Monday, October 27, 2014

Ընդվզում

Ես դպրոցական էի: Մեր դասարանում կար քսանհիննգ աշակերտ: Նրանցից քսաներեքը Վեհանուշին «Շաշ» ստորացուցիչ մականունով էին դիմում նրա ձախ աչքի մի փոքր շիլության պատճառով… Ամբողջ դասարանից միայն ես էի նրան անունով դիմում: Ինձ համար անընդունելի էր մարդու թերությունները երեսով տալը: Քանի դեռ մենք ցածր դասարաններում էինք, Վեհանուշը մի կերպ դիմանում էր այդ ծաղրուծանակին, բայց մեր մեծանալուն զուգընթաց աստիճանաբար աճում էր նաև նրա վիրավորվածությունը:
           
Մենք արդեն տասներեք-տասնչորս տարեկան էինք և արդեն սկսում էինք հասունանալ: Դա հատկապես տեսանելի էր աղջիկների պարագայում: Նրանք կանացի մարմնաձևեր և դիմագծեր էին ստանում. սկսել էին ավելի շատ հայելու առաջ կանգնել՝ տարբեր սանրվածքներ անել ու օծանելիք օգտագործել, փոխվել էր նաև նրանց քայլվածքը՝ սկսել էին շորորալով քայլել՝ ամեն կերպ ընդգծելով իրենց  բարեմասնությունները, միևնույն ժամանակ դարձել էին ավելի նախանձ ու բամբասկոտ…  
           
Բոլորին է հայտնի դեռահասների ցավագին ինքնասիրության զգացումն ու խոցելիությունը: Մի փոքրիկ բանից նրանք կարող են վիրավորվել և արձագանքել անկանխատեսելիորեն: Այդպես էլ եղավ Վեհանուշի պարագայում:
           
Դասարանում մենք զույգերով էինք նստում: Իմ կողքին նստում էր իմ մտերիմ ընկերը՝ Սամվելը: Մենք հաճախ էինք միասին դաս պատրաստում, գնում էինք կինո, թատրոն կամ պարզապես զբոսնում: Հատկապես Սամվելը Վեհանուշին չէր սիրում և ամեն կերպ նրան ձեռք էր առնում և, իհարկե, երբեք նրան Վեհանուշ չէր անվանում: Վեհանուշն էլ իր հերթին ամենից շատ ատում էր Սամվելին, իսկ ինձ ընդհակառակը պաշտում էր, և ես համոզված եմ, որ պատրաստ էր նույնիսկ անձնազոհության գնալ ինձ համար: Երբ ես նրան Վեհանուշ էի ասում, այնպիսի քնքշությամբ էր նայում ինձ, որ ես շիկնում էի ու շփոթվում: Դա սեր չէր նրա կողմից, այլ երախտագիտություն և գնահատական իմ նորմալ վերաբերմունքի համար…Երևի Վեհանուշի միակ և բաղձալի երազանքն այդ ժամանակ այն էր, որ մնացած աշակերտներն էլ նրան դիմեին իր անունով, այլ ոչ թե այդ վիրավորական ու ստորացուցիչ «Շաշ» մականունով:
           
Զարմանալին այն է, որ ես քաջ գիտակցելով, որ չի կարելի մարդկանց վիրավորական մականուններ կպցնել, չէի փորձում խոսել կամ համոզել իմ ընկերներին, որ Վեհանուշին «Շաշ» չասեն: Ես չէի փորձում նույնիսկ իմ մտերիմ ընկերոջը՝ Սամվելին համոզել դա: Ես հիմա եմ հասկանում, թե՞ ինչքան սխալ եմ եղել:   
           
Օրեցօր Վեհանուշը կանացիանում ու գեղեցկանում էր: Նա փարթամացել էր: Նրա կրծքերն անգամ ավելի նկատելի էին քան մյուս աղջիկներինը: Երբ նա հուզվում էր, նրա կրծքերը վեր ու վար էին անում՝ նրա շնչառությանը զուգընթաց: Վեհանուշի գեղեցկանալը նկատել էին բոլորը, այդ թվում նաև Սամվելը: Աշակերտները նրան այլևս նույն չարությամբ «Շաշ» չէին անվանում: Ես դա նկատել էի, բայց ոչ Վեհանուշը: Նա նույն կերպ խրտնում, սրտնեղում ու վիրավորվում էր իր «Շաշ» մականունից:
           
Մի անգամ, երբ հերթական անգամ Սամվելը նրան «Շաշ» մականունով դիմեց, նրա համբերությունը հատավ և նա մի հարվածով գետին տապալեց Սամվելին ու սկսեց իր փոքրիկ բռունցքներով նրան անխնա ծեծել: Սկզբում Սամվելը փորձում էր պաշտպանվել, բայց չդիմանալով նրա եռանդուն հարվածներին սկսեց օգնություն կանչել… Ոչ ոք տեղից չշարժվեց և Սամվելին օգնության չհասավ… Վեհանուշը Սամվելին մի լավ դնգստելուց հետո ոտքի կանգնեց ու հաղթականորեն նայեց շուրջը հավաքվածներին: Նա հուզված էր. կուրծքը վեր ու վար էր անում, դեմքը շիկնել էր, իսկ աչքերը վառվում էին երկու փոքրիկ լուսարձագների պես: Այդ պահին Վեհանուշը շատ գեղեցիկ էր, անչափ գեղեցիկ: Մենք բոլորս հիացած, մի քիչ էլ վախեցած ակնապիշ նայում էինք նրան:
           
Վեհանուշը մոտեցավ մեր նստարանին, սեղանի վրայից արհամարհանքով մի կողմ շպրտեց Սամվելի պայուսակը, որի միջից տետրակները, դասաքրքերը մատիտիներն ու գրիչենրն այս ու կողմ թռան, և նստեց Սամվելի տեղը՝ իմ կողքին: Վտարելով Սամվելին իր տեղից, նա կարծես վտարեց նաև նրա ունեցած-չունեցածը:
           
Սամվելը գետնից վեր կացավ, թափ տվեց փոշոտված շորերը՝ լուռ, գլխիկոր գնաց և նստեց դասարանի վերջին շարքում:
           
Այդ օրվանից հետո ոչ ոք չէր համարձակվում Վեհանուշին «Շաշ» մականունով կոչել:
           
Անցան տարիներ: Փողոցում պատահաբար հանդիպեցի իմ համադասարանցուն՝ Վեհանուշին: Նա էլ ավելի էր գեղեցկացել, աչքի շլությունն անգամ անցել էր: Ըստ երևույթին հասակ առնելով փոփոխվել էր նաև նրա դեմքի կառուցվածքն ու մկանների դիրքը, որի հետևանքով էլ ինքնիրեն շտկվել էր նրա շիլությունը: Վեհանուշն ամուսնացել էր և երեք երեխաների մայր էր դարձել: Նա մեր դպրոցում օտար լեզու էր դասավանդում:



Կալիֆորնիա, Գլենդել
12 հոկտեմբերի, 2014թ.


Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...