Friday, March 4, 2016

«Ինքնասպանը»

Ուսանողական հանրակացարանի տասնչորսերրոդ հարկի սենյակներից մեկում թեժ վիճաբանություն էր ընթանում Կատերինա Տոլկունովայի և Իգոր Կռաչկովի միջև: Նրանք երկուսն էլ Մոսկվայի Ֆիզիկոտեխնիկական ինստիտուտի ուսանողներ էին: Իգորը Կատյային մեղադրում էր ստախոսության և դավաճանության մեջ, մինչդեռ աղջիկն ամեն ինչ ժխտում էր:

- Այդպիսի բան չի եղել, ավելին՝ ես նույնիսկ չեմ ճանաչում այդ ուզբեկ տղային՝ Տուլյագային, ում մասին դու խոսում ես:

- Տուլյագա՝ նրա ազգանունն է, իսկ անունը՝ Սադրուդդին է: Միգուցե՞ անունով ճանաչես նրան՝ չնայած բոլորը նրան ազգանունով են դիմում, որովհետև ռուսերենով այն ավելի լավ է հնչում:

- Ո՛չ, ո՛չ, և դարձյալ ո՛չ, ի՞նչ Տուլյագա, ի՞նչ Սադրուդդին: Այս ի՞նչ խանդի տեսարաններ են: Ավելի լավ է վերջ տանք այս անիմաստ վեճին ու հաշտվենք, - ժպտալով ասաց Կատյան՝ մոտենալով Իգորին, - ոչ ոք քեզ այնքան չի սիրում, ինչքան ես, գի՜ժ, - ձայնին տալով փաղաքշական երանգ, Կատյան փորձեց գրկել նրան:

- Հեռու մնա՛ ինձնից, փչացա՜ծ: Երևի ամբողջ հանրակացարանի տղաների հետ պառկել ես, հիմա էլ սիրահարվա՞ծ ես ձևանում, քա՜ծ: Լավ է, որ իմ սրտակից ընկերը՝ Գարիկն իմ աչքերը բացեց: Ես էլ՝ հիմարս, քեզ կինո, թատրոն էի հրավիրում, նույնիսկ ամուսնության առաջարկ արեցի, մինչդեռ ուրիշներն ավելի լավ էին ճանաչում քեզ՝ ընդամենը մի քանի բաժակ օղի, և դու պատրաստ էիր նրանց հետ անկողին մտնելու:

- Ի՜նչ, ուրեմն այդ Գարիկ կոչեցյալին, այդ խորամանկ հայի՞ն ես հավատում, այլ ոչ թե ինձ, ո՛վ սիրում է քեզ ամենամաքուր, ամենամեծ սիրով, ո՛վ նվիրված ու հավատարիմ է քեզ: Էլ ինչու՞ եմ ապրու՜մ՝ առանց քեզ կյանքն այլևս ինձ համար արժեք չունի: Ավելի լավ է՝ մեռնե՜մ, ինքնասպան լինեմ - բացականչեց Կատյան: 

Այդ ասելով, նա ցատկեց պատուհանի գոգին ու բացեց պատուհանը և, եթե Իգորը չհասցներ բռնել նրա երկար շրջազգեստի փեշերից, միգուցե կկատարվեր ամենասարսափելին՝ Կատյան ինքնասպան կլիներ՝ իրեն նետելով բարձրահարկ շենքի տասնչորսերորդ հարկից:

Երբ Իգորը Կատյային, երկար համոզելուց հետո, կարողացավ իջեցնել պատուհանի գոգից, նա չդիմացավ ու սկսեց լաց լինել: Արցունքները, նրա գեղեցիկ, կապույտ աչքերից, առատորեն հոսում էին կարմրատակած այտերով ցած: Նա լացակումաց ասաց.

- Հիմարի՜կ, ո՞նց չես հասկանում, որ այդ խորամանկ Գարիկն ուզում է խլել ինձ քեզանից: Գիտե՞ս, քանի՜-քանի՜ անգամ փորձել է սիրահետել ինձ, բայց ապարդյուն, որովհետև ես քեզ եմ սիրում: Եթե ես քեզ ուզենայի դավաճանել, հենց Գարիկի հետ կմտնեի անկողին, այլ ոչ թե՝ Տուլյագայի: Գարիկն ավելի գեղեցիկ է ու առնական, քան երևի Տուլյագան, ում ես չեմ էլ տեսել: Դա մտքովդ չէր անցե՞լ:

Իգորն արդեն զղջում էր, որ անիմաստ տեղն անպատվեց իր սիրեցյալին, իր աննման Կատյային. «Միթե Գարիկն՝ այդ անպիտանը, ուզում էր բաժանել իրենց, որ դյուրությամբ տիրեր Կատյային և դեռ ընկեր էլ կոչվում է՝ այն էլ սրտակից: Ի՜նչ աշխարհ է՝ ո՛չ սիրածդ աղջկան կարող ես վստահել, ո՛չ էլ մոտ ընկերոջդ»: Նա ուշադիր նայեց Կատյայի աչքերի մեջ ու հավատաց նրան, հետո` քնքուշ գրկեց ու փաղաքշեց:

- Համբուրի՜ր ինձ, - խնդրեց Կատյան:

Գիշերվա ժամը երեքն էր, երբ վերջապես Իգորը դուրս եկավ Կատյայի սիրատոչոր անկողնուց և ուղևորվեց դեպի իր սենյակը, որտեղ Գարիկը հանգիստ քնած էր: «Քնի՛ր, քնի՛ր, ստորի մեկը: Ուզում էիր գժտեցնել ինձ՝ իմ սիրելիի, իմ անուշիկ Կատյայի հետ, որ հետո հանգիստ, ինքդ կրքոտությամբ վայելեիր նրա հրաշագեղ մարմինը… Դավաճա՜ն, հուդա՛…Եվ դեռ սրտակից ընկեր է կոչվում», - մտածեց նա և, զայրույթից չկարողանալով զսպել ինքն իրեն, հարձակվեց խորը, քնած Գարիկի վրա.

- Վե՛ր կաց, վե՛ր կաց, ստո՛ր դավաճան, ի՞նչպես կարող էիր ինձ հետ այդպես վարվել:

Երբ Գարիկը դժվարությամբ բացեց աչքերը և զարթնեց, տեսավ Իգորի բռունցքն իր դեմքին շատ մոտիկ: Իգորը պատրաստվում էր նրան հարվածել: Անսպասելիությունից նա նստեց անկողնում և զարմացած հարցրեց.

- Ի՞նչ է եղել, Իգոր և ինչու՞ ես ուզում ինձ հարվածել: Ի՞նչ մեղք եմ գործել և, ընդհանրապես, ինչո՞վ եմ ես քո առաջ մեղավոր: Պատասխանի՛ր, խնդրում եմ: Չէ՞ որ նույնիսկ դատարանում՝ սկզբում մեղադրում են, իսկ հետո դատում ու պատժում, իսկ դու ուզում ես ինձ ինքնադատաստանի ենթարկել: 

Այս կերպ հանդիմանելով Իգորին, Գարիկին հաջողվեց կարճ ժամանակով մի փոքր զսպել նրան, քանի որ նա բռունցքը ետ քաշեց նրա քթի տակից, բայց միևնույնն է՝ իրադրությունը չափազանց լարված էր, և Գարիկը դա շատ լավ գիտակցում էր: Ժամանակ չկորցնելով, նա շարունակեց.

- Իգո՛ր, գիտես, չէ՞, որ մենք՝ երկուսս էլ ամուսնացած ենք եղել և կորցրել ենք մեր կանանց, ես՝ անխիղճ զոքանչիս պատճառով, դու՝ կնոջդ նենգ դավաճանության պատճառով, դրա համար էլ պարզապես ընկերներ չենք, այլ՝ սրտակից, ինչպես հարազատ եղբայրները: Ի՞նչպես կարող էի լռել և չզգուշացնել քեզ: Այդ քո նոր ընկերուհին, ում դու այդքան լուրջ ես վերաբերվում, որ նույնիսկ ամուսնության առաջարկ ես արել, թեթևաբարո վարքագիծ դրսևորելով, հենց իմ ներկայությամբ, և բոլորիս աչքի առաջ, առանց ամաչելու, անկողին մտավ Տուլյագայի հետ: Հիմա՝ նա քեզ հետ քնքշորեն սիրաբանել, մոլորեցրել ու նենգությամբ դրդել է իմ դեմ, դրա համար էլ ինձ չես հավատում: Դու էիր ասում չէ՞, որ կանայք վստահելի չեն, հիմա ինչու՞ նրան հավատում ես, ինձ՝ ոչ: Հետո, ես ի՞նչ շահ ունեմ՝ քեզ խաբելու. դու գիտես, չէ՞, որ ես մինչև հիմա իմ Կարինեին եմ սիրում և չեմ կարողանում մոռանալ նրան… Գիտե՞ս,  Տուլյագան իմ մոտ ընկերն է. նա շատ բարի և հարգալից է ամենքի հետ: Քանի անգամ փորձել եմ քեզ ծանոթացնել նրա հետ, բայց դու չես ուզել՝ չգիտեմ ինչու՞: Նա՝ նաև արտակարգ լավ խոհարար է՝ չտեսնված համեղ ուզբեկական ճաշատեսակներ է պատրաստում և սրտաբացորեն բոլորին հյուրասիրում: Այդ օրը նա ուզբեկական փլավ էր պատրաստել՝ գառան մսով ու դմակով, սիսեռով, լոլիկով, գազարով, սոխով, սխտորով ու զանազան համեմունքներով և պատկերացնու՞մ ես՝ ոչ թե ջրով, այլ ջրային գոլորշով: Նա հրավիրել էր ինձ և իր համակուրսեցիներին՝ Թոգային և Վալյային, ինչպես նաև վերջինիս ընկերուհուն՝ քո Կատյային: Աղջիկներն ուշադիր հետևում էին, թե Տուլյագան ինչպես է պատրաստում փլավը, մենք՝ նույնպես: Փլավն, իսկապես, շատ համեղ ստացվեց: Ճաշի ժամանակ Կատյան շատ խմեց: Տուլյագան և Թոգայն ընդհանրապես չխմեցին, որովհետև նրանց հավատը թույլ չի տալիս դա, իսկ ես՝ ընդամեն մի փոքրիկ բաժակ: Աղջիկների քեֆը լավացավ և նրանք սկսեցին երգել.

*Ой, цветет калина в поле у ручья.
Парня молодого полюбила я.
Парня полюбила на свою беду:
Не могу открыться - слова не найду!

Հետո Կատյան մոտեցավ Տուլյագայի մահճակալին, անպատկառորեն հանվեց, մտավ անկողին, կարծես այնտեղ միայն ինքը լիներ և անամոթաբար կանչեց Տուլյագային.

- Է՛յ Տուլյագա, իսկ հիմա արի՛ ինձ մոտ և ցու՛յց տուր, թե ինչպիսի տղամարդ ես դու, թե՞ դու միայն փլավ եփել գիտե՜ս…

Երբ մենք դուրս եկանք սենյակից, Տուլյագան արդեն նրա հյուրընկալ գրկում էր… Ուզու՞մ ես հավատա, ուզու՞մ ես՝ ոչ:

- Կհավատամ, եթե Տուլյագան հաստատի դա, - ասաց Իգորը մռայլված:

Առավոտյան Գարիկը գնաց Տուլյագայի մոտ: Պատմեց, թե ինչպիսի խնդրի հետ է բախվել և աղաչեց նրան գալ իրենց սենյակ և հաստատել իր ասածները, որպեսզի Իգորը հավատա նրան:

Տուլյագան մի փոքր մտորելուց հետո ասաց.

- Գարի՛կ, դու նրան ճշմարտությունն ես ասել և ուզեցել ես զգուշացնել մտերիմ ընկերոջդ, բայց միշտ չէ, որ ճշմարտությունը պետք է ասել մարդկանց՝ երբեմն այն շատ ցավոտ է լինում: Ես, իհարկե, կգա՛մ և կօգնե՛մ քեզ հաստատելու ճշմարտությունը, որովհետև դու իմ ընկերն ես:

Կատյան ու Իգորը չամուսնացան. նրանք երկուսն էլ շուտով հեռացան Մոսկվայից ու մեկնեցին ուրիշ քաղաքներ՝ ուսումը շարունակելու այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Երկար տարիներ են անցել: Գարիկը, հիշելով Տուլյագայի խորհուրդը, զղջում է, որ ժամանակին իր մտերիմ ու սրտակից ընկերոջը զգուշացրել էր նրա ընկերուհու թեթևաբարո ու անպարկեշտ վարքի մասին: Նա հասկացել է մեկընդմիշտ, որ ոչ մի դեպքում չի կարելի խառնվել սիրող զույգերի հարաբերություններին, նույնիսկ բարի նպատակ հետապնդելով.

*Վստահեցին ոմանք ինձ – հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին – գաղտնիքս առան ու տարան:

Ու զղջում եմ ես մի պահ, սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել…

* Ой, цветет калина, ռուսական ժողովրդական երգ, խոսք՝ Մ. Իսակովսկիի:
* Պարույր Սևակ, «Մի պահ զղջում եմ» բանաստեղծությունից:

Կալիֆորնիա, Գլենդեյլ

3 մարտի, 2016թ.   

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...