Thursday, August 13, 2015

Ահել, թե՞ ջահել (Էսքիզ)

Եթե գործատուներին հարցնեք` ահել, թե՞ ջահել գործավոր կվերցնեք աշխատանքի,  ապա նրանց գերակշիռ մասն՝ առանց հապաղելու կպատասկանի.  

- Իհարկե՛, ջահել:

Այդպես կպատասխանեն գործատուները, հատկապես` Հայաստանի անկախությունից հետո: Նրանք նույնիսկ կպատճառաբանեն` ասելով, թե կախված աշխատանքի բնույթից, միա՛յն ջահելները կարող են ծանր ֆիզիկական աշխատանք կատարել, միա՛յն նրանք ունեն լավ հիշողություն, ճիշտ ու արագ որոշումներ կայացնելու ընդունակություն և այլն: Սակայն քչերը, անկասկած, ավելի խելոքները կպատասխանեն.

- Կախված աշխատանքի բնույթից, կվերցնենք նրանց, ովքեր ունեն լավ ֆիզիկական տվյալներ, ուժ և տոկունություն, փորձառություն, գիտելիքներ, լավ հիշողություն, հնարամտություն, կազմակերպչական ու համակարգողական կարողություններ, հայոց և օտար լեզուների իմացություն և այլն:

Տարիքը, հատկապես՝ մինչթոշակային հասակը երբեք չի կարող խոչընդոտ հանդիսանալ աշխատանքի վերցնելիս, որովհետև գործատուն չպետք է տարիքային խտրականություն կիրառի գործավորի նկատմամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա նույնիսկ օրենքով է արգելվում և ոչ միայն տարիքային, այլ նաև սեռական, ռասայական և կրոնական խտրականությունը:

Մի քանի տարի առաջ հարևանս՝ Աշոտն ավտոտնակ էր կառուցում: Նրա առանձնատան ետևում կար տնամեձ հողամաս, որը սահմանակից էր մի նեղլիկ փողոցի, սակայն վերջինս մոտ մեկ մետրով ցածր էր, քան հողամասը: Նա վարձեց երկու ջահել և ուժեղ բանվորների, որոնք պետք է փորեին և հանեին հողը՝ հավասարեցնելով փողոցի մակարդակին: Չնայած, որ բանվորներն արդեն մի քանի օր էր փորում էին, բայց գործն առաջ չէր գնում: Նրանք հինգ-վեց րոպեն մեկ նստում էին հանգստանալու կամ ծխելու համար: Դեռ ավելին,  գանգատվում էին, որ գործը ծանր է, իսկ վարձատրությունը` քիչ և պահանջում էին հավելյալ վարձատրություն:

Աշոտն իր ընկերոջ խորհրդին հետևելով, հրավիրեց աշխատանքի մեկ ուրիշ, վաթսուն անց մարդու` վարպետ Հարութին: Նա խոստացավ երկու-երեք օրում հանել հողը և փորել նաև ավտոտնակի պատերի հիմքերը`մոտ քսան սանտիմետր խորությամբ: Վարպետ Հարութը, միայնակ, փոխարինեց այն երկուսին՝ ջահելներին:

Վարպետ Հարութը բարձրահասակ, նիհար մի մարդ էր, բայց բավականին ուժեղ, տոկուն և հմուտ: Նա շինարար էր և կարողանում էր կատարել բազմաթիվ շինարարական աշխատանքներ: Վարպետն ընդամենը երեք օրում փորեց հանեց հողը և բարձեց բեռնատար ավտոմեքենաների մեջ՝ տեղափոխման համար. չորս ավտոմեքենա հող դուրս եկավ: Նա քարերն առանձնացրեց, որպեսզի հետո լցներ հիմքերի մեջ և օգտագործեր ավտոտնակի պատերը շարելիս: Փորելիս մի քանի հատ շատ խոշոր և ամուր քարեր հայտնաբերվեցին, որոնք վարպետը մեծ հմտությամբ՝ կողքերը փորելով, և օգտագործելով լինգը, հանեց հողի միջից ու ջարդեց՝ վերածելով պատ շարելու համար հարմար կտորների: Նա իր ծանր ու մեծ մուրճով հմտությամբ ջարդելով հսկայական քարերը, ապշեցրեց ու հիացրեց ականատես հարևաններին, քանի որ հարվածի ուժգնության և ճիշտ ընտրված անկյան շնորհիվ կարողանում էր քարերը կոտրել նախանշված ուղղությամբ: Իմիջիայլոց, այդ քարերի բարձումը բեռանատար ավտոմեքենայի մեջ՝ առանց ամբարձիչ տեխնիկայի օգնության անհնար էր: Վարպետ Հարութը, ջարդելով այդ խոշոր ու ծանր քարերը, միաժամանակ ազատեց հարևանիս՝ Աշոտին, վերջիներիս տեղափոխման բավականին լուրջ և ծախսատար աշխատանքից:

Ընդամենը մի քանի օրում, վարպետ Հարութը շատ արագ լցրեց հիմքերը բետոնով, մեծ հմտությամբ շարեց պատերը և փողոցի վրա բացվող մի մեծ երկաթյա դարպաս մոնտաժեց՝ էլեկտրական, եռակցող սարքի օգնությամբ: Առաստաղի փայտյա տախտակամածային կաղապարը և մետաղյա ամրանները նա արագ, վարպետորեն կապեց և նախապատրաստեց բետոնե շաղախի համար:

Աշոտի հարևանները մեծ հետաքրքրությամբ էին հետևում Վարպետ Հարութի կատարած աշխատանքներին: Նրա արհեստավարժ շարժումները, մասնագիտական հմտություններն ու եռանդն ակնհայտորեն հիացնում էին նրանց:  

Ավտոտնակի առաստաղի բետոնը լցնելու համար լրացուցիչ աշխատող էր հարկավոր: Հարևաններից մեկը՝ Գագիկը, ով աշխատանք չուներ և տարիքով բավականին երիտասարդ էր վարպետ Հարութից, ցանկություն հայտնեց կատարելու այդ աշխատանքը՝ համապատասխան վարձատրության դիմաց: Սկզբում նա լավ էր աշխատում, հետո կամաց-կամաց նրա ուժերը հատան և սկսեց ավելի ու ավելի հաճախ նստել՝ հանգստանելու համար, իսկ կեսօրին Գագիկն արդեն ի վիճակի չէր ընդհանրապես աշխատելու՝ լրիվ ուժասպառ էր եղել, մինչդեռ վարպետ Հարութը նույն եռանդով շարունակում էր աշխատել…

Իհարկե, գործը կիսատ չմնաց, քանի որ հարևանս՝ Աշոտը, կեսօրից հետո, ստիպված ինքը փոխարինեց ջահել բանվորին, և օրվա վերջում ավտոտնակի առաստաղի բետոնալցումն ավարտվեց:

Վարպետ Հարութի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ ծանր ֆիզիկական աշխատանքի համար գործավոր վարձելիս՝ տարիքն այնքան էլ էական դեր չի խաղում, իսկ ինչքան կան ահել մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով, եռանդով, ստեղծարարությամբ և նույնիսկ հիշողությամբ գերազանցում են ոչ միայն իրենց տարեկիցներին, այլ նաև իրենցից բավականին ջահել ու կրթություն ստացած շատ մարդկանց…

Կալիֆորնիա, Գլենդեյլ
13 օգոստոսի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...