Saturday, November 23, 2019

«Բորոդինյան համայնապատկեր» ( Ուրվանկար)


Հակոբի բախտը բերեց: Նրան տասն օրով գործուղեցին Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվա: Նա վաղուց էր երազում այնտեղ լինելու մասին: Վերջապես հնարավորություն ստեղծվեց տեսնելու Մոսկվան: Հակոբն արդեն եղել էր Խորհրդային Միության այլ քաղաքներում՝ Լենինգրադում, Կիևում, Ռիգայում, Լվովում, նույնիսկ ամառանոցային քաղաքներում՝ Սոչիում, Գագրայում, Նովի Աֆոնում, Կիսլովոդսկում, բայց Մոսկվայում` երբեք: Նա հանոզված էր, որ գործուղման ընթացքում ժամանակ կգտնվեր այցելելու Մոսկվայի տեսարժան վայրերն ու թանգարանները, որոնց մեջ նրան հատկապես շատ էր հետաքրքրում «Բորոդինյան համայնապատկերը», քանի որ ռուս-ֆրանսիական Հայրենական պատերազմի մասին էր: Նա մի քանի անգամ վերընթերցել էր ռուս մեծ գրող Լեվ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» հաստափոր վեպը, որտեղ այդքան մանրամասն ու տպավորիչ նկարագրված էր այդ պատերազմը: Հակոբը հիացած էր ռուս ժողովրդի անսահման հայրենասիրությամբ, որի առջև անզոր էին անգամ հմուտ զորավար Նապոլեոն Բոնապարտի հզոր և կազմակերպված զորքերը:
           
Օգոստոս ամիսն էր, Մոսկվայում հաճելի, տաք եղանակ էր, տերևաթափն արդեն սկսվել էր՝ գույնզգույն ներկելով ամբողջ քաղաքը: Մարդիկ ըմբոշխնում էին մոսկովյան ամառվա վերջին օրերը, իսկ զբոսաշրջիկները միայնակ կամ խմբովի վխտում էին քաղաքում, և միգուցե դա էր պատճառը, որ նա, ցավոք, նույնիսկ գործուղման թերթիկով, չկարողացավ հյուրանոցներում տեղ գտնել. ստիպված տեղավորվեց վարձու բնակարանում: Տանտերերը, ովքեր հիսուն անց մարդիկ էին, իրենց ննջասենյակներից մեկը տրամադրել էին Հակոբին՝ օրական հինգ ռուբլի վարձավճարի դիմաց: Բնակարանը հարմարավետ էր, տանտերերը սիրալիր, իսկ միակ դուստրը՝ հմայիչ Կատյան, գրեթե ամբողջ օրը, սիրեկանի գրկին նստած հեռախոսով խոսում էր միջանցքում: Սիրեկանը Կատյայի համակուրսեցին էր և համարյա ամբողջ ժամանակ գրկում, տրորում, համբուրում էր նրան՝ առանց քաշվելու ո՛չ նրա ծնողներից, և ո՛չ էլ՝ կենվորից, այսինքն՝ Հակոբից:
           
Հակոբը ներկայացավ այն հիմնարկությանը, որտեղ պետք է անցներ նրա գործուղումը: Նրան ասացին, որ կարող է գալ միայն առավոտյան ժամերին, իսկ կեսօրից հետո ազատ է գնալու, ուր որ կամենա: Հակոբին դա, իհարկե՛, ձեռնտու էր, և նա անմիջապես մեծ հաճույքով անցավ իր զբոսաշրջային ծրագրերի իրագործմանը: Նրան դեռ Երևանում խորհուրդ էին տվել առաջին հերթին այցելել «Զինապալատ» և «Կրեմլի ադամանդային ֆոնդ» նշանավոր, աշխարհահռչակ թանգարանները, որոնք գտնվում էին «Մոսկովյան Կրեմլի» տարածքում, քանի որ ցանկացողների քանակը շատ մեծ էր և դժվար էր, առանց նախօրոք տոմս ձեռք բերելու, այնտեղ ընկնելը: «Մոսկովյան Կրեմլից» հետո նա հերթով եղավ «Տրետյակովյան պատկերասրահում», «Պատմության», «Պուշկինի», «Մայակովսկու», «Բուլգակովի» թանգարաններում, «Ցարիցինոյի պալատում», իսկ վերջում այցելեց «Բորոդինյան ճակատամարտ» համայնապատկեր-թանգարանը:
           
Երբ Հակոբը հասավ Կուտոզովի պողոտա, որտեղ գտնվում էր նրան այդքան հետաքրքրող թանգարանը, զարմանքով նկատեց, որ դրամարկղի մոտի հերթն այնքան էլ մեծ չէր: Տոմսն էլ թանկ չէր, ընդամենը՝ մեկ ռուբլի հիսուն կոպեկ: Մոտ քառասուն րոպեից՝ նրա հերթը հասավ, և նա, վերջապես, հնարավորություն ստացավ լինելու այդքան բաղձալի թանգարանում: Հենց մուտքի մոտ այցելուներին դիմավորեց զբոսավարը՝ մի բարձրահասակ, շիկահեր աղջիկ, քսան հոգանոց խումբ կազմեց և առաջնորդեց նրանց դեպի թանգարան:
           
- Բարի՛ գալուստ, մեր հիասքանչ մայրաքաղաքի թանկագին հյուրեր, Դուք արդեն «Բորոդինյան ճակատամարտ» համայնապատկեր-թանգարանում եք, - ողջույնի առույգ խոսքով զբոսայցը սկսեց երիտասարդ զբոսավարը:
           
Անմիջապես Հակոբի ուշադրությունը գրավեց խմբից մի աղջիկ, ում ձեռքին բաց դարչնագույն պայուսակ կար: Նրա գեղեցիկ, կապույտ աչքերը երազկոտ արտահայտութուն ունեին և ուշադիր զննում էին հիասքանչ թանգարանի նկարներն ու ցուցադրությունները: Աղջիկն այնքան էլ բարձրահասակ չէր, բայց բարեկազմ ու արտակարգ հմայիչ կազմվածք ուներ: Հակոբն առաջին իսկ ակնթարթից չկարողացավ հայացքը կտրել նրանից: Ա՜խր, չափազանց հրապուրիչ էր ու ցանկալի: Նա հմայված ու ինքնամոռած նայում էր աղջկան, իսկ ականջին, կարծես հեռվից հնչում էր զբոսավարի միալար բացատրությունները.
           
- Սա պատմական թանգարան է, նվիրված՝ 1812 թվականի ռուս-ֆրանսիական Հայրենական պատերազմին: Այստեղ է գտնվում նկարիչ Ֆրանց Ռուբոյի նշանավոր «Բորոդինյան ճակատամարտ-համայանապատկեր» աշխատանքը, ինչպես նաև այն ժամանակվա պատմական իրադարձություններին վերաբերվող բազմաթիվ յուղանկարներ, գծանկարներ, քանդակներ, հազվագյուտ գրքեր, սպառազինության  և հանդերձանքի եզակի նմուշներ….
           
Քիչ անց Հակոբը նկատեց, որ հայտնվել է աղջկա կողքին. նա շատ զարմացավ, որովհետև չհասկացավ, թե դա ինչպես կատարվեց, սակայն առանց վարանելու ամուր բռնեց աղջկա ձեռքը: Նրա քնքուշ ու փոքրիկ ձեռքը Հակոբի խոշոր ու ամուր ձեռքի մեջ մի պահ դողաց, ապա հանդարտվեց ու նրանք շարունակեցին իրենց ճանապարհը զբոսաշրջիկների խմբի հետ:
           
- Սա Ֆրանց Ռուբոյի երրորդ համայնապատկերն է, առաջինը՝ «Ախուլկո աուլի գրոհումն» է, որն ավարտվել է 1890 թվականին, դարձնելով նկարչին Բավարիայի նկարիչների՝ ակադեմիայի պատվավոր անդամ, երկրորդը՝ «Սևաստոպոլի պաշտպանությունն» է, որն ավարտվել է 1905 թվականին, իսկ երրորդը, ինչպես արդեն նշել ենք, դա «Բորոդինյան ճակատամարտն» է: Այն նկարիչն առաջարկել է նկարել 1909 թվականին ռուս-ֆրանսիական պատերազմի 100-ամյա հոբելյանի առթիվ, որը պատրաստվում էին հանդիսավորությամբ նշել կայսերական Ռուսաստանում….
           
Հակոբն ու աղջիկը համակ ուշադրությամբ, կլանված լսում էին զբոսավարի անչափ հետաքրքրիր բացատրությունները: Ըստ երևույթին աղջկա նախասիրությունների մեջ էլ էր մտնում այն բոլորը, ինչ վերաբերվում էր պատմական նշանավոր իրադարձություններին: Կարելի է ասել, որ նրանք կրկնակի երջանիկ էին՝ միմյանցով հափշտակված լինելու և թանգարանում գտնվելու համար… Նրանց անչափ գերում էր ճակատամարտ-համայնապատկերի բոլոր, նույնիսկ ամենաչնչին դրվագները, գունազարդումները, բնապատկերները, մարտերը, զինվորական հանդերձանքը, զինատեսակները և այլն:
           
- Կայսերական պալատը հավանություն տալով Ռուբոյի գաղափարին, պատվիրեց նրան նկարելու երրորդ համայնապատկերը: Ռուբոն այդ խոշորամասշտաբ՝ 15x115 մետր նկարի վրա աշխատեց Մյունխենում: Նկարը ստեղծվել է ռուս նկարիչ Իվան Մյասոյեդովի, գեներալ-լեյտենանտ Բորիս Կալյուբակինի, մարտանկարիչ Բեքերի, բնանկարիչ Ցենո-Դիմերի և այլոց մասնակցությամբ, - շարունակում էր զբոսավարը:
           
- Անունդ ինչպե՞ս է, - ուղիղ նայելով աղջկա աչքերի մեջ, կամացուկ հարցրեց Հակոբը:
           
- Լիդիա՛, - փսփսաց աղջիկը, բերանը մոտեցնելով Հակոբի ականջին:
           
- Օ՜հ, իսկապե՞ս… Դու շատ գեղեցիկ ես, Լիդիա՛… Ինձ հայտնի է, որ քո անունը հունական ծագում ունի և նշանակում է՝ գեղեցիկ, ազնվազարմ:
           
Լիդիան մի փոքր շփոթվեց Հակոբի հաճոյախոսությունից և նորից փսփսալով հարցրեց, իսկ քոնը՞:
           
- Հակո՛բ, բայց քեզ համար դժվար կլինի արտասանել, քանի որ ռուսերենում «հ» տառը չկա: Դա պարզապես հունական Իաքոբոս, կամ էլ հրեական Ջակոբ անվան հայկական տարբերակն է: Անգլիական տարբերակը Ջեյմսն է: Կարող ես ինձ Ջեյմս անվանել, - ծիծաղեց նա:
           
- Լավ, ես քեզ Ջեյմս կանվանեմ, քանի որ Իաքոբոս մի քիչ դժվար է արտասանել նույնպես, իսկ Ջակոբ անունն ինձ դուր չի գալիս: Բացի դրանից Ջեյմսն ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ հիշեցնում է հանրահայտ Ջեյմս Բոնդին՝ «007 գործակալը» կինոնկարից:
           
- Լռությու՜ն, լռությու՜ն այդտեղ, - աչքերը Հակոբի և Լիդիայի վրա ոլորեց զբոսավարը, - խանգարում եք:
           
- Թանգարանն ունի 88 աշխատող, ներառյալ 33 գիտաշխատողներ, ովքեր ուսումնասիրում են 1912 թվականի պատմական դեպքերի և Ֆրանց Ռուբոյի կյանքին ու ստեղծագործություններին վերաբերվող նյութերը…. 
           
Զբոսայցը տևեց մոտ 45 րոպե: Երկուսն էլ անսահման տպավորված էին…Նստեցին թանգարանի տարածքում գտնվող նստարանի վրա և սկսեցին աշխույժ, ոգևորված զրուցել:
           
- Այնպիսի՜ տպավորություն ունեմ, կարծես վաղեմի ծանոթներ ենք, - բացականչեց Հակոբը և անսպասելիորեն ամուր գրկեց աղջկան: 
           
- Ի՞նչ ես անում, ի՞նչ ես անում, ինչպե՜ս կարելի է - մի պահ դիմադրեց աղջիկը, ապա քնքշորեն գրկեց ու հազիվ լսելի ձայնով շշնջաց նրա ականջին, - սիրելի՜ս, հարազա՜տս… Ինչքա՜ն եմ ափսոսում, որ ստիպված ենք բաժանվելու…
           
- Ինչու՞, - զարմացավ Հակոբը, - այսքան շու՜տ…
           
- Այո՛, - տխուր հաստատեց Լիդիան, - չորս ժամ հետո ես գնացքով մեկնելու եմ Կարպատներ:
           
- Չէ՜, այդպես չի կարելի, ա՜խր, ամեն ինչ սկիզբ ունի և վերջ, մենք չենք կարող այսպես շուտ բաժանվել, - հուզված բացականչեց Հակոբը և անսպասելիորեն մի երկար, կրքոտ համբույր դրոշմեց աղջկա սիրուց վառվող շրթներին…
           
- Ա՜հ, - հառաչեց Լիդիան, - հիմա ավելի ցավոտ կլինի մեր բաժանումը, իզուր համբուրեցիր ինձ…
           
- Իսկ ո՞վ ասաց, որ բաժանվելու ենք, ես քեզ հետ կգամ, - հակադարձեց Հակոբը:
           
- Իսկապե՞ս, - ուրախացավ աղջիկը:
           
- Այո՛, որոշված է, մենք միասին ենք մեկնում, բացի դրանից ես Կարպատներում երբեք չեմ եղել, - ծիծաղեց Հակոբը:
           
- Օ՜հ, սիրելիս, ինչքա՜ն լավն ես դու, - հուզված բացականչեց Լիդիան և քնքշորեն փարվեց Հակոբին:
           
Պարզվեց աղջիկն Արխանգելսկից էր և մեկնում էր Կարպատներ, տատիկից մնացած ժառանգությանը տեր կանգնելու:
           
- Գնանք իմ իրերի ետևից, արա՛գ, - շտապեցրեց նրան Հակոբը:
           
Լիդիան խոր հոգոց հանեց և հնազանդ հետևեց նրան:
           
Ճանապարհին Հակոբն անընդհատ ապագայի ծրագրեր էր կազմում: Լիդիան լուռ լսում էր նրան: Երբ տուն հասան և Հակոբն իր բանալիով բացեց մոտքի դուռը, տանտիրոջ դուստրը՝ Կատյան, նստած էր իր սիրեկանի գրկին և խոսում էր հեռախոսով, իսկ վերջինս անհագորեն տրորում ու համբուրում էր նրան:
           
- Ուշադրություն մի՛ դարձրու, սրանք միշտ այսպես են, - ժպտալով, շշնջաց Հակոբը՝ իր սենյակն առաջնորդելով Լիդիային:
           
Հակոբը սկսեց շտապ հավաքել իր իրերը ճամպրուկի մեջ:
           
- Մի՛ շտապիր, մենք դեռ երեք ժամ ժամանակ ունենք, - ասաց Լիդիան, սիրատոչոր ու քնքուշ հայացքով նայելով  նրան:
           
Հակոբն անմիջապես նետվեց Լիդիայի գիրկը, անհագ համբույրներով ծածկելով նրա թովիչ դեմքը, պարանոցն ու ձեռքերը… Երանության  երկու ժամերն անցան մի ակնթարթի պես…
           
- Հիմա արդեն անբաժան ենք միմյանցից, - ուրախ բացականչեց Հակոբը: 
           
Լիդիան լուռ հագնվում էր, այնուհետև նա կարգի բերեց իր շքեղ մազերը, դիմափոշի քսեց իր սիրունիկ քթիկին և ասաց.
           
- Ջե՛յմս, սիրելի՛ս, հարազա՛տս, ես քեզ շատ եմ սիրում և կսիրեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում, դու իմ Ջեյմս Բոնդն ես, բայց միասին լինել չենք կարող ու սկսեց կամացուկ լաց լինել:
           
- Ինչու՞, քաղցրի՛կս, ո՞վ կարող է մեզ խանգարել:
           
Հանգամանքները… Կարպատներում փեսացուս է ինձ սպասելու, մենք արդեն երեք տարի միասին ենք… Ե՜ս… Ե՜ս չեմ կարող նրան հուսախաբ անել, առանց այն էլ՝ ինձ շա՜տ, շա՜տ մեղավոր եմ զգում նրա առջև… Ես չդիմացա գայթակղությանը, դեռ երբեք այսքա՜ն հրապուրված չեմ եղել որևէ տղամարդով, ինչպես դա տեղի ունեցավ քեզ հետ… Ների՛ր, ների՛ր, խնդրում եմ, ների՛ր, եթե կարող ես…Իսկ հիմա ես պետք է գնամ, խնդրում եմ մի՛ ուղեկցիր, պետք չէ՛, ա՜խր… Ը՛հը, ը՛հը, ը՛հը… Շա՜տ է ցավոտ…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
14 հոկտեմբերի, 2018թ.

1 comment:

  1. What is the best online casino site? - Lucky Club
    We live luckyclub with the world's biggest online casino. Play hundreds of slots, live dealer casino games and get a massive welcome bonus. Lucky Club has

    ReplyDelete

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...