Thursday, November 27, 2014

Ժրաջան չինուհին


Արևոտ, պայծառ օր էր և, ինչպես միշտ, Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում եռուզեռ էր: Անընդհատ ինքնաթիռներ էին վայրէջք կատարում և պատրաստվում թռիչքի: Թռիչքից առաջ ուղևորների գրանցումը և բեռների հանձնումը պարտադիր է: Մարդիկ շտապում են, որ չուշանան թռիչքից: Անընդհատ նորանոր ուղևորներ են մոտենում օդանավակայանի շենքին: Մի տարեց զույգ հենց նոր իջավ Շատլի երթուղայինից: Հայտնի չէր նրանք միասին էին թռչելու, թե նրանցից մեկը ճանապարհ էր դնում մյուսին: Տղամարդը փութաջանորեն վերցրեց ճամպրուկները վարորդի ձեռքից և հինգ դոլար թեյանվեր տվեց նրան.
          
- Շնորհակալ եմ, սը՛ր, - խոնարհվելով ասաց վարորդը: 
            
Ակնհայտ էր, որ նրանք շտապում էին գրանցվել թռիչքի համար: Տղամարդը, անվասայլակն արագ գլորելով, տանում էր ճամպրուկները, իսկ կինը՝ ձեռքի պայուսակները: Տղամարդն առջևում էր, իսկ կինը գնում էր նրա ետևից՝ մի տաս քայլ հեռավորությամբ: Հանկարծ, կինը գոռաց նրա ետևից.
            
- Գլե՜ն, սիրելիս…
           
- Ի՜նչ է, - սրտնեղելով պատասխանեց տղամարդը:
            
- Չե՞ս տեսնում` երկու մեծ ճամպրուկներով, մի կերպ քայլող այն գեղեցկադեմ չինուհուն: Անմիջապես թո՛ղ մեր ճամպրուկները, շտապ մոտեցի՛ր և օգնի՛ր նրան:
            
Եվ իրոք, տղամարդուն ընդառաջ գալիս էր փոքրամարմին և նուրբ դիմագծերով մի չինուհի, մեծ դժվարությամբ գլորելով երկու հսկայական ճամպրուկներով բեռնավորված ձեռնասայլակը: Ճամպրուկները, հատկապես՝ մեծ էին երևում նրա նիհար, բայց բարեկազմ իրանի համեմատ: Տղամարդը վայր դրեց իրենց ճամպրուկները և դժկամությամբ շտապեց կատարել կնոջ խնդրանքը՝ քթի տակ կամացուկ փնփնթալով.
            
- Արդե՜ն ուշանում ենք, սա որտեղի՞ց հայտնվեց:
            
Չինուհին ժպտաց իրեն մոտեցող տղամարդուն, և ճամպրուկները զիջեց նրան:
            
Տղամարդն արագ-արագ գլորելով ծանր ճամպրուկները, հասցրեց Չինական Ավիաուղիների գրանցման պատուհանին, որի վերևում էլեկտրոնային ցուցատախտակի վրա գրված էր՝ թռիչքը՝ C1005, ուղղությունը՝ Լոս Անջելեսից Տայպեյ, թռիչքի ժամանակը՝ 14:30, ինքնաթիռը՝ 744: 
            
Չինուհին տղամարդուն շնորհակալություն հայտնեց, պարգևելով նրան հմայիչ մի ժպիտ և շրջվեց դեպի գրանցման պատուհանը: Տղամարդը նոր նկատեց, որ նրա մեջքին հարմարեցրած ուսապարկից երկու սևաչյա, հրաշագեղ մանուկներ ուշադիր իրեն էին նայում:
            
Տղամարդը հասկացավ, որ կինը հենց սկզբից էլ նկատել էր չինուհու փոքրիկներին: Հասկացավ նաև, թե ինչու էին ճամպրուկներն այդքան մեծ և ծանր… Ամենայն հավանականությամբ, ճամպրուկների մեջ երկվորյակ մանուկների սննդի և խնամքի պարագաններն էին: Ժրաջան չինուհին, մանուկները մեջքին, հսկայական ճամպրուկներով պատրաստվում էր թռիչքի՝ Կալիֆորնիայից դեպի Տայվանի մայրաքաղաք՝ Տայպեյ…
            
- Ուշադրությու՛ն. ավարտվում է Լոս Անջելեսից դեպի Քուինսթաուն, Նոր Զելանդիա մեկնող ուղևորների գրանցումն Ուանթրավել Ավիաուղիների՝ № 631 թռիչքի համար, - հայտարարում էին բարձրախոսով:
            
- Ոչինչ, կհասցնենք, - ասաց տղամարդը կնոջը՝ ներկայացնելով իրենց անձնագրերը գրանցող պաշտոնյային: 

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
26 նոյեմբերի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...