Sunday, April 19, 2015

«Սրտացավ» հայրը

Տարիներ առաջ ես աշխատում էի մի մեծ հիմնարկության գրասենյակներից մեկում: Շատ ծանրաբեռնված էի աշխատանքով: Ամբողջ օրը` կամ ոտքի վրա էի` կամ գրասեղանի առջև. ընդունում էի այցելուներին՝ անհատական մոտեցում ցույց տալով, փորձում էի լուծումներ տալ նրանցից յուրաքանչյուրի խնդիրներին: Օրվա ընթացքում այնքան էի զբաղված ու ծանրաբեռնված, որ երբեմն ընդմիջմանն անգամ նախաճաշելու համար ժամանակ չէր մնում: Աշխատանքից հետո գալով տուն, ես ցնցուղ էի ընդունում, զգեստափոխվում, հագնում իմ հարմարավետ հողաթափերը՝ հանգստացնելով հոգնած ոտքերս: Այնուհետև, ճաշում էի, մի  քիչ պառկում բազմոցին ու հեռուստացույց դիտում, իսկ կինս սուրճ էր մատուցում, որպեսզի միասին ճաշակեինք և քննարկեինք անցնող օրվա իրադարձությունները: Մենք միասին սուրճ էինք խմում նաև առավոտյան՝ մինչև նախաճաշելը, պլաններ կազմելով նոր բացված օրվա համար:  

Այդ օրը, սովորականից ավելի շատ ծանրաբեռնված լինելով, ժամանակ չէի ունեցել ընդմիջման ժամանակ մի բան ուտելու: Հոգնած ու քաղցած, վերջապես, եկա տուն: Պատրաստվում էի զգեստափոխվել ու ցնցուղ ընդունել սովորականի պես, երբ հնչեց հեռախոսի զանգը. հարևանս էր՝ պատկառելի տարիքի մի մարդ, վաստակավոր ուսուցիչ և երկու երիտասարդ տարիքի որդիների հայր:   Նա ասաց.

- Հարևան ջան, ի՜նչ լավ է, որ արդեն աշխատանքից եկել ես: Ես քո օգնության կարիքն ունեմ: Բնակարանիս վերանորոգման համար ցեմենտ եմ պատվիրել, բայց հակառակի պես որդիներս տանը չեն, որ օգնեն վերև բարձրացնենք: Ես չեմ կարող` տարիքիս և հատկապես` ճողվածք ունենալու պատճառով, կօգնե՞ս:

Ես` չնայած շատ հոգնած էի ու քաղցած, բայց համաձայնվեցի, քանի որ հարևանիս՝ պարոն Գասպարին շատ էի հարգում: Ասացի.

- Իհարկե՛, կօգնեմ, - և անմիջապես հագնելով հնամաշ հագուստներ՝ իջա բակ, որտեղ ցեմենտի պարկերով բեռնված ավտոմեքենան արդեն կանգնած էր:

Ես՝ նախ ավտոմեքենայի թափքից իջեցրի՝ թվով տասը ցեմենտով լեցուն, ծանր պարկերը և շարեցի պատի տակ՝ հնարավորություն տալով վարորդին մեկնելու: Ցեմենտով լեցուն պարկերը շատ ծանր էին, նրանցից յուրաքնչյուրը կշռում էր մոտ հիսուն կիլոգրամ: Ես պետք է մեկիկ-մեկիկ ամեն մի պարկը շալակած բարձրացնեի դեպի չորրորդ հարկ և շարեի պարոն Գասպարենց բնակարանի մուտքի դռան մոտ: Հեշտ գործ չէր, մանավանդ, ինչպես ասացի, օրվա վերջում հոգնած և քաղցած էի: Ես յուրաքանչյուր հարկում մի փոքր հանգստանում էի ու հետո շարունակում ճանապարհս: Այդպես շարունակելով իմ դժվարին աշխատանքը, ես արդեն չորրորդ հարկ էի բարձրացրել ցեմենտով լեցուն վեց պարկեր, որտեղ հարևանս՝ պարոն Գսպարը ինձ էր սպասում՝ ծխախոտը ձեռքին, երբ հանկարծ նրանց բնակարանի դուռը բացվեց, և այնտեղից դուրս եկավ նրա որդիներից մեկը: Երևում էր, որ նա տեղյակ չէր, թե մենք ինչով էինք զբաղված և զարմացած հանդիմանեց հորն՝ ասելով.

- Ա՛յ հեր, բա ինչի՞ չէիր ասում, որ ցեմենտն արդեն բերե՞լ ես:

- Ա՛յ տղա, - ասաց հայրը, - ինչու՞ ես քիթդ խոթում քեզ չվերաբերվող գործերի մեջ: Չես տեսնու՞մ, որ զբաղված ենք: Տեղ էիր գնում, չէ՞: Գնա՛ ու մեզ մի՛ խանգարիր, - զայրացած հրամայեց նա:

Գասպարի որդին՝ մաքուր, կոկիկ հագնված՝ ենթարկվելով հոր հրամանին, իջավ ներքև. երևի աղջկա հետ ժամադրված էր: 

Ես ոչինչ չասացի՝ քաղաքավարությանը զոհ գնալով և զայրույթից ատամներս կրճտացնելով իջա բակ՝ մնացած չորս պարկերը բարձրացնելու:

Վերջապես, ավարտելով՝ վերադարձա տուն. ցնցուղի տակ մի լավ մաքրվեցի, հագա իմ տնային, թեթև հագուստը և ճաշեցի: Երբ պառկեցի բազմոցին և կինս մատուցեց սուրճը, ես ամեն ինչ պատմեցի նրան: Նա շատ վրդովվեց ու ասաց.

- Տեսնու՞մ ես, ի՜նչ «սրտացավ» հայր է այդ պարոն Գասպարը: Նա հոգ է տանում, որ իր պարապ-սարապ որդին չտանջվի և վայելի իր երիտասարդ տարիները, իսկ քեզ՝ քաղցած ու հոգնած՝ անխղճորեն ժամանակ անգամ չի տալիս, որ գոնե ճաշես ու հանգստանաս աշխատանքից հետո…

Կալիֆորնիա, Գլենդեյլ
14 ապրիլի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...