Saturday, November 23, 2019

Տեխնոլոգները


- Սաշինկա՛, թեյ կուզե՞ս, - հարցրեց Նինա Իվանովնան առավոտյան և, առանց պատասխանին սպասելու, հախճապակյա բաժակով անուշահոտ թեյ մատուցեց Ալեքսանդր Վասյուկովին, ավելացնելով, - սև հաղարջի մուրաբայով է, մայրս էր ուղարկել Նովոսիբիրսկից, անուշ արա՛ աղավնյակս:
           
Նինա Իվանովնան արտադրամասի՝ հիգիենայի տեխնոլոգն էր. եթե արտադրամասում իդեալական մաքրություն չպահպանվեր ամբողջ բարդ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ, ապա արտադրվող երկու արտադրատեսակների՝ «Պլատոյի» և «Պլյուշչի» որակների կտրուկ անկում կգրանցվեր: Աստված մի արասցե, եթե նա իր բազմաթիվ ձյունասպիտակ, բատիստյա, թաշկինակներից մեկով հայտնաբերեր թեկուզ աննշան մուր կամ կեղտ որևէ արտադրական տեղամասի աշխատանքային մակերեսի վրա, կամ հատուկ էլեկտրոնային սարքի միջոցով գրանցեր փոշու՝ նորմայից ավելի բարձր քանակություն, ապա այդ տեղամասի բոլոր աշխատակիցները կզրկվեին տվյալ ամսվա դրամական պարգևատրումից:
           
- Սաշինկա՛, տորթ կուզե՞ս, շատ համեղ է, ինքս եմ պատրաստել, - ասաց Վալենտինա Յուրևնան և, առանց պատասխանին սպասելու, մի կտոր թարմ, շոկոլոդե կրեմով տորթ դրեց Վասյուկովի գրասեղանին, հենց թեյի կողքին, - անուշ արա՛ թանկագինս:
           
Վալենտինա Յուրևանան արտադրամասի՝ երկու արտադրատեսակների՝ «Պլատոյի» և «Պլյուշչի» որակի վերահսկման պետն էր: Նրա ուշադրությունից երբեք չէր վրիպում որևէ, նույնիսկ չնչին անփութություն, տեխնոլոգիական խախտում, որ կարող էր վատ անրադառնալ երկու արտադրատեսակների որակի վրա:
           
- Սաշինկա՛, թույլ տուր ես էլ քեզ «Բելոչկա» տեսակի շոկոլադե կոնֆետներով հյուրասիրեմ, երեկ եմ գնել Երևանում, - ասաց Յուլիա Պետրովնան, - իմիջիայլոց,  ընկույզով են և շատ համեղ, քեզ պետք կգան, նոր ես ամուսնացել, - չարաճիճիորեն ուղիղ նայելով Սաշայի կապույտ աչքերի մեջ, ժպտաց նա:
           
Յուլիա Պետրովնան ցերեկային  հերթափոխի պետն էր և պատասխանատու էր ողջ արտադրամասի՝ աշխատանքների ընթացքի համար:
           
Աշխատանքը նոր էր սկսվել, ժամը ութն անց էր տասը րոպե. Սաշան, շրջապատված երեք, դեռևս երիտասարդ, երեսունը չբոլորած, ազգությամբ ռուս կանանց քնքուշ հոգատարությամբ արտադրամասի «Տեխնոլոգիական սենյակում» վայելում էր իր առավոտյան հյուրասիրությունը: Նա Խորհրդային Հայաստանի՝ Աբովյան քաղաքի՝ «Սիրիուս» գործարանի` «002 արտադրամասի»՝ «Պլատո» կիսահաղորդչային արտադրատեսակի ավագ տեխնոլոգն էր: Մյուս արտադրատեսակի՝ «Պլյուշչի» ավագ տեխնոլոգ էր Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկ ինստիտուտի` «Կիսահաղորդչային սարքեր» բաժնի շրջանավարտ Գագիկ Ավագյանը, ով նստում էր նույն սենյակում:  Երեք կանայք էլ գեղեցիկ էին, բայց ամենագեղեցիկը, իհարկե՛, Յուլիան էր, ով կարծես սեր էր բուրում իր տեսքով, քայլվածքով, շարժումներով... Նրան բոլորն էին հավանում, իսկ արտադրամասի տղամարդիկ միշտ շոյիչ, գուրգուրիչ հայացքներով ուղեկցում էին նրան: Յուլիան նկատում էր տղամարդկանց ցանկասեր ու տենչալի նայվածքները, բայց ուշադրության չէր արժանացնում, քանի որ ամուսնացած էր, ուներ 6 տարեկան դուստր, ով իր նման գեղեցիկ էր, բայց, վտիտ լինելով, հաճախակի էր հիվանդանում:
           
Ամեն օր մի քանի անգամ այպես աշխույժ թեյ խմելով և զրուցելով, նրանք գրեթե չէին շփվում մյուս ավագ տեխնոլոգի՝ Գագիկի հետ, ով 22-23 տարեկան էր, Սաշայի հասակակիցը: Իհարկե՛, նրան էլ էին երբեմն քաղաքավարությունից դրդված թեյ առաջարկում, բայց մերժում ստանալով, չէին պնդում: «Տեխնոլոգիական սենյակում», թեյախմությունների  ժամանակ, խոսակցությունների գլխավոր թեման կամ Սաշայի կնոջ՝ Օքսաննայի մասին էր, կամ էլ Յուլիայի հիվանդոտ դստեր՝ Նատաշայի:
           
- Սաշա, ինչպե՞ս է Օքսաննան, - հարցնում էին նրանք:
           
- Լավ է, երեկ գնացինք գնումներ կատարելու: Օքսաննայի համար մի հրաշալի, կապտադեղնավուն բծերով շարֆ գնեցի:
           
- Ապրե՛ս, Սաշա՛: Ի՜նչ հոգատար ամուսին ես, - գովաբանում էին նրանք:
           
Օքսաննան Վոլգոգրադից էր՝ սիրունիկ ու գեղեցկադեմ, գրեթե նույն տարիքի, ինչ Սաշան: Ծանոթացել էին «Սիրիուսում»: Երկուսն էլ ժամանել էին աշխատանքի բախշման ուղեգրերով՝ որպես երիտասարդ մասնագետներ: Օքսաննան աշխատում էր գործարանի «Տեխնոլոգիական բաժնում»: Նրանք միշտ միասին էին նախաճաշում ընդմիջման ժամերին: Շուտով Սաշան ու Օքսաննան ամուսնացան: Չար լեզուներն ասում էին, որ Օքսաննան վիճակախաղի տոմսով «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենա էր շահել, այդ պատճառով էլ Վասյուկովը շտապել էր խնդրել նրա  ձեռքը:
           
- Յուլիա՛, իսկ ինչպե՞ս է Նատաշկան, - հարցնում էր Սաշան:
           
- Լավ է, հազը մի փոքր մեղմացել է: 
           
Ավագ տեխնոլոգ Գագիկ Ավագյանը քչախոս, ամաչկոտ մի անձնավորություն էր: Գագիկը դեռևս սիրած աղջիկ չուներ, բայց դա խնդիր չէր, քանի որ արտադրամասում շատ էին երիտասարդ ու գեղեցիկ աղջիկները: Օրինակ, «Կիսահաղորդչային թիթեղների՝ քիմիական մաքրման տեղամասի» տեխնոլոգ, նրբիրան ու վայելչակազմ Նելին անտարբեր չէր նրա նկատմամբ, սակայն նա ավելի համակրում էր «Դիոդային մատրիցաների ոսկեզոծման տեղամասի» տեխնոլոգ Դիանային, ով Բաթումիի հայերից էր և շատ վատ էր խոսում հայերեն: Նելին ավելի գեղեցիկ էր, քան Դիանան, բայց Գագիկն ավելի էր հավանում վերջինիս, որովհետև նա ավելի անմիջական էր ու կանացի: Դա բոլորն էին նկատել: Այդ մասին գիտեին նաև «Տեխնոլոգիական սենյակի» երեք կանայք՝ Նինա Իվանովնան, Վալենտինա Յուրևնան և Յուլիա Պետրովնան, բայց երբեք նույնքան սիրալիրությամբ, ինչպես Սաշային, հարցեր չէին տալիս նրան:
           
Արտադրամասի  տաս տեղամասերից  յուրաքանչյուրն ուներ իր տեխնոլոգը, ով ավարտել էր՝ կամ տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատություն, կամ էլ՝ որևէ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Արտադրամասի բանվորները պարտադիր պետք է ունենային տեխնիկումի կրթություն: Բանվորների և տեխնոլոգների զգալի մասը, մոտ 40 տոկոսը, Խորհրդային Միության տարբեր քաղաքներից էին նշանակվել աշխատանքի: Արտադրամասի աշխատակազմը խոսում էր հայերեն և ռուսերեն լեզուներով, որովհետև այն ժամանակ ռուսերենը Հայաստանում, ինչպես նաև ամբողջ Խորհրդային  Միությունում, համարվում էր երկրորդ մայրենի լեզուն:
           
Արտադրամասի աշխատակազմը բավականին երիտասարդ էր՝ 20-40 տարեկան և բազմազգ: Կային հայեր, ռուսներ, բելոռուսներ, մորդավացիներ, ուկրաինացիներ և այլն: Աշխատողները երկու արտադրատեսակների ավագ տեխնոլոգներին կատակով քեռիով էին դիմում, Վասյուկովին՝ «Պլատո» քեռի, իսկ Ավագյանին՝ «Պլյուշչ» քեռի՝ իրենց բավականին երիտասարդ տարիքի պատճառով:
           
Աշխատանքի վերջում հայտնի դարձավ, որ արտադրամասի՝ աշխատողների համար պարգևատրում է լինելու: Բոլորը վազեցին դիպի դրամարկղը՝ հերթ կանգնելու: Վասյուկովը հերթի մեջ առջևից հինգերորդն էր, Ավագյանը իններորդը, իսկ «Տեխնոլոգիական սենյակի» երեք կանայք բավականին հեռու էին նրանցից: Մի քանի րոպե հետո դրամարկղը պետք է բացվեր և մարդիկ կստանային իրենց պարգևատրման վճարները, աշխատավարձի 55 տոկոսի չափով: Հանկարծ Յուլիա Պետրովնան պոկվեց հերթից և մոտեցավ Սաշային.
           
- Սաշա՛, թանկագինս, մանկապարտեզից ուշանում եմ, Նատաշկային պետք վերցնեմ, արի՛ հերթի մեջ տեղերով փոխվենք, լա՜վ:
           
- Կներեք ինձ, Յուլիա Պետրովնա, բայց չեմ կարող: Ինձ էլ՝ Օքսաննան է տանը սպասում: Եթե ուշանամ, կանհանգստանա, հասկանում եք, չէ՞:
           
Յուլիան ապշած Սաշայի անտարբերությունից, կարկամած մի կետի էր նայում, երբ Գագիկը քնքշորեն բռնելով նրա ձեռքից բերեց ու կանգնեցրեց հերթի մեջ՝ իր տեղում, իսկ ինքը լռելյայն գնաց կանգեց նրա տեղում՝ Նինա Իվանովնայի և Վալենտինա Յուրևնայի կողքին: 
           
Հաջորդ առավոտյան, մոտավորապես ութն անց տաս րոպեին, երբ բոլորն արդեն հավաքվել էին «Տեխնոլոգիական սենյակում», Նինա Իվանովնան հախճապակյա բաժակով անուշահոտ թեյ մատուցեց Գագիկ Ավագյանին, ավելացնելով.
           
- Սև հաղարջի մուրաբայով է, մայրս էր ուղարկել Նովոսիբիրսկից, անուշ արե՛ք, աղավնյակս:
           
- Գագիկ Արմենակովիչ տորթ կուզե՞ք, շատ համեղ է, ինքս եմ պատրաստել, - ասաց Վալենտինա Յուրևնան և, առանց պատասխանին սպասելու, մի կտոր թարմ, ելակով զարդարված տորթ դրեց նրա գրասեղանին, հենց թեյի կողքին, - անուշ արե՛ք, թանկագինս:
           
- Գագիկ Արմենակովիչ, թույլ տվեք ես էլ Ձեզ շատ համեղ փքաբլիթներով հյուրասիրեմ. այս առավոտյան եմ թխել, հատուկ Ձեզ համար… Դուք էլ վերցրեք, աղջիկնե՛ր, - ասաց Յուլիա Պետրովնան, - իմիջայլոց, մի քանի հատ էլ փաթաթեմ թղթի մեջ, տարե՛ք Դիանոչկային, շատ լավ աղջիկ է և բախտավոր է, որ Ձեզ նման երկրպագու ունի…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
1 հուլիսի, 2018թ.

No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...