Friday, May 1, 2015

Դաժան վրեժ

Ջասուրը ապրում էր Ֆերգանայի մարզի ուզբեկական մի փոքրիկ գյուղակում: Նա աշխարհում ամենից շատ երկու բան էր սիրում՝ իր հարսնացուին՝ Թուրսանային և երկրաբանություն: 

Թուրսանայն ընդամենը տասնութ տարեկան մի աղջիկ էր՝ զույգ հյուսքերով, միշտ ուզբեկական զարդանախշ թասակը գլխին և ազգային գունազարդ տարազը հագին, որը նրան շատ էր սազում: Նա Ջասուրին տեսնելիս՝ քաղցր-քաղցր ժպտում էր, իսկ այդ ժամանակ նրա զույգ ածուխի պես սև աչքերը կայծկլտում էին՝ սիրո խոստովանություն անելով նրան: Նա իր Թուրսանային պաշտում էր և չէր պատկերացնում կյանքը՝ առանց նրա: Երբ առաջին անգամ Ջասուրը Թուրսանային սեր խոստովանեց, զգաց, թե ինչպես է դողդողում նրա փոքրիկ ու նուրբ ձեռքն իր զույգ ափերի մեջ, կարծես՝ փոքրիկ թռչնակ լիներ, միայն մի տարբերությամբ, որ չէր ուզում՝ թռչել-փախչել:

Ջասուրն անչափ հրապուրված էր նաև երկրաբանությամբ՝ դեռ մանկուց: Քանի որ Ֆերգանայի պետական համալսարանը և Պոլիտեխնիկական ինստիտուտը չունեին երկրաբանության ֆակուլտետներ, նա մեկնեց Տաշքենդ՝ սովորելու Միրզո Ուլուգբեկի անվան ազգային համալսարանում, որտեղ կային երկրաբանության, պետրոգրաֆիայի* և օգտակար հանածոների, ֆիզիկական երկրաբանական մեթոդների ուսումնասիրության, ժամանակակից երկրադինամիկայի և երկրաբանական տեղեկատվության ամբիոններ: Համալասարանում կար նաև բավականին հարուստ, երկրաբանական նմուշների թանգարան, որտեղ Ջասուրը հաճախ էր անցկացնում իր ազատ ժամանակը:

Նա, ուսանողական տարիներից սկսած, արձակուրդներին մեկնում էր երկրաբանական արշավախմբերի հետ օգտակար հանածոներ փնտրելու: Ջասուրն իր ուսապարկում, ի լրումն այլ անձնական և կենցաղային իրերի, երկրաբանական մուրճիկ, խոշորացույց, էլեկտրական լապտերիկ և մի փոքրիկ տրանզիստորային ռադիոընդունիչ էր կրում: 

Նա, համալսարանն ավարտելուց հետո, ամուսնացավ հմայիչ Թուրսանայի հետ և աշխատանքի անցավ Ուզբեկստանի երկրաբանական վարչությունում: Շուտով ծնվեց նրանց առաջնեկը՝ մոր նման գեղեցիկ Գուլշոդան:

Ջասուրը, վարչության կողմից կազմակերպված, բոլոր երկրաբանական արշավախմբերի մշտական մասնակիցն էր: Շատ երկրաբաններ դժկամությամբ էին համաձայնվում՝ լինել արշավախմբում, որովհետև քաջ գիտակցում էին, թե ինչքան զրկանքների և վտանգների հետ է կապված այդ աշխատանքը: Հենց միայն մի քանի շաբաթ բնության գրկում անցկացնելը, աշխատելը, գիշերելը և սնվելը՝ արդեն մեծ արկածախնդրություն էր, չհաշված՝ տուն ու տեղից, ընտանիքից կտրվելը: Սակայն, Ջասուը սիրում էր աշխատել արշավախմբերի հետ, բացի դրանից, նա սովոր էր այդ աշխատանքին՝ դեռ ուսանողական տարիներից: 

Վարչությունը, այս անգամ, նրան գործուղեց Արևմտյան Ղազախստան՝ Կասպից Ծովին հարակից շրջաններում, ավելի վաղ հայտնաբերված՝ քրոմի, կոբալտի, նիկելի և պղնձի հանքատեղերում ուսումնասիրություններ կատարելու: Արշավախումբը բաղկացած էր տասնհինգ անդամներից. մասնակիցները Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքմենիայից Կիրգիզիայից, Տաջիկստանից  և Ռուսաստանից էին: Իր հերթին արշավախումբը բաժանված էր հինգ ենթախմբերի՝ երեք մասնակիցներ յուրաքանչյուրում: Ջասուրը №4 երկրաբանական ուսումնասիրությունների ենթախմբում էր:

Նա պետք է աշխատեր արշավախմբի կազմում երեսուն օր: Մեկնելիս՝ նրա բաժանումը շատ հոզիչ էր, հատկապես՝ փոքրիկ, երեք տարեկան դստեր՝ Գուլշոդայի հետ, ով ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե հայրն ու՞ր է գնում: Թուրսանայի համար էլ էր դժվար, բայց նա արդեն վարժվել էր ամուսնու հաճախակի գործուղումներին: Ջասուրը մեկնելիս, ուսապարկն ու քնապարկը մեջքին, ամուր գրկեց և համբուրեց իր չքնաղ կնոջն ու թանկագին դստերը և խոստացավ երեք օրը մեկը փոստային բացիկներով տեղեկություններ հաղորդել: 

Նա Տաշքենդից ինքնաթիռով թռավ ղազախական Ակտոբե քաղաքը, որը Արևմտյան Ղազախստանի Ակտոբե մարզի մայրաքաղաքն է: Մարզի ընդարձակ տափաստաններում ցորենի, վարսակի և գարու անծայրածիր դաշտեր են, իսկ կիսաանապատային լայնարձակ տարածքներում արածում են մեծաքանակ ոչխարների հոտեր, ինչպես նաև ձիերի և ուղտերի երամակներ: Հատկապես՝ գեղեցիկ են ձիերը: Հենց այստեղ են բուծում հանրահայտ մուգոջարյան ցեղական ձիերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Հաջորդ օրն արդեն, Մուգոջարյան Բլուրներ կոչվող տեղանքում, Ջասուրն անցավ աշխատանքի:

Նա, №4 ենթախմբի հետ, առավոտից մինչև երեկո նմուշներ էր վերցնում և, նախնական ֆիզիկոքիմիական ուսումնասիրությունների շնորհիվ, պարզում նրանց բաղադրությունը: Սովորաբար երկրաբաններն առաջին հերթին երկրաբանական մուրճիկով փշրում են վերցված նմուշը և խոշորացույցով ուշադիր զննում մանրացված փոշին: Պարզ քիմիական ռեակացիաները նույնպես օգնում են հայտնաբերելու փնտրվող մետաղները՝ քրոմը, պղինձը, նիկելը և կոբալտը, բավականին լավ հայտնի, նրանց ֆիզիկոքիմիական հատկությունների շնորհիվ: Ջասուրը տեղյակ էր, որ քրոմը բնության մեջ հանդես է գալիս քրոմիտի, այսինքն՝ երկաթի քրոմօքսիդի ձևով, որը հաճախ իր մեջ պարունակում է նաև ալյումինիում, մագնեզիում և երկաթ: Երկաթի պարունակության շնորհիվ այն թեթևակի մագնիսական ձգողականությամբ  է օժտված և այդ պատճառով Ջասուրը քրոմիտի հանքաքարի փշուրները ստուգում էր նաև ուժեղ, հաստատուն մագնիսի օգնությամբ: Նրան հայտնի էր նաև քրոմիտի հանքաքարի գույնը՝ դարչնագույն, բաց դարչնասև և կանաչասև երանգներով:  Ջասուրը գիտեր նաև, որ կոբալտը բնության մեջ հանդիպում է միացությունների տեսքով՝ շատ հաճախ պղնձի, նիկելի հետ միասին և հիմնականում ստացվում է պղնձի ու նիկելի հանքաքարի մշակումից, որի մեջ նրա պարունակությունն անհամեմատ ցածր է: Ինչ վերաբերվում է պղնձին, ապա այն հեշտ է հայտնաբերել՝ հենց իրեն բնորոշ պղնձագույնի, ինչպես նաև նիկելը՝ իր թեթևակի ոսկեգույն երանգի և ֆերոմագնիսական հատկության շնորհիվ:

Ջասուրը, ինչպես խոստացել էր Թուրսանային, կանոնավոր կերպով՝ երեք օրը մեկ բացիկներ էր ուղարկում, արտահայտելով՝ նախ իր անսահման սերը՝ սիրասուն կնոջ և թանկագին դստեր Գուլշոդայի հանդեպ, այնուհետև տեղեկություններ էր հաղորդում իր աշխատանքի և առօրյայի մասին:

Նրա ժամանելուց յոթ օր անց, երեկոյան Ջասուրը, տարված լինելով աշխատանքով, մոլորվեց և կորցրեց իր ընկերներին: Նրա ընկերները երկար փնտրեցին նրան, բայց չգտնելով՝ որոշեցին շարունակել որոնումներն առավոտյան, քանի որ արդեն մթնել էր: Ջասուրն էլ, իր հերթին, նրանց էր փնտրում, սակայն ճարահատյալ գիշերեց միայնակ: Նա կիսաքուն անցկացրեց գիշերը՝ ատրճանակը ձեռքին՝ գայլերից պաշտպանվելու համար: Իմիջայլոց, արշավախմբի բոլոր անդամներն էլ Երկրաբանական վարչության կողմից ապահովված էին խորհրդային արտադրության «Մակարով» տեսակի ատրճանակներով: 

Առավոտյան Ջասուրը որոշեց իջնել տափաստան, որտեղ արածում էին ոչխարների հոտերը, ինչպես նաև ձիերի և ուղտերի երամակները: Ճանապարհին, նեղ կածաններից մեկում, դեպի նա՝ ուժգին հաչելով, մի մեծ շուն վազեվազ ընդհառաջ եկավ: Դա մի հսկայական շուն էր՝ «Թոբեթ» կոչվող ղազախական, գայլախեղդ ցեղատեսակի, որին բնորոշ է մոտ իննսուն կիլոգրամ քաշը և ութսուն սանտիմետր հասակը: Շան հարձակումն անխուսափելի էր, իսկ հետևանքը կարող էր լինել ճակատագրական՝ նույնիսկ մահացու: Ջասուրը ստիպված դուրս քաշեց ատրճանակը և կրակեց շան վրա: Շունն ընկավ և այլևս չկարողացավ վեր կենալ: Մի քանի րոպե անց երևաց ղազախ հովիվը՝ շան տերը՝ ցածրահասակ, նիհարիկ մի մարդ: Ջասուրը քաջ գիտակցելով, թե ինչքան մեծ նշանակություն ունի շունը հովվի կյանքում, նրանից ներողություն խնդրեց՝ իր ինքնապաշտպանական արարքի համար և առաջարկեց դրամական հատուցում: Մարդն ասաց, որ նա մեղավոր չէ, և ինքն էլ, եթե հայտնվեր նման իրադրության մեջ, նույն կերպ կվարվեր: Հետո, նա սիրալիր առաջարկեց Ջասուրին հետևել իրեն՝ դեպի իր կացարանը՝ թեյ խմելու և նախաճաշելու, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց՝ օգնելու նրան՝ գտնելու կորած ընկերներին: Այս տհաճ միջադեպից հետո, անհարմար կլիներ մերժել բարյացկամ հովվին, այդ պատճառով էլ նա համաձայնվեց: Որոշ ժամանակ անց, նրանք հասան մի փոքրիկ քարայրի՝ մոտքի մոտ: Մարդն առաջարկեց Ջասուրին ներս գնալ և հարմար պահ գտնելով, ձեռքի հաստ ձեռնափայտով, մի ուժգին հարված հասցրեց նրա գլխին: Ջասուրը, կորցնելով գիտակցությունը, տապալվեց գետնին…

Նա ուշքի եկավ գիշերը միայն՝ գլխի սոսկալի ցավերով: Ամենայն հավանականությամբ, նա գլխուղեղի ցնցում էր ստացել. առկա էին բոլոր ախտանշաները՝ սրտխառնոց, գլխապտույտ, հաճախակի գիտակցության կորուստներ, շնչառության խանգարումներ և սրտի աշխատանքի վատթարացում: Ջասուրը շղթայակապ և անօգնական պառկած էր քարայրի սառը հատակին: Քիչ այն կողմ, քարայրի մուտքի բացվածքից երևում էր լուսնի մահիկը… Նրան թվաց, որ վերջին անգամ է տեսնում լուսինը և աստղազարդ երկինքը: Մի պահ հիշեց իր չքնաղ Թուրսանային ու Գուլշոդային և կրկին ուշաթափվեց:

Առավոտյան երևաց նենգ հովիվը՝ Ալիխանը՝ իր հետ բերելով նաև շանը: Պարզվեց՝ շունը դեռ կենդանի էր: Ալիխանը վիրահատել էր նրան, ախտահանել, կարել վերքը և վիրակապել: Տափաստանային հովիվները հաճախ են բուժօգնություն ցույց տալիս կենդանիներին, երբ անհնար է անասնաբույժին դիմելը:  

- Փա՜ռք տու՛ր Ալլահին, որ շունս կենդանի է մնացել, - չարությամբ ֆշշացրեց նա, - հակառակ դեպքում դու էլ չէիր ապրի: Այսուհետև, մի շուն էլ դու ե՛ս, խնամի՛ր և աչքիդ լույսի պես պահպանի՛ր նրա կյանքը, եթե ուզում ես ապրել: Կսնվե՛ս շանս ամանից, եթե նա քեզ թույլ տա, - քմծիծաղ տվեց նա ու հեռացավ:

Վիրավոր շունը հազիվ էր շնչում: Նա խեղճ-խեղճ նայում էր Ջասուրին: Ակնհայտորեն, նա Ջասուրի խնամքի կարիքն ուներ: Շունն անընդհատ, սպասողական հայացքով, առանց չարության, նայում էր նրան: Ջասուրը սողալով մոտեցավ կենդանուն, զգուշությամբ շոյեց նրա գլուխը և զգաց, որ կենդանին ջերմություն ունի: Շոյելը շանը դա դուր եկավ. նրա տերը նրան երբեք չէր սիրել, միայն հրամայել էր կամ ծեծել՝ երբ չէր ենթարկվել: Ընդհանրապես մուսուլմանները շներին պիղծ՝ «հարամ» կենդանիներ են համարում և հազվադեպ են սիրում, փայփայում կամ ընկերանում նրանց հետ: Նրանք շներին հանդուրժում են, որովհետև առանց նրանց հնարավոր չէ ոչխարի հոտը կամ խոշոր եղջուրավոր անասունների նախիրը, ձիերի ու ուղտերի երամակները պաշտպանել գայլերից: Նա ջրամանը մոտեցրեց շանը, որպեսզի վիրավոր և հիվանդ կենդանին կարողանա ջուր խմել: Ծարաված կենդանին դժվարությամբ դուրս հանեց լեզուն և մի քանի անգամ փորձեց ջուր խմել, բայց չկարողացավ՝ ուժ չուներ: Ջասուրն ափով ջուր վերցրեց ամանից և մի կերպ խմեցրեց կենդանուն: Շունը խմեց և երախտապարտ հայացքով նայեց նրան:

Գիշերը Ջասուրը փաթաթվեց կենդանուն և քնեց: Առավոտյան Ալիխանն ուտելիք և ջուր բերելիս, տեսնելով նրանց, ասաց.

- Այդպես ավելի լավ է: Ախպերացե՛ք, չէ՞ որ հիմա երկուսդ էլ շուն ե՛ք, բայց լավ իմացե՛ք, եթե չենթարկվեք ինձ, ապա ո՛չ ուտելիք կստանաք, ո՛չ էլ ջուր, փոխարենը՝ մի լավ ծեծ կուտե՛ք, Ալլահը վկա և իմ ձեռնափայտը, - ասաց նա և քմծիծաղ տալով հեռացավ:

Քարանձավում մնալու հինգերորդ օրը շունը մի փոքր կազդուրվեց և սկսեց ինքնուրույն ջուր խմել: Ջասուրը սկսեց նաև կերակրել նրան: Արդեն հույս կար, որ շունը կամաց-կամաց կկազդուրվի: Ջասուրն էլ էր մի փոքր լավ զգում: Նրա գլխացավերը մեղմացել էին, ավելի կանոնավոր էր աշխատում սիրտը, նորմալացել էր շնչառությունը: Նա շան կերից չէր ուտում, բայց ստիպված ջուր էր խմում նրա ջրամանից:

Թուրսանայն արդեն վեց օր բացիկ չէր ստացել ամուսնուց, այդ պատճառով շատ անհանգիստ էր: Նա հաճախակի երազում տեսնում էր Ջասուրին, ով նրանից աղերսագին օգնություն էր խնդրում…

Երկրաբանական վարչությունում նույնպես անհանգիստ էին՝ ամբողջ շրջանի միլիցիան ոտքի էր հանվել՝ կորած երկրաբանին փնտրելու համար: Նրանք հարցուփորձ էին անում մոտակա գյուղերի և ավանների բնակիչներին, տափաստանային հովիվներին, սակայն ոչ մի արդյունք: Այնուհետև, որոշվեց կորած երկրաբանին, մեռած կամ կենդանի, փնտրել Մուգոջարյան Բլուրներում, որտեղ մինչև անհետանալն աշխատել էր նա:

Անցավ տասնութ օր: Շունը գրեթե լրիվ կազդուվել էր և հաճույքով լիզում էր Ջասուրի ձեռքերն ու երեսը՝ այդպես իր երախտագիտությունը հայտնելով նրան: Ջասուրն էլ, իր հերթին, շատ էր կապվել շանը: Շունը կարողացավ մոռանալ վիրավորանքը ու ներել Ջասուրին, բայց ո՛չ նրա տերը: Նա առաջվա պես ամբողջովին չարությամբ էր լցված երկրաբանի նկատմամբ և պատրաստ էր նույնիսկ սպանել նրան: Լսելով, որ միլիցիան փնտրում է Ջասուրին, Ալիխանը շտապ գնաց քարանձավ և փորձեց իր ձեռնափայտով՝ ծեծելով սպանել վերջինիս, որը նիհարած, հյուծված և շղթայակապ գտնվում էր Մուգոջարյան Բլուրների հեռավոր մի քարանձավում: Նա ուժ չուներ նույնիսկ պաշտպանվելու համար, բայց լավ պաշտպան ուներ՝ հանձինս շանը: Երբ Ալիխանը, այդ արնախում գազանը, փորձեց իր ձեքին գտնվող հուժկու ձեռնափայտով ջարդուփշուր անել Ջասուրի գլուխը, շունը մի ոստյունով թռավ և պինդ բռնեց նրա ձեռքը, չթողնելով վնաս պատճառել իր սիրելի ընկերոջը: Ալիխանը ցավից ուժեղ ոռնաց: Նրա ձայնը, քարաձավի պատերից անդրադառնալով ուժգնացավ և, լսելի դարձավ միլիցիոներներին: Նրանք՝ նախ օդում կրակեցին մի քանի անգամ, ապա շտապեցին օգնության՝ շարժվելով ձայնի ուղղությամբ:

Ջասուրին տեղափոխեցին հիվանդանոց: Միլիցիոներները ոչ մի կերպ չկարողացան բաժանել հավատարիմ շանը նրանից: Ակնհայտ էր, որ այսուհետ նրանք անբաժան են լինելու…

Երկու շաբաթ անց Տաշքենդի օդանավակայանում Ջասուրին և նրա հավատարիմ պաշտպանին ու ընկերոջն անհամբեր սպասում էին նրա չքնաղ Թուրսանայը և թանկագին դուստրը՝ Գուլշոդայը:

Մեկ տարի անց Ջասուրը մասնակցեց մեկ ուրիշ արշավախմբի աշխատանքներին, նույն՝ Ակտոբեի մարզում, և նրանց հաջողվեց հայտնաբերել, թերևս աշխարհի ամենամեծ քրոմիտի հանքավայրը Քրոմտաույում և նիկելի մի խոշոր հանքավայր էլ Բաթամշինսկում:

 *պետրոգրաֆիա՝ տեխնիկայի բնագավառ, որ զբաղվում է ապառների դասակարգմամբ և մանրադիտակային ուսումնասիրությամբ

Կալիֆորնիա, Գլենդեյլ

1 մայիսի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...