Saturday, November 23, 2019

Պայուսակը


Շատ տարիներ առաջ Ջորջն ապրում էր Թեհրանում: Այնքան էլ զարմանալի չէ, որ նա օտարազգի անուն ունի, քանի որ պարսկահայերի մեջ, զուտ հայկական անունների հետ մեկտեղ, շատ տարածված են նաև ֆրանսիական, ռուսական, անգլիական, հունական անուններ, օրինակ՝ Անրի, Արման, Ջորջ, Ջոզեֆ, Սերոժ, Սերժ, Ժորժ, Անետ, Արտեմիս, Ջասմին, Նատաշա, Դիանա, Ռուբինա  և այլն:
           
Ջորջը մի փոքրիկ պայուսակների և ճամպրուկներ վերանորոգման արհեստանոց ուներ, որն էլ ապահովում էր նրա ընտանիքի ապրուստը: Կինը՝ Ռուբինան աշխատում էր հրուշակեղեղենի արտադրամասում, իսկ միակ դուստրը՝ Անետը սովորում էր դպրոցում: Համերաշխ ընտանիքը սիրում էր շաբաթվա վերջում քաղաքից դուրս գալ, օդափոխվել և մի որևէ տեսարժան վայր այցելել:

Մի օր 70 անց մի տարեց պարսկուհի Ջորջի մոտ եկավ, իր հետ բերելով մի գեղեցիկ պայուսակ՝ վերանորոգման համար: Պայուսակը թանկարժեք էր, «Bottega Veneta Bambina» տեսակի, պատրաստված կոկորդիլոսի կաշվից: Այդպիսի պայուսակներն առնվազն 7,000 ամերիկյան դոլար արժեն, տարեց կինը պնդում էր, որ 8,000 արժե: Ընդհանրապես, մենք՝ սովորական մահկանացուներս տեղյակ չենք, որ կան բավականին թանկ, շա՜տ թանկ կանացի ձեռքի պայուսակներ, ավելի թանկ, քան կարելի է պատկերացնել… Կան այնպիսիները, որոնք այնքա՜ն թանկ են, որ այդ գումարով կարելի է գնել շքեղ ավտոմեքենա, առանձնատուն, միգուցե և փոքրիկ ինքնաթիռ կամ զբոսանավ, ի՜նչ իմանաս… Օրինակ՝ «Prada»-ն արժե 15,090 դոլար, «Hermes Birkin»-ը 20,000 դոլար, «Marc Jacobs Carolyn Crocodile»-ը՝ 30,000 դոլար: Կան ավելի թանկերը, «Louis Vuitton Tribute Patchwork»-ն արժե 42,000 դոլար, «Leiber Precious Rose»-ը 92,000 դոլար, «Hermes Matte Crocodile Birkin»-ը՝ 120,000 դոլար, իսկ «Lana Marks Cleopatra Clutch»-ը՝ 250,000 դոլար: Ամենաթանկը, իհարկե՛, «Hermes Ginza Tanaka»-ն է՝ ոչ ավել, ոչ պակաս, քան $1,900,000: Միգուցե որոշ կանայք, իսկապես, խելագարներ են, եթե այդպիսի թանկարժեք ձեռքի պայուսակներ են կրում…
           
- Պարո՛ն, կարո՞ղ եք վերանորոգել իմ պայուսակի կայծակաճարմանդը, - անվստահ հարցրեց տարեց կինը: Երևում է ուրիշ տեղերում էլ էր եղել՝ մինչև Ջորջի արհեստանոց գալը: 
           
- Տիկի՛ն, սա թանկ պայուսակ է, կոկորդիլոսի կաշվից, դժվար կլինի վերանորոգել, վախենում եմ անզգուշաբար վնասել:
           
- Ես առատորեն կվարձատրեմ Ձեզ, վարպե՛տ, միայն թե մի՛ մերժեք, ա՜խր, այս պայուսակը շատ եմ սիրում… Մանավանդ իմ եղբայրների ստոր արարքից հետո: Նրանք գողացան իմ թանկարժեք, ադամանդակուռ, ոսկյա ժամացույցը, հանգուցյալ ամուսնուս նվերն էր… Ներկայումս, ամուսնուս նվիրած ամենաթանկարժեք իրերից, միայն սա է մնացել:  Սրիկանե՜ր… Անգութնե՜ր… Ստո՜ր արարածներ… Փա՜ռք Աստծո, հիմա բանտում են, թող տառապեն, քանի որ չխղճացին իրենց միակ, որբևայրի քրոջը: Նրանք միշտ էլ նախանձել են ինձ, որովհետև ամուսինս հարուստ էր, իսկ իրենք՝ աղքատ: Ողորմելինե՜ր… Թշվառնե՜ր…
           
- Հանգստացե՛ք, տիկի՛ն, մի բան կանենք, մի՛ հուզվեք, թեյ բերե՞մ, իսկ միգուցե՝ սառը հյութ կամ օշարակ կխմե՞ք:
           
- Թե՛յ, խնդրում եմ:
           
Խեղճ կինը թեյից հետո նկատելիորեն հանդարտվեց, պայմանավորվեց գնի, ժամկետի շուրջը ու հեռացավ: Նրանք համաձայնվել էին, որ տիկինը կվճարի 400 թուման (մոտ  քսան ամերիկյան դոլարին համարժեք դրամ)  աշխատանքի դիմաց, և Ջորջն էլ՝ իր հերթին խոստացավ վերջացնել վերանորոգումը երկու օրում: Իրականում տարեց կնոջից Ջորջը պահանջել էր 200 թուման, բայց կինը խոստացել էր կրկնակի վճարել, եթե աշխատանքը բարեխիղճ ու անթերի կատարվեր:
           
Քիչ անց Ջորջը գործի անցավ: Նա մի քանի անգամ զգուշությամբ փորձեց բացել պայուսակի կայծակաճարմանդը, բայց ապարդյուն… Այն չէր բացվում: Փորձեց փոքրիկ տափակաշուրթ աքցանով քաշել կայծակաճարմանդի բռնիչից, նորից ապարդյուն… Թեթևակի յուղեց կայծակաճարմանդն ամբողջ երկարությամբ: Բռնիչը տեղի տվեց, և պայուսակը բացվեց: Դատարկեց պայուսակը և պարունակությունը լցրեց ստվարաթղթե տուփի մեջ: Ջորջն իր փորձից գիտեր, որ եթե կայծակաճարմանդը մեկ անգամ խափանվեր, ապա հնարավոր է դա նորից կրկնվեր: Այդ պատճառով նա որոշեց ամբողջովին փոխել այն: Իր մոտ եղածները հասարակ էին, որոշեց ավելի որակյալ, գեղեցիկ տեսքով ուրիշը գնել և հետո փոխել: Նա մի քանի խանութներում եղավ և, վերջապես, գտավ այն ինչ փնտրում էր: Ջորջը ասեղի ծայրով զգուշորեն սկսեց քանդել կայծակաճարմանդը պայուսակին ամրացնող կարերը: Երբ նոր կայծակաճարմանդը կարի մեքենայով փորձում էր ամրացնել, պայուսակը շուռումուռ տալու ժամանակ զգաց, որ ինչ-որ առարկա է դեսուդեն շարժվում պայուսակի ներսում: Նա սկզբում կարծեց, որ կանացի հարդարանքի ինչ-որ իր է մոռացել պայուսակում, բայց պայուսակի մեջ ուշադիր նայելուց հետո համոզվեց, որ այնտեղ ոչինչ չկա: «Ա՜յ, քեզ բան, - մտածեց նա, - ուրեմն աստառի տակ է այդ իրը…»: Ավելի ուշադիր զննելով մեքենակարերը, պայուսակի անկյունում գտավ կարերը քանդված մի փոքրիկ հատված, որտեղից էլ երևի այդ իրը ներս էր ընկել: Աստառի վրայից մատներով շոշափելով, գտավ այն, մոտեցրեց քանդած մասին և դուրս բերեց այնտեղից: Դա մի գեղեցիկ, ադամանդակուռ, ոսկյա ժամացույց էր… «Ահա և այն թանկարժեք ժամացույցը, որ տարեց պարսկուհու կարծիքով իր հարազատ եղբայրներն էին գողացել և առայսօր չէին խոստովանում, - բացականչեց Ջորջը հուզված…»:
           
Երբ տարեց կինը եկավ պայուսակի հետևից, Ջորջն ասաց.
           
- Ահա՛ Ձեր պայուսակը վերանորոգված, իսկ այս տուփի մեջ լցրել եմ պայուսակի մեջ գտնվող իրերը:
           
- Օ՜հ, ի՜նչ լավ եք վերանորոգել, բոլորովին չի զգացվում, որ կայծակաճարմանդը փոխված է մեկ ուրիշով, շա՜տ գոհ եմ, շա՜տ շնորհակալ եմ:
           
- Դա դեռ բոլորը չէ: Ես գտել եմ նաև Ձեր ժամացույցը, ահա՛ այն:   
           
Երբ տարեց պարսկուհին տեսավ իր ժամացույցը, նա այնքան հուզվեց, որ ուշագնաց եղավ: Ջորջը շփոթվեց, ուզում էր օգնություն ցույց տալ, բայց հիշեց, որ Իրանում, համաձայն իսլամի կանոների, ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ անծանոթ կնոջը: Նա մի պահ շփոթված հապաղեց, ապա դուրս վազեց խանութից, որ անցորդների միջից մի կին հրավիրի խեղճ կնոջն օգնելու համար: Երբ կինն ուշքի եկավ, նա սրտաճմլիկ կերպով սկսեց լաց լինել.
           
- Ա՜խ, ի՜նչ արեցի, ի՜նչ արեցի, կործանեցի եղբայրներիս այս անիծյալ ժամացույցի պատճառով: Նրանք արդեն երեք տարի է նստած են բանտում, որովհետև ոստիկանությունում ասացի, որ միայն նրանց եմ կասկածում… Հիմա նրանք ինձ չե՛ն ների, չե՛ն ների, Էյ, Խոդա՜… Էյ, Խոդա՜… Էյ, Խոդա՜…*
             
Մի քանի օր անց կինը երկու մեծ տուփ հրուշակեղեն էր բերել Ջորջի համար և լրացուցիչ 400 թուման պարգևատրում՝ նրա ազնիվ արարքի համար: Իրանում ընդունված է լավ գործերի համար երախտահատույց լինել քաղցրավենիքով:
           
- Ես գիտեի, որ հայերը լավ արհեստավորներ են ու ազնիվ մարդիկ, հիմա դրանում համոզվեցի անձամբ, շատ շնորհակալ եմ ու երախտապարտ… 
           
Ջորջի ծանոթներն իմանալով այս պատմության մասին, ասում էին. «Աստված անպայման կվարձատրի քեզ՝ քո բարության ու ազնվության համար, որովհետև Աստվածահաճո գործ ես արել»: Ըստ երևույթին՝ նրանք միանգամայն ճիշտ էին:
           
Ջորջը, այդ դեպքից ընդամենը մի քանի օր անց, սովորության համաձայն, հերթական անգամ քաղաքից դուրս մեկնեց իր ավտոմեքենայով՝ կնոջ և դստեր հետ: Նրանք մի փոքրիկ գետակի մոտ, հսկայական ուռենու տակ բացօթյա խնջույք սարքեցին, լավ ուրախացան ու հանգստացան:
           
Տուն վերադառնալիս սկսեց անձրևել: Հայտնի է, որ ճանապարհները դառնում են սայթաքուն անձրևի առաջին կաթիլների հետ, քանի դեռ փոշու հետ խառնված ավտոմեքենաներից արտանետված յուղերը չեն լվացվել ու հեռացվել անձրևի շնորհիվ: Փորձառու վարորդները դա գիտեն, գիտեր նաև Ջորջը, բայց ավա՜ղ, նույնիսկ փորձառու վարորդներն են երբեմն սխալվում: Ջորջը պետք է դանդաղեցներ ավտոմեքենայի ընթացքը, բայց չարեց և արդյունքում մեքենան ոլորանի մոտ մի քանի անգավ շրջվելով հայտնվեց ճանապարհից դուրս: Ջորջը, նրա կինը՝ Ռուբինան և դուստրը՝ Անետը, շատ վախեցան, կարծելով, որ իրենց վերջը եկել է, սակայն ամենակարող Աստվածն այնքան ողորմած գտնվեց, որ նրանք անգամ մի փոքրիկ քերծվածք չստացան և ինչն է զարմանալի՝ մեքենան էլ չվնասվեց: Միթե՞ դա Հրաշք չէր… Ի՜նչ խոսք, առանց Աստծո միջամտության այդ Հրաշքը տեղի չէր ունենա:

*էյ Խոդա - պարսկերեն՝ Աստված իմ


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
19 հոկտեմբերի, 2018թ.

No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...