Tuesday, March 31, 2015

Ռուսական պարզամտութուն


Ես շատ էի կարոտել ավագ եղբորս, ով ապրում էր Մոսկվայում, ավելի ճիշտ` մերձմոսկովյան մի փոքրիկ քաղաքում՝ Իստրայում: Ուսանելով Կիևում, ես անհամբեր սպասում էի ամառային արձակուրդների գալուն, որպեսզի այցելեմ նրան: Ամեն անգամ ինձ տեսնելիս՝ նա զվարթորեն գոչում էր.
            
- Ախպե՜րս, արի՛ քեզ գրկեմ, - ու առնում էր ինձ իր հուժկու թևերի մեջ:
            
Ես պինդ գրկում էի նրան ու համբուրում նրա այտը: Ես անընդհատ պատկերացնում ու երազում էի այդ պահը… Ես շատ էի սիրում եղբորս ու խղճում նրան այն ահավոր վթարից հետո, երբ բժիշկները ստիպված եղան անդամահատել նրա աջ ոտքը՝ ծնկից վերև: Այդ ահավոր վթարը տեղի էր ունեցել նրա թեկնածուական դիսերտացիա պաշտպանելու օրը: Եղբայրս հատուկ ամրության և դիմացկունության նյութերի ստացման վրա էր աշխատում, որոնք օգտագործվում էին տիեզերանավերի մեջ: Մենք ամբողջ ընտանիքով շատ էին հպարտանում նրանով: Այդ օրը նա փայլուն կերպով պաշտպանելով թեկնածուական դիսերտացիան, դուրս ելնելիս գիտահետազոտական ինստիտուտի շենքից, որտեղ նա աշխատում էր, փորձել էր հատել փողոցն անցորդների համար նախատեսնված անցումով` կանաչ լույսի տակ: Միլիցիոներների սայլակավոր մոտոցիկլետը, որի մեջ երկու միլիցիոներ էին  նստած, մեծ արագությամբ սլանալով, խախտելով երթևեկության կանոնները, ուժգին հարվածել էր նրան՝ հաշմանդամ դարձնելով ամբողջ կյանքում… Այդ օրվանից հետո նա ատում էր միլիցիոներներին…
            
Ես, ուսանողական արձակուրդներին, միշտ գնացքով էի գնում Մոսկվա: Ուղևորության տևողությունը մեկ գիշեր էր, ընդամենը` ինը ժամ: Գնացքը միայն երեք միջանկյալ կայարանում էր կանգ առնում՝ Նեժինում, Բախմաչ ուղևորական կայանում և Կոնոտոպում: Նշված երեք կայարաններն իրար մոտ են գտնվում և Կիևից այնքան էլ հեռու չեն: Նրանցից հետո՝ ցորենի, եգիպտացորենի և հնդկաձավարի անծայրածիր դաշտեր են հետևում, երբեմն էլ անտառածածկ տարածքներ, և մինչև Մոսկվա գնացքը ոչ մի տեղ այլևս կանգ չի առնում, քանի որ քաղաքներ կամ քաղաքանման ավաններ չկան, բացառությամբ մի քանի աննշան գյուղերի, որոնք երկաթուղային կայարաններ չունեն: Գնացքի տոմսն էլ բավականին էժան է՝ համեմատած ինքնաթիռի տոմսի հետ: Բացի դրանից, երկաթուղային կայարանը քաղաքի կենտրոնում էր և կարիք չկար հատուկ ավտոբուսով հասնելու օդանավակայան, ուղեբեռ հանձնել, գրանցվել և այլն:
                        
Երբ գնացք բարձրացա Կիևում և մտա կուպե, այնտեղ՝ գեր, սպիտակ բեղերով, հիսուն անց մի մարդ էր նստած: Ինձ տեսնելիս՝ նա բարեկամաբար ժպտաց և անմիջապես էլ սկսեց հազալ.
            
- Քխը, քխը, քխը, - այնուհետև, շնչակտուր լինելով, ասաց, - սիլիկոզի պատճառով է, լսած կա՞ս: Ես նախկին հանքափոր եմ, աշխատել եմ Դոնբասի ածխահանքերում: Սիլիկոզը գրեթե բոլոր հանքափորների դժբախտությունն է՝ խրոնիկ հիվանդությունը: Երկար տարիներ տառապում եմ այս անիծված հիվանդության ձեռքին: Բուժում չկա, որովհետև թոքերս աղտոտված են սիլիցիումի փոշով՝ սիլիցիումի երկօքսիդով, դժվարացնելով շնչառությունս:
            
Այդ պահին խեղճ մարդը չկարողանալով զսպել հազը, նորից սկսեց ուժգին հազալ.
            
- Քխը, քխը, քխը, - հազալիս՝ նա ամբողջովին կարմրեց, վերջապես, վերջացնելով հազալը, հարցրեց, - իսկ դու ուսանո՞ղ ես:
            
- Այո՛, - ասացի ես, - սովորում եմ Կիևի «Թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտի» երրորդ կուրսում:
            
- Արի՛ միասին ընթրենք, - առաջարկեց տարեց ուղեկիցս և պայուսակից հանելով ուտելիքները շարեց սեղանին: 
            
Ես հրաժարվեցի մասնակցել ընթրիքին, բայց նա պնդեց և ասաց, որ խիստ կվիրավորվի, եթե մերժեմ նրան: Ես արդեն ճաշելի էի, բայց քաղաքավարությունից դրդված, ստիպված համաձայնվեցի, բայց գարեջրից հրաժարվեցի:  Նա պատմեց, որ գնում է աղջկա մոտ, ով նոր է ամուսնացել և որպես ամուսնական նվեր՝ հազար հինգ հարյուր ռուբլի փող է տանում իր հետ: Ասացի.
            
- Հայրի՛կ, ինչու՞ ես դա ինձ պատմում: Այդպիսի բաները պետք է գաղտնի պահել: Չգիտե՞ս, գնացքներում հազար ու մի տեսակ մարդիկ են շրջում…
            
- Գիտեմ, գիտեմ, - ասաց նա, - միայն քեզ եմ ասում, - ավելացրեց նա պարզամտորեն: Այնուհետև, նա նստած տեղը քնեց, իսկ ես դուրս եկա կուպեից և միջանցքի պատուհանից սկսեցի զմայլվել իրար հաջորդող գեղեցիկ բնապատկերներով:
            
Մոտավորապես երեկոյան ժամը ութ և կեսին մենք մոտեցանք Նեժին քաղաքի երկաթուղային կայարանին: Նեժինում մեր կուպեի ուղևորների թիվը մեկով ավելացավ: Դա վիրաբույժ Կիրիլ Ալեքսանդրովիչն էր, քառասունին մոտ, փոքրամարմին և ինքնամփոփ մի մարդ: Նա իր իրերը տեղավորեց կուպեում, եկավ լուռ կանգնեց իմ կողքին և սկսեց ինձ նման, բայց մտազբաղ պատուհանից դուրս նայել: Մի փոքր անց, նա ուղևորվեց վագոն-ռեստորան՝ ընթրելու: Վագոն-ռեստորանից նա վերադարձավ լրիվ ուրիշ մարդ դարձած՝ աշխույժ, հաղորդակցվող և ուրախ: Ըստ երևույթին, ոգելից խմիչք էր օգտագործել: Նա պատմեց իր ողջ կյանքը, նաև ասաց, որ գործուղման է մեկնում Մոսկվա: Կիրիլ Ալեքսանդրովիչը դաստիարակվել և մեծացել էր Մոսկվայի №12 որբանոցում:  Այժմ օգտվելով առիթից որոշել էր իրականացնել իր վաղեմի երազանքը՝ նվիրաբերել իրեն հարազատ որբանոցին հազար ռուբլի: Նրա այդ որոշումը հավանության էր արժանացել կնոջ և երկու որդիների կողմից, որի համար նա շատ երախտապարտ էր նաև նրանց:
            
- Կիրի՛լ Ալեքսանդրովիչ, - ասացի ես, - ինչու՞ եք դա ինձ պատմում, հատկապես՝ փողի մասին: Այդպիսի բաները պետք է գաղտնի պահել: Չգիտե՞ք, որ գնացքներում հազար ու մի տեսակ մարդիկ են շրջում…
           
- Գիտեմ, գիտեմ, - ասաց նա, - միայն քեզ եմ ասում, - ավելացրեց նա նույն պարզամտությամբ, ինչպես իմ տարեց մյուս ուղեկիցը՝ հանքափորը:
         
Քիչ անց նա արդեն խորը քնած էր: Երևի երազում իր հարազատ որբանոցն էր տեսնում և իր բարի ու կարեկից կնոջն ու զավակներին:
            
Մոտավորապես երեկոյան ժամը տասին մենք մոտեցանք Կոնոտոպ քաղաքի երկաթուղային կայարանին: Կոնոտոպում մեր կուպեի ուղևորների թիվը մեկով էլ ավելացավ: Դա վարորդ Ֆեդյան էր՝ երեսուներկու տարեկան, միջահասակ, ուրախ-զվարթ, հասարակ մի մարդ: Նա իր իրերը շտապ տեղավորեց կուպեում և եկավ կանգնեց իմ կողքին՝ աշխույժ զրույցի բռվելով ինձ հետ: Մի փոքր անց Ֆեդյան հրավիրեց ինձ ընթրելու վագոն-ռեստորանում Նա իմ առարկություններն ընթրելու վերաբերյալ չընդունեց, և ինձ գրեթե ուժով քարշ տվեց վագոն-ռեստորան: Զարմանալի է, բայց փաստ, որ հենց մարդիկ ուսանողի են հանդիպում, կարծում են քաղցած է և անպայման ուզում են կերակրել նրան:
             
Վագոն-ռեստորանում ես հրաժարվեցի խմել Ֆեդյայի հետ, բայց մի քիչ կերա նրա պատվիրած ճոխ ուտելիքներից, որպեսզի չվիրավորեմ նրան: Նա պատմեց ինձ, որ Մոսկվա գնալու նպատակը՝ ավտոմեքենա գնելն է:
            
- Ախպերի՜կ, - ասաց նա, - տասնվեց տարեկանից ավտոմեքենայի ղեկն եմ պտտում ու փող եմ հավաքում ավտոմոքենա գնելու համար: Իհարկե, իմ խնայողությունները բավարար չեն. ծնողներս էլ օգնեցին: Հիմա ինձ մոտ չորս հազար հինգ հարյուր ռուբլի կա: Հուսով եմ կհերիքի, գոնե օգտագործված, բայց լավ վիճակում գտնվող մի ավտոմոքենա գնելու համար, - ասաց նա:
            
- Ֆեդյա՛, - ասացի ես, - ինչու՞ ես դա ինձ պատմում: Այդպիսի բաները պետք է գաղտնի պահել: Չգիտե՞ս, գնացքներում հազար ու մի տեսակ մարդիկ են շրջում…

- Գիտեմ, գիտեմ, ախպերս, - ասաց նա, - միայն քեզ եմ ասում, - ավելացրեց նա նույն պարզամտությամբ, ինչպես հանքափորն ու Կիրիլ Ալեքսանդրովիչը: Բացի այդ, ես այս գիշեր չեմ քնելու, որ փողերս չտանեն… Քիչ անց, երբ մենք վերադարձանք կուպե, Ֆեդյան խորը քուն մտավ:
            
Իմ կուպեի երեք ուղևորներն էլ համակրելի ու լավ մարդիկ էին: Նրանք երեքն էլ գինովցած խորը քուն էին մտել: Նրանց՝ երեքի մոտ էլ մեծ գումար կար: Երեքն էլ լավ նպատակների համար էին պատրաստվում ծախսել այդ գումարները: «Բա որ գիշերը մի փորձանք գա այդ փողերի գլխին», - անհանգստացա ես ու որոշեցի, ինչպես բանակում՝ ժամապահի պես արթուն մնալ և հսկել իմ նոր բարեկամներին, որպեսզի նրանց փողերը չգողանան: Բարեբախտաբար, ինձ մոտ մի շատ հետաքրքիր գիրք կար, որը կարդալով գիշերը շատ շուտ անցավ, չնայած նույնիսկ առանց ընթերցանության էլ դժվար թե կարողանայի քնել գնացքի անիվների միալար չխչխկոցների տակ…
            
Առավոտյան, մոտավորապես ժամը հինգին, մենք հասանք Մոսկվա: Գնացքի ուղեկցորդուհին հերթով մոտենալով կուպեների դռներին, հիշեցնում էր ժամանման մասին:
            
Ես շտապ հրաժեշտ տվեցի իմ ուղեկիցներին, վերցրեցի իրերս և իջա գնացքից, քանի որ դեռ էլեկտրագնացք պետք է նստեի և ուղևորվեի Իստրա:
Եղբայրս, ինձ տեսնելով, զվարթորեն գոչեց. 
            
- Ախպե՜րս, արի՛ քեզ գրկեմ, - ու առավ ինձ իր հուժկու թևերի մեջ: Ես պինդ գրկեցի նրան ու համբուրեցի նրա այտը:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
29 մարտի, 2015թ


Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...