Tuesday, July 7, 2015

Մարմնավաճառները

Գործուղման էի մեկնել Լենինգրադ, այժմյան՝ Սանկտ Պետերբուգ քաղաքը, որը մեծությամբ և շքեղությամբ համարվում էր Խորհրդային Միության երկրորդ քաղաքը՝ Մոսկվայից հետո: Ինչպես բոլորը, ես էլ էի սիրում մեկնել գործուղումների, որովհետև դա ըստ էության մի փոքրիկ արձակուրդ կամ շրջագայություն էր պետության հաշվին: Նույնիսկ հիմա, Խորհրդային Միության փլուզումից հետո, շատերն են այդ կարծիքին մնացել, թերևս տարբերությունը միայն այն է, որ ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվել, հատկապես իշխանավորների համար՝ ավելի շքեղ հյուրանոցներում ապրելու և ավելի շատ արտասահմանյան երկրներ այցելելու առումով:

Ինձ հաջողվեց համար վերցնել «Օկտյաբրսկայա»* հյուրանոցում, որը գտնվում էր հենց քաղաքի կենտրոնում, «Պլոշչադ Ոստանյա»* մետրոյի կայարանի հարևանությամբ:

Որոշել էի գործուղման հետ կապված գործերս վերջացնելուց հետո անպայման այցելել Լենինգրադի տեսարժան վայրերը: Ամենից առաջ ցանկանում էի այցելել Նեվա գետի ափին գտնվող հինգ մասնաշենքերից բաղկացած Էրմիտաժ Պետական Թանգարանային Համալիրը, որը ստեղծվել է ռուս կայսրուհի Եկատերինա II-ի կողմից: Էրմիտաժում են զետեղված մոտ երեք միլիոն համաշխարհային արվեստի ցուցանմուշներ՝ սկսած դեռևս քարե դարից: Ուզում էի այցելել նաև Պետական Ռուսական Թանգարանը, որը հեղափոխությունից առաջ կոչվել է Կայսր Ալեքսանդր III-ի անունով և նույնպես բաղկացած է հինգ մասնաշենքերից՝ Միքայելյան Պալատից, Միքայելյան Ամրոցից, Մարմարյա Պալատից, Ստրոգանովյան Պալատից և Պետրոս I-ի Ամառային Պալատից: Այս թանգարանում են գտնվում ավելի քան չորս հարյուր հազար ռուսական արվեստի ցուցանմուշներ և այնպիսի  ռուս ականավոր նկարիչների գործեր, ինչպիսիք են՝  Կ. Պ. Բրյուլովը, Ի. Ե. Ռեպինը, Վ. Մ. Վասնեցովը, Վ, Սուրիկովը, Վ. Ա. Սերովը և այլոք, և իհարկե, մեր հայրենակից՝ Հ. Կ. Այվազովսկին, որի «Իններորդ Ալիք» նշանավոր յուղաներկ կտավը հենց այստեղ է ցուցադրված: Ցանկություն կար այցելելու նաև Ֆիննական ծովացոցի հարավային ափում գտնվող Պետերհոֆյան Պալատը և Օրիենբաումյան Պալատը, ինչպես նաև Թագավորական Գյուղը և էլի շատ ու շատ տեսարժան վայրեր, եթե ժամանակս հերիքեր: Մի խոսքով ես շատ ընդարձակ և գեղեցիկ պլաններ էի կազմել տեսարժան վայրերով հարուստ Լենինգրադի նման արտակարգ գեղեցիկ քաղաքի հետ ծանոթանալու համար: Նախօրոք պատրաստվելով, հետս վերցրել էի նաև իմ՝ «Zenit TTL» մակնիշի հայելային լուսանկարչական ապարատը, որն այն ժամանակ համարվում էր լավագույն լուսանկարչական ապարատներից մեկը ողջ Խորհրդային Միությունում, ինչպես նաև արտասահամանում, որպեսզի լուսանկարեմ այն ամենն, ինչ-որ տեսնելու ու զմայլվելու էի

Հենց իմ ժամանման առաջին օրը, երեկոյան քաղցած լինելով, որոշեցի իջնել հյուրանոցի առաջին հարկում գտնվող ռեստորանը՝ ճաշելու: Սաստիկ ցուրտ էր, դրսում առատ ձյուն էր տեղում, և ես տաքանալու համար նաև օղի պատվիրեցի: Մատուցողուհին ասաց, որ միայն հարյուր հիսուն միլիլիտր օղի կարող է բերել, քանի որ վերջերս Գորբաչովի կողմից սահմանափակվել էր ալկոհոլի, հատկապես օղու սպասարկումը ողջ Խորհրդային Միության տարածքում:

Ռեստորանը գրեթե դատարկ էր, սակայն շուտով այն միանգամից լցվեց մարդկանցով: Իմ սեղանին մոտեցավ շատ համակրելի, ինձ հասակակից մի երիտասարդ տղա: Նա գործուղման մեջ էր և շատ ուրախացավ իմանալով, որ ես էլ եմ գործուղման եկել: Մենք անմիջապես ծանոթացանք և սկսեցինք մտերմաբար զրուցել: Օլեգն, այդպես էր այդ ռուս տղայի անունը, ասաց ինձ, որ շատ է սիրում գործուղումների մեկնել, քանի որ հնարավորություն կա միաժամանակ մի լավ քեֆ անելու և սիրաբանելու մարմնավաճառ կանանց հետ՝ ինչու՞ նրանց հետ, որովհետև նրանք շատ լավ են տիրապետում սիրո արվեստին: Նկատելով իմ երեսին գծագրված զզվանքի արտահայտությանը՝ հասկացավ, թե ինչ եմ մտածում այդ մասին, ավելացրեց.

- Ախր նրանք պրոֆեսիոնալներ են

Նա շամպայն պատվիրեց և ուզում էր սրտաբացորեն ինձ էլ հյուրասիրել, բայց ես հրաժարվեցի, բացատրելով նրան, որ մրսում եմ և գերադասում եմ օղի խմել:

Քիչ անց Օլեգը մի թռուցիկ գնահատող հայացք գցելով ռեստորանի սեղաններին, մտերմաբար շրջվեց դեպի ինձ և ասաց.

- Այստեղ գտնվող բոլոր կանայք մարմնավաճառներ են:

- Դու չափազանցնում ես, - ասացի ես, - համոզված եմ, որ սխալվում ես: Միգուցե կան նրանց մեջ մարմնավաճառներ, բայց, որ բոլորն են մարմնավաճառ, ես դրան չեմ կարող հավատալ: Դու չես կարող բացառել, որ այս կանանց մի մասը իրենց ամուսինների, ազգականների կամ պարզապես ընկերների հետ եկել են ռեստորան ժամանակ անցկացնելու համար:

- Դու ի՞նչ է, - զարմացած ասաց նա, - չե՞ս տեսել հյուրանոցի հարևանությամբ գտնվող մետրոյի շուրջը պտտվող լպիրշ կանանց. նրանցից ոմանք նույնիսկ մանկական ծծակներ ունեն իրենց բերաններին և տղամարդ տեսնելիս անպատկառորեն չլփացնելով՝ լկտիորեն նայում են ուղիղ նրանց աչքերի մեջ, իսկ պարեկող միլիցիոներները ձևացնում են, թե չեն նկատում, որովհետև կաշառված են:   

Օլեգը նկատելով, որ ես սկսեցի կասկածանքով և ուշադիր մեկ առ մեկ զննել ռեստորանում գտնվող կանանց ու աղջիկներին, խորհրդավոր կերպով ժպտաց և ասաց.

- Արի՛ գրազ գանք: Դու մատնացույց արա՛ որևէ կնոջ, որին բոլորովին չես կասկածում մարմնավաճառության մեջ, իսկ ես իսկույն կհրավիրեմ նրան մեր սեղանի մոտ և կապացուցեմ, որ մարմնավաճառ է:

- Ո՛չ, - ասացի ես, - գրազ գալ չեմ սիրում:

- Ափսո՜ս, իսկ ես շատ եմ սիրում գրազ գալ: Շատ եմ սիրում նաև գրազ գալու մասին հայտնի անեկդոտը, պատմե՞մ:

- Պատմի՛ր:

- Տղան առաջարկում է աղջկան. «Արի գրազ գանք, որ դու չես թողնի ինձ քեզ համբուրել», - «Ինչի՞ վրա», - հարցնում է աղջիկը,  - «Իհարկե, համբույրի», - պատասխանում է հնարամիտ տղան:

- Իսկապես, շատ ծիծաղելի է, բայց միևնույնն է, գրազ գալ չեմ սիրում, - ժպտալով ասացի ես:

- Լավ, արի՛ դա անենք առանց գրազ գալու: Ուշադիր նայիր և ընտրիր մեկին և ես անհապաղ նրան կբերեմ մեր սեղանի մոտ ու կծանոթացնեմ քեզ հետ:

Ես ընտրեցի շատ համակրելի, ինտելեգենտ տեսքով, քառասունին մոտ շիկահեր մի կնոջ: Նա աշխույժ զրուցում էր իր դիմացը նստած, իրենից բավականին երիտասարդ մի աղջկա հետ: Նման էին մայր և աղջկա, որ եկել էին ռեստորան ճաշելու: Ընկերս անմիջապես մոտեցավ նրանց սեղանին, ժպտալով ինչ-որ բան ասաց կնոջ ականջին, և ի զարմանս ինձ, նա, թևանցուկ անելով Օլեգին, ուղևորվեց դեպի մեր սեղանը: Երբ նրանք մոտեցան մեր սեղանին, կինը բարևեց ինձ և նստելով սեղանի շուրջը սկսեց մտերմիկ զրուցել մեզ հետ: Նա իրոք, շատ գեղեցիկ էր և հրապուրիչ: Շատ գայթակղիչ էր նաև նրա ողորկ ու ձյունասպիտակ կուրծքը, որը նա արագ և վարժ շարժումով մի ակնթարթ բացեց մեր առաջ՝ արձակելով շրջազգեստի վերևի երեք կոճակներըՊարզվեց, որ նա մարմնավաճառ է և այնքան էլ թանկ չի վերցնում: Օլեգը ետ տարավ նրան և վերադառնալով դիմեց ինձ.

- Հիմա համոզվեցի՞ր, ասում էի, չէ՞:

Ես մատնացույց արեցին էլի մի քանի մանկահասակ աղջիկների ու կանանց. պարզվեց, որ նրանք բոլորն էլ իրոք, մարմնավաճառներ էին և անխտիր որևէ կերպ, գաղտագողի ցուցադրում կամ շոշափել էին տալիս իրենց կանացի բարեմասնությունները՝ կարծիք կազմելու համար: Օլեգն էլ, օգտվելով ընձեռնված առիթից, ուրախությամբ մի լավ տնտղում էր նրանց իր սիրատոչոր ձեռքերով:

Ես անչափ հիասթափված և զարմացած էի այս տարօրինակ իրադրության մեջ հայտնվելու  պատճառով: Ինչեր ասես, որ չանցան մտքովս. նույնիսկ մտածում էի, որ Օլեգը պայմանավորվում էր նրանց հետ, որպեսզի մի փոքր հոգուս հետ խաղար, բայց նաև հասկանում էի, որ չէին կարող բոլորը համաձայնվել նրա հետ այդ խաղը խաղալու համար: Մնում էր եզրակացնել, որ նա ճիշտ էր, իսկ եթե դա այդպես էր, ուրեմն ընդհանրացնելով, տրամաբանական էր ենթադրել, որ Լենինգրադի կանանց ճնշող մեծամասնւթյունը մարմնավաճառներ էին: Սակայն ես չէի կարող դրան հավատալ, չնայած կասկածները սկսել էին ինձ տանջել: «Եթե իրոք, դա այդպես է, ապա ինչ ահավոր է», - մտածում էի ես:  

Ռեստորանում աշխույժ երաժշտության տակ մարմնավաճառներն ընկած տղամարդկանց գիրկը, կրքոտ քսմսվելով նրանց, պարում էին: Միայն ես չէի պարում: Նրանցից մի քանիսն իսկապես շատ գեղեցիկ էին, ինչպես այն առաջին մարմնավաճառը, որին Օլեգը բերեց մեր սեղանի մոտ: Ի դեպ, Օլեգը միայն նրա՝ Տասիայի  հետ էր պարում՝ ըստ երևույթին շատ էր հավանում:

Հանկարծ ինձ մոտեցավ մի աղջիկ՝ Զինան, որը գեղեցկությամբ չէր զիջում Տասիային և պարի հրավիրեց: Ես նրան մերժեցի, բայց նա, չընդունելով իմ պատճառաբանություններն ու առարկությունները, ձեռքիցս բռնեց և գրեթե ուժով տարավ իր հետ: Պարելու ընթացքում նա հետզհետե սեղմվում էր ինձ իր կլորիկ ազդրերով, միաժամանակ նրբորեն գրկելով իմ պարանոցը իր քնքուշ թևերով: Քանի գնում դժվարանում էր դիմանալ նրա կանացի հմայքներին և ես պարը վերջանալուն պես քաղաքավարի շնորհակալություն հայտնեցի ու շտապեցի դեպի իմ սեղանը:

Նա երկրորդ անգամ եկավ ինձ հրավիրելու և այս անգամ ոչ միայն մարմնով, այլ նաև խոսքերով փորձում էր ինձ խելքահան անել: Զինան կարծում էր, թե ես ուսանող եմ և առաջարկում էր գիշերն իր հետ անցկացնել, նույնիսկ առանց որևէ վարձատրության, խոստանալով բազում վայելքներ: Ես երբեք մարմնավաճառների հետ գործ չէի ունեցել, առավել ևս քնել նրանց հետ, սակայն իմ ամբողջ տղամարդկային էությամբ լիովին պատրաստ լինելով, այլևս չէի կարողանում դիմանալ նրա կրքոտ հպումներին և քնքշորեն ասված խոսքերին: Օլեգը ճիշտ էր. այս կանայք իրոք, պրոֆեսիոնալներ ենՎախենալով, որ վերջիվերջո, Զինան ինձ վերջնականապես կգայթակղի, ես որոշեցի աննկատ հեռանալ, բայց նախկան հեռանալս պետք էր հրաժեշտ տայի Օլեգին: Հարմար պահ գտնելով, ես նրան ասացի.

- Օլե՛գ, ես շատ հոգնած եմ և գնում եմ քնելու: Երևի դու կմնաս, չէ՞:

- Այո՛, - ասաց նա, - ես այս գիշեր Տասիայի հետ եմ անցկացնելու

- Լա՛վ, - ասացի ես, - իսկ դու չես զզվու՞մ կամ գոնե վախենու՞մ, որ կվարակվես որևէ վեներական հիվանդությամբ, չէ՞ որ գիտես, թե նա ինչ զբաղմունքի տեր է:

- Գիտե՛մ, բայց չեմ վախենում, որովհետև գրպանումս միշտ ներարկիչ եմ պահում և հակաբիոտիկներ: Անմիջապես, սեռական ակտից հետո մի մեծ չափաբաժին ինքս ինձ ներարկում եմ և փա՜ռք Աստծո, մինչև հիմա չեմ հիվանդացել, - բացատրեց նա ժպտալով:

- Մի վերջին հարց էլ, Օլե՛գ, դու ո՞նց իմացար, որ այս ռեստորանում գտնվող բոլոր կանայք մարմնավաճառներ են:

- Շատ պարզ, - ասաց նա, - ես այս հյուրանոցում չեմ բնակվում և դրսից եկա, իսկ հանդերձարանում աղջիկները խմբված աշխույժ սակարկում էին հանդերձապահի հետ ռեստորան մուտք գործելու թույլատվություն ստանալու համար: Ահա և ամբողջ գաղտնիքը, իսկ ես կարող եմ գրազ գալ, որ դու երևի եզրակացրեցիր, որ Լենինգրադի կանայք բոլորը մարմնավաճառներ են, - ասաց նա ժպտալով:

- Օլեգ, արի՛ գրազ գանք, որ Լենինգրադի կանայք բոլորը մարմնավաճառներ չեն, - թեթևացած շունչ քաշելով, առաջարկեցի ես

- Կարիք չկա, դու արդեն հաղթեցիր, - ասաց նա, պինդ գրկելով թեթևակի գինովցած, իսկ միգուցե և կրքից ու սիրուց խենթացած գեղեցկուհի Տասիային:


*Гостиница Октябрьская
* Метро Площадь Восстания


Կալիֆորնիա, Գլենդել
7 հուլիսի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...