակը զանգեց Գագիկին.

- Ինչու՞ չես գալիս ապրանքդ տանելու:

Գագիկը դոկտոր Հենդերսոնի «թանկագին» նվերը ստացավ և դրեց չհրկիզվող պահարանի մի հեռավոր անկյունում, որի բանալու կրկնօրինակը գտնվում էր Վարդանի մոտ: Ամենայն հավանականությամբ «թանկագին» նվերը մինչև օրս էլ այնտեղ է…

Տարիներ անց, երբ Գագիկն արդեն ապրում էր Կալիֆորնիայում, «99» կոչվող խանութներից մեկում տեսավ այդ փոքրիկ, բազմագործառույթ, տափակաբերան աքցանը: Այն ընդամենն 99 ցենտ արժեր: Նա ձեռքի մեջ առնելով ծանոթ առարկան, դառնությամբ մտածեց. «Իմաստ ունե՞ր արդյոք նման էժանագին բանի համար այդքա՜ն աղմուկ բարձրացնել և նյարդեր փչացնել… Կատակով, բայց ի՜նչ դիպուկ է ասված, որ աշխատանքի վայրը մի այնպիսի տեղ է, որտեղ վաստակում ես նյարդային սթրես ու գլխացավ, իսկ ամսվա վերջում էլ՝ մի քիչ փող, որ բուժվես», մանավանդ նման մեծամիտ, գոռոզ ու եսասեր տնօրենների ենթակայության տակ աշխատելիս:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
10 ապրիլի, 2017թ.


Saturday, April 1, 2017

«Fondital»


Արցախյան պատերազմի տարիներին՝ 1991-1994թ., որն ավարտվեց ադրբեջանցիների խնդրանք-պաղատանքով կնքված զինադադարով և մեր փառապանծ ազատամարտիկների ու Հայոց ազգային բանակի շռնդալից հաղթանակներով, Հայաստանում և Արցախում ընդհատվեց շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և միայն 1996թ.-ի վերջին, վերջապես այն վերականգնվեց:
           
Ինչպիսի՜ ուրախություն: Մարդիկ չէին կարողանում հավատալ, որ տարիներ հետո կարելի է շուրջօրյա էլեկտրականություն ունենալ, այլ ոչ թե` օրական ընդամենը մեկ կամ երկու ժամ, որի ընթացքում չէին հասցնում, ո՛չ միայն, ո՛չ մի գործ կատարել, օրինակ` լվացք կամ արդուկ անել, այլ նաև հեռուստացույց դիտել կամ երաժշտություն ունկնդրել: Շուտով սկսեցին վերականգնել նաև գազամատակարարումը: Այլևս հարկավոր չէր գազօջախներ աշխատեցնել հեղուկ պրոպանով լիցքավորված բալոններով կամ փայտ, հնոտիք վառել թիթեղյա, ինքնաշեն վառարաններում. դադարեց առանձնատների ծխնելույզներից, նույնիսկ բարձրահարկ շենքերի օդանցքներից դուրս եկող սև, քուլա-քուլա ծուխը, որը պատել էր ամբողջ մայրաքաղաքը, դադարեց փողոցների, այգիների ու պուրակների այդքան ցավալի, բայց և ճարահատյալ, անօրինական ծառահատումները…
           
- Ժամանակն է, որ մենք էլ գազի վառարան ձեռք բերենք, - ասաց  Կարինեն ամուսնուն՝ Հակոբին, երբ առավոտյան սուրճ էին խմում:
           
- Այո՛, լավ կլիներ, կպրծնեինք այս ծուխ արձակող ու փնթիություն տարածող թիթեղյա փայտի վառարանից:
           
- Եղբայրս արդեն փոխարինել է այն գազի վառարանով ու շատ գոհ է: Ասում է՝ գազի կարգավորման կոճակով վայրկյանների ընթացքում վառվում է վառարանը ու տաքացնում ամբողջ բնակարանը: Այլևս պետք չէ շաբաթը մեկ անգամ թափ տալ վառարանն ու խողովակները, ամեն տարի փայտ առնել, կոտրատել, դասավորել և այլն: Բացի դրանից գազի վառարանն ավտոմատ անջատվում է՝ գազի մատակարարման հանկարծակի դադարեցման դեպքում:
           
- Այո՛, - հանաձայնվեց Հակոբը, - ասում են՝ արդեն շուկան ողողված է, հիմնականում, պարսկական գազի վառարաններով, որոնք եղածների մեջ ամենաէժանն են: Իհարկե՛, ամենաճիշտ տարբերակը՝ մեր տան ջեռուցման համակարգը վերականգնելն է, քանի որ միայն այդ դեպքում հավասարաչափ, հարմարավետորեն կտաքանա ամբողջ բնակարանը, բայց, ի՜նչ արած, դրա հնարավորությունն առայժմ չկա:
           
Որոշվեց ինքնաշեն թիթեղյա փայտի վառարանը փոխարինել գազի վառարանով:
           
- Ամերիկյան բազմաթիվ անեկդոտներ կան ցրտի ժամանակ տաքանալու վերաբերյալ, - ժպտալով սկսեց պատմել Կարինեն, - օրինակ՝ այս մեկը. «Այդ տարի այնքա՜ն ցուրտ էր, որ Բիլ Քլինտոնը ստիպված էր տաքանալու համար քնել իր սեփական կնոջ հետ» կամ այս մեկը. «Այդ տարի այնքա՜ն ցուրտ էր, որ փաստաբանները ստիպված էին տաքացնել իրենց ձեռքերը սեփական գրպաններում»:
           
- Հա՜, հա՜ հա՜, - սա էլ ես գիտեմ, ծիծաղելով շարունակեց Հակոբը. «Այդ տարի այնքա՜ն ցուրտ էր, որ դատապարտյալները ստիպված էին խնդրել, որ իրենց նստեցնեին էլեկտրական աթոռներին»:
           
Շուտով տան խոհանոցում տեղադրվեց պարսկական արտադրության գազի վառարանը, որն ավելի հարմարավետ պայմաններ ստեղծեց ընտանիքի համար, սակայն ինչպես Հակոբն էր նկատել, այն հավասարաչափ չէր տաքացնում ընդարձակ բնակարանի բոլոր անկյունները:
           
Մի քանի տարի անց հայկական շուկայում հայտնվեց նաև բնական գազով աշխատող չինական, գերմանական, թուրքական և իտալական արտադրության ջեռուցման կաթսաների բազմազան մի տեսականի:
           
Հակոբն ու Կարինեն նախապատվությունը տվեցին իտալական «Fondital» մակնիշի, բնական գազով աշխատող, պատից կախվող ջեռուցման կաթսային:
           
«Fondital-ի» տեղադրումից հետո, ինչպես ակնկալվում էր, բնակարանի հարմարավետությունը, իսկապես, կտրուկ լավացավ: Շնորհիվ ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման, բնակարանում տաքությունը պահպանվում էր միշտ նույն մակարդակի վրա: Բնակարանում ապրելը դարձավ հեշտ ու հաճելի:
           
Այդ տարի ձմռանը շատ ցուրտ էր, բայց Հակոբենց բնակարանում դա չէր զգացվում՝ շնորհիվ իտալական գազի կաթսայի: Ձմռանը բնակարանը տաքացնելն այլևս հոգս չէր Կարինեի և Հակոբի համար:
           
Նոր տարուց անմիջապես առաջ Կարինեն, ինչպես ընդունված է հայկական ընտանիքներում, սկսեց մանրակրիկիտ կերպով մաքրել բնակարանը: Նրա ջանքերն իզուր չանցան: Բնակարանը սկսեց շողշողալ մաքրությունից: Ոչ մի բիծ, ոչ մի փոշու հատիկ հնարավոր չէր հայտնաբերել: Ամեն ինչ լավ էր, բայց, դժբախտաբար, հենց դեկտեմբերի 30-ին շարքից դուրս եկավ իտալական  կաթսան…
           
Տունն անմիջապես ցրտեց:
           
- Հիմա ի՞նչ ենք անելու: Ինչպե՞ս ենք այս ցուրտ տան մեջ Նոր տարի դիմավորելու և հյուրեր ընդունելու, - անհանգստացավ Կարինեն:       
           
- Հա՜ հա՜, հա՜, ես էլ՝ ո՛չ Բիլ Քլինտոնն եմ, որ այս ցրտին գնամ ուրիշների կնիկների հետ քնեմ, ո՛չ էլ՝ ամերիկյան բանտարկյալ, որ խնդրեմ ինձ էլեկտրական աթոռին նստեցնեն, - կատակեց Հակոբը:
           
- Հակո՛բ, ո՞նց էլ տրամադրություն ունես կատակելու, շուտ զանգի՛ր խանութ, թող վարպետ ուղարկեն, չնայած այս նախատոնական օրերին դժվար թե որևէ մեկին կարողանան ուղարկել…
             
Կարինեի գուշակությունը ճիշտ դուրս եկավ: Խանութից ասացին, որ բոլոր երեք վարպետներն էլ զբաղված են պատվերներով և մինչև Նոր տարի ի վիճակի չեն գալու: Հակոբը խուճապի մատնվեց և չգիտեր, թե ի՞նչ աներ: Նա խոստացավ կրկնակի վճարել, միայն թե վարպետը գար ու վերանորոգեր կաթսան: Վերջապես, դեկտեմբերի 31-ի կեսօրին, վարպետ Սուրենը զանգահարեց և հարցրեց, թե ի՞նչ է եղել:
           
- Կաթսան չի միանում, միայն ազդանշանային կարմիր լույսն է թռթռում, - բացատրեց  Հակոբը:
           
- Իսկ Դուք փորձե՞լ եք էլեկտրական խրոցը շրջված՝ հակառակ բևեռականությամբ մտցնել վարդակի մեջ:   
           
- Իսկ մի՞թե միևնույնը չէ, - զարմացած պատասխանեց Հակոբը:
           
- Ուրիշ սարքերի համար միգուցե միևնույնը լիներ, բայց ոչ «Fondital»  մակնիշի կաթսայի համար, քանի որ Էլեկտրական սխեման սնուցվում է լարման ոչ տրանֆորմատորային սնուցման բլոկի օգնությամբ, իսկ սխալ բևեռականությամբ միացնելու դեպքում, նկատի ունեմ հոսանքի ֆազն ու 0-ն, ավտոմատ սարքն անմիջապես անջատում է կաթսան և թռթռալով վառվում է  վթարային ռեժիմի կարմիր լույսը: Դրա մասին Ձեզ զգուշացրել էին դեռ խնութում, երբ գնում էիք կաթսան: Երևի մոռացել եք: Այնպես որ, փորձե՛ք:
             
Վարպետ Սուրենն իրավացի էր: Վթարային կարմիր թրթռացող լույսը մարեց և կաթսան անմիջապես սկսեց աշխատել առաջվա նման: Երբ Հակոբը հարցրեց վճարի մասին, վարպետ Սուրենն ասաց, որ ոչինչ հարկավոր չէ վճարել:
           
Կարինեն խոստովանեց, որ մաքրելու համար հանել էր կաթսայի էլեկտրական խրոցը վարդակից և, հետո չիմանալով, սխալ բևեռականությամբ միացրել: Փաստորեն դրա համար էլ կաթսան դադարել էր աշխատելուց: 
           
Կարինեն շնորհավորական բացիկի վրա, որի վրա պատկերված էր Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը, շուտուփույթ շնորհակալական և Նոր տարվա բարեմաղթանքների խոսքեր գրեց և մի տուփ կոնֆետների ու մի շիշ «Տոնական» կոնյակի հետ հանձնեց Հակոբին.
           
- Շու՛տ, քանի դեռ ուշ չէ, գնա՛ խանութ և խնդրի՛ր, որ այս բոլորը հանձնեն վարպետ Սուրենին: 


Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդեյլ
30 մարտի, 2017թ.

Tuesday, March 14, 2017

Ամեն ինչ լավ է լինելու…


Կալիֆորնիայի` Գլենդեյլ քաղաքի հանրահայտ «Ralphs» ուտելիքի սուպերմարկետներից մեկը գտնվում է կենտրոնական «Wilson» փողոցի վրա՝ ճիշտ, «Wells Fargo» ոչ պակաս հայտնի բանկի հարևանությամբ: Այն երկու մուտք ունի՝ մեկն անմիջապես ավտոմեքենաների ստորգետնյա, լայնարձակ կայանատեղից, մյուսը՝ փողոցի կողմից՝ ճարահատյալ ոտքով եկողների կամ գլխավորապես տարեցների, չքավորների  ու խեղճ ու կրակ անտունների համար:
           
Ավտոմատ բացվող, շքեղ, ապակյա դռներով ներս մտնելիս, գնորդը ձախակողմյան մասում կտեսնի «Service Deli-ն», այսինքն՝ պատարաստի ուտելիքի բաժինը, որտեղ ապակեպատ ցուցափեղկերի տակ կարելի է տեսնել արդեն եփած ձկան, հավի, խոզի և տավարի մսի նմուշներ, բազմատեսակ աղցաններ և այլ պատրաստի ուտեստներ: Գները մատչելի են՝ մի քիչ ավելի, քան հում կամ չպատրաստված վիճակում: Հենց «Service Deli-ի» առջևում մի քանի սեղաններ և աթոռներ են դրված՝ տեղում գնված ուտելիքը ճաշակելու համար: Որոշ մարդիկ, հատկապես ամռան շոգ ամիսներին, այստեղից են գնում տան համար արդեն պատրաստի՝ հիմնականում եփած ուտելիքներ, որպեսզի անասելի տապին չկանգնեն տաք գազօջախի առջև, բայց «Service Deli-ի» հիմնական հաճախորդները միայնակ, տարեց կամ էլ թափառական, անտուն մարդիկ են: Նրանք, գրեթե բոլորը, թափթփված, անխնամ տեսք ունեն՝ կոշիկները փոշոտ, հագուստները տրորված, ճմրթված, տղամարդիկ՝ չսափրված, իսկ կանայք՝ չշպարված և չսանրված: Նրանց հայացքներն անկենդան են, վերջին հույսը մարած և տխուր: Նրանք անշտապ, որովհետև երևի գնալու տեղ չունեն, ուտում են իրենց առջև դրված ուտելիքը և անպայաման մի որևէ հին լրագիր կամ ամսագիր են աչքի անցկացնում, ըստ երևույթին, նախկին սովորության համաձայն: Ոմանք, փոքրիկ անվավոր պայուսակների մեջ, ունեցած-չունեցածն իրենց հետ են ման ածում:
           
Սուպերմարկետի՝ մուտքի աջակողմյան մասում գտնվում են վիճակախաղի, գույնզգույն լույսերով ու հաճելի, հրապուրիչ ձայնային ազդանշաններ արձակող ավտոմատները, որոնցից օգտվում են հիմնականում «Service Deli-ի» տարեց, ցածր եկամուտ ունեցող, աղքատ կամ անտուն հաճախորդները: Նրացից ոմանք դեռևս հույս ունեն, որ մի օր խոշոր գումար կշահեն…
           
Հիսուն անց, սևամորթ, նիհարիկ մի կին կանգնած էր «Service Deli-ի» պատրաստի ուտելիքով բեռնված ցուցափեղկերի առջև առաջացած փոքրիկ հերթի մեջ: Նա տարբերվում էր մյուսներից, քանի որ կոկիկ հագնված էր, չնայած հագած շորերը մի քիչ մաշված էին, բայց հայացքում հույս կար ու բարություն: Երեկոյան ժամը վեցն էր: Ճաշի ժամն էր: Կինը վերցրեց տապակած հավի բուդ՝ $1.49, կես փաունդ աղցան՝ $1.99, բուլկի՝ $0.75 և կես լիտր խմելու ջուր՝ $1.10, ընդամենը՝ $5.23:
           
- Ահա Ձեր մանրը՝ $4.77 և բարի ախորժակ, - ասաց վաճառողուհին:
           
- Շնորհակալություն:
           
«Սա վաղվա նախաճաշին կհերիքի», - մտածեց կինը, - «իսկ ճաշին ի՞նչ եմ անելու, ունեցածս 10 դոլարից մնաց միայն այսքանը… Ոչի՜նչ, ամեն ինչ լավ է լինելու»:
           
Կինը, արդեն կուշտ, դուրս եկավ «Ralphs-ից» և շարժվեց «Wells Fargo» բանկի ուղղությամբ: Առջևից՝ նույն ողղությամբ մի անտուն, հնամաշ տաբատով ու բաճկոնով, հյուծված, տարիքն առած, սպիտակամորթ մարդ էր գնում՝ դանդաղ, երերուն քայլերով: Երբ նա հասավ բանկի առջև դրված նստարանին, կանգ առավ ու նստեց: Նրա հայացքն անկենդան էր ու անորոշ: Կինը, հասնելով նրան, նկատեց դա և մոտենալով ծերունուն, ասաց.
           
- Ամեն ինչ լավ կլինի, Աստված մեծ է…
           
Հետո գրպանից հանեց մանրը՝ $4.77 և ամբողջը տվեց նրան: Ծերունու աչքերն անմիջապես կենդանացան, հույսի մի թույլ շող երևաց նրա հուսահատ աչքերում: Նա հաստատուն, վստահ քայլերով ուղևորվեց դեպի «Ralphs», «Service Deli»…
           
Կինը մոտեցավ բանկի մուտքի դռան մոտի տակառաձև աղբարկղին և այնտեղից հանելով երկու պլաստիկ շշեր և մեկ ճզմված կոկա-կոլայի թիթեղյա բանկա, ուրախությամբ, բարձրաձայն բացականչեց.
           
- Ասում էի չէ՞, որ ամեն ինչ լավ է լինելու:
           

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
13 մարտի, 2017թ.

Friday, March 10, 2017

Ու՞ր կերթաք, Վասելինան հի՛մա ձեզի համար ձուկ պիտի տապկե…


Հայկական Մեծ Եղեռնի պատճառով, հայերը թափառական դարձած, սփռված են ամբողջ աշխարհով մեկ:  Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մի հայ, որ չունենա մոտիկ կամ հեռավոր ազգականներ, բարեկամներ կամ ընկերներ հայկական սփյուռքում: Թուրք բաշիբոզուկները, սկսած 11-րդ դարից, տաքուկ տեղավորվելով Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Կիլիկիայի բարեբեր և աշխարհագրական տեսանկյունից նպաստավոր դիրք ունեցող հայկական հողերի վրա, բռնությամբ և առաձնակի դաժանությամբ դարեդար, աստիճանաբար դուրս մղեցին հայերին իրենց պատմական բնօրրանից, քաղաքակրթության վաղնջագույն կենտրոններից մեկից՝ կանգ չառնելով ոչ մի քստմնելի, անմարդկային արարքի առջև, ընդհուպ մինչև եղեռնագործություն…
           
Հակոբի հորեղբայրը մեկն էր այն սակավաթիվ հայերից, որ եղեռնի դժոխային ճիրաններից կարողացել էր փրկվել և բնակություն հաստատել Բուլղարիայի հյուրընկալ մայրաքաղաքում՝ Սոֆիայում: Նրա միակ որդին վերջապես ամուսնացել էր 40 տարեկան հասակում մի բուլղարուհու՝ 27 ամյա գեղեցկուհի, ոսկեծամ ու կապուտաչյա Վասելինայի հետ: Ափսո՜ս, նրա հայրը չհասցրեց տեսնել սիրելի որդու՝ Գրիգորի երջանկությունը… Գրիգորի և Վասելինայի պսակադրությունը տեղի ունեցավ Սոֆիայի հայկական եկեղեցում:
           
Ուրախալի լուրն առնելու պես, Հակոբն ու Կարինեն շտապեցին ջերմորեն շնորհավորել իրենց ազգականին և հրավիրեցին Հայաստան: «Սիրելի եղբայր», - գրեց Հակոբը իր նամակում, - «ես և կինս՝ Կարինեն անկեղծորեն շնորհավորում ենք Ձեզ երկարատև սպասվող ամուսնության առթիվ: Ցանկանում ենք երջանիկ, անհոգ կյանք ու սրտանց հրավիում ենք Ձեզ Հայաստան: Սա նաև պատեհ առիթ է՝ մեր սիրասուն հայրենիքը թանկագին հարսին՝ Վասելինային ցույց տալու համար»:
           
Պատասխան նամակով Գրիգորը շնորհակալություն հայտնեց սրտագին հրավերի համար, տիկնոջ՝ Վասելինայի և իր անունից հաղորդեց, որ գերադասում են գնալ Եվրոպական մի որևէ երկիր շրջագայելու, քանի որ նույնքան դրամ ծախսելով ավելի լավ կարելի է ժամանակ անցկացնել հենց այնտեղ, քան Հայաստանում:
           
Կարինեին և Հակոբին բոլորովին դուր չեկավ Գրիգորի նամակը, հատկապես այն տեղը, որտեղ ասվում էր, որ գերադասում են գնալ Եվրոպա, և ո՛չ թե Հայաստան:
           
- Տեսնու՞մ ես, Կարինե ջա՛ն, - սրտնեղեց Հակոբը, - ճիշտ են ասում. «Աչքից հեռու՝ սրտից հեռու»: Այնքան ապրեց հայրենիքից դուրս, որ հայրենիքն էլ կամաց-կամաց մտքից հանեց… Հիմա էլ օտարազգի կին առնելով, երևի իսպառ մոռանա հայրենիքը… Քանի՜-քանի՜ անգամ եկել է, հյուրասիրել ենք, ամբողջ Հայաստանով մեկ ման տվել, դժգոհ է՞ մնացել: Բա Վասելինան չտեսնի՞ մեր հայրենիքը:  
           
- Ոչինչ, Հակոբ ջա՛ն, - մխիթարեց նրան Կարինեն, - եվրոպական երկրներն ավելի մոտիկ են նրանց, քան Հայաստանը: Նկատի ունեցիր նաև, որ, Խորհրդային Միությունում և սոցիալիստական երկրներում, ինչպիսին նաև Բուլղարիան է, զգալիորեն ցածր է ընդհանուր սպասարկման կուլտուրան, քան զարգացած կապիտալիստական երկրներում, որտեղի շքեղությանն ու ապրանքների առատությանը, մենք, համայնավարական ռեժիմների տակ ապրողներս, միշտ էլ նախանձել ենք… Նրանք գոնե այդ հնարավորությունն ունեն, իսկ մենք՝ խորհրադային ժողովուրդներս ընդհանրապես իրավունք չունենք այցելել կապիտալիստական երկրներ, քանի որ գտնվում ենք «երկաթյա վարագույրի» հետևում: Շատ մի նեղվիր, մի քանի ամսից ուղեգրով մեկնելու ենք Բուլղարիա, այնպես որ դեռ հնարավորություն կունենանք ծանոթանալու Գրիգորի գեղեցկուհի կնոջ հետ:
           
Իրոք, Կարինեն և Հակոբը, դեռևս Գրիգորի և Վասելինայի անակնկալ ամուսնությունից առաջ, ուղեգիր էին վերցրել, որպեսզի աշնանն առաջին անգամ այցելեին Բուլղարիա: Ուղևորության ընթացքում նրանք պետք է լինեին Բուլղարիայի երեք առավել նշանավոր ու հրաշագեղ քաղաքներում՝ Վառնայում, Պլովդիվում և Սոֆիայում: 
           
Ուղևորությունը Բուլղարիայում պետք է տևեր 16 օր, 9 օր՝ արևաշող, ծովափնյա հանգստավայր Վառնայում, 3 օր՝ հինավուրց Պլովդիվում և 4 օր՝ հիասքանչ մայրաքաղաքում՝ Սոֆիայում:
           
Առաջինը նրանք եղան Վառնայում: Հյուրանոցը շատ հարմարավետ էր, իսկ հյուրասենյակի պատուհաններն ուղղակի բացվում էին Սև Ծովի զմայլելի, կապտականաչավուն ալիքների վրա: Սննունդը գերազանց էր: Առավոտյան լողանում էին ծովում և արևահարվում ծովափնյա «ոսկեգույն» ավազների վրա, իսկ ճաշից հետո այցելում Վառնայի տեսարժան վայրերը: Ուշագրավ էր հատկապես՝ «Ծովային պարտեզ» զբոսայգին, որը հայտնի իր աստղադիտարանով,  պլանետարիումով, տերարիումով, ակվարիումով, դելֆինարիումով, գազանանոցով, բացօդյա թատրոնով և այլն: Այցելեցին նաև Վառնայի Հայկական առաքելական եկեղեցին:  
           
Այնուհետև նրանք եղան Պլովդիվում՝ բուլղարահայության կարևորագույն կենտրոններից մեկում։ Այցելեցին Պլովդիվի՝ պատմության, ազգագրության, հնագիտության, և բնական գիտությունների թանգարանները: Եղան հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում, ինչպես նաև պեղումներով հայտնաբերված հռոմեական քաղաքում, որն իր մեջ ընդգրկում է հինավուրց թատրոնը, մարզադահլիճը, ֆորումը` քննարկումների հավաքատեղին և օդիոնը` հանդիսությունների սրահը:
           
Ուղևորության վերջում նրանք եղան Բուլղարիայի ամենամեծ ու կարևորագույն քաղաքում, Վիտոշա լեռան ստորոտում սփռված Սոֆիայում: Հակոբն ու Կարինեն այցելեցին Ազգային պատկերասրահը, Իվան Վազովի անվան ազգային թատրոնը, Սուրբ Ալեքսանդր Նեվսկու տաճարը, հանրահայտ հանքային ջրերի բաղնիքը և այլն:
           
Հենց Սոֆիայի կենտրոնում, մի փոքրիկ ցանկապատված առանձնատան մեջ էր բնակվում Հակոբի հորեղբոր նորապսակ որդին՝ Գրիգորը, ով իր տինոջ հետ ճաշի էր հրավիրել Կարինեին և Հակոբին ուղևորության նախավերջին օրը: Գրիգորը մանր առևտրական էր: Նա մի փոքրիկ կրպակ ուներ քաղաքի կենտրոնում, որտեղ վաճառում էր հուշանվերներ ու մանկական հագուստ: Բուլղարիայում փոքր բիզնեսն արգելված չէր, ինչպես Խորհրդային Միությունում: Նրա տան մուտքի դռան մոտ մի կատաղի, պոչն ու ականջները կտրած գամփռ էր կապված, որը, տեսնելով հյուրերին, սկսեց ուժգին հաչել՝ խլացնելով մարդկանց ձայները և նույնիսկ փողոցով անցող ավտոմեքենաների աղմուկը: Գրիգորը համոզում էր Հակոբին ու Կարինեին, որ իր շունը չի կծի նրանց, սակայն ամեն ինչից երևում էր, որ այդ ջղագրգիռ գազանը մտադիր չէր հյուրերին ներս թողնել: Գրիգորից մեծ ջանքեր պահանջվեցին շանը զսպելու համար, իսկ ամուսիներից էլ՝ մեծ ճարպկություն, վերջինիս սուր-սուր ատամներից խույս տալու համար, ներս մտնելիս: Տունը հին էր ու մաշված: Հին էր նաև կահույքը, նույնիսկ հեռուստացույցի վրայի սև ծածկոցը՝ Սայաթ Նովայի ասեղնագործ պատկերով: Հրավիրված էին նաև Գրիգորի և Վասելինայի ընկերները՝ մի բուլղարացի իր տիկնոջ հետ ու մի գնչու: Գնչուն ոգևորված ինչ-որ բան էր պատմում, մյուսներն ուշադիր լսում էին նրան ու ժամանակ առ ժամանակ հուզված հարցեր տալիս: Բոլորը խոսում էին բուլղարերեն: 
           
- Կհասկնաք չէ՞, ինչ կխոսինք, - հարցրեց Գրիգորը Հակոբին ու Կարինեին:
           
- Ո՛չ, - կարճ պատասխանեց Հակոբը:
           
- Ա՛ս գնչու ընկերս նոր եկած է Գերմանիայեն: Կսե՝ Գերմանիան շատ լավ երկիր է. վեց ամիս հոն աշխատելով աղվոր, քիչ գործածված «Մերսեդես» մը բերած է հետը: Բուլղարերենը ռուսերենին նման է, ինչո՞ւ չեք հասկնար:
           
- Որովհետև առոգանությունը միանգամայն տարբեր է, - բացատրեց Կարինեն, - իսկ ու՞ր է Վասելինան:
           
- Խոհանոցն է, կերակուր կպատրաստե: Երթա՛նք, ծանոթացնեմ տիկինիս հետ:
           
Խոհանոցն էլ էր հին ու մաշված, իսկ Վասելինինան լվացարանի մոտ կանգնած ափսեներն էր լվանում, երբ հյուրերը ներս մտան: Նա, իրոք, շատ գողեցեկ էր, բայց փոքրամարմին, ինչպիսին Գրիգորն էր ի տարբերություն Հակոբի, ով հաղթանդամ էր: Կարինեն մոտեցավ Վասելինային և պարանոցին ոսկյա բանալիով մի ոսկյա, նուրբ շղթա հագցրեց:
           
- Այս բանալին էլ թող լինի Վասելինիայի սրտի բանալին, - ծիծաղելով, կիսակատակ բացականչեց Կարինեն:
           
- Իսկ այս 5 աստղանի կոնյակը, հայկական «Էրեբունի» սիգարետները և խորհրդային, ոսկեջրած, 29 քարանի, ավտոմատ լարվող «Полет» ժամացույցն էլ քեզ, Գրիգոր ջան, - նվերները ներկայացնելով և պինդ գրկելով նրան, ասաց Հակոբը:
           
Այնուհետև, նրանք բոլորը նորից վերադարձան հյուրասենյակ, որտեղ թեժ զրույցը Գերմանիայի վերաբերյալ դեռ շարունակվում էր: Սեղանին օղի կար, պանիր և քամած մածունով ու վարունգով պատրաստված ուտեստ: Հակոբը քաղաքավարությունից դրդված մի քանի կում օղին խմեց: Կարինեն միայն համտես արեց ուտեստից: Ճիշտն ասած թե՛ Հակոբը, և թե՛ Կարինեն քաղցած էին, բայց ճաշն ուշանում էր…
           
10:30-ին նրանք որոշեցին, այլևս չսպասել և վերադառնալ հյուրանոց, քանի որ արդեն ուշ էր և զբոսաշրջիկության խմբի ղեկավարն էլ կարող էր անհանգստանալ իրենց ուշանալու համար: Հակոբն ու Կարինեն շնորհակալություն հայտնեցին Գրիգորին, բուլղարներին ու գնչուին «հաճելի» երեկոյի համար և խնդրեցին տաքսի կանչել հեռախոսով: Գրիգորը փորձում էր նրանց համոզել.
           
- Ու՞ր կերթաք, Վասելինան հի՛մա ձեզի համար ձուկ պիտի տապկե…

Երբ ամուսինները հրաժեշտ տվեցին Վասելինային նա, իրոք, կարմրարվուն փոքրիկ ձկներ էր մաքրում խոհանոցում:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
7 մարտի, 2017թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...