Saturday, November 23, 2019

«Կեղծված» ջրաչափը


Խորհրդային Միության փլուզումից հետո, անկախացած Հայաստանում հարկ եղավ համատարած փոխել բնակարանների և առանձնատների ջրաչափերը: Ջրի կորուստները շատ մեծ էին ոչ միայն ջրագծերի ահավոր մաշվածության, այլ նաև բնակաչության անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով: Քանի որ խմելու ջրի մետաղյա խողովակները գետնի տակ էին ու անզեն աչքով անտեսանելի, տարիների ընթացքում դրանք երբեք չէին փոխվում կամ վերանորոգվում իշխանությունների կողմից, թեպետ գումարներ այդ նպատակով պարբերաբար հատկացվում էին, այնուհետև՝ յուրացվում: Բնակչությունն էլ իր հերթին, խորհրդային արտադրության պարզ կառուցվածք ունեցող, ջրաչափերը հեշտությամբ կանգնեցնում էր և անխնա օգտագործում խմելու ջուրը բոստանները ջրելու, ավտոմեքենաները, գորգերը լվանալու կամ պարզապես հոսող ջրի տակ սեխ, ձմերուկ և շշալցված խմիչքներ սառեցնելու համար: Այդ պատճառով ջուրը դարձել էր գրաֆիկով՝ մի քանի ժամ առավոտյան, մի քանի ժամ էլ՝ երեկոյան:
           
Արցախյան պատերազմի զինադադարից մի քանի տարի անց սկսվեց նոր ջրաչափերի համատարած և պարտադիր տեղադրումը բնակչության հաշվին: Ջրմուղի գրասենյակները նոր պայմանագրեր էին կնքում բնակիչների հետ և վաճառում նրանց, հիմնականում գերմանական և ռուսական արտադրության ժամանակակից ջրաչափեր՝ 10,000 դրամ (մոտ $20) արժեքով: Նույն գնով ջրաչափեր էին վաճառվում նաև բոլոր տնտեսական խանութներում:  Ջրաչափերի տեղադրումն էլ էր բնակիչների հաշվին կատարվում և արժեր մոտ 2,000 դրամ (մոտ $4):
           
Կիրակնօրյա մի առավոտ, երբ Հակոբն ու իր կինը՝ Նարինեն, սուրճ էին խմում և քննարկում նորությունները, հնչեց դռան զանգը:
           
- Տեսնես ո՞վ է այսքան վաղ մեզ հիշել, - դժգոհեց Նարինեն:  
           
Երբ ամուսինները բացեցին բնակարանի մուտքի դուռը, իրենց առջև տեսան միջին տարիքի երկու տղամարդու: Նրանցից մեկի՝ թևի տակ թղթապանակ կար:
           
- Բարև ձե՛զ: Մենք ջրմուղից ենք: Եկել ենք ստուգելու ձեր բնակարանում տեղադրված ջրաչափը:
           
- Այսինքն՝ ուզում եք ասել, որ եկել եք ստուգելու ջրաչափի ցուցմու՞նքը, - հարցրեց Հակոբը սրտնեղած, - չէի՞ք կարող գալ մի ուրիշ օր, չէ՞ որ այսօր կիրակի է՝ հանգստյան օր:
           
- Ո՛չ, հե՛նց ջրաչափը: Կարող էինք գալ նաև շաբաթվա մեջ, աշխատանքային օրերի ընթացքում, բայց այդ դեպքում հնարավոր է դուք տանը չլինեիք: Մեզ համար էլ հաճելի չէ աշխատել հանգստյան օրերի ընթացքում, - իր հերթին դժգոհեց տղամարդկանցից մեկը:
           
- Լա՛վ, նե՛րս եկեք, - հրավիրեց նրանց տանտիրուհին:
           
- Ձեր ջրաչափը կե՛ղծ է, - վրդովված գոչեց հսկիչներից մեկը ջրաչափը զննելուց հետո:
           
- Ուզու՞մ եք ասել կեղծված արտադրատեսակ է, - հարցրեց Հակոբը:
           
- Այո՛: Մենք պարտավոր ենք ձեզ տուգանել սրա համար, իսկ տուգանքի չափը բավականին բարձր է՝ 50,000 դրամ (մոտ $100), - և բազմանշանակալից նայեց տանտերերին:
           

- Ինչի՞ց ենթադրեցիք, որ կեղծված է, - հարցրեց Հակոբը, - ա՛յս գերմանական արտադրության ջրաչափը տասը տարի առաջ հենց ջրմուղից ենք առել, իմիջիայլոց, թե՛ ստացականը, թե՛ տեխնիկական անձնագիրը, և թե՛ ջրմուղի և մեր միջև կնքված պայմանագիրը պահպանել ենք: Կարող ենք, որպես ապացույց, ցույց տալ: Ջրմուղի կողմից զմռսված կնիքն էլ անվնաս տեղում է: Բացի դրանից արտաքին տեսքից և գործելուց այն ոչ մի կասկածի տեղիք չի տալիս: Միթե՞ կարծում եք, որ մերոնք կարող էին այսքան լավ կեղծել:
           
- Դա մեզ բոլորովին չի հետաքրքրում, ու՞մ ուզում եք ցույց տվեք, բայց ոչ՝ մեզ, հասկացա՞ք, - կոպտեց հսկիչը, - և հետո՝ ի՞նչ կարևոր է, թե ո՞վ է կեղծել՝ մերո՞նք, չինացինե՞րը, թե՞ հնդիկները: Փաստը մնում է փաս՛տ, սա՛ կեղծվա՛ծ ջրաչափ է:
           
- Բայց լսե՛ք, ամեն ամիս ջրմուղի աշխատակիցը գալիս է մեր տուն ջրաչափի ցուցմունքը վերցնելու և այսպես՝ տասը տարի: Ինչու՞ նա չէր նկատում, որ այն կեղծված է, իսկ դուք, չգիտես ինչու՞, անմիջապես նկատեցիք: Ես կարծում եմ, որ դուք պարզապես խարդախներ եք և եկել եք մեզնից դրամ շորթելու, իսկ չհաջողվելու դեպքում՝ տուգանելու անհիմն պատճառաբանությամբ: Փաստորեն, դուք մեզ, անուղղակի կերպով, մեղադրում եք խմելու ջրի գողության մեջ, մինչդեռ մենք ամեն ամիս բավականին մեծ, մոտ՝ 5,000 (մոտ $10) դրամ ենք մուծում: Եթե դուք իսկապես ջրմուղից եք, ապա հայտնի պիտի լինի ձեզ, որ բնակչության մի զգալի մասը խմելու ջրի դիմաց վճարում է ընդամենը 1,000-1,500 դրամ (մոտ $2-$3):
           
- Ի՜նչ էլ ասեք, ի՜նչ էլ մտածեք, մեզ չի հետաքրքրում: Հիմա մենք արձանագրություն կկազմենք, որ դուք այսքան տարիներ կեղծված ջրաչափով մոլորեցրել եք ջրմուղին և ստիպված կլինեք վճարել տուգանքը, - սպառնաց նույն տղամարդը: Մյուսը, չգիտես ինչու՞, լռում էր:  
           
- Կազմե՜ք, կազմե՜ք, - ձայնը բարձրացրեց Հակոբը, - իսկ ես այդ արձանագրությունը կվերցնեմ և կգնամ ջրմուղ՝ պարզելու, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ ջրմուղը պաշտոնապես ջրաչափեր վաճառելով մարդկանց, տարիներ առաջ, հիմա էլ պաշտոնապես մեղադրում է նրանց այդ նույն ջրափաչերի կեղծված լինելու մեջ: Մեկ էլ՝ հերի՛ք է մարդկանց առավոտ շուտ անհանգստացնեք, քնահարամ անեք, այն էլ հանգստյան օրով և այդպիսի հիմար մեղադրանքներով: Դուք շա՜տ լավ գիտեք, որ մենք ոչ մի մեղք չունեն, բայց ձեզ այնպես եք պահում, կարծես հանցագործներ եք բռնել: Իսկ հիմա՝ դու՛րս իմ տնից և այլևս ձեզ այստեղ չտեսնեմ:
           
Հսկիչներն արձանագրությունը դրեցին սեղանին և, առանց արձագանքելու Հակոբի մեղադրանքներին ու վիրավորանքներին, դուրս ելան: Հակոբն անչափ վրդովված էր և չէր կարողանում հանդարտվել հսկիչների անարդար ու ստոր արարքի պատճառով.
           
- Նարինե ջա՛ն, հետո էլ ուզում են, որ երկիրը զարգանա, բարգավաճի… Ա՜խր, ո՞նց զարգանա, ո՞նց բարգավաճի, եթե ամենուրեք այսպիսի խարդախներ են մարդկանց շուրջը պտտվում… Եկա՛ն, մեր հանգստյան օրը փչացրեցի՛ն, անհիմն մեղադրանքներ ներկայացրեցին, արձանագրություն կազմեցին ու գնացին: Ես այս արձանագրությունը, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ, ուղղակիորեն տանելու եմ ջրմուղի պետի մոտ: Եթե նա այդ սրիկա հսկիչներին պաշտպանի, ապա ավելի լավ է դատի տամ նրանց, երեքին էլ: Հոգ չէ, որ 50,000 դրամ տուգանքի տեղը երևի 100,000 դրամ ծախսեմ: Գոնե արդարությունը վերականգնելով և այդ խաբեբաներին պատժել տալով «սիրտս կհովանա»…
           
- Հակոբ ջա՛ն, մի քիչ առաջ դու էիր ասում, որ «ամենուրեք այսպիսի խարդախներ են մարդկանց շուրջը պտտվում…»: Համոզված ե՞ս, որ ջրմուղի պետը կամ դատավորը մեզ կպաշտպանեն հանուն արդարության: Կարիք չկա նեղվես, նյարդերդ փչացնես այդ սրիկաների պատճառով: Իմ աշխատակցուհու ամուսինը ջրմուղում բաժնի վարիչ է աշխատում: Կասեմ նրան և հուսով եմ այս հարցն ավելի հեշտ ու հանգիստ կկարգավորի: «Վարդագույն» արդարության հետևից ընկնելու կարիք չկա, ավելի լավ է այս տհաճ և մանավանդ անարդարորեն ծագած հարցը լուծենք ավելի գործնական ճանապարհով:
           
Այդպես էլ եղավ, ինչպես Նարինեն էր կանխատեսել: Ջրմուղից փականագործ եկավ և «կեղծված» գերմանական արտադրության ջրաչափն անվճար փոխարինեց մեկ ուրիշ նույնանման ջրաչափով: Վարպետը նույնիսկ հրաժարվեց 1,000 դրամ թեյանվերից, որ առաջարկեցին տանտերերը: Անկասկած զգուշացված էր այդ մասին:
           
«Արդարությունը» վերականգնվեց:
           

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
10 մարտի, 2018թ.

No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...