Saturday, May 23, 2015

Արտակարգ հիշողություն

Ինչպես հայտնի է` մարդն աշխարհը կամ շրջակա միջավայրն ընկալում է իր հինգ զգայարանների՝ տեսողության, լսողության, հոտառության, շոշափման և համի միջոցով: Հենց զգայարանների միջոցով է մարդը կուտակում, պահպանում ընկալված տեղեկատվությունն իր հիշողության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում կարողանում է այս կամ այն չափով վերարտադրել այն: Մարդիկ ունեն լավ կամ վատ հիշողություն, իսկ որոշ մարդիկ էլ օժտված են արտակարգ, ֆենոմենալ հիշողությամբ: Ըստ երևույթին նրանց զգայարաններն ավելի արդյունավետ են գործում, քան սովորական մարդկանցը, օրինակ՝ նրանց աչքերը ոչ միայն տեսնում, այլ նաև զննում, գնահատում են: Այդպիսի մարդիկ կարողանում են շատ արագ ընկալել  տեղեկատվությունը և նույնքան արագ էլ վերարտադրել: Օրինակ՝ լրագրող Սողոմոն Շերեշեվսկին ընդունակ էր գրաֆիկական ճշտությամբ հիշելու իր կյանքի ամեն մի րոպեն, հունգարացի մաթեմատիկոս Ջոն վոն Նյումանը ճշտությամբ վերարտադրում էր նույնիսկ տասնամյակներ առաջ կարդացած գրքերի բոլոր էջերի բովանդակությունները, հնդիկ փիլիսոփա Սուամի Վիվեկանանդան ի վիճակի էր հիշողության մեջ պահելու հանրագիտարանի տասը հատորները, իսկ հայազգի Սամվել Ղարիբյանն իր արտակարգ հիշողության շնորհիվ կրկնակի ռեկորդակիր էր դարձել Գինեսի գրքում:   

Սակայն միշտ չէ, որ արտակարագ հիշողություն ունեցող մարդն արժանավույնս է օգտագործում ի վերուստ իրեն տրված այդ շնորքը: Ահա, թե ինչ պատմեց Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի Համայնքային քոլեջի փիլիսոփայության դասախոս, ազգությամբ հնդիկ մի կին՝ դոկտոր Լ. Գուպտան.

«Ես երկար ժամանակ դասավանդել եմ Գլենդել քաղաքի հարևանությամբ գտնվող Փասադինա քաղաքի համալսարանում: Շատ ուսանողներ եմ ունեցել, բայց նրանցից մեկն առանձնակի տպավորություն է թողել ինձ վրա: Ինչպես գիտեք փիլիսոփայությունը դժվարամարս, դժվար ըմբռնելի առարկա է: Այն հասկանալու համար պահանջվում է ունենալ տրամաբանություն, վերլուծելու, դատողություններ անելու, փաստարկներ կամ հակափաստարկներ բերելու ընդունակություն և աշխատասիրություն, քանի որ շատ են սահմանումները, իմացաբանական վերլուծությունները և տեսություններն այս կամ այն երևույթի վերաբերյալ:

Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում ուսանողները պարտավոր են գրավոր հանձնել մի քանի միջանկյալ քննություններ ակնարկներին հատուկ ձևաչափով: Ինչպես գիտեք, ակնարկը պետք է ունենա ներածական մաս, մի քանի կամ ավելի պարբերություններից բաղկացած բովանդակային քննարկումների մաս և վերջաբան կամ եզրակացություն: Ուսանողների շարադրած ակնարկները ես մանրակրկիտ կերպով ստուգում եմ, հենց գրավորի վրա ուղղումներ, լրացումներ, հարցադրումներ անելով, և գնահատում պահանջված չափորոշիչներին համապատասխան: Այնուհետև վերադարձնում եմ, որպեսզի ուսանողները կարողանան տեսնել իրենց սխալները, ինչպես նաև հետագայում խուսափեն նման սխալներ կատարելուց: Առարկան դժվար լինելու պատճառով, շատ քչերն են կարողանում առավելագույն միավորներ հավաքել, բայց կար մեկը, որ մշտապես հիացնում էր ինձ ու զարմացնում քննարկվող նյութի հանգամանալից քննարկմամբ, փաստերի ու փիլիսոփայության պատմության վերաբերյալ ունեցած իր իրազեկությամբ: Նա կարողանում էր ճշգրիտ ներկայացնել բոլոր տեղանունները, անվանի փիլիսոփաների անունները և նրանց աշխատությունների անունները, ինչպես նաև գեղեցիկ շարադրել առանց անգամ տառասխալներ, կետադրական և քերականական սխալներ անելու: Ես հիացած էի այդ ուսանողով, որովհետև երբեք այդքան ընդունակ և այդքան բարձր առաջադիմությամբ ուսանող դեռ չէի ունեցել իմ ամբողջ դասավանդման պրակտիկայի ընթացքում:  Բնականաբար ես միշտ նրան գնահատում էի առավելագույն միավորներով և չէի զլանում նրա գրավոր աշխատանքի վերջում հիացմունքի ու դրվատանքի խոսքերով երախտագիտությունս հայտնել իր գերազանց, նույնիսկ արտակարգ առաջադիմության համար: Ես շատ խանդավառված և ոգևորված էի այդ ուսանողով և չէի կարողանում հիացմունքս թաքցնել ոչ միայն իրենից, այլ նաև իմ բազմաթիվ ուսանողներից, մտերիմներից, ընկերներից ու կոլեգաներից:

Սակայն, մի օր նրա հերթական, միջանկյալ քննության գրավոր աշխատանքը ստուգելիս, ինձ թվաց, որ այդ աշխատանքը ես ինչ որ տեղ արդեն կարդացել եմ: Դուք գիտեք, թե ինչքան խիստ են կանոններն ամերիկյան ուսումնական հաստատություններում դասախոսին խաբելու, մոլորեցնելու առումով: Եթե ուսանողը որևէ ձևով խաբելով գնահատական է ստանում կամ ավելի ճիշտ կորզում, ապա նա կարող է նույնիսկ հեռացվել ուսումնական հաստատությունից և որպես հետևանք բարդություններ ունենալ իր ամբողջ կյանքի ընթացում, թե ուրիշ ուսումնական հաստատությունում սովորելիս, և թե աշխատանքի ընդունվելիս: Ասվածը վերաբերվում է նաև գրագողությանը: Եթե ուսանողն օգտվի որևէ տեղեկատվական աղբյուրից առանց նշելու այն, ապա կհամարվի գրագող և կպատժվի: Այսինքն, եթե գրավոր աշխատանքի մեջ մեջբերում է արված որևէ հեղինակից, ապա մեջբերումն անպայման, պարտադիր պետք է չակերտների մեջ առնվի և իհարկե, հիշատակվի հեղինակի անունը:

Ես մտածեցի, միթե՞ իմ ամենալավ ուսանողն անամոթաբար խաբում է ինձ: Անմիջապես բացեցի փիլիսոփայության դասագիրքը, գտա քննական նյութին վերաբերվող մասը և համեմատելով շատ շուտ հասկացա, որ ուսանողն ինձ խաբել է, քանի որ բառ առ բառ, անգամ տառ առ տառ նրա աշխատանքն արտագրված էր: Չեմ թաքցնի Ձեզանից, շատ զայրացած էի ու վիրավորված: Անմիջապես, էլեկտրոնային փոստով պայմանավորվեցի նրա հետ հանդիպել:

Ժամադրությունը նշանակված էր իմ գրասենյակում: Նա եկավ պայմանվորված օրը, ճիշտ ժամանակին: Ես նրան հանդիմանեցի ինձ խաբելու համար, չթաքցնելով անգամ զայրութս: Նա համբերությամբ լսեց ինձ և ասաց.

- Ես Ձեզ շատ եմ հարգում և երբեք Ձեզ չեմ խաբել:

Նրա լկտի պատասխանը ինձ էլ ավելի զայրացրեց: Ես ձայնս բարձացնելով, ասացի.

- Սեփական աչքերիս հավատամ, թե ասածներիդ: Վերցրու՛ գիրքը և ինքդ համեմատի՛ր: Գրքի տեքստը և քո ներկայացրած աշխատանքն ամենայն մանրամասնություններով համընկնում են: Դու հանձնել ես գրքի տեքստի ճշգրիտ պատճենը, միայն մի տարբերությամբ, որ դու այն ներկայացրել ես քո ձեռագրով, - զայրացած գոչեցի ես:

- Ես չեմ արտագրել, ես հիշողությամբ եմ գրել, - հանգիստ ասաց նա:

- Ի՜նչ, ասացի ես, - ուզում ես ասել, որ արտակարգ հիշողություն ունե՞ս, - բացականչեցի ես:

- Այո՛, - վստահաբար ասաց նա, - կարող եք հենց հիմա ստուգե՛լ և համոզվե՛լ, - առաջարկեց նա նույն հանգստությամբ:

Պարզվեց, որ նա իրոք չէր խաբում. ցանկացած հարցի պատասխանը նա ներկայացնում էր ճիշտ այնպես ինչպես գրքում է գրված՝ ոչ ավել ոչ պակաս: Համոզվեցի, որ նա չի արտագրել, բայց  մեկ ուրիշ խնդիր առաջացավ. ես չէի կարող նրան պատժել ինձ խաբելու համար, բայց նաև հասկանում էի, որ իմ լավագույն ուսանողը պարզապես պատճենահանող մեքենա էր և  հեշտությամբ կարող էր պատճենել բոլոր հարցերին տրվող պատասխանները դասագրքից: Ես լարված մտածում էի ելք գտնելու մասին, բայց չէի գտնում…
           
Երկար մտածելուց հետո, վերջապես գտա ելքը. ես նրան մեղադրեցի գրագողության մեջ՝ ասելով.

- Դու՛, քո աշխատանքում նույնությամբ մեջբերուոմ էիր արել դասագրքից, առանց այն չակերտների մեջ վերցնելու, ինչպես դա պահանջվում է: Բացի դրանից, չես հիշատակել հեղինակին, իսկ դա գրագողություն է: Դու ինքդ գիտես, որ գրագողությունը նույնքան խստորեն է դատապարտվում ու պատժվում, որքան արտագրելու միջոցով գնահատական ստանալը: Սակայն, եթե դու նույնիսկ դասագրքից վերցրած մեջբերումն առնեիր չակերտների մեջ և հիշատակեիր հեղինակի անունը, ապա միայն այդքանը բավարար չէր կարող համարվել: Բացի հղում կատարելուց դու պարտավոր էիր շարադրել նաև քո մտքերը, որը դու չես արել մինչև այժմ հանձնած քո ոչ մի աշխատանքում: Ուստի, բոլոր հիմքերը և ապացույցները կան չեղյալ հայտարարելու քո բոլոր միջանկայալ քնություներից ստացած բարձր գնահատականները: » 



Կալիֆորնիա, Գլենդել
23 մայիսի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...