Friday, August 21, 2015

«Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ» բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Հեռավոր հուշերի մի քաղաք» նոր պատվածքը

Հայաստանում լույս տեսնող «Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ»  բաժնում (գլխավոր էջի «Այլ» վերնագրի տակ ամենաներքևում)  լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Հեռավոր հուշերի մի քաղաք» նոր պատվածքը՝ http://www.aravot.am/2015/08/17/600379/
Այն հրատարակվել է նաև Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի բլոգում՝
http://imgrakan.blogspot.com/2015/08/1.html

Պատմվածքը կրում է բանաստեղծ Սարո Գյոդակյանի, Սարո Գյումրեցու գրած ինը քառյակներից բաղկացած երգի վերնագիրը և երեք քառյակները: Զարմանալիորեն, 1969 թ. գրված այս երգը, գաղափարով համահունչ է իմ պատմվածքին: Մենք, փաստորեն իրարից անկախ գրեթե նույն մտահղացումով ենք ոգեշնչվել: Կարծում եմ ընթերցողին դուր կգա: Իմիջիայլոց, Սարո Գյումրեցու երգի տողերի հիման վրա 1973թ. կոմպոզիտոր Վալերի Հարությունյանը երաժշտություն է գրել, իսկ թիֆլիսաբնակ հայտնի երգիչ՝ Սուրիկ Պողոսյանը երգում այդ երգը:


Կալիֆորնիա, Գլենդել
21 օգոստոսի, 2015թ.

Thursday, August 13, 2015

Ահել, թե՞ ջահել (Էսքիզ)

Եթե գործատուներին հարցնեք` ահել, թե՞ ջահել գործավոր կվերցնեք աշխատանքի,  ապա նրանց գերակշիռ մասն՝ առանց հապաղելու կպատասկանի.  

- Իհարկե՛, ջահել:

Այդպես կպատասխանեն գործատուները, հատկապես` Հայաստանի անկախությունից հետո: Նրանք նույնիսկ կպատճառաբանեն` ասելով, թե կախված աշխատանքի բնույթից, միա՛յն ջահելները կարող են ծանր ֆիզիկական աշխատանք կատարել, միա՛յն նրանք ունեն լավ հիշողություն, ճիշտ ու արագ որոշումներ կայացնելու ընդունակություն և այլն: Սակայն քչերը, անկասկած, ավելի խելոքները կպատասխանեն.

- Կախված աշխատանքի բնույթից, կվերցնենք նրանց, ովքեր ունեն լավ ֆիզիկական տվյալներ, ուժ և տոկունություն, փորձառություն, գիտելիքներ, լավ հիշողություն, հնարամտություն, կազմակերպչական ու համակարգողական կարողություններ, հայոց և օտար լեզուների իմացություն և այլն:

Տարիքը, հատկապես՝ մինչթոշակային հասակը երբեք չի կարող խոչընդոտ հանդիսանալ աշխատանքի վերցնելիս, որովհետև գործատուն չպետք է տարիքային խտրականություն կիրառի գործավորի նկատմամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա նույնիսկ օրենքով է արգելվում և ոչ միայն տարիքային, այլ նաև սեռական, ռասայական և կրոնական խտրականությունը:

Մի քանի տարի առաջ հարևանս՝ Աշոտն ավտոտնակ էր կառուցում: Նրա առանձնատան ետևում կար տնամեձ հողամաս, որը սահմանակից էր մի նեղլիկ փողոցի, սակայն վերջինս մոտ մեկ մետրով ցածր էր, քան հողամասը: Նա վարձեց երկու ջահել և ուժեղ բանվորների, որոնք պետք է փորեին և հանեին հողը՝ հավասարեցնելով փողոցի մակարդակին: Չնայած, որ բանվորներն արդեն մի քանի օր էր փորում էին, բայց գործն առաջ չէր գնում: Նրանք հինգ-վեց րոպեն մեկ նստում էին հանգստանալու կամ ծխելու համար: Դեռ ավելին,  գանգատվում էին, որ գործը ծանր է, իսկ վարձատրությունը` քիչ և պահանջում էին հավելյալ վարձատրություն:

Աշոտն իր ընկերոջ խորհրդին հետևելով, հրավիրեց աշխատանքի մեկ ուրիշ, վաթսուն անց մարդու` վարպետ Հարութին: Նա խոստացավ երկու-երեք օրում հանել հողը և փորել նաև ավտոտնակի պատերի հիմքերը`մոտ քսան սանտիմետր խորությամբ: Վարպետ Հարութը, միայնակ, փոխարինեց այն երկուսին՝ ջահելներին:

Վարպետ Հարութը բարձրահասակ, նիհար մի մարդ էր, բայց բավականին ուժեղ, տոկուն և հմուտ: Նա շինարար էր և կարողանում էր կատարել բազմաթիվ շինարարական աշխատանքներ: Վարպետն ընդամենը երեք օրում փորեց հանեց հողը և բարձեց բեռնատար ավտոմեքենաների մեջ՝ տեղափոխման համար. չորս ավտոմեքենա հող դուրս եկավ: Նա քարերն առանձնացրեց, որպեսզի հետո լցներ հիմքերի մեջ և օգտագործեր ավտոտնակի պատերը շարելիս: Փորելիս մի քանի հատ շատ խոշոր և ամուր քարեր հայտնաբերվեցին, որոնք վարպետը մեծ հմտությամբ՝ կողքերը փորելով, և օգտագործելով լինգը, հանեց հողի միջից ու ջարդեց՝ վերածելով պատ շարելու համար հարմար կտորների: Նա իր ծանր ու մեծ մուրճով հմտությամբ ջարդելով հսկայական քարերը, ապշեցրեց ու հիացրեց ականատես հարևաններին, քանի որ հարվածի ուժգնության և ճիշտ ընտրված անկյան շնորհիվ կարողանում էր քարերը կոտրել նախանշված ուղղությամբ: Իմիջիայլոց, այդ քարերի բարձումը բեռանատար ավտոմեքենայի մեջ՝ առանց ամբարձիչ տեխնիկայի օգնության անհնար էր: Վարպետ Հարութը, ջարդելով այդ խոշոր ու ծանր քարերը, միաժամանակ ազատեց հարևանիս՝ Աշոտին, վերջիներիս տեղափոխման բավականին լուրջ և ծախսատար աշխատանքից:

Ընդամենը մի քանի օրում, վարպետ Հարութը շատ արագ լցրեց հիմքերը բետոնով, մեծ հմտությամբ շարեց պատերը և փողոցի վրա բացվող մի մեծ երկաթյա դարպաս մոնտաժեց՝ էլեկտրական, եռակցող սարքի օգնությամբ: Առաստաղի փայտյա տախտակամածային կաղապարը և մետաղյա ամրանները նա արագ, վարպետորեն կապեց և նախապատրաստեց բետոնե շաղախի համար:

Աշոտի հարևանները մեծ հետաքրքրությամբ էին հետևում Վարպետ Հարութի կատարած աշխատանքներին: Նրա արհեստավարժ շարժումները, մասնագիտական հմտություններն ու եռանդն ակնհայտորեն հիացնում էին նրանց:  

Ավտոտնակի առաստաղի բետոնը լցնելու համար լրացուցիչ աշխատող էր հարկավոր: Հարևաններից մեկը՝ Գագիկը, ով աշխատանք չուներ և տարիքով բավականին երիտասարդ էր վարպետ Հարութից, ցանկություն հայտնեց կատարելու այդ աշխատանքը՝ համապատասխան վարձատրության դիմաց: Սկզբում նա լավ էր աշխատում, հետո կամաց-կամաց նրա ուժերը հատան և սկսեց ավելի ու ավելի հաճախ նստել՝ հանգստանելու համար, իսկ կեսօրին Գագիկն արդեն ի վիճակի չէր ընդհանրապես աշխատելու՝ լրիվ ուժասպառ էր եղել, մինչդեռ վարպետ Հարութը նույն եռանդով շարունակում էր աշխատել…

Իհարկե, գործը կիսատ չմնաց, քանի որ հարևանս՝ Աշոտը, կեսօրից հետո, ստիպված ինքը փոխարինեց ջահել բանվորին, և օրվա վերջում ավտոտնակի առաստաղի բետոնալցումն ավարտվեց:

Վարպետ Հարութի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ ծանր ֆիզիկական աշխատանքի համար գործավոր վարձելիս՝ տարիքն այնքան էլ էական դեր չի խաղում, իսկ ինչքան կան ահել մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով, եռանդով, ստեղծարարությամբ և նույնիսկ հիշողությամբ գերազանցում են ոչ միայն իրենց տարեկիցներին, այլ նաև իրենցից բավականին ջահել ու կրթություն ստացած շատ մարդկանց…

Կալիֆորնիա, Գլենդեյլ
13 օգոստոսի, 2015թ.

Saturday, August 8, 2015

Հեռավոր հուշերի մի քաղաք*

Երբ ես դեռ մանուկ էի՝ տասնմեկ տարեկան, մի ողբերգական ու զարմանալիորեն հուզիչ իրադարձության ականատեսը եղա և մինչև հիմա չեմ կարողանում, առանց ցավի ու ափսոսանքի, վերհիշել այն, և ոչ միայն ես, քանզի համոզված եմ, որ իմ համադասարանցիներից շատերը, որոնք քանի դեռ ապրում են, այդ զգացումը կունենան…

Դա պատահել է շատ տարիներ առաջ, դեռևս խորհրդային իշխանության օրոք: Մենք սովորում էին միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում: Մեր դասարանում կար ավելի քան երեսուն աշակերտ: Ինչպես բոլոր դեռահասները, մենք էլ անհոգ և ուրախ էինք՝ դպրոց հաճախելու, միմյանց հետ խաղալու, ցատկոտելու, հրմշտելու, կռվելու, վազվզելու և այլ չարաճիճություններ անելու համար: Նույնիսկ դասարանում, դասերի ժամանակ քչերն էին հանգիստ նստում ու հետևում դասերի ընթացքին, ընդհակառակը` անընդահատ անհանգիստ շարժվում էին նստարանների վրա, միմյանց հետ խոսում, աղմկում՝ ուսուցիչների դժգոհությունը, իսկ երբեմն էլ զայրութը հրավիրելով իրենց վրա: Ուսուցիչները ստիպված էին դասաժամի մի որոշ մասը վատնել՝ մեզ կարգի հրավիրելու վրա: 

Սակայն, մեր մեջ կար մեկը, որ երբեք չէր աղմկում և չէր խանգարում դասերի ժամանակ: Դա Գագիկն էր: Նրան բոլորը Կիտայ էին ասում՝ մանր աչքերի պատճառով՝ նկատի ունենալով Չինաստանը (Китай-ը) և չինացիներին: Կիտայը երկտարեցի էր: Նա ընդամենը մեզնից մեկ տարի էր մեծ՝ տասներկու տարեկան: Չնայած Կիտայն ընդունակ էր և ո՛չ էլ չարաճիճի, բայց վատ էր սովորում: Նա դասերի ընթացքում, գրեթե ամբողջ ժամանակ պատուհանից դուրս էր նայում՝ դեմքին բարի ու երանելի արտահայտությամբ, ինչ-որ բանի մասին կենտրոնացած երազելով: Մենք դեռ չգիտեինք, թե ինչի՞ մասին է նա այդքան երկար մտածում ու երազում: Գիտեինք միայն, որ Կիտայն անապահով ընտանիքից էր և հայր չուներ, իսկ մայրը հավաքարարուհի էր, այսինքն՝ ցածր վարձատրվող:

Մենք, բացի Կիտայից, դասամիջոցներին աղմկում էինք, վազում հարկից հարկ, բռնոցի խաղում, գզվռտվում կամ էլ գնում էինք բուֆետ՝ «նրբերշիկով բուլկի» գնելու: Ճիշտ է, բուֆետապանուհին մեզ անխղճորեն թալանում էր, քանի որ մեկ նրբերշիկից նա առնվազն հինգ «նրբերշիկով բուլկի» էր պատրաստում ու վաճառում մեզ՝ փոքրիկներիս, բայց մենք դա չէինք նկատում: Իմիջիայլոց, մի անգամ մայրս տանը՝ նախաճաշին «նրբերշիկով բուլկի» պատրաստեց ինձ համար, բայց ես հրաժարվեցի ուտել՝ ասելով, որ նբերշիկը պետք է փոքրացվի: Երբ ես ցույց տվեցի, թե ինչքան՝ նա շատ զարմացավ, վրդովվեց և գնաց դպրոց բողոքելու: Պարզվեց, որ դպրոցի տնօրենն անզոր էր նրան օգնելու այդ հարցում, քանի որ բուֆետապանուհին հովանավորվում էր ավելի բարձր ատյաններում:

Կիտայը, որպես անապահով ընտանիքի երեխա, կարող էր անվճար սնունդ ստանալ, բայց նա հրաժարվում է, որովհետև ախորժակ չուներ: Թե ինչու՞, մենք դա չէինք հասկանում, որովհետև, ի տարբերություն նրա, մենք՝ մյուս երեխաներս՝ հաճախակի էին ուտելու կարիք զգում: Նա նաև հիվանդոտ երեխա էր և հաճախ էր բացակայում դասերից:

Կիտայը հետզհետե սկսեց ավելի հաճախ բացակայել դասերից: Մենք արդեն, գրեթե ուշադրություն չէինք դարձնում նրա բացակայությունների վրա, իսկ գարնան սկզբին նա ընդհանրապես դադարեց դպրոց հաճախելուց: Ցավալի էր, որ մենք նույնիսկ չէինք նկատել նրա երկարատև բացակայությունը, իսկ երբ պատահմամբ հիշում էինք նրան, և մեր համադասարանցի Վահանին հարցնում էինք նրա մասին, որը հենց Կիտայենց տան մոտ էր ապրում, նա լրջանում էր և կարճ պատասխանում.

- Կիտայը հիվանդ ա:

Վահանը շատ կատակասեր տղա էր, նրան բոլոր աշակերտները սիրում էին՝ հատկապես հենց այդ հատկության համար: Նա միշտ էր կատակում՝ լիներ դասերի ժամանակ, թե դասերից դուրս: Շնորհիվ Վահանի՝ մեր կյանքը շատ ուրախ էր անցնում:

Մի օր Վահանը դասարանում հայտարարեց.

- Էրեխե՛ք, Կիտայը մեռնում ա:

Բոլորը կարծեցին, թե Վահանը կատակում է՝ սկսեցին ուժգին հռհռալ:

- Մեռնու՞մ ա, - ասում էին նրանք, - ուրիշ բան չէի՞ր կարող հորինել: 

Վահանը ոչինչ չասաց ու գլխիկոր հեռացավ…

Անցավ երկու շաբաթ: Վահանը, մտնելով դասարան, իր ետևից զգուշությամբ փակեց դուռը, որպեսզի ոչ ոք չխանգարեր՝ ներս ու դուրս անելով, ասաց.

- Էրեխե՛ք, Կիտայը մեռնում ա, իսկապես մեռնում ա, հավատացե՛ք ինձ: Նրա մայրը խնդրեց հաղորդեմ ձեզ, որ հնարավորինս շուտ գնանք նրան հրաժեշտ տալու, - մի փոքր դադար տալուց հետո նա տխուր, ձայնը ցածրացնելով ավելացրեց, - մահվանից առաջ: Արփենի՛կ, խնդրեց, որ դու էլ գաս, - շուտասելուկի պես ավարտեց իր խոսքը Վահանը՝ շրջվելով դեպի Արփենիկը:

Արփենիկը շիկնեց, բայց նրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Բոլորը լուռ էին: Կիտայի մոտալուտ մահվան գույժը ցնցել էր բոլորին: Ոչ ոք տեղից չէր շարժվում, ոչ ոք ոչինչ չէր ասում…

Հանկարծ, կարծես՝ ուշքի գալով, բոլորը սկսեցին խոսել, գոռգոռալ, վիճել, միմյանց մեղադրել՝ իրար հերթ չտալով: Առաջարկ եղավ՝ անմիջապես դասերից փախչելով՝ գնալ, տեսնել Կիտային, բայց Վահանը առարկեց.

- Դեռ ժամանակ ունենք, կհասցնենք: Եկե՛ք, դասերից հետո գնանք:

Այդպես էլ որոշվեց: Դասերից հետո ամբողջ դասարանը, մեկ մարդու պես, Վահանի առաջնորդությամբ ուղևորվեց դեպի Կիտայենց տուն: Ճանապարհը երկար էր. սկզբում անցանք հարթ, ապա զառիվեր ու դժվարին տեղանքով, մինչև, վերջապես հասանք Կիտայենց տուն, որը գտնվում էր Երևանը բոլորող գողտրիկ անտառի պռնկին: Կիտայենց տունը մի փոքրիկ, կիսախարխուլ խրճիթ էր: Այն արտաքինից գրեթե նույնքան անհույս ու անմխիթար վիճակում էր, ինչքան խեղճ Կիտայն ու իր կիսամաշ և անշուք շորերը: Ամբողջ ճանապարհին ոչ ոք չխոսեց: Բոլորը քայլում էին լուռ ու մտազբաղ: Կիտայենց տուն մտնելու համար հարկավոր էր մի քանի փայտա կիսաքանդ աստիճաններով բարձրանալ: Կանգնած էինք այդ խարծուլ աստիճանների առջև ու չէինք համարձակվում ներս մտնել: Վերջապես, Արփենիկը և էլի երկու-երեք աղջիկ ներս մտան: Մի քանի րոպե անց, ներսից լսվեց լացի ու հեկեկոցների սրտաճմլիկ ձայներ: Մենք՝ բոլորս միասին միանգամից ներս խուժեցինք…

Կիտայը պառկած էր անկողնում: Նրա ձախ ձեռքին Արփենիկի սև-սպիտակ լուսանկարն էր, իսկ սառած ու սպասողական հայացքը գամված էր նրա մահճակալի աջ կողմում պահարանիկի վրա դրված զարթուցիչ ժամացույցի սև սլաքներին…

Հեռավոր հուշերի մի քաղաք,
Բազմություն՝ անհանգիստ, անհամար,
Առաջին իսկ սիրուց դեռ անհագ՝
Ապրում էր մի տղա խելագար:*

Նա չհասցրեց տեսնել Արփենիկին: Ընդամենը մի քանի րոպե առաջ նրա փոքրիկ, բայց սիրող սիրտը կանգ էր առել: Կիտայի մայրն անընդհատ լացակումած հառաչում էր.

- Բալա ջա՜ն, տղա ջա՜ն, Գագիկ ջա՜ն…

Կիտայը սիրահարվել էր դասարանի ամենագեղեցիկ, ամենաչքնաղ աղջկան, ում ուրիշ տղաներ էլ էին սիրահարված, բայց նրանք սիրուց չէին կուրացել, ո՛չ էլ իրենց քունն ու դադարը կորցրել, կամ ախորժակն ու հետաքրքրությունը դասերի նկատմամբ:

Կիտայը խնամքով թաքցրել էր Արփենիկից, որ սիրում է իրեն…

Բայց աղջիկն այդ չէր էլ իմանում,
Որ փոքրիկ քաղաքում սիրահար
Ինչ-որ մեկն է իրեն երազում,
Եվ այն էլ՝ խենթուկ-խելագար:*

Նա քաջ գիտակցում էր, որ Արփենիկը երբեք իրեն չէր ընտրի և մանավանդ չէր սիրի: Աղջիկները, հատկապես՝ փոքր տարիքում, անշուշտ, չեն ընտրում անշուք, ոչնչով աչքի չընկնող տղաների, ընդհակառակը՝ նրանց իդեալը նույնիսկ ավելին է, քան իրական կյանքում կարող է հանդիպել: Կիտայը սիրում էր նրան ամբողջ հոգով ու իր նրբազգաց էությամբ, բայց պատասխան սեր չէր էլ ակնկալում: Նա երջանիկ էր իր երազների, ապրումների մեջ: Կիտայն այդպես էլ մեռավ Արփենիկի «թանկագին» լուսանկարը ձեռքին, հույսով ու սպասումով լեցուն, հավատալով, որ միգուցե, վերջին անգամ հասցնի տեսնել նրան, լուռ ցուցադրի իր անսահման սերը, ու այնուհետև ընդմիշտ հեռանա այս աշխարհից, բայց ավա՜ղ, նրա ուժերը դավաճանեցին…

Հեռավոր հուշերի մի քաղաք,
Բազմություն՝ անհանգիստ, անհամար,
Առաջին իսկ սիրուց դեռ անհագ՝
Մահացավ մի փոքրիկ սիրահար:*

Հուզիչ էր նաև Արփենիկի պահվածքը: Նա բացարձակապես անտեղյակ էր, որ Կիտայը սիրում էր իրեն: Նա հուզվեց, լաց եղավ և բոլորովին չվիրավորվեց, իմանալով, որ դասարանի ամենաանշուք, ամենաինքնամփոփ տղան իրեն խենթի պես սիրահարված է: Կիտայը ոչ իր կարդացած հեքիաթների արքայազն էր, ոչ էլ գեթ ինչ-որ բանով աչքի ընկնող տղա. նա երբեք չէր սիրի Կիտային, բայց կարողացավ գնահատել և հիանալ նրա աննկուն ու անձնուրաց սիրով, իսկ ամենակարևորը՝ ամենաշատն ինքը ցավեց և ողբաց մեր դժբախտ դասընկերոջ անժամանակ վախճանի համար:

*Սարո Գյումրեցի, Հեռավոր հուշերի մի քաղաք (երգ), վերնագիր
*Սարո Գյումրեցի, Հեռավոր հուշերի մի քաղաք (երգ), առաջին քառյակ
*Սարո Գյումրեցի, Հեռավոր հուշերի մի քաղաք (երգ), չորրորդ քառյակ
*Սարո Գյումրեցի, Հեռավոր հուշերի մի քաղաք (երգ), իններորդ քառյակ


Կալիֆորնիա, Գլենդեյլ

7 օգոստոսի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...