Saturday, January 23, 2016

Քաղաքավարության կոչ

Մարդիկ հաճախ են քաղաքավարության զոհ դառնում: Դա, հատկապես շատ հմտորեն և հումորով է ներկայացված մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» պատմվածքաշարում, որտեղ քաղաքավարի մարդկանց վարվելակերպի չարաշահման բազմաթիվ դեպքեր են շատ պատկերավոր նկարագրված, բայց հաճախ էլ հակառակն է լինում՝ հանդիպում են  քաղաքավարությունից զուրկ մարդիկ, որոնց ի ցույց են դնում իրենց անքաղաքավարության համար: Ահա, այսպիսի մի դեպք պատահեց Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի Համայնքային Քոլեջում, որտեղ սովորում էր Գալուստը:

Գալուստը՝ որպես ցածր եկամուտ ունեցող ներգաղթյալ ոչ միայն անվճար էր սովորում քոլեջում, այլ նաև մի զգալի ֆինանսական օգնություն էր ստանում կառավարության կողմից: Նա արդեն մի քանի կիսամյակ սովորել էր քոլեջում, որտեղ սովորելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ դասախոսներն, առաջնորդվելով խստապահանջ ուսումնական ծրագրերով, չափազանց շատ էին ծանրաբեռնում ուսանողներին մեծածավալ տնային առաջադրանքներով, ինքնուրույն և խմբակային հետազոտական աշխատանքներով, հաճախակի հանձնվող թեստերով և քննություններովնա ավարտելով «Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու» ֆակուլտետի բոլոր դասընթացներն, արդեն հաճախում էր «Անգլերեն լեզվի» ֆակուլտետի դասընթացներն, ինչպես նաև հայոց պատմության, հայոց լեզվի, փիլիսոփայության, առողջապահական խնդիրների, իսպաներենի, մաթեմատիկայի, համակարգչային հրատարակման, երաժշտության գնահատման դասընթացներինիհարկե, բոլոր դասընթացների ուսուցումը, ներառյալ նաև հայոց պատմությանը, բացառությամբ հայոց լեզվի, ընթանում  էր անգլերեն լեզվով:

Գալուստը, հատկապես մեծ տպավորություն էր ստացել և օգուտ քաղել երաժշտության գնահատման դասընթացից, որի շնորհիվ նա կարողացել էր վերջապես գրեթե լիարժեք հաճույք ստանալ երաժշտություն լսելիս: Մինչև այդ դասընթացը հաճախելը, նա երաժշտությունից բավարար գիտելիքներ չունենալու պատճառով, միգուցե 25-30 տոկոսի չափով էր ընկալում լսածը, իսկ դասընթացն ավարտելուց հետո՝ մոտ 60-70 տոկոսը: Նա ափսոսում էր, որ Հայաստանում չկան նման դասընթացներ, որովհետև, ամենայն հավանականությամբ, շատերը կուզենային հաճախել...

Դասասենյակում դրված էր դաշնամուր և էլեկտրոնային, ստեղնային, երաժշտական գործիք, որի վրա նվագելիս գրատախտակի վերևում տեղադրված նոտաների էլեկտրոնային ցուցապաստառի վրա վառվում էին տվյալ մեղեդու հնչյուններին համապատասխանող նոտանները: Դասախոսը յոթանասուն անց, բարձրահասակ, նիհար մի հրեուհի էր, որի ամուսինը հայ էր և նույնպես երաժիշտ՝ ջութակահար. նա նվագում էր Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբում

Առաջին դասին տիկին Բալյանը ծանոթացավ ուսանողների հետ և ներկայացրեց ուսումնական ծրագիրը: Այնուհետև, նա կարծիք հայտնեց, թե ինչքան կարևոր ազդեցություն կարող է ունենալ երբեմն այս կամ այն  նշանավոր կոմպոզիտորի կյանքի հետ կապված զգացմունքային դրվագները՝ նրա ստեղծագործությունների որակի վրա: Նա պատմեց, օրինակ, որ գերմանացի հռչակավոր կոմպոզիտոր՝ Լյուդվիգ Բեթհովենը հավանաբար չէր ստեղծի «Լուսնի սոնատը», եթե չսիրահարվեր իր տասնվեցամյա ուսանողուհուն, կոմսուհի՝ Ջուլիետա Գույչիարդիին և, եթե խնդրելով նրա ձեռքը, նրա հայրը չմերժեր նրան: Իբր այդ օրը Բեթհովենը, չափազանց վշտացած ու հուզախռով լինելով, գիշերը լուսնի լույսի ներքո, գրել էր այդ բացառիկ գեղեցիկ երաժշտությունը... ըստ երկրորդ վարկածի, նա նվագել է այդ ստեղծագործությունը մի կույր աղջկա համար, նրան այդ կերպ նկարագրելով լուսնի լույսը... ըստ երրորդ վարկածի, որը շատ նման է երկրորդին, նա այդ տեղծագործությունը նվագել է մի կույր աղջկա և նրա եղբոր համար և հանկարծ լուսնի լույսն ընկել է Բեթհովենի նոտաների վրա, և այդ պատաճառով էլ նա այն անվանել է «Լուսնի սոնատ»... ըստ չորրորդ վարկածի, այդ ստեղծագործությունը սկզբում ուրիշ անունով է կոչվել, և միայն 1830թ.-ից հետո է այն անվանվել «Լուսնի սոնատ», շնորհիվ բանաստեղծ և երաժշտական գրաքննադատ՝ Ռելսթաբի, որի պատկերացմամբ այն արտահայտում է լուսնի արտացոլումը Լուցերն լճում... 

Դասախոսության ընթացքում անընդհատ ուշացած ուսանողներ էին մտնում լսարան, որոնք զգուշությամբ և անաղմուկ ազատ նստարաններ գտնելով, զբաղեցնում էին իրենց տեղերը: Ուշացած ուսանողները, որպեսզի չխանգարեն տիկին Բալյանին, գրավում էին լսարանի աջակողմյան և ձախակողմյան թևերում գտնվող ազատ նստարանները, բայց ո՛չ մեջտեղի շարքերինը, քանի որ այդ դեպքում պետք է անցնեին դասախոսի առջևով և կխանգարեին նրան:

Հաջորդ օրինակը ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր՝ Հեկտոր Բերլիոզի «Ֆանտաստիկ» սիմֆոնիայի ստեղծման մասին էր: Պարզվում է, որ Բերլիոզը անհույս սիրահարված է եղել մի իռլանդացի դերասանուհու՝ Հարիետ Սմիթսոնին, որը եկել էր Փարիզ հյուրախաղերի: Բերլիոզը բազմաթիվ նամակներով և ծաղկեփնջերով իր բուռն սերն է արտահայտում նրան, բայց մնում է անպատասխան... նա հուսահատ ու տանջահար գրում է այդ ստեղծագործությունը, որը բաղկացած է հինգ մասից...

Նորից լսարանի դուռը բացվեց և ներս եկավ վերջին ուշացած ուսանողուհին: Նա համարձակ ու առույգ քայլերով, անցնելով տիկին Բալյանի առջևով, մոտեցավ միջին շարքերից մեկին և աղմուկով նստեց հենց առաջին շարքում գտնվող ազատ նստարանին՝ տիկին Բալյանի դիմաց, Գալուստի նստարանի կողքին: Նա շատ գեղեցիկ էր՝ սպիտակամաշկ, գեղեցիկ դիմագծերով, բարեկազմ մարմնով՝ կլիներ քսանյոթ-քսանութ տարեկան, հագել էր կապտավուն նախշերով մի թեթև շրջազգեստ... Գալուստը նայելով նրան, չէր կարողանում հայացքը կտրել նրանից, հաճախակի նայելով նրա սիրունիկ դեմքին կամ էլ իրար վրա նրբագեղորեն դրված նրա հմայիչ ու մերկ ոտքերին...

Տիկին Բալյանը կարճ դադարից հետո շարունակեց իր պատմությունը: Նա ասաց, որ «Ֆանտաստիկ» սիմֆոնիայի առաջին մասում անհույս սիրահարված երիտասարդ երաժիշտը որոշում է ինքնասպան լինել մեծ չափաբաժնով օփիում օգտագործելով, սակայն նա չի մեռնում, այլ խորը քուն է մտնում և երազում տեսնում է իր սիրած կնոջը... երկրորդ մասում նա գտնվում է պարահանդեսում, որտեղ հանդիպում է նաև իր սիրեցյալին... երրորդ մասում գյուղական մի տեսարան  է, և  երկու սրինգահար հովիվներ իրար են կանչում, ծառերը թեթևակի ճոճվում են քամուց, իսկ երիտասարդ երաժիշտը երջանկության զգացում է ունենում: Հանկարծ նա տեսնում է իր սիրեցյալին և անհանգստության զգացում է ապրում, որ սիրված չէ: Արևը մայր է մտնում և հեռվում լսվում է ամպրոպի ձայն... չորրոդ մասում նա, զայրութի պահինսպանում է իր սիրեցյալին, և նրան դատապարտում են մահվան գիլյոտինի միջոցով... հինգերորդ մասում վհուկների խնջույքն է, որտեղ ներկա են նաև ուրվականներ ու հրեշներ և, իհարկե, Հարիետը: Մահապատժի ենթարկված երաժշտին թաղում են, լսվում է նրա սիրեցյալի անդուր ձայնը, ով պարում է թաղման երաժշտության ներքո...

Գալուստը չափազանց հետաքրքրված, թե ի՞նչպես ավարտվեց Բերլիոզի անպատասխան և հուսահատ սիրո պատմությունը, հարցրեց.

- Իսկ ի՞նչ եղավ Հարիետը:

- Հարիետն, իմանալով կոմպոզիտորին այդքան մեծ հռչակ բերող ստեղծագործության մասին, վերջիվերո սկսեց ուշադրության նշաններ ցուցաբերել, և շուտով նրանք ամուսնացան, բայց այդ ամուսնությունը երջանկություն չբերեց Բերլիոզին. մի քանի տարի անց նրանք բաժանվեցին...   

Դասի վերջում տիկին Բալյանը գրանցեց ուշացած ուսանողներին, կարդալով վերջին ուշացած ուսանողուհու անունը՝ Մելիքյան Սիրանույշ և, նայելով նրա դեմքին, ասաց.

- Դուք գիտե՞ք, որ համաձայն քոլեջի կանոնների՝ երեք ուշացումը համարվում է մեկ բացակայություն, իսկ երեք բացակայության դեպքում զրկվում եք դասընթացը հաճախելու իրավունքից: Ես դեմ եմ բացակայություններին, աշխատե՛ք, չբացակայե՛լ, բայց ավելի մեղմ եմ վերաբերվում ուշացումներին, քանի որ հասկանում եմ, որ երբեմն դա անկախ Ձեր կամքից է ստացվում: Սակայն, ես Ձեզ խնդրում եմ քաղաքավարություն ցուցաբերել ուշանալիս՝ անաղմուկ և աննկատ ներս մտնել և ոչ մի դեպքում չանցնե՛լ իմ առջևով, պարզ է ՞...

Այդ ասելով, նա կանգնեց Սիրանույշի առջև և ուղիղ նայեց նրա աչքերի մեջ: Բոլոր ուսանողները միաձայն ասացին.

- Այո՛, - բացի Սիրանույշից:

Նա միայն ամուր սեղմեց շրթունքները: Գալուստը չկարողացավ իրեն զսպել և շշնջաց.

- Գոնե ներողություն խնդրեիր:

Սիրանույշը չհետևեց նրա խորհրդին, այլ ավելի ամուր սեղմեց շրթունքները: Գալուստին թվաց, որ աղջիկն այնքան էլ գեղեցիկ չէ, ինչպես երևացել էր նրան դասի սկզբում...


Երևան, Հայաաստան
20 հունվարի, 2016թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...