Thursday, January 28, 2016

Խաբկանք (էսքիզ)

Հակոբը հիվանդ էր՝ անհույս հիվանդԿինը նրա անկողնու մոտից չէր հեռանում՝ խնամում էր: Հակոբը մեռնելուց չէր վախենում, նա վախենում էր միայն մի բանից, որ կնոջն այլևս չի տեսնիՆրա կինը ոչ միայն գեղեցիկ էր, այլ նաև քնքուշ ու բարի: Հակոբն իրեն երջանիկ էր համարում, որ հանդիպել էր նման մի կնոջ, բայց ավա՜ղ, ընդմիշտ բաժանվելու ժամանակը եկել էր...
           
Գիշերվա ժամը երեքն էր, հանկարծ ննջասենյակը լուսավորվեց մի թույլ, երկնագույն լույսով և Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց նրա առջև՝ օդի մեջ կախված, մեջքին՝ թռչնի թևեր:

- Դու գիտե՞ս ես ով եմ, - ասաց նա բարեգութ ձայնով:

- Այո՛, - ասաց Հակոբը, - քեզ բոլորն են ճանաչում. քո պատկերը դրոշմված է
բոլոր եկեղեցիների պատերին, ինչպես նաև պատկերված է սուրբ գրքերում: Ես քեզ հենց այդպես էլ պատկերացնում էի: Չլինի՞ եկել ես հոգիս առնելու, - զայրացած հարցրեց նա:

- Այո՛, - ասաց Գաբրիելը, - գուշակեցիր, բայց չեմ հասկանում, թե ինչու՞ ես զայրանում, միթե՞ քեզ հայտնի չէ, որ քո կյանքն ամբողջությամբ պատկանում է Աստծուն. նա է քեզ երկրային կյանք պարգևել, նա էլ ամեն վայրկյան կարող է քեզ իր մոտ կանչել: Դու պարտավոր ես ենթարկվել Տիրոջը, պա՞րզ է, - որոտաց հրեշտակապետը:

- Կամա՜ց, կարթնացնես կնոջս, հազիվ քնել է, թո՛ղ մի քիչ հանգստանա:

- Չի՛ արթնանա, ես քեզ մոտ եմ եկել, ոչ թե` նրա: Եթե նույնիսկ արթնանա էլ, նա ինձ ո՛չ կլսի, և ո՛չ էլ, առավել ևս, կտեսնի:

- Ա՜խր, դու բարության հրեշտակապետն ես, ինչու՞ է Աստված հենց քեզ ուղարկում մարդկանց հոգիներն առնելու: Համ էլ ես հիվանդ եմ, չէ՞ր կարող Ռաֆայելին՝ բժշկության հրեշտակապետին ուղարկել... Պարտադի՞ր է հոգիս առնեք, միգուցե բուժեիք, հը՞:

- Հակո՛բ, դու իրավունք չունես Աստծո գործերին խառնվելու, առավել ևս` քննադատելու նրան, սթափվի՛ր, եթե չես ուզում Աստծո զայրութը հրավիրել քեզ վրա...

- Ա՜խր, Գաբրիել ջան, ես դեռ լիակատար չեմ վայելել իմ երջանկությունը կնոջս հետ, խնդրում եմ, թողնեիր մի քիչ էլ ապրեմ, շա՜տ եմ խնդրում: Ինչպես թողնեմ իմ սիրելիի՜ն, իմ աննման կնոջը, բա իմ հրա՜շք երեխաներին:

- Լավ, միայն մի տարբերակ կա քեզ համար. ես կարող եմ քո հոգին ժամանակավորապես տեղափոխել մեկ ուրիշ կենդանու, օրինակ՝ առնետի կամ ագռավի մեջ, եթե համաձայնվես, իհարկե:

- Լավագույն տարբերակն ինձ բուժելն էր, բայց եթե ուրիշ տարբերակ չկա՝ ես համաձայն եմ. միայն թե խնդրում եմ՝ իմ հոգին տեղափոխե՛ք՝ ագռավի, բայց ոչ առնետի մարմնի մեջ, քանի որ առնետներից, չնայած նրանց էլ է Աստված ստեղծել, ահավոր զզվում եմ: Բացի դրանից, ասում են, որ ագռավը երեք հարյուր տարի է ապրում:

- Սխալ են ասում, ագռավն ընդամենը տասնհինգից-քսան տարի է ապրում: Այնպես որ, քո կյանքը հենց այդքանով էլ կավելանա, միայն թե զգույշ եղիր՝ մարդիկ ագռավներին չեն սիրում, հատկապես՝ նրանց կռկռոցը: Նրանց կարծիքով՝ ագռավների կռկռոցը դժբախտություն է բերում: Մեկ էլ տեսար՝ քեզ պարսատիկով կամ հրացանով խփեցին:

- Պարզ է՝ այնքան էլ ինձ հեշտ կյանք չի սպասվում, բայց դե մեռնելուց լավ է...

Առավոտյան Հակոբենց տանը սուգ էր: Կինը՝ Նարինեն զարթնելով՝ ամուսնուն մեռած գտավ: Ագռավը, Հակոբենց ննջասենյակի պատուհանին մոտ գտնվող, ծառի ճյուղին նստած, ուշադիր լսում էր, թե ինչպես է Հակոբի կինը լաց լինում:

Ճիշտն ասած, Հակոբն, իրոք, մահացել էր, քանի որ նրա հոգին դուրս էր եկել մարմնից: Ոչ ոք չգիտեր, որ ագռավն էր մարմնավորում նրա հոգին, այլ կերպ ասած, նա շարունակում էր ապրել, բայց ագռավի մարմնում:

Ագռավը ներկա էր Հակոբի թաղմանը: Նա թառել էր մոտակա ծառի գագաթին՝ ճիշտ Հակոբի կնոջ գլխավերևում: Երբ Հակոբի մարմինն իջեցրին գերզմանափոսը, նա երեք անգամ կռնչաց: Թաղման բոլոր մասնակիցներն ակամա վեր նայեցին և տեսան ագռավին: Նարինեն շատ զարմացավ՝ տեսնելով ագռավին. նրան թվաց, թե դա հենց նույն այն ագռավն է, որ Հակոբի մեռնելուց ի վեր չի հեռանում, իրենց ննջասենյակի պատուհանին մոտիկ գտնվող, ծառի վրայից:

Անցավ մի շաբաթ: Նարինեն նկատել էր, որ երբ ննջասենյակն օդափոխելիս պատուհանն էր բացում, ագռավն ավելի էր մոտենում պատուհանին, կարծես՝ ուզում էր ներս նայել: Նարինեն այդ մասին պատմեց իր մտերիմ ընկերուհուն, իսկ նա հանդիմանեց նրան.

- Հեռու քշի՛ր դրան՝ այդ չարագուշակին, քո դարդը քեզ հերիք չի՞:

Նարինեին ընկերուհու ասածը դուր չեկավ՝ նա արդեն սովորել էր ագռավի կողմից ցուցաբերած ուշադրության նշաններին: Նարինեն նկատել էր, որ ագռավին, հատկապես՝ դուր էր գալիս իրեն դիտելը, երբ ինքը՝ իր զարդասեղանի առջև հարդարվում էր, բայց չէ՞ որ Հակոբն էլ էր դա սիրումԱգռավը հիշեցնում էր ամուսնուն: Նարինեն մի քիչ ամանով ջուր և հացի փշրանքներ դրեց պատուհանի գոգին՝ սենյակի ներսի կողմից և դուրս եկավ սենյակից: Երբ քիչ անց վերադարձավ, ագռավն արդեն կերել էր հացի փշրանքները և, ըստ երևույթին, մի քիչ էլ ջրից էր խմել: Ագռավը տեսնելով Նարինեին՝ չթռավ, այլ անշարժ կանգնեց տեղում ու գլուխը մի փոքր թեքած՝ ուղիղ նայեց նրա աչքերի մեջ: Այդպես՝ գլուխը մի փոքր թեքած, ուղիղ նրա աչքերի մեջ նայելու սովորություն ուներ ՀակոբըՆարինեն հուզվեց և լացակումաց ասաց.

- Դու՛, էլի արի՛, ես քեզ կկերակրեմ:

Նարինեին թվաց, որ ագռավը թռչելուց առաջ գլխով արեց՝ որպես համաձայնության նշան: Հաջորդ օրը պատուհանի գոգին մի զույգ ոսկյա ականջօղեր էին դրված: Մոտենում էր Նարինեի ծննդյան տարեդարձի օրը: Նրան հայտնի էր, որ Հակոբը նախօրոք իր համար ականջօղեր էր գնել այդ առթիվ, սակայն ցույց չէր տվել, որպեսզի անակնկալ մատուցեր նրան: Ոչ ոք չգիտեր ականջօղերի տեղը, բացի Հակոբից: Միթե՞ ագռավին հայտնի էր Հակոբի թաքստոցը:

Երկու օր անց, ճիշտ նրա ծննդյան տարեդարձի օրը, Նարինեն երեկոյան շատ սպասեց ագռավին, բայց նա չեկավ: Նարինեն, հոգնած սպասելուց, անկողին մտավ և խորը քուն մտավ:

Առավոտյան, երբ լույսը բացվեց՝ նա, արևի շողերի պատճառով կկոցելով աչքերն, իր առջև տեսավ ամուսնուն՝ Հակոբին, մի մեծ մատուցարան ձեռքին, որը ճոխ զարդարված էր զանանզան մրգերով, թանկարժեք շոկոլադներով, երկու գավաթ սուրճով, երկու բաժակ շամպայնով, մեկ հատ կարմիր վարդով և մի զույգ ոսկյա ականջօղերով:

- Բարի լույս, սիրելիս, - ժպտալով ասաց Հակոբը, - ծնունդդ շնորհավոր: Այսքան երկար դեռ երբեք չէիր քնել: Լավ հանգստացա՞ր, քաղցրի՛կս:

Կալիֆորնիա, Գլենդեյլ

28 հունվարի, 2016թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...