Saturday, November 29, 2014

Պրակտիկանտուհին

Ռուբենը քարտաշ է: Դա շատ տարածված մասնագիտություն է Հայաստանում: Հայ քարտաշները հայտնի են որպես շինարարներ դեռևս հնադարյան ժամանակներից, նույնիսկ մեր թվարկությունից առաջ: Առանց սրբատաշ քարերի և նախշաքանդակների հնարավոր չէ պատկերացնել ոչ մի ճարտարապետական հուշարձան, եկեղեցի կամ մատուռ Հայաստանում: Ռուբենը գլխավորապես աշխատում է հայկական լեռնաշխարհի  տարածքում լայն ճանաչում ստացած տուֆի, բազալտի  և գրանիտի, երբեմն էլ` մարմարի, տրավերտինի և այլ տեսակի քարերի վրա: Ռուբենն ունի բազմաթիվ գործիքներ, որոնց մի մասն ինքն է պատրաստել, մի մասն էլ մնացել են հորից, որը նույնպես քարտաշ էր: Նա ճանաչված վարպետ է: Նրան բոլորը վարպետ Ռուբեն են կոչում: Նա պահանջված և լավ վարձատրվող քարտաշ է: Վարպետ Ռուբենն ունի ընտանիք, երեխաներ և սիրած աշխատանք:
         
Նա գրեթե երջանիկ էր, եթե չլիներ այդ չարաբաստիկ պզուկը, որն աճել էր նրա քթի մեջ: Այն քոր էր առաջացնում, բայց քորել հնարավոր չէր…
            
Մի քանի օր տանջվելուց հետո, նա գնաց պոլիկլինիկա, օթորինոլարինգոլոգի, այսինքն՝ քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ: Բժիշկը փորձառու, միջին տարիքի գեղեցկադեմ մի կին էր:  Նա ուշադիր լսեց վարպետ Ռուբենի գանգատը և կարգադրեց նրան նստելու պատի մոտ դրված աթոռին: Միացնելով ճակատին հարմարեցրած լույսը, լայնացնելով վարպետի ձախ քթանցքը հատուկ գործիքի միջոցով, բժշկուհին փորձեց զննել պզուկը, բայց ապարդյուն: Պզուկը հնարավոր չէր տեսնել: Նա հակաբորբոքային քսուկ նշանակեց, առաջարկեց վարպետ Ռուբենին օրը մի քանի անգամ օգտագործել այն և մեկ շաբաթ անց նորից այցելել պոլիկլինիկա:
            
Վարպետ Ռուբենը, չնայած որ հետևել էր բժշկուհու խորհուրդներին, սակայն քորը չէր անցել և կարծես ավելի էր սաստկացել: Քորն ուժեղանում էր հատկապես գիշերները, չթողնելով վարպետ Ռուբենին քնել:
            
Մեկ շաբաթ հետո, նա նորից գնաց պոլիկլինիկա: Բժշկուհին, իմանալով որ հակաբորբոքային քսուկը չէր օգնել հիվանդին, խորհուրդ տվեց դիմելու ալերգաբանին, քանի որ վարպետ Ռուբենը գրեթե ամեն օր գործ էր ունենում քարի փոշու հետ, չնայած աշխատելիս, համարյա միշտ, բժշկական դիմակ էր կրում:

Ալերգաբանը, վարպետին նշանակեց հակաալերգիկ դեղեր, հույս հայտնելով, որ դեղերը կօգնեն նրան:
            
Անցավ ևս մեկ շաբաթ. ոչ մի փոփոխություն: Անքնությունից հոգնած և ուժասպառ վարպետ Ռուբենը նորից գնաց պոլիկլինիկա, քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ, սակայն վերջինս արձակուրդում էր: Նրան փոխարինում էր բժշկական համալսարանի մի ուսանողուհի, որն իր արտադրական պրակտիկան էր անցնում այդ պոլիկլինիկայում: Պրակտիկանտուհին փոքրամարմին, դեռահասի հիշեցնող մի նիհարիկ աղջիկ էր: Նա ուշադիր լսեց վարպետ Ռուբենին և ասաց նրան.
            
- Ես հիմա Ձեզ կուղարկեմ ֆիզիոթերապիայի բաժանմունք: Ձեր պզուկը կճառագայթեն ուլտրամանիշակագույն ճառագայթներով և Դուք անմիջապես լավ կզգաք: 
            
Վարպետ Ռուբենը, թերահավատությամբ, բայց ընդունեց պրակտիկանտուհու առաջարկը և բարձրացավ պոլիկլինիկայի վերջին հարկը, որտեղ գգտնվում էր ֆիզիոթերապիայի բաժանմունքը: Բուժքույրը մի փոքրիկ մետաղական թիթեղից պատրաստված ձագար մտցրեց վարպետ Ռուբենի ձախ քթանցքը, որի միջով ուլտրամանիշակագույն ճառագայթները պետք է ներթափանցեին նրա քթի խոռոչի ամենահեռավոր անկյունները: Բուժումը տևեց ընդամենը երկու րոպե և քորն անմիջապես անցավ:
            
Ռուբենն աստիճաններով վազեց ներքև և պոլիկլինիկայի դիմացի մայթին գտնվեղ ծաղկի խանութից տարբեր գույնի մեխակներից բաղկացած մի մեծ ծաղկեփունջ գնելով, նորից ետ վազեց պոլիկլինիկա: Նա շնչակտուր մտնելով պրակտիկանտուհու սենյակը, ծաղկեփունջը դրեց նրա առջև, գրասեղանի վրա և ասաց.
            
- Բժշկուհի ջա՛ն, սա Ձե՛զ:
           
- Բայց ես դեռ բժիշկ չեմ և դիպլոմ չունեմ:
            
- Արդեն ունե՛ք, - ասաց վարպետ Ռուբենը և դուրս վազեց հևալով: 
            
Նա շտապում էր տուն. Նախ՝ լավ լուրը կնոջը հայտնելու, իսկ հետո՝ մի կուշտ քնելու համար:
            
Բժշկուհին սեղանից վերցրեց ծաղկեփունջը և պինդ սեղմեց կրծքին: Նա առաջին անգամ էր հիվանդից՝ որպես երախտագիտության նշան, ծաղկեփունջ ստանում, իսկ վարպետ Ռուբենը նրա առաջին հիվանդն էր…  

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ,
Կալիֆորնիա, Գլենդել
29 նոյեմբերի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...