Saturday, August 13, 2016

Ատիշե

Վաղ առավոտյան, երբ դեռ զով էր և արևն էլ այնքան անխնա չէր այրում երկնակամարից, մեր շենքի շքամուտքից մի գեղեցիկ աղջիկ դուրս եկավ փոքրիկ, սպիտակ, փափկամազիկ շնիկի հետ: Աղջիկը փոքրամարմին էր, նիհար, նուրբ դիմագծերով, աջ ձեռքի բոլոր մատները, բացառությամբ բութ մատի, կտրված էին: Դա անմիջապես աչքի էր զարնում, քանի որ հենց այդ ձեռքի մեջ էր գեղեցիկ, աշխույժ ու թռվռան շնիկի դարչնագույն շնաթոկը: Շնիկն այնպես քաշում, տանում էր աղջկան իր ետևից՝ կարծես աշխատանքից էր ուշանում: Փողոցում, բացի ինձնից ու նրանից, ոչ ոք չկար: Միգուցե դա էր պատճառը, որ աղջիկը մի թույլ ժպիտ պարգևեց ինձ և հետևեց իրեն առաջնորդող ժրաջան շնիկին: «Խե՜ղճ աղջիկ, - մտածեցի ես, - տեսնես ի՞նչ է եղել, որ անմատ է մնացել՝ միգուցե՞ դժբախտ պատահար մանուկ հասակում, կամ դաժան պատիժ` աններելի հանցանքի համար, ով գիտե՞»:

Ես դեռ երթուղային տաքսիի էի սպասում մեր շենքի առջևում գտնվող երթուղային տաքսիների կանգառում, երբ աղջիկը վերադարձավ. երևի խանութ էր գնացել նախաճաշի համար ուտելիք գնելու: Նա նորից ժպտաց ինձ, այս անգամ ավելի համարձակ՝ կարծես ծանոթ մարդու էր հանդիպել: Ես նույնպես ժպտացի և սիրալիր հարցրեցի նրան.

- Նոր կենվոր ե՞ք, մեր շենքում եք ապրելու՞:

Աղջիկը չհասկացավ ինձ: Ես հարցերս կրկնեցի ռուսերեն, այնուհետև անգլերեն: Նա գլխով արեց, որպես հաստատական նշան: Հարցրեցի.

- Անունդ ի՞նչ է:

- Ատիշե, նշանակում է հուր, կրակ:

- Պարսկաստանից ե՞ք:

- Այո՛:

- Շատ հաճելի է, - ասացի, - ես էլ եմ այս շենքից, անունս Վարդան է, գնում եմ աշխատանքի:

Գրեթե ամեն օր, առավոտյան աշխատանքի գնալիս, հանդիպում էի նրան: Անմատ պարսկուհին, կողքիցս անցնելիս  ժպտում էր ինձ, ինչպես հին ծանոթի: Ինձ թվում էր, որ նրա տրամադրությունը միշտ բարձր էր և շատ երջանիկ էր՝ իր շնիկի հետ զբոսանքի գնալիս: Շնիկն էլ էր ինձ հին ծանոթի տեղ դնում. ամեն անգամ ինձ հանդիպելիս, ուրախ, պոչիկը շարժվելով մի պահ մոտենում էր ինձ, հոտոտում՝ համոզվելու համար, որ դա ես եմ, այնուհետև քաշում տանում էր հմայիչ պարսկուհուն իր ետևից: Լսել էի, որ մահմեդականները, առավել ևս պարսիկները, ովքեր արմատական կամ ֆունդամենտալ իսլամիստներ են, պիղծ են համարում շներին, և հավանաբար Պարսկաստանում աղջիկը չէր կարողանա անկաշկանդ զբոսնել նույնիսկ  փոքրիկ, անպաշտպան շնիկի հետ: Ես դրանում այնքան էլ համոզված չեմ, բայց եթե դա այդպես է, ապա ինչքան երեխաներ և նույնիսկ մեծահասակներ, ովքեր սիրում են շների հետ խաղալ և զբոսնել, զրկված են այդ անմեղ հաճույքներից: Ափսո՜ս, շատ ափսո՜ս…

Ատիշեն ամուսին ուներ՝ հայ ամուսին Պարսկաստանից: Մի քանի օր անց, պատահմամբ, տեսա նաև նրան: Նրա անունը Վահիկ էր, պարսկուհու պես փոքրամարմին, բայց պակաս համակրելի: Նա ինչ-որ բիզնեսով էր զբաղվում, բացատրեց, բայց լավ չհասկացա, թե՞ ինչպիսի: Անզեն աչքով էլ երևում էր, որ նա սիրում էր իր չքնաղ կնոջը, անչափ շատ:

- Ի՜նչ երջանիկ ամուսիններ են, - ասացի հարևանիս, ով մի հարկ նրանցից վերև էր ապրում:

- Ի՜նչն են երջանիկ, - ասաց նա, - ամբողջ օրը կռվում են, կինն էլ հաճախակի լաց է լինում:

- Չի կարող պատահել, - բացականչեցի ես, - չեմ հավատում:

- Արդեն պատահել է և այն էլ նրանց եկած օրվանից. իմ բնակարանում ամեն ինչ պարզ լսվում է, որովհետև մեր շենքի առաստաղները վատ են ձայնամեկուսացված:

- Խե՜ղճ կին, - ասացի ես:

- Դեռ հարց է, ով է խեղճը՝ ամուսինը՞, թե՞ կինը, - փիլիսոփայեց հարևանս՝ Աշոտը, ով ընդհանրապես ամուսնացած չէր, չնայած պատկառելի տարիքին: 

Մի օր, կեսօրին, իմ հանգստյան օրը, մեր շքամուտքում ուժեղ գազի հոտ էր տարածվել. ես դա իսկույն նկատեցի, երբ բնակարանից դուրս եկա: Անմիջապես իմաց տվի հարևանիս՝ Աշոտին: Նա էլ հաստատեց իմ կասկածները: Մինչ մենք անհանգստացած քննարկում էինք, թե արդյոք ո՞ր բնակարանից է գազի արտահոսքը, ինչքանո՞վ է այն վտանգավոր, զանգահարե՞նք Գազի վթարային ծառայություն և ահազանգե՞նք այդ մասին, թե՞ ոչ, երբ մեր շքամուտքի դուռը բացվեց և Վահիկը ներս մտավ: Մենք անմիջապես դիմեցինք նրան.

- Վահի՛կ, չե՞ս զգում գազի հոտը, որ տարածվել է ամբողջ շքամուտքով մեկ:  Նա այլայլվեց և անվարան հայտարարեց.

- Վա՜յ, դա կինս է արել՝ Ատիշեն, երևի ուզում է ինքնասպան լինել:

- Ո՞նց թե ինքնասպան, - չափազանց զարմացած ու հուզված միաժամանակ գոչեցինք մենք, սակայն մեր հարցն անպատասխան մնաց, փոխարենը՝ նա հարցրեց.

- Շարժական աստիճանով, բակի կողմից կարո՞ղ եմ ապակեպատ պատշգամբով ներս մտնել և փրկել կնոջս:
           
- Այո՛, կարող ես: Բակում բավականին երկար, փայտյա աստիճան կա, հենի՛ր պատին և պատշգամբով ներս մտի՛ր, - ասաց Աշոտը, իսկ ես այդ միջոցին, առանց հապաղելու, իմ բջջային հեռախոսով զանգեցի 104՝ Գազի վթարային ծառայություն և ահազանգեցի գազի արտահոսքի մասին:
           
Ես և Աշոտը դուրս եկանք փողոց՝ դիմավորելու Գազի վթարային ծառայության ավտոմեքենային և շենքի աջակողմյան մասից տեսանք, թե ինչպես պատշգամբից Վահիկը ներս մտավ բնակարան: Մի քանի րոպե անց ուժգին պայթյուն լսվեց, և պատշգամբի ապակիները, վերածվելով արևածաղկի սերմերի չափ բազմաթիվ մանր բեկորների, մոտ հիսուն մետր շառավիղով, թռան այս ու այն կողմ: Բարեբախտաբար, այդ պահին ես և Աշոտը մեջքով էինք շրջված դեպի պատշգամբը և մոտավորապես երեսուն մետր հեռու էինք գտնվում: Շոգ ամառ էր, և, բնականաբար, մենք կարճաթև վերնաշապիկներով էինք: Մեր թևերի և պարանոցների բաց մասերը մի քանի տեղերից արյունոտվեցին ապակու մանր բեկորներից: Արյունահոսում էր նույնիսկ Աշոտի ձախ ականջը: Մի քանի րոպեից ժամանեցին հրշեջները, ոստիկանները, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, շտապ օգնությունը և, իհարկե՛, գազի վթարային ծառայության  աշխատակիցները՝ իրենց ծառայություններին հատուկ, ուժեղ ձայնային ազդանշաններ արձակելով, ինչպես նաև կարճ ժամանակամիջոցում, մի ստվար հետաքրքասերների բազմություն հավաքվեց դեպքի վայրում:

- Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, - իրար հերթ չտալով, անընդհատ հարցնում էին մեզ հավաքվածները, սակայն մենք՝ ես և Աշոտը շվարած կանգնած էինք և կցկտուր պատասխաններ էինք տալիս նրանց, որովհետև դեռևս շատ բան չգիտեինք, մի քիչ էլ վախեցած էինք…

Հանկարծ ննջասենյակի պատուհանի գոգին երևաց Ատիշեն. նա կքանստած, հուսահատ հեծկլտում էր և ճչալով, ըստ երևույթին, օգնություն էր հայցում...

Նոր ժամանած արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները նրան շենքի՝ դրսի կողմից, անմիջապես, անվնաս իջեցրին պատուհանի վրայից և տեղափոխեցին շտապ օգնության մեքենայի մեջ: Դատելով ամեն ինչից Ատիշեն վնասվածքներ չէր ստացել: Մի քանի վայրկյան անց Վահիկը դուրս ելավ. նա ամբողջովին արյունոտված էր, հատկապես շատ էր տուժել նրա դեմքը: Վահիկն այնպիսի տեսք ուներ, կարծես նոր էր վերադարձել ռազմի դաշտից: Նա մի կերպ, ուժերը հավաքելով, մոտեցել էր բնակարանի մուտքի դռանը և բացել էր այն, որպեսզի օգնության հասած ծառայությունները հեշտությամբ բնակարան մտնեին և կարողանային կատարել իրենց պարտականությունները: Չնայած աղմուկին և ժխորին անընդհատ լսվում էր Ատիշեի սրտաճմլիկ ու միալար հեծկլտոցը: Շտապ օգնության աշխատողները փութաջանորեն մոտեցան Վահիկին և, տեղափոխելով նրան շտապ օգնության մեքենայի մեջ, իսկույն հեռացան:       

Պայթյունի հետևանքով ավերվել էր ապակեպատ պատշգամբը և խոհանոցը: Վահիկը հետագայում տանտիրոջն ամբողջովին հատուցեց պատճառած նյութական վնասը:

Ատիշեն, իրոք, ինքնասպանության փորձ էր արել. նա բացել էր խոհանոցում տեղադրված գազօջախի կոճակները և միացրել էր բաց էլեկտրական սպիրալով աշխատող մազերը չորացնելու դյուրակիր սարքը պատշգամբում, իսկ ինքն առանձնացել էր ննջասենյակում, որը գտնվում էր պատշգամբի ետևում: Գազը կուտակվելուն պես, բնականաբար, պայթյունն անխուսափելի կլիներ: Պայթյունի ժամանակ նա վնասվածքներ չէր ստացել, որովհետև գտնվել էր ննջասենյակում, բայց անչափ վախեցել էր:

Զոհվեց միայն փոքրիկ, սպիտակ, փափկամազիկ շնիկը, որն այդքա՜ն լեցուն էր կյանքով: Հրշեջները նրան գտել էին խոհանոցում, պայթյունից կտոր-կտոր, մասնատված և արնաթաթախ: Խե՜ղճ, փոքրի՜կ, անմե՜ղ շնիկ:

Վահիկն ու Ատիշեն այլևս չվերադարձան այդ բնակարանում ապրելու: Ըստ ինձ հասած տեղեկությունների, Վահիկն ապաքինվել էր, բայց դեմքի վրա մնացել էին բավականին նկատելի և խորը այրվածքի հետքեր: Մենք չգիտենք՝ արդյո՞ք Վահիկը շարունակում է ապրել իր Ատիշեի հետ, թե՞ ոչ, ինչպես նաև՝ ինչու՞ էին նրանք այդքան հաճախ կռվում, և ինչո՞ւ էր Ատիշեն լաց լինում… Չգիտենք նաև՝ արդյո՞ք Ատիշեն գնահատեց իր ամուսնու սխրանքը, թե՞ ոչ: Չէ՞ որ, նա առանց երկմտելու ընդհառաջ գնաց ակնհայտ վտանգին, որպեսզի փրկի իր սիրելիին: Իսկ միգուցե, ինչպես արևելքի հանրահայտ բանաստեղծ ու փիլիսոփա Օմար Խայամն է ասում. «Մեկին մի մանրուք տաս, ամբողջ կյանքում կհիշի, մեկին էլ կյանքդ նվիրես, չի էլ հասկանա»: Մի բան է միայն պարզ, որ Ատիշեն հարազատ մնաց իր անվան նշանակությանը և կրակի մատնեց մեր շենքը՝ պայթեցնելով բնակարանը ու վտանգի ենթարկելով մեզ՝ շենքի բնակիչներիս:    


Կալիֆորնիա, Գլենդեյլ

3 օգոստոսի, 2016թ. 

Friday, August 5, 2016

«Խուլիգանները»

Ի՜նչպիսի մեծ երջանկություն է երեխա ունենալը: Երեխան դա բնության ամենագեղեցիկ հրաշքն է, Աստծու տված լավագույն պարգևը… Ընտանիքն առանց երեխայի չի կարող երջանիկ լինել, եթե նույնիսկ այն ստեղծվել է փոխադարձ շատ մեծ սիրո արդյունքում: Այդ է պատճառը, որ նորաստեղծ ընտանիքները ջանասիրաբար ձգտում են երեխա ունենալ ամուսնության առաջին իսկ օրվանից սկսած, իսկ եթե այս կամ այն պատճառով ուշանում է այդքան շատ սպասվող երեխայի գալուստը, ապա անհանգստանում են ոչ միայն նոր ամուսնացած զույգերը, այլ նաև նրանց մոտիկ հարազատները, սրտակից ընկերներն ու մտերիմները, համենայն դեպս դա այդպես է հայկական ընտանիքներում:

Շատերի կարծիքով զույգերն ամուսնանում են միմիայն սիրո պատճառով, բայց ընդհանրապես մարդկանց մեծ մասի ամուսնանալու գլխավոր պատճառը երևի երեխա ունենալու անհուն ցանկությունն է, հատկապես՝ կանանցը: Միթե՞ քիչ կան ամուսնական զույգեր, որոնք ամուսնացել են փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված և  կարողացել են ստեղծել ամուր ու համերաշխ ընտանիքներ, դրան նպաստել է նոր ծնված մանուկը կամ մանուկները նաև: Իհարկե՛, ամենաիդեալական ընտանիքը դա այն ընտանիքն է, որը ստեղծվել է փոխադարձ սիրո, համակրանքի, հարգանքի և երեխաներ ունենալու անսահման ցանկության վրա: Ոչ ոք չի կարող ժխտել դա:

Ցավալի է, բայց միայն հղիանալը դեռևս կայուն երաշխիք չէ երեխա ունենալու համար, քանի որ բավականին հաճախ առկա է նաև հղիության բնական ընդհատման վտանգը: Դժբախտաբար թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց գերակշիռ մասը չափազանց մակերեսային պատկերացումներ ունի հղիության մասին: Նրանցից շատերն անգամ չգիտեն, որ հղիությունը սկսվում է ոչ թե արգանդում, այլ Ֆալոպյան փողերում կամ ձվափողերում և միայն 3-4 օր հետո սերմնաբջիջով բեղմնավորված ձվաբջիջն իջնում է արգանդ և կպչում արգանդի պատին՝ էնդոմետրիումին. չգիտեն, որ հղիության առաջին երեք ամիսների ընթացքում ձևավորվում է երեխայի սաղմը՝ էմբրիոնը, իսկ այնուհետև պտուղը. չգիտեն, որ երեխայի սեռը կախված է տղամարդկանց x կամ y քրոմոսոմների և կանանց x քրոմոսոմների համապատասխան զուգակցումից, այսինքն՝ (x-x)-ի դեպքում աղջիկ է ծնվում, իսկ (x-y)-ի դեպքում՝ տղա. չգիտեն, որ հղիության սկզբնական շրջանում շատ մեծ է կանանց սեռական հորմոններից մեկի՝ պրոգեստերոնի և տղամարդկանց սեռական հորմոնի՝ տեստոստերոնի դերը և այլն:

Խորհրդային Միության տարիներին, միգուցե և Հայաստանի անկախացումից հետո էլ, բժիշկները, այդքան հաճախ հանդիպող, կանանց հղիության բնական ընդհատումից պաշտպանելու համար առաջարկում էին ստացիոնար կամ հիվանդանոցային պայմաններում բուժում, որն ըստ էության պառավական բուժման մեթոդներից այն կողմ չէր անցնում. նրանք առաջարկում էին տևական անկողնային ռեժիմ, վիտամին E, խուսափել ծանր իրեր բարձրացնելուց, սեռական հարաբերություններից, կռանալուց և, երևի ձևականորեն, կատարում էին արյան ու մեզի ընդհանուր անալիզներ: Բնականաբար այդպիսի բուժումը ոչ ոքի չէր օգնում: Մինչդեռ արևմտյան զարգացած երկրներում առաջարկում էին բավականին ազդեցիկ և փորձված հորմոնային բուժում՝ պրոգեստերոն, որը զգալիորեն բարձրացնում է սաղմի կամ էմբրիոնի կենսունակությունը և տեստաստերոն, որի շնորհիվ բարձրանում է սաղմի կպչողականությունն էնդոմետրիումին: Կինն իրեն անհրաժեշտ տեստաստերոնը, հղիության առաջին ամիսներին, կարող է ստանալ նաև ամուսնուց՝ ինտենսիվ սեռական հարաբերությունների շնորհիվ, քանի որ այդ ժամանակ զգալիորեն բարձրանում է նրա սեռական հակման կամ լիբիդոյի զգացողությունը: Սխալ բուժման պատճառով, ո՞վ գիտե ինչքա՜ն երեխաներ, դեռ սաղմնային վիճակում դատապարտված են եղել ոչնչացման Խորհրդային Միության տարիներին, միգուցե և հետո էլ:    

Լևոնն ու Նարինեն մի քանի տարի պայքարում էին երեխա ունենալու համար, բայց դեռևս ապարդյուն: Նարինեն արդեն մի քանի անգամ հղիացել էր, բայց հղիության առաջին երկու ամիսների ընթացքում հղիությունը բնական ձևով ընդհատվում էր՝ հոգեկան մեծ ցավ պատճառելով երիտասարդ ամուսնական զույգին: Ամեն անգամ Նարինեն ստացիոնար բուժում էր անցնում, բայց միևնույն է վիժում էր: Այս անգամ էլ նա հիվանդանոցում բուժման կուրս էր անցնում. բուժող բժիշկը հուսադրում էր, քանի որ արդեն երկուս ու կես ամիս անցել էր, իսկ բնական վիժման վտանգը գրեթե ամբողջովին կանցներ երեք ամիս հղիությունը պահպանելուց հետո:

Նարինեի մայրը և սկեսուրն այլևս չէին հավատում բժիշկներին և ջերմորեն աղոթում էին նրա համար՝ ապավինելով միայն Աստծուն:

Լևոնն ամեն օր, աշխատանքից հետո այցելում էր կնոջը, միաժամանակ համով ուտելիքներ փոխանցելով նրան, որ փոխնեփոխ պատրաստում էին նրա մայրը և զոքանչը: Ամեն անգամ Նարինեին տեսնելիս, Լևոնը փորձում էր հուսադրել նրան.

- Մի օր էլ անցավ, Նարինե ջան, միգուցե լավ կլինի, հը՞:

- Հա, լավ կլինի Լևոն ջան, - ժպտալով պատասխանում էր կինը:

Մի օր Լևոնը, տուն գնալիս, հիվանդանոցի սպասասրահով անցնելիս լսեց, թե ինչպես է մի երիտասարդ տղա հայհոյում բժշկուհուն.

- Ես քո մե՜րը… Ես քո մե՜րը…

- Երիտասարդ, կարգին պահիր քեզ, այլ ոչ թե խուլիգանի պես, թե չէ՝ հենց հիմա միլիցիա կզանգեմ, - սրտնեղելով սաստում էր նրան բժշկուհին.

- Զանգի՛ր, ես քո մերը… Զանգի՛ր, որ գան քեզ տանեն, պոռնի՜կ…

Լևոնը հիշեց մոր ասածը. «Դժվարին պահին կանայք անիծում են, իսկ տղամարդիկ՝ հայոյում» և, չկարողանալով անտարբեր մնալ, մոտեցավ երիտասարդին: Երբ իմացավ եղելությունը, անկախ իրենից, ինքն էլ հայհոյեց բժշկուհուն.

- Ես քո մե՜րը… Ես քո մե՜րը…

Այդ պահին սպասասրահ մտավ մի միլիցիոներ և պինդ բռնեց Լևոնի թևից: Ըստ երևույթին, հիվանդանոցի մյուս աշխատակիցներն արդեն հասցրել էին զանգել միլիցիա:

- Մյուս խուլիգանին էլ բռնե՛ք, նա էլ էր հայհոյում, - ոգևորված գոռաց բժշկուհին:

Երբ միլիցիերն իմացավ, թե ինչ է պատահել, չկարողացավ իրեն զսպել, և շրջվելով դեպի բժշկուհին, գոռաց.

- Ես քո մե՜րը… Ես քո մե՜րը …

Պարզվեց, որ երիտասարդը մի օր առաջ իր հղի կնոջը բերել էր հիվանդանոց, որպեսզի պաշտպանեին նրան հղիության բնական ընդհատումից, իսկ բժիշկը նրա հղիությունն արհեստականորեն ընդհատել էր:  


Կալիֆորնիա, Գլենդեյլ

30 հուլիսի, 2016թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...