Monday, October 20, 2014

Magie



Այս փոքրիկ պատմվածքը
նվիրվրում է կրտսեր որդուս՝
Հայկի ծննդյան 23-ամյակին:


Մենք՝ երեքս, միասին աշխատում էինք մի հետազոտական ինստիտուտի փոքրիկ լաբորատորիայում: Լաբորատորիայի ամենաերիտասարդ աշխատակիցները մենք էինք՝ Մանեն, մի գեղեցիկ ու խանդոտ աղջիկ, որ արդեն հասցրել էր ամուսնալուծվել, Հովիկը և ես: Մնացած աշխատողներն ավելի տարիքով էին և լուրջ, կարծես ամբողջ աշխարհի հոգսն իրենց էին տվել, որովհետև շատ լուրջ գիտական խնդիրներով էին զբաղված: 
         
Մենք՝ երեքս, երևի մեր տարիքի պատճառով, հաճախ առանձնանում էինք նրանցից: Երբեմն միասին ընդմիջման էինք դուրս գալիս, իսկ քանի որ Մանեենց բնակարանը բավականին մոտիկ էր մեր աշխատավայրին, ժամանակ առ ժամանակ հյուրընկալվում էինք այնտեղ:
            
Մի օր Մանեն ընդմիջման ժամին մեզ հրավիրեց իրենց տուն՝ իր պատրաստած տորթը ճաշակելու: Պետք է նշեմ, որ նա բավականին համեղ էր պատրաստում, և մենք, իհարկե՛, հաճույքով համաձայնվեցինք: Մենք՝ երեքս, բարձր տրամադրությամբ, ոտքով ուղևորվեցինք Մանեենց տուն: Ճանապարհին ես նռան հյութ գնեցի, իսկ ընկերս՝ Հովիկը՝ պաղպաղակ: Հովիկն ամբողջ ճանապարհին կատակում էր: Ես վաղուց էի նկատել, որ նա անտարբեր չէ Մանեի նկատմամբ, չնայած Մանեն իբր դա չէր նկատում: Միգուցե պատճառը Հովիկի ցածր հասակն էր… Սակայն դա չէր խանգարում Մանեին խանդելու այն բոլոր աղջիկներին, որոնց մենք հանդգնում էինք նայել նրա ներկայությամբ: Այդ պատճառով մենք Մանեի ներկայությամբ աշխատում էին զուսպ լինել և ցույց չտալ մեր հիացմունքն ուրիշ աղջիկների հանդեպ:   
            
Դուռը բացեց Մանեի մայրը: Մանեն մեզ առաջնորդեց իր առանձնասենյակը, որը շատ հարմարավետ էր, իսկ բազմաթիվ ծաղիկները և առատ, բնական լուսավորությունն այնպիսի տպավորությունն էին ստեղծում, որ կարծես բնության գրկում լինեինք:  Մենք նստեցինք բազմոցին, որի առջև մի փոքրիկ սեղան կար, իսկ բազմոցից մի քիչ հեռու դրված էր խոշոր էկրանով հեռուստացույցը: Մանեն սիրում էր հեռուստացույց դիտել: Նա ուներ իր սիրած ալիքներն  ու հաղորդումները:
            
Մինչ մենք հեռուստացույց էինք դիտում, Մանեն բերեց տորթը, որը ձևավորված էր տարբեր տեսակի հատապտուղներով և մրգերով: Գույներն այնքան հաջող էին ընտրված, որ ես ու Հովիկը հիացմունքից թեթևակի ծափ տվեցինք: Մանեն գոհունակ ժպտաց՝ ակնհայտորեն բավարարվելով մեր գնահատականներով: Այնուհետև նա բերեց պաղպաղակը, հյութը, սուրճը և շրջվելով դեպի ինձ՝ ժպտալով գանգատվեց, որ հեռուստացույցի ալիքներից մեկը, հենց այն ալիքը, որ նա հաճախակի էր դիտում,  լավ չէր ցույց տալիս:  Ես մոտեցա հեռուստացույցին, միացրեցի ու, հերթով ստուգելով ալիքների պատկերների որակը, գտա այն ալիքը, որը վատ էր ցույց տալիս: Քանի որ մնացած ալիքների պատկերների որակը լավ էր, հասկացա, որ խնդիրն անտենայի դիրքի մեջ է: Անտենան տեղաշարժելով և հարմար դիրք գտնելով՝ կարողացա ստանալ որակյալ պատկեր: Բավարարված իմ աշխատանքով, ես շրջվեցի և զարմանքով նկատեցի, որ Մանեի ու Հովիկի մեջտեղում նստած է արտակարգ գեղեցկության մի աղջիկ… Մի ակնթարթում մտքովս  տերյանական այս տողերն անցան.

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին…*
            
Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ անմիջապես գերեց ինձ: Ես նայում էի նրան ու չէի կշտանում: Մտածեցի, միթե՞ կատարվեց իմ երազանքը, և ես վերջապես հանդիպեցի իմ բաղձալի երկրորդ կեսին, բայց չէ, նա ավելին էր, քան իմ երազանքի աղջիկը, որովհետև ավելին էր, քան իմ ակնկալիքները: Այդ պահին ես միայն նրան էի տեսնում, իսկ ընկերներս կարծես մշուշի մեջ լինեին՝ նման լուսանկարչական ապարատին, երբ կադրում միայն մեկն է ֆոկուսի մեջ, իսկ մնացածները՝ ֆոկուսից դուրս: Չնայած իմ գերհիացած վիճակին, ես. Միաժամանակ, պարզորոշ նկատում էի, որ Մանեն չէր խանդում այդ աղջկան, ավելին, անուշիկ ժպտալով կարծես խրախուսում էր ինձ, իսկ Հովիկը զարմացած նայում էր ինձ և բոլորովին չէր կիսում իմ հիացմունքն այդ աղջկա նկատմամբ: Ես ո՛չ միայն հիացած էի աղջկանով, այլ նաև զարմացած՝ իմ ընկերների տարօրինակ վարքագծից:
            
Ինչևիցե, մի փոքր ուշքի գալուց հետո, ծանոթացա աղջկա հետ. նրա անունը Նվարդ էր: Մենք խոսում էինք միմյանց հետ՝ առանց նկատելու իմ ընկերների ներկայությունը: Նրանք էլ, հասկանալով պահի լրջությունը, լուռ էին և չէին խառնվում մեր խոսակցությանը: Միայն Մանեն շարունակում էր խորհրդավոր ժպտալ, իսկ Հովիկը քանի գնում՝ լրջանում էր ու տխրում: Դա շատ տարօրինակ էր, քանի որ նա ասող-խոսող և կատակասեր տղա էր: Ես կարծում էի, որ Մանեն ժպտալով քաջալերում էր մեր նոր սկսվող հարաբերությունները:
             
Մեր ընդմիջման ժամն ավարտվում էր, արդեն ժամանակն էր աշխատավայր վերադառնալու: Մանեն խնդրեց ինձ անջատել հեռուստացույցը: Ես մոտեցա հեռուստացույցին, մեկ անգամ ևս արագ ստուգեցի Մանեի սիրած ալիքների որակը և անջատեցի այն: Շրջվեցի ու տեսա, որ Նվարդը չկա… Նա, այդ կարճ ժամանակահատվածն օգտագործելով, գնացել էր… Առանց անգամ հրաժեշտ տալու: Կրկին զարմացա և հարցրեցի ընկերներիս, թե ի՞նչ եղավ Նվարդը: Նրանք, ինչպես նրա հայտնվելու ժամանակ էր, տարօրինակ կերպով ծիծաղեցին:  
            
Աշխատավայրում երեքս էլ լուռ էինք՝ մտասուզված մեր մտքերի մեջ: Կարևոր բան էր տեղի ունեցել. ես սիրահարվել էի, բայց ինչ-որ բան էր տեղի ունեցել նաև ընկերներիս հետ, որը ես չգիտեի ու չէի հասկանում: Ես երբեմն գաղտագողի նայում էի նրանց դեմքերին, փորձելով կարդալ նրանց մտքերը, բայց նրանք խնամքով ձևացնում էին, թե իբրև ոչինչ էլ չի եղել, և ամեն ինչ առաջվա նման է: Լարվածությունը, քանի գնում, մեծանում էր: Ես չդիմացա և, մոտենալով Հովիկին, խնդրեցի աշխատանքից հետո մի քիչ քայլել: Նա անմիջապես համաձայնվեց: Ակնհայտորեն դա նրա սրտով էր:
            
Մենք շատ անգամներ էինք Հովիկի հետ զբոսնել, բայց այս անգամ ուրիշ զգացողույթուն ունեինք երկուսս էլ: Հովիկն ասաց, որ Մանեն էլ էր ցանկություն հայտնել՝ միանալ մեզ, բայց նա կտրականապես մերժել էր նրան: Միանգամայն պարզ էր, որ իմ ընկերները՝ երկուսն էլ ցանկություն ունեին խոսել ինձ հետ Նվարդի մասին: 
            
Խոսակցությունը սկսեցի ես: Նրան պատմեցի, թե ինչքան եմ հրապուրված Նվարդով, որ մտադրություններս անգամ այնքան լուրջ են, որ պատրաստ եմ հենց հիմա, նույնիսկ Նվարդին լավ չճանաչելով, ամուսնանալ նրա հետ: Նա ուշադիր լսեց ինձ, այնուհետև, մի խոր հոգոց հանելուց հետո, ասաց.
            
- Ձե՛ռք քաշիր Նվարդից:
            
- Բայց ինչու՞, - ասացի ես, - միթե՞ իմ այս խոստովանությունը լսելուց հետո այդպիսի պատասխան կարող ես տալ ինձ:
            
- Այո՛, - ասաց նա, - որովհետև դու ամեն ինչ չէ, որ գիտես: Դու կարծում ես պատահականություն է՞ր, որ Նվարդը քեզ համար աննկատելի հայտնվեց և նույնքան աննկատելի կերպով անհետացավ, առանց նույնիսկ քեզ հրաժեշտ տալու: Նվարդին ես մի քանի անգամ հանդիպել եմ Մանեենց տանը: Նվարդը Մանեի ընկերուհին է և միաժամանակ նրա հարևանուհին: Նվարդն այն միակ աղջիկն է, որին Մանեն չի խանդում, որովհետև նա կաղ է, այն էլ երկու ոտքից… Եթե դու տեսնեիր, թե ինչպես է տեղաշարժվում Նվարդը, այո՛, այո՛, տեղաշարժվում, ո՛չ թե քայլում, դու այդքան չէիր հիանա նրանով: Չէ՞ որ դու նրա արտաքինով էիր այդքան հիացած, այդպես չէ՞, իսկ նրա արտաքինը, մեղմ ասած, այնքան էլ հրապուրիչ չէ: Նվարդը հաշմանդամ է ի ծնե: Նա ամաչում էր քեզնից, նա չէր ուզում իր հաշմանդամությունն ի ցույց դնել քեզ: Դրա համար էլ օգտվելով առիթից, որ դու հեռուստացույցի մոտ ես և կանգնած ես մեջքով դեպի մեզ, աննկատ եկավ և նստեց բազմոցին ու նույնքան էլ աննկատ փախավ… Այո՛, փախավ քեզնից, որովհետև տեսավ, թե ինչպես ես սիրահարված նայում իրեն, իսկ դա նրան ցավ էր պատճառում: Նվարդը խելոք աղջիկ է և գերզգայուն, նա շատ լավ ըմբռնում է, որ դուք միասին երբեք երջանիկ չեք լինի: Չէ՞ որ նա, որպես հաշմանդամ, թերարժեքության բարդույթ ունի, իսկ ամուսնանալով քեզ հետ՝ այն ավելի կխորանա՝ ուղեկցելով նրան իր ողջ կյանքում: Նա շատ հպարտ է և թույլ՝ զիջողության գնալու համար: Նվարդը մերժում է քեզ և խնդրել է Մանեին հաղորդել դա քեզ…
            
Տարիներ անցան: Ի վերջո, Մանեն և Հովիկն ամուսնացան և երեխաներ ունեցան: Ես նույնպես ամուսնացա և երջանիկ եմ իմ ընտանիքով, բայց երբեմն հիշում եմ Նվարդին ու մի բութ ցավ եմ զգում սրտիս վրա…Միգուցե՞ ավելի երջանիկ կլինեի Նվարդի հետ… Աստվա՜ծ իմ, ինչու՞ բնությունն այդքան դաժան է վարվել նրա հետ…

Մենք բաժանված ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:*

* Գարուն, Վահան Տերյան,
* Անդարձություն, Վահան Տերյան

 Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդեյլ
4 hոկտեմբերի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...