Saturday, April 15, 2017

«Թանկագին» նվերը


- Գագի՛կ, այս ի՞նչ փաթեթ է դրված գրասեղանիդ, նվեր է՞, - զայրացած հարցրեց ամերիկյան «N» խոշոր կազմակերպության, ծառայությունների գծով երիտասարդ տնօրեն՝ Վարդան Կարապետյանն իր ենթակային՝ Գագիկ Դավթյանին:
           
Վարդան Կարապետյանն ավարտել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան և դա նրան հնարավորություն էր տվել բավականին բարձր աշխատավարձով աշխատանք գտնել Երևանում գործող բազմաթիվ ամերիկյան կազմակերպություններից մեկում: Ճիշտն ասած այդ բաժնի աշխատանքների համար հարկավոր չէր ո՛չ տնօրենի մագիստրոսի կոչումը, ոչ էլ նրա ենթակայի բարձրագույն կրթությունը: Պարզապես Հայաստանում, հատկապես՝ անկախությունից հետո, աշխատանքի ընդունվելու պայմաններն ու պահանջները, անբնականորեն բարձրացել էին: Մինչև անկախանալը կատակով, ռուսների նման, ասում էին. «Աշխատանքը հո գա՞յլ չէ, որ անտառ փախչի», իսկ անկախությունից հետո. «Աշխատանքը գայլ չէ է՜, այլ ավելի սարսափելի բան»…
           
- Ես գաղափար անգամ չունեմ, թե դա ի՞նչ է և ումի՞ց է, - վիրավորված պատասխանեց Գագիկը, ով երիտասարդ տնօրենից զգալիորեն տարիքով մեծ էր և անըդհատ վազքի մեջ էր՝ տարբեր տեսակի ծառայություններ մատուցելով ամերիկացի աշխատակիցներին՝ կապված նրանց կենցաղի, շրջագայությունների ու մշակութային միջոցառումների հետ:
           
Պարզվեց՝  Գագիկին Ամերիկայից նվեր բերողը դոկտոր  Հենդերսոնն էր:
           
- Շուտ տա՛ր և վերադարձրու՛, - զայրացած կարգադրեց երիտասարդ և գոռոզ տնօրենը Գագիկին:           
           
- Բայց ի՞նչ ասեմ, մանավանդ ես նրան չէի խնդրել, որ ինձ համար նվեր բերեր, - սրտնեղեց Գագիկը:            
           
- Իմ գործը չէ՛, արա՛ ինչ ասում եմ…
           
Գագիկը շփոթահար ուղևորվեց դեպի դոկտոր Հենդերսոնի աշխատասենյակը, ով հանդիսանում էր կազմակերպության փոխնախագահը: Դոկտոր Հենդերսոնն ԱՄՆ քաղաքացի էր, կիսով չափ հայ, չնայած հայերեն չգիտեր: Նա քաղաքագիտության դոկտորի կոչում էր ստացել Մայամիի համալսարանում և բավականին խիստ բնավորություն ուներ:
           
Դոկտոր Հենդերսոնը լսելով Գագիկին, մռայլվեց, անմիջապես ձեռքը տարավ դեպի հեռախոսը և հավաքեց Վարդանի համարը.
           
- Լսի՛ր, Վարդան, դու ի՞նչ իրավունքով ես ստիպում Գագիկին, որ վերադարձնի իմ բերած նվերը: Նվեր տալը կամ նվիրատվություն անելը կամավորական սկզբունքով է և ոչ ոք իրավունք չունի դա արգելելու՝ լինի դա Հայաստանում, թե Ամերիկայում, հասկացա՞ր:
           
- Դոկտո՛ր Հենդերսոն, - զգուշությամբ փորձեց նրան առարկել Վարդանը, – դա հակասում է մեր կազմակերպության քաղաքականությանը. նվերը համարվում է կաշառք և ոչ մի կերպ չի խրախուսվում:
           
- Ի՞նչ ես խոսում, գժվե՞լ ես: Ինձ էլ ես վիրավորում: Ես ի՞նչ շահ ունեմ Գագիկին կաշառելուց: Դու չես էլ հասկանում, թե ի՞նչ ես խոսում: Թե՞ ուզում ես ազնվությունդ ի ցույց դնել՝ այս ամենը ձեռնարկելով: Վերջ տու՛ր: 
           
Գագիկը վերադարձավ տնօրենի և իրեն հատկացրած ընդհանուր աշխատասենյակը և գեղեցիկ ձևավորված փաթեթը դրեց Վարդանի գրասեղանին:
           
- Ինչու՞ ես իմ գրասեղանի վրա դնում:
           
- Ի՞սկ ուր դնեմ:
           
- Չգիտեմ:
           
- Ես էլ չգիտեմ: Դու ես տնօրենը, դու էլ` որոշիր, - ձանձրացած պատասխանեց Գագիկը:
           
- Լավ, բաց արա՛, տեսնենք մեջն ի՞նչ կա:
           
- Ինձ համար բոլորովին հետաքրքիր չէ, թե մեջն ի՞նչ կա, - այդ ամենից արդեն հոգնած, անտարբեր ասաց Գագիկը:
           
- Քեզ ասում եմ, բաց արա՛, - արդեն մեղմացած խնդրեց տնօրենը:
           
Փաթեթը միջին մեծության, մի հաստափոր գրքի չափ էր, խնամքով փաթաթված բաց շագանակագույն թղթով և վրայից խաչաձև կապված կարմիր, նուրբ ժապավենով: Փաթեթի վրա մեծ-մեծ, վայելուչ ձեռագրով անգլերեն գրված էր՝ for Gagik from Dr. Henderson, այսինքն` Գագիկի համար դոկտոր Հենդերսոնի կողմից: Մի քանի տակ թուղթ քանդելուց հետո, մի ստվարաթղթե տուփ երևաց: Այդ տուփի մեջ դարձյալ թղթով մի քանի տակ փաթաթված մեկ այլ տուփ կար, որի մեջ էլ՝ մի փոքրիկ, բազմագործառույթ, տափակաբերան աքցան: Վերջինս այնպես էր սարքած, որ միաժամանակ կարող էր ծառայել նաև որպես դանակ, կտրիչ, պտուտակահան և մկրատ:
           
- Սա ինձ հարկավոր չէ՛, - ասաց Գագիկը և իրը դրեց տնօրենի գրասեղանին:
           
Վարդանը վերցրեց փոքրիկ գործիքը, հեշտությամբ տեղավորելով ափի մեջ, տնտղեց և դիմելով ինքնիրեն, թե՞ Գագիկին, հարցրեց.
           
- Տեսնես՝ ի՞նչ կարժենա սա Ամերիկայում, - հետո ջղայնացած գոչեց, - ի՜նչ էլ բան է գտել նվիրելու, չէ՞ր կարող մի կարգին բան նվիրել: 
           
Գագիկը լուռ էր: Նա լարված մտածում էր. «Երևի վիրավորվում է, որ իրեն նվեր չեն բերում: Ախ՜ր, չի ըմբռնում, որ նվերին էլ են արժանանում… Ինչքա՜ն աղմուկ բարձրացրեց այս հասարակ բանի համար, ուղղակի նողկալի է և նվաստացուցիչ… Միթե՞ կարելի է մարդու հետ այդպես վարվել: Եթե այս աշխատանքը թողնեմ, հեռանամ, ընտանիքս քաղցի կմատնվի: Իրեն ինչ կա՝ ինձ նման ընտանիք, փոքրիկ երեխաներ  չունի: Չէ՜, պետք է առայժմ մնամ, բայց ընթացքում փորձեմ մի ուրիշ աշխատանք գտնել, որտեղ ինձ վրա սրա նման գոռոզները վերևից չեն նայի ու մանավանդ չեն ճնշի»:
           
- Գագի՛կ, Գագի՛կ, չես լսու՞մ: Տե՛ս, ինչ եմ մտածել: Վերցրու՛ այս անպետք գործիքը և տա՛ր պահեստ՝ մուտք անելու: Այդպես և՛ օրենքով կլինի, և՛ դոկտոր Հենդերսոնն էլ չի իմանա: Լավ ե՞մ մտածել:  
           
Գագիկին բոլորովին դուր չեկավ տնօրենի «հանճարեղ» գաղափարը, բայց լռեց: «Երևի պարապությունից չգիտի, թե ի՞նչ անի: Սա էլ լավ առիթ է՝ ապացուցելու իր «ազնվությունն ու սկզբունքայնությունը», բայց չգիտես ինչու՞ դա միշտ կիրառելի չէ», - մտածեց նա: Երբ անցյալ տարի դոկտոր Կլարկը, վերադառնալով Ամերիկայից, երկու փողկապ բերեց՝ մեկը Գագիկի, իսկ մյուսը՝ Վարդանի համար, նա ասաց. «Արի՛ այս անգամ ընդունենք նվերները: Անհարմար է միշտ մերժելը»: Հետո՝ նրան թվաց, որ Գագիկին բաժին հասած փողկապն ավելի լավն է, առանց ամաչելու առաջարկեց փոխանակել: Այն ժամանակ Գագիկն ասաց. «Երկուսն էլ քեզ վերցրու, ես սովորություն չունեմ փողկապ կրելու», - չնայած դա այդպես չէր: Մի ուրիշ անգամ Ջոնսոն ամուսինները Գագիկի համար բրդե, տաք սվիտեր էին բերել Ամերիկայից և ուրախությամբ հանձնելով Գագիկին, ասացին. «Գագի՛կ, սա որ հագնես, ձմռան ամիսներին էլ երբե՜ք չես մրսի: Չէ՞, որ դու գործերիդ պատճառով հաճախ ստիպված ես դրսում լինել»: Այն ժամանակ Գագիկը ո՛չ միայն սվիտերը վերադարձրեց ամուսիններին, պատճառաբանելով կազմակերպության վարած քաղաքականության կանոնները, այլև ստիպված եղավ լսել տնօրենի երկար-բարակ ճառն այդ նույն կանոնների վերաբերյալ, իսկ Ջոնսոն ամուսիներն ամոթահար, Գագիկից ներողություն խնդրեցին՝ նրան անհարմար վիճակի մեջ դնելու համար: Նա հիշեց նաև Սթիվ Հուի դեպքը: Չինացի Սթիվ Հուն արձակուրդին վերադառնալով ԱՄՆ, Գագիկին էլեկտրոնային փոստով նամակ գրեց ու տեղյակ պահեց, որ այլևս հետ չի գալու, քանի որ բարձր վարձատրվող աշխատանք էր գտել այնտեղ, իսկ վերջերս գնած ճապոնական «Sony» մագնիտոֆոնն էլ թողնում էր Գագիկին՝ որպես նվեր, որովհետև նրան համարում էր իր ընկերը: Պատասխան նամակով Գագիկը գրեց նրան, որ չի կարող նվերն ընդունել, քանի որ դա հակասում է կազմակերպության քաղաքականությանը, բայց կարող է որոշակի զեղջված գումարով գնել այն նրանից: Իմանալով այդ մասին, Վարդանն ասաց. «Ես կգնեմ: Քույրս հենց այդպիսի մագնիտոֆոնի մասին է երազում, որը ո՛չ միայն ռադիո, այլև լազերային սկավառակով նվագարկիչ ունի: Փոխարենը կտամ քեզ մեր հին, չինական արտադրության մագնիտոֆոնը»: Չինացի Սթիվը հրաժարվեց Գագիկից գումար վերցնել՝ պատճառաբանելով, որ սրտանց է նվիրում: Գագիկն էլ մագնիտոֆոնը փոխանցեց Վարդանին, չնայած անչափ հավանում էր:

Գագիկը վերցրեց փաթեթը տնօրենի գրասեղանի վրայից և ճարահատյալ ուղևորվեց հաշվապահության բաժին, կազմակերպության պահեստապետի՝  Արշակի մոտ, ով մոտավորապես Վարդանի տարիքին էր՝ 23-24 տարեկան և նույնքան մեծամիտ ու գոռոզ, ինչքան Վարդանը, քանի որ միաժամանակ սովորում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում և հույս էր փայփայում, որ ուսումն ավարտելուց հետո իրեն կհաջողվի ավելի բարձր պաշտոնով, մանավանդ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնել մի որևէ արտասահմանյան կազմակերպությունում, ինչպես Վարդանին էր հաջողվել:

Երբ Արշակն իմացավ, թե ինչու է Վարդանն ուղարկել Գագիկին իր մոտ, շատ զարմացավ և անմիջապես, դոկտոր Հենդերսոնի նման, զանգահարեց Վարդանին.

- Լսի՛ր Վարդան, դու էլ բան ու գործ չունե՞ս, էս ի՞նչ ես հնարել, ինչու՞ ես էս խեղճ մարդուն իզուր տեղը տանջում, ինձ էլ հետը:

- Քո գործը չէ՛, - կոպիտ պատասխանեց նրան Վարդանը, - արա՛ ինչ քեզ ասում է Գագիկը: Անմիջապես այդ գործիքը մուտք արա՛ պահեստ, իսկ վաղն էլ դուրս գրի՛ր այնտեղից և հանձնի՛ր Գագիկին:

Նույնիսկ գլխավոր հաշվապահը փորձեց Վարդանին խելքի բերել և ավելորդ խնդիրներ չառաջացնել, սակայն հայ-ամերիկյան համատեղ կազմակերպության ծառայությունների գծով երիտասարդ ու նորելուկ տնօրենն անդրդվելի էր…

Հաջորդ օրն Արշակը զանգեց Գագիկին.

- Ինչու՞ չես գալիս ապրանքդ տանելու:

Գագիկը դոկտոր Հենդերսոնի «թանկագին» նվերը ստացավ և դրեց չհրկիզվող պահարանի մի հեռավոր անկյունում, որի բանալու կրկնօրինակը գտնվում էր Վարդանի մոտ: Ամենայն հավանականությամբ «թանկագին» նվերը մինչև օրս էլ այնտեղ է…

Տարիներ անց, երբ Գագիկն արդեն ապրում էր Կալիֆորնիայում, «99» կոչվող խանութներից մեկում տեսավ այդ փոքրիկ, բազմագործառույթ, տափակաբերան աքցանը: Այն ընդամենն 99 ցենտ արժեր: Նա ձեռքի մեջ առնելով ծանոթ առարկան, դառնությամբ մտածեց. «Իմաստ ունե՞ր արդյոք նման էժանագին բանի համար այդքա՜ն աղմուկ բարձրացնել և նյարդեր փչացնել… Կատակով, բայց ի՜նչ դիպուկ է ասված, որ աշխատանքի վայրը մի այնպիսի տեղ է, որտեղ վաստակում ես նյարդային սթրես ու գլխացավ, իսկ ամսվա վերջում էլ՝ մի քիչ փող, որ բուժվես», մանավանդ նման մեծամիտ, գոռոզ ու եսասեր տնօրենների ենթակայության տակ աշխատելիս:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
10 ապրիլի, 2017թ.


Saturday, April 1, 2017

«Fondital»


Արցախյան պատերազմի տարիներին՝ 1991-1994թ., որն ավարտվեց ադրբեջանցիների խնդրանք-պաղատանքով կնքված զինադադարով և մեր փառապանծ ազատամարտիկների ու Հայոց ազգային բանակի շռնդալից հաղթանակներով, Հայաստանում և Արցախում ընդհատվեց շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և միայն 1996թ.-ի վերջին, վերջապես այն վերականգնվեց:
           
Ինչպիսի՜ ուրախություն: Մարդիկ չէին կարողանում հավատալ, որ տարիներ հետո կարելի է շուրջօրյա էլեկտրականություն ունենալ, այլ ոչ թե` օրական ընդամենը մեկ կամ երկու ժամ, որի ընթացքում չէին հասցնում, ո՛չ միայն, ո՛չ մի գործ կատարել, օրինակ` լվացք կամ արդուկ անել, այլ նաև հեռուստացույց դիտել կամ երաժշտություն ունկնդրել: Շուտով սկսեցին վերականգնել նաև գազամատակարարումը: Այլևս հարկավոր չէր գազօջախներ աշխատեցնել հեղուկ պրոպանով լիցքավորված բալոններով կամ փայտ, հնոտիք վառել թիթեղյա, ինքնաշեն վառարաններում. դադարեց առանձնատների ծխնելույզներից, նույնիսկ բարձրահարկ շենքերի օդանցքներից դուրս եկող սև, քուլա-քուլա ծուխը, որը պատել էր ամբողջ մայրաքաղաքը, դադարեց փողոցների, այգիների ու պուրակների այդքան ցավալի, բայց և ճարահատյալ, անօրինական ծառահատումները…
           
- Ժամանակն է, որ մենք էլ գազի վառարան ձեռք բերենք, - ասաց  Կարինեն ամուսնուն՝ Հակոբին, երբ առավոտյան սուրճ էին խմում:
           
- Այո՛, լավ կլիներ, կպրծնեինք այս ծուխ արձակող ու փնթիություն տարածող թիթեղյա փայտի վառարանից:
           
- Եղբայրս արդեն փոխարինել է այն գազի վառարանով ու շատ գոհ է: Ասում է՝ գազի կարգավորման կոճակով վայրկյանների ընթացքում վառվում է վառարանը ու տաքացնում ամբողջ բնակարանը: Այլևս պետք չէ շաբաթը մեկ անգամ թափ տալ վառարանն ու խողովակները, ամեն տարի փայտ առնել, կոտրատել, դասավորել և այլն: Բացի դրանից գազի վառարանն ավտոմատ անջատվում է՝ գազի մատակարարման հանկարծակի դադարեցման դեպքում:
           
- Այո՛, - հանաձայնվեց Հակոբը, - ասում են՝ արդեն շուկան ողողված է, հիմնականում, պարսկական գազի վառարաններով, որոնք եղածների մեջ ամենաէժանն են: Իհարկե՛, ամենաճիշտ տարբերակը՝ մեր տան ջեռուցման համակարգը վերականգնելն է, քանի որ միայն այդ դեպքում հավասարաչափ, հարմարավետորեն կտաքանա ամբողջ բնակարանը, բայց, ի՜նչ արած, դրա հնարավորությունն առայժմ չկա:
           
Որոշվեց ինքնաշեն թիթեղյա փայտի վառարանը փոխարինել գազի վառարանով:
           
- Ամերիկյան բազմաթիվ անեկդոտներ կան ցրտի ժամանակ տաքանալու վերաբերյալ, - ժպտալով սկսեց պատմել Կարինեն, - օրինակ՝ այս մեկը. «Այդ տարի այնքա՜ն ցուրտ էր, որ Բիլ Քլինտոնը ստիպված էր տաքանալու համար քնել իր սեփական կնոջ հետ» կամ այս մեկը. «Այդ տարի այնքա՜ն ցուրտ էր, որ փաստաբանները ստիպված էին տաքացնել իրենց ձեռքերը սեփական գրպաններում»:
           
- Հա՜, հա՜ հա՜, - սա էլ ես գիտեմ, ծիծաղելով շարունակեց Հակոբը. «Այդ տարի այնքա՜ն ցուրտ էր, որ դատապարտյալները ստիպված էին խնդրել, որ իրենց նստեցնեին էլեկտրական աթոռներին»:
           
Շուտով տան խոհանոցում տեղադրվեց պարսկական արտադրության գազի վառարանը, որն ավելի հարմարավետ պայմաններ ստեղծեց ընտանիքի համար, սակայն ինչպես Հակոբն էր նկատել, այն հավասարաչափ չէր տաքացնում ընդարձակ բնակարանի բոլոր անկյունները:
           
Մի քանի տարի անց հայկական շուկայում հայտնվեց նաև բնական գազով աշխատող չինական, գերմանական, թուրքական և իտալական արտադրության ջեռուցման կաթսաների բազմազան մի տեսականի:
           
Հակոբն ու Կարինեն նախապատվությունը տվեցին իտալական «Fondital» մակնիշի, բնական գազով աշխատող, պատից կախվող ջեռուցման կաթսային:
           
«Fondital-ի» տեղադրումից հետո, ինչպես ակնկալվում էր, բնակարանի հարմարավետությունը, իսկապես, կտրուկ լավացավ: Շնորհիվ ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման, բնակարանում տաքությունը պահպանվում էր միշտ նույն մակարդակի վրա: Բնակարանում ապրելը դարձավ հեշտ ու հաճելի:
           
Այդ տարի ձմռանը շատ ցուրտ էր, բայց Հակոբենց բնակարանում դա չէր զգացվում՝ շնորհիվ իտալական գազի կաթսայի: Ձմռանը բնակարանը տաքացնելն այլևս հոգս չէր Կարինեի և Հակոբի համար:
           
Նոր տարուց անմիջապես առաջ Կարինեն, ինչպես ընդունված է հայկական ընտանիքներում, սկսեց մանրակրիկիտ կերպով մաքրել բնակարանը: Նրա ջանքերն իզուր չանցան: Բնակարանը սկսեց շողշողալ մաքրությունից: Ոչ մի բիծ, ոչ մի փոշու հատիկ հնարավոր չէր հայտնաբերել: Ամեն ինչ լավ էր, բայց, դժբախտաբար, հենց դեկտեմբերի 30-ին շարքից դուրս եկավ իտալական  կաթսան…
           
Տունն անմիջապես ցրտեց:
           
- Հիմա ի՞նչ ենք անելու: Ինչպե՞ս ենք այս ցուրտ տան մեջ Նոր տարի դիմավորելու և հյուրեր ընդունելու, - անհանգստացավ Կարինեն:       
           
- Հա՜ հա՜, հա՜, ես էլ՝ ո՛չ Բիլ Քլինտոնն եմ, որ այս ցրտին գնամ ուրիշների կնիկների հետ քնեմ, ո՛չ էլ՝ ամերիկյան բանտարկյալ, որ խնդրեմ ինձ էլեկտրական աթոռին նստեցնեն, - կատակեց Հակոբը:
           
- Հակո՛բ, ո՞նց էլ տրամադրություն ունես կատակելու, շուտ զանգի՛ր խանութ, թող վարպետ ուղարկեն, չնայած այս նախատոնական օրերին դժվար թե որևէ մեկին կարողանան ուղարկել…
             
Կարինեի գուշակությունը ճիշտ դուրս եկավ: Խանութից ասացին, որ բոլոր երեք վարպետներն էլ զբաղված են պատվերներով և մինչև Նոր տարի ի վիճակի չեն գալու: Հակոբը խուճապի մատնվեց և չգիտեր, թե ի՞նչ աներ: Նա խոստացավ կրկնակի վճարել, միայն թե վարպետը գար ու վերանորոգեր կաթսան: Վերջապես, դեկտեմբերի 31-ի կեսօրին, վարպետ Սուրենը զանգահարեց և հարցրեց, թե ի՞նչ է եղել:
           
- Կաթսան չի միանում, միայն ազդանշանային կարմիր լույսն է թռթռում, - բացատրեց  Հակոբը:
           
- Իսկ Դուք փորձե՞լ եք էլեկտրական խրոցը շրջված՝ հակառակ բևեռականությամբ մտցնել վարդակի մեջ:   
           
- Իսկ մի՞թե միևնույնը չէ, - զարմացած պատասխանեց Հակոբը:
           
- Ուրիշ սարքերի համար միգուցե միևնույնը լիներ, բայց ոչ «Fondital»  մակնիշի կաթսայի համար, քանի որ Էլեկտրական սխեման սնուցվում է լարման ոչ տրանֆորմատորային սնուցման բլոկի օգնությամբ, իսկ սխալ բևեռականությամբ միացնելու դեպքում, նկատի ունեմ հոսանքի ֆազն ու 0-ն, ավտոմատ սարքն անմիջապես անջատում է կաթսան և թռթռալով վառվում է  վթարային ռեժիմի կարմիր լույսը: Դրա մասին Ձեզ զգուշացրել էին դեռ խնութում, երբ գնում էիք կաթսան: Երևի մոռացել եք: Այնպես որ, փորձե՛ք:
             
Վարպետ Սուրենն իրավացի էր: Վթարային կարմիր թրթռացող լույսը մարեց և կաթսան անմիջապես սկսեց աշխատել առաջվա նման: Երբ Հակոբը հարցրեց վճարի մասին, վարպետ Սուրենն ասաց, որ ոչինչ հարկավոր չէ վճարել:
           
Կարինեն խոստովանեց, որ մաքրելու համար հանել էր կաթսայի էլեկտրական խրոցը վարդակից և, հետո չիմանալով, սխալ բևեռականությամբ միացրել: Փաստորեն դրա համար էլ կաթսան դադարել էր աշխատելուց: 
           
Կարինեն շնորհավորական բացիկի վրա, որի վրա պատկերված էր Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը, շուտուփույթ շնորհակալական և Նոր տարվա բարեմաղթանքների խոսքեր գրեց և մի տուփ կոնֆետների ու մի շիշ «Տոնական» կոնյակի հետ հանձնեց Հակոբին.
           
- Շու՛տ, քանի դեռ ուշ չէ, գնա՛ խանութ և խնդրի՛ր, որ այս բոլորը հանձնեն վարպետ Սուրենին: 


Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդեյլ
30 մարտի, 2017թ.

Tuesday, March 14, 2017

Ամեն ինչ լավ է լինելու…


Կալիֆորնիայի` Գլենդեյլ քաղաքի հանրահայտ «Ralphs» ուտելիքի սուպերմարկետներից մեկը գտնվում է կենտրոնական «Wilson» փողոցի վրա՝ ճիշտ, «Wells Fargo» ոչ պակաս հայտնի բանկի հարևանությամբ: Այն երկու մուտք ունի՝ մեկն անմիջապես ավտոմեքենաների ստորգետնյա, լայնարձակ կայանատեղից, մյուսը՝ փողոցի կողմից՝ ճարահատյալ ոտքով եկողների կամ գլխավորապես տարեցների, չքավորների  ու խեղճ ու կրակ անտունների համար:
           
Ավտոմատ բացվող, շքեղ, ապակյա դռներով ներս մտնելիս, գնորդը ձախակողմյան մասում կտեսնի «Service Deli-ն», այսինքն՝ պատարաստի ուտելիքի բաժինը, որտեղ ապակեպատ ցուցափեղկերի տակ կարելի է տեսնել արդեն եփած ձկան, հավի, խոզի և տավարի մսի նմուշներ, բազմատեսակ աղցաններ և այլ պատրաստի ուտեստներ: Գները մատչելի են՝ մի քիչ ավելի, քան հում կամ չպատրաստված վիճակում: Հենց «Service Deli-ի» առջևում մի քանի սեղաններ և աթոռներ են դրված՝ տեղում գնված ուտելիքը ճաշակելու համար: Որոշ մարդիկ, հատկապես ամռան շոգ ամիսներին, այստեղից են գնում տան համար արդեն պատրաստի՝ հիմնականում եփած ուտելիքներ, որպեսզի անասելի տապին չկանգնեն տաք գազօջախի առջև, բայց «Service Deli-ի» հիմնական հաճախորդները միայնակ, տարեց կամ էլ թափառական, անտուն մարդիկ են: Նրանք, գրեթե բոլորը, թափթփված, անխնամ տեսք ունեն՝ կոշիկները փոշոտ, հագուստները տրորված, ճմրթված, տղամարդիկ՝ չսափրված, իսկ կանայք՝ չշպարված և չսանրված: Նրանց հայացքներն անկենդան են, վերջին հույսը մարած և տխուր: Նրանք անշտապ, որովհետև երևի գնալու տեղ չունեն, ուտում են իրենց առջև դրված ուտելիքը և անպայաման մի որևէ հին լրագիր կամ ամսագիր են աչքի անցկացնում, ըստ երևույթին, նախկին սովորության համաձայն: Ոմանք, փոքրիկ անվավոր պայուսակների մեջ, ունեցած-չունեցածն իրենց հետ են ման ածում:
           
Սուպերմարկետի՝ մուտքի աջակողմյան մասում գտնվում են վիճակախաղի, գույնզգույն լույսերով ու հաճելի, հրապուրիչ ձայնային ազդանշաններ արձակող ավտոմատները, որոնցից օգտվում են հիմնականում «Service Deli-ի» տարեց, ցածր եկամուտ ունեցող, աղքատ կամ անտուն հաճախորդները: Նրացից ոմանք դեռևս հույս ունեն, որ մի օր խոշոր գումար կշահեն…
           
Հիսուն անց, սևամորթ, նիհարիկ մի կին կանգնած էր «Service Deli-ի» պատրաստի ուտելիքով բեռնված ցուցափեղկերի առջև առաջացած փոքրիկ հերթի մեջ: Նա տարբերվում էր մյուսներից, քանի որ կոկիկ հագնված էր, չնայած հագած շորերը մի քիչ մաշված էին, բայց հայացքում հույս կար ու բարություն: Երեկոյան ժամը վեցն էր: Ճաշի ժամն էր: Կինը վերցրեց տապակած հավի բուդ՝ $1.49, կես փաունդ աղցան՝ $1.99, բուլկի՝ $0.75 և կես լիտր խմելու ջուր՝ $1.10, ընդամենը՝ $5.23:
           
- Ահա Ձեր մանրը՝ $4.77 և բարի ախորժակ, - ասաց վաճառողուհին:
           
- Շնորհակալություն:
           
«Սա վաղվա նախաճաշին կհերիքի», - մտածեց կինը, - «իսկ ճաշին ի՞նչ եմ անելու, ունեցածս 10 դոլարից մնաց միայն այսքանը… Ոչի՜նչ, ամեն ինչ լավ է լինելու»:
           
Կինը, արդեն կուշտ, դուրս եկավ «Ralphs-ից» և շարժվեց «Wells Fargo» բանկի ուղղությամբ: Առջևից՝ նույն ողղությամբ մի անտուն, հնամաշ տաբատով ու բաճկոնով, հյուծված, տարիքն առած, սպիտակամորթ մարդ էր գնում՝ դանդաղ, երերուն քայլերով: Երբ նա հասավ բանկի առջև դրված նստարանին, կանգ առավ ու նստեց: Նրա հայացքն անկենդան էր ու անորոշ: Կինը, հասնելով նրան, նկատեց դա և մոտենալով ծերունուն, ասաց.
           
- Ամեն ինչ լավ կլինի, Աստված մեծ է…
           
Հետո գրպանից հանեց մանրը՝ $4.77 և ամբողջը տվեց նրան: Ծերունու աչքերն անմիջապես կենդանացան, հույսի մի թույլ շող երևաց նրա հուսահատ աչքերում: Նա հաստատուն, վստահ քայլերով ուղևորվեց դեպի «Ralphs», «Service Deli»…
           
Կինը մոտեցավ բանկի մուտքի դռան մոտի տակառաձև աղբարկղին և այնտեղից հանելով երկու պլաստիկ շշեր և մեկ ճզմված կոկա-կոլայի թիթեղյա բանկա, ուրախությամբ, բարձրաձայն բացականչեց.
           
- Ասում էի չէ՞, որ ամեն ինչ լավ է լինելու:
           

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
13 մարտի, 2017թ.

Friday, March 10, 2017

Ու՞ր կերթաք, Վասելինան հի՛մա ձեզի համար ձուկ պիտի տապկե…


Հայկական Մեծ Եղեռնի պատճառով, հայերը թափառական դարձած, սփռված են ամբողջ աշխարհով մեկ:  Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մի հայ, որ չունենա մոտիկ կամ հեռավոր ազգականներ, բարեկամներ կամ ընկերներ հայկական սփյուռքում: Թուրք բաշիբոզուկները, սկսած 11-րդ դարից, տաքուկ տեղավորվելով Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Կիլիկիայի բարեբեր և աշխարհագրական տեսանկյունից նպաստավոր դիրք ունեցող հայկական հողերի վրա, բռնությամբ և առաձնակի դաժանությամբ դարեդար, աստիճանաբար դուրս մղեցին հայերին իրենց պատմական բնօրրանից, քաղաքակրթության վաղնջագույն կենտրոններից մեկից՝ կանգ չառնելով ոչ մի քստմնելի, անմարդկային արարքի առջև, ընդհուպ մինչև եղեռնագործություն…
           
Հակոբի հորեղբայրը մեկն էր այն սակավաթիվ հայերից, որ եղեռնի դժոխային ճիրաններից կարողացել էր փրկվել և բնակություն հաստատել Բուլղարիայի հյուրընկալ մայրաքաղաքում՝ Սոֆիայում: Նրա միակ որդին վերջապես ամուսնացել էր 40 տարեկան հասակում մի բուլղարուհու՝ 27 ամյա գեղեցկուհի, ոսկեծամ ու կապուտաչյա Վասելինայի հետ: Ափսո՜ս, նրա հայրը չհասցրեց տեսնել սիրելի որդու՝ Գրիգորի երջանկությունը… Գրիգորի և Վասելինայի պսակադրությունը տեղի ունեցավ Սոֆիայի հայկական եկեղեցում:
           
Ուրախալի լուրն առնելու պես, Հակոբն ու Կարինեն շտապեցին ջերմորեն շնորհավորել իրենց ազգականին և հրավիրեցին Հայաստան: «Սիրելի եղբայր», - գրեց Հակոբը իր նամակում, - «ես և կինս՝ Կարինեն անկեղծորեն շնորհավորում ենք Ձեզ երկարատև սպասվող ամուսնության առթիվ: Ցանկանում ենք երջանիկ, անհոգ կյանք ու սրտանց հրավիում ենք Ձեզ Հայաստան: Սա նաև պատեհ առիթ է՝ մեր սիրասուն հայրենիքը թանկագին հարսին՝ Վասելինային ցույց տալու համար»:
           
Պատասխան նամակով Գրիգորը շնորհակալություն հայտնեց սրտագին հրավերի համար, տիկնոջ՝ Վասելինայի և իր անունից հաղորդեց, որ գերադասում են գնալ Եվրոպական մի որևէ երկիր շրջագայելու, քանի որ նույնքան դրամ ծախսելով ավելի լավ կարելի է ժամանակ անցկացնել հենց այնտեղ, քան Հայաստանում:
           
Կարինեին և Հակոբին բոլորովին դուր չեկավ Գրիգորի նամակը, հատկապես այն տեղը, որտեղ ասվում էր, որ գերադասում են գնալ Եվրոպա, և ո՛չ թե Հայաստան:
           
- Տեսնու՞մ ես, Կարինե ջա՛ն, - սրտնեղեց Հակոբը, - ճիշտ են ասում. «Աչքից հեռու՝ սրտից հեռու»: Այնքան ապրեց հայրենիքից դուրս, որ հայրենիքն էլ կամաց-կամաց մտքից հանեց… Հիմա էլ օտարազգի կին առնելով, երևի իսպառ մոռանա հայրենիքը… Քանի՜-քանի՜ անգամ եկել է, հյուրասիրել ենք, ամբողջ Հայաստանով մեկ ման տվել, դժգոհ է՞ մնացել: Բա Վասելինան չտեսնի՞ մեր հայրենիքը:  
           
- Ոչինչ, Հակոբ ջա՛ն, - մխիթարեց նրան Կարինեն, - եվրոպական երկրներն ավելի մոտիկ են նրանց, քան Հայաստանը: Նկատի ունեցիր նաև, որ, Խորհրդային Միությունում և սոցիալիստական երկրներում, ինչպիսին նաև Բուլղարիան է, զգալիորեն ցածր է ընդհանուր սպասարկման կուլտուրան, քան զարգացած կապիտալիստական երկրներում, որտեղի շքեղությանն ու ապրանքների առատությանը, մենք, համայնավարական ռեժիմների տակ ապրողներս, միշտ էլ նախանձել ենք… Նրանք գոնե այդ հնարավորությունն ունեն, իսկ մենք՝ խորհրադային ժողովուրդներս ընդհանրապես իրավունք չունենք այցելել կապիտալիստական երկրներ, քանի որ գտնվում ենք «երկաթյա վարագույրի» հետևում: Շատ մի նեղվիր, մի քանի ամսից ուղեգրով մեկնելու ենք Բուլղարիա, այնպես որ դեռ հնարավորություն կունենանք ծանոթանալու Գրիգորի գեղեցկուհի կնոջ հետ:
           
Իրոք, Կարինեն և Հակոբը, դեռևս Գրիգորի և Վասելինայի անակնկալ ամուսնությունից առաջ, ուղեգիր էին վերցրել, որպեսզի աշնանն առաջին անգամ այցելեին Բուլղարիա: Ուղևորության ընթացքում նրանք պետք է լինեին Բուլղարիայի երեք առավել նշանավոր ու հրաշագեղ քաղաքներում՝ Վառնայում, Պլովդիվում և Սոֆիայում: 
           
Ուղևորությունը Բուլղարիայում պետք է տևեր 16 օր, 9 օր՝ արևաշող, ծովափնյա հանգստավայր Վառնայում, 3 օր՝ հինավուրց Պլովդիվում և 4 օր՝ հիասքանչ մայրաքաղաքում՝ Սոֆիայում:
           
Առաջինը նրանք եղան Վառնայում: Հյուրանոցը շատ հարմարավետ էր, իսկ հյուրասենյակի պատուհաններն ուղղակի բացվում էին Սև Ծովի զմայլելի, կապտականաչավուն ալիքների վրա: Սննունդը գերազանց էր: Առավոտյան լողանում էին ծովում և արևահարվում ծովափնյա «ոսկեգույն» ավազների վրա, իսկ ճաշից հետո այցելում Վառնայի տեսարժան վայրերը: Ուշագրավ էր հատկապես՝ «Ծովային պարտեզ» զբոսայգին, որը հայտնի իր աստղադիտարանով,  պլանետարիումով, տերարիումով, ակվարիումով, դելֆինարիումով, գազանանոցով, բացօդյա թատրոնով և այլն: Այցելեցին նաև Վառնայի Հայկական առաքելական եկեղեցին:  
           
Այնուհետև նրանք եղան Պլովդիվում՝ բուլղարահայության կարևորագույն կենտրոններից մեկում։ Այցելեցին Պլովդիվի՝ պատմության, ազգագրության, հնագիտության, և բնական գիտությունների թանգարանները: Եղան հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում, ինչպես նաև պեղումներով հայտնաբերված հռոմեական քաղաքում, որն իր մեջ ընդգրկում է հինավուրց թատրոնը, մարզադահլիճը, ֆորումը` քննարկումների հավաքատեղին և օդիոնը` հանդիսությունների սրահը:
           
Ուղևորության վերջում նրանք եղան Բուլղարիայի ամենամեծ ու կարևորագույն քաղաքում, Վիտոշա լեռան ստորոտում սփռված Սոֆիայում: Հակոբն ու Կարինեն այցելեցին Ազգային պատկերասրահը, Իվան Վազովի անվան ազգային թատրոնը, Սուրբ Ալեքսանդր Նեվսկու տաճարը, հանրահայտ հանքային ջրերի բաղնիքը և այլն:
           
Հենց Սոֆիայի կենտրոնում, մի փոքրիկ ցանկապատված առանձնատան մեջ էր բնակվում Հակոբի հորեղբոր նորապսակ որդին՝ Գրիգորը, ով իր տինոջ հետ ճաշի էր հրավիրել Կարինեին և Հակոբին ուղևորության նախավերջին օրը: Գրիգորը մանր առևտրական էր: Նա մի փոքրիկ կրպակ ուներ քաղաքի կենտրոնում, որտեղ վաճառում էր հուշանվերներ ու մանկական հագուստ: Բուլղարիայում փոքր բիզնեսն արգելված չէր, ինչպես Խորհրդային Միությունում: Նրա տան մուտքի դռան մոտ մի կատաղի, պոչն ու ականջները կտրած գամփռ էր կապված, որը, տեսնելով հյուրերին, սկսեց ուժգին հաչել՝ խլացնելով մարդկանց ձայները և նույնիսկ փողոցով անցող ավտոմեքենաների աղմուկը: Գրիգորը համոզում էր Հակոբին ու Կարինեին, որ իր շունը չի կծի նրանց, սակայն ամեն ինչից երևում էր, որ այդ ջղագրգիռ գազանը մտադիր չէր հյուրերին ներս թողնել: Գրիգորից մեծ ջանքեր պահանջվեցին շանը զսպելու համար, իսկ ամուսիներից էլ՝ մեծ ճարպկություն, վերջինիս սուր-սուր ատամներից խույս տալու համար, ներս մտնելիս: Տունը հին էր ու մաշված: Հին էր նաև կահույքը, նույնիսկ հեռուստացույցի վրայի սև ծածկոցը՝ Սայաթ Նովայի ասեղնագործ պատկերով: Հրավիրված էին նաև Գրիգորի և Վասելինայի ընկերները՝ մի բուլղարացի իր տիկնոջ հետ ու մի գնչու: Գնչուն ոգևորված ինչ-որ բան էր պատմում, մյուսներն ուշադիր լսում էին նրան ու ժամանակ առ ժամանակ հուզված հարցեր տալիս: Բոլորը խոսում էին բուլղարերեն: 
           
- Կհասկնաք չէ՞, ինչ կխոսինք, - հարցրեց Գրիգորը Հակոբին ու Կարինեին:
           
- Ո՛չ, - կարճ պատասխանեց Հակոբը:
           
- Ա՛ս գնչու ընկերս նոր եկած է Գերմանիայեն: Կսե՝ Գերմանիան շատ լավ երկիր է. վեց ամիս հոն աշխատելով աղվոր, քիչ գործածված «Մերսեդես» մը բերած է հետը: Բուլղարերենը ռուսերենին նման է, ինչո՞ւ չեք հասկնար:
           
- Որովհետև առոգանությունը միանգամայն տարբեր է, - բացատրեց Կարինեն, - իսկ ու՞ր է Վասելինան:
           
- Խոհանոցն է, կերակուր կպատրաստե: Երթա՛նք, ծանոթացնեմ տիկինիս հետ:
           
Խոհանոցն էլ էր հին ու մաշված, իսկ Վասելինինան լվացարանի մոտ կանգնած ափսեներն էր լվանում, երբ հյուրերը ներս մտան: Նա, իրոք, շատ գողեցեկ էր, բայց փոքրամարմին, ինչպիսին Գրիգորն էր ի տարբերություն Հակոբի, ով հաղթանդամ էր: Կարինեն մոտեցավ Վասելինային և պարանոցին ոսկյա բանալիով մի ոսկյա, նուրբ շղթա հագցրեց:
           
- Այս բանալին էլ թող լինի Վասելինիայի սրտի բանալին, - ծիծաղելով, կիսակատակ բացականչեց Կարինեն:
           
- Իսկ այս 5 աստղանի կոնյակը, հայկական «Էրեբունի» սիգարետները և խորհրդային, ոսկեջրած, 29 քարանի, ավտոմատ լարվող «Полет» ժամացույցն էլ քեզ, Գրիգոր ջան, - նվերները ներկայացնելով և պինդ գրկելով նրան, ասաց Հակոբը:
           
Այնուհետև, նրանք բոլորը նորից վերադարձան հյուրասենյակ, որտեղ թեժ զրույցը Գերմանիայի վերաբերյալ դեռ շարունակվում էր: Սեղանին օղի կար, պանիր և քամած մածունով ու վարունգով պատրաստված ուտեստ: Հակոբը քաղաքավարությունից դրդված մի քանի կում օղին խմեց: Կարինեն միայն համտես արեց ուտեստից: Ճիշտն ասած թե՛ Հակոբը, և թե՛ Կարինեն քաղցած էին, բայց ճաշն ուշանում էր…
           
10:30-ին նրանք որոշեցին, այլևս չսպասել և վերադառնալ հյուրանոց, քանի որ արդեն ուշ էր և զբոսաշրջիկության խմբի ղեկավարն էլ կարող էր անհանգստանալ իրենց ուշանալու համար: Հակոբն ու Կարինեն շնորհակալություն հայտնեցին Գրիգորին, բուլղարներին ու գնչուին «հաճելի» երեկոյի համար և խնդրեցին տաքսի կանչել հեռախոսով: Գրիգորը փորձում էր նրանց համոզել.
           
- Ու՞ր կերթաք, Վասելինան հի՛մա ձեզի համար ձուկ պիտի տապկե…

Երբ ամուսինները հրաժեշտ տվեցին Վասելինային նա, իրոք, կարմրարվուն փոքրիկ ձկներ էր մաքրում խոհանոցում:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
7 մարտի, 2017թ.

Tuesday, February 28, 2017

Ակադեմիկոսը

Հակոբի ու Կարինեի համար ամառը հոգսաշատ էր. բնակարանի վերանորոգումը ոչ մի կերպ չէր վերջանում, ընդհակառակը՝ ձգձգվում էր: Հեշտ չէր միաժամանակ վերանորոգման համար դրամ վաստակել, որակյալ շինանյութ հայթայթել, պարտաճանաչ վարպետ-շինարարներ գտնել, հետն էլ` ամուսիններով միասին լինել բոլոր վերանորոգման աշխատանքների նախագծողները, կազմակերպիչներն ու կառավարիչները:

Հակոբն աշխատում էր մայրաքաղաքի մի գիտահետազոտական, փորձարարական լաբորատորիայում՝ որպես ճարտարագետ: Լաբորատորիան զբաղվում էր կենտրոնական նյարդային համակարգի հիմնարար հետազոտություններով: Նա միակն էր լաբորատորիայում, որ տեխնիկական կրթություն ուներ. մնացած աշխատողները կամ կենսաբաններ էին, կամ անասնաբույժներ, կամ էլ՝ բժիշկներ, ովքեր դժվարությամբ էին գլուխ հանում զանազան էլեկտրոնային սարքերից՝ ուժեղացուցիչներ, օսցիոլոգրաֆներ, զտիչներ, թվային փոխակերպիչներ, անալիզատորներ, գեներատորներ, սնուցման ու լուսանկարահանման սարքեր և այլն, որոնք անհրաժեշտ էին կենդանիների ուղեղից, նուրբ և սրածայր էլեկտրոդներով, էլեկտրական բիոպոտենցիալներ գրանցելու համար: Վիրահատված կենդանիներին՝ լաբորատոր սպիտակ առնետներ և կատուներ, երկարատև փորձերից հետո, որոնք տևում էին մինչև կեսգիշեր, ընդմիշտ քնեցնում էին: Հակոբը ստիպված էր ներկա լինել լաբորատոր փորձերի ընթացքում, որպեսզի աջակցեր փորձարարներին՝ անսպասելի տեխնիկական խնդիրներ ծագելու դեպքում:

Կարինեն նույնպես շատ զբաղված էր: Նա պետք է խնամեր երեխաներին, դպրոց տաներ ու հետ՝ տուն բերեր, ճաշ պատրաստեր, լվացք աներ, կարգի բերեր բնակարանը և այլն, հետն էլ միասին աշխատանքի գնար: Նա աշխատում էր որպես դաստիարակչուհի մանկապարտեզում:  

Ամուսինների ամենօրյա պարտականություններին ավելացել էր նաև բնակարանի վերանորոգումը, որը խլում էր նրանց ամբողջ ազատ ժամանակն ու դրամական միջոցները. Կարծես՝ դա էլ քիչ էր, Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկից, ակադեմիկոս Գենադիյ Մաքսիմովիչ Իվանովի լաբորատորիայից գործուղումով ժամանեց ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու (կ.գ.թ.) Նիկոլայ Յուրևիչ Կոզլովը:

Մոսկովյան հյուրին պետք էր ցույց տալ Երևանի տեսարժան վայրերը, ինչպես նաև հյուրասիրել մայրաքաղաքի լավագույն ռեստորաններում: Շնորհիվ լաբորատորիայի աշխատակիցների հոգատար և ուշադիր վերաբերմունքի, հյուրն ավելի շատ զբոսաշրջիկի կարգավիճակում էր, քան գործուղման եկած գիտաշխատողի: Նա եղավ Սևանա լճում, որն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր լճերից երկրորդն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո, Հաղարծին վանքային համալիրում, Գառնի հեթանոսական տաճարում, Գեղարդի վանքում, Խոր վիրապում, Էջմիածնի Մայր տաճարում, որը կառուցվել է 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, ինչպես նաև վաղ շրջանի հայկական ճարտարապետության գլուխգործոց,  պատմամշակութային թանգարան-համալիր Զվարթնոց տաճարում:

Աշնան վերջին բնակարանի վերանորոգումը վերջապես ավարտվեց: Հակոբն ու Կարինեն թեթևացած շունչ քաշեցին և սկսեցին երջանիկ ապրել իրենց նոր վերանորոգված, հարմարավետ բնակարանում:

Ձմռանը Հակոբին գործուղեցին Մոսկվա, այն նույն լաբորատորիան, որ ղեկավարում էր ակադեմիկոս Գ. Մ. Իվանովը, որտեղից ամռանը գործուղման էր եկել ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Ն. Յ. Կոզլովը: Հակոբը պետք է ծանոթանար էլեկտրոֆիզիոլոգիական, փորձարարական մի մեթոդի հետ, որը հետագայում ներդրվելու էր հայաստանյան լաբորատորիայում:  

Նա, «գործուղման թերթիկի» շնորհիվ, կարողացավ տեղավորվել հյուրանոցում, չնայած խորհրդային տարիներին դա շատ դժվար էր, այն էլ՝ Մոսկվայում, քանի որ պահանջարկն ավելի մեծ էր, քան առաջարկը:

Հաջորդ օրը Հակոբը Մոսկվայի հեռավոր արվարձաններից մեկում, մեծ դժվարությամբ, գտավ այն շենքը, որտեղ պետք է գտնվեր լաբորատորիան: Սակայն նա շատ զարմացավ, տեսնելով այնտեղ միայն մի բարձրահարկ, բնակելի շենք: Հակոբը հարցուփորձ արեց անցորդներին, բայց ապարդյուն. ոչ ոք չգիտեր լաբորատորիայի տեղը: Նա հարցուփորձ արեց նաև շենքի բնակիչներին. նրանք նույնպես չգիտեին կամ էլ՝ միգուցե չէին ուզում ասել: Հանկարծ, շենքից դուրս ելնելիս, Հակոբը նկատեց մի գեր մարդու, ով թղթապանակը թևի տակ իջնում էր դեպի նկուղային հարկ: Նա հետևեց այդ մարդուն և պարզեց, որ լաբորատորիան գտնվում էր հենց այդ շենքի նկուղում: Լաբորատորիան լավ քողարկված գաղտնի հաստատություն էր, չնայած Հակոբը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ գաղտնի աշխատանքներ կարող էին կատարվել այնտեղ, քանի որ այն աշխատանքների բնույթով համարյա ոչնչով չէր տարբերվում իրենց երևանյան լաբորատորիայից: Չնայած, Խորհրդային Միությունում սիրում էին գաղտնիության պատրանքներ ստեղծել: Միգուցե այդ կերպ փորձում էին նաև ապակողմնորոշել թշնամուն:

Հակոբը հայտնվեց մի երկար, գորգապատ միջանցքում, որի վրա բացվում էին բազմաթիվ դռներ: Նա, միջանցքով անցնող, մի կնոջից հետաքրքրվեց, թե որտե՞ղ կարող է տեսնել Նիկոլայ Յուրևիչ Կոզլովին: Քիչ անց հայտնվեց Կոզլովը. նա, գրեթե անտարբերությամբ, դիմավորելով Երևանից գործուղման եկած հյուրին, ասաց.

- Մեզ մոտ հիմա ընդմիջում է: Ես մի կես ժամից կվերջացնեմ նախաճաշս ու կվերադառնամ, իսկ մինչ այդ, նստե՛ք խնդրեմ միջանցքում տեղադրված այս աթոռներից մեկի վրա և ինձ սպասեք, - առաջարկեց նա սառնությամբ:

Հակոբը շնորհակալություն հայտնեց՝ ապշած նրա ապերախտությունից: «Բա մենք քեզ այդպես ընդունեցինք մեր երկրում, ա՛յ ոչնչություն», - մտածեց նա և հեգնանքով ասաց.

- Նախաճաշե՛ք, իհարկե՛, հո քաղցած չեք մնալու իմ պատճառով: Ես կսպասեմ, մանավանդ ուրիշ տարբերակ չունեմ:
           
Միջահասակ մի կին մոտեցավ Հակոբին, բարևեց և սիրալիր հարցրեց, թե նա ու՞մ է սպասում: Հակոբը պատմեց նրան, որ Երևանից գործուղման է եկել Նիկոլայ Յուրևիչի մոտ:
           
- Իսկ նա գիտի՞, որ Դուք այստեղ եք և սպասու՞մ եք իրեն:
           
- Այո՛, գիտի: Նիկոլայ Յուրևիչը հիմա նախաճաշում է:
           
- Ո՞նց թե, - զայրացավ կինը, - ուրեմն Ձեզ թողել է այստեղ, իսկ ինքը հանգիստ նախաճաշու՞մ է, նույնիսկ մի բաժակ թեյ չի առաջարկել այս ձմռան ցրտի՞ն: Միթե՞ կարելի է գործուղման եկած հյուրին այդպես ընդունել, ինչպիսի՜ խայտառակություն…
           
Այնուհետև, կինը նրան առաջնորդեց դեպի երկար միջանցքի վերջում գտնվող սենյակը, որտեղ հնամաշ բազմոցին կապույտ խալաթով մի մարդ պառկած նիրհում էր: Մարդը, տեսնելով կնոջն ու Հակոբին, անմիջապես ոտքի կանգնեց, հարգալից բարևեց և ներողություն խնդրեց:
           
- Կներեք, մի պահ ոնց-որ թե աչքերս կպան:
           
Մինչ կինը կներկայացներ մարդուն, Հակոբը հարցրեց.
           
- Դուք երևի այս լաբորատորիայի ճարտարգետն ե՞ք:
           
- Այո՛, - պատասխանեց մարդը ժպտալով, - Գենադիյ Մաքսիմովիչ, - ներկայացավ նա, - բայց լավ կլինի բոլորի նման ինձ կարճ՝ Գենա անվանեք: Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, երիտասա՛րդ, - հարցրեց նա:
           
Կինը ոչինչ չասաց, միայն զարմացած նայեց Գենադիյ Մաքսիմովիչին և անխոս սենյակից դուրս եկավ: Սենյակը բավականին թափթփված տեսք ուներ. ամենուրեք, այս ու այն կողմ ռադիոդետալներ, մետաղալարեր, գործիքներ էին շաղ տված, իսկ լաբորատոր սեղանների ու գրասեղանների վրա զանազան սրվակներ, գրքեր, էլեկտրական և էլոկտրոնային սարքեր էին անկանոն շարված:  
           
Հակոբը Գենայից իմացավ այն ամեննն ինչ իրեն պետք էր: Գենան օգնեց Հակոբին նույնիսկ էլեկտոֆիզիոլագիական մեթոդի էլեկտրոնային սխեման գծելու հարցում: Հակոբը մոսկովյան լաբորատորիայի ճարտարագետին ջերմորեն շնորհակալություն հայտնեց և գործը վերջացրած համարելով, հյուրանոց վերադարձավ:
           
Երևանում Հակոբը լաբորատորիայի վարիչին պատմեց գործուղման ընթացքի մասին, հատկապես` շատ գովեց նրանց ճարտարագետին՝ Գենադիյ Մաքսիմովիչին՝ նրա բանիմացությունը, պատրաստակամությունն ու հասարակ կեցվածքը՝ հակադրելով Նիկոլայ Յուրևիչի անտարբերությանը, գոռոզությանն ու մեծամտությանը:
           
- Աստվա՜ծ իմ, - բացականչեց լաբորատորիայի վարիչը, - ա՜խր, դա հանրահայտ գիտնական, ակադեմիկոս Գենադիյ Մաքսիմովիչ Իվանովն է եղել…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
20 փետրվարի, 2017թ.

Friday, February 17, 2017

«Հրեշը»

Գիշերվա ժամը երկուսն էր: Ուժեղ անձրև էր գալիս, այնքան ուժեղ, որ անձրևի խոշոր ու փայփլուն կաթիլները, թափով հարվածելով ոստիկանական բաժանմունքի ապակյա պատերին, դղրդացնում էին ամբողջ շենքը: Ուժգին անձրևից առաջացած առվակները, գլգլալով, փութաջանորեն հոսում էին դեպի մայթեզրի երկայնքով տեղակայված խորը ջրահեռացման՝ դիտահորերի` ճեղքերի մեջ: Դրսում ահավոր մութ էր, իսկ փողոցային, էլեկտրական լապտերների լույսը հազիվ էր նշմարվում անձրևի շիթերից առաջացած շղարշի հետևում:

- Այս հորդառատ անձրևները չտեսնված օգտակար են Կալիֆորնիային, - նկատեց հերթապահող աշխատակիցներից մեկը՝ միջահասակ, առնական ու բարձրահասակ լեյտենանտ Սթիվ Թոմսոնը, - եթե մի քանի շաբաթ էլ այսպես շարունակվի, ապա նախորդ տարիների երաշտի պատճառով համարյա ցամաքած ջրամբարներն ամբողջովին կլցվեն:

- Դու ճիշտ ես, - շարունակեց մյուսը՝ երիտասարդ, նրբիրան ու գեղեցկադեմ ոստիկան Դորոթի Ռամիրոն, - «NPR» ռադիոկայանը երեկ հաղորդեց, որ ջրամբարներն արդեն 70 տոկոսով համալրել են իրենց ջրային պաշարները: 

- Երկուսդ էլ միանգամայն ճիշտ եք, բայց Աստված մի արասցե՝ հանկարծ դեպք պատահի այս գիշեր, տեղատարափ անձրևի ժամանակ, - արձագանքեց նրանց՝ կարճահասակ, գիրուկ, գլուխն ամբողջովին խուզած սերժանտ Դեվիդ Փանոսյանը, - պատկերացնու՞մ եք, թե ինչքա՜ն դժվար կլինի դեպքի վայր հասնելը, էլ չեմ ասում թրջվելու մասին: 

- Հույս ունենանք, որ չի պատահի, - ժպտալով բացականչեց Դորոթին, - մի մոռացեք, որ Գլենդեյլ քաղաքում հանցագործությունների մակարդակը 40%-ով, իսկ ծանր հանցագործությունների մակարդակը 77%-ով ավելի պակաս է, քան Կալիֆորնիայի մյուս քաղաքներում ու բնակավայրերում, ինչպես նաև հանցագործությունների մակարդակը 36%-ով, իսկ ծանր հանցագործությունների մակարդակը 74%-ով ավելի պակաս է, քան Ամերիկայի մյուս նահանգներում: Այդպիսին է այսօրվա վիճակագրությունը, իսկ այն, ինչպես ասում են, անվիճելի է և այդ բոլորը հայերի շնորհիվ: Մոտ 200 հազար բնակչություն ունեցող Գլենդեյլ քաղաքի գրեթե 60%-ը բնակեցված է հայ ներգաղթյալներով, իսկ նրանք երբեք անիմաստ կամ չպատճառաբանված հանցագործություններ չեն կատարում: 

- Ասում են՝ հայերն են բարեկարգել ու կառուցել այս քաղաքը, և մոտ 20 տարի առաջ ներկայիս գեղեցիկ, բարեկարգ, կանաչապատ փողոցների ու հարմարավետ շենքերի տեղում ամայի ու կիսանապատային տարածքներ են եղել, - ավելացրեց լեյտենանտ Սթիվ Թոմփսոնը:

- Ի՜նչ հաճելի կլիներ այս անձրևի ժամանակ քնելը, - քնքշորեն հորանջելով ասաց Դորոթին, - հիմա մարդիկ պառկած են իրենց տաքուկ անկողիներում ու քաղցր քուն են մտել: Երա՜նի նրանց…

Այդ պահին Դեվիդը մի երազկոտ, բայց խոսուն հայացք նետեց աղջկա վրա, քանի որ մինչև ականջների ծայրը սիրահարված էր նրան: Աղջիկը հասկանալով Դեվիդի հայացքի իմաստը, շիկնեց և հապճեպորեն հայացքը փախցրեց նրա կրքաբորբոք աչքերից: Դորոթին և Դեվիդը գործընկերներ էին: Նրանց ծառայողական սիրավեպն աննկատ չէր մնացել ծառայակիցների աչքերից: Դեվիդն անսահմանորեն սիրահարված էր Դորոթիին. աղջիկը նույնպես, սակայն նրան երբեմն վախեցնում էր Դեվիդի սերը. ա՜խր այն շատ բուռն էր ու կրքոտ…

Գիշերվա 2:23:02-ին հնչեց հեռախոսի զանգը:

- Ի՞նչ է պատահել օրիորդ, - հարցրեց Սթիվը՝ ուշադիր լսելով բողոքը, միաժամանակ գրանցելով զանգահարողի հասցեն և հեռախոսի համարը:

Սթիվն ընկերների ուշադիր ու սպասողական դեմքերին նայելով, ասաց.

- Ահա՜ և Ձեզ դեպք, լավ կլինի մտածեք, թե ինչպե՞ս եք դեպքի վայր մեկնելու այս անձրևին…

- Իսկ ի՞նչ է պատահել, լուրջ բան է՞, - գրեթե միասին հարցրեցին նրանք:

- Կարծում եմ, այո՛. Լեքսինգթոն փողոցի բազմաբնակարան, համատիրային շենքերից մեկում հրեշ է հայտնվել:

- Հա՜ հա՜, հա՜, - ծիծաղեցին ընկերները, - կատակում ես, չէ՞ Սթիվ:

- Ո՜չ, միանգամայն լուրջ եմ ասում: Գիշերվա կեսին, ինչ-որ մեկը թակել և ոտքերով դոփել է 38-ամյա Բեթի Ռոբերտսոնի մեկ ննջասենյականոց բնակարանի դուռը: Երբ նա նայել է դռան դիտանցքից, ապա տեսել է սարսափելի արյունոտ ու ջնջխված մի դեմք՝ պարզապես մի հրեշ, որը կարծես նոր էր վերադարձել վամպիրների մահասարսուռ խրախճանքից: Հրեշը փորձել է հաղորդակցվել նրա հետ՝ ահավոր ոռնոցներ արձակելով և արտաբերելով անհասկանալի ու անհոդաբաշխ հնչյուներ:  

- Ես չեմ հավատում ո՛չ հերշների, և ո՛չ էլ վամպիրների մասին արված հիմար պատմություններին, չնայած ամերիկյան գրականությունը` նույնիսկ մանկականը լեփ-լեցուն է նրանց մասին գրված անհեթեթ ու սարսափազդու պատմություններով, - գոչեց Դորոթին:

- Իսկ ես սիրում եմ հրեշների և վամպիրների մասին արված բոլոր սարսափելի պատմությունները,  - ասաց Դեվիդը ժպտալով, - հատկապես՝ կինոնկարները նրանց մասին, օրինակ՝ վերջերս, 2016թ. էկրան բարձրացած՝ «Արյունալի պատերազմներ», «Քահանան», «Թույլ տուր ներս գամ», «Վամպիրի օգնականը», «Արյուն ծծող սրիկաներ», «Մութ ստվերներ», «Թրանսիլվանիա հյուրանոցը» և շատ ուրիշներ:

- Ես, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, սիրում եմ սիրային, արկածային, ճանապարհորդական, գիտաֆանտաստիկ ժանրի գրականություն և կինոնկարները, - բացականչեց Դորոթին զայրացած՝ իր գեղեցիկ աչքերը ոլորելով Դեվիդի վրա:  

- Ժամանակ ենք կորցնում, վերջ տվե՛ք, - միջամտեց նրանց Սթիվը, - պատրաստվե՛ք, որ մեկնեք դեպքի վայր:

Այդ պահին նորից հնչեց հեռախոսի զանգը: Գիշերվա ժամը 2:26:31-ին գրանցվեց երկրորդ ահազանգող կանչը՝ նույն Լեքսինգտոն փողոցի բազմահարկ բնակելի շենքից: Այս անգամ զանգահարողը պարոն Դեշի Ժիանգն էր, ով խոսում էր թեթևակի չինական առոգանությամբ: Նա նույնպես վախեցած էր և գրեթե նույնությամբ կրկնում էր առաջինը զանգահարողի՝ օրիորդ Բեթի Ռոբերտսոնի պատմածը: Մինչև ոստիկանական շենքից դուրս գալը, գիշերվա ժամը 2:27:09-ին և 2:28:52-ին ևս երկու հեռախոսազանգ եղավ՝ տիկին Սիլվա Մինասյանի և պարոն Կառլոս Դելառոսայի կողմից՝ նորից նույն շենքից:

Սերժանտ Դեվիդ Փանոսյանը և ոստիկան Դորոթի Ռամիրոն դեպքի վայր ժամանեցին գիշերվա ժամը 2:33:16-ին: Լեքսինգտոն փողոցի № 116 բազմաբնակարան, համատիրային շենքի բոլոր բնակարանների լույսերը հանգած էին, բացառությամբ՝ ոստիկանական բաժանմունք զանգահարողների և հարկաբաժինների՝ միջանցքների: Ամենայն հավանականությամբ դեպքի մասին ահազանգողներն անհամբեր սպասում էին ոստիկանների ժամանմանը:

Ոստիկան Դորոթի Ռամիրոն, իմանալաով ծածկագիրը, հեշտությամբ բացեց ավտոմատ կառավարվող շքամուտքի դուռը, վերջինիս վրա տեղադրված փոքրիկ վահանակի համապատասխան կոճակները սեղմելով: Թույլ լուսավորված միջանցքներով նրանք զգուշությամբ առաջ շարժվեցին: Առջևից գնում էր Դեվիդը, իսկ նրան հետևում էր Դորոթին` մոտ տասը ոտնաչափ հեռավորության վրա. երկուսն էլ ձեռքերին պատրաստ պահել էին ատրճանակները՝ ապահովիչը հանած և ցուցամատը թեթևակի հպված ձգանին, միևնույն ժամանակ, ուշադիր զննելով տեղանքը և աչալուրջ ունկնդրելով բոլոր կասկածելի թվացող նույնիսկ աննշան ձայներին: Չնայած ո՛չ Դորոթին, և ո՛չ էլ Դեվիդը չէին հավատում հրեշների կամ վամպիրների գոյությանն իրական կյանքում, բայց այնումենայնիվ մի փոքր տագնապ կար նրանց աչքերում:

Առաջին հարկում ոստիկանները ոչ մի կասկածելի բան չգտան, երկրորդ հարկում նույնպես, իսկ երրորդ հարկում նրանք անմիջապես զգացին, որ մոտ են «հրեշին», որովհետև հստակ լսեցին տնքոցներ և անհասկանալի հնչյուններ, որոնք այնքան էլ նման չէին մարդկային ձայների: Ոստիկանները նաև նկատեցին արյան հետքեր հատակին և պատերին: Երբ նրանք երրորդ հարկի միջանցքում թեքվեցին դեպի ձախ, անմիջապես նկատեցին հատակին ընկած մի տղամարդու, ով արյունաքամ էր լինում: Նրա դեմքն ամբողջովին ջնջխված էր. տղամարդը փորձում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում: Նրան հաջողվում էր միայն անհասկանալի, անմարդկային հնչյուններ արձակել:

Դորոթին ռադիոկապով միացավ Սթիվի հետ, զեկուցեց իրադրությունը և խնդրեց անմիջապես շտապօգնության մեքենա ուղարկել դեպքի վայր: 

Պարզվեց, որ  տղամարդն այդ նույն շենքի բնակիչ, 45 ամյա Ահարոն Սմիթն էր, ով անհաջող ինքնասպանության փորձ էր կատարել, իսկ հետո հերթով թակել հարևանների մուտքի դռներն ու օգնություն խնդրել, բայց նա իր սարսափելի տեսքով և արտաբերած անհոդաբախշ հնչյուններով միայն վախեցրել էր նրանց՝ Բեթի Ռոբերտսոնին, Դեշի Ժիանգին, Սիլվա Մինասյանին և Կառլոս Դելառոսային: Ըստ երևույթին, պարոն Սմիթն ատրճանակը պահել էր կզակի տակ և կրակել: Գնդակը ջնջխել էր միայն նրա բերանի խոռոչը և քիթը, իսկ գլխուղեղը, ամենայն հավանականությամբ, չէր վնասվել:

Շտապօգնության մեքենան դժբախտ Ահարոն Սմիթին տեղափոխեց Կալիֆորնիայի՝ Գլենդեյլ քաղաքի Ադվենտիստական բժշկական կենտրոն: Կենտրոնի վիրաբուժական բաժնում վիրաբույժ Ջիմի Գորդոնը պատմեց ոստիկաններին, որ նա էլի է ունեցել անհաջող ինքնասպանության փորձ կատարող հիվանդներ, ովքեր բարեբախտաբար չգիտեին, թե ինչպես ճիշտ ինքնասպանություն գործել և դրա շնորհիվ էլ կենդանի էին մնացել՝ տվյալ հիվանդի պես:

- Սխալ է կզակի տակից կամ էլ քունքին կրակելը, - ասաց բժիշկը, - ճիշտը՝ բերանի մեջ կրակելն է՝ ատրճանակի փողը մոտ 45 աստիճան անկյան տակ պահելով: Միայն այդ դեպքում է հնարավոր անսխալ վնաս հասցնել գլխուղեղին: Եղել են նաև դեպքեր, երբ ինքնասպանության փորձ անելիս, կրակել են քունքին, սակայն գնդակը, սահելով ճակատային ոսկրից, միայն թեթևակի վնասվածքներ է առաջացրել:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
12 փետրվարի, 2017թ.

Wednesday, February 15, 2017

ԱՄՆ-ում տպագրվել է Մարտին Շիրինյանի «Էս ինչ օրի հասանք …» պատվածքը



Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում հրատարակվող ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ գրական-մշակույթային հանդեսի (պատվավոր նախագահ՝ Կարո և Մարիա Ճրճրյաններ, հիմնադիր և գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ Սարո Գյոդակյան) 72-րդ համարում, 2017թ. հունվարին տպագրվել է Մարտին Շիրինյանի «Էս ի՜նչ օրի հասանք …» պատվածքը (էջ՝ 52):

Կալիֆորնիա, Գլենդեյլ

15 փետրվասրի, 2017թ. 

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...