Saturday, November 23, 2019

«Ապօրինի շինարարություն»


Խորհրդային իշխանության տարիներին սեփական բնակարաններ չկային. կային միայն պետական անորակ բնակարաններ, որոնք վարձակալվում էին քաղաքացիների կողմից: Պետական բնակարան վարձակալելու կամ, ինչպես ասում էին՝ պետական բնակարան ստանալու համար, մարդիկ ստիպված էին, բազմաթիվ տեղեկաքներ ներկայացնելուց հետո, երկար տարիներ հերթագրված սպասել, մինչև հերթն իրենց էլ հասներ: Սակայն վարձակալը բնակարանը ստանալուց հետո, ստիպված էր հիմնովին վերանորոգել այն, քանի որ այդքան անբարեկարգ վիճակում  պարզապես հնարավոր չէր ապրել:   
           
Խորհրդային քաղաքացիներից միայն շատ քչերն ունեին սեփական տներ կամ առանձնատներ: Ի տարբերություն պետական բնակարանների, սեփական տներում միշտ գործ կար: Սեփականատերերն անընդհատ փորձում էին բարելավել իրենց կենցաղային պայմանները. նրանք բարեկարգում էին իրենց բակերը, տնամերձ այգիները, կառուցում էին օժանդակ շինություններ, ավտոտնակներ, ջրավազաններ և այլն: Սակայն նրանց գործունեությունն աչալուրջ վերահսկվում էր շրջխորհուրդների կողմից, ի դեմս միլիցիայի՝ թաղային տեսուչների, ովքեր հաճախ ոչ թե վերահսկում, այլ խոչընդոտում էին, որպեսզի փող պոկեն սեփականատերերից:
           
Գուրգենն ապրում էր առանձնատանը, որն ուներ նաև բակ և տնամերձ այգի: Նա տունը ժառանգել էր կյանքից հեռացած իր սիրելի ծնողներից: Գուրգենը տան, բակի և այգու հետ կապված համարյա բոլոր վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներն ինքնուրույն  էր կատարում: Հատկապես սիրում էր տնամերձ այգում աշխատել: Ուներ խաղողի մի մեծ թարմա, որի վրա աճեցնում էր հայկական խաղողի մի քանի տեսակներ, պտղատու ծառեր, հոլանդական տարբեր գույնի վարդեր, յասամանի ու հասմիկի թփեր, ինչպես նաև հարավամերիկյան գույնզգույն ծաղիկներ՝ պորտուլականեր (portulaca) և պետունիաներ (petunia), որոնք աճում էին շատ մանր, սև գույնի գնդիկաձև սերմերով: 
           
Վերանորագման ու բարեկարգման աշխատանքների կատարման համար Գուրգենը տարիների ընթացքում ձեռք էր բերել տարբեր տեսակի այգեգործական, ատաղձագործական, փականագործական և շինարարական գործիքներ, որոնք մի տեղում դասավորելու դեպքում, այլևս անհարկի չէր փնտրի այս կամ այն գործիքը, ուստի որոշեց բակի մի անկյունում փոքրիկ տնակ կառուցել: Սկզբում ուզում էր փայտից պատրաստել, հետո մտածեց, որ անձրևի, ձյան պատճառով  ստիպված է լինելու անընդհատ վերանորոգելու այն, հետևաբար որոշեց քար ու բետոն օգտագործել, մանավանդ բակում և այգում բավական քարեր էին կուտակվել տարիների ընթացքում, որոնք որպես աղբ տեղափոխելու փոխարեն գոնե օգտակար կլինեին: Նա շրջխորհրդի՝ Կոմունալ շինարարության բաժնից թույլատվություն չվերցրեց, քանի որ տնակի մակերեսն ընդամենը պետք է լիներ՝ երկուս ու կես քառակուսի՝ 1.25 մետրը 2 մետրի վրա:
           
Երբ Գուրգենը սկսեց իր փոքրիկ շնարարությունը, կեսօրին մոտ մի միլիցիոներ համարձակ մտավ նրանց բակը և սկսեց գոռգոռալ.
           
- Այս ի՞նչ է այստեղ կատարվում, ապօրինի շինարարություն, հա՞, առանց շինարարական թույլտվության, հա՞:
           
«Ի՜նչ լավ են աշխատում սրանց թաղային իրազեկիչները», - ակնթարթորեն մտածեց Գուրգենը, - «անմիջապես տեղեկացրել են, ավելի ճիշտ մատնել, տեսնես՝ հարևաններից ո՞ր մեկն է, չնայած ի՜նչ կարևոր է…»:
           
- Դուք մեր թաղային տեսուչն ե՞ք, - հարցրեց Գուրգենը:
           
- Այո՛, ավագ լեյտենանտ Ավագյան, - ներկայացավ միլիցիայի աշխատակիցը,-  դու էլ ներկայացի՛ր, - պահանջեց նա:
           
- Գուրգեն Մկրտչյան, այս տան տանտերն եմ, աշխատում եմ Գիտությունների ակադեմիայում, որպես ճարտարագետ:
           
- Ո՞ր Գիտությունների ակադեմիայում, - հարցրեց տգետ տեսուչը:
           
Գուրգենը հազիվ զսպելով ծիծաղը, ասաց.
           
- Ինչքան ինձ է հայտնի, Հայաստանը Գիտությունների մեկ ակադեմիա ունի…
           
- Ո՜չ, սխալվում ես, երիտասա՛րդ, կա Լեզվի ակադեմիա, Արվեստի ակադեմիա, Պատմության ակադեմիա, էլի մի քանիսը կա, հիմա չեմ կարողանում մտաբերել, - պարծեցավ իր «գիտելիքներով» անգրագետ տեսուչը:
           
Անկասկա՛ծ, Գուրգենն էր ճիշտ, քանի որ տեսուչն իր կարճ խելքով կարծում էր, որ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի մեջ մտնող բոլոր ինստիտուտներն առանձին-առանձին ակադեմիաներ են: Ցավոք, այն ժամանակ միլիցիայի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը տգետ էր, հաճախ էլ՝ անկիրթ, կոպիտ ու բռի:            
           
- Չգիտեմ, Դուք ավելի լավ կիմանաք, - անգետ ձևացավ Գուրգենը:
           
- Սովորի՛ր, երիտասա՛րդ, սովորելու համար երբեք էլ ուշ չէ, - շոյված Գուրգենի խոստովանությունից, - հորդորեց նա, մի պահ լռեց ու շարունակեց, - բա հիմա ի՞նչ անենք, հը՞:
           
- Իսկ ի՞նչ պիտի անենք, ընկեր ավագ լեյտենանտ, Դուք այստեղ շինարարություն ե՞ք տեսնում, ընդամենը՝ 2.5 քառակուսի մետր մակերեսով գործիքներիս համար տնակ եմ սարքում: Ուրիշները փայտից են սարքել, ես էլ մտածեցի բետոնից ու քարից սարքեմ, որ անձրևից ու ձյունից չքայքայվի: Դուք զարգացած խելոք մարդ եք, ուրիշների նման չեք, սխալ ե՞մ մտածել, - միտումնավոր գովաբանեց տեսուչին Գուրգենը:
           
- Իհարկե՛, ճիշտ ես մտածել, երիտասա՛րդ, շարունակի՛ր, կարծում եմ ոչ մի անօրինական բան չկա, բայց համենայն դեպս, մի քանի օրից նորից կայցելեմ քեզ, որ համոզվեմ՝ ամեն ինչ այնպես է, ինչպես դու ես ներկայացնում, թե՞ ոչ:
           
Երբ տեսուչը մի քանի օրից եկավ, գործիքների տնակն արդեն պատրաստ էր: Շառից, փորձանքից հեռու մնալու համար, Գուրգենը մի շիշ հայկական հինգ աստղանի կոնյակ նվիրեց նրան, ասելով.
           
- Ձեզանից էլ շատ շնորհակալ եմ, ընկեր ավագ լեյտենանտ, որ ինձ հասկացաք ու չխոչընդոտեցիք իմ փոքրիկ «ապօրինի շինարարությանը»:


ՄԱԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
15 նոյեմբերի, 2018թ.

No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...