Saturday, September 5, 2015

ԱՄՆ-ում տպագրվել է Մարտին Շիրինյանի «Հպանցիկ սեր» պատմվածքը


Հարգելի ընթերցողներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգում հրատարակվող ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ գրական-մշակույթային հանդեսի (պատվավոր նախագահ՝ Կարո և Մարիա Ճրճրյաններ, հիմնադիր և գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ՝ Սարո Գյոդակյան) 68-րդ համարում 2015թ. սեպտեմբերի սկզբին տպագրվել է Մարտին Շիրինյանի «Հպանցիկ սեր» պատմվածքը (էջ՝ 52): Հանդեսի այս համարը ևս նվիրված է Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Ավելի վաղ, այն հրատարակվել է Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի՝ www.imgrakan.blogspot.com բլոգի հոկտեմբերի 26, 2014թ. թողարկման մեջ  http://imgrakan.blogspot.com/2014/10/blog-post.html)  «Հպանցիկ սեր» վերնագրով:

Հանդեսի առաջին էջում պատկերված է Արարատյան դաշտավայրը և Մասիսի սարը, ինչպես նաև հայ մեծ բանաստեղծ՝ Հ. Շիրազի նշանավոր խոսքերը՝ «Բոլոր ազգերը թող հասնեն լուսին, միայն թե հայը հասնի Մասիսին…» և «ՀԻՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ» կարգախոսը:


Կալիֆորնիա, Գլենդել
5 սեպտեմբերի, 2015թ.

Wednesday, September 2, 2015

Ի՞նչ են վաճառում

(էսքիզ)

Գալուստն իր ամառային հանգիստն էր անցակացնււմ Հյուսիսային Կովկասի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Կիսլովոդսկում:

Կիսլովոդսկը Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի, ամենաշատ այցելվող առողջարաններից մեկն է իր մեղմ կլիմայի ու բազմաթիվ բուժիչ հանքային ջրերի շնորհիվ: Քաղաքը տարին բոլոր լեփ-լեցուն է բազմաքանակ՝ հիմնականում ստամոքսա-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանցով և, իհարկե, պարզապես հանգստացողներով: Հիվանդների մի մասը գալիս է այստեղ առողջապահական ուղեգրերով և տեղավորվում հանգստյան տներում կամ սանատորիաներում, լինելով բժիշկների մշտական հսկողության տակ, մյուսները, չկարողանալով ձեռք բերել ուղեգրեր, գալիս են իրենց սեփական նախաձեռնությամբ և տեղավորվում վարձով տրվող բնակարաններում, ինչպես հովեկները՝ լրացուցիչ եկամուտով ապահովելով  Կիսլովոդսկի մշտական բնակիչներին:

Գալուստը երիտասարդ էր՝ դեռևս չամուսնացած և առողջ: Նա բուժման կարիք չուներ և սովորաբար իր հերթական արձակուրդներն անցկացնում էր Սև Ծովի կամ Սևանա լճի ափերին, կամ էլ անտառաշատ Ծաղկաձորում, Դիլիջանում և Վանաձորում: Սակայն հաճախակի լսելով Կիսլովոդսկի բնության անզուգական գեղեցկության մասին նախկինում այնտեղ հանգստացած հարևաններից, բարեկամներից ու ընկերներից, որոշեց այս անգամ էլ այնտեղ հանգստանալ:  

Նա Երևանից ինքնաթիռով թռավ դեպի Միներալնիյե Վոդի քաղաքը, իսկ այնտեղից էլ ավտոբուսով ուղևորվեց դեպի Կիսլովոդսկ: Ամբողջ ճանապարհին պատուհանից դուրս նայելով, Գալուստը հիանում էր կանաչ հարթավայրային բնապատկերներով, որոնք մերթ ընդ մերթ ընդհատվում էին անտառածածկ, երբեմն էլ անտառազուրկ բլուրներով:

Մոտ մեկ ժամ հետո ավտոբուսը հասավ Կիսլովոդսկ քաղաքի ավտոկայան: Այնտեղ վարձու բնակարանների տերերը նրանց էին սպասում: Գալուստին մոտեցավ բավականին գեղեցիկ արտաքինով, բարձրահասակ մի կին և վարձով առաջարկեց իր բնակարանի մի սենյակը հենց քաղաքի կենտրոնում: Գալուստն ու կինը նստեցին տաքսի և ուղևորվեցին դեպի նրա բնակարանը: Ամբողջ ճանապարհին կինը ոչինչ չասաց, քանի որ խորասուզված էր մտքերի մեջ: Տաքսու վարորդը հայ էր, ծնունդով Արցախից: Նա ամբողջ ճանապարհին կնոջից աննկատ աչքով էր անում Գալուստին և հայերեն ասում.

- Բախտդ լա՜վ էլ բերել ա, համաերկրացի:

Գալուստին նրա ակնարկները դուր չէին գալիս, բայց լռում էր:

Կնոջ բնակարանն իսկապես գտնվում էր քաղաքի կենտրոնում: Բնակարանը բաղկացած էր իրար հաջորդող երեք սենյակներից: Սենյակներից առաջինում, հենց մուտքի դռան դիմաց պետք է ապրեր Գալուստը, կողքի սենյակում՝ Զինաիդա Պավլովնան, այսինքն՝ տանտիրուհին, իսկ նրա և խոհանոցի միջև գտնվող սենյակում ապրելու էին մի ամուսնական զույգ, որոնք ժամանելու էին Մոսկվայից երկու-երեք օր հետո: Տանտիրուհին ծանոթացրեց Գալուստին բնակարանի հարմարություններին և ասաց, որ շատ ուրախ է կենվոր ունենալու համար, քանի որ ամուսինը մեկ ամիս առաջ է մահացել և չափազանց միայնակ է զգում: Գալուստը հիմա հասկացավ տանտիրուհու տխուր և մտազբաղ հայացքի պատճառը:

- Ցավակցում եմ, - ասաց Գալուստը, - իսկ ինչի՞ց մահացավ:

- Ստամոքսի խոցն էր պայթել: Մահացավ արյունահոսությունից, որովհետև շտապ օգնությունը եկավ բավականին ուշացումով: Մինչև եկան, նա արդեն արյունաքամ էր եղել: Այստեղ այդպես է, երբ իմանում են, որ հիվանդը տարեց մարդ է, ապա այնքան էլ ուշադիր չեն: Ամուսինս հիսունվեց տարեկան էր: Ես նրանից տասնվեց տարով երիտասարդ եմ:

«Տասներկու տարով ինձնից մեծ: Սրիկայություն կլինի սիրահետել նրան քանի դեռ նա վշտի մեջ է», մտածեց Գալուստը:

Կինը թեյ առաջարկեց Գալուստին: Ակնհայտ էր, որ կնոջը սփոփում էր նրա ներկայությունը:

- Մեկ շաբաթից լրանալու է ամուսնուս քառասուն օրը: Քառասունքը պետք է նշվի, ինչպես կարգն է: Հրավիրելու եմ երկու զարմիկներիս: Դուք էլ եք հրավիրված, - ասաց կինը: 

- Դուք շա՞տ էիք սիրում Ձեր ամուսնուն, - զգուշությամբ հարցրեց Գալուստը:

- Ո՛չ, ես ընդհանրապես նրան չէի սիրում, բացի դրանից մենք համատեղ երեխաներ չունենք: Ուղղակի նա լավ մարդ էր, իսկական մտավորական ու ընկեր: Նա նկարիչ էր: Այս բնակարանում ցուցադրված բոլոր նկարները նրա վրձնի գործերն են: Մենք վերջերս էինք Մոսկվայից տեղափոխվել Կիսլովոդսկ, իսկ բնակարանը ծնողներիցս է մնացել:

Գալուստը չէր սխալվել Կիսլովոդսկ գալով: Քաղաքը շատ գեղեցիկ էր՝ մխրճված սաղարթախիտ անտառների մեջ: Ուտելիքը, հատկապես կաթնամթերքը հրաշալի էր: Նա ամբողջ օրը զբոսնում էր անտառում, որտեղ հատուկ համարակալված արահետներ էին սարքած՝ նախատեսված տարբեր տեսակի հիվանդություններով տառապող մարդկանց համար, կախված ճանապարհի դժվարությունից: Գալուստը երբեք այդքան գեղեցիկ, հմայիչ ու մեծ եղևնիներ չէր տեսել իր ողջ կյանքում: Հաճախ էին հանդիպում նաև վայրի խնձորենիներ և տանձենիներ, որոնց պնդուկի մեծության թթու և կոշտ մրգերը մարդ արարածը կարողացել է դարձնել հինգից-վեց անգամ խոշոր, քաղցր, փափուկ ու համեղ: Շատ հուզիչ էր նաև բազմաթիվ փափկամազիկ, մարդամոտ ու ձեռնասուն սկյուռիկների ու գույնզգույն, ծլվլան թռչունների վարքագիծը, որոնք առանց որևէ վախի նշույլի անգամ գալիս, նստում էին մարդկանց գլխներին, ձեռքերին, ուսերին, մի քանի արևածաղիկի սերմի կամ ընկուզեղենի փշրանքների համար: Գալուստն ինքն էլ գրպանում միշտ մի բուռ արևածաղկի սերմ էր պահում՝ նրանց իր ձեռքից կերակրելու հաճույքն ըմբոշխելու համար: Անտառի խորքերում, գեղատեսիլ անկյուններում կային մի քանի գողտրիկ ճաշարաններ, որոնցից ամենաշատը Գալուստին դուր էր գալիս մեկը, որտեղ վրացական ձևով տապակած հավի ճուտիկներ էին մատուցում՝ պատրաստված հսկայական թավաների մեջ և համեմված վրացական հատուկ սոուսներով: Նա բավականին հաճախ այնտեղ էր ճաշում, որտեղ կային նաև վրացական նրբահամ գինիներ:

Երկու օր անց ժամանեցին նաև մյուս սենյակի կենվորները: Գալուստը բանալիով փորձում էր բացել դուռը, երբ ներսից դոււռը բացվեց և նրան ուրախ ժպիտով մի գեղեցիկ ու աշխույժ աղջիկ դիմավորեց: Միջանցքում ոչ ոք չկար բացի նրանցից: Աղջիկը շատ լավն էր և Գալուստը չկարողանալով զսպել իրեն պինդ գրկեց և օդ բարձրացրեց նրան:

- Ի՞նչ ես անում, ամուսինս այնտեղ է, - կամացուկ ասաց նա՝ գոհունակությամբ ժպտալով նրա հախուռն պոռթկումի վրա և հապճեպ շտկելով տեղաշարժված շրջազգեստը:

Գալուստը հասցրեց նրա ականջին հրամայական շշնջալ.

- Գիշերը կգա՛ս մոտս:

Աղջիկը չպատասխանեց, բայց խորհրդավոր կերպով ժպտաց:

Պարզվեց աղջիկն ընդամենը քսանչորս տարեկան էր, իսկ նրա ամուսինը հալից ընկած, հիմանդոտ մի բիձա էր…

Գիշերը Գալուստը խորը քնած էր, երբ զգաց, որ կիսաթաց մազերով մի փափուկ մարմին հպվեց իրեն, կրքոտ ու երկարաշունչ համբույրներ դրոշմելով իր շուրթերին:

- Թանկա՜գինս, հարազա՜տս, - անընդհատ կրկնում էր աղջիկը:

Հաջորդ օրն աղջկա ամուսնուն տեղափոխեցին հիվանդանոց՝ հիպերտոնիկ սուր նոպայի պատճառով: Աղջիկը գնաց նրա հետ՝ խնամելու: Գալուստն այլևս չտեսավ աղջկան, որովհետև նրանք հենց հիվանդանոցից մեկնեցին:

Զինաիդա Պավլովնայի ամուսնու քառասունքին, որը ռուսներն անվանում են նաև Հիշատակման օր, ներկա էին նրա երկու զարմիկները՝ Սաշան ու Վադիմը, որոնք մոտավորապես Գալուստի տարիքին էին: Զինաիդա Պավլովնան լավ պատրաստություն էր տեսել, ինչպես կարգն էր՝ տաք կերակուրներ, սառը խորտիկներ և օղի: Առաջարկվեց խմել հանգուցյալի հոգու հանգստության համար, իսկ վերջում՝ Զինաիդա Պավլովնայի կենացը:

Գիշերը Գալուստի քունը չէր տանում: Նա անընդհատ մտածում էր Զինաիդա Պավլովնայի մասին: «ԻՆչքան գեղեցիկ ու հավասարակշված կին է, հետաքրքիր է ինձ նման արթու՞ն է, թե՞ քնած», մտածում էր նա: Վերջապես, չգտնելով իրեն հուզող հարցերի պատասխանները, նա.

- Համարձակությունը գործի կեսն է, - ասելով մոտեցավ Զինայի ննջասենյակին և ծեծեց դուռը: Ներսից նվաղուն և մի անհամարձակ «այո» լսվեց: Գալուստը հրեց դուռը և ներս մտավ: Ներսում մութ էր, սակայն փողոցային լուսավորության շնորհիվ, պարզորոշ երևում էր Զինան անկողնում պառկած, վարսերը շաղ տված ձյունասպիտակ բարձի վրա: Նա այնքա՜ն գեղեցիկ էր արձակած մազերով, որ Գալուստը հազիվ կարողացավ թաքցնել իր հիացմունքը և չիմանալով ինչից սկսել ասաց.

- Զինա՛, լսե՞լ ես Հայկական Ռադիոյի անեկդոտները:

- Ոչ, - անվստահ ասաց Զինան:

- Ուրեմն, Հայկական Ռադիոյին հարց են տալիս, թե քանի՞ հիմար մարդ է հարկավոր լուսավորության լամպը փոխելու համար: Հայկական Ռադիոն պատասխանում է՝ երեք. մեկը բռնում է լամպը ու կանգնում աթոռի վրա, իսկ մյուս երկուսը պտտում են աթոռը:

Զինան թեթևակի ժպտաց, իսկ Գալուստը նստելով նրա մահճակալի եզրին ոգևորված շարունակեց.

- Իսկ այս մեկը լսե՞լ ես, ուրեմն, Հայկական Ռադիոն հարցնում է, թե ի՞նչ է մտածում աքլորը, երբ վազելով հետապնդում է հավին ցուրտ եղանակին: Հայկական Ռադիոն պատասխանում է, թե աքլորը մտածում է, եթե չբռնեմ ու չհասնեմ ուզածիս, գոնե կտաքանամ:

Զինան, առաջին անգամ իրենց ծանոթությունից ի վեր, սրտանց ծիծաղեց՝ երևան հանելով իր գեղեցիկ ատամնաշարը և կամացուկ, հազիվ լսելի ձայնով ասաց.

- Մոտ արի՛, - և քնքշորեն գրկեց Գալուստին…

- Իսկ չե՞ս հարցնում, թե ինչ էր մտածում հավը, - չարաճիճորեն շշնջաց Գալուստը նրա ականջին:

-Ի՞նչ:

- Միգուցե՞, շատ արագ եմ վազում…

Զինան այս անգամ ավելի ուժգին ծիծաղեց և ասաց.

- Մենք՝ մարդիկ հենց այդպիսին ենք ու ավելի ամուր գրկեց Գալուստին…

Գալուստի արձակուրդը վերջանում էր. մնացել էր ընդամենը մի քանի օր: Նա շրջեց քաղաքի խանութներով՝ հարազատների և ընկերների համար նվերներ գնելու համար: Խանութներից մեկի մոտ մի երկար հերթ էր գոյացել: Հերթը սկսվում էր խանութի ներսից և դուրս էր գալիս մուտքով ու բավականին երկար, ոլոր-մոլոր ձգվում մինչև փողոցի անկյունը: Գալուստը մոտեցավ հերթում կանգնած մարդկանց և հարցրեց.

- Ի՞նչ են վաճառում:

- Չգիտենք, - ասացին նրանք, - ըստ երևույթին լավ բան է, որ այսքան մարդ կանգնած է հերթում:

Գալուստին պատճառաբանությունը տրամաբանական թվաց, և նա էլ կանգնեց հերթի վերջում: Անցավ մոտ կես ժամ, բայց հերթը տեղից գրեթե առաջ չէր շարժվում: Հերթի մեջ կանգնած մարդկանցից մեկը սրտնեղած ասաց.

- Մեղավորը Հայրենական Պատերազմի վետերաններն են: Նրանց հերթն առանձին է, հետևաբար ավելի փոքր, իսկ նրանք էլ, օգտվելով մեր հաշվին իրենց տրված արտոնությունից, մի քանի անգամ են հերթ կանգնում, որպեսզի գնածը վերավաճառեն:

Գալուստը մի կես ժամ էլ հերթ կանգնելուց ձանձրացած, այլևս չդիմանալով, որոշեց գնալ և պարզել, թե ինչ են վաճառում: Մոտենալով վաճառողներին և հենց այն է ուզում էր հարցնել ու վերջապես իմանալ, թե ինչ են վաճառում, մեկ էլ վաճառողուհին զայրացած գոռաց վետարաններից մեկ վրա.

- Ա՜խր, դու տղամարդ ես, կրծքակալը քո ինչի՞ն է պետք, որ արդեն որերորդ անգամ գալիս ես գնելու:


Կալիֆորնիա, Գլենդել

24 օգոստոսի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...