Monday, July 18, 2016

«Այսպես աղքատ դեռ եղած չենք…»*

«Միթե՞ այս վիճակից դուրս գալու ելք չկա»,- մտածում էր Գեղամը, առավոտյան արթնանալով, - «Էս ի՜նչ օրի հասանք, ո՜վ գիտի մեր վիճակում հայտնված ինչքա՜ն մարդիկ կան Հայաստանում, միգուցե և ավելի վատ, իսկ իշխանավորները ցոփության ու շքեղության մեջ վայելում են իրենց կյանքը, առանց ժողովրդի մասին գեթ մի փոքր մտահոգվելու»: Նա ակամա հիշեց աղայանական այս տողերը.

Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։*

Գեղամը կենսթոշակառու էր. նրա կենսաթոշակը չէր հերիքի նույնիսկ իր գոյությունը մի կերպ պաշտպանելու համար, ուր մնաց նյութապես օգնելու ընտանիքի մյուս անդամներին՝ կնոջը, որդուն, հարսին, և երկու փոքրիկ, մանկահասակ թոռնուհիներին՝ ութ ամսական Լուսինեին և չորս տարեկան Գայանեին: Երեկ՝ իր մինուճար որդին կորցրել էր աշխատանքը, և վեց հոգանոց ընտանիքի միակ եկամտի աղբյուրը նրա կենսաթոշակն էր և կնոջ չնչին աշխատավարձը, ով ժամանակավոր աշխատում էր որպես բժիշկ  հանգստյան տանը:

Երկար մտորելուց հետո նա որոշեց հայտարարություն տալ համացանցում՝ դպրոցականների հետ մաթեմատիկա պարապելու առաջարկով: Թեև նա վաթսունյոթ տարկեկան էր, բայց թերևս կարող էր, գոնե ժամանակավոր, մինչև որդու աշխատանքի ընդունվելն աշխատել: Նա ամբողջ կյանքն աշխատել էր դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Գեղամը սիրով էր դասավանդել, և առնվազն աշակերտների մի քանի սերունդ նրանից էր սովորել մաթեմատիկա: Պակաս կարևոր չէր նաև նրա ահռելի փորձառությունը՝ որպես մանկավարժի:

Հաջորդ օրը Գեղամը երկար սպասեց, բայց ոչ ոք չզանգահարեց, ի պատասխան նրա տված հայտարարությանը: Միայն երկու օր անց զանգահարեց մի կին և պայմանավորվեց նրա հետ իր դստեր հետ մաթեմատիկա պարապելու համար: «Երեք օրվա մեջ ընդամեն մեկ զանգ», - մտածեց տարեց ուսուցիչը, - «Այնքան էլ շատ չէ, չնայած դա թեև փոքրիկ, բայց հաջողություն է»:

Հաջորդ օրը երեկոյան ժամը հինգին Գեղամը պետք է գնար իր նոր աշակերտուհու տուն՝ մաթեմատիկա պարապելու: Նա առավոտյան  վարսավիրանոցում ալեխառն մազերը կտրելուց հետո, վերադարձավ տուն, սափրվեց, լողացավ և ամեն կերպ իրեն կարգի բերեց, որպեսզի նոր աշակերտուհուն այցելելիս հաճելի տեսք ունենար: Այնուհետև զգեստապահարանից հանեց իր հին, բայց դեռևս չմաշված կոստյումը և ուշադիր զննելուց հետո մի լավ հարթուկեց: Գեղամի բնակարանը գտնվում էր քաղաքի արվարձաններից մեկում, իսկ աշակերտուհունը՝ քաղաքի կենտրոնում: Նա՝ միայն երկու տարբեր ավտոբուսներ կամ երթուղային տաքսիներ փոխելով կարող էր հասնել այնտեղ՝ ճանապարհի վրա ծախսելով մոտ քառասուն րոպե, իսկ սպասելու վրա՝ մոտ տաս րոպե: Զանգահարող կինը, ով աշակերտուհու մայրն էր, երկար սակարկեց գնի շուրջը և վերջապես համաձայնվեց ժամում 1500 դրամ* վճարելու նրան: Չնայած վարձատրությունը քիչ էր, բայց Գեղամը համաձայնվեց, քանի որ մտածեց, որ միգուցե կինն էլ իր նման, կամ շատ ուրիշների նման դրամական կարիքի մեջ է:  

Գեղամը պայմանավորված ժամից մեկ ժամ առաջ դուրս եկավ տնից և ուղևորվեց ավտոբուսի կանգառը: Մի քանի րոպեից ավտոբուսը եկավ: Ավտոբուսը լեփ-լեցուն էր, սակայն նա ոտքի վրա չմնաց: Մի բարետես, երիտասարդ տղա վեր կացավ նստած տեղից և հարգանքով տեղ տվեց նրան: «Ի՜նչ լավ սերունդ է մեծանում», - մտածեց նա, - «Միգուցե՞ նրանք մի բան անեն և Հայաստանը փրկեն ներկայիս կաշառակեր ու թալանչի պաշտոնավարողներից»: Երբ նա փոխեց ավտոբուսը, այնտեղ էլ մի սիրունատես աղջիկ իր տեղը զիջեց նրան:

Գեղամը, որպես ճշտապահ և քաղաքավարի մարդ, պայմանավորված ժամից մոտ տասը րոպե առաջ արդեն իր ապագա, մաթեմատիկայի աշակերտուհու՝ շենքի առջևում էր: Հակառակի պես նրա բնակարանը գտնվում էր հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում, որտեղ վերելակ չկար: Նա ստիպված, դանդաղ քայլերով, ամեն մի հարկում հանգստանալով, վերջապես հասավ տեղ: 
Բնակարանի շքեղ, երկսթյա, ծանր դուռը բացեց քառասուն անց մի կին: Նա անմիջապես հարցրեց.

- Դուք ո՞վ եք:

- Տիկին, ես Գեղամ Մովսիսյանն եմ, մաթեմատիկայի ուսուցիչը: Երեկ երևի Ձեր հետ պայմանավորվեցինք այսօրվա, ժամը հինգի, համար, - սիրալիր պատասխանեց նրան ուսուցիչը:

- Դուք քանի՞ տարեկան եք, - տարակուսած հարցրեց նրան կինը:

- Վաթսունյոթ:

- Վաթսունյո՞թ: Մենք չէինք պատկերացնում, որ Դուք այդքան մեծ եք, մեզ ավելի երիտասարդ մաթեմատիկայի ուսուցիչ է պետք, - ասաց կինը հիասթափված, - իմ աղջիկն ընդամենը տասնհինգ տարեկան է:

- Բայց տիկին, ի՞նչ կապ ունի իմ, կամ մանավանդ Ձեր աղջկա տարիքը մաթեմատիկա պարապելու հետ: Ես մոտ քառասուն տարի աշխատել եմ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Ինձնից ավելի հարմար ուսուցչի թեկնածու Ձեր աղջկա համար չէիք կարող գտնել: Իմ կարծիքով քառասուն տարվա փորձառությունն այնքան էլ քիչ չէ:

- Մենք ակնկալում էինք տեսնել ավելի երիտասարդ ուսուցչի, - անընդհատ նույնն էր ասում աշակերտուհու մայրը:

Բնակարանը շատ շքեղ կահավորված էր, ամենուրեք թանկարժեք իրեր էին երևում, իսկ հյուրասենյակի մի անկյունում չեխական, Petrof մակնիշի բսրձրարժեք դաշնամուր էր դրված: Գոնե քաղաքավարությունից դրդված, կինը չառաջարկեց տարեց ուսուցչին նստել և մի փոքր հանգստանալ՝ լավ տեղյակ լինելով, որ նա բավական հեռվից է գալիս և, իհարկե, չառաջարկեց թեյ կամ սուրճ, կամ թեկուզ մի բաժակ սառը ջուր:

Տարեց ուսուցիչը, չափազանց հիասթափված նրա վերաբերմունքից, անվստահորեն առաջարկեց.

- Իսկ ինչու Ձեր աղջկա կարծիքը չեք հարցնում, միգուցե նա համաձայն է, որ իր հետ պարապեմ:

- Նրա կարծիքը կարևոր չէ, ես եմ որոշում: 

- Լավ, թող այդպես լինի, բայց Դուք իմ տարիքը չհարցրեցիք, երբ խոսում ու պայմանավորվում էիք ինձ հետ հեռախոսով: Ու, քանի որ այսքան ճանապարհ եմ եկել ու հասել այստեղ, ուրեմն վճարեք ինձ 1500 դրամ՝ որպես հատուցում, այսինքն՝ առաջին դասի՝ մեկ ժամի՝ արժեքի չափով, ինչպես պայմանավորվել էինք: 

- Ի՞նչ: Ինչու՞ պետք է վճարեմ: Ոչ մի բան էլ չեմ վճարի, - ձայնը գլուխը գցելով, ասաց կինը, - ի՞նչ եք արել, որ վճարեմ:
- Բայց Դուք եք ինձ այստեղ հրավիրել, ես իմ կամքով չեմ եկել, իսկ հիմա էլ ինքներդ եք դասը չեղյալ հայտարարում, այդպես չէ՞:

- Այդպես է, որովհետև Դուք տարիքով մեծ եք, իսկ ես ուզում էի, որ իմ աղջկա մաթեմատիկայի ուսուցիչը երիտասարդ լիներ: Միթե՞ պարզ չէ: 

- Լավ, լա՜վ: Այդ դեպքում գոնե ճանապարհածախսս վճարեք՝ 400 դրամ, - հուսահատ բացականչեց ուսուցիչը:

- Կվճարեմ 200 դրամ միայն, որովհետև ես էլ եմ տուժել: Վնասի կեսն էլ թող ձեր հաշվին լինի, - ասաց կինը զայրացած:
Կնոջ վրդովված ու ճղճղան ձայնը լսելով հարկաբաժնի հարևանները, հետաքրքրությունից դրդված բացեցին իրենց բնակարանների մուտքի դռները և սկսեցին ուշադրությամբ հետևել նրանց վեճին: Կինը նյարդային շարժումներով, խիստ զայրացած 200 դրամ բերեց և տալով ուսուցչին, ասաց.

- Վերցրեք այս 200 դրամն ու անմիջապես հեռացեք: Չեք տեսնու՞մ, որ իմ անչափ հետաքրքրասեր հարևաններն ուշադիր մեզ են նայում:

Հարևաններից մեկն էլ, չկարողանալով զսպել իրեն, բացականչեց.

- Չե՜ն էլ ամաչում, այդքա՜ն հարուստ են, բայց խեղճ մարդու, նույնիսկ, ճանապարհածախսը կիսովի են հատուցում, - ու դուռը շրխկացնելով ներս մտավ:

*Ղազարոս Աղայան, մի տող «Ճախարակ» բանաստեղծությունից
*Ղազարոս Աղայան, երկու տող «Ճախարակ» բանաստեղծությունից
*1500 դրամ՝ մոտ 3 դոլար

Կալիֆորնիա, Գլենդեյլ
16 հուլիսի, 2016թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...