Sunday, March 8, 2015

Կրկնակի երիտասարդ ամուսին…

Լոս Անջելեսից Մոսկվա թռչելիս, օդանավի մեջ ծանոթացա հիսունն անց, իր երբեմնի գեղեցկությունը դեռ պահպանած, շիկահեր ու սպիտակամաշկ և փոքր ինչ թմբլիկ մի կնոջ հետ: Նա նստած էր իմ ձախ կողմում: Կինն ապրում էր Կալիֆորնիա նահանգի, Օրինջ վարչատարածքի Սան Դիեգո քաղաքում: Նա կիսով չափ ռուս էր, կիսով չափ թաթար և ծննունդով Ռուսաստանի Կազան քաղաքից էր:

Քանի որ թռիչքի տևողությունը մոտավորապես տասներկու ժամ է, օդանավում երկու անգամ ճաշ է մատուցվում թռիչքի ընթացքում, ինչպես նաև ոչ ալկահոլային խմիչքներ, թեյ և սուրճ՝ առաջին իսկ պահանջի դեպքում: Հարևանուհիս՝ Լիդիա Իվանովնան հաճախակի թեյ էր խմում: Ըստ երևույթին նրա սերը թեյի նկատմամբ պայմանավորված էր կիսով չափ թաթարական ծագում ունենալու հանգամանքով, չնայած ռուսներն էլ են թեյի մեծ սիրահարներ: Թեյի պատճառով Լիդիա Իվանովնան հաճախ էր օգտվում օդանավի զուգարաններից՝ ամեն անգամ տեղից հանելով և անհանգստություն պատճառելով նրա ձախ կողքին նստած երիտասարդ սիրունիկ աղջկան:

Ճաշը մատուցելու ժամանակ, օդանավի ուղեկցորդուհին խնդրեց ինձ փոխանցել Լիդիա Իվանովնային ուտելիքով բեռնված մատուցարանը: Լիդիա Իվանովնան շնորհակալություն հայտնելիս, առիթը բաց չթողեց և ծանոթացավ ինձ հետ: Ակնհայտ էր, որ նա զրուցակից էր փնտրում՝ ձանձրույթը փարատելու համար:

Պարզվեց, որ Լիդիա Իվանովնան ութ տարի առաջ համացանցի միջոցով պատկառելի տարիքի ամուսին էր գտել հեռավոր Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նրա և ամուսնու՝ Ռոդրիգես Ֆերնանդեսի միջև տարիքային տարբերությունը տասնվեց տարի էր: Լիդիա Իվանովնայի ընկերուհիների մի մասը, նույնպես, նույն համացանցի միջոցով ամուսիններ էին գտել երկրագնդի տարբեր հեռավոր անկյուններում՝ Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Շվեդիայում, Իսպանիայում և այլ, հիմնականում զարգացած երկրներում: Ուշագրավ էր, որ բոլոր այդ կանանց ամուսինները զգալի տարիքային տարբերություն ունեին իրենց կանանց նկատմամբ:

- Ես, և ոչ միայն ես, այլև շատ գիտակից մարդիկ, հավանություն չեմ տալիս նման, տարիքային մեծ տարբերությամբ ամուսնություններին, - ասացի ես: - Ես չեմ հավատում, որ այդպիսի ամուսնությունները երբևէ կարող են երջանիկ լինել: Պարզապես այդպիսի կանայք և ոչ միայն կանայք՝ առանձին դեպքերում նաև տղամարդիկ, գնում են զիջողության՝ քիչ, թե շատ բարեկեցիկ կյանքի պայմաններ գտնելու հույսով, - շարունակեցի դատողություններս՝ նայելով իմ զրուցակցի կապույտ աչքերի մեջ:

Նա ոչինչ չասաց, միայն խորհրդավոր կերպով ժպտաց և պատասխան հարցով դիմեց ինձ.

- Իսկ Դուք հավատու՞մ եք տարիքային շատ մեծ տարբերությամբ՝ քսանից մինչև երեսուն տարի, ռուս նշանավոր դերասան՝ Օլեգ Տաբակովի, հանրահայտ երգչուհի՝ Ալլա Պուգաչովայի, ամերիկացի հռչակավոր դերասաններ՝ Հարիսոն Ֆորդի, Բրյուս Ուիլլիսի, «Հոլիվուդի թագուհի»՝ Էլիզաբեթ Թեյլորի և շատ-շատ ուրիշների երջանիկ ամուսնություններին:

- Իհարկե, ո՛չ, բայց ես հավատում էի հայազգի, աշխարհահռչակ, օպերային, նշանավոր երգիչ, սոպրանո՝ Գոհար Գասպարյանի և նրանից տասներկու տարի փոքր, օպերային հայտնի երգիչ, տենոր՝ Տիգրան Լևոնյանի ամուսնական երջանկությանը, որոնք լինելով արվեստագետներ, փոխադարձաբար միմյանց լրացնում էին:

- Ես մի իրական պատմություն գիտեմ. ամուսինը կրկնակի անգամ երիտասարդ էր կնոջից, երբ նրանք ծանոթացան: Ամուսինը քսաներեք տարեկան էր, իսկ կինը՝ քառասունվեց, - ասաց Լիդիա Իվանովնան:

- Իմիջայլոց, ամուսինը հայ է, - ավելացրեց նա ժպտալով:

- Անհավատալի է, - ասացի ես, - ինչպե՞ս կարող էր դա պատահել, - ակնհայտորեն զարմացած, անհանգստացած և բնականաբար հետաքրքրված պատասխանեցի ես:    

- Ես հրավեր ուղարկեցի Մոսկվայում ապրող իմ սրտակից ընկերուհուն՝ Սեդա Վարդանովնային՝ Սեդոչկային և իր քսաներեքամյա որդուն՝ Արմենին, որպեսզի նրանք հնարավորություն ունենային տեսնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այն ժամանակ ես արդեն մեկ տարի էր ապրում էի Սան Դիեգո քաղաքում, որը սփռված է Խաղաղ օվկաինոսի ափին: Սան Դիեգոն՝ կառուցված լինելով երկու հարյուրից ավելի անդունդախորը կիրճերի և բլուրների վրա, Լոս Անջելեսից ընդամենը հարյուր քսան մղոն հեռավորության վրա է գտնվում:

Ես պատրաստվում էի նրանց տանել այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Սան Դիեգոյի նշանավոր Բալբոա զբոսայգին իր կանաչապատ ու կանաչազարդ այգիներով, գազանանոցով, թանգարաններով, թատրոններով և ռեստորաններով, այնուհետև Բելմոնտի զվարճանքների զբոսայգին իր ծովափնյա, նշանավոր տասնհինգ ատրակցիոններով և ռեստորաններով, ինչպես նաև Սան Դիեգոյի հանրահայտ սաֆարի-զբոսայգին իր բազմատեսակ և բազմահազար կենդանիների ու բույսերի նմուշներով և աշխարհահռչակ օվկիանոսային հսկայական ակվարիումով: Մի խոսքով մենք բոլորս պատրաստվում էինք մի լավ ժամանակ անցակացնել, իսկ Սեդան և իր որդին, ի ուրախություն ինձ, պատրաստվում էին հյուրընկալվել մեր տանը մոտ մեկ ամիս: 

Աշնանային մի գեղեցիկ, արևոտ օր ես, իմ մտերիմ ընկերուհու՝ Օկսանննայի հետ, որի հետ ծանոթացել էի Սան Դիեգոյում, դիմավորեցինք մեր թանկագին հյուրերին Լոս Անջելեսի օդանավակայանում: Սեդոչկան միջահասակ, սև աչքերով և սև մազերով, բարեկազմ, համակրելի մի կին էր, իմ հասակակիցը՝ քառասունհինգ տարեկան: Նրա որդին, լինելով մի դաստիարակված և կրթված տղա, վերջերս էր կարմիր դիպլոմով ավարտել Ն. Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը: Արմենը բարձրահասակ, կիսագանգուր մազերով, առնական և ամրակազմ մի երիտասարդ էր:

Մենք հարմարավետ տեղավորվեցինք իմ ավտոմեքենայի՝ «Տոյոտա Կորոլայի» մեջ և ուղղևորվեցինք դեպի տուն՝ Սան Դիեգո: Առջևում ես և Սեդան էինք նստած, իսկ հետևում՝ Արմենն ու իմ ընկերուհին՝ Օկսաննան:   

Օկսաննան ամուսին չուներ և ապրում էր միայնակ վարձու բնակարանում մեկ ուրիշ միայնակ, իսպանախոս կնոջ հետ՝ կիսովի վճարելով բնակարանի վարձն ու մնացած կոմունալ ծախսերի համար:  Նա բավականին լավ խոսում էր անգլերեն, մի քիչ էլ իսպաներեն: Օկսաննան մշտական աշխատանք չուներ, ամուսնացել էր մի քանի անգամ, մի քանի անգամ էլ սիրեկաններ էր ունեցել:

Ճանապարհին ես և Սեդան աշխույժ զրուցում էինք. պատմում, քննարկում էինք մեր և մեր ընդհանուր ծանոթների ուշագրավ նորությունները: Մենք այնքան տարված էինք մեր խոսակցությունով, որ այդ ընթացքում բոլորովին մոռացել էինք Օկսանննայի և Արմենի մասին: Երբ արդեն մոտենում էինք Սան Դի

- Ի՞նչ եք անում:
            
Ես զարմացած Սեդային նայեցի, հետո հայելու մեջ և տեսա, թե ինչպես էին Օկսաննան և Արմենը կրքոտ համբուրվում:
            
- Օկսաննա,՛ ինչպե՞ս չես ամաչում, - հանդիմանեցի ես, - չէ՞ որ նա քո որդու՝ Վադիմի հասակակիցն է…
            
Բայց նրանք մեզ չէին լսում…
            
Տանը, մեր պարտեզում, հսկայական սաղարթախիտ եղեվնու հովանու տակ տոնական և շքեղ ուտեստներով դասավորված սեղանը մեզ էր սպասում: Մի քիչ այն կողմ ամուսինս՝ Ռոդին խորոված էր պատրաստում՝ նախօրոք ապխտած խոզի, գառան, հավի և սաղմոնի գայթակղիչ մեծության կտորներից, որոնք ախորժակ գրգռող հոտերով և թեթևակի ծխով պարուրել էին ամբողջ պարտեզը: Հենց սեղանի մեջտեղում, բյուրեղապակյա ծաղկամանի մեջ դրված էր հսկայական, գեղեցիկ մի ծաղկեփունջ, որը Ռոդին գնել էր Սեդայի ժամանման առթիվ:

Մեր փոքրիկ շնիկը ուրախ-ուրախ հաչոցներով առաջինը դիմավորեց մեզ: Մենք ներս տարանք Սեդայի և Արմենի ճամպրուկները և վերադարձանք  պարտեզ: Քիչ անց Օկսաննան և Արմենը լողանում էին լողավազանում: Օկսաննայի երկնագույն, կիսաբաց լողազգեստն ավելի էր ընդգծում նրա մարմնի անթերի գեղեղկությունն ու կանացիությունը: Արմենը զմայլված նայում էր նրան: 

Ճաշկերույթն ուրախ չանցավ, չնայած իմ ու Ռոդիի գործադրած ջանքերին: Սեդայի տրամադրությունն ընկել էր, իսկ ես մեղավոր էի զգում ընկերուհուս՝ Օկսաննայի անպատշաճ վարքի պատճառով: Ինչ վերաբեվում է Արմենին և Օկսաննային, ապա նրանք շատ երջանիկ էին և անընդհատ առանձնանում էին, որպեսզի գրկախառնվեն ու համբուրվեն:
            
Մենք այդպես էլ չայցելեցինք Սան Դիեգոյի տեսարժան վայրերը: Մայր ու տղա վերջնականապես գժտվեցին, երբ Արմենը հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ Օկսաննայի հետ:
            
Սեդան մեկ շաբաթ հետո մեկնեց…

Արմենն ու Օկսաննան ամուսնացան: Որոշ ժամանակ անց, նրանք տեղափոխվեցին Սան Ֆրանցիսկո, որտեղ Արմենը սկսեց զբաղվել բիզնեսով ու հարստացավ: Օկսաննան իր հիվանդոտ ու անհաջողակ տղային՝ Վադիմին Ռուսաստանից հրավիրեց իրենց մոտ: Հիմա նրանք երեքով միասին ապրում են ապահովված և բարեկեցիկ կյանքով իրենց շքեղ առանձնատանը՝ շնորհիվ Արմենի:

Վերջերս նրանք Սան Դիեգո էին եկել: Օկսաննան բոլորովին չէր փոխվել, նույնիսկ ջահելացել էր, իսկ Արմենն իր տարիքից առնվազն տասը տարի մեծ էր երևում…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդել
28 փետրվարի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...