Sunday, January 11, 2015

Ես ցնդած պառավ չեմ…

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի Ուեստոն քաղաքից տարեց ամուսիններ էին ժամանել Երևան: Չնայած նրանց պատկառելի տարիքին, նրանք եռանդուն և հաճելի մարդիկ էին: Պարոն Դանիել Մորիսոնը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում դասավանդելու էր հասարակական առողջապահություն առարկան: Նրա կինը` տիկին Անետ Մորիսոնը պարզապես ուղեկցում էր նրան` որպես հավատարիմ և նվիրված կողակից:

Նրանց համար հենց Երևանի կենտրոնում մի հարմարավետ և ընդարձակ բնակարան էին վարձել: Տիկին Մորիսոնը  շատ տնարար և մաքրասեր կին էր: Քանի որ այդ տարիներին բնական գազի մատակարարումը դադարեցված էր, ապա Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հրավիրված դասախոսների համար վարձված բնակարանների խոհանոցներում հեղուկ գազով` պրոպանով լիցքավորված բալոններ էին տեղադրում: Գազի վարպետը կտրում էր գազի ընդհանուր խողովակին միացնող հատվածը` գազի ընդհանուր փականից վերև և միացնում էր գազի բալոնին հատուկ գազի համար նախատեսնված ռետինե խողովակով: Գազի ընդհանուր փականը շարունակում էր կատարել իր դերը, միայն մի տարբերությամբ, որ գազօջախը գազ էր ստանում գազի բալոնից:

Երբ տիկին Մորիսոնն ուզում էր ճաշ պատրաստել, նա պտտելով բացում էր գազի բալոնի վրա տեղակայված գազի փականը, այնուհետև բացում գազի ընդհանուր փականը և սովորականի պես` ըստ գազօջախից օգտվելու կանոնների, օգտվում էր վերջինից: Իհարկե, անգլերեն լեզվով մանրանամասն հրահանգ է փակցված խոհանոցի պատին, թե ինչ հերթականությամբ պետք է միացվեր, և թե ինչ հերթականությամբ անջատվեր գազօջախն` անվտանգության նկատառումներից ելնելով

Մորիսոնները շատ գոհ էին, թե' վարձված բնակարանից, և թե' ստեղծված հարմարություններից, որի համար մի քանի անգամ շնորհակալություն էին հայտնել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ղեկավարությանը:

Սակայն, նրանց բնակվելուց մի երկու շաբաթ անց, տիկին Մորիսոնը գանգատվեց, որ բնակարանում գազի հոտ է զգացվում: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի աշխատակիցները` դասախոսական ծառայությունների գծով կոորդինատորի գլխավորությամբ անմիջապես այցելեցին նրանց բնակարան: Գազի վարպետն, ինչպես ընդունված է, օճառի փրփուրով ստուգեց բոլոր միացումները` գազի բալոնից մինչև գազօջախն ընկած հատվածը` գազի արտահոսք հայտնաբերելու ակնկալիքով: Գազի ընդհանուր փականի և գազի բալոնի փականի բաց լինելու դեպքում, ոչ մի միացման վրա գազի արտահոսք չհայտնաբերվեց: Գազի հոտ նույնպես չէր զգացվում: Գազի վարպետը մանրակրկիտ կերպով ստուգեց նաև գազօջախը, որը նույնպես գազի արտահոսք չուներ:

Տիկին Մորիսոնը թեև համաձայնվեց, որ բնակարանում գազի արտահոսք կամ գազի հոտ չկա, բայց ասաց, որ իր համար զարմանալի է և անհասկանալի, թե ինչու՞ առաջներում գազի հոտ կար, իսկ հիմա չկա:

Տիկին Մորիսոնին քաղաքավարի կերպով ակնարկեցին, որ միգուցե գազի հոտը թվացել է իրեն, բայց խնդրեցին կրկնվելու դեպքում նորից անհապաղ տեղյակ պահել համալսարանի ղեկավարությանը:

Անցավ մի քանի օր, և տիկին Մորիսոնը նորից գանգատվեց գազի ուժեղ հոտի առկայությունից: Աշխատանքային խումբն արագ արձագանքելով, նորից գնաց բնակարան, բայց կրկին գազի ոչ մի արտահոսք չհայտնաբերվեց:

Տիկին Մորիսոնի գանգատները քանի գնում հաճախակի էին դառնում, բայց գազի արտահոսք չէր հայտնաբերվում…

Հայաստանի Ամերիկյան Համալսարանում սկսեցին կասկածել, որ տիկին Մորիսոնն անհարկի կերպով անհանգստացնում է համալսարանի աշխատակիցներին իր անհիմն կասկածներով: Տիկին Մորիսոնը կարծես կռահելով, որ իրեն չեն հավատում, հայտարարեց.

- Ես ցնդած պառավ չեմ… Բնակարանում, իսկապես, ժամանակ առ ժամանակ գազի ուժեղ հոտ է զգացվում, բայց ոչ միշտ: Ես նույնիսկ գրանցել եմ օրերը և ժամերը, երբ գազի հոտ է նկատվել այնտեղ: Մենք վախենում ենք այս բնակարանում ապրել, թեև այն շատ հարմարավետ է, խնդրում ենք մեզ տեղափոխել մեկ ուրիշ բնակարան:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ղեկավարությունը խնդրեց տիկին Մորիսոնին ևս մեկ հնարավորություն տալ ստուգելու բնակարանը, և եթե աշխատանքային խումբը չկարողանա պարզել ժամանակ առ ժամանակ գազի արտահոսքի երևան գալու պատճառն, ապա անպայման կտեղափոխի նրանց մեկ ուրիշ, ոչ պակաս հարմարություններով բնակարան:

Տիկին Մորիսոնը համաձայնվեց:

Սկզբում ստուգվեց գազի հոսքի հնարավոր մուտքը դեպի բնակարան դրսից` խոհանոցի պատուհանի մոտից:  Սակայն, զննությունը ցույց տվեց, որ դրսից շենքի այդ հատվածում ոչ մի կասկածելի բան չկա: Այնուհետև, որոշվեց ստուգել Մորիսոնների բնակարանից ներքև գտնվող նկուղը և նրանցից վեր գտնվող երեք բնակարանները: Նկուղային հարկաբաժնում գտնվում էր համակարգչային ծառայությունների սպասարկման սրահը, որտեղ միայն էլեկտրական սարքեր կային: Մորիսոնների բնակարանից անմիջապես վերև` երկրորդ հարկում ընդհանրապես գազի բալոն չկար: Երրորդ հարկի խոհանոցում թեև գազի բալոն կար, բայց գազի արտահոսք չհայտնաբերվեց: Չորրորդ հարկի բնակարանում նույնպես բալոն կար և ստուգման արդյունքում գազի արտահոսք չհայտնաբերվեց, բայց ստուգելիս գազի փականները բացելուց հետո, քիչ անց թեթևակի գազի հոտ զգացվեց: Միանգամայն պարզ դարձավ, որ գազի արտահոսքը հենց այս բնակարանից է, բայց դեռ բոլորովին պարզ չէր, թե ինչու՞ օճառի փրփուրով հնարավոր չեղավ պարզել, թե որ միացումից է գազի արտահոսքը, կամ ինչպե՞ս է գազը չորրորդ հարկից ներթափանցում առաջին հարկ` դեպի Մորիսոնների բնակարանը:

Որոշվեց մանրակրկիտ կերպով ստուգել գազի բալոնից դեպի գազի սպառման սարքը, այսինքն դեպի գազօջախը գնացող մոնտաժման սխեման: Ահա գազի բալոնը, նրա վրա է գտնվում գազի պտտվող փականը և կես դույմանոց խողովակային գազի ելուստը, որին միացած է գազի ռեդուկտորը` գազի հոսքը թուլացնելու և կարգավորելու նպատակով, ռեդուկտորի կես դույմանոց խողովակային ելուստին միացած է գազի համար նախատեսնված հատուկ ռետինե խողովակը, որը պետք է միանա գազի ընդհանուր փականի մուտքին` նախօրոք այն անջատելով և մեկուսացնելով գազի ընդհանուր խողովակից, իսկ գազի ընդհանուր փականի ելքը միանում է գազօջախին:
           
Ի ուրախություն աշխատանքային խմբի, պարզվեց, որ մոնտաժում սխալ կար` գազի ընդհանուր փականի մուտքն առանձնացված չէր գազի ընդհանուր խողովակից, որի պատճառով գազի բալոնի վրա գազի փականը բացելիս գազի ընդհանուր խողովակով գազը գնում էր այն բնակարանները, որտեղ գազի բալոն տեղադրելիս կտրել առանձնացրել էին գազամատակարարումն ընդհանուր խողովակից: Իհարկե, տեխնիկապես ճիշտ կլիներ գազի ընդհանուր խողովակի կտրած բաց մասերը փակվեին  հատուկ մետաղյա խցաններով, երբ գազի բալոններ էին տեղադրվում:

Չորրորդ հարկի խոհանցում գազի մոնտաժում եղած սխալը շտկելուց հետո, ապահովության համար  մետաղյա խցանով փակվեց նաև Մորիսոնների խոհանոցի ընդհանուր խողովակի կտրած բաց մասը: Այնուհետև, մանրամասն բացատրություն տրվեց արված գործի վերաբերյալ հարգարժան տիկին Մորիսոնին:

Տիկին Մորիսոնը շնորհակալություն հայտնեց և իր հիացմունքն արտահայտեց կատարված աշխատանքի վերաբերյալ, բայց չկարողացավ զսպել իրեն և բացականչեց.

- Տեսա'ք, որ ես ցնդած պառավ չեմ… գազի հոսք բնակարանում այնումենայնիվ կար…



Մոսկվա, «Շերեմետևո» օդնավակայան

30 դեկտեմբերի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...