Saturday, April 18, 2015

Դու մաճառ սիրու՞մ ես…

Մի անգամ իմ ուսանողական ընկերը ժպտալով հարցրեց.

- Դու մաճառ սիրու՞մ ես:

Ես անակնկալի եկա. որովհետև չգիտեի, թե ինչ է մաճառը:

Ընկերս շատ զարմացավ, որ չգիտեմ, թե ինչ է մաճառը և խոստացավ անպայման ինձ աշնանը հրավիրել իրենց գյուղը մաճառ խմելու: Ես հետո իմացա, որ մաճառը կիսաքաղցր, թթվաշ համով խաղողի հյութից պատրաստված խմիչք է, որը դեռևս գինի չի դարձել, այլ գտնվում է խմորման ընթացքի մեջ:

Չնայած Մասիսի շրջանի Հրազդան և Արաքս գետերի միջագետքում գտնվող Շոռլու բարեբեր գյուղը շատ մոտ էր Երևանին, ընկերս ուսանողական տարիներին ապրում էր քրոջ տանը, որը գտնվում էր մեր տան հարևանությամբ: Դեռ խորհրդային տարիներից գյուղը վերանվանվել է և ունի ավելի հնչեղ ու գեղեցիկ անուն՝ Հովտաշատ:

Մենք հաճախ միասին գնում էինք դասի և միասին էլ վերադառնում: Երբեմն էլ գնում էինք զբոսանքների: Ընկերս ցածրահասակ, ժպտերես ու ընկերասեր մի տղա էր: Նա հաճախ էր ժպտում, հատկապես դատողություններ անելիս: Ժպիտը նրա դատողություններին կարևորություն ու առանձնակի արժեք էր հաղորդում: Նրա ժպիտը մի տեսակ ներողություն հայցող էր. կարծես ուզում էր ասել. «Չեք նեղանում, չէ՞»: Ինձ թվում է՝ քաղաքում ապրած մարդիկ այդպես մեղմիկ, ներողամտորեն չեն ժպտում: Նա լավ էր սովորում և ֆիզիկայի ու մաթեմատիկայի թեքումով հատուկ դպրոց էր ավարտել Երևանում: Ընկերս առանձնակի հմայում էր զրուցակիցներին՝ միշտ իր տարիքին ոչ բնորոշ «մեծավարի» խոսելով… Ընկերս սիրում էր հաճախ կիսակատակ կրկնել, որ նա լավ է սովորում, որ հետագայում իր ապագա երեխաները հանկարծ չամաչեն իրենից, բայց ավա՜ղ, չհասցրեց երեխաներ ունենալ, քանի որ երկար չապրեց, չնայած հասցրեց ամուսնանալ… Նա հանկարծամահ եղավ քառասուներկու տարեկան հասակում, իրենց տանը, բազմոցին նստած, խորհրդավոր ժպիտը երեսին:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնից* և Խաղողօրհնեքի արարողությունից հետո, մոտավորապես երկու ամիս անց, հոկտեմբեր ամսվա կեսերին, ընկերս՝ Հրաչը, հրավիրեց ինձ իրենց տուն մաճառ խմելու: Գյուղերում խաղողի բերքը հիմնականում հավաքում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և հենց այդ ժամանակ էլ սկսում են խաղողից գինի քաշել:

Ես և ընկերս սկզբում գնացինք ավտոկայան, իսկ այնտեղից էլ նստեցինք Հովտաշատ մեկնող ավտոբուսը: Հրաչն ամբողջ ճանապարհին ինձ պատմում էր, թե ինչպես են գինի քաշում, երբ է այն դեռևս մաճառի վիճակում, և երբ գինու: Ըստ նրա պատմածի, նրանք խաղողը հավաքելուց հետո ջրով լավ լվանում են, ապա փռում են, որպեսզի մի լավ չորանա, քանի որ ջրի առկայությունը պատրաստվող գինու մեջ ցանկալի չէ և կարող է թթվեցնել այն: Այնուհետև խաղողի ուղկույզները ճզմում են, իսկ հյութը լցնում քսան լիտրանոց ապակյա թափանցիկ տարաների մեջ, որպեսզի գինու խմորման ամբողջ ընթացքը տեսանելի լինի: Մի քանի օր հետո տարաների հատակին մի լայն շերտով նստվացք է առաջանում, որին նրանք անվանում են փլուշ, իսկ ավելի վերև երևում է պարզ և հստակ մի հեղուկ:  Երրորդ կամ չորրորդ օրը, կախված օդի ջերմաստիճանից, սկսվում է խմորումը և տևում է մոտավորապես մեկ շաբաթ: Բնականաբար, ջերմաստիճանն ինչքան բարձր է, այնքան արագ է տեղի ունենում խմորումը: Խմորումը սկսվելուց հետո խաղողի հյութը սկսում է պղտորվել և աչքով տեսանելի է, թե ինչպես են բազմաթիվ օդով լցված պղպջակներ արագ-արագ վեր բարձրանում հատակից: Ահա այդ ժամանակ է, որ խաղողի հյութը դառնում մաճառ:  Այն շատ համեղ, քաղցր և մի քիչ էլ թթվաշ խմիչք է: Ընկերս ասաց նաև, որ փլուշն էլ օգտագործում են տնական օղի պատրաստելու համար: Պետք է ասեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր էր մաճառի և գինու պատրաստման այս պարզ եղանակի մասին լսելը: Փաստորեն կարելի է նույնիսկ խոհանոցային պայմաններում խաղողից մաճառ և գինի պատրաստել: Հետագայում ես բազմաթիվ անգամներ այդպես էլ վարվել եմ և ստացել եմ շատ համեղ մաճառ և գինի:

Մոտ քառասուն րոպե հետո մեր ավտոբուսը հասավ Հովտաշատ: Հովտաշատը սովորական մի գյուղ է իր միջնակարգ դպրոցով, ակումբով և գրադարանով, միայն մի տարբերությամբ, որ բավականին բերքառատ է, քանի որ գտնվում է Արարատյան դաշտավայում, Հրազդան գետի աջ և Արաքս գետի ձախ հատվածների միջև: Այստեղ հիմնականում աճեցնում են հացահատիկ, խաղող, մրգեր և բանջարեղեն: 

Ընկերոջս տանը մեզ դիմավորեց նրա մայրը՝ քչախոս և բարի մի կին: Նա սեղան էր պատրաստել մեր երկուսի համար: Սեղանին կային տապակած կոտլետներ, կարտոֆիլ, սալաթներ և իհարկե, մի մեծ կուժ լիքը մաճառ: Նախքան մաճառ ճաշակելը Հրաչը չմոռացավ ինձ զգուշացնել, որ մաճառից երբեմն ավելի շուտ են հարբում, քան գինուց և պետք է չափազանց զգույշ լինել, քանի որ դժվար է հավատալ, որ այդքան հաճելի և թեթև խմիչքից կարել է գինովնալ: Նա ինձ պատմեց նաև, որ շատ գյուղերում մաճառի տոներ են կազմակերպում, սեղաններ գցելով հենց գյուղի կենտրոնում՝ զարդարված հայկական ավանդական ճաշատեսակներով, բանջարեղենով, մրգերով, հայկական գաթայով և իհարկե, մաճառով: 

Ես մաճառը շատ հավանեցի. կյանքումս այդքան համեղ բան դեռ չէի խմել: Մենք ջրի խոշոր բաժակներով էինք խմում, այնպես, որ կուժը շատ շուտով դատարկվեց: Ընկերոջս մայրը նորից մի կուժ լիքը մաճառ բերեց: Մի քանի բաժակ էլ խմելուց հետո ընկերս ասաց.

- Կարո՞ղ է վատ ես զգում, գնա՞նք մաքուր օդ շնչելու:

Ես ինձ լավ էի զգում, բոլորովին գինովցած չէի, այդ պատճառով զարմացած հարցրեցի.

- Ինչի՞ց ես ենթադրում, որ ես վատ եմ զգում:

- Գույնդ գցել ես, - ասաց նա:

Մենք տնից դուրս եկանք ու սկսեցինք քայլել գյուղի անբարեկարգ ու անշուք փողոցներով: Հրաչը չէր խոսում: Քիչ անց հասանք դպրոց և նա անմիջապես գրկեց դպրոցի առջևի փայտյա սյուներից մեկը և սկսեց հուզված, լեզուն փաթ ընկնելով պատմել, թե ինչքան է սիրում իրենց դպրոցը: Ակնհայտորեն ընկերս հարբած էր: Ինձ այդքան զգուշացնելուց հետո ինքը հարբեց: Ես նրան մի կերպ տարա տուն: Նա պառկեց բազմոցին ու խորը քուն մտավ:

Ես ստիպված միայնակ վերադարձա քաղաք: Հրաչի շնորհիվ ես մաճառ ու գինի պատրաստել սովորեցի: Տարիներ են անցել, բայց ես ամեն անգամ մաճառ խմելիս հիշում եմ իմ սիրելի, վաղամեռիկ ընկերոջը…


*Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման (հարություն առնելը և երկրային կյանքից վերափոխվելը երկնայինի) տոնը հայ եկեղեցական տաղավար տոներից մեկն է և տոնվում է օգոստոսի կեսերին մոտիկ առաջիկա կիրակի օրը: Այդ օրը պատարագից հետո կատարվում է նաև խաղողօրհնեքը, որի ընթացում կարդացվում է Ներսես Շնորհալու աղոթքը:


Կալիֆորնիա, Գլենդել
11 ապրիլի, 2015թ.

No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...