Sunday, October 26, 2014

«Քաղաքակիրթ» չուկչին


Ես գործուղման մեջ էի Խորհրդային Միության մայրաքաղաքում՝ Մոսկվայում: Քաղաքի ծայրամասում գտնվող մի գիտահետազոտական ինստիտուտում ամբողջ օրն աշխատելուց հետո, սաստիկ քաղցած լինելով, որոշեցի գնալ քաղաքի կենտրոն և ճաշել, քանի որ այնտեղի ռեստորանաները խիստ տարբերվում էին ճաշատեսակների որակով ու բազմազանությամբ, ինչպես նաև սպասարկման կուլտուրայով:
            
Մի քանի ավտոբուս փոխելուց հետո վերջապես հասա քաղաքի կենտրոն: Մի քիչ քայլելուց հետո տեսա «Մետրոպոլ» ռեստորանը: «Մետրոպոլը» միջազգային կարգի ռեստորան էր, այսինքն կարգ ու կանոնի և որակի առումով ավելի բարձր, քան նույնիսկ շքեղ սովորական ռեստորանները Մոսկվայի կենտրոնում: Այդպիսի ռեստորանները չնայած նախատեսված էին գլխավորապես արտասահմանցիների համար, բայց երբեմն տեղացիներին էլ էին թույլատրում այնտեղ ճաշել, հատկապես, երբ թափուր սեղաններնը շատ էին:   
            
Ես ներս մտա և մատուցողուհուն խնդրեցի ինձ առաջնորդել մի որևէ սեղանի մոտ: Մատուցողուհին նրբագեղ արտաքինով, գեղեցիկ, ոսկեգույն, շրջանակավոր ակնոցով, խստաբարո, բայց միևնույն ժամանակ չափազանց քաղաքավարի, միջահասակ մի կին էր: Նա ինձ և բարետես արտաքինով մի չուկչի տղամարդու առաջնորդեց սրահի մեջտեղում գտնվող սեղաններից մեկի մոտ: Մատուցողուհին, ճաշացուցակները մեզ հանձնելով, հեռացավ: Մենք մի քանի րոպե ժամանակ ունեինք ճաշատեսակներ, խմիչք և այլն ընտրելու համար:  
            
Ես շատ արագ ընտրություն կատարեցի և սկսեցի շուրջ բոլորս դիտել: Ռեստորանը բավական լավ կահավորված էր. աթոռները և սեղանները շատ հարմարավետ և շքեղ տեսք ունեին, իսկ բյուրեղյա ջահերն առատորեն լուսավորում էին սեղանները, որոնք ծածկված էին ձյունասպիտակ, քաթանե  սփռոցներով: Ամենուրեք մաքուր էր ու պսպղուն, հատկապես սեղանները:
            
Քանի որ դեռ ժամանակ կար, ես սկսեցի ուսումնասիրել նաև չուկչուն: Նա երիտասարդ էր, մոտ 30-35 տարեկան, հագել էր թանկարժեք, մուգ կապույտ գույնի կոստյում, որի տակից երևում էր վառ կարմիր վերնաշապիկը և դեղնա-կապտավուն նախշերով փողկապը: Վառ կարմիր գույնի, խնամքով ծալած թաշկինակի եռանկյունաձ ծայրը երևում էր նրա բաճկոնի վրայի կրծքագրպանից, համընկնելով վերնաշապիկի գույնի հետ: Ի տարբերություն նրա, ես շատ հասարակ էի հագնված՝ երկնագույն ջինսե տաբատ և կանաչավուն մի վերնաշապիկ:
            
Վերջապես մատուցողուհին եկավ և վերցրեց մեր պատվերները: Ես ասացի, թե ինչ եմ ուզում պատվիրել, իսկ չուկչին լուռ մատով ցույց տվեց իր պատվերները ճաշացուցակում: Ըստ երևույթին, իմ սեղանակիցը քչախոս էր:  Այդ պատճառով ես չփորձեցի նրա հետ խոսքի բռնվել:
             
Մի փոքր անց մատուցողուհին բերեց մեր պատվիրած ճաշերը և ընգծված քաղաքվարությամբ ու նրբագեղությամբ շարեց սեղանին: Ես սկսեցի զգուշությամբ ուտել, քանի որ ցանկացած անզգույշ շարժումի դեպքում սփռոցը կարող էր կեղտոտվել: Նկատեցի, որ ռեստորանի մյուս այցելուներն էլ էին ինձ նման զգուշանում, բացի չուկչուց…

Նա որպես առաջին ճաշատեսակ հավով ապուր էր պատվիրել: Ապուրի մեջ «այսբերգի» նման հավի մի թև էր ցցված: Չուկչին գդալով կերավ ապուրի ջրիկ մասը, իսկ ձեռքերով սկսեց ուտել հավի թևը: Նա ջանասիրաբար կրծում էր ամեն մի ոսկորը, լիզում, մաքրազարդում էր այն ու խնամքով շարում իր ափսեի ձախ կողմում՝ հենց սփռոցի վրա… Որպես երկրորդ ճաշատեսակ մատուցողուհին նրա համար բերեց տապակած հավ: Երևում է չուկչին վաղուց հավ չէր կերել կամ էլ իր երկրամասում՝ հյուսիսում, որտեղ ապրում էր, ավելի տարածված էր իշայծամի և տավարի միսը…
            
Իմիջիայլոց, տապակած հավը շատ համով էին պատրաստում խորհրդային մի շարք ռեստորաններում՝ հայկական կամ վրացական ձևով. հավը բացում էին մեջտեղից և ապխտում աղով, աղացած կծու կարմիր բիբարով, աղացած սև բիբարով, սոխով, սխտորով, ցիտրոնով և ռեհանով, այնուհետր մի քանի ժամ թողնելուց հետո այն տեղավորում հսկայական, մոտ մեկ մետր տրամագծով  թավայի  մեջ, վրան ծանրություն դնում ու ձեթով տապակում: Այսպիսի թավայի մեջ միաժամանակ տեղավորվում էր երեսունից երեսունհինգ հավ…
            
Չուկչին շարունակում էր ախորժակով ուտել տապակած հավը՝ խնամքով լպստելով և կանոնավոր կերպով հավի ոսկորները շարելով իր ափսեի կողքին… Ես սարսափած նայում էի ձյունասպիտակ, քաթանե սփռոցի վրա հետզհետե ավելացող ոսկորներին և նրանցից առաջացած խայտաբղետ բծերին… Մտքումս ասում էի. «Տե՜ր Աստված, տեսնես ի՞նչ կանի մատուցողուհին, եթե տեսնի դա հաշիվը փակելիս…Հանկարծ չսպանի՞ էս խեղճին»…
             
Քանի մոտենում էր մատուցողուհու վերադառնալու պահը, այնքան ես նյարդայնանում էի: Ինչ վերաբերվում էր չուկչուն, ապա նա շատ հանգիստ էր ու կշտացած: Չուկչին շատ գոհ էր ու բավարարված և, ինձ նման, սպասում էր մատուցողուհուն՝ հաշիվը փակելու համար:
            
Հանկարծ ես գլխի ընկա. «Աաստվա՜ծ իմ, նա հանգիստ է, որովհետև կարծում է, որ շատ քաղաքկիրթ ձևով է վարվել, իսկ ապացույցն ի ցույց դրված հավի ոսկորների կանոնավոր շարվածքն է ձյունասպիտակ քաթանե սփռոցի վրա»…
            
Փաստորեն, մատուցողուհին, եթե նույնիսկ զայրանա կամ հանդիմանի նրան, ապա չի կարողանա ապացուցել, որ նրա արարքն առնվազն փնթիություն է…
            
Վերջապես մատուցողուհին եկավ և ի զարմանս ինձ, կարծես չնկատեց  հավի ոսկորները, որոնք կողք-կողքի, կանոնավոր կերպով շարված էի չուկչու ափսեի կողքին, հենց սփռոցի վրա՝ մոտ քսանհինգից երեսուն սանտիմետր երկարությամբ: Ես ապշած էի, միաժամանակ ուրախ, որ տհաճ կամ նույնիսկ սկանդալային միջադեպ տեղի չունեցավ: Թեթևացած շունչ քաշեցի…
            
Չուկչին հեռացավ, նույնիսկ ցտեսություն չասաց ո՛չ ինձ, ո՛չ էլ մատուցողուհուն:
            
Մատուցողուհին ինձնից գումարը գանձելուց հետո սկսեց անտրտունջ հավաքել սեղանի սփռոցի վրայի ոսկորները:
            
«Տե՜ր Աստված, փաստորեն մեր բարետես մատուցողուհին նկատել էր «քաղաքակիրթ չուկչու» կողմից խնամքով շարված հավի ոսկորների կույտն օսլայած, ձյունասպիտակ սփռոցի վրա… Ակնհայտորեն դա նրա առաջին չուկչի այցելուն չէր»…
               
 Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդեյլ
10 հոկտեմբերի, 2014թ.

Հպանցիկ սեր


Մենք՝ երեքս միասին աշխատում էինք մի հետազոտական ինստիտուտի փոքրիկ լաբորատորիայում: Լաբորատորիայի ամենաերիտասարդ աշխատակիցները մենք էինք՝ Մանեն` մի գեղեցիկ ու խանդոտ աղջիկ, որ արդեն հասցրել էր ամուսնալուծվել, Հովիկը և ես: Մնացած աշխատողներն ավելի տարիքով էին և լուրջ, կարծես` ամբողջ աշխարհի հոգսն իրենց էին տվել, որովհետև շատ լուրջ գիտական խնդիրներով էին զբաղված: 
           
Մենք՝ երեքս, երևի մեր տարիքի պատճառով, հաճախ առանձնանում էինք նրանցից: Երբեմն միասին ընդմիջման էինք դուրս գալիս, իսկ քանի որ Մանեենց բնակարանը բավականին մոտիկ էր մեր աշխատավայրին, մենք ժամանակ առ ժամանակ հյուրընկալվում էինք այնտեղ:

Մի օր Մանեն ընդմիջման ժամին մեզ հրավիրեց իրենց տուն՝ իր պատրաստած տորթը ճաշակելու: Պետք է նշեմ, որ նա բավականին համեղ էր պատրաստում, և մենք, իհարկե, հաճույքով համաձայնվեցինք: Մենք՝ երեքս, բարձր տրամադրությամբ, ոտքով ուղևորվեցինք Մանեենց տուն: Ճանապարհին ես նռան հյութ գնեցի, իսկ ընկերս՝ Հովիկը՝ պաղպաղակ: Հովիկն ամբողջ ճանապարհին կատակում էր: Ես վաղուց էի նկատել, որ նա անտարբեր չէ Մանեի նկատմամբ, չնայած Մանեն իբր դա չէր նկատում: Միգուցե պատճառը Հովիկի ցածր հասակն էր… Սակայն դա չէր խանգարում Մանեին խանդելու այն բոլոր աղջիկներին, որոնց մենք հանդգնում էինք նայել նրա ներկայությամբ: Այդ պատճառով մենք Մանեի ներկայությամբ աշխատում էին զուսպ լինել և ցույց չտալ մեր հիացմունքն ուրիշ աղջիկների հանդեպ:  

Դուռը բացեց Մանեի մայրը: Մանեն մեզ առաջնորդեց իր առանձնասենյակը, որը շատ հարմարավետ էր, իսկ բազմաթիվ ծաղիկները և առատ, բնական լուսավորությունն այնպիսի տպավորությունն էին ստեղծում, որ կարծես բնության գրկում լինեինք: Մենք նստեցինք բազմոցին, որի առջև մի փոքրիկ սեղան կար, իսկ բազմոցից մի քիչ հեռու դրված էր խոշոր էկրանով հեռուստացույցը: Մանեն սիրում էր հեռուստացույց դիտել: Նա ուներ իր սիրած ալիքներն  ու հաղորդումները:

Մինչ մենք հեռուստացույց էինք դիտում, Մանեն բերեց տորթը, որը ձևավորված էր տարբեր տեսակի հատապտուղներով և մրգերով: Գույներն այնքան հաջող էին ընտրված, որ ես ու Հովիկը հիացմունքից թեթևակի ծափ տվեցինք: Մանեն գոհունակ ժպտաց՝ ակնհայտորեն բավարարվելով մեր գնահատականներով: Այնուհետև, նա բերեց պաղպաղակը, հյութը, սուրճը և շրջվելով դեպի ինձ՝ ժպտալով գանգատվեց, որ հեռուստացույցի ալիքներից մեկը, հենց այն ալիքը, որ նա հաճախակի էր դիտում, լավ չէր ցույց տալիս:  Ես մոտեցա հեռուստացույցին, միացրեցի ու հերթով ստուգելով ալիքների պատկերների որակը` գտա այն ալիքը, որը վատ էր ցույց տալիս: Քանի որ մնացած ալիքների պատկերների որակը լավ էր` հասկացա, որ խնդիրն անտենայի դիրքի մեջ է: Անտենան տեղաշարժելով և հարմար դիրք գտնելով՝ կարողացա ստանալ որակյալ պատկեր: Բավարարված իմ աշխատանքով, ես շրջվեցի և զարմանքով նկատեցի, որ Մանեի ու Հովիկի մեջտեղում նստած է արտակարգ գեղեցկության մի աղջիկ… Մի ակնթարթում մտքովս  տերյանական այս տողերն անցան.

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին…*

Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ անմիջապես գերեց ինձ: Ես նայում էի նրան ու չէի կշտանում: Մտածեցի, միթե՞ կատարվեց իմ երազանքը, և ես վերջապես հանդիպեցի իմ բաղձալի երկրորդ կեսին, բայց չէ, նա ավելին էր, քան իմ երազանքի աղջիկը, որովհետև ավելին էր, քան իմ ակնկալիքները: Այդ պահին ես միայն նրան էի տեսնում, իսկ ընկերներս կարծես մշուշի մեջ լինեին՝ նման լուսանկարչական ապարատին, երբ կադրում միայն մեկն է ֆոկուսի մեջ, իսկ մնացածները՝ ֆոկուսից դուրս: Չնայած` իմ գերհիացած վիճակին, ես միաժամանակ պարզորոշ նկատում էի, որ Մանեն չէր խանդում այդ աղջկան, ավելին` անուշիկ ժպտալով, կարծես խրախուսում էր ինձ, իսկ Հովիկը զարմացած նայում էր ինձ և բոլորովին չէր կիսում իմ հիացմունքն այդ աղջկա նկատմամբ: Ես ոչ միայն հիացած էի աղջկանով, այլ նաև զարմացած էի իմ ընկերների տարօրինակ վարքագծից:

Ինչևիցե, մի փոքր ուշքի գալուց հետո, ծանոթացա աղջկա հետ. նրա անունը Նվարդ էր: Մենք խոսում էինք միմյանց հետ՝ առանց նկատելու իմ ընկերների ներկայությունը: Նրանք էլ հասկանալով պահի լրջությունը՝ լուռ էին և չէին խառնվում մեր խոսակցությանը: Միայն Մանեն շարունակում էր խորհրդավոր ժպտալ, իսկ Հովիկը քանի գնում՝ լրջանում էր ու տխրում: Դա շատ տարօրինակ էր, քանի որ նա ասող-խոսող և կատակասեր տղա էր: Ես կարծում էի, որ Մանեն ժպտալով քաջալերում էր մեր նոր սկսվող հարաբերությունները:
           
Մեր ընդմիջման ժամն ավարտվում էր, արդեն ժամանակն էր աշխատավայր վերադառնալու: Մանեն խնդրեց ինձ անջատել հեռուստացույցը: Ես մոտեցա հեռուստացույցին, մեկ անգամ ևս արագ ստուգեցի Մանեի սիրած ալիքների որակը և անջատեցի այն: Շրջվեցի ու տեսա, որ Նվարդը չկա… Նա` այդ կարճ ժամանակահատվածն օգտագործելով գնացել էր՝ առանց անգամ հրաժեշտ տալու: Կրկին զարմացա և հարցրեցի ընկերներիս, թե ի՞նչ եղավ Նվարդը: Նրանք, ինչպես նրա հայտնվելու ժամանակ էր, տարօրինակ կերպով ծիծաղեցին: 

Աշխատավայրում երեքս էլ լուռ էինք՝ մտասուզված մեր մտքերի մեջ: Կարևոր բան էր տեղի ունեցել. ես սիրահարվել էի, բայց ինչ-որ բան էր տեղի ունեցել նաև ընկերներիս հետ, որը ես չգիտեի ու չէի հասկանում: Ես երբեմն գաղտագողի նայում էի նրանց դեմքերին, փորձելով կարդալ նրանց մտքերը, բայց նրանք խնամքով ձևացնում էին, թե իբրև ոչինչ էլ չի եղել, և ամեն ինչ առաջվա նման է: Լարվածությունը քանի գնում մեծանում էր: Ես չդիմացա և մոտենալով Հովիկին՝ խնդրեցի աշխատանքից հետո մի քիչ քայլել: Նա անմիջապես համաձայնվեց: Ակնհայտորեն դա նրա սրտով էր:

Մենք շատ անգամներ էինք Հովիկի հետ զբոսնել, բայց այս անգամ ուրիշ զգացողույթուն ունեինք՝ երկուսս էլ: Հովիկն ասաց, որ Մանեն էլ էր ցանկություն հայտնել՝ միանալ մեզ, բայց նա կտրականապես մերժել էր նրան: Միանգամայն պարզ էր, որ իմ ընկերները՝ երկուսն էլ ցանկություն ունեին խոսել ինձ հետ Նվարդի մասին: 

Խոսակցությունը սկսեցի ես: Նրան պատմեցի, թե ինչքան եմ հրապուրված Նվարդով, որ մտադրություններս անգամ այնքան լուրջ են, որ պատրաստ եմ հենց հիմա, նույնիսկ Նվարդին լավ չճանաչելով, ամուսնանալ նրա հետ: Նա ուշադիր լսեց ինձ, այնուհետև մի խոր հոգոց հանելուց հետո ասաց.

- Ձե՛ռք քաշիր Նվարդից:

- Բայց ինչու՞, - ասացի ես, - միթե՞ իմ այս խոստովանությունը լսելուց հետո այդպիսի պատասխան կարող ես տալ ինձ:

- Այո՛, - ասաց նա, - որովհետև դու ամեն ինչ չէ, որ գիտես: Դու կարծում ես պատահականությու՞ն էր, որ Նվարդը քեզ համար աննկատելի հայտնվեց և նույնքան աննկատելի կերպով անհետացավ` առանց նույնիսկ քեզ հրաժեշտ տալու: Նվարդին ես մի քանի անգամ հանդիպել եմ Մանեենց տանը: Նվարդը Մանեի ընկերուհին է և միաժամանակ նրա հարևանուհին: Նվարդն այն միակ աղջիկն է, ում Մանեն չի խանդում, որովհետև նա կաղ է՝ այն էլ երկու ոտքից…Եթե դու տեսնեիր` ինչպես է տեղաշարժվում Նվարդը, այո՛, այո՛, տեղաշարժվում, ոչ թե քայլում, դու այդքան չէիր հիանա նրանով: Չէ՞ որ դու նրա արտաքինով էիր այդքան հիացած, այդպես չէ՞, իսկ նրա արտաքինը, մեղմ ասած, այնքան էլ հրապուրիչ չէ: Նվարդը հաշմանդամ է ի ծնե: Նա ամաչում էր քեզնից, նա չէր ուզում իր հաշմանդամությունն ի ցույց դնել քեզ: Դրա համար էլ օգտվելով առիթից, որ դու հեռուստացույցի մոտ ես և կանգնած ես մեջքով դեպի մեզ, աննկատ եկավ և նստեց բազմոցին ու նույնքան էլ աննկատ փախավ… Այո՛, փախավ քեզնից, որովհետև տեսավ, թե ինչպես ես սիրահարված նայում իրեն, իսկ դա նրան ցավ էր պատճառում: Նվարդը խելոք աղջիկ է և գերզգայուն, նա շատ լավ ըմբռնում է, որ դուք միասին երբեք երջանիկ չեք լինի: Չէ՞ որ նա, որպես հաշմանդամ, թերարժեքության բարդույթ ունի, իսկ ամուսնանալով քեզ հետ՝ այն ավելի կխորանա՝ ուղեկցելով նրան իր ողջ կյանքում: Նա շատ հպարտ է և թույլ՝ զիջողության գնալու համար: Նա մերժում է քեզ և խնդրել է Մանեին հաղորդել դա քեզ…

Տարիներ անցան: Ի վերջո, Մանեն և Հովիկն ամուսնացան և երեխաներ ունեցան: Ես նույնպես ամուսնացա և երջանիկ եմ իմ ընտանիքով, բայց երբեմն հիշում եմ Նվարդին ու մի բութ ցավ եմ զգում սրտիս վրա…Միգուցե՞ ավելի երջանիկ կլինեի Նվարդի հետ… Աստված իմ, ինչու՞ բնությունն այդքան դաժան է վարվել նրա հետ…

Մենք բաժանված ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:*

* Վահան Տերյան, «Գարուն» բանաստեղծությունից:
* Վահան Տերյան, «Անդարձություն» բանաստեղծությունից:

Կալիֆորնիա, Գլենդեյլ

4 hոկտեմբերի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...