Saturday, November 23, 2019

Արնախումնե՜ր… Արնախում գազաննե՜ր…


Հակոբի հայրը ծանր հիվանդ էր… Նրան կփրկեր միայն վիրահատությունը: Չնայած Խորհրդային Հայաստանում բժշկությունն անվճար էր, բայց հարկ էր պարգևատրել ո՛չ միայն վիրաբույժին, այլ նաև ամբողջ բժշկական անձնակազմին, հակառակ դեպքում ցուցադրաբար անփույթ վերաբերմունք ցույց կտրվեր հիվանդին:
           
Հակոբը հարցուփորձի միջոցով գտավ այն հիվանդանոցը և բժշկին, ով կարող էր լավագույն կերպով վիրահատել իր սիրելի հայրիկին: Նա պայմանավորվեց վիրաբույժի հետ, որ վիրահատությունից հետո նրան վարձահատույց կլինի 300 ռուբլի գումարով, որը նրա մեկ ու կես ամսվա աշխատավարձի չափն էր: Բժիշկը, մի փոքր շփոթահար, ցուցամատով ուղղելով ոսկե շրջանակներով ակնոցը, տեղեկացրեց Հակոբին, որ նա պետք է լուծեր նաև դոնորական արյան հարցը, քանի որ դա պարտադիր էր: Այն ժամանակ բոլոր հիվանդանոցները պարտադրում էին վիրահատվող հիվանդների տերերին արյուն հանձնել և միայն այդ դեպքում էր թույլատրվում վիրահատությունը: Իհարկե՛, դա օրենքով չէր, բայց ներքին կարգով դարձել էր պարտադիր: Պարզվեց, որ այդ հարցն էլ կարելի է կարգավորել 200 ռուբլի կաշառք տալով, սակայն Հակոբն այդ գումարը չուներ: Նա որոշեց արյուն հանձնել: Նրան ասացին, որ պետք է ընդամենը 200 մլ արյուն հանձներ: Դա այնքան էլ շատ չէր և կորուստը շուտ կվերականգնվեր, մանավանդ նա հաղթանդամ երիտասարդ էր՝ բարձրահասակ և հուժկու մկանային կառուցվածքով, քանի որ դեռ մանուկ հասակից մարզվում էր բռնցքամարտով: 
           
Հակոբը պայմանավորված օրը նրեկայացավ արյուն վերցնող բժշկուհուն, ով նրան շատ սիրալիր ընդունեց: Բժշկուհին անչափ գեղեցիկ կին էր, դեռ քառասունը չբոլորած: Հագնված էր ճաշակով, վրայից թանկարժեք օծանելիքի նուրբ, դուրեկան հոտ էր բուրում: Նրա շիկավուն մազերը հավաքված էին գլխի վրա այնպես, որ ականջներն ամբողջովին երևային, որոնցից զմրուխտյա քարերով զարդարված թանկարժեք, ոսկյա ականջողեր էին կախված, իսկ աջ ձեռքի միջնեմատին մի պսպղուն շողակով նույնքան գեղեցիկ ոսկյա, նուրբ զարդաքանդակներով մատանի կար: Չեխական արտադրության բարձրակրունկ կոշիկները շորորուն էին դարձում նրա քայլվածքը, հատկապես ընդգծելով նրբիրան ու ցանկալի մարմինը:  
           
«Ա՜խ, ո՜նց կպարկեի սրա հետ, ի՜նչ էլ լավիկն է…», - մտածեց Հակոբը և իսկույն էլ կշտամբեց ինքն իրեն  մտքում՝ այդքան գռեհիկ մտքեր ունենալու համար:
           
«Ի՜նչ առնական երիտասարդ է, տեսնես՝ ինչպիսի՞ն է անկողնում…», - գրեթե միաժամանակ մտածեց բժշկուհին: Նրա ամուսինը տասներեք տարի իրենից մեծ էր, արդեն հիսունն անց, բավականին զբաղված և իրականում հազվադեպ էր ժամանակ գտնում կնոջն ուշադրության արժանացնելու համար: Այդ էր պատճառը, որ նա միշտ թախծում էր երիտասարդ, առնական ու հրապուրիչ տղամարդու հանդիպելիս:  
           
- Երիտասա՛րդ, հանե՛ք վերնաշապիկը, պառկե՛ք այն թախտի վրա ու աջ ձեռքը մեկնե՛ք փոքրիկ պատուհանից ներս. բուժքույրը Ձեզ կօգնի, իսկ ես կլրացնեմ հարցաշարը: Անձնական տվյալները հայտնի են միայն մի քանի հարց առողջության վերաբերյալ: Ձեր արյան խումբը՞:
           
- II, դրական:
           
- Մանուկ հասակում ի՞նչ հիվանդություններով եք հիվանդացել՝ կարմրու՞կ, կապույտ հա՞զ, խոզու՞կ:
           
- Ընդհանրապես չեմ հիվանդացել, երբեմն գրիպ և մրսածություն, իհարկե՛, ունեցել եմ:
           
- Որևէ մարզաձևով մանուկ հասակում զբաղվել ե՞ք:
           
- Այո՛, բռնցքամարտով, հիմա էլ շարունակում եմ զբաղվել:
           
- Շատ լավ է, շատ լավ, - չգիտես ինչու՞ կրկնեց բժշկուհին մտազբաղ:
           
Այնուհետև նա մտավ այն փոքրիկ սենյակը, որի փոքրիկ պատուհանի միջով դուրս էր պարզած Հակոբի աջ ձեռքը:
           
- Հիմա մի փոքր կցավի ասեղը մտցնելիս, իսկ հանելիս համարյա ցավ չեք զգա, - ասաց նա, - ընդամենը վերցնելու ենք 200մլ արյուն: Դա շատ քիչ է, և Ձեր առողջ մարմինը շատ արագ կվերակագնի այդ չնչին կորուստը, բացի դրանից երևի լսել եք, որ ժամանակ առ ժամանակ արյուն բաց թողնելը թարմացնում է արյունը, - մխիթարում էր Հակոբին բժշկուհին:
           
- Բժշկուհի՛, Դուք շատ հոգատար եք, բայց ինչու՞ դոնորը չի տեսնում, թե ինչքան արյուն են քաշում  իրենից: 
           
- Որպեսզի վատ չզգաք արյուն տեսնելիս: Շատերը հենց արյան տեսքից ուշաթափվում են, - կատակեց նա, - Դուք մի՛ կասկածեք, մենք արյունը վերցնելուց հետո միշտ դոնորին ցույց ենք տալիս, թե ինչքան ենք վերցրել, Ձեզ էլ ցույց կտանք:
           
Փոքր սենյակից դուրս գալով բժշկուհին մի սրվակ էր բռնել ձեռքին, որի մեջ 200 մլ արյուն կար.
           
- Ահա՜, այսքան արյուն ենք վերցրել Ձեզանից, բավարարված ե՞ք, - ժպտալով դիմեց նա Հակոբին:
           
- Այո, - անվստահ ասաց Հակոբը:
           
- Այժմ պառկած վիճակից մի՛ վեր կացեք, բուժքույրը կօգնի Ձեզ, քանի որ կտրուկ շարժումներ անել չի կարելի:
           
Հակոբը բուժքրոջ օգնությամբ դանդաղ նստեց, վեր կացավ, կանգնեց:
           
- Իսկ հիմա, երիտասա՛րդ, մոտ եկե՛ք սեղանին և հյուրասիրվե՛ք: Մենք Ձեզ համար հիվանդանոցի խոհանոցից մի բաժակ տաք կակաո, մի խոշոր շոկոլադե սալիկ և համեղ թխվածքաբլիթներ  ենք բերել:
           
- Շնորհակալությու՛ն, հարկավոր չէ, պետք է գնամ, - հրաժարվեց Հակոբը:
           
- Ո՜չ, ո՜չ, անպայման պետք է այս բոլորը ճաշակեք, քանի որ արյուն եք տվել. հնարավոր է գլխապտույտ ունենաք և նույնիսկ ուշաթափվեք, եթե չհետևեք մեր խորհրդին, - զայրացած ձայնը բարձրացրեց բժշկուհին:
           
Հակոբն արդեն դռան մոտ էր հասել, երբ բժշկուհին և բուժքույրը բռնեցին նրա թևերը և ուժով ուզում էին ետ բերել նրան: Սակայն Հակոբն ավելի ուժեղ էր, նա ազատվեց նրանցից և դուրս եկավ միջանցք: Բուժքույրը վազելով հասավ նրան ու շոկոլադե սալիկը սահեցրեց նրա գրպանի մեջ.
           
- Եթե վատ զգաք, անպայման կուտեք այն, - Հակոբի հետևից գոռաց նա:
           
Երբ Հակոբն հասավ ավտոբուսի կանգառը, զգաց, որ մի թեթև գլխապտույտ ունի: Բարեբախտաբար նրա տունը մոտիկ էր, մի չորս կանգառ այն կողմ: Տուն մտնելիս նրա գլխապտույտն ուժեղացավ և հազիվ կարողացավ իրեն գցել բազմոցի վրա: Նա պատմեց մորը, թե որտեղից է գալիս: Մայրն անմիջապես մի մեծ բաժակ մեղրաջուր պատրաստեց նրա համար և ասաց.
           
- Խմի՛ր, որդի՛ս: Մեղրաջուրը, շատ արագ յուրացվելով օրգանիզմի կողմից, կվերականգնի ուժերդ, իսկ ես գնամ խոհանոց և քեզ համար շտապ համով, սննդարար ճաշ պատրաստեմ: 
           
«Ի՜նչ երկրում ենք ապրում… Գիտեինք, որ թերակշռում են, մանրը լրիվ չեն վերադարձնում, լավ ապրանքները տակից են վաճառում և այլն, բայց որ մարդկանց արյունն են գողանում, չգիտեի՜նք… Երևի 200 մլ արյան փոխարեն անխղճաբար 400մլ, միգուցե և 600մլ են քաշել: Արնախումնե՜ր… Արնախում գազաննե՜ր… Հենց դրա համար էլ այդքան անշահախնդիր ու հոգատար են ձևացել», - զայրացած ինքն իրեն խոսում էր Հակոբի մայրը՝ խոհանոցում ճաշ պատարաստելիս:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
26 օգոստոսի, 2018թ.

No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...