Tuesday, February 24, 2015

Հաջողակ ձկնորսը

Այդ տարի չափազանց շոգ ամառ էր Երևանում: Անտանելի տոթ էր: Մարդիկ նույնիսկ գիշերները չէին կարողանում քնել շոգի պատճառով, հետևաբար հանգստացողների թիվը թե՛ Հայաստանում, և թե՛ նրա սահմաններից դուրս շատ մեծ էր: Մարդիկ հիմնականում զով տեղեր էին գնում հանգստանալու: Նրանց մի զգալի մասը գնում էր ծովափ:
            
Այդ տարի մենք նույնպես, ընտանյոք հանդերձ, հանգստանում էինք Սև Ծովի ափին, Հայկական Կիրճ կոչվող փոքրիկ գյուղակում, որն Աբխազիայի Գուդաուդի շրջանի, Նոր Աֆոն քաղաքից ընդամենը մեկ կիլոմետր 

Աբխազիան՝ իր լեռնային ու անտառածածկ բնությամբ, հատկապես՝ ծովափնյա լողափերով, աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Նրա բոլոր շրջանները, բացառությամբ Թքուարչալիի՝ ծովափնյա են, որտեղ բացի աբխազներից ապրում են նաև մեգրելներ, վրացիներ, հայեր, ուկրաինացիներ, ռուսներ, հույներ և էստոնացիներ:
Երբ ուղևորներով լեցուն, երևանյան գնացքը, անցնելով Վրաստանի միջով, հասնում է Աբխազիայի Օչամչիրա քաղաքը, ուղևորներին սկսում է երևալ Սև Ծովը, որը հատկապես չքնաղ է արևային եղանակին և խաղաղ վիճակում: Այդպիսի ժամանակ այն պսպղում է արևի տակ՝ իր հայելային հարթ և անկրկնելի երկնագույն մակերևույթով: Առաջին անգամ ծովը տեսնելիս՝ հմայվում, սիրահարվում ես նրան հավիտյան:  Բառերով անհնար է նկարագրել նրա գեղեցկությունը: Թերևս, ծովանկարիչը կարողանա ներկայացնել այն՝ ըստ հավուր պատշաճի, ինչպես դա արել է մեր անգերազանցելի և հանրահայտ հայրենակիցը՝ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին՝ իր նշանավոր կտավներում:
            
Մենք ապրում էինք մի մեծ վրանի տակ՝ ծովից ընդամենը մի քանի տասնյակ քայլ հեռավորության վրա: Վրանը տեղադրված լինելով տանտիրոջ ընդարձակ բակում, շրջապտաված էր բազմաթիվ պտղատու ծառերով: Այնտեղ կային մանդարինի, նարինջի, կիտրոնի, արքայանարինջի, թզի, տանձի և խնձորի ծառեր: Այդ ծառերի շնորհիվ մենք ցերեկները պաշտպանված էինք արևի կիզիչ ճառագայթներից: Գիշերները ծառերը թեթևակի օրօրվում էին հարբած մարդու նման, իսկ տերևների խշխշոցը միախառնվում էր ծովի ալիքների շլմփոցներին փափուկ ավազի վրա:
            
Նույն բակում հանգստանում էին նաև ուրիշ հայ ընտանիքներ: Մենք գրեթե ամբողջ օրը լողանում էինք ծովում, խաղում ավազների հետ կամ վոլեյբոլ խաղում, բացառությամբ ցերեկվա այն ժամերի, երբ արևը երկնկամարում էր ու անխնա այրում էր մեր, համարյա մերկ, մարմինները: Այդ ժամերին բոլորր հովեկներն առանձնանում էին և վայելում հետկեսօրյա հանգիստն իրենց կացարաններում, իսկ երեկոյան, հենց ծովափին, մի փոքրիկ խարույկ էին վառում, խմբվում նրա շուրջը՝ զրուցելով ու կատակելով ժամանակ անցկացնում աստղազարդ երկնքի տակ:   
            
Հանգստացողների մեջ կային երկու երիտասարդ տղաներ, ովքեր չափազանց հետաքրքրված ու հրապուրված էին ձկնորսությամբ: Նրանք Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի՝ մարզական իրերի խանութից գնել էին ձկնորսական պարագաներ և շատ հաճախ, օրեր շարունակ իրենց ժամանակն անց էին կացնում կարթով ձուկ բռնելով, սակայն նրանց բոլոր փորձերն ապարդյուն էին անցնում. ոչ մի կերպ չէր հաջողվում գոնե մի փոքրիկ ձկնիկ բռնել…
            
Ծայրաստիճան հիասթափված ու հուսահատված, նրանք, կրկին ապարդյուն, փորձել էին ձուկ որսալ նույնիսկ, Գագրայի շրջանում գտնվող, հանրահայտ Ռիցա գեղատեսիլ լճում, ինչպես նաև Նոր Աֆոնի Պսիրցխա գետում:
            
Մի օր, առավոտյան լողափ գնալիս, պատահաբար լսեցի նրանց խոսակցությունը.
            
-  Լավ, ի՞նչ անենք, միգուցե խայծը փոխենք և որդի փոխարեն ձկան միս դնենք: Ա՜խր, մի պատճառ կա չէ՞, որ չի բռնվում:
            
Չգիտեմ ինչու՞, բայց ես, միջամտելով տղաների խոսակցությանը, մեծամտորեն, իհարկե, կատակով ասացի.
            
- Խայծը փոխել պետք չի՝ պարզապես բռնե՛լ, ձուկ բռնե՛լ պիտի իմանաք…
            
Տղաներից մեկն անմիջապես կարթը տվեց ձեռքս և ասաց.
           
- Դե՛, եթե դու ձուկ որսալ գիտես՝ որսա,՛ տեսնե՛նք:
            
Ես անակնկալի եկա, քանի որ կյանքումս ձուկ չէի բռնել… Ակամա կարթը վերցնելով ձեռքս, ինքնավստահ կարթաձողը թափով վեր բարձրացրեցի, ինչքան ուժ ունեի իջեցրի այն ծովի մակերևույթին, այնուհետև  կտրուկ վեր քաշեցի, և ո՜վ զարմանք՝ մի չաղլիկ ձուկ կախված իմ կարթից՝ բերանը բաց ու խուփ էր անում՝ անհույս թփրտալով օդում …
            
Ես անփույթ՝ կարթաձողը նետեցի ավազի վրա, հաղթական նայեցի տղաներին և ուզում էի հեռանալ, երբ նրանք ինձ կանգնեցրին.
            
- Միգուցե դա պատահականությու՞ն էր, եթե բռնո՞ղ ես, մի հատ էլ բռնի՛, որ հավատանք:
            
- Ի՞նչ, - ասացի ես, - ուրեմն դուք կասկածու՞մ եք իմ ձկնորսական հմտություններին, - զայրացած ձևացա ես ու ավազի վրայից վերցնելով կարթաձողը, նորից թափով վեր բարձրացրեցի այն, ուժգին հարվածեցի նրանով ծովի մակերևույթին և վեր քաշեցի: Անհավատալի էր, բայց կրկին մի չաղլիկ ձուկ թփրտաց օդում՝ չափազանց զարմացնելով թե՛ տղաներին, և թե՛ ինձ, հատկապե՛ս՝ ինձ:
            
Ես աչքերիս չէի հավատում: Ես մտածում էի. «Տեր Աստված, միթե՞ դա հնարավոր է, որ երկու անգամ բախտս բերի: Անկասկած, այստեղ մի պատճառ կա, որ ես չգիտեմ»: Բայց ես՝ աշխատեցի տղաներին ցույց չտալ իմ զարմանքն, ասելով.
            
- Հիմա համոզվեցի՞ք, որ բռնողից է կախված, այլ ոչ թե խայծից:
            
Նրանք ասացին.
           
-Այո՛, համոզվեցինք, բայց ինչու՞ են քո բռնած երկու ձկներն էլ մուգ կանաչադարչնագույն, այլ ոչ թե արծաթափայլ, ինչպես բոլոր ձկները:
            
Ես նոր նկատեցի, որ իրո՛ք, իմ բռնած երկու ձկներն էլ մուգ կանաչադարչնագույն էին՝ ունեին տափակ փոր, եռանկյունաձև իրան և բեղիկներ: 
            
-Հա,՜հա՜, - ծիծաղեցի ես, - ձեզ համար ի՜նչ տարբերություն, ձուկը ձուկ է… Արծաթափայլ գույնի ձկներ՝ ով ասես կարող է բռնել, բացի դրանից ես հատուկ եմ մուգ կանաչադարչնագույն ձկներ բռնել, որովհետև դրանք շատ համեղ են: Որ տապակեք դրանց, ինձ էլ մի կտոր կբերե՛ք, որ ճաշակեմ, չեք մոռանա, չէ՞:
            
Կեսօրին նրանք ձկներն արդեն տապակել էին, և ինձ հրավիրեցին ճաշակելու: Անհավատալի է, բայց այս անգամ էլ չէի սխալվել՝ ձկները, իրոք, շատ համեղ էին: Համեղ էր նաև վրացական «Խվանչքարա» կարմիր գինին, որը մենք խմեցինք մեր հաջող ձկնորսության կապակցությամբ:
            
Իմ հեղինակությունը տղաների մոտ ակնհայտորեն բարձրացել էր, և նրանք անառարկելիորեն հավատում էին իմ հմուտ ձկնորս լինելուն: Սակայն, ես անհանգիստ էի, որովհետև, ամենայն հավանականությամբ, նրանք ինձ նորից էին հրավիրելու ձկնորսության, իսկ բախտն ամեն անգամ ինձ չէր կարող ժպտալ:  Ես անընդհատ մատածում էի, թե ինչու՞ էին իմ բռնած ձկները ոչ սովորական:
            
Երկար մտածելուց հետո գլխի ընկա, որ դրանք ծովի հատակի ավազը փորփրող ձկներ են, իսկ կանաչադարչնագույն գունավորումը՝ ըստ երևույթին, կանաչադարչնագույն խոտերի մեջ քողարկվելու համար է: Ափամերձ մասում, հենց այն տեղում, որտեղ բռնվել էին ձկները, սուզվելով և հասնելով ծովի հատակին՝ համոզվեցի իմ ենթադրության՝ ճշմարտացիության մեջ: Դեռ ավելին, ես նկատեցի բազմաթիվ մուգ կանաչադարչնագույն ձկներ ծովի հատակին և մի քիչ ծովի հատակից բարձր մակարդակի վրա՝ նաև արծաթագույն ձկների, որոնք այնքան էլ շատ չէին: Հայտնի դարձավ նաև ձկների բազմաքանակության գաղտնիքը. ընդամենը մի քանի մետր այն կողմ, ծովեզրի հետ բութ անկյուն կազմելով՝ մի փոքրիկ գետակ էր թափվում ծովը՝ իր հետ բերելով առատ սննունդ ձկների համար: Հասկացա նաև, թե ինչ էր կատարվել: Երբ ես ուժգին կարթաձողով հարվածել էի ծովի մակերևույթին, կեռիկը ձկան խայծի հետ միասին հասել էր հատակին, որտեղ բազմաթիվ, սոված ձկներից մեկը կուլ տալով այն՝ բռնվել էր: Այսինքն, եթե կարթաթելի վրա գտնվող լողակը դրվի ավելի բարձր, հնարավորություն տալով կարթաթելին ամրացված կեռիկին ինջնելու ծովի հատակը, ապա հատակի մոտ լողացող բազմաթիվ ձկներից մեկը հեշտությամբ կբռնվի: Փաստորեն, կարթաթելի վրա ամրացված լողակի դիքից է կախված, թե ինչ խորության վրա է որսը կատարվում: Իմ ենթադրությունների և դիտարկումների հիման վրա, ես իսկապես դարձա հմուտ ձկնորս: Ես հիմա գիտեի, թե ինչպես որս անեմ և անհամբեր սպասում էի տղաների հրավերին:
            
Հաջորդ օրը, կեսօրից հետո մենք գնացինք ձկնորսության: Ես կանգնեցի գետակի աջ կողմում, որտեղ կերը շատ էր, իսկ տղաներին կարգադրեցի կանգնել գետակի ձախ կողմում: Ընդամենը մեկ ժամում, ես միջին մեծության հինգ-վեց հատ ձկներ բռնեցի՝ այս անգամ արծաթափայլ, որովհետև լողակը կարթաթելի վրա ճիշտ դիրքում էի ամրացրել, իսկ տղաները կարողացան բռնել միայն երկու, բայց ավելի խոշոր ձկներ:
            
Երեկոյան, ծովափին կրակ վառեցինք և մարմանդ կրակի վրա խորովեցինք մեր բռնած ձկները, որոնք չափազանց համեղ էին: Իհարկե, չմոռացանք վայելել նաև անզուգական, վրացական «Խվանչքարա» կարմիր գինին:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
22 փետրվարի, 2015թ.

Wednesday, February 18, 2015

Երգում է երգի փարավոն Շառլ Ազնավուրը…

Այս փոքրիկ պատմվածքը նվիրվում է հանրահայտ
բանաստեղծ, կոմպոզիոր, դերասան, երգիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Հայաստանի մշտական դեսպան, Շվեյցարիայի
Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրին:
             
Ես այն ժամանակ շատ երտասարդ էի և գտնվում էի գործուղման մեջ: Աշխատում էի մի գիտա-հետազոտական ինստիտուտում, որտեղից ինձ ուղարկել էին Մոսկվայում գտնվող մի ուրիշ գիտահետազոտական ինստիտուտ՝ ինչ-որ գիտա-փորձարարական մեթոդի հետ ծանոթանալու համար:
            
Ես կանգ էի առել Մոսկվայի մի կիսամութ ու անշուք հյուրանոցում: Չնայած, հյուրանոցը ցածրակարգ էր, ես շնորհակալ էի ճակատագրից, որ բնակվելու տեղ էի գտել, որովհետև այն տարիներին շատ դժվար էր տեղավորվել՝ այն էլ Խորհրդային Միության մայրաքաղաքի հյուրանոցներում:
            
Ես իրերս իմ համարում տեղավորելուց հետո դուրս եկա զբոսնելու: Հյուրանոցի միջացքում, մի անկյունում հայելի էր ամրացված պատին, որի առջև մի աղջիկ սանրում էր մազերը: Աղջիկը բավականին գեղեցիկ էր՝ շեկ ու փարթամ մազերով, կապույտ ու վճիտ աչքերով և բավականին հրապուրիչ ու բարեկազմ: Անցնելով նրա կողքով, ես ակամա հաճոյախոսեցի: Ասացի, որ նա բավականին գեղեցիկ է և իզուր է փորձում էլ ավելի գեղեցկանալ: Նա ժպտաց՝ ցույց տալով իր սպիտակ և հավասար ատամնաշարը: Ես համարձակություն ստանալով նրա հմայիչ և քաջալերիչ ժպիտից, խոսքի բռնվեցի նրա հետ: Չգիտեմ, ինչպես եղավ, բայց ընդամենը մի քանի րոպե հետո մենք արդեն համբուրվում էինք՝ բոլորովին ուշադրություն չդարձնելով մեր կողքից անցնող-դարձող մարդկանց վրա: Ըստ երևույթին մեր հրապուրանքը փոխադարձ էր ու չափազանց ուժգին, որ մենք՝ առանց երկար-բարակ մտածելու՝ այդպես թեթևամտորեն էինք վերաբերվում մեր նոր ստեղծված և դեռևս փխրուն հարաբերություններին:
            
Ինչպես ասացի, մենք համբուրվում էինք, զրուցում ու միմյանց զանազան հարցեր էինք տալիս՝ ավելի լավ իրար ճանաչելու ակնկալիքով: Ես չմոռացա հպարտանալ մեր՝ ֆրանսահայ բանաստեղծ, կոմպոզիտոր, դերասան, երգիչ Շառլ Ազնավուրով, ում երգի արքա, երգի փարավոն էին կոչում Ֆրանսիայում:
            
Չնայած Շառլ Ազնավուրը շատ հանրահայտ էր ոչ միայն Հայաստանում ու Ֆրանսիայում, այլ նաև ամբողջ աշխարհում, սակայն աղջիկը նրան չէր ճանաչում… Ավելին, նրան թվաց, որ ես պարծենալու համար եմ այդ բոլորը պատմում, որպեսզի բարձրացնեմ իմ ազգի արժանիքները: Ես նրան ասացի.
            
- Շառլ Ազնավուրն այնքան է հայտնի, որ նրա երգերից «Մաման», «Բոհեմը», «Նա», «Դեռ Երեկ» «Ավե Մարիան», «Հավերժական սերը», «Իզաբելը» և այլն երգել են այնպիսի հանրահայտ երգիչներ, ինչպիսիք են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Շերը, Խուլիո Իգլեսիասը, Ռեյ Չարլզը, Պլասիդո Դոմինգոն, Ջո Դասենը, Մստիսլավ Ռոստոպովիչը և այլոք:
            
Նա ինձ չէր հավատում… Չէր հավատում նաև Շառլ Ազնավուրի գոյությանն ու փառքին: Դեռ ավելին, նա չգիտեր վերը նշված երգիչներից ոչ մեկին…
Աղջիկը գավառացի էր, բանից անտեղյակ, բացի դրանից Խորհրդային Միությունում այնքան խանդավառված չէին արտասահմանյան երգիչների կամ խմբերի  երգերը մատուցելով ու գովաբանելով:
           
- Ես միայն մերոնց գիտեմ, - անտարբեր ասաց նա…
           
Քիչ անց, չնայած այս տհաճ միջադեպին, մենք արդեն իմ համարում էինք, և մեր մարմինները փշաքաղվում էին փոխադարձ փաղաքշանքներից: Մենք անչափ երջանիկ էինք և ուզում էինք, որ դա անվերջ շարունակվեր…

Էլի՜ մնա՛, մնա՛ ինձ հետ,
Մարմնիս վրա, ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ, բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ ու հևասպառ:
Մնա՛ սիրով ու նվաղած,
Եվ գիշերով ցանկապատված,
Սրտիս վրա, առանց ամոթ,
Մնա՛ կրքոտ, մե՜րկ համարյա:*
             
Պատին ամրացված բաժանորդային ռադիոյից լսվում էր «Մայակ» ռադիոկայանի հաղորդումները: Այդ պահին համերգ էր. երգում էին արտասահմանյան էստրադայի աստղերը: Հանկարծ հաղորդավարը հստակ և հանդիսավոր հաղորդեց.
            
- Հարգելի ռադիոլսողներ, իսկ հիմա Ձեզ համար կերգի ֆրանսիացի հանրահայտ երգիչ, երգի փարավոն Շառլ Ազնավուրը: Դուք կլսեք նրա նշանավոր «Իզաբել» երգը:
            
Այդ կրքոտ, սիրային երգի հեղինակը հենց ինքը՝ Շառլ Ազնավուրն է, որտեղ բազմիցս հոլովվում է նրա երբեմնի սիրած աղջկա՝ Իզաբելի անունը: Իզաբել անվան հաճախակի կրկնությունը հառաչանքի տեսքով՝ մի առանձին հմայք է տալիս այդ երգին.

Երբ ինձ հետ ես, ժամերը վայրկյանների պես են թռչում,
Մինչ օրերն առանց քեզ ասես տևում են տարիներ,
Երբ ես քո կողքին չեմ, ողջ աշխարհն է խավարում, 
Քանզի քոնն են իմ մտքերն ու երազներն, իմ սե՜ր:
Իզաբե՛լ, Իզաբե՛լ, Իզաբե՛լ,
Իզաբե՜լ, Իզաբե՜լ, իմ սե՜ր:*
             
Մի պահ երկուսս էլ կանգ առանք… Աղջիկը մոռացավ, թե մենք ինչով էինք զբաղված. նա կլանված, երանելի հայացքով ունկդրում էր այդ հիասքանչ երգը… Հետո նա ուշադիր ու մտազբաղ նայեց աչքերիս մեջ, վերջապես հասկացավ, թե ում մասին էի ես պատմում… Այնուհետև, պինդ գրկելով ինձ, այդ երգի հնչյուների ներքո, կրքոտ համբույրների մի տարափ դրոշմեց իմ վառվող շուրթերին…

* Շառլ Ազնավուր, «Մնա» բանաստեղծությունից մի հատված:
* Շառլ Ազնավուր, «Իզաբել» երգից մի հատված:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա,Գլենդեյլ
12 փետրվարի, 2015թ.

Thursday, February 12, 2015

Չկայացած բասկետբոլիստը...

Երևանի №…միջնակարգ դպրոցում Ստեփան Հակոբյանը բասկետբոլի խմբակ էր բացել: Նա համակրելի արտաքինով, կարճ խուզած բեղիկներով, բաց շագանակագույն մազերով, միջահասակ մի մարդ էր, փորձառու մարզիկ, մարզիչ և սպորտի վարպետ:

Բասկետբոլի մարզիչ՝ Ստեփան Հակոբյանը նախօրոք թույլատրություն խնդրելով չորրորդ-հինգերրորդ դասարանի ուսուցիչներից, դասի ժամանակ կարճատև ելույթներ էր ունենում երեխաների առջև բասկետբոլի մասին: Նրան հարկավոր էին տասից տասներկու տարեկան բարձրահասակ և բարետես տղաներ; Նա հույս էր տածում, որ նրանցից գոնե մի քանիսը ժամանակի ընթացքում կարող էին դառնալ անվանի բասկետբոլիստներ: Նա իր ելույթը սկսում էր մոտավորապես այսպես.

- Սիրելի երեխաներ, բասկետբոլը թիմային մարզաձև է: Յուրաքանչյուր թիմում խաղում են հինգ բասկետբոլիստներ՝ խաղարկող, հարձակվող պաշտպան, թեթև հարձակվող, ծանր հարձակվող և կենտրոնական խաղացող:   Կան նաև պահեստային խաղացողներ: Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակ նետելն է: Այս խաղը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ՝ Ջեյմս Նեյսմիթի կողմից 1891թվականին…

Այնուհետև նա պատմում էր խաղի կանոնների և բասկետբոլ մարզաձևի առողջության վրա ունեցած ակնհայտ բարերար ազդեցության մասին: Մարզիչն ասում էր, որ բասկետբոլը նպաստում է շնչառական, սիրտանոթային, տեսողական, և շարժական համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև զգալիորեն բարձրանում է օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական դիմացկունությունը: Փորձառու մարզիչը պատմում էր նաև 1960-70 թվականների անվանի բասկետբոլիստներ` Օսկար Ռոբերտսոնի, Սերգեյ Բելովի, Ջերի Լուկասի, Իվան Դվորնիի, Տատյանա Օվեչկինայի, Սամ Ջոնսի, Ջերի Սլոունի, Վիտալի Զաստուխովի, և իհարկե Եվրոպայի բազմակի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ Արմենակ Ալաջաջյանի և շատ ուրիշների անցած ուղու մասին և այլն: Երեխաները ուշադրությամբ և չափազանց մեծ հետքրքրությամբ լսում էին նրան:

Խորհրդային ժամանակներում մարդկանց դիմում էին ընկերով, և այդ պատճառով էլ երեխաները նրան ընկեր Ստեփան էին ասում: Ընկեր Ստեփանը մարզում էր միայն տղաներին, չնայած աղջիկների խելքն էլ էր գնում բասկետբոլի համար: Որպեսզի բասկետբոլը չխանգարեր դասերին, նա միայն վերցնում էր լավ կամ գերազանց առաջադիմությամբ աշակերտներին: Ընկեր Ստեփանը գիտեր ինչպես վարվել երեխաների հետ և ինչպես մարզել նրանց. երեխաները սիրում և հարգում էին իրենց մարզիչին: Ընկեր Ստեփանը սովորեցնում էր փոխանցումներ անել, գնդակը գետնի վրա խաղացնելով առաջ գնալ, միևնույն ժամանակ շրջանցելով հակառակորդ թիմի խաղացողներին և, իհարկե, գնդակը գցել զամբյուղի մեջ: Նա այդ բոլորը կատարում էր հմտությամբ ու վայելչությամբ՝ երեխաներին հիացմունք պարգևելով: Հատկապես գեղեցիկ էր ստացվում գնդակը զամբյուղի մեջ նետելը. մարզիչը շնորհալիորեն վեր էր ցատկում և օդի մեջ մի փոքր շրջվելով, գնդակը երկու ձեռքով բռնած, ճարպկորեն նետում էր ուղիղ զամբյուղի մեջ: Մարզվող երեխաներից ոչ ոք չէր կարողանում գնդակը այդպես գրավչորեն նետել զամբյուղի մեջ:

Ընկեր Ստեփանը բոլոր ցածրահասակ տղաներին, ինչպես նաև բարձրահասակ, բայց ոչ բարետեսներին մերժում և խմբակ չէր վերցնում: Նա ասում էր, որ բարձրահասակ լինելը կարևոր պայման է, քանի որ ցածրահասակ բասկետբոլիստը չի կարող բարձրահասակների գլխի վրայով ուղիղ նետում կատարել զամբյուղի մեջ, ինրպես նաև սլամդանկ* կատարել, այսինքն գնդակը ձեռքով անմիջապես զամբյուղի մեջ մտցնել, իսկ բարետես լինելը կարևոր է այնքանով, որ խաղը դիտողների համար է դա հաճելի:

Երեխաների մի մասը, որոնք մարզիչի ասած չափորոշիչներին չէին համապատասխանում, համառորեն գալիս էին և դիտում խաղը՝ լավ եղանակներին դաշտում, իսկ ձմռանը՝ դահլիճում. նրանց մեջ կային նույնիսկ աղջիկներ: Նրանք հույս ունեին, որ ընկեր Ստեփանը միտքը կփոխի և վերջի վերջո կվերցնի իրենց: Երբեմն պարապմունքներից առաջ կամ ընդմիջումներին, նրանք խառնվում էին բասկետբոլի խմբակի անդամների հետ և բասկետբոլ խաղում: Մարզիչն անզոր էր խանգարելու նրանց ուրախությունը:

Նրանց մեջ կար մի ցածրահասակ, վտիտ և անհրապույր տղա, որը գրեթե նույնքան լավ էր խաղում բասկետբոլ, ինչքան ընկեր Ստեփանը, բայց զիջում էր նրան շարժումների գեղեցկությամբ և գրավչությամբ: Մանուկը, այդպես էր տղայի անունը, կարողանում էր դաշտի գրեթե ցանկացած կետից գնդակը նետել զամբյուղի մեջ: Որտեղի՞ց այդքան ուժ և ճարպկություն այդ նիհարիկ մարմնի մեջ միանգամայն անհասկանալի էր, թե՛ մարզիչի, և թե՛ երեխաների համար, մանավանդ  բասկետբոլի գնդակը, թե՛ չափերով, և թե՛ քաշով ավելի մեծ է, քան ֆուտբոլի կամ վոլեյբոլի գնդակը: Զարմանալի էր, որ նա ոչ միայն կարողանում էր գնդակը զամբյուղի մեջ նետել, այսպես կոչված, խաղային իրադրությունից, որը թիմին բերում էր երկու միավոր և տուգանային հրապարակից, որը թիմին բերում էր մեկ միավոր, այլ նաև հեռվից՝ վեց մետրանոց գծից դուրս ընկած խաղադաշտի հատվածներից, որը թիմին բերում էր առավելագունս՝ երեք միավոր:

Մանուկն ամեն ինչ շատ հեշտ էր յուրացնում: Եթե մյուսների հետ մարզիչը տքնաջան աշխատում էր, որպեսզի գեթ մի փոքր արդյունք ստանա, մինչդեռ Մանուկը սովորում էր անմիջապես, հեշտությամբ ու առանց որևէ դժվարության: Նա կարծես այդ բոլորը գիտեր նախօրոք և պարզապես վերհիշում էր, թե ինչ պետք է անի: Մանուկը, ճիշտ է մերժվածների մեջ էր, բայց նա ամենաուշիմ, ամենաշուտ սովորող և ամենաընդունակն էր, թեև նա լավ չէր սովորում, և դա էլ երկրորդ ատճառն էր, որ մարզիչը նրան չէր վերցնում:

Մեկ տարի անց ընկեր Ստեփանն արդեն իր սաներին տանում էր մրցումների: Բոլոր մերժվածները հույսները կտրելով հեռացել էին և այլևս չէին գալիս, բացի Մանուկից: Նրան անհնար էր կտրել բասկետբոլից: Նա խմբի «խորթ զավակն» էր, չնայած ամենալավ խաղացողն էր…

Համաքաղաքային և միջքաղաքային մրցույթներում, երբ թիմը պարտվում էր, ընկեր Ստեփանը խաղի մեջ էր մտցնում Մանուկին որպես փոխարնող, և վերջինս գրեթե միշտ փրկում ու նույնիսկ հաղթանակ էր պարգևում թիմին: Նա բնածին հակում և տաղանդ ուներ բասկետբոլի նկատմամբ: Կա՞ն չէ մարդիկ, որոնք բնածին տաղանդներ են, օրինակ՝ Մոցարտը մինչև հիմա անգերազանցելի է որպես երաժիշտ և կոմպոզիտոր, Էյնշտեյնը բացառիկ էր իր վերացական մտածողությամբ, Այվազովսկին առ այսօր անհասանելի է իր ծովանկարչությամբ և այլն, իսկ Մանուկն անպարտելի, բացառիկ շնորհալի էր բասկետբոլի մեջ…

Մանուկի համար բասկետբոլն ամեն ինչ էր. նա ապրում էր բասկետբոլով, այն նրա համար նաև ինքնադրսևորման, ինքնահաստաման  միջոց էր: Ավաղ Մանուկը չէր համապատասխանում բասկետբոլիստների նկատմամբ առաջադրված չափորոշիչներին. նա ինքն էլ էր դա քաջ գիտակցում: Դա իրոք ճակատագրի ծաղրն էր, որ Մանուկը ներքուստ, իր ամբողջ էությամբ բասկետբոլիստ էր և միայն արտաքնապես էր անհամապատասխան:

Ափսո՜ս, շատ ափոսո՜ս, եթե նա արտաքնապես էլ համապատասխաներ բասկետբոլային չափորոշիչներին, ապա անկասկած կդառանար Հայաստանի, Խորհրդային Միության, միգուցե նաև աշխարհի ամենահայտնի բասկետբոլիստներից մեկը, իսկ մենք հայերս կունենայինք ևս մի հայազգի անվանի բասկետբոլիստ:


* slam dunk


Կալիֆորնիա, Գլենդել
9 փերվարի, 2015թ.

Tuesday, February 10, 2015

Զգուշավորները/Զուգադիպություն


Գագիկ Զարգարյանի մայրն աշխարհագրության ուսուցչուհի էր, իսկ հայրը` Պետական Անվտանգության Կոմիտեի`ՊԱԿ-ի սպա: Գագիկը մանկուց հպարտանում էր իր հորով: Ընդանրապես Հայաստանում, ինչպես նաև ամբողջ Խորհրդային Միությունում անկեղծ վախ, իսկ վախից դրդված «հարգանք» և «ակնածանք» կար ՊԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ:
            
Ռուսների մոտ ՊԱԿ-ը հայտնի էր որպես КГБ*, իսկ արևմտյան երկրներում որպես KGB: Ի միջի այլոց, արևմտյան երկրներում մարդիկ նույնքան շատ էին վախենում էին KGB-ից, ինչքան Խորհրդային Միության քաղաքացիները, միգուցե և ավելի շատ, քանի որ ավելի տեղեկացված էին վերջինիս տխրահռչակ գործունեության մասին, քան նրա ձեռքին տանջված, հաշմված, պատվազրկված և գնդակահարված շատ քաղաքացիներ, որոնց անվտանգությունը մեծամասամբ պաշտպանվում էր հենց իրենցից` պաշտպանյալներից…
            
ՊԱԿ-ը գործել է 1954թ.-1991թ.ը, մինչև Խորհրդային Միության փլուզվելը: Մինչ այդ այն կոչվում էր Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատ` ՆԳԺԿ: Ամենասարսափելի իրադարձությունները հենց ՆԳԺԿ-ի օրոք են տեղի ունեցել: Գագիկի հայրը դեռևս այդ ժամանակներից ծառայում էր այնտեղ…Իհարկե, նա այնքան «հայտնի» չէր, որքան Ստալինի և Բերիայի այն հլու-հնազանդ կամակատարները, ինչպիսիք էին Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղարներ` Ա. Ամատունին, Ստ. Ակոպովը, ՆԳԺԿ-ի կոմիսար` Խ. Մուղդուսին և այլոք: Գագիկի հայրը ակտիվորեն մասնակցել էր ստալինյան հետապնդումներին` անձի պաշտամունքի տարիներին: Հայտնի է, որ այդ տարիներին ավելի քան հինգ միլիոն մարդ էր աքսորվել Խորհրդային Միությունում, որոնցից մոտ մեկ միլիոնն անտեղի գնդակահարվել էր որպես «ժողովրդի թշնամի» կամ «պետական դավաճանության», զանազան օտար երկրների օգտին «լրտեսելու» և այլ զրպարտությունների համար:
            
Գագիկի հայրը` Զավեն Զարգարյանը կտտանքների գծով վարպետ էր: Նա Թբիլիսիում հատուկ դասընթացներ էր անցել` անմեղ մարդկանց կտտանքների և տանջանքների միջոցով խոստովանեցնել սովորելու նպատակով: Նրա ուսուցիչը` ոմն Ասլանով, Վրաստանի ՆԳԺԿ-ի հինգերորդ բաժնի ղեկավարն էր, ով Բաքվի և Երևանի ՆԳԺԿ-երի աշխատակիցներին սովորեցնում էր, ինչպես «արագ ցուցմունքներ կորզել» ձերբակալվածներից: Ասլանովն արյունարբու մի գազան էր, սադիստ ու վայրենի, իսկ նրա լավագույն աշակերտը՝ Զավեն Զարգարյանն էր…Նա նաև հմուտ բանսարկու էր ու մատնիչ: Զավեն Զարգարյանը չեր խղճում և չէր խնայում ոչ ոքի… Խորհրդային իշխանությունն «արժանավույնս» գնահատելով նրա «արժանիքները» պարգևատրել էր նրան բազմաթիվ մեդալներով և շքանշաններով:
            
ՊԱԿ-ի մայոր Զ. Զարգարյանը հարգված էր իր ընտանիքում: Նրան գրեթե ակնածանքով էին վերաբերվում, թե՛ կինը, և թե՛ միակ որդին: Չնայած, նա գրեթե չէր պատմում իր ծառայության մասին, բայց ընտանիքում իմանում էին նրա կառավարական պարգևների և դրամական պարգևատրումների մասին, որոնք լուռ ապացույցն էին այն բանի, որ մայորը պահանջված և գնահատված էր իշխանության կողմից: Ի լրումն այդ բոլորի, մայոր Զարգարյանն օգտվում էր ՆԳԺԿ-ի, իսկ հետագայում նաև ՊԱԿ-ի խանութներից, որտեղ գները զգալիորեն ցածր էին, իսկ ապրանքների որակն անհամեմատ բարձր: Նա ուներ նաև այլ արտոնություններ...
             
Նրա կինն ու որդին ապահովված էին գլխավորապես արտասահմանյան արտադրության զանազան ապրանքատեսակներով՝ կոշկեղեն, հագուստ, կենցաղային տեխնիկա և այլն, որոնք այն ժամանակ հարգի էին, շնորհիվ իրենց զգալի բարձր որակի: Նրա որդին դեռևս դեռահաս հասակում ուներ այն ամենը, որ նրա շատ հասակակիցներ պարզապես կերազեին ունենալ՝ ամերիկյան «Վրանգլեր*» և «Լեվիս*» ջինսեր, ճապոնական «Սոնի*», մագնիտոֆոն, հոլանդական «Գրունդիգ*» ռադիոընդունիչ, արտասահմանյան էստրադայի հանրահայտ խմբեր` «Դը Բիթլսների*», «Քուինի*», «ԱԲԲԱ-ի*», «Չիկագոյի*», «Դը Զոմբիսի*» և այլն, երգիչներ`Էլվիս Փրեսլիի*, Ռեյ Չարլզի*, Կառլոս Սանտանայի*, Դայանա Ռոսի*, Էլթոն Ջոնի*, Թոմ Ջոնսի* և այլոց ձայնասկավառակները և այլն: Գագիկի հայրը խստորեն արգելել էր նրան ձայնասկավառակներն ուրիշներին տրամադրելը: Այդ պատճառով նա նույնիսկ իր մտերիմ համալսարնական ընկերոջը՝ Մանվելին չէր ասում դրանց մասին:

Դրսում, նույնիսկ ազգականները շատ քիչ բան գիտեին մայոր Զարգարյանի մասին: Տանը նա բազմիցս զգուշացրել էր, որ ինչ խոսվում է ընտանիքում, պետք է խիստ գաղտնի մնա շրջապատից՝ ընկերներից, հարևաններից, ազգականներից և այլն: Անկեղծ ասած, տվյալ իրադրության մեջ նրա հորը շատ կսազեր <գող, սիրտը դող> հայկական հայտնի ասացվածքը, որն օգտագործվում է ոչ միայն գողության այլ նաև ցանկացած այլ հանցագործության դեպքում: Իրոք, եթե մարդկանց հետապնդում, բանտարկում աքսորում էին պետական շահերից ելնելով, ապա ինչու՞ էին այդ բոլորն իրականացողներն այդքան խնամքով քողարկվում ու  թաքնվում: Նրա կնոջ աշխատակիցների և որդու ընկերների համար, մայոր Զարգարյանը մի համեստ գրասենյակային աշխատող էր... Զարգարյանները գրեթ հյուր չէին գնում և տանն էլ  հազվադեպ էին հյուրեր ընդունում:
            
Որդին՝ Գագիկն անչափ հպարտանում էր իր «փառապանծ» հորով և չափազանց շատ էր ուզում պատմել նրա «սխրագործությունների» մասին, բայց դեռ մանկուց դաստիարակվել էր լինել զուսպ և զգուշավոր:  Զգուշավորությունը նրա բնավորության գլխավոր գիծն էր, մտահոգությունը, «հիվանդությունը»... Զգուշավոր լինելով, նա դարձել էր ամաչկոտ ու վեհերոտ և չէր կարողանում շփվել մարդկանց հետ, ծանոթություններ հաստատել: Գագիկը գրեթե չուներ մտերիմ ընկերներ և սիրած աղջիկ, չնայած արդեն քսանվեց տարեկան էր: Նա շատ էր ուզում, հատկապես սիրած աղջիկ  ունենալ, սիրել և սիրվել, ինչպես ուրիշները...
            
Գագիկը համակրում էր մի աղջկա, որն աշխատում էր նույն բաժնում, որտեղ համալսարանն ավարտելուց հետո ինքն էր աշխատում: Աղջիկը նույնքան ամաչկոտ, ինքնամփոփ և զգուշավոր էր, ինչքան նա: Միգուցե, դա էր պատճառը, որ աղջիկը հրապուրում, գերում  էր նրան...
            
Աղջիկը բարձրահասակ էր, ինչպես Գագիկը և նույնքան համակրելի: Նա սպիտակամաշկ, ձյութի պես սև մազերով, սև խոշոր աչքերով մի քնքուշ էակ էր: Նրա աչքերի մեջ անորոշություն կար: Նա կարծես դեռ չէր որոշել մի շատ կարևոր բան: Հենց այդ հայացքն էր ձգում, դեպի իրեն քաշում Գագիկին: Գայանեն, այդպես էր աղջկա անունը, գրեթե միշտ Գագիկի մտքերի մեջ էր՝ քնած, թե արթմնի:
            
Աղջիկը նկատում էր Գագիկի հրապուրվածությունը, բայց ինքն իր հերթին ոչ մի նախաձեռնություն չէր ցուցաբերում, չնայած համակրում էր նրան: Նկատելով նրանց անորոշ հարաբերությունները, բաժնի վարիչը դիմեց մի խորամանկ քայլի. նա Գագիկին և Գայանեին մի համատեղ աշխատանք հանձնարարեց, որը հնարավորություն տվեց նրանց մտերմանալու: Անկասկած, առանց բաժնի վարիչի միջամտության, նրանք երբեք չէին ընկերանա...
            
Մի քանի օր անց, Գագիկն այնքան քաջություն ունեցավ, որ ամեն ինչ պատմեց Գայանեին...
            
Գայանեն հիացած էր և միաժամանակ զարմացած: Նա ասաց.
            
- Իմ հայրն էլ է այնտեղ աշխատում՝ Հատուկ բաժնում;
            
- Ի՜նչպիսի զուգադիպություն, - ասաց Գագիկը:
            
Մի քանի ամիս անց Գագիկն ու Գայանեն ամուսնացան: Նրանք հարսանիք չարեցին. բավարարվեցին ընդամենը ընտանեկան խնջույքով, որին ներկա էին միայն նրանց ընտանիքի անդամները: Խնջույքին ներկա միակ օտար մարդը Գայանեի համալսարանական ընկերուհի՝ Լաուրան էր, որի ներկայությունը որոշակի «լարվածություն» ստեղծեց ամբողջ երեկոյի ընթացքում... Գագիկի համալսարանական միակ մտերիմ ընկերը՝ Մանվելը հրավիրված չէր խնջույքին: Նա միայն երկու տարի անց իմացավ, որ իր ընկերն ամուսնացել է...

*(Комитет Государственной Безопасности)
*Wrangler, *Levis, *Sony, *Grundig
*The Beatles, *Queen, *ABBA, *Chicago, *The Zombies
* Elvis Presley, *Ray Charles, *Carlos Santana, *Diana Ross, *Elton John, *Tom Jones

Մարտին Շիրինյան
Մոսկվա-Լոս Անջելես թռիչք
27 հունվարի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...