Sunday, November 2, 2014

«Pemphigus Vulgaris»




- Տղաս կոկորդս կցավի, - ասաց հայրս: Նա, չնայած, որ երկար տարիներ ապրում էր Հայաստանում, այսինքն Արևելյան Հայաստանում, բայց շարունակում էր խոսել արևմտահայերենով: 
           
- Ի՞նչ անենք, - ասացի ես, - կյանքումդ առաջին անգամ կոկորդդ ցավեց, արդեն սրտնեղում ես, բա մենք ի՞նչ ասենք, որ հաճախ կոկորդի ցավ ենք ունենում: Անգինա է, մի քանի օրից կանցնի:
           
- Հա, կանցնի՞ տղաս, - պարզամտորեն հարցրեց նա:
           
- Իհարկե՛, կանցնի՛, հո անընդհատ չի ցավելու:
           
Անցավ մի քանի օր, բայց հորս կոկորդի ցավը չէր անցնում: Նա մեր խորհրդով սկսեց հաճախակի տաք թեյ խմել, սոդայաջրով ողողել կոկորդը, բայց միևնույն է չէր անցնում:
           
Մեր ընտանիքում, հատկապես ես մանուկ հասակից տառապել եմ անգինայով, որն ուղեկցվում էր բարձր ջերմով: Ինձ խնամելով տանջվում էր նաև մայրս: Ինչքան անքուն գիշերներ է նա անցկացրել իմ անկողնու մոտ, երբ ես երեխա էի և որպեսզի վերջապես ազատվեմ այդ հիվանդությունից վիրահատվել եմ բավականին հասուն տարիքում. երեսուն տարեկանում հեռացվել են իմ նշագեղձերը: Սկզբում դա էլ չօգնեց, քանի որ վիրահատությունից հետո մոտ մեկ տարի տառապում էի ֆարինգիտով՝ չորանում էր կոկորդս, բարձրանում էր մարմնիս ջերմաստիճանը: Մեկ տարի անց կամաց-կամաց վիճակս բարելավվեց և ես այլևս չհիվանդացա: Անգինայով հիվանդանում էին նաև մայրս և երկվորյակ քույրերս, բայց նրանց մոտ դա ավելի մեղմ էր ընթանում, բացի դրանից ո՛չ այնքան հաճախ, ինչքան ինձ մոտ: Ընդհանրապես անգինայով շատերն են հիվանդանում: Երևի դա էր պատճառը, որ մենք այնքան էլ լրջորեն չէինք վերբերվում հորս «անգինային»: 
           
Հայրս շարունակում էր իր «բուժումները» միայն մի տարբերությամբ, որ նա նաև սպիտակ մառլյայով փաթաթել էր կոկորդը՝ հետևելով «տաք պահիր, որ անցնի» ժողովրդի մեջ ընդունված խորհրդին: Մենք արդեն սովոր էինք այդ փաթաթանը տեսնել նրա պարանոցին:  Սակայն, մի օր մայրս հայտնեց ինձ, որ հորս ծնկներին հեղուկով լեցուն մեծ-մեծ բշտիկներ են հայտնվել, որոնք ո՛չ քոր են գալիս, ո՛չ էլ ցավում: Դա ինձ շատ տարօրինակ թվաց և ես նրան տարա բժշկի: Մենք գնացինք պոլիկլինիկա, մաշկային բաժանմունք:
           
Ես, հիմա ապրելով Միցայալ Նահանգներում, նոր եմ հասկացել, թե ինչքան արդյունավետ է բժշկական համակարգը Հայաստանում և հակառակը, ինչքան անարդյունավետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հիվանդը Հայաստանում կարող է նախնական բուժում ստանալ պոլիկլինիկայում, իսկ առանձին դեպքերի և բարդությունների դեպքում հիվանդանոցում: Պոլիկլինիկայում կան գրեթե բոլոր հիվանդությունների գծով բաժանմունքներ, որտեղ հիվանդին ո՛չ միայն ախտորոշում են, այլ նաև բուժում, ըստ որում միանգամայն ձրի: Ամերիկայում բժշկական համակարգը բաղկացած է բազմաթիվ բժշկական կենտրոններից և հիվանդանոցներից: Բժշկական կենտրոններում հիվանդը հիմնականում նախնական զննման է ենթարկում,  կատարվում են որոշ ախտաբանական հետազոտություներ: Բուժումը մեծ մասամբ կատարվում է հիվանդանոցում, եթե նույնիսկ դա առաջին բժշկական օգնություն ցույց տալն է: Այդ պատճառով էլ հիվանդանոցները լեփ լեցուն են հիվանդներով՝ նույնիսկ բոլոր հիվանդանոցների շտապ օգնության բաժանմունքները: Համակարգից գրեթե բոլորն են դժգոհ: Ժամանակ առ ժամանակ թերթերում քննադատական հոդվածներ են տպվում, իսկ հեռուստացույցով քննադատական հաղորդումներ կազմակերպվում, բայց համակարգը համառորեն մնում է նույնը:
           
Հորս զննեց մաշկային բաժանմունքի վարիչը` Կառլեն Լևոնիչը, որը բժշկական գիտությունների թեկնածուի կոչում ուներ: Կառլեն Լևոինիչը միջահասակ, թեթևակի ալեխառն մազերով, ինտիլիգենտ մի անձնավորություն էր:  Նա ասաց, որ ոչ մի վտանգավոր բան չկա, որ պարզապես մրսածություն է, իսկ ինչ վերաբերվում է բշտիկներին, ապա դրանք հենց այդ մրսածության հետևանքն են: Մենք ուրախացանք, որ վտանգավոր ոչինչ չկա և վերադարձանք տուն: Հայրս շատ էր հավանել Կառլեն Լևոինիչին: Երբ տուն եկանք, նա ասաց.
           
- Ի՛նչ աղեկ բժիշկ մըն էր:
           
Անցավ ևս մեկ ամիս: Հորս վիճակը չէր լավանում: Այս անգամ ես մեր տուն հրավիրեցի մեկ ուրիշ մաշկաբանի՝ բժիշկ Վարդան Մարգարյանին: Նա մի թռուցիկ հայացք գցեց հորս ծնկների վրայի բշտիկներին և նրանից ծածուկ, գլխի շարժումով ինձ հասկացրեց, որ դուրս գնանք: Մենք գնացինք հյուրասենյակ և բժիշկն ասաց.
           
- «Pemphigus Vulgaris», - և տխուր նայեց ինձ:           
           
- Ի՞նչ, - ասացի ես: Նա նորից կրկնեց.           
           
- «Pemphigus Vulgaris»:
           
- Իսկ ի՞նչ է նշանակում դա, - ասացի ես:
           
- Դա նշանակում է, որ Ձեր հայրը ծանր հիվանդ է և ընդամենը երեք ամսվա կյանք ունի: «Pemphigus Vulgaris»-ն ավելի վատ հիվանդություն է քան քաղցկեղն ու ավելի արագ ընթացող: Մաշկային հիվանդություններն, ի տարբերություն մյուս հիվանդությունների, ախտանիշներն ի ցույց են դնում հենց հիվանդի մաշկի վրա: Դրա համար էլ մաշկաբանների զգալի մասը գրեթե չի սխալվում ախտորոշման հարցում:  Եթե բուժումը շուտ սկսվեր, այսինքն հվանդությունն ախտորոշվեր ավելի շուտ ապա հնարավոր կլիներ հիվանդի կյանքը զգալիորեն երկարացնել:
           
- Ուրեմն, եթե Կառլեն Լևոնիչը ճիշտ ախտորոշե՞ր, ապա հնարավոր կլինե՞ր հորս կյանքը երկարացնել:
           
- Ա՛յո, բայց հիմա արդեն ուշ է:
           
Հաջորդ օրը մենք հորս տարանք «Մաշկաբանության և Սեռավարակբերի Գիտա-ժշկական Կենտրոն»: Այնտեղ լաբորատոր հետազոտությունների արդյունքները դրական դուրս եկան: Այսինքն, հաստատվեց, որ հայրս հիվանդ է «Pemphigus Vulgaris»-ով…
           
Բաժանմունքում կային և տարեցներ և երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք նույնպես հիվանդ էին «Pemphigus Vulgaris»-ով: Նրանց՝ գրեթե բոլորի մոտ հիվանդությունը սկսվել էր կոկորդի ցավով, ինչպես հորս մոտ: Նրանք բոլորը դիմել էին քիթ-կոկորդի բժիշկներին կարծելով որ նշագեղձերի խնդիր ունեն: Զարմանալի է, բայց բժիշկները նույնիսկ հեռացրել էին նրանցից մի քանիսի նշագեղձերը՝ կարծելով, որ իսկապես խնդիրը նշագեղձերի մեջ է, բայց վերջի վերջո բոլորն էլ եկել էին մաշկային բաժանմունք…
           
«Pemphigus Vulgaris»-ը իմունային խանգարում է: Իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ ընդեմ մաշկի և լորձաթաղանթների վրա գտնվող հատուկ սպիտակուցների: Այդ հակամարմինները կոտրում են մաշկի բջիջների միջև եղած կապերը, որը հանգեցնում է բշտիկների ձևավորմանը:  Ստույգ պատճառը դեռևս անհայտ է: Բուժման համար ամենից առաջ օգտագործում են իմունային համակարգն ամրապնեդող պատրաստուկներ, ինչպես նաև հակաբորբոքիչներ և կորտիկոստերոիդներ: Ամեն դեպքում  կողմնակի բարդություններն անխուսափելի են գրեթե բոլոր օգտագործվող դեղերի բարձր չափաբաժինների պատճառով: Հիվանդությունն անբուժելի է, բայց հնարավոր է համապատասխան բժշկական հսկողության դեպքում երկարացնել հիվանդի կյանքը:
           
Մի քանի ամիս հայրս անցկացրեց հիվանդանոցքում: Նրան խնամում էր մայրս: Նա մահացով ուղիղ երեք ամիս անց, ինչպես կանխատեսել էր բժիշկ՝ Վարդան Մարգարյանը:
           
Պատահաբար իմացա, որ ճակատագրի հեգնանքով Կառլեն Լևոնիչի դիսրտացիայի թեման եղել էր «Pemphigus Vulgaris»-ը…



Կալիֆորնիա, Գլենդել
16 հոկտեմբերի, 2014թ.
           


           
           


No comments:

Post a Comment

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...