Friday, March 18, 2016

«Հակաբեղմնավորիչ միջոց»

Գալուստն ու Մանվելն ընկերներ են: Գալուստը ճարտարագետ է, իսկ Մանվելը՝ կենսաբան: Նրանք հաճախ են ազատ ժամանակ ունենում երեկոյան զբոսանքների համար: Թեև նրանք երկուսն էլ ամուսնացած են և երեխաներ ունեն, բայց հազվադեպ են զբոսանքի գնալիս զրուցում ընտանեկան թեմաներով. նրանց հետաքրքրությունների շրջանակը տեխնիկան է, գիտությունը և արվեստը:

- Գիտականորեն ապացուցված է, - ասաց Գալուստը, - որ արծաթի իորնների նույնիսկ աննշան քանակություններն ի վիճակի են ոչնչացնելու բոլոր միաբջիջ օրգանիզմներին, բայց անվնաս են բազմաբջիջ կենդանիների, այդ թվում նաև մարդու համար:

- Միանգամայն ճիշտ է, - շարունակեց Գալուստի թեման Մանվելը, - քանի որ ախտածին մանրեները նույնպես միաբջիջ են, հետևաբար, նրանց համար էլ են արծաթի իոնները կործանարար: Մ.թ.ա. հինգերորդ դարի պատմիչ Հերոդոտը փաստում է, որ պարսից արքա Կիրը ջուր է խմել միայն արծաթյա գավաթներից, իսկ հին հնդկական կրոնական աղբյուրները վկայակոչում են, որ հնդիկները ջուրը վարակազերծել են՝ ջրի մեջ արծաթյա ձող ընկղմելով: Արծաթե սպասքից են օգտվել նաև հին հռոմեացիներն, ինչպես նաև անպարտելի Ալեքսանդր Մակեդոնացին ու նրա քաջ զորավարները, որպեսզի պաշտպանվեն այնպիսի մահաբեր, վարակիչ հիվանդություններից, ինչպիսիք են՝ ժանտախտը, որովայնային տիֆը, բծավոր տիֆը, խոլերան և այլն:

Գալուստին այս բոլորը քաջ հայտնի էր. դեռ վաղուց նրա գլխում մի միտք էր հասունացել՝ օգտագործել արծաթի իոններ պարունակող ջրային լուծույթը, որը կարելի է ստանալ արծաթի էլեկտրոլիզի օգնությամբ, որպես արդյունավետ հակաբեղմանվորիչ միջոց, որովհետև տղամարդկանց սերմնաբջիջներն էլ են միաբջիջ:

Գալուստի գաղափարը դուր եկավ Մանվելին, մանավանդ ստուգելն այնքան էլ դժվար չէր: Սովորաբար մանրադիտակի տակ սերմնաբջիջներն աշխույժորեն շարժվում են: Եթե նրանց շարժումը դադարի կամ ինչպես բժշկության և կենսաբանության մեջ է ընդունված ասել՝ ֆիքսվի մի կաթիլ արծաթի իոններ պարունակող ջրային լուծույթից, ապա գաղափարը կարելի է համարել գործնականորեն ստուգված: Ընկերները պայմանավորվեցին գաղափարը գրանցել Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում` որպես օգտակար մոդել, եթե փորձերը հաջողությամբ ընթանան:

- Իմիջիայլոց, - ասաց Մանվելը, օգակար մոդելների, գյուտերի և նույնիսկ հայտնագործությունների գրանցումը Հայաստանում ամենաէժանն է՝ համեմատած մյուս երկրների հետ: Ընդամենը պետք է վճարել մի քանի հազար դրամ՝ 5000-15000 կամ 10-30 դոլար, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակում (USPTO), Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպությունում (WPO), կամ Եվրոպական արտոնագրային գրասենյակում (EPO) դա կարժենա բավականին թանկ՝ մոտ 5000-6000 դոլար:

- Ի՞նչ է տալիս գաղափարի հեղինակին կամ հեղինակներին մտավոր սեփականության արտոնագրումը, - հարցրեց Գալուստը:

- Նախ` հեղինակային իրավունք և հետո` աշխարհագրական պաշտպանվածություն, այսինքն ոչ ոք առանց հեղինակի կամ հեղանակների հետ պայմանավորվելու իրավունք չունի տվյալ երկրում կամ տարածաշրջանում արտոնագրված մտավոր սեփականությունից օգտվելու: 

- Ուրեմն, արժե արտոնագրել, - արձագանքեց նրան Գալուստը:

- Դա շատ օգտակար մտահղացում կլիներ, եթե գործնականորեն ապացուցվեր, - ասաց  Մանվելը, - չէ՞, որ ներկայումս մարդկության ամենակարևորագույն խնդիրներից մեկը՝ ծնելիության մակարդակի վրա վերահասկողություն սահմանելն է, իսկ դրա համար հուսալի և միևնույն ժամանակ առողջության համար անվնաս հակաբեղմնավորիչ միջոցներ են հարկավոր: Որոշ երկրների բնակչությունն, ինչպիսիք են Չինաստանը (մոտ 1,4 մլրդ մարդ) և Հնդկաստանը (մոտ 1,3 մլրդ մարդ), այնքան արագ են բազմանում, որ շուտով երկրագունդն ի վիճակի չի լինի ապահովելու մարդկությանն անհրաժեշտ բոլոր կենսականորեն անհրաժեշտ պայմաններով, հատկապես խմելու ջրով և սննդով: Ծնելիությունը բավականին բարձր է նաև մի շարք մահմեդական երկրներում: Իհարկե, այդ խնդիրը միայն ծնելիության մակարդակի վերահսկողությամբ չի լուծվի, քանի որ կան նաև սոցիալական, քաղաքական, կրոնական, ազգային և այլ բազմաթիվ պատճառներ:

- Փոքրիկ տղաս՝ Գագիկը, - ասաց Գալուստը ժպտալով, - կատակով հաշվել էր, որ եթե մեկ րոպեում երկրի վրայից անհետանար հազար չինացի, ապա նրանց բոլորի անհետացման համար կպահանջվեր մոտ 972 օր կամ մոտ երկու տարի և ութ ամիս, իսկ հնդիկների դեպքում՝ մոտ 902 օր կամ մոտ երկու տարի և վեց ամիս: Իհարկե, ոչ ոք չի ուզում, որ չինացիները կամ հնդիկները վերանան, մանավանդ նրանք հնագույն քաղաքակրթությունների կրողն են հանդիսանում: Անգամ այդ երկրների կառավարություններն են անհանգստացած տվյալ խնդրով, օրինակ՝ Չինաստանը ծնելիության մակարդակը կարգավորելու նպատակով, խիստ սահմանափակումներ է մտցրել, ըստ որի յուրաքանչյուր չինացի ընտանիք իրավունք ունի ունենալու ընդամենը մեկ երեխա: Դպրոցական որդուս չարաճիճի, կատակով կազմած խնդիրը պատկերավոր կերպով ահազանգում է երկրագնդին սպառնացող գերբնակեցման վտանգի մասին, - ծիծաղելով ասաց Գալուստը: 

Փորձերը հուսադրող էին, ավելի ճիշտ մանրադիտակի առարկայական ապակու վրա տղամարդկանց սերմնահեղուկի կամ այսպես կոչված սպերմայի վրա արծաթի իոնային լուծույթը միանգամայն կործանարար ազդեցություն էր թողնում, և ոչ մի սերմնաբջիջ կամ սպերմոտոզոիդ չեր փրկվում. նրանք բոլորն անխտիր ֆիքսվում էին, այլ կերպ ասած՝ դադարում էին գոյություն ունենալուց: Գալուստն ու Մանվելը չափազանց ոգևորված էին արդյունքներով, քանի որ արծաթի լուծույթն, ի տարբերություն բորաթթվի և կալիումի պերմանգանատի, անվնաս է, որոնք կանայք օգտագործում էին սեռական ակտից հետո որպես հակաբեղմնավորիչ միջոց: Արծաթի լուծույթը նաև օժտված է ախտահանիչ հատկություններով, ինչպես բորաթթուն ու կալիումի պերմանգանատը: Իմիջայլոց, բորաթթուն այլևս խորհուրդ չի տրվում օգտագործել որպես հակաբեղմնավորող միջոց, որովհետև բացասաբար է անրադառնում կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Հենց այդ հատկության շնորհիվ է, որ ներկայումս բորաթթվով վերացնում են խավարասերներին, ավելի ճիշտ նրանց զրկում են վերարտադրվելու հնարավորությունից:

Փորձերը հաջողությամբ պսակվեցին: Տղամարդու սերմնահեղուկը մշակվելով արծաթի լուծույթով, մի անգամից  դառնում էր ոչ պիտանի, քանի որ նրա պարունակության մեջ մտնող բոլոր սերմնաբջիջներն անմիջապես ֆիքսվում էին: Մանվելն առաջարկեց  համեմատության համար թորած ջրով և խմելու ջրով մշակել սերմնահեղուկը: Արդյունքն ավելի քան զարմանալի էր: Սերմնաբջիջներն անմիջապես  ֆիքսվում էին նաև թորած ջրի և սովորական խմելու ջրի ազդեցություննից: Փորձնական եղանակով պարզվեց, որ ջուրը նույնպես հիանալի հակաբեղմնավորիչ միջոց է:

- Ի՞նչն է պատճառը, - հարցրեց Գալուստը Մանվելին, - ինչպե՞ս կարող է սովորական խմելու ջուրը կործանարար լինել սերմնաբջիջների համար:
- Առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց կարող ենք գնալ ընկերոջս՝ Սուրենի մոտ, պատասխանեց Մանվելը, - քանի որ նա զբաղվում է հավերի վերարտադրողական ֆունկցիայի աճի խնդիրներով: Միգուցե նա կարողանա բացատրել, թե՞ ինչ է կատարվում:

Սուրենն աշխատում էր նույն գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ և Մանվելը: Նրա աշխատասենյակը բավականին ընդարձակ էր: Սենյակի մի անկյունում դրված էր լաբորատոր աշխատանքների համար նախատեսված ուղղանկյունաձև, երկար սեղանը, որը բեռնված էր բազմաթիվ սրվակներով, քիմիական նյութերով լցված անոթներով, գործիքներով, և մանրադիտակով, իսկ լվացարանի վերևում տեղադրված էր ջրի թորման սարքը: Սենյակի մի այլ անկյունում կար մի մեծ գրապահարան, որտեղ Սուրենի մասնագիտական գրքերն էին և փորձամատյանները: Նա նստած էր գրասեղանի մոտ և ինչ-որ հաշվարկներ էր անում, երբ ընկերները եկան: Սովորաբար Սուրենը լաբորատոր ուսումնասիրությունների համար հատուկ գործիքի օգնությամբ վերցնում էր աքլորների սպերման, որն, ի զարմանս Գալուստի և Մանվելի, հեղուկ չէր, այլ փոշի, կամ ավելի ճիշտ՝ սերմնափոշի: Այն պահպանելու համար նա օգտագործում էր ֆիզիոլոգիական լուծույթ: Վերջինս, պարզապես թույլ խտությամբ, թորած ջրի մեջ պատրաստված աղաջուր է: Համաձայն Սուրենի բացատրության, միայն ֆիզիոլոգիական լուծույթի մեջ են սերմնաբջիջները տևական ժամանակ պահպանում իրենց կենսունակությունը:

- Սովորական խմելու ջուրն անմիջապես ոչնչացնում է սպերմատոզոիդներին, - ասաց Սուրենը: Այսինքն, կարելի է ասել, որ ամենահարմար, ամենաանվնաս և ամենարդյունավետ հակաբեղմնավորիչ միջոցը՝ դա ջուրն է: Տղամարդու սպերման պարունակում  է ավելի քան մի քանի հարյուր միլիոն սպերմատոզոիդներ, որոնցից միայն մեկն է սեռական ակտից հետո հասնում կնոջ Ֆալոպյան փողերին և բեղմնավորում ձվաբջիջը:  Իմիջայլոց, ձբաբջիջը մոտավորապես 0,1-0,2 մմ չափեր ունի, այսինքն նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, մինչդեռ սպերմատոզոիդը միայն կարելի է տեսնել մանրադիտակի առարկայական ապակու վրա, քանի որ մոտ երեսուն անգամ փոքր է ձվաբջջից: Տղամարդը համարվում է անպտուղ, եթե նրա սպերմատոզոդիների մոտ մեկ երրորդն է միայն  շարժուն կամ կենդանի: Դա նշանակում է, որ եթե նույնիսկ խմելու ջուրը սեռական ակտից հետո ինչ-ինչ պատճառներով ֆիզիկապես չշփվի սպերմատոզոիդների մի մասի հետ, միևնույն է այդքան քիչ քանակությամբ սպերմատոզոիդները չեն կարող հասնել Ֆալոպյան փողերին և բեղմնավորել ձվաբջիջը:

- Բա ինչու՞ են արևմտյան մի շարք երկրներում կանայք որպես հակաբեղմնավորիչ միջոց օգտագործում հորմոնալ նախապատրաստուկներ, որոնք, ըստ երևույթին, այնքան էլ անվնաս չեն, - բացականչեց Գալուստ: Միթե՞ գիտնականները և բժիշկները Արևմուտքում, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների նման զարգացած երկրում դա չգիտե՞ն: Չե՛մ հավատում:

- Իհարկե, գիտեն, բայց դեղագործությունն ամենախոշոր և ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկն է ամբողջ աշխարհում, - ասաց Սուրենը:

- Բայց դա խաբեությու՜ն է, - հուզված բացականչեցին Գալուստն ու Մանվելը:

- Այո՛, խաբեություն է, ի՞նչ կարող ենք անել: Ինչպես Զամբախովն էր ասում Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության մեջ. «Դիփ խափիլ է, խափիլ ու խափիլ…», «Ամեն բանումը խափում ինք ու խափում ինք…», «Մենք էլ դիփ խափված ինք ու խափած ինք…»


Գլենդել, Կալիֆորնիա

16 մարտի, 2016թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...