Saturday, November 23, 2019

«Գիտական բանավեճ»


1968թ. ամռանն էր: Հակոբը Երևանի №… միջնակարգ դպրոցում ավարտական քննություններ էր հանձնում: Այդ օրը նա պետք է քննություն հանձներ քիմիայից: Հակոբը լավ էր սովորում և քննությունից առաջ ուրիշ աշակերտների նման չէր հուզվում, չէր վախենում կտրվելուց, ընդհակառակը՝ վստահ էր, որ ամենաբարձր գնահատականը, այսինքն՝ հինգ կստանա:
           
Ուսանողներին մեկիկ-մեկիկ ներս էին կանչում քննասենյակ, որի դռներին մեծ տառերով թղթե ցուցանակ էր փակցված՝ «ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒՒԹՅՈՒՆ ՔԻՄԻԱՅԻՑ»: Քննություն հանձնող աշակերտները խռնված էին քննասենյակի դռների մոտ և քննություն հանձնած ամեն մի աշակերտին մանրամասն հարցաքննում էին, որպեսզի պարզեն, թե ինչպիսի՞ լրացուցիչ հարցեր են տալիս, ինչպե՞ս են տրամադրված հանձնաժողովի անդամները և այլն: Ամենաշատը հուզված էին վատ առաջադիմությամբ աշակերտները, քանի որ քննությունից կտրվելու դեպքում ստիպված էին լինելու մնալ նույն դասարանում, այսինքն՝ երկտարեցի դառնալ, այն էլ՝ ավարտական 10-րդ դասարանում: Նրանց երազանքը՝ այդ «անիծյալ» քիմիայից մի «կոտրված» երեք ստանալն էր, այնքան որ քննությունից «պլստային» ու ավարտեին դպրոցը: 
           
Քննական հանձնածողովի նախագահը դպրոցի ուսմասվարն էր, ընկեր Չթչյանը, տարիքն առած, սպիտակահեր մի կին, ով երկար տարիներ քիմիա էր դասավանդել դպրոցում: Աշակերտները նրան չէին սիրում, քանի որ միշտ խիստ էր, երբեք սիրալիր կամ ընկերական չէր և ո՛չ մի աշակերտի հետ: Հակոբն ընդհանրապես արհամարհում էր նրան, որովհետև զգացել էր, որ որոշ քիմիայի խնդիրներ նա դժվարանում էր լուծել: Հակոբի կարծիքով քիմիայի խնդիրներն ամենահեշտն էին՝ համեմատած ֆիզիկայի և մաթեմատիկայի: «Պատկերացնում եմ, թե ինչքան թույլ է քիմիայի դասատուն այդ առարկաներից», - երբեմն մտածում էր նա: Հակոբն էլ մյուս աշակերտների նման չէր սիրում նրան, ով քիմիա էր դասավանդել նրան ավարտական՝ 10-րդ դասարանում, իսկ ավելի ցածր դասարաններում՝ ընկեր Աղաջանյանն ու ընկեր Եսայանը:
           
Ընկեր Չթչյանը հենց սկզբից բարձր գնահատական, այսինքն՝ հինգ չնշանակեց Հակոբին, արդարացիորեն հարուցելով Հակոբի զայրութը և համադասարանցիների զարմանքը: Հակոբի նման ընդունակ ու գերազանց սովորող աշակերտին ցածր նշանակելը շատ անարդար էր ուսուցչի կողմից, քանի որ աշակերտների մոտ Հակոբի հեղինակությունը գիտելիքների առումով, գրեթե նույնքան բարձր էր, որքան ուսուցիչներինը:
           
Առաջին անգամ, երբ ուսուցիչը դաս հարցրեց Հակոբին, նա, ինչպես միշտ, գերազանց պատմեց դասը, պատասխանեց ուսուցչի բոլոր հարցերին, բայց չորս ստացավ: Հակոբն առարկեց, ասելով.
           
- Ես դասն անթերի պատմեցի, Ձեր տված բոլոր հարցերին պատասխանեցի, կարելի է՞ իմանալ, թե ի՞նչն է պատճառը, որ ինձ հինգ չնշանակեցիք:
           
- Տղա՛, նստիր տեղդ և մյուս անգամ չհամարձակվես ինձ սովորեցնել, թե ինչպես պետք է գնահատեմ, - զայրացավ ուսուցչուհին, - դասից հետ էլ՝ կմնաս, միասին կգնանք տնօրենի մոտ, որպեսզի նրան բացատրություն տաս քո՝ աշակերտին ոչ վայել, անարժան վարքի համար:
           
Դասարանում դժգոհության ալիք բարձրացավ, աղմկում էին բոլորը և նստած տեղերից գոռգոռում.
           
- Ա՜խր, ինչի՞ համար…
           
- Նա ձեզ վիրավորե՞ց…
           
- Դասը գերազանց չպատմե՞ց…
           
- Ձեր տված բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ չտվե՞ց…
           
- Սա ի՞նչ բան է, իսկ որտե՞ղ է արդարությունը, հը՞…
           
- Նա ընդամենն ուզում էր, որ իրեն արդար գնահատեիք…
           
- Լռությու՜ն, լռությու՜ն, - սաստեց ուսուցչուհին, - ցանկացողները կարող են մեր հետ գալ տնօրենի՝ ընկեր Վարոսյանի մոտ:
           
Այդ խոսքերը կախարդական ազդեցություն ունեցան դասարանի վրա. բոլորը լռեցին ու սթափվեցին, ոչ ոք չէր ուզում գնալ տնօրենի մոտ: Տնօրենը հիսունն անց մի բարձրահասակ տղամարդ էր՝ ֆիզիկայի ուսուցիչը, ով շատ խիստ ու պահանջկոտ   էր: Նա միշտ հագնում էր մուգ, մոխրագույն կոստյում և նույն գույնի փողկապ էր կրում: Աշակերտները նրա անունը լսելուց անգամ սարսափում էին: Ընկեր Վարոսյանն ազնիվ, արդարամիտ, իր առարկային գերազանց տիրապետող մարդ էր, բայց չէր հանդուրժում որևէ անկարգություն: Զայրացած ժամանակ նա  կարող էր նույնիսկ ապտակել: Նրանից վախենում էին անգամ դպրոցը վաղուց ավարտած շրջանավարտները, թաղամասային հեղինակությունները, խուլիգանները: Հակոբը մի անգամ ականատես եղավ մի դեպքի, երբ դպրոցի ետևում գտնվող մարզադաշտում հավաքված մի խումբ 18-25 տարեկան փողոցային խուլիգաններ, միմյանց հետ հաշվեհարդար էին տեսնում: Փոխադարձ գոռգոռոցներից ու հայհոյանքներից հետո  նրանցից մեկը դանակ հանեց և արդեն պատրաստվում էր հարվածել իր դիմաց կանգնածին, երբ ընկեր Վարոսյանն աներկյուղ, պինդ բռնեց նրա ականջից.
           
- Ի՞նչ է այստեղ կատարվու՜մ, - «մռնչաց» նա:
           
Բոլորը միանգամից սսկվեցին ու այս ու այն կողմ փախան: Դանակը ձեռքին տղան լացակումած, խնդրում, աղաչում էր նրան, որ բաց թողնի.
           
- Վա՜խ, վա՜խ, ցավում է, ընկեր Վարոսյա՛ն, բաց թողեք, էլ չեմ անի, խնդրու՜մ եմ, խնդրու՜մ եմ…
           
Տնօրենը տղայի ձեռքից վերցրեց դանակը, դրեց իր գրպանը և ասաց.
           
- Այլևս ո՛չ քեզ, ո՛չ էլ քո հետ եկածներին դպրոցի տարածքում չտեսնեմ, հասկացա՞ր, - գոռաց նա:
           
- Հասկացա՛, ընկեր Վարոսյան, հասկացա՛, - ծղրտաց նա ու փախավ:
           
Քիմիայի ուսուցչուհին Հակոբին ուղեկցեց դեպի դպրոցի տնօրենի առանձնասենյակը: Երբ տնօրենը տեսավ նրանց, շատ զարմացավ ու գլուխը շրջելով դեպի ուսուցչուհին, խստությամբ հարցրեց.
           
- Ընկեր Չթչյան, ինչու՞ եք մեր դպրոցի լավագույն աշակերտին բերել ինձ մոտ, ի՞նչ է արել:
           
- Սա է՞ լավագույն աշակերտը, լավ չի սովորում, դասի ժամանակ իրեն կարգին չի պահում, խանգարում է դասը, եթե այսպես շարունակի՝ կմնա նույն դասարանում, - գանգատվեց նա:
           
- Անհնար է, որ նա լավ չսովորի դասը: Ինչ վերաբերվում է նրա վարքին, ես նրա նման կարգապահ աշակերտի դեռ չեմ հանդիպել: Իսկ գիտե՞ք, թե ինչքան ուժեղ է ֆիզիկայից ու մաթեմատիկայից, չէ՞ որ ես էլ նրան ֆիզիկա եմ դասավանդում: Անկեղծ ասած՝ միշտ զարմացել եմ, թե ի՜նչ հեշտությամբ ու արագությամբ է Հակոբը լուծում ֆիզիկայի խնդիրները, նույնիսկ ամենաբարդերը:
           
Հակոբը քաջալերվելով տնօրենի՝ իր հասցեին արված գովասանական խոսքերից, հուզված ասաց.
           
- Ընկեր Վարոսյան, ես միայն խնդրեցի բացատրել, թե ինչու՞ է ինձ ցածր գնահատում, ուրիշ ոչինչ չի եղել, երդվում եմ:
           
- Իսկ ինչու՞, ընկեր Չթչյան նրան չեք բացատրել, թե ինչու՞ եք ցածր թվանշան նշանակում: Աշակերտն իրավունք ունի իմանալու, թե ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով են նրան գնահատում, դեռ ավելին, նա կարող է պահանջել, այո՛, այո՛, պահանջել, այլ ոչ թե խնդրել, որ իրեն լրացուցիչ հարցեր տան բարձր գնահատականի համար: Ձեր սպառնալիքը նրան նույն դասարանում թողնելու մասին ընդհանրապես լուրջ չէ… Հակոբի նման աշակերտները երբեք երկտարեցի չեն դառնում… Լավ մտածեք ասածներիս մասին և մի փչացրեք ձեր հարաբերություններն աշակերտների հետ, մանավանդ՝ Հակոբի նման աշակերտի:
           
Այդ դեպքից հետո քիմիայի դասատուն դադարեց դաս հարցնել Հակոբին և այնպես էր պահում իրեն, որ կարծես Հակոբը դասարանում ընդհանրապես ներկա չէր:  «Եթե այսպես շարունակվի, - մտածում էր Հակոբը, - քառորդս չորսով կփակվի, որովհետև ընդամենը մեկ՝ չորս գնահատական եմ ստացել քառորդի սկզբում, իսկ հիմա էլ՝ քառորդի ավարտին ենք մոտենում, պետք է մի բան մտածեմ…»:
           
Պատահմամբ նա հիշեց տնօրենի ասածը. «Անկեղծ ասած՝ միշտ զարմացել եմ, թե ի՜նչ հեշտությամբ ու արագությամբ է Հակոբը լուծում ֆիզիկայի խնդիրները, նույնիսկ ամենաբարդերը»: «Բայց չէ՞ որ քիմիայի դասատուն թույլ էր հենց խնդիրներից, ուրեմն պետք էր հենց  խնդիրներից էլ սկսել», - հուզված մտածեց նա: Հաջոր օրը, երբ ուսուցիչը ստուգում էր տնային աշխատանքը, նա հայտարարեց, որ խնդիրներից մեկը դժվար էր, հետևաբար դասարանցիներից ոչ մեկը չի կարողացել լուծել: Տարիքն առած ուսուցչուհին բավականին երկար ժամանակ գրատախտակի մոտ կավիճը ձեռքին փորձում էր լուծել այն, բայց ապարդյուն, չէր ստացվում: Աշակերտները նստած տեղներից սկսեցին աղմկել.
           
- Եթե Դուք չեք կարողանում լուծել, ապա մենք ո՞նց լուծենք…
           
- Ինչու՞ այսպիսի դժվար խնդիրները դասարանում չենք լուծում, այլ հանձնարարում եք որպես տնային աշխատանք, արդարացի չէ…
           
Ոսուցչուհին հասկացավ, որ Հակոբը ծուղակ էր պատրաստել, որպեսզի ցույց տար իր առավելությունը … Փաստորեն Հակոբն այս քայլով ասում էր. «Եթե ես քեզանից ուժեղ եմ խնդիրների մեջ, ապա ինչու ես ինձ ցածր գնահատում և դեռ տնօրենի մոտ էլ սպառնում, որ կթողնես նույն դասարանում»: Նա գրատախտակի մոտ կանչեց Հակոբին և ասաց.         
           
- Ինքդ լուծի՛ր…
           
- Հակոբը պարզ և հասկանալի, հեշտությամբ ու արագ ներկայացրեց դժվարին խնդրի լուծումը և այնպես, կարծես դա գրքի ամենահեշտ խնդիրն էր ու գնաց, նստեց իր տեղը:
           
Ուսուցչուհին հինգ նշանակեց, բայց չգովաբանեց նրան: Դասարանը լուռ էր… Աշակերտները նույնպես հասկացան, թե ինչ կատարվեց: Այդ օրվանից հետո, թեև ուսուցչուհին ավելի ատեց Հակոբին, բայց այլևս երբեք ցածր չգնահատեց նրան:
             
Ավարտական քննական հանձնաժողովի մյուս անդամներն էին, ընկեր՝ Եսայանը և ընկեր Աղաջանյանը, ովքեր շատ էին սիրում Հակոբին, որպես կարգապահ, ջանասեր, ընդունակ ու գերազանց սովորող աշակարետի: Երբ քննություն հանձնելու հերթը հասավ Հակոբին, այս երկու կանայք մի առանձնահատուկ ուշադրությամբ ու հպարտությամբ էին լսում իրենց սիրելի աշակերտին: Հարցաթերթիկի բոլոր երեք հարցերին էլ Հակոբը շատ սպառիչ պատասխաններ տվեց: Բոլորը հիացած էին, բացի ընկեր Չթչյանից: Գնահատական նշանակելիս նա ասաց.
           
- Վերջին հարցը չուգոնի ձուլման դոմենյան ու մարտենյան եղանակների  մասին էր: Այդ եղանակներն բոլորովին չեն տարբերվում միմյանցից, մինչդեռ դու տարբերություն դրեցիր նրանց միջև: Ինչպե՞ս հասկանանք դա… Ինչու՞ այս հարցին լավ չես պատրաստվել: Այդ պատճառով ես ստիպված եմ քեզ չորս նշանակել, - հաղթական տեսք ընդունելով, ասաց նա:
           
Հանձնաժողովի մյուս երկու անդամները տարակուսած իրար նայեցին, որովհետև ընկեր Չթչյանը բացարձակապես սխալ էր: Ըստ երևույթին տարիքն առած ուսուցչուհին շփոթմամբ խառնել էր, որ այդ եղանակները տարբեր են: Մեղմելու համար, ընկեր Աղաջանյանն ասաց.
           
- Ընկեր Չթչյան, երկուսդ էլ ճիշտ եք, քանի որ այդ եղանակներն այնքան էլ շատ չեն տարբերվում, և իմ կարծիքով մեր սիրելի աշակերտի՝ Հակոբի գնահատականը չպետք է դրանից տուժի:
           
- Ես էլ եմ այդպես կարծում, հարգելի ընկեր Չթչյան, - ավելացրեց մյուս ուսուցչուհին՝ ընկեր Եսայանը, ով նույնպես Հակոբի կողմից էր:
           
Միջամտելու հերթը Հակոբինն էր, ով իր երիտասարդ հասակի պատճառով ավելի անզուսպ էր.
           
- Ես պնդում եմ, որ չուգունի հալման դոմենյան եղանակը միանգամայն տարբեր է մարտենյանից: Ինչպե՞ս կարող էիք Դուք նման բան ասել: Եթե ինձ չեք հավատում, բացե՛ք դասագիրքը և համոզվե՛ք, - զայրացած ձայնը բարձրացրեց նա…
           
- Երիտասա՛րդ, չափդ ճանաչի՛ր, դու երևի մոռացել ես, թե ու՞մ հետ ես խոսում և որտե՞ղ ես գտնվում, - իր հերթին գոռաց  ընկեր Չթչյանը:
           
Հանձնաժողովի մյուս անդամներին ոչ մի կերպ չէր հաջողվում հանգստացնել ո՛չ ընկեր Չթչյանին, և ո՛չ էլ՝ Հակոբին: Երկուսն էլ ծայրահեղորեն նյարդայնացած էին: Աղմուկն այնքան շատ էր, որ նույնիսկ տնօրենին հասավ այն: Նա շտապեց գնալ քննասենյակ՝ տեսնելու, թե ի՞նչ է այնտեղ կատարվում:
           
- Ի՞նչ է եղել, սա քննասենյա՞կ է, թե՞ երկաթուղային կայարան: Ինչու՞ եք այսքան աղմկում: Ի՞նչ է պատահել…
           
- Ոչինչ էլ չի պատահել, ընկեր Վարոսյան, - փորձեց իրադրությունը մեղմել ընկեր Եսայանը, - պարզապես մեր լավագույն աշակերտը փայլուն պատասխանեց հարցաթերթիկի բոլոր երեք հարցերին, հիմա էլ գիտական բանավեճի մեջ է մտել մեր հարգարժան ուսմասվարի՝ ընկեր Չթչյանի հետ:
           
- Իսկապե՞ս, - զարմացավ տնօրենը, - հիմա գիտական բանավեճի ժամանակ չէ, հինգ նշանակեք, թող գնա: Դրսում էլի աշակերտներ կան, դուք նրանց մասին մտածել ե՞ք, ա՜խր նրանք էլ պետք հասցնեն քնություն հանձնել այսօր: Դուք, որպես քննական հանձնաժողովի նախագահ, նրանց մասին մոռացել էի՞ք, ընկեր Չթչյա՛ն: Բանավեճերով կարող եք քննությունից հետո էլ զբաղվել:
             
Մի քիչ հետո, երբ Հակոբն արդեն դուրս էր եկել քննասենյակից, նա ժպտալով, ասաց.
           
- Տեսնու՞մ եք՝ ինչպիսի՜ սերունդ ենք կրթում ու դաստիարակում, նույնիսկ քննության ժամանակ են գիտական բանավեճերի մեջ մտնում իրենց ուսուցիչների հետ…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
20 նոյեմբերի, 2018թ.

No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...