Thursday, March 12, 2015

Վարպետ Սուրենը

Այս դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ հագուստների, կոշիկների մասսայական արտադրություն չկար, կամ էլ դեռ նոր էր ձևավորվում, մոտավորապես քսաներորդ դարի քառասունական-հիսունական թվականներին: Մարդիկ` իրենց անհրաժեշտ կոշիկը պատվիրում էին կոշկակարի մոտ, իսկ հագուստը՝ դերձակի:
            
Հունաստանում, հունական Մակեդոնիա երկրամասի Ալեքսանդրիա կոչվող փոքրիկ, բայց գեղատեսիլ մի քաղաքում ապրում էր դերձակ Սուրենն իր ընտանիքի հետ: Ալեքսանդրիա քաղաքը սփռված է Էգեյան Ծովի ափին, Բալկանյան թերակղզու հարավային մասում:
            
Հարուստ, հնադարյան մշակույթով և մեղմ կլիմայով այս հյուրընկալ երկիրն ապաստան էր տվել վարպետ Սուրենի ընտանիքին, որը եղեռնից հետո ստիպված էր թողնել իր հայրենիքը՝ փախչելով թուրքական յաթաղանից, բնաջնջման վտանգի առաջ կանգնած շատ իր հայրենակիցների նման:
            
Այստեղ, շփվելով հույների մշակույթին, հայերը սիրեցին ու հարգեցին այն՝ նույնիսկ հաճախ մասնակցում էին նրանց բազմատեսակ ու հետաքրքիր տոնակատարություններին: Սիրեցին նրանց պարեղանակները՝ լեվենտիկոսը, զեյբեկիկոն, մփուգատսասը, կալամատիանոսը, սիրտակին, ցակոնիկոսը, ինչպես նաև շատ հանրահայտ հունական երգեր՝ սագապոն, թզիվաերին, սալա-սալան և այլն: Սիրեցին նաև նրանց խոհանոցը՝ գառան մսով, բանջարեղենով ու մրգերով խաշլաման, ձիթապտղի ձեթով տապակած այծի միսը, միդիայով յախնին,* նեխուրով պատրաստված խոզի միսը, միջերկրական համեմունքներով պատրաստաված պանիրը՝ տիրոկաֆտերին, ծովային բազմատեսակ, համեղ ձկնատեսակներից, կակղամորթերից և ծովախեցգետիններից պատրաստված ճաշատեսակներն  ու աղցանները, ավանդական փիթա հացը և իհարկե, հոտավետ անանուխով համեմված ախորժաբեր օղին՝ մասթիկան, որը թեթևակի ջրով բացելիս դառնում է կաթնագույն: 
            
Վարպետ Սուրենը սովորություն ուներ կրկնելու ժողովրդական այն ասացվածքը, որ «արհեստավորը մինչև կեսօր է անոթի…» Նա ուներ մի փոքրիկ դերձակի խանութ, որտեղ ցուցադրում էր իր ձեռքով կարած տաբատները, վերնաշապիկները, բաճկոնները, վերարկուները և այլն, ինչպես նաև կարում էր պատվերով: Վարպետ Սուրենը հարուստ չէր, բայց աղքատ էլ չէր. վարպետն ապրում էր իր քրտնաջան աշխատանքի և պատվարժան արհեստի շնորհիվ: Քաղաքում՝ նա հարգված ու խելամիտ մարդու համբավ ուներ: Ալեքսանդրիան փոքր քաղաք էր և գրեթե բոլորը միմյանց ճանաչում էին, հատկապես՝ հայերը: Քաղաքում ապրող մարդկանց մեծ մասն աղքատ էր, բացի դրանից այն ժամանակ կտորեղենն էլ էր բավականին թանկ, հետևաբար վարպետ Սուրենի հաճախորդները նույն հագուստը երկու անգամ էին կարել տալիս: Երբ հագուստը տարիներ շարունակ հագնելուց հետո գունաթափվում կամ տեսքից ընկնում էր, դերձակներին պատվիրում էին նորից կարել այն՝ կտորի հակառակ կողմից: Այդ գործողությունը, թե՛ հաճախորդները, և թե՛ դերձակները «հագուստը շուռ տալ» էին անվանում:  
            
Մի աշնանային, պայծառ առավոտ, վարպետ Սուրենը նոր էր ավլել, մաքրել խանութը, ջրել բազմաթիվ ծաղկամաններից բաղկացած ծաղիկների իր հավաքածուն, երբ խանութ մտավ մի պարթևահասակ, կապույտաչյա հովիվ, ով Ալեքսանդրիային մերձակա, լեռնային մի գյուղից էր: Նա բերելով էր իր հին  ու կիսամաշ վերարկուն, խնդրեց վարպետին այն շուռ տալ, քանի որ կտորը գունաթափվել և արմոււնկների մասում էլ մաշվել էր: Յորգոսը՝ այդպես էր հովիվի անունը, գինը սակարկելիս՝ խոստացավ նաև գործն ավարտելուց հետո բերել մի գլուխ տիրոկաֆտերի պանիր՝ պատրաստված իր կնոջ՝ Նիկաիայի ձեռքով:
            
Վարպետ Սուրենն անմիջապես անցավ գործի: Նա զգուշությամբ քանդեց վերարկուն և մաս առ մաս խնամքով շարեց իր ընդարձակ աշխատասեղանի վրա: Վարպետը սովորություն ուներ աշխատելիս կամացուկ երգելու իր սիրած պանդխտական երգը՝ «Կռունկը»՝

Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։*
             
Նրան թվաց, որ ուսային բարձիկները ծանր են: Քանդեց բարձիկները և միջից գտավ մեկական քսակ ոսկի: Ամեն մի քսակի մեջ կար քսան թուրքական ոսկեդրամ…
            
Մի ամբողջ կարողություն, քառասուն ոսկեդրամների տեսքով դրված էր վարպետի սեղանին: Նա, առանց վարանելու, որոշեց քսակները վերադարձնել տիրոջը: Վարպետը երկու քսակները խնամքով փաթաթեց մի կտոր լաթի մեջ և թաքցրեց պահարանում: Երբ տերը պայմանավորված օրը վերադառնար վերարկուի հետևից, վարպետը պետք է նրան հանձներ այդ քսակները: 
            
Անցավ մեկ շաբաթ, բայց պայմանավորված օրը Յորգեսը չեկավ: Նա միայն եկավ երկրորդ շաբաթվա վերջին: Յորգեսը թափթփված, անխնամ տեսք ուներ: Նա անտրամադիր մոտեցավ վարպետի սեղանին և խոստացված փողերն ու տիրոկաֆտերին դրեց սեղանին:
            
Վարպետը հանդերձապահարանից հանդիսավոր հանեց նորոգված ու խնամքով հարթուկված վերարկուն և տվեց հովվին: Հովիվն անտարբեր ծալեց այն, դրեց թևին և պատրաստվում էր հեռանալ, երբ վարպետ Սուրենը նրան հանձնեց նաև երկու քսակ ոսկին, որ գտել էր հին վերարկուի միջից:
            
Հովիվը զարմացած, շփոթված նայեց քսակներին և սրտաճմլիկ ձայնով բաձականչեց.
            
- O̱, Theé mou,* իսկ ես՝ մեղավորս մեկ շաբաթ է ծեծում եմ իմ անմեղ և ազնիվ կնոջն այդ անիծյալ ոսկիների համար…
            
Հաջորդ օրը հովիվը նորից եկավ վարպետի մոտ. նա մի փոքրիկ գառ և մի պուլիկ մեղր էր բերել իր պաշտելի վարպետին:
            
- Այս մեղրն էլ իմ Նիկաիան է ուղարկել, - հուզվաց բացատրեց Յորգեսը:
            
Վարպետ Սուրենի ազնիվ արարքն աննկատ չմնաց համաքաղաքացիների և շրջակա գյուղերի բնակիչների աչքից: Ամենուրեք գովաբանում և փառաբանում էին նրան: Հատկապես՝ նրանով հիանում էր հայկական համայնքը: Լուրն այս դեպքի մասին հասավ նույնիսկ երկրամասի մայրաքաղաք՝ Թեսալոնիկի: Սակայն, եղան նաև անազնիվ ու չար մարդիկ, որոնք անխելք համարեցին վարպետին: Նրանք ասում էին.
            
- Ի՞նչ կիմանար հովիվը, եթե դերձակը յուրացներ նրա ոսկիները: Չէ՞որ, եթե նա իմանար կամ հիշեր, որտեղ են ոսկիները, ապա անմիջապես կգար դրանց հետևից…
            
Ի՜նչ արած, այդպիսի մարդիկ էլ կան…
            
Այս դեպքից հետո վարպետի հաճախորդների թիվը կտրուկ ավելացավ: Բոլորն ուզում էին օգտվել ազնիվ ու վստահելի դերձակի ծառայություններից, ինչպես նաև ծանոթանալ նրա հետ…

*Միդիայով յախնի - կակղամորթերով շոգեխաշած ճաշատեսակ
*«Կռունկ» երգի առաջին երկու քառյակները
*O̱, Theé mou - «Օ՜հ, աստված իմ» արտահայտությունը հունարեն

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ

12 մարտի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...