Tuesday, February 10, 2015

Զգուշավորները/Զուգադիպություն


Գագիկ Զարգարյանի մայրն աշխարհագրության ուսուցչուհի էր, իսկ հայրը` Պետական Անվտանգության Կոմիտեի`ՊԱԿ-ի սպա: Գագիկը մանկուց հպարտանում էր իր հորով: Ընդանրապես Հայաստանում, ինչպես նաև ամբողջ Խորհրդային Միությունում անկեղծ վախ, իսկ վախից դրդված «հարգանք» և «ակնածանք» կար ՊԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ:
            
Ռուսների մոտ ՊԱԿ-ը հայտնի էր որպես КГБ*, իսկ արևմտյան երկրներում որպես KGB: Ի միջի այլոց, արևմտյան երկրներում մարդիկ նույնքան շատ էին վախենում էին KGB-ից, ինչքան Խորհրդային Միության քաղաքացիները, միգուցե և ավելի շատ, քանի որ ավելի տեղեկացված էին վերջինիս տխրահռչակ գործունեության մասին, քան նրա ձեռքին տանջված, հաշմված, պատվազրկված և գնդակահարված շատ քաղաքացիներ, որոնց անվտանգությունը մեծամասամբ պաշտպանվում էր հենց իրենցից` պաշտպանյալներից…
            
ՊԱԿ-ը գործել է 1954թ.-1991թ.ը, մինչև Խորհրդային Միության փլուզվելը: Մինչ այդ այն կոչվում էր Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատ` ՆԳԺԿ: Ամենասարսափելի իրադարձությունները հենց ՆԳԺԿ-ի օրոք են տեղի ունեցել: Գագիկի հայրը դեռևս այդ ժամանակներից ծառայում էր այնտեղ…Իհարկե, նա այնքան «հայտնի» չէր, որքան Ստալինի և Բերիայի այն հլու-հնազանդ կամակատարները, ինչպիսիք էին Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղարներ` Ա. Ամատունին, Ստ. Ակոպովը, ՆԳԺԿ-ի կոմիսար` Խ. Մուղդուսին և այլոք: Գագիկի հայրը ակտիվորեն մասնակցել էր ստալինյան հետապնդումներին` անձի պաշտամունքի տարիներին: Հայտնի է, որ այդ տարիներին ավելի քան հինգ միլիոն մարդ էր աքսորվել Խորհրդային Միությունում, որոնցից մոտ մեկ միլիոնն անտեղի գնդակահարվել էր որպես «ժողովրդի թշնամի» կամ «պետական դավաճանության», զանազան օտար երկրների օգտին «լրտեսելու» և այլ զրպարտությունների համար:
            
Գագիկի հայրը` Զավեն Զարգարյանը կտտանքների գծով վարպետ էր: Նա Թբիլիսիում հատուկ դասընթացներ էր անցել` անմեղ մարդկանց կտտանքների և տանջանքների միջոցով խոստովանեցնել սովորելու նպատակով: Նրա ուսուցիչը` ոմն Ասլանով, Վրաստանի ՆԳԺԿ-ի հինգերորդ բաժնի ղեկավարն էր, ով Բաքվի և Երևանի ՆԳԺԿ-երի աշխատակիցներին սովորեցնում էր, ինչպես «արագ ցուցմունքներ կորզել» ձերբակալվածներից: Ասլանովն արյունարբու մի գազան էր, սադիստ ու վայրենի, իսկ նրա լավագույն աշակերտը՝ Զավեն Զարգարյանն էր…Նա նաև հմուտ բանսարկու էր ու մատնիչ: Զավեն Զարգարյանը չեր խղճում և չէր խնայում ոչ ոքի… Խորհրդային իշխանությունն «արժանավույնս» գնահատելով նրա «արժանիքները» պարգևատրել էր նրան բազմաթիվ մեդալներով և շքանշաններով:
            
ՊԱԿ-ի մայոր Զ. Զարգարյանը հարգված էր իր ընտանիքում: Նրան գրեթե ակնածանքով էին վերաբերվում, թե՛ կինը, և թե՛ միակ որդին: Չնայած, նա գրեթե չէր պատմում իր ծառայության մասին, բայց ընտանիքում իմանում էին նրա կառավարական պարգևների և դրամական պարգևատրումների մասին, որոնք լուռ ապացույցն էին այն բանի, որ մայորը պահանջված և գնահատված էր իշխանության կողմից: Ի լրումն այդ բոլորի, մայոր Զարգարյանն օգտվում էր ՆԳԺԿ-ի, իսկ հետագայում նաև ՊԱԿ-ի խանութներից, որտեղ գները զգալիորեն ցածր էին, իսկ ապրանքների որակն անհամեմատ բարձր: Նա ուներ նաև այլ արտոնություններ...
             
Նրա կինն ու որդին ապահովված էին գլխավորապես արտասահմանյան արտադրության զանազան ապրանքատեսակներով՝ կոշկեղեն, հագուստ, կենցաղային տեխնիկա և այլն, որոնք այն ժամանակ հարգի էին, շնորհիվ իրենց զգալի բարձր որակի: Նրա որդին դեռևս դեռահաս հասակում ուներ այն ամենը, որ նրա շատ հասակակիցներ պարզապես կերազեին ունենալ՝ ամերիկյան «Վրանգլեր*» և «Լեվիս*» ջինսեր, ճապոնական «Սոնի*», մագնիտոֆոն, հոլանդական «Գրունդիգ*» ռադիոընդունիչ, արտասահմանյան էստրադայի հանրահայտ խմբեր` «Դը Բիթլսների*», «Քուինի*», «ԱԲԲԱ-ի*», «Չիկագոյի*», «Դը Զոմբիսի*» և այլն, երգիչներ`Էլվիս Փրեսլիի*, Ռեյ Չարլզի*, Կառլոս Սանտանայի*, Դայանա Ռոսի*, Էլթոն Ջոնի*, Թոմ Ջոնսի* և այլոց ձայնասկավառակները և այլն: Գագիկի հայրը խստորեն արգելել էր նրան ձայնասկավառակներն ուրիշներին տրամադրելը: Այդ պատճառով նա նույնիսկ իր մտերիմ համալսարնական ընկերոջը՝ Մանվելին չէր ասում դրանց մասին:

Դրսում, նույնիսկ ազգականները շատ քիչ բան գիտեին մայոր Զարգարյանի մասին: Տանը նա բազմիցս զգուշացրել էր, որ ինչ խոսվում է ընտանիքում, պետք է խիստ գաղտնի մնա շրջապատից՝ ընկերներից, հարևաններից, ազգականներից և այլն: Անկեղծ ասած, տվյալ իրադրության մեջ նրա հորը շատ կսազեր <գող, սիրտը դող> հայկական հայտնի ասացվածքը, որն օգտագործվում է ոչ միայն գողության այլ նաև ցանկացած այլ հանցագործության դեպքում: Իրոք, եթե մարդկանց հետապնդում, բանտարկում աքսորում էին պետական շահերից ելնելով, ապա ինչու՞ էին այդ բոլորն իրականացողներն այդքան խնամքով քողարկվում ու  թաքնվում: Նրա կնոջ աշխատակիցների և որդու ընկերների համար, մայոր Զարգարյանը մի համեստ գրասենյակային աշխատող էր... Զարգարյանները գրեթ հյուր չէին գնում և տանն էլ  հազվադեպ էին հյուրեր ընդունում:
            
Որդին՝ Գագիկն անչափ հպարտանում էր իր «փառապանծ» հորով և չափազանց շատ էր ուզում պատմել նրա «սխրագործությունների» մասին, բայց դեռ մանկուց դաստիարակվել էր լինել զուսպ և զգուշավոր:  Զգուշավորությունը նրա բնավորության գլխավոր գիծն էր, մտահոգությունը, «հիվանդությունը»... Զգուշավոր լինելով, նա դարձել էր ամաչկոտ ու վեհերոտ և չէր կարողանում շփվել մարդկանց հետ, ծանոթություններ հաստատել: Գագիկը գրեթե չուներ մտերիմ ընկերներ և սիրած աղջիկ, չնայած արդեն քսանվեց տարեկան էր: Նա շատ էր ուզում, հատկապես սիրած աղջիկ  ունենալ, սիրել և սիրվել, ինչպես ուրիշները...
            
Գագիկը համակրում էր մի աղջկա, որն աշխատում էր նույն բաժնում, որտեղ համալսարանն ավարտելուց հետո ինքն էր աշխատում: Աղջիկը նույնքան ամաչկոտ, ինքնամփոփ և զգուշավոր էր, ինչքան նա: Միգուցե, դա էր պատճառը, որ աղջիկը հրապուրում, գերում  էր նրան...
            
Աղջիկը բարձրահասակ էր, ինչպես Գագիկը և նույնքան համակրելի: Նա սպիտակամաշկ, ձյութի պես սև մազերով, սև խոշոր աչքերով մի քնքուշ էակ էր: Նրա աչքերի մեջ անորոշություն կար: Նա կարծես դեռ չէր որոշել մի շատ կարևոր բան: Հենց այդ հայացքն էր ձգում, դեպի իրեն քաշում Գագիկին: Գայանեն, այդպես էր աղջկա անունը, գրեթե միշտ Գագիկի մտքերի մեջ էր՝ քնած, թե արթմնի:
            
Աղջիկը նկատում էր Գագիկի հրապուրվածությունը, բայց ինքն իր հերթին ոչ մի նախաձեռնություն չէր ցուցաբերում, չնայած համակրում էր նրան: Նկատելով նրանց անորոշ հարաբերությունները, բաժնի վարիչը դիմեց մի խորամանկ քայլի. նա Գագիկին և Գայանեին մի համատեղ աշխատանք հանձնարարեց, որը հնարավորություն տվեց նրանց մտերմանալու: Անկասկած, առանց բաժնի վարիչի միջամտության, նրանք երբեք չէին ընկերանա...
            
Մի քանի օր անց, Գագիկն այնքան քաջություն ունեցավ, որ ամեն ինչ պատմեց Գայանեին...
            
Գայանեն հիացած էր և միաժամանակ զարմացած: Նա ասաց.
            
- Իմ հայրն էլ է այնտեղ աշխատում՝ Հատուկ բաժնում;
            
- Ի՜նչպիսի զուգադիպություն, - ասաց Գագիկը:
            
Մի քանի ամիս անց Գագիկն ու Գայանեն ամուսնացան: Նրանք հարսանիք չարեցին. բավարարվեցին ընդամենը ընտանեկան խնջույքով, որին ներկա էին միայն նրանց ընտանիքի անդամները: Խնջույքին ներկա միակ օտար մարդը Գայանեի համալսարանական ընկերուհի՝ Լաուրան էր, որի ներկայությունը որոշակի «լարվածություն» ստեղծեց ամբողջ երեկոյի ընթացքում... Գագիկի համալսարանական միակ մտերիմ ընկերը՝ Մանվելը հրավիրված չէր խնջույքին: Նա միայն երկու տարի անց իմացավ, որ իր ընկերն ամուսնացել է...

*(Комитет Государственной Безопасности)
*Wrangler, *Levis, *Sony, *Grundig
*The Beatles, *Queen, *ABBA, *Chicago, *The Zombies
* Elvis Presley, *Ray Charles, *Carlos Santana, *Diana Ross, *Elton John, *Tom Jones

Մարտին Շիրինյան
Մոսկվա-Լոս Անջելես թռիչք
27 հունվարի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...