Thursday, February 12, 2015

Չկայացած բասկետբոլիստը...

Երևանի №…միջնակարգ դպրոցում Ստեփան Հակոբյանը բասկետբոլի խմբակ էր բացել: Նա համակրելի արտաքինով, կարճ խուզած բեղիկներով, բաց շագանակագույն մազերով, միջահասակ մի մարդ էր, փորձառու մարզիկ, մարզիչ և սպորտի վարպետ:

Բասկետբոլի մարզիչ՝ Ստեփան Հակոբյանը նախօրոք թույլատրություն խնդրելով չորրորդ-հինգերրորդ դասարանի ուսուցիչներից, դասի ժամանակ կարճատև ելույթներ էր ունենում երեխաների առջև բասկետբոլի մասին: Նրան հարկավոր էին տասից տասներկու տարեկան բարձրահասակ և բարետես տղաներ; Նա հույս էր տածում, որ նրանցից գոնե մի քանիսը ժամանակի ընթացքում կարող էին դառնալ անվանի բասկետբոլիստներ: Նա իր ելույթը սկսում էր մոտավորապես այսպես.

- Սիրելի երեխաներ, բասկետբոլը թիմային մարզաձև է: Յուրաքանչյուր թիմում խաղում են հինգ բասկետբոլիստներ՝ խաղարկող, հարձակվող պաշտպան, թեթև հարձակվող, ծանր հարձակվող և կենտրոնական խաղացող:   Կան նաև պահեստային խաղացողներ: Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակ նետելն է: Այս խաղը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ՝ Ջեյմս Նեյսմիթի կողմից 1891թվականին…

Այնուհետև նա պատմում էր խաղի կանոնների և բասկետբոլ մարզաձևի առողջության վրա ունեցած ակնհայտ բարերար ազդեցության մասին: Մարզիչն ասում էր, որ բասկետբոլը նպաստում է շնչառական, սիրտանոթային, տեսողական, և շարժական համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև զգալիորեն բարձրանում է օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական դիմացկունությունը: Փորձառու մարզիչը պատմում էր նաև 1960-70 թվականների անվանի բասկետբոլիստներ` Օսկար Ռոբերտսոնի, Սերգեյ Բելովի, Ջերի Լուկասի, Իվան Դվորնիի, Տատյանա Օվեչկինայի, Սամ Ջոնսի, Ջերի Սլոունի, Վիտալի Զաստուխովի, և իհարկե Եվրոպայի բազմակի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ Արմենակ Ալաջաջյանի և շատ ուրիշների անցած ուղու մասին և այլն: Երեխաները ուշադրությամբ և չափազանց մեծ հետքրքրությամբ լսում էին նրան:

Խորհրդային ժամանակներում մարդկանց դիմում էին ընկերով, և այդ պատճառով էլ երեխաները նրան ընկեր Ստեփան էին ասում: Ընկեր Ստեփանը մարզում էր միայն տղաներին, չնայած աղջիկների խելքն էլ էր գնում բասկետբոլի համար: Որպեսզի բասկետբոլը չխանգարեր դասերին, նա միայն վերցնում էր լավ կամ գերազանց առաջադիմությամբ աշակերտներին: Ընկեր Ստեփանը գիտեր ինչպես վարվել երեխաների հետ և ինչպես մարզել նրանց. երեխաները սիրում և հարգում էին իրենց մարզիչին: Ընկեր Ստեփանը սովորեցնում էր փոխանցումներ անել, գնդակը գետնի վրա խաղացնելով առաջ գնալ, միևնույն ժամանակ շրջանցելով հակառակորդ թիմի խաղացողներին և, իհարկե, գնդակը գցել զամբյուղի մեջ: Նա այդ բոլորը կատարում էր հմտությամբ ու վայելչությամբ՝ երեխաներին հիացմունք պարգևելով: Հատկապես գեղեցիկ էր ստացվում գնդակը զամբյուղի մեջ նետելը. մարզիչը շնորհալիորեն վեր էր ցատկում և օդի մեջ մի փոքր շրջվելով, գնդակը երկու ձեռքով բռնած, ճարպկորեն նետում էր ուղիղ զամբյուղի մեջ: Մարզվող երեխաներից ոչ ոք չէր կարողանում գնդակը այդպես գրավչորեն նետել զամբյուղի մեջ:

Ընկեր Ստեփանը բոլոր ցածրահասակ տղաներին, ինչպես նաև բարձրահասակ, բայց ոչ բարետեսներին մերժում և խմբակ չէր վերցնում: Նա ասում էր, որ բարձրահասակ լինելը կարևոր պայման է, քանի որ ցածրահասակ բասկետբոլիստը չի կարող բարձրահասակների գլխի վրայով ուղիղ նետում կատարել զամբյուղի մեջ, ինրպես նաև սլամդանկ* կատարել, այսինքն գնդակը ձեռքով անմիջապես զամբյուղի մեջ մտցնել, իսկ բարետես լինելը կարևոր է այնքանով, որ խաղը դիտողների համար է դա հաճելի:

Երեխաների մի մասը, որոնք մարզիչի ասած չափորոշիչներին չէին համապատասխանում, համառորեն գալիս էին և դիտում խաղը՝ լավ եղանակներին դաշտում, իսկ ձմռանը՝ դահլիճում. նրանց մեջ կային նույնիսկ աղջիկներ: Նրանք հույս ունեին, որ ընկեր Ստեփանը միտքը կփոխի և վերջի վերջո կվերցնի իրենց: Երբեմն պարապմունքներից առաջ կամ ընդմիջումներին, նրանք խառնվում էին բասկետբոլի խմբակի անդամների հետ և բասկետբոլ խաղում: Մարզիչն անզոր էր խանգարելու նրանց ուրախությունը:

Նրանց մեջ կար մի ցածրահասակ, վտիտ և անհրապույր տղա, որը գրեթե նույնքան լավ էր խաղում բասկետբոլ, ինչքան ընկեր Ստեփանը, բայց զիջում էր նրան շարժումների գեղեցկությամբ և գրավչությամբ: Մանուկը, այդպես էր տղայի անունը, կարողանում էր դաշտի գրեթե ցանկացած կետից գնդակը նետել զամբյուղի մեջ: Որտեղի՞ց այդքան ուժ և ճարպկություն այդ նիհարիկ մարմնի մեջ միանգամայն անհասկանալի էր, թե՛ մարզիչի, և թե՛ երեխաների համար, մանավանդ  բասկետբոլի գնդակը, թե՛ չափերով, և թե՛ քաշով ավելի մեծ է, քան ֆուտբոլի կամ վոլեյբոլի գնդակը: Զարմանալի էր, որ նա ոչ միայն կարողանում էր գնդակը զամբյուղի մեջ նետել, այսպես կոչված, խաղային իրադրությունից, որը թիմին բերում էր երկու միավոր և տուգանային հրապարակից, որը թիմին բերում էր մեկ միավոր, այլ նաև հեռվից՝ վեց մետրանոց գծից դուրս ընկած խաղադաշտի հատվածներից, որը թիմին բերում էր առավելագունս՝ երեք միավոր:

Մանուկն ամեն ինչ շատ հեշտ էր յուրացնում: Եթե մյուսների հետ մարզիչը տքնաջան աշխատում էր, որպեսզի գեթ մի փոքր արդյունք ստանա, մինչդեռ Մանուկը սովորում էր անմիջապես, հեշտությամբ ու առանց որևէ դժվարության: Նա կարծես այդ բոլորը գիտեր նախօրոք և պարզապես վերհիշում էր, թե ինչ պետք է անի: Մանուկը, ճիշտ է մերժվածների մեջ էր, բայց նա ամենաուշիմ, ամենաշուտ սովորող և ամենաընդունակն էր, թեև նա լավ չէր սովորում, և դա էլ երկրորդ ատճառն էր, որ մարզիչը նրան չէր վերցնում:

Մեկ տարի անց ընկեր Ստեփանն արդեն իր սաներին տանում էր մրցումների: Բոլոր մերժվածները հույսները կտրելով հեռացել էին և այլևս չէին գալիս, բացի Մանուկից: Նրան անհնար էր կտրել բասկետբոլից: Նա խմբի «խորթ զավակն» էր, չնայած ամենալավ խաղացողն էր…

Համաքաղաքային և միջքաղաքային մրցույթներում, երբ թիմը պարտվում էր, ընկեր Ստեփանը խաղի մեջ էր մտցնում Մանուկին որպես փոխարնող, և վերջինս գրեթե միշտ փրկում ու նույնիսկ հաղթանակ էր պարգևում թիմին: Նա բնածին հակում և տաղանդ ուներ բասկետբոլի նկատմամբ: Կա՞ն չէ մարդիկ, որոնք բնածին տաղանդներ են, օրինակ՝ Մոցարտը մինչև հիմա անգերազանցելի է որպես երաժիշտ և կոմպոզիտոր, Էյնշտեյնը բացառիկ էր իր վերացական մտածողությամբ, Այվազովսկին առ այսօր անհասանելի է իր ծովանկարչությամբ և այլն, իսկ Մանուկն անպարտելի, բացառիկ շնորհալի էր բասկետբոլի մեջ…

Մանուկի համար բասկետբոլն ամեն ինչ էր. նա ապրում էր բասկետբոլով, այն նրա համար նաև ինքնադրսևորման, ինքնահաստաման  միջոց էր: Ավաղ Մանուկը չէր համապատասխանում բասկետբոլիստների նկատմամբ առաջադրված չափորոշիչներին. նա ինքն էլ էր դա քաջ գիտակցում: Դա իրոք ճակատագրի ծաղրն էր, որ Մանուկը ներքուստ, իր ամբողջ էությամբ բասկետբոլիստ էր և միայն արտաքնապես էր անհամապատասխան:

Ափսո՜ս, շատ ափոսո՜ս, եթե նա արտաքնապես էլ համապատասխաներ բասկետբոլային չափորոշիչներին, ապա անկասկած կդառանար Հայաստանի, Խորհրդային Միության, միգուցե նաև աշխարհի ամենահայտնի բասկետբոլիստներից մեկը, իսկ մենք հայերս կունենայինք ևս մի հայազգի անվանի բասկետբոլիստ:


* slam dunk


Կալիֆորնիա, Գլենդել
9 փերվարի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...