Saturday, November 23, 2019

Ընչաքաղց տերտերը

2006թ. ամենաշոգ ամիսն էր Երևանում՝ օգոստոսը: Գուրգենը խորը վշտի մեջ էր. մահացել էր նրա սիրելի մայրը՝ Անահիտը… Դժվար է հայր կորցնելը, իսկ մայր՝ առավել ևս: Տունը եռուզերի մեջ էր. մարդկանց հոսքը չէր դադարում, անընդհատ գալիս էին ցավակցելու: Տնեցիները սուգը թողած զբաղված էին նաև թաղման նախապատրաստական աշխատանքներով: Հարազատներից ու ընկերներից ոմանք էլ իրենց օգնությունն էին առաջարկում: Սուգը մարդկանց կարեկից ու համերաշխ է դարձնում: Գուրգենը ամեն մի բարի խոսքից ու արարքից հուզվում էր, սակայն չէր կարողանում արտահայտվել, կարծես համրացել էր, խոսելիս էլ՝ կցկտուր էր արտաբերում բառերը, կոկորդը սեղմվում էր… Դիմելով քույրերին, նա հուզված ասաց.
           
- Դուք ամեն ինչ արեցիք մեր մայրիկի համար, օգնեցիք, խնամեցիք և երբեք չտրտնջացիք… Ես էլ իմ կողմից ամբողջ թաղման ծախսերն ու հոգսերն իմ վրա եմ վերցնում: Սգացեք և ոչ մի բանի մասին մի մտածեք, ամեն  ինչ ես կանեմ, անհոգ եղեք: 
           
- Միայն թե խնդրում ենք՝ չմոռանաս տերտեր բերել, մեր մայրը հավատացյալ էր, կարծում ենք, որ դա նրա սրտովը կլիներ, քանի որ Աստծո սպասավորը Ավետարան և սաղմոսներ կարդալով՝  ննջեցյալի հանդեպ մեր հարգանքն ու երախտիքը կարտահայտի, իսկ ապրող վշտակիր մերձավորներին էլ կմխիթարի  միայն Աստծու խոսսքով, - ասացին քույրերը:
           
Գուրգենը քրոջ որդու հետ գնաց Երևանի «Զորավոր Սուրբ Աստվածածին» եկեղեցին տերտեր հրավիրելու: Տերտերն այնտեղ չէր, սակայն պատվերը ընդունեցին, ըստ որի նա պետք է գար հաջորդ օրը, ուղիղ մեկ անց կեսին, թաղումից կես ժամ առաջ: Պայմանավորվեցին նաև գնի շուրջը՝ 30,000 դրամ, այսինքն՝ մոտ 60 ամերիկյան դոլար:
           
Հաջորդ օրը թաղումն էր: Երկու խոշոր, սպիտակ մոմ էր վառվում, մեկը՝ հանգուցյալի գլխավերևում, մյուսը՝ ոտքերի մոտ, քանի որ դա հիշեցնում է այն երկու հրեշտակներին, ովքերր նստած էին Հիսուսի գերեզմանի նույն տեղերում: Դագաղը դրված էր այնպես, որ հանգուցյալի երեսը նայեր դեպի արևելք, որովհետև Հայ առաքելական եկեղեցու քրիստոնյաներն աղոթելիս շրջվում են դեպի արևելք:
           
Տերտերը եկավ տաս րոպե ուշացումով, 1:30-ի փոխարեն 1:40-ին: Նա իր ուշացումը լկտիաբար պատճառաբանեց փոխադրամիջոցների խցանումներով. նրա համար ուրախություն լիներ, կամ սուգ՝ միևնույնն էր, միայն թե փող աշխատեր: Գուրգենը վրդովված էր, բայց լռեց: Նա միայն մի խոժոռ հայացք նետեց տերտեի վրա ու պարզապես ասաց.
           
- Սկսի՛ր…
           
- Դեռ շուտ է, մի հինգ րոպե սպասենք, - ժպտալով պատասխանեց տերտերը:
           
- Լսի՛ր, տերտե՜ր, այսպիսի օրով ինձ մի զայրացրու, սկսի՛ր, - ու այնպես ահարկու հայացքով նայեց նրան, որ տերտերի մարմնով դող անցավ: Նա, վախեցած նայելով Գուրգենի աչքերի մեջ, արագ-արագ վրա տվեց Տերունական աղոթքը.

- «Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն  Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո
Որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
Տո՛ւր մեզ այսօր….»:
           
Այնուհետև, նա բացեց Ավետարանը, մի երկու սաղմոս երգեց ու երկուսին հինգ պակաս հայտարարեց.
           
- Դագաղը վերցնելու ժամանակն է:
           
Գուրգենը հազիվ իրեն զսպեց, որ չհարձակվի տերտերի վրա: «Ա՜խր, գիտեր չէ՞, որ դագաղը երկուսին էինք վերրցնելու, ինչու՞ նորից չենթարկվեց մեր պայմանավորվածությանը», - զայրացած մտորում էր նա:
           
Տերտերը հասկանում էր, որ կրճատելով այդ հինգ րոպեն, նորից տանտիրոջ զայրութը կհրավիրեր իր վրա, բայց ձեռքը չէր. չէր կարողանում այլ կերպ վարվել, այդպես էր սովոր՝ աշխատել ի շահ իր օգտի համար միայն: Անկեղծ ասած, նա միանգամայն անտարբեր էր հանագուցյալի՝ հարազատների սուգ ու շիվանի, բայց չափազանց շահագրգիռ իր օգտի հանդեպ: Կարևորը՝ հապճեպ իր գործն աներ, փողն առներ ու գնար:
           
Թաղման թափորը գերեզման հասավ 2:30-ին: Գերեզմանափորներն արդեն փոսը փորել և համբերությամբ սպասում էին: Դագաղը տեղավորեցին փոսի կողքին, ննջեցյալի երեսն ուղղված դեպի արևելք: Այդ նույն դիրքով էլ պետք է թաղեին: Տերտերը զգուշացրեց ներկաներին, որ լաց ու կոծ բարձրացնելը հարիր է միայն հեթանոսությանը, քանի որ այդպիսի վարքով կեղծավորություն ու կռապաշտություն են տարածում, այսինքն՝  անարգանք ու թշնամանք հանգուցյալի թե՛ մարմնի, թե՛ հիշատակի հանդեպ, մինչդեռ քրիստոնյաներին հատուկ է զուսպ, համեստ ձևով ողբալը: Նա մխիթարեց սգավորներին, ավետարանից կարդալով Մխիթարության աղոթքը.
           
- «Տէ՛ր, տուր նրանց զգաստութեան հոգի, մխիթարութեան հոգի եւ մխիթարիր վշտակիր սրտերը եւ բժշկիր տրտմութեան վէրքերը։ Որպէսզի քո փառաց հաստատուն յոյսով տրտմութեան սգից առողջացածները փառաւորեն քեզ….»:

Տերտերի հրամանով խունկ վառեցին, ի նշան այն բանի, որ հանգուցյալը կենդանի և ընդունելի է Աստծո մոտ, ինչպես անուշահոտ խունկը, և հետևաբար այդ անուշահոտ վարքն ու պայծառ հավատն է ներկայացնում իրեն Աստծո առաջ։ Նա սկսեց թաղման արարողությունը նախ Տերունական աղոթքով, այնուհետև ավետարանից կարդաց Ննջեցյալների համար աղոթքը.
           
- «Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ ննջեցյալի՝ քո դուստր Անահիտի, մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների …. Քեզ փառք, հավիտյանս հավիտենից. Ամեն»:
           
Տերտերը մի երկու հոգևոր երգեր երգեց, գետնից հող վերցրեց, օրհնեց, քանզի գերեզմանի հողը պետք է միմիայն օրհնված լինի, և նետեց գերզմանափոսը: Ծիսակատարության մասնակիցները գերեզմանափորների օգնությամբ դագաղը զգուշությամբ իջեցրին փոսը և ծածկեցին հողով…
           
Տերտերը մի կողմ գնաց, բացեց ավետարանը խաչահմբույրի համար: Երբ Գուրգենը նկատեց դա, նա արդեն 12,000 դրամ խաչհամբույրի դիմաց նվիրատվություն էր ստացել հուղարկավորության մասնակիցներից:
           
- Տերտե՛ր, - հանդիմանեց Գուրգենը, - այս ի՞նչ ես անում, ես քեզ 30,000 դրամ էի վճարել, քիչ է՞ր: Մարդիկ ամբողջ մի օր ծանր աշխատանք, բանվորություն են անում և այդ ամենի դիմաց ստանում են ընդամենը՝ 5,000 դրամ: Ամոթ ունեցի՛ր, ա՛յ անխիղճ…Տեսնես, ու՞մ էի վատություն արել, որ քեզ նման ընչաքաղց տերտերի ռաստ եկա:
           
Տերտերը լուռ հավաքեց իր ավետարանն ու խաչը և խնդրեց, որ իրեն ետ՝ եկեղեցի տանեն: Գուրգենի քենակալը՝ Վարդանը, պատրաստակամություն հայտնեց իր «Նիվայով» տանելու նրան:
           
Հետագայում Գուրգենն իմանալով, որ անամոթ ու ընչաքաղց տերտերը Վարդանից հիսուն դոլար էր պոկել՝ իբրև հավելավճար, հանդիմանեց նրան.
           
- Ա՜խր, ինչու՞ տվեցիր,  չգիտեի՞ր նրա ինչ լինելը:
           
- Գիտեի, բայց ճանապարհին էնքա՜ն հոգնեցրեց իր բողոքներով, էնքա՜ն զահլես տարա՜վ իր նվնվոցներով… Տվեցի, որ պրծնեմ… Իզուր չեն ասում. «Սար ու ձոր՝ տերտերի փոր»:
           
- Այո՛, որոշ տերտերներ շատ ագահ են. «Լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը»: Մեր բախտն էլ չբերեց տերտերի հարցում, ինչպես ասում են. «Երուսաղեմ հասանք, քոռ վարդապետի ձեռքը համբուրեցինք»:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
7 նոյեմբերի, 2018թ.

No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...