Saturday, February 27, 2016

Ի՞նչ եղավ քեզ, Դիաննա…

Հակոբն առավոտյան երթուղային տաքսիով աշխատանքի գնալիս՝ հանդիպեց աշխատակցուհուն՝ Դիաննային: Նա բարձր տրամադրության մեջ էր:

- Ի՞նչ է եղել, Դիաննա՛, ինչու՞ ես այսքան ուրախ, - հարցրեց Հակոբը:

- Առանձնապես ոչինչ, - ծիծաղելով ասաց նա, - պարզապես մի հետաքրքիր գիրք եմ կարդում՝ Սոմերսեթ Մոեմի «Թատրոնը», դրա համար էլ ինձ շատ լավ եմ զգում: Անհամբեր սպասելու եմ երեկոյի գալուն, որ աշխատանքից հետո շարունակեմ այն ընդհատված տեղից:

- Այո՛, դու իրավացի ես, բավականին հետաքրքիր է կարդացվում: Ես էլ եմ դա կարդացել: Ընդհանրապես, լավ գիրք կարդալն էլ է երջանկություն, բայց ցավոք, մեր օրերում ընթերցանության միջոցով «երջանկություն» փնտրողները զգալի կերպով քչացել են:

- «Թատրոնում» ինձ, հատկապես դուր է գալիս Ջուլիայի՝ Ջուլիա Լամբերթի կերպարը: Նա, լինելով Լոնդոնի թատրոններից մեկի սիրված ու նշանավոր դերասանուհին, համարձակ կերպով սիրային կապի մեջ է մտնում  երիտասարդ երկրպագուներից մեկի՝ Թոմի հետ, ով համարյա իր որդու հասակակիցն է: Ճիշտն ասած, եթե ես լինեի նրա փոխարեն՝ նման բան չէի անի, բայց միևնույն ժամանակ չեմ կարողանում չհիանալ նրա խիզախությամբ, քանի որ այդ գաղտնի սիրային կապը բացահայտվելու դեպքում նա կկորցներ իր վաստակած բարձր հեղինակությունը, միգուցե նաև բազմահազար երկրպագուներին, ինչպես նաև, շատ հավանական է, կքանդվեր նրա ընտանիքը:
           
Նրանք այդպես ուրախ զրուցելով հասան Կիևյան փողոցի վրա գտնվող իրենց հիմնարկության կանգառին: Այնտեղ Հակոբն ու Դիաննան իջան երթուղային տաքսուց և Կիևյան ու Օրբելի փողոցների խաչմերուկում սպասեցին լուսաֆորի՝ կանաչ լույսի վառվելուն: Երբ կանաչ լույսն ազդարարեց, որ կարելի է հատել փողոցը՝ նրանք սկսեցին շարժվել և, երբ հասան մոտավորապես խաչմերուկի հետիոտնային անցման մեջտեղի մասին՝ Դիաննան հանկարծ ուժեղ ճչաց.

- Վա՜խ, ոտքս:

Հետո անմիջապես, կիսով չափ կքանստեց և երկու ձեռքերով ամուր բռնեց աջ ազդրը, ըստ երևույթին, ցավացող տեղում: Հակոբը մի կերպ բարձրացրեց տնքացող Դիաննային և կիսագրկած հասցրեց նրան դիմացի մայթը: Այնուհետև, նա բջջային հեռախոսով զանգահարեց հիմնարկություն՝ օգնություն խնդրելու: Մի քանի աշխատակիցներ, առանց հապաղելու, օգնության հասան: Նրանք Դիաննային հեշտությամբ հասցրեցին աշխատանքի վայր: Ինչ-որ մեկն արդեն շտապ օգնություն էր կանչել: Դիաննային անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց:

Հակոբն այլևս նրան չտեսավ: Երկու շաբաթ անց Դիաննան մահացավ:  

Հիվանդանոցում պարզել էին, որ Դիաննան արգանդի քաղցկեղ ուներ՝ արագընթաց, ամենավատ տեսակի՝ սարկոմա: Արգանդի քաղցկեղի ժամանակ հաճախ անսպասելի ցավը ճառագայթվում է դեպի ներքև՝ ոտքերին: Ամենայն հավանականությամբ, Դիաննան, մինչև Կիևյան ու Օրբելի փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումը հատելու պահը, չգիտեր, որ քաղցկեղով հիվանդ էր:

Դիաննայենց բնակարանը գտնվում էր Սայաթ Նովա փողոցի վրա՝ հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում: Նա՝ միշտ հենց այդ փողոցից էր երթուղային տաքսիյով աշխատանքի գնում: Դիաննան լավ աղջիկ էր՝ միշտ քաղաքավարի, կենսուրախ, դեռևս չամուսնացած: Նրան բոլորն էին սիրում: Հակոբը հաճախ էր Դիաննային առավոտյան հանդիպում երթուղային տաքսու մեջ՝ աշխատանքի գնալիս: Հիմա Հակոբն, ամեն անգամ այդտեղից անցնելիս՝ ակամա նայում էր վերև՝ Դիաննայենց բնակարանի պատուհաններին: Նա հաճախ էր ինքն իրեն նույն հարցը տալիս. «Տեսնե՞ս Դիաննան, մինչև մահանալը, հասցրե՞ց մինչև վերջ կարդալ Սոմերսեթ Մոեմի «Թատրոնը», որն այդքան հավանում էր»


Կալիֆորնիա, Գլենդեյլ

26 փետրվարի, 2016թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...