Friday, February 16, 2018

«Շնորհակալությու՛ն, բարի պարո՛ն՝ այսքա՜ն ազնիվ լինելու համար» (ուրվանկար)

Ինչքա՜ն մեղք են անտուն, անօթևան մարդիկ: Սիրտդ կտոր-կտոր է լինում, երբ նայում ես նրանց: Անտունները հատկապես շատ են Կալիֆորնիայի հարավային շրջաններում: Չէ՞ որ այդ տեղերում նույնիսկ ձմռանը տաք է, ցերեկը՝ առվազն՝ 25⁰C, իսկ գիշերը՝ նվազագույնը՝ 10⁰C: Նրանք վատ են հագնված, իրենց ունեցած-չունեցածը պահում են հսկայական գլորվող ճամպրուկների, կամ էլ սուպերմարկետներից գողացված անվասայլակների մեջ, իսկ տարրական սանիտարա-հիգիենիկ պայմաններից զրկված լինելու պատճառով ահավոր փնթի, կեղտոտ ու անլվա են: Անտունների հետ ոչ ոք չի շփվում: Նրանք «մեկուսացված» են հասարակությունից: Երբեմն անտունները միմյանց հետ են շփվում, այն էլ, փալաս-փուլուսի կամ արևի տակ տաքուկ տեղ գրավելու համար, կռվելիս: Երևի այդ «մեկուսացվածության»  պատճառով է, որ անտուններն ինքնամփոփ են դառնում և, եթե խոսում են, ապա իրենք՝ իրենց հետ, այն էլ՝ բարձրաձայն ու կցկտուր: Այդ պատճառով էլ անցորդները նրանց խելագարի տեղ են դնում և փութաջանորեն շրջանցում կամ խուսափում նրանցից: Ցավոք սրտի, թեև քիչ թվով, բայց կան նաև անտուն հայեր…
           
Չարախոս մարդկանց կարծիքով, անտուններին կամ անօթևաններին դուր է գալիս այդպիսի կյանքը, այսինքն՝ չաշխատելը, թափառելը, որտեղ պատահի գիշերելը, փողոցային կռիվներին ու քաշքշուկներին մասնակից դառնալը, հարբեցողությունը, թմրամոլությունը և այլն, բայց դա բոլորովին էլ այդպես չէ՛, իհարկե՛, այդպես չէ՛…
           
Կառավարությունը որոշ չափով օգնում է նրանց. ապահովում է անվճար բժշկական ծառայություններով, սննդի քարտերով (Food Stamps) և գիշերային կացարաններով (Shelters), բայց դա միայն այն նվազագույնն է, որ տրամադրվում է այդ դժբախտներին… Այդ պատճառով նրանց մեծ մասը ստիպված է նաև փող մուրալու կամ էլ՝ զանազան պլաստմասսայե շշեր ու անոթներ հավաքել փողոցներից ու աղբարկղներից՝ վերամշակման հանձնելու նպատակով և այդ կերպ գեթ մի չնչին գումար վաստակելու հնարավորություն ունենալ…
           
Գլեն Ջեյմսը դեռևս հինգ տարի առաջ, մինչև աշխատանքը կորցնելը և անօթևան դառնալը, աշխատում էր Բոստոնի դատարաններից մեկում՝ որպես փաստաթղթեր կազմող, իսկ հիմա նա հիսունն անց է ու աշխատանք չունի: Գլենը կարող էր աշխատանք գտնել, եթե չունենար, այսպես կոչված, Մենիերի հիվանդությունը (Meniere's disease), որը նոպաների ժամանակ առաջացնում է անհավասարակշռության զգացում, գլխացավ, գլխապտույտ և լսողության զգալի վատթարացում: Մի խանգարիչ հանգամանք ևս կա, թեև ռասայական խտրականությունը և սեգրեգացիան (segregation-սպիտակամորթների հետ նույն հասրակական վայրում գտնվելը) Միացյալ Նահանգներում վաղուց արգելված է օրենքով, բայց դեռևս լիովին չի անհետացել, հատկապես՝ սպիտակամորթ մարդկանց գիտակցությունից: Այդ պատճառով նաև, նրան՝ որպես սևամորթի, այնքան էլ հեշտ չէ աշխատանք գտնելը: Գլենը միայնակ է, բայց ունի քույր, ով մեծ սիրով կընդուներ նրան իր հարկի տակ, բայց նա չի ուզում նեղություն պատճառել նրան ու նրա ընտանիքի անդամներին: Ամեն օր Գլենն առավոտյան, մի մեծ, սև տոպրակ ձեռքին, դուրս է գալիս անօթևանների կացարանից և գնում է թափառելու Մասաչուսեթս նահանգի մայրաքաղաքի՝ Բոստոնի կենտրոնական փողոցներով, զանազան թափոններ, որպես երկրորդական մշակման հումք, հավաքելու: Գլենը չի տրտնջում և գոհ է թե՛ Աստծո գթասիրտ ողորմածությունից, և թե՛ կառավարությունից՝ իրեն ցուցաբերած աջակցության համար: Նա հիմնականում հաղորդակցվում է Աստծո հետ՝ կիսում է իր խոհերն ու մտահոգությունները և, մեկ էլ հանգստանալիս, ռադիո ունկնդրում մի փոքրիկ ռադիոընդունիչով, որ պատահաբար գտել էր աղբարկղներից մեկում: Նրա սիրած ռադիոկայաններն են՝ NPR-ը, որտեղից լուրեր է լսում և, իհարկե՛, քրիստոնեական ռադիոկայանները՝ ճշմարիտ ու անկեղծ հավատի վերաբերյալ: Գլենը ջերմեռանդորեն հավատում է Աստծուն: Ամեն օր մի քանի անգամ կիսաձայն արտասանում է «Հայր մերը».

«Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայություն Քո,
Եղիցին կամք Քո,
Որպէս յերկինս և յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
Տո՛ւր մեզ այսօր….»

և Աստծո տաս պատվիրանները. «Մի սպանի՛ր, մի շնացի՛ր, մի գողացի՛ր….»: Նա նաև իր գոհունակությունն է հայտնում Աստծուն, որ ապրում է այս երկրում, որտեղ իր նմանները գոնե ապահովված են գիշերային կացարաններով, ուտելիքով, անվճար բժշկական ծառայություններով և այլն և, որ դատապարտված չեն ցրտից սառչել կամ էլ սովամահ լինել, ինչպես շատ ու շատ երկրներում:
           
Ամառային մի շոգ օր թափառելուց հոգնած Գլենը, արևից պատսպարվելու համար, նստեց «T.J. Maxx» խանութի՝ առջևի քաթանե ծածկի տակ, կողքին տեղավորելով սև, մեծ տոպրակը, որը կիսով չափ արդեն լցված էր զանազան երկրորդական մշակման թափոններով: Մինչ մարդիկ աշխուժորեն ներս ու դուրս էին անում խանութի ապակեպատ դռներով, նա գրպանից հանեց փոքրիկ ավետարանը և սկսեց կարդալ 27-րդ գլուխը. «Երբ  լույսը բացվեց, բոլոր բարձր և միջին դասի հոգևորականները Հիսուսի դեմ դավադրություն սարքեցին, և Նրան, առաջնորդեցին, Հռոմեական կայսր Տիբերիուսի կողմից նշանակված կառավարչի՝ Պիղատոս Պոնտացու մոտ՝ մահվան դատապարտելու խնդրանքով….»: Մի քիչ այն կողմ մի երիտասարդ չինացի տղա, կողքի շրջված անվասայլակի վրա նստած, ախորժակով բրդուճ էր ուտում: Նրա կողքին նույնպես մի սև տոպրակ էր դրված, ավելի փոքր չափի, քան Գլենինը: «Խե՜ղճ տղա, - մտածեց Գլենը, - երևի նա էլ, ինձ նման, անօթևան է և թափառելով թափոններ է հավաքում…»: Քիչ անց տղան անհետացել էր, միայն սև տոպրակն էր մնացել: Գլենը տոպրակում 2,400 դոլար կանխիկ փող, մոտ 39,500 դոլարի ճանապարհորդական չեկեր, անձնագիր և այլ կարևոր փաստաթղթեր հայտնաբերեց: Նա, առանց վարանելու, անմիջապես ուղևորվեց մոտակա ոստիկանական բաժանմունք և հանձնեց գտածը: 
           
Չինացու անձնագրի միջոցով դժվար չեղավ նրան գտնելը և ոստիկանական բաժանմունք հրավիրելը՝ տոպրակն ամբողջությամբ վերադարձնելու համար: Պարզվեց, որ չինացի երիտասարդը եկել էր Միացյալ Նահանգներ Չինաստանից՝ ուսանելու համար: Չինացի ուսանողն անձամբ շնորհակալություն չհայտնեց Գլենին և ոչ էլ պարգևատրեց նրան՝ թեկուզ մի աննշան գումարով:
           
Հատուկ նշանակված օրվա կեսօրին Բոստոնի ոստիկանության հանձնակատար Էդվարդ Դևիսը հանդիսավորությամբ պատվոգիր հանձնեց Գլեն Ջեյմսին՝ ցուցաբերած աննախադեպ ազնվության համար: Ներկաները մի քանի դոլարով, ով ինչքան կարող էր, դրամական օգնություն ցուցաբերեցին, իսկ Բոստոնի քաղաքապետի թեկնածու Չարլզ Յանսին նրան յոթ դոլար տվեց: Գլենը շնորհակալություն հայտնեց բոլորին և ասաց, որ չնայած «օրհնյալ» սննդի քարտ ստանալուն, ինքն այդ դրամի կարիքն ունի՝ լվացքի, տրանսպորտի, հագուստի և զանազան այլ կենցազային, մանր-մունր ծախսերի համար:
           
Բարեբախտաբար, այսքանով չվերջացավ այս ազնվագույն մարդու պատմությունը: Վիրջինիա նահանգի Միդլոդյան քաղաքի երիտասարդ բնակիչ, 27-ամյա Էթան Ուհիթինգթոնը, ով երբեք չէր եղել Բոստոնում, դրամահավաք կազմակերպեց Գլենի համար համացանցում՝ օգտվելով «Go Fund Me» կայքից: Արդյունքն ապշեցուցիչ էր… Առաջին չորս ժամվա ընթացքում 3,152 դոլար փող հավաքվեց, իսկ հետագա 53 ամիսների ընթացքում՝ 160,257 դոլար… Էթանը, այդ համակրելի ու հրաշալի երիտասարդը, մտադիր էր դրամահավաքի միջոցով հավաքել 250,000 դոլար, որով հնարավոր կլիներ տուն գնել Գլենի համար քրոջ բնակավայրին մոտիկ:
           
Դրամահավաքի մասնակիցները համացանցում շռայլորեն գովաբանում էին թե՛ Գլենին, և թե՛ Էթանին. «Մենք շատ բան սովորեցինք քեզնից, Գլե՛ն», «Աշխարհն ավելի լավը կլիներ, եթե այսպիսի մարդիկ շատ լինեին...», «Աստված օրհնի քեզ… Ի՜նչ լավ է, որ այսպիսի ազնիվ մարդիկ կան աշխարհում…», «Շնորհակալությու՛ն, բարի պարո՛ն՝ այսքա՜ն ազնիվ լինելու համար», «Տղամարդը, որ սկսել է այս դրամահավաքը, նույնքան դրվատանքի է արժանի, ինչքան այն մարդը, ով վերադարձրել է գտածը»….
           
Տեղին է հիշել Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի խոսքերը. «Աշխարհում լավ մարդիկ ավելի շատ են, քան՝ վատ: Հակառակ դեպքում աշխարհը վաղուց կործանված կլիներ»: Իրո՛ք, Գլեն Ջեյմսի և Էթան Ուհիթինգթոնի նման առաքինի ու ազնիվ մարդկանց շնորհիվ է, որ աշխարհը դեռ չի կործանվել…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
7 փետրվարի, 2018թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...