Monday, June 1, 2015

Տարեց փայտահատը

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը դուրս եկավ Խորհրդային Միության կազմից և հռչակեց իր անկախությունը: Ինչպես, ծագումով փյուռիգացի, առակագիր Եզոպոսն էր ասում. «Ազատության ճանապարհի սկիզբն անհարթ է, նեղ, զառիվեր ու անջուր, տատասկոտ ու վտանգներով լի, իսկ վերջը հարթ է ու հավասար, պտղաբեր պուրակներով ու ջրառատ, որպեսզի բոլոր տառապանքները պսակվեն հանգստությամբ, իսկ ստրուկության ճանապարհի սկիզբը հարթ է ու հավասար, ծաղկապատ, արտաքուստ հաճելի և զվարճալիքներով լի, վերջը՝ նեղ, զառիվայր ու քարքարոտ»

Եվ իրոք, անմիջապես անկախությունից հետո, մենք բոլորս զգացինք, թե ինչ է անկախությունը, և ինչ դժվարություններ և վտանգեր կան մեր առջևում: Դեռևս չէին վերացվել 1988թ. ահավոր, ավերիչ ու մարդակործան երկրաշարժի ողբերգական հետևանքները, սկսվեց դրամի անվերահսկելի արժեզրկումն ու տնտեսության սրընթաց քայքայումն, ինչպես նաև արցախյան հերոսամարտը մեր անարգ թշնամու՝ ադրբեջանցիների հետ, որը փառք աստծո պսակվեց հայերի փառապանծ հաղթանակով:

Առանձնապես անտանելի էր ու դժվար առանց էլեկտրականության և բնական գազի ապրելը: Աղետալի կերպով վատացավ սննդի մատակարարումը, իսկ հացը դարձավ կտրոններով: Հակառակի պես այդ տարիներին բավականին խիստ ձմեռներ էին լինում համարյա ամբողջ Հայաստանում, ինչպես նաև մայրաքաղաքում՝ Երևանում:

Մենք մեր տունը ցուրտ ամիսներին, որոնք սովորաբար Երևանում սկսվում են նոյեմբերի սկզբին և վերջանում ապրիլի վերջին, տաքացնում էինք վառելափայտով: Շատերն էին այդպես վարվում, ավելի ճիշտ նրանք՝ ովքեր հնարավորություն ունեին վառելափայտ գնելու: Ամեն տարի ես գնում էի մոտավորապես հինգ-վեց խորանարդ մետր վառելափայտ, որը կոտրել էի տալիս փայտահատներին: Նրանք մի ամբողջ օր տանջվելով, սկզբում սղոցում էին ծանրաքաշ ծառի գերանները, վերածելով մոտ քառասուն սանտիմետր երկարության կոճղերի, այնուհետև կացնով կոտրատում, իսկ ես ջանասիրաբար ու խնամքով շարում էի դրանք բակում հատկացված հատուկ ծածկի տակ: Սակայն կոճղերի մի մասը, հատկապես շատ ոստոտները, հնարավոր չէր լինում կոտրել և դրանք տարիների ընթացքում մնում, կուտակվում էին մեր բակում:

Եվ ահա, այդ բազմաոստ կոճղերից չորս հինգ տարվա ընթացքում մի քանի խորանարդ մետր վառելափայտ գոյացավ, ըստ որում բավականին մեծ այրման տեսակարար գործակցով՝ շնորհիվ հենց ոստերի, քանի որ նույն քանակի ոստոտ վառելափայտն ավելի խիտ կառուցվածք ունենալով, այրվելիս ավելի շատ ջերմություն է տալիս, քան առանց ոստերի փայտը:

Ես որոշեցի ինքս կոտրել այդ բազմաոստ կոճղերն ամռանը՝ գալիք ձմռան համար: Շուկայից գնեցի երկու հատ երկաթյա սուր սրված սայրեր և փորձեցի դրանց միջոցով ճեղքել կոճղերը, բայց չկարողացա: Փորձեցի նաև փայտյա սեպերի միջոցով, և դարձյալ իմ ջանքերն իզուր անցան: փորձելով բոլոր իմ իմացած հնարքները և հաջողության չհասնելով, որոշեցի փորձառու և ուժեղ փայտահատներ հրավիրել: Միգուցե, նրանք կարողանային ջարդել այդ, իմ կողմից բազմիցս արդեն «չարչարկված», ոստաշատ կոճղերը: Հայտարարությամբ գտա երկու ամրակազմ և համեմետաբար երիտասարդ փայտահատների, որոնք ինձ հավաստիացրեցին, որ կարող են կոտրել, բայց պահանջեցի երկու անգամ ավելի գումար, քան սովորական կոճղերի համար: Ես ճարահատյալ, բայց նաև սիրով համաձայնվեցի, որովհետև անձնական փորձից ելնեով գիտեի էի, թե ինչքան դժվար ու տանջալի գործ էի առաջարկում: Փայտահատներն անմիջապես անցան գործի. մի քանի ժամ շարունակ նրանք տանջվում, բայց չէին կարողանում կոտրել կոճղերը: Վերջապես, նրանք խոստովանեցին, որ անզոր են կոտրելու՝ նշելով նաև, որ առաջին անգամ են այսքան պինդ ոստերի հանդիպում իրենց աշխատանքի ընթացքում ու հեռացան: Ես գտա և հրավիրեցի այս աշխատանքի համար ուրիշ փայտահատների նույնպես, բայց նրանք էլ ի վիճակի չեղան կոտրատելու այդ ժայռի պես ամուր կոճղերը:

Աշնաևը ձմռան համար վառելափայտ գնելիս, վարորդին գանգատվեցի, որ կուտակված ոստոտ կոճղեր ունեմ, տարեցտարի դրանք ավելանում են և չգիտեմ, թե ինչ անեմ: Նա ասաց, որ ինքը հմուտ ու փորձառու մի փայտահատի կբերի, որը բոլորն էլ կկոտրի՝ այն էլ սովորական գնով, այլ ոչ թե կրկնակի: Ես, ճիշտն ասաց, թերահավատությամբ լսեցի նրան, որովհետև այլևս չէի հավատում, որ երբևէ որևէ մեկը կկարողանա կատարել անհնարին թվացող ու դժվարին այդ աշխատանքը…

Խոստացված օրը, առավոտյան ժամը ութին նա եկավ մի տարեց, հաղթանդամ մարդու հետ, որը պետք է կոտրեր այդ բազմաոստ ու չկոտրատվող կոճղերը: Ես մի կողմ տարա վարորդին և անհանգստացած հարցրեցի.

- Այս մարդը քանի՞ տարեկան է:

- Վաթսունինը, - հանգիստ պատասխանեց նա:

- Համոզվա՞ծ ես, որ կկարողանա կոտրել: Ինչքա՜ն երիտասարդ և ամրակազմ փայտահատներ եկան, բայց անզոր եղան կոտրելու, - ասացի ես:

- Լիովին վստահ եմ, որ կկոտրի, - պատասխանեց նա:

- Ի՜նչ եղավ է, - սրտնեղեց փայտահատը, - ես լիքը գործեր ունեմ, հլա երկու տեղ էլ պիտի հասցնեմ գնամ՝ փայտ կոտրելու:  

Ես առանց խանդավառության, նույնիսկ մի փոքր անտարբերությամբ ասացի.

- Լավ, սկսի՛ր: Եթե կարողանաս կոտրել կրկնակի կվճարեմ, ինչպես խոստացել էի մյուսներին:

- Ինձ կրկնակի վճար պետք չի, - ասաց տարեց փայտահատը, - հեսա երկու ժամից կվերջացնեմ, դու միայն ինձ հասանելիք գումարը պատրաստի, - փնփնթաց նա:

Հետո հիմացա, որ կինն անկողնային հիվանդ է, իսկ իրենք ընտանիքով հազիվ էին փրկվել Խորհրդային Միության դավադիր համաձայնությամբ իրականացված Սումգայիթյան վայրագ ջարդերից, որոնք ի կատար էին ածվել՝ որպես պատասխան արցախյան ազատագրական շարժման ելած հայ ժողովուրդի խաղաղ ցույցերին:

Տարեց փայտահատը հանեց վերնաշապիկը և իր կացնով սկսեց այնպես հեշտ ու հանգիստ կոտրատել փայտերը, որ կարծես դրանք բոլորովին էլ ոստոտ չլինեին: Կինս սկուտեղով սուրճ, մրգեր և խմորեղեն բերեց, բայց նա կտրականապես հրաժարվեց հյուրասիրությունից, պատճառաբանելով, որ ժամանակ չունի և պետք է արագ վերջացնի գործը, որպեսզի գնա մյուս գործերի հետևից:

Եվ իրոք, քանի որ շտապում էր, նա այդ ընթացքում ոչ մի անգամ չհանգստացավ: Տարեց փայտահատը կատարալապես տիրապետում էր իր գործին և ուժն էլ ավելին էր, քան նրանից առաջ եկած, իրենից բավականին երիտասարդ փայտահատներինը:

Նա, ինչպես խոստացել էր, ընդամենը երկու ժամում ամբողջ ցախը մանր կոտրատեց իր կացնով, փողը վերցրեց և շտապեց հերթական պատվիրատուի մոտ:

Կալիֆորնիա, Գլենդել
29 մայիսի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...