Sunday, November 23, 2014

Խոխան պիպոլֆեն ա կերա՞լ


Ես ամենաերջանիկ մարդն էի, երբ ծնվեց իմ առաջնեկ որդին: Կյանքումս առաջին անգամ զգացի, թե ինչ բան է երջանկությունը:

Նա զարմանալի երեխա էր. երբեք անտեղի մեզ չէր անհանգստացնում, հատուկ ազդանշանով մեզ իմաց էր տալիս, որ ջուր է ուզում խմել և այլն: Նա շատ հաճելի բարալիկ ձայն ուներ: Վեց ամսականում որդիս առաջին անգամ կրկնեց քենուս հարևանուհու անունը՝ Պայծա, ընդամենը վերջին <ռ> տառ չկարողանալով արտասանել, ութ ամսականում սկսեց քայլել ու այսպես շարունակ զարմացնում էր մեզ: Նա երբեք առանց պատճառի լաց չէր լինում: Մի անգամ զբոսնում էինք, նա սկսեց լաց լինել: Կինս զարմացավ և ուշադիր երեխային նայելով ասաց,

- Վա՜յ, թաշկինակը ձեռքից ընկել է, դրա համար է լաց լինում:

Նրան զբոսանքի տանելիս, կինս նրա աջ ձեռքի մեջ միշտ մի նախշազարդ թաշկինակ էր դնում, որը նա պինդ բռնում էր ամբողջ զբոսանքի ընթացքում: Մենք ետ վերադաձանք և գտանք թաշկինակը: Նա անմիջապես դադարեց լաց լինելուց:

Մենք պատրաստվում էինք երկրորդ երեխան ունենալ, բայց քանի որ կինս խնդիրներ ուներ հղիության հետ կապված, ապա ստիպված էր մի որոշ ժամանակ պառկել հիվանդանոցում: Այդ ընթացքում, երեխայի խնամքը, հատկապես գիշերները, ես էի վերցրել ինձ վրա:

Մեր երեխան առողջ երեխա էր, բայց երբեմն թեթև մրսածության հետևանքով բարձրանում էր նրա մարմնի ջերմաստիճանը: Նման դեպքերում մենք սովորաբար մեկ կամ երկու անգամ տաքությունն իջեցնող դեղահաբեր էինք տալիս և երեխան շուտ ապաքինվում էր: Այս անգամ նույնպես, երբ կինս հիվանդանոցում էր գտնվում, երեխայի մարմնի ջերմաստիճանը բարձրացավ, և ես նույն կերպ վարվեցի: Երեկոյան նրա ջերմաստիճանը նորից բարձրացավ, և ես փոխանակ երկրորդ դեղահաբը տայի նրան, զանգահարեցի քենուս, որ գա և գնահատի երեխայի վիճակն ու միասին որոշենք, թե ի՞նչ անենք: Քենիս ասաց, որ ապահովության համար լավ կլինի շտապ օգնություն կանչենք:

Շտապ օգնության բժշկուհին հենց տեսավ որդուս՝ ասաց.

- Երեխան ալերգիա ունի:

- Ինչի՞ց ենթադրեցիք, - հարցրեցի ես:

- Որովհետև երեխան կարմրել է, պատասխանեց նա և անմիջապես կարգադրեց բուժքրոջը ներարկել մեկ ու կես միլիգրամ պիպոլֆեն: Բուժքույրը, լսելով կարգադրությունը, մի տեսակ կարկամեց և հարցրեց.

- Մեկ ու կես միլիգրամը շատ չէ՞: Սակայն բժշկուհին հաստատակամորեն պնդեց, որ շատ չէ: Այստեղ ես միջամտեցի և ասացի բժշկուհուն, որ զարմանալի ոչինչ չկա, որ երեխան, ջերմություն ունենալով, կարմրել է:

- Ո՛չ, ասաց, բժշկուհին, -  տաքությունից չե՛ն կարմրում:

Քենիս, որ մինչև այդ լուռ էր, սկսեց հանդիմանել ինձ, ասելով, որ խանգարում եմ բժշկուհուն իր պարտականությունները կատարելիս և ավելացրեց.

- Ի՞նչ է, դու բժի՞շկ ես, որ վիճում ես բժշկուհու հետ:   

Ես քենուս սիրում և հարգում եմ քրոջս պես, բայց լավ կլիներ նրա հետ էլ վիճեի և չթողնեի այդ չարաբաստիկ դեղը սրսկեին իմ որդուն: Հիմա շատ տարիներ անց, վերլուծելով այս բոլորը, հանգել եմ այն եզրակացության, որ մեծ սխալ եմ գործել՝ զիջելով իմ դիրքերը, թե՛ բժշկուհու, և թե՛ քենուս առջև: Իհարկե՛, քենիս ոչ մի մեղք չուներ, քանի որ նա պարզապես ավելի շատ վստահում էր բժշկուհուն որպես մասնագետի, քան թե ինձ: Ես հետո պարզեցի, որ մինչև ութ տարեկան երեխաներին պիպոլֆենի ներարկում հակացուցված է, միայն առանձին դեպքերում է թույլատրվում տալ շատ թույլ չափաբաժնով պիպոլֆենի քաղրացրած հաբեր, բայց, ի դժբախտություն ինձ, շտապ օգնության բժշկուհին դա չգիտեր:

Երեխայիս վիճակը սրսկումից հետո կտրուկ վատացավ: Նա այլևս ինձ չէր ճանաչում, նայում էր առաստաղին ու անընդհատ վախեցած կրկնում.

- Շարժվու՜մ է, շարժվու՜մ է…

- Դե՛, մենք գնա՛նք, - ասաց բժշկուհին:

- Ու՞ր գնաք, - ասացի ես, - երեխային գցեցիք այս վիճակի մեջ ու փախչում եք: Մինչև ձեր գալը երեխան լավ տրամադրության մեջ էր, իսկ հիմա վախենում է ինչ-որ բանից: 

- Մենք մեղավո՞ր ենք, որ երեխան ալերգիա ունի, - ասաց բժշկուհին, - միգուցե նա ժառանգած հոգեկան խնդիրներ ունի, - շարունակեց նա:

- Ծնված օրվանից մինչև ձեր գալը, երեխան ոչ մի հոգեկան խնդիրներ չի ունեցել: Այդ հոգեկան խնդիրներն առաջացան ձեր սրսկումից հետո, - զայրացած ասացի ես:

- Եկեք տանենք հիվանդանոց, - առաջարկեց բժշկուհին:

Շտապ օգնության մեքենայի մեջ երեխաս անընդհատ գոռում էր.

- Շարժվու՜մ է, շարժվու՜մ է…

Հուզմունքից աչքերս մշուշվել էին արցունքներից … Շտապ օգնության մեքենայի վարորդը և բուժքույրը թեպետ չէին խոսում, բայց հուզված և կարեկցանքով հաճախակի երեխային էին նայում, իսկ բժշկուհին խորասուզվել էր իր մտքերի մեջ և ամենայն հավանականությամբ ելք էր փնտրում այս դժվարին կացությունից դուրս գալու համար:

Քիչ անց մենք հասանք մանկական հիվանդանոց: Տղաս դեռ շարունակում էր սրտաճմլիկ ձայնով գոռալ.

- Շարժվու՜մ է, շարժվու՜մ է…

Հիվանդանոցի ընդունարանում, մեզ գրանցեց Հայաստանում շատ հազվադեպ հանդիպող Մարտինա անունով մի համակրելի բուժքույր: Նա հենց տեսավ տղայիս, արցախյան զրնգուն բարբառով բացականչեց.

- Խոխա՛ն պիպոլֆեն ա կերա՞լ:

Չնայած, ես չափազանց հուզված էի, բայց հասկացա, թե նա ինչ ասաց և ապշեցի այդ կնոջ, թե՛ գիտելիքների, և թե՛ խորաթափանցության վրա:

Եկավ ընդունարանի բժիշկը, քննեց երեխային, բայց չհասկացավ, թե ի՞նչ է կատարվում երեխայի հետ: Հեռախոսով կանչեց մեկ ուրիշ բժշկի: Նրան նույնպես անհասկանալի էր տղայիս վիճակը: Սկսեցին բոլորը միասին, ներառյալ նաև շտապ օգնության բժշկուհին, խորհրդակցել: Ոչ մի եզրակացության չգալով, շրջվեցին դեպի ինձ և սկսեցին հարցուփորձ անել, համառորեն փորձելով գտնել իմ և կնոջս ազգուտակի մեջ հոգեկան շեղումներով կամ խանգարումներով մարդկանց:  Երբ ես վստահաբար ասացի, որ այդպիսի բան չկա, նրանք ակնհայտորեն շփոթվեցին, որովհետև չգիտեին, թե ի՞նչ անեն: Վերջապես գլխի ընկնելով, որ պատճառն այդ չարաբաստիկ սրսկումն էր, կամացուկ սկսեցին շտապ օգնության բժշկուհուն մեղմորեն հանդիմանել.

- Գոնե կես միլիգրամ սրսկեի՛ր, - և իմ ներկայությամբ, առանց ինձնից քաշվելու, շտապ օգնության բժշկուհու բուժման թերթիկի վրա պիպոլֆենի 1.5 մլ գրառման մեջ մեկը դարձրեցին 0, այսինքն՝ 1.5 մլ դարձավ 0.5 մլ: Բժիշկները գոհ իրենց արածից, նորից շրջվեցին դեպի ինձ և ասացին, որ երեխայի վիճակը ծանր է և այդ պատճառով նրան պետք է տեղափոխեն վերակենդանացման բաժին: Ես շատ հուզված էի և ի վիճակի չէի հանդիմանելու նրանց՝ իրենց անբարո և անօրինական արարքի համար: Միայն հարցրեցի.

- Հույս կա՞, որ երեխայի վիճակը կշտկվի:

- Չգիտե՛նք, - անտարբեր ասացին նրանք, - առավոտյան պարզ կլինի:

Վերակենդանացման բաժնում, որը գտնվում էր առաջին հարկում, մի երկար սպասասրահ կար, որտեղ բավականին տարիքով մի կին նստած աթոռին հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Երեկոյան ժամը տասն էր: Ես նստեցի նրա կողքին դրված աթոռին: Արցունքները գլորվում էին իմ աչքերից, սիրտս կտոր-կտոր էր լինում, երբ մտածում էի երեխայիս մասին: Մի կերպ մեջս ուժ գտնելով, հարցրեցի տատիկին, թե ի՞նչ է եղել: Նա ինձ լացակումաց պատմեց, որ իր սիրասուն թոռնիկը՝ երկուս ու կես տարեկան Վերգինեն կուլ էր տվել իր արյան ճնշումն իջեցող բոլոր դեղահաբերը և հիմա նրա կյանքին վտանգ էր սպառնում: Տատիկն այնքան էր հուզված էր, որ նույնիսկ չհարցրեց, թե ես ինչու՞ եմ այստեղ, և թե ինչու՞ եմ լալիս: Նա նաև պատմեց, որ երեխայի ծնողները գնացել էին հարսանիք՝ իրենց միակ դստեր խնամքը վստահելով տատիկին:

- Ի՞նչ եմ ասելու աղջկաս ու փեսայիս, եթե չհաջողվի Վերգինեին  փրկել, - աղիողորմ լաց լինելով, անընդհատ կրկնում էր դժբախտ տատիկը:

Մոտավորապես գիշերվա ժամը երկուսին, վերակենդանացման բաժնի դուռը բացվեց և տարեց, բայց համակրելի մի բուժքույր եկավ հայտնելու, որ Վերգինեի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Դատարկել ու լվացել էին փոքրիկի աղիքներն ու ստամոքս, և երեխան արդեն ուշքի էր եկել: Տատիկի ուրախությանը չափ ու սահման չկար: Շրջվելով դեպի ինձ, բուժքույրն ասաց, որ հույս կա, որ իմ տղային վիճակն էլ կբարելավվի, քանի որ նրան ծայրամասային երակային կատետրով, կաթիլային եղանակով, պիպոլֆենը չեզոքացնող դեղեր են ներարկում: Եվ իրոք, առավոտյան երկու երեխաներն էլ այնքան լավ էին, որ արդեն վազվզում և չարաճիճություններ էին անում փակ դռների ետևում:

Ես կնոջիցս թաքցնում էի մեր երեխայի հետ պատահածը, բայց քանի որ վտանգն անցել էր և մեր տղան արդեն համեմատաբար լավ էր, զգուշությամբ հայտնեցի նրան այդ մասին: Երևի նա չափից դուրս նեղսրտեց այդ լուրից, քանի որ նրա հղիությունը ընդհատվեց ժամանակից շուտ, և մենք շատ տխրեցինք:

Մի քանի օր հետո մենք արդեն տանն էինք, և տղաս վազվզում էր մեր ընդարձակ բնակարանում և իր բարալիկ ու հաճելի ձայնով մեզ հետ խոսում, սակայն երբեմն նորից սկսում էր անհանգստանալ և նայելով առաստաղին բացականչում էր.

- Շարժվու՜մ է, շարժվու՜մ է…

Մենք շատ անհանգստանում էինք նրա համար և հասկանում, որ պիպոլֆենի ազդեցությունը դեռ լրիվ չի անցել:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ուժգին երկրաշարժին, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակում, մնացել էր ընդամենը մեկ ու կեսից երկու ամիս: Երկրաշարժից անմիջապես հետո տղաս դադարեց «շարժվու՜մ է, շարժվու՜մ է…» բացականչելուց:

Ըստ երևույթին պիպոլֆենը բարձրացրել էր որդուս զգայնությունը սեյսմիկ տատանումների նկատմամբ և նա նույնիսկ փոքր տատանումները զգում էր, որոշ գերզգայուն մարդկանց նման, որն արտահայտվում է գլխապտույտի, գլխացավի, արթմնի երազների, երևակայական պատկերների, ականջների մեջ զնգալու և այլ զգայական դրսևորումների ձևով: Փաստորեն, որդիս շնորհիվ իր նյարդային համակարգի գերզգայնության, դեռևս երկու ամիս առաջ զգում էր Սպիտակի երկրաշարժի մոտենալը…

Շտապ օգնության գլխավոր բժշկի առանձնասենյակը շատ ընդարձակ էր: Գրեթե ամբողջ սենյակը զբաղեցնում էր հսկայական, երկար սեղանը, որի շուրջը նստած էին Երևանի համարյա բոլոր հիվանդանոցների մանկական բաժանմունքների վարիչները: Սեղանի մի գլխին նստած էր ինքը՝ գլխավոր բժիշկը, իսկ մյուսին՝ շտապ օգնության բժշկուհին, որն ինձ տեսնելիս չարությամբ ֆշշացրեց.

- Դուք կփոշմանեք ձեր արածի համար: Չեք էլ ամաչու՜մ: Ինչքա՜ն եք մեր տուն եկել…

Հերթով ելույթներ ունեցան բոլոր վարիչները: Նրանք գրեթե բոլորը խոսեցին ռուսերեն լեզվով՝ համեմված լատինական տերմիններով, չնայած մեր մեջ չկար նույնիսկ մեկ ռուս: Նրանք միաձայն արդարացրեցին բժշկուհու գործողությունները և լկտիաբար մեղադրեցին երեխայիս, որ նա ալերգիա ունի, և իբր ալերգիայից ցանկացած տեսակի բարդություն սպասելի է: Ելույթների ընթացքում, գլխավոր բժիշկն անընդհատ գլխով էր անում՝ որպես համաձայնության նշան և ժպտում, իսկ բժշկուհին հաղթականորեն նայում էր ինձ:

- Հե՜յ գիտի աշխարհ, - մտածեցի ես, - «սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում»:

Վերջացնելուց հետո, բոլորը նայեցին ինձ:

- Կատարվել է հանցագործություն, - ասացի ես, -  երեխային սխալ սրսկում են արել, այսինքն՝ նրան ներարկել են 1.5 մլ պիպոլֆեն ալերգիայի դեմն առնելու համար, մինչդեռ հիվանդության պատմության մեջ չի նշված, որ նա  ալերգիա ունի: Երեխան ալերգիա չուներ և չի էլ ունեցել նախկինում: Դեռ ավելին, երբ ես առարկեցի, որ երեխան ալերգիա չունի, այլ կարմրել է տաքությունից, շտապ օգնության բժշկուհին իմ, քենուս և բուժքրոջ ներկայությամբ պնդեց, որ տաքությունից չեն կարմրում: Սատարելով հանցագործին, դու՛ք՝ վարիչներդ, դառնում եք մեղսակիցներ: Բացի դրանից, հիվանդանոցի բժիշկների և շտապ օգնության բժշկուհու մասնակցությամբ ևս մի հանցագործություն է կատարվել՝ պիպոլֆենի 1.5 մլ չափաբաժինը գրիչով ուղղվել և դարձվել են 0.5 մլ հենց իմ ներկայությամբ: Կեղծված բժշկական գրառումը պարզ դատական փորձաքննության միջոցով հեշտությամբ  կհայտնաբերվի:

Իմ ելույթից հետո, ես նկատեցի, որ վարիչների ամբարտավանությունը և գլխավոր բժշկի լավ տրամադրությունն անմիջապես չքացավ, իսկ բշժկուհին զգաց, որ պետք է պատասխան տա:

Սակայն, նա այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ոչ էլ նրան սատարող վարիչները և շտապ օգնության գլխավոր բժիշկը: Պարզվեց, որ շտապ օգնության բժշկուհին իմ դպրոցական ընկերոջ կինն էր, իսկ մայրս իմանալով դա, ինձ թախանձագին խնդրեց, որ դատարան հայց չներկայացնեմ…

Չգիտեմ, ճի՞շտ վարվեցի, թե՞ ոչ, բայց ո՛չ ընկերս, ո՛չ էլ նրա «բժշկուհի» կինը մինչև իմ բողոքելը նույնիսկ մեկ անգամ չէին հետաքրքրվել որդուս առողջական վիճակով…
           


Կալիֆորնիա, Գլենդել
20 նոյեմբերի, 2014թ. 

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...