Saturday, November 23, 2019

«Ռազմավար»


Սերժի մանկությունը, պատանեկությունը և վաղ երիտասարդությունն անցել էր հիասքանչ Կասպից Ծովի ափին, երկրամասի իրանական հատվածում գտնվող մի փոքրիկ, գեղատեսիլ քաղաքում: Բնությունը չափազանց առատաձեռն էր գտնվել ծովափնյա այս շրջանի նկատմամբ: Մի կողմից՝ բարենպաստ եղանակային պայմանները, մյուս կողմից՝ գյուղական բարեբեր հողերն ու անտառածածկ լեռները և ծովի ափամերձ գոտիները երկրամասը դարձնում էին հրապուրիչ ու առատ ապրելու համար, միաժամանակ անչափ գեղեցիկ՝ իր սքանչելի, բազմազան  բնապատկերների շնորհիվ:
           
Դեռ մանուկ հասակից Սերժն իր ընկերների հետ գրեթե ամեն օր լողանում էր Կասպից ծովի վճիտ ջրերում, զբաղվում էր ձկնորսությամբ, ավելի ուշ տարվեց նաև որսորդությամբ: Հաճախ ընկերներով, մեծամասամբ երեկոյան ժամերին, ճաշում և ժամանակ էին անցկացնում ափամերձ թեյարաններում, ճաշարաններում ու խորտկարաններում: Դրանք երջանիկ, համեմատաբար անհոգ տարիներ էին, որոնք մնացին անցյալում, կարծես՝ այլևս չկրկնվելու պայմանով: Հետո Սերժն ընտանիքով հանդերձ տեղափոխվեց Թեհրան, ծառայեց բանակում, 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո մասնակցեց 1980-1988թթ. իրանա-իրաքյան պատերազմին, պատերազմից հետո ամուսնացավ, երեխաներ ունեցավ, բայց երբեք չմոռացավ մի դեպք, որ կատարվել էր իր և պարսիկ ընկերոջ հետ ծննդավայրում՝ դեռևս Մոհամեդ Ռեզա Պահլավի շահի տիրապետության օրոք:
           
Այն ժամանակ, ինքը գրեթե 18 տարեկան էր, իսկ ընկերը, Աբբաս, 20, համարյա հասակակիցներ: Հերթական անգամ, երեկոյան նստած էին քաղաքից դուրս գտնվող ափամերձ մի խորտկարանում և «քուփիդե», այսինքն՝ լուլաքյաբաբ  էին անուշ անում:  Միայն Սերժն էր գինի խմում, Աբբասը՝ ոչ, քանի որ ավտոմեքենա էր վարում: Ճանապարհային երթևեկության կանոնները խիստ էին, խախտել չէր կարելի, որովհետև ոստիկանությունն աչալուրջ հսկում էր և օրինազանցներին խստորեն պատժում: Երբ ընկերները դուրս եկան խորտկարանից, արդեն տասնմեկ անց կես էր: Աբբասը ավտոմեքենան շրջեց դեպի քաղաքի կենտրոն, որտեղ նրանք բնակվում էին: Քիչ այն կողմ, ոստիկանության շենքից ոչ հեռու, մի քանի երիտասարդ տղաներ անհանգստացնում էին մի աղջկա: Նա, նկատելով ավտոմեքենան, մոտ վազեց և ձեռքով նշան արեց, որ կանգնի: Աբբասը կանգնեց, աղջիկը վազեց և արագ նստեց մեքենան՝ հետևի նստատեղի մեջտեղի մասում: Նա հևում էր, երբ շունչը տեղն ընկավ, ջերմորեն շնորհակալություն հայտնեց տղաներին:
           
- Լավ է դուք ժամանակին հանդիպեցիք, հակառակ դեպքում տհաճ պատմության  մեջ պիտի ընկնեի, շատ շնորհակալ եմ:
           
Սերժն աջ ձեռքը հենել էր բաց պատուհանի շրջանակի ներքևի մասին, իսկ ձախը թևը մեկնել էր նստարանի հենակին: Հանկարծ նա զգաց, որ աղջիկը թեթևակի, գրեթե աննկատ շոյում էր  իր ձեռքը: Նա շրջվեց և հարցրեց.
           
- Անունդ ի՞նչ է:
           
- Ազար:
           
- Ես Սերժն եմ, ազգությամբ հայ, ընկերս էլ՝ Աբբասը:
           
- Շա՜տ հաճելի է, - մրմնջաց աղջիկը, ժպտալով, - ձեր նման լավ տղաների հետ աշխարհի ծայրն էլ լինի՝ կգնամ և նորից, ավելի շոշափելի, շոյեց Սերժի ձեռքը:
           
Նա գեղեցիկ էր, բարեկազմ, սպիտակամաշկ, ուներ հմայիչ ժպիտ, սև սաթի պես փայլուն մազեր և քնքուշ, հրապուրիչ ձայն, կլիներ քսանհինգ կամ քսանվեց տարեկան: Սերժը ձախ ձեռքը նստարանների արանքով մեկնեց ու թեթևակի շոյեց աղջկա ծնկները: Աղջիկը չէր դիմադրում:
           
- Ու՞ր ենք գնում, տղանե՛ր, - հարցրեց Ազարը, - եթե տեղ ունեք տանելու ինձ, ես կգամ, խոստանում եմ բազում հաճույքներ ու վայելքներ պարգևել ձեզ, որովհետև երկուսդ էլ ինձ դուր եք գալիս, - խոստովանեց նա և աջ ձեռքով սկսեց կրքոտ  տրորել Աբբասի ուսը, իսկ ձախ ձեռքով ամուր բռնելով Սերժի դողացող ձեռքն իր ծնկների վրա, արագ քաշեց շրջազգեստի տակ, դեպի մարդկության հարատևության դարբնոցը, որտեղ միշտ անմար կրակ կա ու կենսատու ջերմություն… 
           
- Ազա՛ր, - ասաց Աբբասը, - ազատ բնակարան կամ տուն այս պահին չկա մեր ձեռքի տակ, արի՛ ծովափնա մի ամայի տեղ գտնենք և առանձնանք, համաձայն ե՞ս, սիրունս:
           
- Քշի՜ր, քշի՜ր, միայն թե արա՛գ, ես արդեն պատրաստ եմ, - կրքոտ մռլտաց Ազարը, աչքերը կկոցելով…
           
Նրանք քաղաքից դուրս եկան և ծովափի երկարությամբ, մոտ տասնհինգ րոպե քշելով, առաջ գնացին: Վերջապես, հասան ամայի մի տեղ, որտեղից շատ աղոտ, հեռվում նշմարվում էին քաղաքի լույսերը միայն: Աբբասը մեքենան կանգնեցրեց անմիջապես ծովի ափին և ցած իջավ ծխելու, իսկ Սերժը բոլորովին ժամանակ չկորցնելով, շտապեց օգտվել չքնաղ, սիրավառ Ազարի կանացի հմայքներից, ամբողջովին ըմբոշխնելով նրա տաք մարմինը…
           
Քիչ անց Սերժն ամբողջովին բավարարված ու գոհ դուրս եկավ ավտոմեքենայից և իր տեղը զիջեց ընկերոջը՝ Աբբասին, ով անհամբեր սպասում էր իր հերթին: Ազարը նույնքան կրքոտությամբ ու խանդավառությամբ գրկեց Աբասսին և սեղմեց իր՝ կրքից այրվող, սիրատոչոր մարմնին: Դրսում կանգնած Սերժը պարզորոշ լսում էր Ազարի կրքից նվաղած ձայնը, ով աղաչում էր շարունակել, շարունակել ու բավարարել իրեն…
           
Սերժը, հմայված Ազարի կրքաբորբոք ձայնից, չնկատեց, թե ինչպես ոստիկանական մեքենան կամացուկ մոտեցավ իրենց: Ավտոմեքենայում երեքն էին՝ մի ոստիկանության սպա և երկու ոստիկան:
           
- Ի՞նչ է այստեղ կատարվում, - մռնչաց սպան, - միթե՞ դուք չգիտեք, որ հասարակական վայրերում չի կարել նման բաներով զբաղվել ու խանգարել մարդկանց հանգիստը:
           
Սերժը ստիպված էր իրենց՝ երեքի փոխարեն պատասխանել.
           
- Պարոն սպա՛, - ասաց նա, - սա հասարակական վայր չէ, այս ուշ ժամին ու՞մ կարող ենք խանգարել, չե՞ք տեսնում՝ ամայի վայր է: Համ էլ՝ ջահել ենք, մի քիչ զիջող եղեք, խնդրում եմ:
           
- Լռի՛ր, - գոչեց սպան, - մեղավոր եք, մի՛ փորձեք արդարանալ: Ես ձեզ՝ բոլորիդ պետք է ոստիկանական բաժանմունք տանեմ և արձանագրություն կազմեմ: Դու՛ք պատասխան եք տալու օրենքի առաջ:
           
Մինչ Սերժը փորձում էր լեզու գտնել սպայի հետ, Աբբասը հասցրեց հագնվել և դուրս գալ ավտոմեքենայից և միանալ Սերժին: Նա փող առաջարկեց, սպան չհամաձայնվեց, բայց մի փոքր մեղմացավ:
           
- Աղջիկը գոնե սիրուն է՞, արժե՞ր, որ նրա պատճառով այսպիսի պատմության մեջ ընկնեի՞ք, - ասաց նա ժպտալով, բայց երբ ավտոմեքենայի մեջ տեսավ Ազարին՝ կիսամերկ ու անչափ ցանկալի, կարծես՝ կրքից խելագարվեց ու բացականչեց, - եթե աղջիկը ինձ հետ էլ պառկի, ապա ձեզանից ոչ մեկին բաժին չեմ տանի, խոստանում եմ:
           
Սերժն ու Աբբասը նեղվեցին, շփոթվեցին… Բացատրեցին սպային, որ աղջիկը ծախու չէ՛, պոռնիկ չէ՛, և այդ առաջարկը շատ վիրավորական է թե՛ իրենց համար, և թե՛ աղջկա, խնդրեցին աղաչեցին, որ նա հրաժարվի այդ անպարկեշտ ու խելահեղ գաղափարից, բայց նա անդրդվելի էր:
           
- Կամ աղջիկը կհամաձայնվի, կամ երեքիդ էլ կտանեմ բաժին: Կկանչե՛նք ձեր ծնողներին, կպատժե՛նք, կտուգանե՛նք, խայտառակ կանե՛նք բոլորիդ: Որոշե՛ք, ամեն ինչ ձեզանից է կախված, միայն թե՝ շու՛տ:
           
Երբ Ազարն իմացավ սպայի պահանջի մասին, կտրականապես հրաժարվեց ենթարկվել: Նա ասաց.
           
- Ես ատում եմ բոլոր ոստիկաններին, նրանցից վատ, զզվելի մարդիկ չկան, թքել եմ նրա պահանջի վրա: Թո՛ղ ինձ տանի ոստիկանություն, իսկ ձեզ՝ ազատ արձակի: Ես նրանից չեմ վախենում: Այդպես էլ փոխանցեք նրան, - բղավեց նա:
           
Ոստիկանական սպան անդրդվելի էր, և մնաց իր ասածին: Տղաներից մեծ ջանքեր պահանջվեցին համոզելու Ազարին, որ միակ, ամենախելամիտ քայլը զիջելը կլինի այս պարագայում: Ազարը եկվոր էր, քաղաքում նրան ոչ ոք չէր ճանաչում, իսկ նրանց ճանաչողներ շատ կային, և սրիկա սպան այդ բոլորը հաշվի էր առել, այդպիսի անամոթ առաջարկ անելուց առաջ: Աղջիկը, միմիայն տղաներին փրկելու համար, տհաճությամբ ու դժկամությամբ համաձայնվեց:
           
- Լա՛վ, միայն թե փոխանցե՛ք նրան, որ ինչ անելու է, թող արագ անի, ես այդ լկտի սպայի հավեսը բոլորովին չունեմ, այդպես էլ ասացե՛ք…
           
Սերժն ու Աբբասը ծանր սրտով դրսում կանգնած սպասում էին, իսկ զինվորները, սպայի հրամանով, մի հարյուր քայլ ետ էին տարել ոստիկանական ավտոմեքենան, որպեսզի վտանգի դեպքում, այսինքն՝ ուրիշ ոստիկանական ավտոմեքենա երևալու դեպքում կարողանային շուտ նկատել և անմիջապես իմաց տալ նրան:
           
Ընդամենը երեք րոպե անց զինվորներից մեկը վազեց դեպի Աբբասի ավտոմեքենան ու անհանգստացած զեկուցեց.
           
- Պարոն սպա՛, պարոն սպա՛, հեռվում մոտեցող ավտոմեքենայի լույսեր են երևում: Շտապ դուրս եկե՛ք ավտոմեքենայից, որ հասցնենք հեռանալ:
           
Սպան այդ կարճ ժամանակատվածում հասցրել էր հանել միայն գոտին, գլխարկը և իջեցնել տաբատը: Զինվորի նախազգուշացումը լսելուն պես, նա խուճապահար վեր քաշեց տաբատը ու վազեց դեպի ոստիկանական ավտոմեքենան, Աբբասի ավտոմեքենեայի մեջ թողնելով գոտին ու գլխարկը: Գոտին ամերիկյան էր՝ որակյալ, հաստ թելերով հյուսված, գեղեցիկ ու գործածական: Սպան փախավ ձեռնունայն, «ռազմի դաշտում» թողնելով այդ գոտին ու սպայական գլխարկը, որպես «ռազմավար», իսկ մոտեցող ավտոմեքենայի մեջ մի երիտասարդ տղա էր, ով այդ նույն ամայի վայրն ընկերուհու հետ զվարճանալու համար էր եկել: 


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
22 հոկտեմբերի, 2018թ.

No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...