Friday, March 20, 2015

Գուշակը


Նրանք սիրահարվեցին առաջին իսկ հայացքից: Երիտասարդ տղայի և աղջկա սրտերը բաբախեցին հուզմունքից այնպես ուժգին, ինչպես երկու թմբուկներ հանդիսավոր արարողությունների ընթացքում: Նրանց աչքերը փայլում էին, ինչպես փոքրիկ երեխաների աչքերը հրավառությունների ժամանակ:



Հանդիպեցինք… Հրաշք թվաց ամեն ինչ,
Եվ աշխարհը դարձավ բարի, գեղեցիկ,*
             
Տղան և աղջիկը միմյանց հավանեցին, գնահատեցին, սիրեցին և որոշեցին այլևս երբեք չբաժանվել…
            
Հետո ամեն ինչ կատարվեց ըստ հաջորդականության՝ սրտատրոփ, հուզախառն նշանդրեք, ուրախ հարսանիք և անչափ հետաքրքիր, հիշարժան հարսանեական ճանապարհորդություն:
            
Հարսանեական տոնախմբության ժամանակ ամուսնու քեռին որպես մատաղացու՝ գառ խոստացավ երեխա ծնվելու դեպքում:
            
- Աստված ձայնդ լսի, - ասաց հարսի հայրն ու մի գառ էլ ինքը  խոստացավ…
            
Հարսանեական ճանապարհորդությունից հետո առաջին ուրախ անակնկալը հարսի հղիանալն էր, որն անչափ ուրախացրեց նորաթուխ փեսային և երկու կողմերին՝ ծնողներին ու ազգականներին: Սակայն մի քանի ամիս անց պարզվեց, որ մեկ ուրիշ հաճելի անակնկալ էլ կա. բժշկական քննությունը ցույց տվեց, որ զույգ երեխաներ են ծնվելու: Այս լուրը պակաս ուրախալի չէր, քան առաջինը: Ամենաշատն ուրախացան, իհարկե, նորապսակները, բնականաբար, նաև երկու կողմերի ծնողներն ու ազգականները:

Երկու ամիս անց մի անակնկալ ևս մատուցվեց. ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ սպասվում են տղա և աղջիկ, այսինքն իդեալական տարբերակ զույգերի պարագայում:
            
Զոքանչն ուլտրաձայնային հետազոտությունների բժիշկ լինելով, որոշեց ինքն էլ քննություն անցկացնել: Նա պարզեց, որ իրոք զույգ երեխաներ են, և սեռերն էլ տարբեր են: Այսպիսով, թե բժիշկ-զոքանչի, և թե պոլիկլինիկայի «Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի» հետազոտությունների արդյունքները լիովին  համընկնում էին:
            
Չնայած հղի հարսի ինքնազգացողությունը լավ էր և հղիությունն էլ նորմալ էր ընթանում, այնումենայնիվ, զոքանչն անհանգստանում էր, քանի որ քաջ գիտակցում էր որպես բժիշկ, որ առաջին հղիությունն, այն էլ երկու պտղով, բավականին վտանգավոր կարող է լինել: Միգուցե դա էր պատճառը, որ նա գնաց գուշակի մոտ: Գուշակը՝ քառասունին մոտ, միջնակարգ կրթությամբ, գյուղացի մի կին, բախտ էր նայում խաղաթղթերով:

Նա ասաց.
            
- Մի՛ անհանգստացե՛ք, Ձեր աղջիկը հղի է, բայց հեշտ է ծննդաբերելու և լույս աշխարհ է բերելու երկու առողջ, գեղեցիկ և խելացի տղաներ, ըստ որում տղաներից մեկը մի փոքր ավելի հաղթանդամ է լինելու, քան մյուսը:
            
- Ձեր գուշակության առաջին մասը ճիշտ է, ասաց զոքանչը, - աղջիկս իրոք, հղի է:          Երկրորդ մասն էլ է ճիշտ, որ նա զույգ է բերելու, բայց երրորդ մասը միանգամայն սխալ է, քանի որ ըստ ուլտրաձայնային հետազոտության արդյունքների՝ երեխաները տարբեր սեռերի են:
            
- Ես չգիտեմ, թե ինչու է ուլտրաձայնային հետազոտությունն այդպիսի բան ցույց տվել, բայց իմ խաղաքարտերը որոշակիորեն ասում են, որ երկուսն էլ տղաներ են, - պնդեց գուշակը: 
            
Մենք՝ բոլորս, զարմացանք, որ զոքանչը բարձրագույն կրթություն ունենալով հանդերձ գնացել է գուշակի մոտ, և իհարկե, մի լավ ծիծաղեցինք գուշակի վրա իր ասածը պնդելու և ժամանակակից բժշկության տեխնիկական հնարավորություններին չհավատալու համար: Սովորական խաբեբա համարելով նրան, մենք շուտով մոռացանք նրա մասին:
             
Երեխաները ծնվեցին Երևանի Մարգարյանի անվան ծննդատանը: Բժիշկը մեզ ընդունեց իր առանձնասենյակում և հանդիսավոր կերպով հաղորդեց, որ տղաներ են ծնվել: Մենք զարմացած առարկեցինք.
            
- Բժի՛շկ, Դու՛ք սխալվում եք, մեկը պետք է աղջիկ լիներ, քանի որ մի քանի անգամ ծննդկանին ուլտրաձայնային հետազոտություններ են արել:
            
Բժիշկն ակնհայտորեն շփոթվեց և հեռախոսով զանգահարեց ծննդատան համապատասխան բաժանմունքը՝ ճշտելու երեխաների սեռը: Այնտեղից պատասխանեցին, որ տղաներ են: Ահա այդ պահին բոլորս հիշեցինք գուշակին. ուրեմն նա ճիշտ էր…

Ավելին, հետագայում մենք նկատեցինք, որ երեխաներն իրոք, շատ խելացի են, ինչպես նա էր գուշակել, և նրանցից մեկն ավելի հաղթանդամ էր, քան մյուսը: Ավելորդ է նշել, որ ուլտրաձայնային հետազոտությունը, ոչ երեխաների խելացիության, և ոչ էլ նրանց միջև եղած հաղթանդամության տարբերության մասին ոչինչ չէր հայտնաբերել: Փաստորեն գուշակն իր խաղաքարտերով ավելի ճշգրիտ գուշակեց և ավելի շատ բան ասեց…

Երևի երկու մատաղ խոստանալն էր պատճառը, որ երկու երեխա էր ծնվել: Ո՞վ գիտե: Չէ՞, որ մատաղը միշտ էլ Աստվածահաճո է համարվել, իսկ երկու մատաղը կրկնակի Աստվածահաճո է: Անհերքելի է և զարմանալի նաև, որ մատաղացու գառան միսն ավելի համով է, քան սովորական գառան միսը: Դրանում բոլորը ևս, ոչ թե մեկ, այլ երկու անգամ համոզվեցին. պատճառն, իհարկե՛, մատաղացու գառների օրհնվելն էր: 

- Մատաղն ընդունելի լինի՛, - ասացին նրանք ու բազմաթիվ անգամներ խմեցին երկվորյակների, ծնողների, տատիկների ու պապիկների, ազգականների ու բարեկամների  քաղցր կենացները, երբ նրանք ծնվեցին: 

Հիշեցին նաև, որ քեռու գնած մատաղացու գառը պահանջվածից ավելի մեծ էր, քան աներոջ գնածը, քանի որ այդ օրը փոքր չափի ծախու գառ վաճառքում չէր  եղել: Միգուցե դա էր պատճառը, որ երեխաներից մեկն ավելի խոշորակազմ էր ծնվել…
            
Ի՞նչ իմանանք: Միգուցե և այդպես է…
            
Բայց ամենակարևորը՝ այսքանից հետո ո՞նց չհավատանք Աստծո գոյությանն ու զորությանը…

*երկու տող Սարո Գյումրեցու «…Ու հանդիպեցինք» բանաստեղծությունից


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդել
19 մարտի, 2015թ


Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...