Tuesday, January 13, 2015

Նոր հեռուստացույցը

Բաբկենը նոր բնակարան էր ստացել: Շատերը գիտեն, թե ինչ է նշանակում նոր բնակարան ստանալ խորհրդային կարգերի օրոք: Բնակարան ստանալու համար պետք էր, որ բնակարանի կարիք ունեցեղ անձն աշխատեր մի որևէ հիմնարկությունում, ապա հերթագրվեր բնակարան ստանալու համար: Իհարկե, ներկայացնելով դիմում ընտանեկան վիճակի, ընտանիքի անդամների քանակի և այլնի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել բազմաթիվ և բազմաբնույթ տեղեկանքներ: Տարիներ հետո, հերթը հասնելուն պես, նա ստանում էր բնակարան, բայց անմխիթար վիճակում և միանգամայն  ոչ պիտանի բնակության համար: Նոր բնակարանի տերը ստիպված էր ամբողջովին վերանորոգել բնակարանը: Նա պետք է նորից սվաղեր բնակարանի ծուռ ու մուռ պատերը, փոխեր անորակ մանրահատակը, պատուհանները, դռները, դրսի ստվարաթղթե դուռը փոխարիներ երկաթյա ապահով և ավելի գեղեցիկ դռնով,  պաստառապատեր ամբողջ բնակարանը, փոխարիներ ալյումինե անհուսալի էլեկտրահաղորդալարերը պղնձով, փոխեր էլեկտրական վարդակները, անջատիչները, լուսամփոփները, սալիկապատեր զուգարանը, լոգասենյակը, փոխեր և ձևափոխեր ջրի խողովակները, ջրի փականները, լոգարանը, զուգարանակոնքը, լվացարանները, գազօջախը, գազաջրատաքացուցիչը, ցնցուղը, աղբյուրները և այլն, և այլն:

Այս բոլոր փոփոխություններն ու վերանորոգումները Բաբկենը հազիվ կարողացավ անել երեք տարվա ընթացքում: Այնուհետև կնոջ` Արփինեի հետ գնեցին կահույք, սառնարան և ռադիոընդունիչ: Մնաց հեռուստացույցը, որի համար արդեն տարիներ շարունակ խնայած և կուտակած փողից այլևս ոչինչ չէր մնացել: Կնոջ հետ երկար խորհրդակցելուց հետո, նա որոշեց գնել նաև հեռուստացույցը` նախօրոք պարտք վերցնելով ազգականներից:

Աշխատանքային շաբաթվա վերջին օրը` աշխատանքից հետո, Բաբկենն իր մանկության երկու ընկերների հետ ուղևորվեց դեպի հեռուստացույցների խանութ` հեռուստացույց գնելու: Նրա ընկերներից մեկը` Սմբատը հեռուստացույց վերանորոգող էր և պետք է փորձարկեր ընտրված հեռուստացույցը: Երկար մտածելուց հետո նրանք ընտրեցին ուկրանիական արտադրության «Սլավուտիչ Ц-208» մակնիշի գունավոր հեռուստացույցը, որը արտադրվում էր Կիևի ռադիոգործարանում:

Խանութի վաճառողը Սմբատին ծանոթ էր: Երբ նա իմացավ, որ Բաբկենը պարտք վերցրած փողով է ուզում գնել հեռուստացույցը, Սմբատին որպես հին ծանոթի առաջարկեց գնել խափանված հեռուստացույցներից, որոնք կես գնով էին վաճառվում: Նա ասաց, որ խանութում կան մի քանի հեռուստացույցներ, այդ թվում նաև «Սլավուտիչ» մակնիշի, որոնք խանութում փորձարկելիս խափանվել էին:

- Դու', Սմբատ ջան, հեռուստացույց վերանորոգող ես, - ասաց նա, - հեշտությամբ կարող ես վերանորոգել այս խափանված հեռուստացույցներից յուրաքանչյուրը և միաժամանակ կիսով չափ կթեթևացնես ընկերոջդ պարտքը: Մենք ունենք հեռուստացույցներ, որոնց մոտ պատկերը կա, բայց ձայնը չկա, կամ հակառակը` ձայնը կա, բայց պատկերը չկա, կամ միաժամանակ ոչ ձայնը կա, ոչ էլ պատկերը, կամ էկրանը չի լուսավորվում …  Ընտրե'ք, որը ցանկանաք:

Բաբկենին վաճառողի առաջարկը բոլորովին դուր չեկավ: Նա ասաց.

- Ես առաջին անգամ նոր հեռուստացույց եմ գնում նոր բնակարանի համար, իսկ դուք բոլորդ ինձ համոզում եք գնել խափանվածը

Բաբկենի կարծիքով նոր բնակարանում ամեն ինչ պետք է լիներ նորը, այդ թվում նաև հեռուստացույցը: Սմբատը վերջին անգամ դիմելով նրան ասաց.

- Հասկացի'ր, Բաբկեն ջան, խորհրդային հեռուստացույցներն անհուսալի են` երեքից մեկը փչանում է հենց խանութում` փորձարկելիս: Քեզ համար ի՞նչ տարբերություն, այն խանութում փորձարկելիս կփչանա, թե՞ տանը: Վատ կլինի՞, որ վերցրածդ պարտքը կիսով չափ մարվի. քեզ համար ենք մտահոգված

Սակայն, Բաբկենը անդրդվելի էր: Ոչ մի կերպ նրան չկարողացան համոզել ո'չ ընկերները, ո'չ էլ վաճառողը, և նրանք ստիպված համակերպվեցին նրա որոշման հետ:

Սմբատը զգուշութհշյամբ միացրեց նոր հեռուստացույցը, ստուգեց, լուսավորվածությունը, պատկերի հստակությունը, ձայնը, գույները և այլն: Համոզվելով որ հեռուստացույցը նորմալ աշխատում է, նրանք երեքով քառասուներեք կիլոգրամ կշռող հեռուստացույցը մի կերպ տեղավորեցին տաքսիի ետնամասում գտնվող բեռնախցիկում և թանկարժեք բեռի հետ միասին ուղևորվեցին Բաբկենենց տուն: Նրանք գնել էին նաև սենյակային անտենա և ցանցային լարումը կայունացնող առանձին սարք` հեռուստացույցը հաճախակի լարման տատանումներից պաշտպանելու համար:

Ճանապարհին Բաբկենի տրամադրությունը շատ բարձր էր. Նա անընդհատ կատակում էր

Տանը, Բաբկենի կինը ճոխ սեղան էր բացել հենց հյուրասենյակում, որտեղ պետք է տեղադրվեր թանկարժեք հեռուստացույցը: Բաբկենենց ընտանիքում արդեն սովորություն էր դարձել դիմավորել  նոր իրերի մոտքը բնակարան կեր ու խումով: Սեղանին կային զանազան սառը և տաք խորտիկներ, մրգեր, անուշեղեն և, իհարկե, խմիչք:

Միացրեցին հեռուստացույցը: Անմիջապես բնակարանը լցվեց ուրախ-զվարթ խոսակցությամբ ու երաժշտությամբ: Ուրախ էին բոլորըհատկապես Բաբկենն ու նրա կինը: Նրանք անվերջ խոսում ու կատակում էին: Բաժակները գինի լցրեցին, բոլորը ոտքի կանգնեցին, որպեսզի հոտընկայս խմեն տանտերերի կենացը և նոր ձեռքբերման` հեռուստացույցի համար: Բյուրեղապակյա բաժականերն իրար զարկվելով հաճելիորեն զրնգացին, և հեռուստացույցը կարծես այդ հանդիսավոր պահին սպասելով, միանգամից խափանվեց. հանգած էկրանի մեջտեղում հայտնվեց մի վառ, հորիզոնական, հոծ գիծ

Բոլորի տրամադրությունը անմիջապես ընկավ:

- Մենք բախտ չունե'նք, - ասաց Բաբկենը:

- Այո', մեր բախտը չի բերում, - տխուր ավելացրեց տիկին Արփինեն:

- Բախտի հարց չի, - ասաց Սմբատը, - դուք պարզապես գործ ունեք տխուր վիճակագրության հետ: Խորհրդային հեռուստացույցներն ի տարբերություն արտասահմանյանների զգալիորեն անհուսալի են: Խուճապի մի մատնվեք: Ես հիմա կգնամ կբերեմ իմ գործիքները և կվերանորոգեմ ձեր հեռուստացույցը

Մի կես ժամից Սմբատը վերդարձավ և վերանորոգեց խորհրդային հեռուստացույցը, և բնակարանը նորից լցվեց ուրախ-զվարթ խոսակցությամբ ու երաժշտությամբ



Հայաստան, Երևան
10 հունվարի, 2015թ        

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...