Friday, March 10, 2017

Ու՞ր կերթաք, Վասելինան հի՛մա ձեզի համար ձուկ պիտի տապկե…


Հայկական Մեծ Եղեռնի պատճառով, հայերը թափառական դարձած, սփռված են ամբողջ աշխարհով մեկ:  Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մի հայ, որ չունենա մոտիկ կամ հեռավոր ազգականներ, բարեկամներ կամ ընկերներ հայկական սփյուռքում: Թուրք բաշիբոզուկները, սկսած 11-րդ դարից, տաքուկ տեղավորվելով Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Կիլիկիայի բարեբեր և աշխարհագրական տեսանկյունից նպաստավոր դիրք ունեցող հայկական հողերի վրա, բռնությամբ և առաձնակի դաժանությամբ դարեդար, աստիճանաբար դուրս մղեցին հայերին իրենց պատմական բնօրրանից, քաղաքակրթության վաղնջագույն կենտրոններից մեկից՝ կանգ չառնելով ոչ մի քստմնելի, անմարդկային արարքի առջև, ընդհուպ մինչև եղեռնագործություն…
           
Հակոբի հորեղբայրը մեկն էր այն սակավաթիվ հայերից, որ եղեռնի դժոխային ճիրաններից կարողացել էր փրկվել և բնակություն հաստատել Բուլղարիայի հյուրընկալ մայրաքաղաքում՝ Սոֆիայում: Նրա միակ որդին վերջապես ամուսնացել էր 40 տարեկան հասակում մի բուլղարուհու՝ 27 ամյա գեղեցկուհի, ոսկեծամ ու կապուտաչյա Վասելինայի հետ: Ափսո՜ս, նրա հայրը չհասցրեց տեսնել սիրելի որդու՝ Գրիգորի երջանկությունը… Գրիգորի և Վասելինայի պսակադրությունը տեղի ունեցավ Սոֆիայի հայկական եկեղեցում:
           
Ուրախալի լուրն առնելու պես, Հակոբն ու Կարինեն շտապեցին ջերմորեն շնորհավորել իրենց ազգականին և հրավիրեցին Հայաստան: «Սիրելի եղբայր», - գրեց Հակոբը իր նամակում, - «ես և կինս՝ Կարինեն անկեղծորեն շնորհավորում ենք Ձեզ երկարատև սպասվող ամուսնության առթիվ: Ցանկանում ենք երջանիկ, անհոգ կյանք ու սրտանց հրավիում ենք Ձեզ Հայաստան: Սա նաև պատեհ առիթ է՝ մեր սիրասուն հայրենիքը թանկագին հարսին՝ Վասելինային ցույց տալու համար»:
           
Պատասխան նամակով Գրիգորը շնորհակալություն հայտնեց սրտագին հրավերի համար, տիկնոջ՝ Վասելինայի և իր անունից հաղորդեց, որ գերադասում են գնալ Եվրոպական մի որևէ երկիր շրջագայելու, քանի որ նույնքան դրամ ծախսելով ավելի լավ կարելի է ժամանակ անցկացնել հենց այնտեղ, քան Հայաստանում:
           
Կարինեին և Հակոբին բոլորովին դուր չեկավ Գրիգորի նամակը, հատկապես այն տեղը, որտեղ ասվում էր, որ գերադասում են գնալ Եվրոպա, և ո՛չ թե Հայաստան:
           
- Տեսնու՞մ ես, Կարինե ջա՛ն, - սրտնեղեց Հակոբը, - ճիշտ են ասում. «Աչքից հեռու՝ սրտից հեռու»: Այնքան ապրեց հայրենիքից դուրս, որ հայրենիքն էլ կամաց-կամաց մտքից հանեց… Հիմա էլ օտարազգի կին առնելով, երևի իսպառ մոռանա հայրենիքը… Քանի՜-քանի՜ անգամ եկել է, հյուրասիրել ենք, ամբողջ Հայաստանով մեկ ման տվել, դժգոհ է՞ մնացել: Բա Վասելինան չտեսնի՞ մեր հայրենիքը:  
           
- Ոչինչ, Հակոբ ջա՛ն, - մխիթարեց նրան Կարինեն, - եվրոպական երկրներն ավելի մոտիկ են նրանց, քան Հայաստանը: Նկատի ունեցիր նաև, որ, Խորհրդային Միությունում և սոցիալիստական երկրներում, ինչպիսին նաև Բուլղարիան է, զգալիորեն ցածր է ընդհանուր սպասարկման կուլտուրան, քան զարգացած կապիտալիստական երկրներում, որտեղի շքեղությանն ու ապրանքների առատությանը, մենք, համայնավարական ռեժիմների տակ ապրողներս, միշտ էլ նախանձել ենք… Նրանք գոնե այդ հնարավորությունն ունեն, իսկ մենք՝ խորհրադային ժողովուրդներս ընդհանրապես իրավունք չունենք այցելել կապիտալիստական երկրներ, քանի որ գտնվում ենք «երկաթյա վարագույրի» հետևում: Շատ մի նեղվիր, մի քանի ամսից ուղեգրով մեկնելու ենք Բուլղարիա, այնպես որ դեռ հնարավորություն կունենանք ծանոթանալու Գրիգորի գեղեցկուհի կնոջ հետ:
           
Իրոք, Կարինեն և Հակոբը, դեռևս Գրիգորի և Վասելինայի անակնկալ ամուսնությունից առաջ, ուղեգիր էին վերցրել, որպեսզի աշնանն առաջին անգամ այցելեին Բուլղարիա: Ուղևորության ընթացքում նրանք պետք է լինեին Բուլղարիայի երեք առավել նշանավոր ու հրաշագեղ քաղաքներում՝ Վառնայում, Պլովդիվում և Սոֆիայում: 
           
Ուղևորությունը Բուլղարիայում պետք է տևեր 16 օր, 9 օր՝ արևաշող, ծովափնյա հանգստավայր Վառնայում, 3 օր՝ հինավուրց Պլովդիվում և 4 օր՝ հիասքանչ մայրաքաղաքում՝ Սոֆիայում:
           
Առաջինը նրանք եղան Վառնայում: Հյուրանոցը շատ հարմարավետ էր, իսկ հյուրասենյակի պատուհաններն ուղղակի բացվում էին Սև Ծովի զմայլելի, կապտականաչավուն ալիքների վրա: Սննունդը գերազանց էր: Առավոտյան լողանում էին ծովում և արևահարվում ծովափնյա «ոսկեգույն» ավազների վրա, իսկ ճաշից հետո այցելում Վառնայի տեսարժան վայրերը: Ուշագրավ էր հատկապես՝ «Ծովային պարտեզ» զբոսայգին, որը հայտնի իր աստղադիտարանով,  պլանետարիումով, տերարիումով, ակվարիումով, դելֆինարիումով, գազանանոցով, բացօդյա թատրոնով և այլն: Այցելեցին նաև Վառնայի Հայկական առաքելական եկեղեցին:  
           
Այնուհետև նրանք եղան Պլովդիվում՝ բուլղարահայության կարևորագույն կենտրոններից մեկում։ Այցելեցին Պլովդիվի՝ պատմության, ազգագրության, հնագիտության, և բնական գիտությունների թանգարանները: Եղան հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում, ինչպես նաև պեղումներով հայտնաբերված հռոմեական քաղաքում, որն իր մեջ ընդգրկում է հինավուրց թատրոնը, մարզադահլիճը, ֆորումը` քննարկումների հավաքատեղին և օդիոնը` հանդիսությունների սրահը:
           
Ուղևորության վերջում նրանք եղան Բուլղարիայի ամենամեծ ու կարևորագույն քաղաքում, Վիտոշա լեռան ստորոտում սփռված Սոֆիայում: Հակոբն ու Կարինեն այցելեցին Ազգային պատկերասրահը, Իվան Վազովի անվան ազգային թատրոնը, Սուրբ Ալեքսանդր Նեվսկու տաճարը, հանրահայտ հանքային ջրերի բաղնիքը և այլն:
           
Հենց Սոֆիայի կենտրոնում, մի փոքրիկ ցանկապատված առանձնատան մեջ էր բնակվում Հակոբի հորեղբոր նորապսակ որդին՝ Գրիգորը, ով իր տինոջ հետ ճաշի էր հրավիրել Կարինեին և Հակոբին ուղևորության նախավերջին օրը: Գրիգորը մանր առևտրական էր: Նա մի փոքրիկ կրպակ ուներ քաղաքի կենտրոնում, որտեղ վաճառում էր հուշանվերներ ու մանկական հագուստ: Բուլղարիայում փոքր բիզնեսն արգելված չէր, ինչպես Խորհրդային Միությունում: Նրա տան մուտքի դռան մոտ մի կատաղի, պոչն ու ականջները կտրած գամփռ էր կապված, որը, տեսնելով հյուրերին, սկսեց ուժգին հաչել՝ խլացնելով մարդկանց ձայները և նույնիսկ փողոցով անցող ավտոմեքենաների աղմուկը: Գրիգորը համոզում էր Հակոբին ու Կարինեին, որ իր շունը չի կծի նրանց, սակայն ամեն ինչից երևում էր, որ այդ ջղագրգիռ գազանը մտադիր չէր հյուրերին ներս թողնել: Գրիգորից մեծ ջանքեր պահանջվեցին շանը զսպելու համար, իսկ ամուսիներից էլ՝ մեծ ճարպկություն, վերջինիս սուր-սուր ատամներից խույս տալու համար, ներս մտնելիս: Տունը հին էր ու մաշված: Հին էր նաև կահույքը, նույնիսկ հեռուստացույցի վրայի սև ծածկոցը՝ Սայաթ Նովայի ասեղնագործ պատկերով: Հրավիրված էին նաև Գրիգորի և Վասելինայի ընկերները՝ մի բուլղարացի իր տիկնոջ հետ ու մի գնչու: Գնչուն ոգևորված ինչ-որ բան էր պատմում, մյուսներն ուշադիր լսում էին նրան ու ժամանակ առ ժամանակ հուզված հարցեր տալիս: Բոլորը խոսում էին բուլղարերեն: 
           
- Կհասկնաք չէ՞, ինչ կխոսինք, - հարցրեց Գրիգորը Հակոբին ու Կարինեին:
           
- Ո՛չ, - կարճ պատասխանեց Հակոբը:
           
- Ա՛ս գնչու ընկերս նոր եկած է Գերմանիայեն: Կսե՝ Գերմանիան շատ լավ երկիր է. վեց ամիս հոն աշխատելով աղվոր, քիչ գործածված «Մերսեդես» մը բերած է հետը: Բուլղարերենը ռուսերենին նման է, ինչո՞ւ չեք հասկնար:
           
- Որովհետև առոգանությունը միանգամայն տարբեր է, - բացատրեց Կարինեն, - իսկ ու՞ր է Վասելինան:
           
- Խոհանոցն է, կերակուր կպատրաստե: Երթա՛նք, ծանոթացնեմ տիկինիս հետ:
           
Խոհանոցն էլ էր հին ու մաշված, իսկ Վասելինինան լվացարանի մոտ կանգնած ափսեներն էր լվանում, երբ հյուրերը ներս մտան: Նա, իրոք, շատ գողեցեկ էր, բայց փոքրամարմին, ինչպիսին Գրիգորն էր ի տարբերություն Հակոբի, ով հաղթանդամ էր: Կարինեն մոտեցավ Վասելինային և պարանոցին ոսկյա բանալիով մի ոսկյա, նուրբ շղթա հագցրեց:
           
- Այս բանալին էլ թող լինի Վասելինիայի սրտի բանալին, - ծիծաղելով, կիսակատակ բացականչեց Կարինեն:
           
- Իսկ այս 5 աստղանի կոնյակը, հայկական «Էրեբունի» սիգարետները և խորհրդային, ոսկեջրած, 29 քարանի, ավտոմատ լարվող «Полет» ժամացույցն էլ քեզ, Գրիգոր ջան, - նվերները ներկայացնելով և պինդ գրկելով նրան, ասաց Հակոբը:
           
Այնուհետև, նրանք բոլորը նորից վերադարձան հյուրասենյակ, որտեղ թեժ զրույցը Գերմանիայի վերաբերյալ դեռ շարունակվում էր: Սեղանին օղի կար, պանիր և քամած մածունով ու վարունգով պատրաստված ուտեստ: Հակոբը քաղաքավարությունից դրդված մի քանի կում օղին խմեց: Կարինեն միայն համտես արեց ուտեստից: Ճիշտն ասած թե՛ Հակոբը, և թե՛ Կարինեն քաղցած էին, բայց ճաշն ուշանում էր…
           
10:30-ին նրանք որոշեցին, այլևս չսպասել և վերադառնալ հյուրանոց, քանի որ արդեն ուշ էր և զբոսաշրջիկության խմբի ղեկավարն էլ կարող էր անհանգստանալ իրենց ուշանալու համար: Հակոբն ու Կարինեն շնորհակալություն հայտնեցին Գրիգորին, բուլղարներին ու գնչուին «հաճելի» երեկոյի համար և խնդրեցին տաքսի կանչել հեռախոսով: Գրիգորը փորձում էր նրանց համոզել.
           
- Ու՞ր կերթաք, Վասելինան հի՛մա ձեզի համար ձուկ պիտի տապկե…

Երբ ամուսինները հրաժեշտ տվեցին Վասելինային նա, իրոք, կարմրարվուն փոքրիկ ձկներ էր մաքրում խոհանոցում:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
7 մարտի, 2017թ.

Tuesday, February 28, 2017

Ակադեմիկոսը

Հակոբի ու Կարինեի համար ամառը հոգսաշատ էր. բնակարանի վերանորոգումը ոչ մի կերպ չէր վերջանում, ընդհակառակը՝ ձգձգվում էր: Հեշտ չէր միաժամանակ վերանորոգման համար դրամ վաստակել, որակյալ շինանյութ հայթայթել, պարտաճանաչ վարպետ-շինարարներ գտնել, հետն էլ` ամուսիններով միասին լինել բոլոր վերանորոգման աշխատանքների նախագծողները, կազմակերպիչներն ու կառավարիչները:

Հակոբն աշխատում էր մայրաքաղաքի մի գիտահետազոտական, փորձարարական լաբորատորիայում՝ որպես ճարտարագետ: Լաբորատորիան զբաղվում էր կենտրոնական նյարդային համակարգի հիմնարար հետազոտություններով: Նա միակն էր լաբորատորիայում, որ տեխնիկական կրթություն ուներ. մնացած աշխատողները կամ կենսաբաններ էին, կամ անասնաբույժներ, կամ էլ՝ բժիշկներ, ովքեր դժվարությամբ էին գլուխ հանում զանազան էլեկտրոնային սարքերից՝ ուժեղացուցիչներ, օսցիոլոգրաֆներ, զտիչներ, թվային փոխակերպիչներ, անալիզատորներ, գեներատորներ, սնուցման ու լուսանկարահանման սարքեր և այլն, որոնք անհրաժեշտ էին կենդանիների ուղեղից, նուրբ և սրածայր էլեկտրոդներով, էլեկտրական բիոպոտենցիալներ գրանցելու համար: Վիրահատված կենդանիներին՝ լաբորատոր սպիտակ առնետներ և կատուներ, երկարատև փորձերից հետո, որոնք տևում էին մինչև կեսգիշեր, ընդմիշտ քնեցնում էին: Հակոբը ստիպված էր ներկա լինել լաբորատոր փորձերի ընթացքում, որպեսզի աջակցեր փորձարարներին՝ անսպասելի տեխնիկական խնդիրներ ծագելու դեպքում:

Կարինեն նույնպես շատ զբաղված էր: Նա պետք է խնամեր երեխաներին, դպրոց տաներ ու հետ՝ տուն բերեր, ճաշ պատրաստեր, լվացք աներ, կարգի բերեր բնակարանը և այլն, հետն էլ միասին աշխատանքի գնար: Նա աշխատում էր որպես դաստիարակչուհի մանկապարտեզում:  

Ամուսինների ամենօրյա պարտականություններին ավելացել էր նաև բնակարանի վերանորոգումը, որը խլում էր նրանց ամբողջ ազատ ժամանակն ու դրամական միջոցները. Կարծես՝ դա էլ քիչ էր, Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկից, ակադեմիկոս Գենադիյ Մաքսիմովիչ Իվանովի լաբորատորիայից գործուղումով ժամանեց ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու (կ.գ.թ.) Նիկոլայ Յուրևիչ Կոզլովը:

Մոսկովյան հյուրին պետք էր ցույց տալ Երևանի տեսարժան վայրերը, ինչպես նաև հյուրասիրել մայրաքաղաքի լավագույն ռեստորաններում: Շնորհիվ լաբորատորիայի աշխատակիցների հոգատար և ուշադիր վերաբերմունքի, հյուրն ավելի շատ զբոսաշրջիկի կարգավիճակում էր, քան գործուղման եկած գիտաշխատողի: Նա եղավ Սևանա լճում, որն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր լճերից երկրորդն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո, Հաղարծին վանքային համալիրում, Գառնի հեթանոսական տաճարում, Գեղարդի վանքում, Խոր վիրապում, Էջմիածնի Մայր տաճարում, որը կառուցվել է 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, ինչպես նաև վաղ շրջանի հայկական ճարտարապետության գլուխգործոց,  պատմամշակութային թանգարան-համալիր Զվարթնոց տաճարում:

Աշնան վերջին բնակարանի վերանորոգումը վերջապես ավարտվեց: Հակոբն ու Կարինեն թեթևացած շունչ քաշեցին և սկսեցին երջանիկ ապրել իրենց նոր վերանորոգված, հարմարավետ բնակարանում:

Ձմռանը Հակոբին գործուղեցին Մոսկվա, այն նույն լաբորատորիան, որ ղեկավարում էր ակադեմիկոս Գ. Մ. Իվանովը, որտեղից ամռանը գործուղման էր եկել ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Ն. Յ. Կոզլովը: Հակոբը պետք է ծանոթանար էլեկտրոֆիզիոլոգիական, փորձարարական մի մեթոդի հետ, որը հետագայում ներդրվելու էր հայաստանյան լաբորատորիայում:  

Նա, «գործուղման թերթիկի» շնորհիվ, կարողացավ տեղավորվել հյուրանոցում, չնայած խորհրդային տարիներին դա շատ դժվար էր, այն էլ՝ Մոսկվայում, քանի որ պահանջարկն ավելի մեծ էր, քան առաջարկը:

Հաջորդ օրը Հակոբը Մոսկվայի հեռավոր արվարձաններից մեկում, մեծ դժվարությամբ, գտավ այն շենքը, որտեղ պետք է գտնվեր լաբորատորիան: Սակայն նա շատ զարմացավ, տեսնելով այնտեղ միայն մի բարձրահարկ, բնակելի շենք: Հակոբը հարցուփորձ արեց անցորդներին, բայց ապարդյուն. ոչ ոք չգիտեր լաբորատորիայի տեղը: Նա հարցուփորձ արեց նաև շենքի բնակիչներին. նրանք նույնպես չգիտեին կամ էլ՝ միգուցե չէին ուզում ասել: Հանկարծ, շենքից դուրս ելնելիս, Հակոբը նկատեց մի գեր մարդու, ով թղթապանակը թևի տակ իջնում էր դեպի նկուղային հարկ: Նա հետևեց այդ մարդուն և պարզեց, որ լաբորատորիան գտնվում էր հենց այդ շենքի նկուղում: Լաբորատորիան լավ քողարկված գաղտնի հաստատություն էր, չնայած Հակոբը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ գաղտնի աշխատանքներ կարող էին կատարվել այնտեղ, քանի որ այն աշխատանքների բնույթով համարյա ոչնչով չէր տարբերվում իրենց երևանյան լաբորատորիայից: Չնայած, Խորհրդային Միությունում սիրում էին գաղտնիության պատրանքներ ստեղծել: Միգուցե այդ կերպ փորձում էին նաև ապակողմնորոշել թշնամուն:

Հակոբը հայտնվեց մի երկար, գորգապատ միջանցքում, որի վրա բացվում էին բազմաթիվ դռներ: Նա, միջանցքով անցնող, մի կնոջից հետաքրքրվեց, թե որտե՞ղ կարող է տեսնել Նիկոլայ Յուրևիչ Կոզլովին: Քիչ անց հայտնվեց Կոզլովը. նա, գրեթե անտարբերությամբ, դիմավորելով Երևանից գործուղման եկած հյուրին, ասաց.

- Մեզ մոտ հիմա ընդմիջում է: Ես մի կես ժամից կվերջացնեմ նախաճաշս ու կվերադառնամ, իսկ մինչ այդ, նստե՛ք խնդրեմ միջանցքում տեղադրված այս աթոռներից մեկի վրա և ինձ սպասեք, - առաջարկեց նա սառնությամբ:

Հակոբը շնորհակալություն հայտնեց՝ ապշած նրա ապերախտությունից: «Բա մենք քեզ այդպես ընդունեցինք մեր երկրում, ա՛յ ոչնչություն», - մտածեց նա և հեգնանքով ասաց.

- Նախաճաշե՛ք, իհարկե՛, հո քաղցած չեք մնալու իմ պատճառով: Ես կսպասեմ, մանավանդ ուրիշ տարբերակ չունեմ:
           
Միջահասակ մի կին մոտեցավ Հակոբին, բարևեց և սիրալիր հարցրեց, թե նա ու՞մ է սպասում: Հակոբը պատմեց նրան, որ Երևանից գործուղման է եկել Նիկոլայ Յուրևիչի մոտ:
           
- Իսկ նա գիտի՞, որ Դուք այստեղ եք և սպասու՞մ եք իրեն:
           
- Այո՛, գիտի: Նիկոլայ Յուրևիչը հիմա նախաճաշում է:
           
- Ո՞նց թե, - զայրացավ կինը, - ուրեմն Ձեզ թողել է այստեղ, իսկ ինքը հանգիստ նախաճաշու՞մ է, նույնիսկ մի բաժակ թեյ չի առաջարկել այս ձմռան ցրտի՞ն: Միթե՞ կարելի է գործուղման եկած հյուրին այդպես ընդունել, ինչպիսի՜ խայտառակություն…
           
Այնուհետև, կինը նրան առաջնորդեց դեպի երկար միջանցքի վերջում գտնվող սենյակը, որտեղ հնամաշ բազմոցին կապույտ խալաթով մի մարդ պառկած նիրհում էր: Մարդը, տեսնելով կնոջն ու Հակոբին, անմիջապես ոտքի կանգնեց, հարգալից բարևեց և ներողություն խնդրեց:
           
- Կներեք, մի պահ ոնց-որ թե աչքերս կպան:
           
Մինչ կինը կներկայացներ մարդուն, Հակոբը հարցրեց.
           
- Դուք երևի այս լաբորատորիայի ճարտարգետն ե՞ք:
           
- Այո՛, - պատասխանեց մարդը ժպտալով, - Գենադիյ Մաքսիմովիչ, - ներկայացավ նա, - բայց լավ կլինի բոլորի նման ինձ կարճ՝ Գենա անվանեք: Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, երիտասա՛րդ, - հարցրեց նա:
           
Կինը ոչինչ չասաց, միայն զարմացած նայեց Գենադիյ Մաքսիմովիչին և անխոս սենյակից դուրս եկավ: Սենյակը բավականին թափթփված տեսք ուներ. ամենուրեք, այս ու այն կողմ ռադիոդետալներ, մետաղալարեր, գործիքներ էին շաղ տված, իսկ լաբորատոր սեղանների ու գրասեղանների վրա զանազան սրվակներ, գրքեր, էլեկտրական և էլոկտրոնային սարքեր էին անկանոն շարված:  
           
Հակոբը Գենայից իմացավ այն ամեննն ինչ իրեն պետք էր: Գենան օգնեց Հակոբին նույնիսկ էլեկտոֆիզիոլագիական մեթոդի էլեկտրոնային սխեման գծելու հարցում: Հակոբը մոսկովյան լաբորատորիայի ճարտարագետին ջերմորեն շնորհակալություն հայտնեց և գործը վերջացրած համարելով, հյուրանոց վերադարձավ:
           
Երևանում Հակոբը լաբորատորիայի վարիչին պատմեց գործուղման ընթացքի մասին, հատկապես` շատ գովեց նրանց ճարտարագետին՝ Գենադիյ Մաքսիմովիչին՝ նրա բանիմացությունը, պատրաստակամությունն ու հասարակ կեցվածքը՝ հակադրելով Նիկոլայ Յուրևիչի անտարբերությանը, գոռոզությանն ու մեծամտությանը:
           
- Աստվա՜ծ իմ, - բացականչեց լաբորատորիայի վարիչը, - ա՜խր, դա հանրահայտ գիտնական, ակադեմիկոս Գենադիյ Մաքսիմովիչ Իվանովն է եղել…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
20 փետրվարի, 2017թ.

Friday, February 17, 2017

«Հրեշը»

Գիշերվա ժամը երկուսն էր: Ուժեղ անձրև էր գալիս, այնքան ուժեղ, որ անձրևի խոշոր ու փայփլուն կաթիլները, թափով հարվածելով ոստիկանական բաժանմունքի ապակյա պատերին, դղրդացնում էին ամբողջ շենքը: Ուժգին անձրևից առաջացած առվակները, գլգլալով, փութաջանորեն հոսում էին դեպի մայթեզրի երկայնքով տեղակայված խորը ջրահեռացման՝ դիտահորերի` ճեղքերի մեջ: Դրսում ահավոր մութ էր, իսկ փողոցային, էլեկտրական լապտերների լույսը հազիվ էր նշմարվում անձրևի շիթերից առաջացած շղարշի հետևում:

- Այս հորդառատ անձրևները չտեսնված օգտակար են Կալիֆորնիային, - նկատեց հերթապահող աշխատակիցներից մեկը՝ միջահասակ, առնական ու բարձրահասակ լեյտենանտ Սթիվ Թոմսոնը, - եթե մի քանի շաբաթ էլ այսպես շարունակվի, ապա նախորդ տարիների երաշտի պատճառով համարյա ցամաքած ջրամբարներն ամբողջովին կլցվեն:

- Դու ճիշտ ես, - շարունակեց մյուսը՝ երիտասարդ, նրբիրան ու գեղեցկադեմ ոստիկան Դորոթի Ռամիրոն, - «NPR» ռադիոկայանը երեկ հաղորդեց, որ ջրամբարներն արդեն 70 տոկոսով համալրել են իրենց ջրային պաշարները: 

- Երկուսդ էլ միանգամայն ճիշտ եք, բայց Աստված մի արասցե՝ հանկարծ դեպք պատահի այս գիշեր, տեղատարափ անձրևի ժամանակ, - արձագանքեց նրանց՝ կարճահասակ, գիրուկ, գլուխն ամբողջովին խուզած սերժանտ Դեվիդ Փանոսյանը, - պատկերացնու՞մ եք, թե ինչքա՜ն դժվար կլինի դեպքի վայր հասնելը, էլ չեմ ասում թրջվելու մասին: 

- Հույս ունենանք, որ չի պատահի, - ժպտալով բացականչեց Դորոթին, - մի մոռացեք, որ Գլենդեյլ քաղաքում հանցագործությունների մակարդակը 40%-ով, իսկ ծանր հանցագործությունների մակարդակը 77%-ով ավելի պակաս է, քան Կալիֆորնիայի մյուս քաղաքներում ու բնակավայրերում, ինչպես նաև հանցագործությունների մակարդակը 36%-ով, իսկ ծանր հանցագործությունների մակարդակը 74%-ով ավելի պակաս է, քան Ամերիկայի մյուս նահանգներում: Այդպիսին է այսօրվա վիճակագրությունը, իսկ այն, ինչպես ասում են, անվիճելի է և այդ բոլորը հայերի շնորհիվ: Մոտ 200 հազար բնակչություն ունեցող Գլենդեյլ քաղաքի գրեթե 60%-ը բնակեցված է հայ ներգաղթյալներով, իսկ նրանք երբեք անիմաստ կամ չպատճառաբանված հանցագործություններ չեն կատարում: 

- Ասում են՝ հայերն են բարեկարգել ու կառուցել այս քաղաքը, և մոտ 20 տարի առաջ ներկայիս գեղեցիկ, բարեկարգ, կանաչապատ փողոցների ու հարմարավետ շենքերի տեղում ամայի ու կիսանապատային տարածքներ են եղել, - ավելացրեց լեյտենանտ Սթիվ Թոմփսոնը:

- Ի՜նչ հաճելի կլիներ այս անձրևի ժամանակ քնելը, - քնքշորեն հորանջելով ասաց Դորոթին, - հիմա մարդիկ պառկած են իրենց տաքուկ անկողիներում ու քաղցր քուն են մտել: Երա՜նի նրանց…

Այդ պահին Դեվիդը մի երազկոտ, բայց խոսուն հայացք նետեց աղջկա վրա, քանի որ մինչև ականջների ծայրը սիրահարված էր նրան: Աղջիկը հասկանալով Դեվիդի հայացքի իմաստը, շիկնեց և հապճեպորեն հայացքը փախցրեց նրա կրքաբորբոք աչքերից: Դորոթին և Դեվիդը գործընկերներ էին: Նրանց ծառայողական սիրավեպն աննկատ չէր մնացել ծառայակիցների աչքերից: Դեվիդն անսահմանորեն սիրահարված էր Դորոթիին. աղջիկը նույնպես, սակայն նրան երբեմն վախեցնում էր Դեվիդի սերը. ա՜խր այն շատ բուռն էր ու կրքոտ…

Գիշերվա 2:23:02-ին հնչեց հեռախոսի զանգը:

- Ի՞նչ է պատահել օրիորդ, - հարցրեց Սթիվը՝ ուշադիր լսելով բողոքը, միաժամանակ գրանցելով զանգահարողի հասցեն և հեռախոսի համարը:

Սթիվն ընկերների ուշադիր ու սպասողական դեմքերին նայելով, ասաց.

- Ահա՜ և Ձեզ դեպք, լավ կլինի մտածեք, թե ինչպե՞ս եք դեպքի վայր մեկնելու այս անձրևին…

- Իսկ ի՞նչ է պատահել, լուրջ բան է՞, - գրեթե միասին հարցրեցին նրանք:

- Կարծում եմ, այո՛. Լեքսինգթոն փողոցի բազմաբնակարան, համատիրային շենքերից մեկում հրեշ է հայտնվել:

- Հա՜ հա՜, հա՜, - ծիծաղեցին ընկերները, - կատակում ես, չէ՞ Սթիվ:

- Ո՜չ, միանգամայն լուրջ եմ ասում: Գիշերվա կեսին, ինչ-որ մեկը թակել և ոտքերով դոփել է 38-ամյա Բեթի Ռոբերտսոնի մեկ ննջասենյականոց բնակարանի դուռը: Երբ նա նայել է դռան դիտանցքից, ապա տեսել է սարսափելի արյունոտ ու ջնջխված մի դեմք՝ պարզապես մի հրեշ, որը կարծես նոր էր վերադարձել վամպիրների մահասարսուռ խրախճանքից: Հրեշը փորձել է հաղորդակցվել նրա հետ՝ ահավոր ոռնոցներ արձակելով և արտաբերելով անհասկանալի ու անհոդաբաշխ հնչյուներ:  

- Ես չեմ հավատում ո՛չ հերշների, և ո՛չ էլ վամպիրների մասին արված հիմար պատմություններին, չնայած ամերիկյան գրականությունը` նույնիսկ մանկականը լեփ-լեցուն է նրանց մասին գրված անհեթեթ ու սարսափազդու պատմություններով, - գոչեց Դորոթին:

- Իսկ ես սիրում եմ հրեշների և վամպիրների մասին արված բոլոր սարսափելի պատմությունները,  - ասաց Դեվիդը ժպտալով, - հատկապես՝ կինոնկարները նրանց մասին, օրինակ՝ վերջերս, 2016թ. էկրան բարձրացած՝ «Արյունալի պատերազմներ», «Քահանան», «Թույլ տուր ներս գամ», «Վամպիրի օգնականը», «Արյուն ծծող սրիկաներ», «Մութ ստվերներ», «Թրանսիլվանիա հյուրանոցը» և շատ ուրիշներ:

- Ես, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, սիրում եմ սիրային, արկածային, ճանապարհորդական, գիտաֆանտաստիկ ժանրի գրականություն և կինոնկարները, - բացականչեց Դորոթին զայրացած՝ իր գեղեցիկ աչքերը ոլորելով Դեվիդի վրա:  

- Ժամանակ ենք կորցնում, վերջ տվե՛ք, - միջամտեց նրանց Սթիվը, - պատրաստվե՛ք, որ մեկնեք դեպքի վայր:

Այդ պահին նորից հնչեց հեռախոսի զանգը: Գիշերվա ժամը 2:26:31-ին գրանցվեց երկրորդ ահազանգող կանչը՝ նույն Լեքսինգտոն փողոցի բազմահարկ բնակելի շենքից: Այս անգամ զանգահարողը պարոն Դեշի Ժիանգն էր, ով խոսում էր թեթևակի չինական առոգանությամբ: Նա նույնպես վախեցած էր և գրեթե նույնությամբ կրկնում էր առաջինը զանգահարողի՝ օրիորդ Բեթի Ռոբերտսոնի պատմածը: Մինչև ոստիկանական շենքից դուրս գալը, գիշերվա ժամը 2:27:09-ին և 2:28:52-ին ևս երկու հեռախոսազանգ եղավ՝ տիկին Սիլվա Մինասյանի և պարոն Կառլոս Դելառոսայի կողմից՝ նորից նույն շենքից:

Սերժանտ Դեվիդ Փանոսյանը և ոստիկան Դորոթի Ռամիրոն դեպքի վայր ժամանեցին գիշերվա ժամը 2:33:16-ին: Լեքսինգտոն փողոցի № 116 բազմաբնակարան, համատիրային շենքի բոլոր բնակարանների լույսերը հանգած էին, բացառությամբ՝ ոստիկանական բաժանմունք զանգահարողների և հարկաբաժինների՝ միջանցքների: Ամենայն հավանականությամբ դեպքի մասին ահազանգողներն անհամբեր սպասում էին ոստիկանների ժամանմանը:

Ոստիկան Դորոթի Ռամիրոն, իմանալաով ծածկագիրը, հեշտությամբ բացեց ավտոմատ կառավարվող շքամուտքի դուռը, վերջինիս վրա տեղադրված փոքրիկ վահանակի համապատասխան կոճակները սեղմելով: Թույլ լուսավորված միջանցքներով նրանք զգուշությամբ առաջ շարժվեցին: Առջևից գնում էր Դեվիդը, իսկ նրան հետևում էր Դորոթին` մոտ տասը ոտնաչափ հեռավորության վրա. երկուսն էլ ձեռքերին պատրաստ պահել էին ատրճանակները՝ ապահովիչը հանած և ցուցամատը թեթևակի հպված ձգանին, միևնույն ժամանակ, ուշադիր զննելով տեղանքը և աչալուրջ ունկնդրելով բոլոր կասկածելի թվացող նույնիսկ աննշան ձայներին: Չնայած ո՛չ Դորոթին, և ո՛չ էլ Դեվիդը չէին հավատում հրեշների կամ վամպիրների գոյությանն իրական կյանքում, բայց այնումենայնիվ մի փոքր տագնապ կար նրանց աչքերում:

Առաջին հարկում ոստիկանները ոչ մի կասկածելի բան չգտան, երկրորդ հարկում նույնպես, իսկ երրորդ հարկում նրանք անմիջապես զգացին, որ մոտ են «հրեշին», որովհետև հստակ լսեցին տնքոցներ և անհասկանալի հնչյուններ, որոնք այնքան էլ նման չէին մարդկային ձայների: Ոստիկանները նաև նկատեցին արյան հետքեր հատակին և պատերին: Երբ նրանք երրորդ հարկի միջանցքում թեքվեցին դեպի ձախ, անմիջապես նկատեցին հատակին ընկած մի տղամարդու, ով արյունաքամ էր լինում: Նրա դեմքն ամբողջովին ջնջխված էր. տղամարդը փորձում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում: Նրան հաջողվում էր միայն անհասկանալի, անմարդկային հնչյուններ արձակել:

Դորոթին ռադիոկապով միացավ Սթիվի հետ, զեկուցեց իրադրությունը և խնդրեց անմիջապես շտապօգնության մեքենա ուղարկել դեպքի վայր: 

Պարզվեց, որ  տղամարդն այդ նույն շենքի բնակիչ, 45 ամյա Ահարոն Սմիթն էր, ով անհաջող ինքնասպանության փորձ էր կատարել, իսկ հետո հերթով թակել հարևանների մուտքի դռներն ու օգնություն խնդրել, բայց նա իր սարսափելի տեսքով և արտաբերած անհոդաբախշ հնչյուններով միայն վախեցրել էր նրանց՝ Բեթի Ռոբերտսոնին, Դեշի Ժիանգին, Սիլվա Մինասյանին և Կառլոս Դելառոսային: Ըստ երևույթին, պարոն Սմիթն ատրճանակը պահել էր կզակի տակ և կրակել: Գնդակը ջնջխել էր միայն նրա բերանի խոռոչը և քիթը, իսկ գլխուղեղը, ամենայն հավանականությամբ, չէր վնասվել:

Շտապօգնության մեքենան դժբախտ Ահարոն Սմիթին տեղափոխեց Կալիֆորնիայի՝ Գլենդեյլ քաղաքի Ադվենտիստական բժշկական կենտրոն: Կենտրոնի վիրաբուժական բաժնում վիրաբույժ Ջիմի Գորդոնը պատմեց ոստիկաններին, որ նա էլի է ունեցել անհաջող ինքնասպանության փորձ կատարող հիվանդներ, ովքեր բարեբախտաբար չգիտեին, թե ինչպես ճիշտ ինքնասպանություն գործել և դրա շնորհիվ էլ կենդանի էին մնացել՝ տվյալ հիվանդի պես:

- Սխալ է կզակի տակից կամ էլ քունքին կրակելը, - ասաց բժիշկը, - ճիշտը՝ բերանի մեջ կրակելն է՝ ատրճանակի փողը մոտ 45 աստիճան անկյան տակ պահելով: Միայն այդ դեպքում է հնարավոր անսխալ վնաս հասցնել գլխուղեղին: Եղել են նաև դեպքեր, երբ ինքնասպանության փորձ անելիս, կրակել են քունքին, սակայն գնդակը, սահելով ճակատային ոսկրից, միայն թեթևակի վնասվածքներ է առաջացրել:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
12 փետրվարի, 2017թ.

Wednesday, February 15, 2017

ԱՄՆ-ում տպագրվել է Մարտին Շիրինյանի «Էս ինչ օրի հասանք …» պատվածքը



Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում հրատարակվող ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ գրական-մշակույթային հանդեսի (պատվավոր նախագահ՝ Կարո և Մարիա Ճրճրյաններ, հիմնադիր և գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ Սարո Գյոդակյան) 72-րդ համարում, 2017թ. հունվարին տպագրվել է Մարտին Շիրինյանի «Էս ի՜նչ օրի հասանք …» պատվածքը (էջ՝ 52):

Կալիֆորնիա, Գլենդեյլ

15 փետրվասրի, 2017թ. 

Wednesday, December 21, 2016

Լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Զավարճալի պատմություն» պատմվածքների ժողովածուն


Զվարճալի պատմությունը» հեղինակի երկրորդ պատմվածքների ժողովածուն է՝ բաղկացած 26 տարաբնույթ և ճշմարտացի պատմություններից: Բոլոր պատմվածքներն առաջին անգամ են հրատարակվում, բացառությամբ «Ատրճանակով տղայի», որը հրատարակվել է «Առավոտ» թերթի «Գրական առավոտներ» բաժնում: Պատմվածքներում շոշափվում են տարբեր թեմաներ, ընդգրկելով հայրենասիրությունն ու դաստիարակությունը, սերն ու ատելությունը, կենցաղային և զավեշտալի իրավիճակները, անհամատեղելի ամուսնությունը, արտակարգ ընդունակությունները, գռեհկությունն ու անքաղաքավարությունը, այլասերվածությունը և  այլն: Ավելի վաղ հրատարակվել էր հեղինակի առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Հպանցիկ սեր» վերնագրով՝ բաղկա ցած 22 պատմվածքներից:

Saturday, August 13, 2016

Ատիշե

Վաղ առավոտյան, երբ դեռ զով էր և արևն էլ այնքան անխնա չէր այրում երկնակամարից, մեր շենքի շքամուտքից մի գեղեցիկ աղջիկ դուրս եկավ փոքրիկ, սպիտակ, փափկամազիկ շնիկի հետ: Աղջիկը փոքրամարմին էր, նիհար, նուրբ դիմագծերով, աջ ձեռքի բոլոր մատները, բացառությամբ բութ մատի, կտրված էին: Դա անմիջապես աչքի էր զարնում, քանի որ հենց այդ ձեռքի մեջ էր գեղեցիկ, աշխույժ ու թռվռան շնիկի դարչնագույն շնաթոկը: Շնիկն այնպես քաշում, տանում էր աղջկան իր ետևից՝ կարծես աշխատանքից էր ուշանում: Փողոցում, բացի ինձնից ու նրանից, ոչ ոք չկար: Միգուցե դա էր պատճառը, որ աղջիկը մի թույլ ժպիտ պարգևեց ինձ և հետևեց իրեն առաջնորդող ժրաջան շնիկին: «Խե՜ղճ աղջիկ, - մտածեցի ես, - տեսնես ի՞նչ է եղել, որ անմատ է մնացել՝ միգուցե՞ դժբախտ պատահար մանուկ հասակում, կամ դաժան պատիժ` աններելի հանցանքի համար, ով գիտե՞»:

Ես դեռ երթուղային տաքսիի էի սպասում մեր շենքի առջևում գտնվող երթուղային տաքսիների կանգառում, երբ աղջիկը վերադարձավ. երևի խանութ էր գնացել նախաճաշի համար ուտելիք գնելու: Նա նորից ժպտաց ինձ, այս անգամ ավելի համարձակ՝ կարծես ծանոթ մարդու էր հանդիպել: Ես նույնպես ժպտացի և սիրալիր հարցրեցի նրան.

- Նոր կենվոր ե՞ք, մեր շենքում եք ապրելու՞:

Աղջիկը չհասկացավ ինձ: Ես հարցերս կրկնեցի ռուսերեն, այնուհետև անգլերեն: Նա գլխով արեց, որպես հաստատական նշան: Հարցրեցի.

- Անունդ ի՞նչ է:

- Ատիշե, նշանակում է հուր, կրակ:

- Պարսկաստանից ե՞ք:

- Այո՛:

- Շատ հաճելի է, - ասացի, - ես էլ եմ այս շենքից, անունս Վարդան է, գնում եմ աշխատանքի:

Գրեթե ամեն օր, առավոտյան աշխատանքի գնալիս, հանդիպում էի նրան: Անմատ պարսկուհին, կողքիցս անցնելիս  ժպտում էր ինձ, ինչպես հին ծանոթի: Ինձ թվում էր, որ նրա տրամադրությունը միշտ բարձր էր և շատ երջանիկ էր՝ իր շնիկի հետ զբոսանքի գնալիս: Շնիկն էլ էր ինձ հին ծանոթի տեղ դնում. ամեն անգամ ինձ հանդիպելիս, ուրախ, պոչիկը շարժվելով մի պահ մոտենում էր ինձ, հոտոտում՝ համոզվելու համար, որ դա ես եմ, այնուհետև քաշում տանում էր հմայիչ պարսկուհուն իր ետևից: Լսել էի, որ մահմեդականները, առավել ևս պարսիկները, ովքեր արմատական կամ ֆունդամենտալ իսլամիստներ են, պիղծ են համարում շներին, և հավանաբար Պարսկաստանում աղջիկը չէր կարողանա անկաշկանդ զբոսնել նույնիսկ  փոքրիկ, անպաշտպան շնիկի հետ: Ես դրանում այնքան էլ համոզված չեմ, բայց եթե դա այդպես է, ապա ինչքան երեխաներ և նույնիսկ մեծահասակներ, ովքեր սիրում են շների հետ խաղալ և զբոսնել, զրկված են այդ անմեղ հաճույքներից: Ափսո՜ս, շատ ափսո՜ս…

Ատիշեն ամուսին ուներ՝ հայ ամուսին Պարսկաստանից: Մի քանի օր անց, պատահմամբ, տեսա նաև նրան: Նրա անունը Վահիկ էր, պարսկուհու պես փոքրամարմին, բայց պակաս համակրելի: Նա ինչ-որ բիզնեսով էր զբաղվում, բացատրեց, բայց լավ չհասկացա, թե՞ ինչպիսի: Անզեն աչքով էլ երևում էր, որ նա սիրում էր իր չքնաղ կնոջը, անչափ շատ:

- Ի՜նչ երջանիկ ամուսիններ են, - ասացի հարևանիս, ով մի հարկ նրանցից վերև էր ապրում:

- Ի՜նչն են երջանիկ, - ասաց նա, - ամբողջ օրը կռվում են, կինն էլ հաճախակի լաց է լինում:

- Չի կարող պատահել, - բացականչեցի ես, - չեմ հավատում:

- Արդեն պատահել է և այն էլ նրանց եկած օրվանից. իմ բնակարանում ամեն ինչ պարզ լսվում է, որովհետև մեր շենքի առաստաղները վատ են ձայնամեկուսացված:

- Խե՜ղճ կին, - ասացի ես:

- Դեռ հարց է, ով է խեղճը՝ ամուսինը՞, թե՞ կինը, - փիլիսոփայեց հարևանս՝ Աշոտը, ով ընդհանրապես ամուսնացած չէր, չնայած պատկառելի տարիքին: 

Մի օր, կեսօրին, իմ հանգստյան օրը, մեր շքամուտքում ուժեղ գազի հոտ էր տարածվել. ես դա իսկույն նկատեցի, երբ բնակարանից դուրս եկա: Անմիջապես իմաց տվի հարևանիս՝ Աշոտին: Նա էլ հաստատեց իմ կասկածները: Մինչ մենք անհանգստացած քննարկում էինք, թե արդյոք ո՞ր բնակարանից է գազի արտահոսքը, ինչքանո՞վ է այն վտանգավոր, զանգահարե՞նք Գազի վթարային ծառայություն և ահազանգե՞նք այդ մասին, թե՞ ոչ, երբ մեր շքամուտքի դուռը բացվեց և Վահիկը ներս մտավ: Մենք անմիջապես դիմեցինք նրան.

- Վահի՛կ, չե՞ս զգում գազի հոտը, որ տարածվել է ամբողջ շքամուտքով մեկ:  Նա այլայլվեց և անվարան հայտարարեց.

- Վա՜յ, դա կինս է արել՝ Ատիշեն, երևի ուզում է ինքնասպան լինել:

- Ո՞նց թե ինքնասպան, - չափազանց զարմացած ու հուզված միաժամանակ գոչեցինք մենք, սակայն մեր հարցն անպատասխան մնաց, փոխարենը՝ նա հարցրեց.

- Շարժական աստիճանով, բակի կողմից կարո՞ղ եմ ապակեպատ պատշգամբով ներս մտնել և փրկել կնոջս:
           
- Այո՛, կարող ես: Բակում բավականին երկար, փայտյա աստիճան կա, հենի՛ր պատին և պատշգամբով ներս մտի՛ր, - ասաց Աշոտը, իսկ ես այդ միջոցին, առանց հապաղելու, իմ բջջային հեռախոսով զանգեցի 104՝ Գազի վթարային ծառայություն և ահազանգեցի գազի արտահոսքի մասին:
           
Ես և Աշոտը դուրս եկանք փողոց՝ դիմավորելու Գազի վթարային ծառայության ավտոմեքենային և շենքի աջակողմյան մասից տեսանք, թե ինչպես պատշգամբից Վահիկը ներս մտավ բնակարան: Մի քանի րոպե անց ուժգին պայթյուն լսվեց, և պատշգամբի ապակիները, վերածվելով արևածաղկի սերմերի չափ բազմաթիվ մանր բեկորների, մոտ հիսուն մետր շառավիղով, թռան այս ու այն կողմ: Բարեբախտաբար, այդ պահին ես և Աշոտը մեջքով էինք շրջված դեպի պատշգամբը և մոտավորապես երեսուն մետր հեռու էինք գտնվում: Շոգ ամառ էր, և, բնականաբար, մենք կարճաթև վերնաշապիկներով էինք: Մեր թևերի և պարանոցների բաց մասերը մի քանի տեղերից արյունոտվեցին ապակու մանր բեկորներից: Արյունահոսում էր նույնիսկ Աշոտի ձախ ականջը: Մի քանի րոպեից ժամանեցին հրշեջները, ոստիկանները, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, շտապ օգնությունը և, իհարկե՛, գազի վթարային ծառայության  աշխատակիցները՝ իրենց ծառայություններին հատուկ, ուժեղ ձայնային ազդանշաններ արձակելով, ինչպես նաև կարճ ժամանակամիջոցում, մի ստվար հետաքրքասերների բազմություն հավաքվեց դեպքի վայրում:

- Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, - իրար հերթ չտալով, անընդհատ հարցնում էին մեզ հավաքվածները, սակայն մենք՝ ես և Աշոտը շվարած կանգնած էինք և կցկտուր պատասխաններ էինք տալիս նրանց, որովհետև դեռևս շատ բան չգիտեինք, մի քիչ էլ վախեցած էինք…

Հանկարծ ննջասենյակի պատուհանի գոգին երևաց Ատիշեն. նա կքանստած, հուսահատ հեծկլտում էր և ճչալով, ըստ երևույթին, օգնություն էր հայցում...

Նոր ժամանած արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները նրան շենքի՝ դրսի կողմից, անմիջապես, անվնաս իջեցրին պատուհանի վրայից և տեղափոխեցին շտապ օգնության մեքենայի մեջ: Դատելով ամեն ինչից Ատիշեն վնասվածքներ չէր ստացել: Մի քանի վայրկյան անց Վահիկը դուրս ելավ. նա ամբողջովին արյունոտված էր, հատկապես շատ էր տուժել նրա դեմքը: Վահիկն այնպիսի տեսք ուներ, կարծես նոր էր վերադարձել ռազմի դաշտից: Նա մի կերպ, ուժերը հավաքելով, մոտեցել էր բնակարանի մուտքի դռանը և բացել էր այն, որպեսզի օգնության հասած ծառայությունները հեշտությամբ բնակարան մտնեին և կարողանային կատարել իրենց պարտականությունները: Չնայած աղմուկին և ժխորին անընդհատ լսվում էր Ատիշեի սրտաճմլիկ ու միալար հեծկլտոցը: Շտապ օգնության աշխատողները փութաջանորեն մոտեցան Վահիկին և, տեղափոխելով նրան շտապ օգնության մեքենայի մեջ, իսկույն հեռացան:       

Պայթյունի հետևանքով ավերվել էր ապակեպատ պատշգամբը և խոհանոցը: Վահիկը հետագայում տանտիրոջն ամբողջովին հատուցեց պատճառած նյութական վնասը:

Ատիշեն, իրոք, ինքնասպանության փորձ էր արել. նա բացել էր խոհանոցում տեղադրված գազօջախի կոճակները և միացրել էր բաց էլեկտրական սպիրալով աշխատող մազերը չորացնելու դյուրակիր սարքը պատշգամբում, իսկ ինքն առանձնացել էր ննջասենյակում, որը գտնվում էր պատշգամբի ետևում: Գազը կուտակվելուն պես, բնականաբար, պայթյունն անխուսափելի կլիներ: Պայթյունի ժամանակ նա վնասվածքներ չէր ստացել, որովհետև գտնվել էր ննջասենյակում, բայց անչափ վախեցել էր:

Զոհվեց միայն փոքրիկ, սպիտակ, փափկամազիկ շնիկը, որն այդքա՜ն լեցուն էր կյանքով: Հրշեջները նրան գտել էին խոհանոցում, պայթյունից կտոր-կտոր, մասնատված և արնաթաթախ: Խե՜ղճ, փոքրի՜կ, անմե՜ղ շնիկ:

Վահիկն ու Ատիշեն այլևս չվերադարձան այդ բնակարանում ապրելու: Ըստ ինձ հասած տեղեկությունների, Վահիկն ապաքինվել էր, բայց դեմքի վրա մնացել էին բավականին նկատելի և խորը այրվածքի հետքեր: Մենք չգիտենք՝ արդյո՞ք Վահիկը շարունակում է ապրել իր Ատիշեի հետ, թե՞ ոչ, ինչպես նաև՝ ինչու՞ էին նրանք այդքան հաճախ կռվում, և ինչո՞ւ էր Ատիշեն լաց լինում… Չգիտենք նաև՝ արդյո՞ք Ատիշեն գնահատեց իր ամուսնու սխրանքը, թե՞ ոչ: Չէ՞ որ, նա առանց երկմտելու ընդհառաջ գնաց ակնհայտ վտանգին, որպեսզի փրկի իր սիրելիին: Իսկ միգուցե, ինչպես արևելքի հանրահայտ բանաստեղծ ու փիլիսոփա Օմար Խայամն է ասում. «Մեկին մի մանրուք տաս, ամբողջ կյանքում կհիշի, մեկին էլ կյանքդ նվիրես, չի էլ հասկանա»: Մի բան է միայն պարզ, որ Ատիշեն հարազատ մնաց իր անվան նշանակությանը և կրակի մատնեց մեր շենքը՝ պայթեցնելով բնակարանը ու վտանգի ենթարկելով մեզ՝ շենքի բնակիչներիս:    


Կալիֆորնիա, Գլենդեյլ

3 օգոստոսի, 2016թ. 

Friday, August 5, 2016

«Խուլիգանները»

Ի՜նչպիսի մեծ երջանկություն է երեխա ունենալը: Երեխան դա բնության ամենագեղեցիկ հրաշքն է, Աստծու տված լավագույն պարգևը… Ընտանիքն առանց երեխայի չի կարող երջանիկ լինել, եթե նույնիսկ այն ստեղծվել է փոխադարձ շատ մեծ սիրո արդյունքում: Այդ է պատճառը, որ նորաստեղծ ընտանիքները ջանասիրաբար ձգտում են երեխա ունենալ ամուսնության առաջին իսկ օրվանից սկսած, իսկ եթե այս կամ այն պատճառով ուշանում է այդքան շատ սպասվող երեխայի գալուստը, ապա անհանգստանում են ոչ միայն նոր ամուսնացած զույգերը, այլ նաև նրանց մոտիկ հարազատները, սրտակից ընկերներն ու մտերիմները, համենայն դեպս դա այդպես է հայկական ընտանիքներում:

Շատերի կարծիքով զույգերն ամուսնանում են միմիայն սիրո պատճառով, բայց ընդհանրապես մարդկանց մեծ մասի ամուսնանալու գլխավոր պատճառը երևի երեխա ունենալու անհուն ցանկությունն է, հատկապես՝ կանանցը: Միթե՞ քիչ կան ամուսնական զույգեր, որոնք ամուսնացել են փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված և  կարողացել են ստեղծել ամուր ու համերաշխ ընտանիքներ, դրան նպաստել է նոր ծնված մանուկը կամ մանուկները նաև: Իհարկե՛, ամենաիդեալական ընտանիքը դա այն ընտանիքն է, որը ստեղծվել է փոխադարձ սիրո, համակրանքի, հարգանքի և երեխաներ ունենալու անսահման ցանկության վրա: Ոչ ոք չի կարող ժխտել դա:

Ցավալի է, բայց միայն հղիանալը դեռևս կայուն երաշխիք չէ երեխա ունենալու համար, քանի որ բավականին հաճախ առկա է նաև հղիության բնական ընդհատման վտանգը: Դժբախտաբար թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց գերակշիռ մասը չափազանց մակերեսային պատկերացումներ ունի հղիության մասին: Նրանցից շատերն անգամ չգիտեն, որ հղիությունը սկսվում է ոչ թե արգանդում, այլ Ֆալոպյան փողերում կամ ձվափողերում և միայն 3-4 օր հետո սերմնաբջիջով բեղմնավորված ձվաբջիջն իջնում է արգանդ և կպչում արգանդի պատին՝ էնդոմետրիումին. չգիտեն, որ հղիության առաջին երեք ամիսների ընթացքում ձևավորվում է երեխայի սաղմը՝ էմբրիոնը, իսկ այնուհետև պտուղը. չգիտեն, որ երեխայի սեռը կախված է տղամարդկանց x կամ y քրոմոսոմների և կանանց x քրոմոսոմների համապատասխան զուգակցումից, այսինքն՝ (x-x)-ի դեպքում աղջիկ է ծնվում, իսկ (x-y)-ի դեպքում՝ տղա. չգիտեն, որ հղիության սկզբնական շրջանում շատ մեծ է կանանց սեռական հորմոններից մեկի՝ պրոգեստերոնի և տղամարդկանց սեռական հորմոնի՝ տեստոստերոնի դերը և այլն:

Խորհրդային Միության տարիներին, միգուցե և Հայաստանի անկախացումից հետո էլ, բժիշկները, այդքան հաճախ հանդիպող, կանանց հղիության բնական ընդհատումից պաշտպանելու համար առաջարկում էին ստացիոնար կամ հիվանդանոցային պայմաններում բուժում, որն ըստ էության պառավական բուժման մեթոդներից այն կողմ չէր անցնում. նրանք առաջարկում էին տևական անկողնային ռեժիմ, վիտամին E, խուսափել ծանր իրեր բարձրացնելուց, սեռական հարաբերություններից, կռանալուց և, երևի ձևականորեն, կատարում էին արյան ու մեզի ընդհանուր անալիզներ: Բնականաբար այդպիսի բուժումը ոչ ոքի չէր օգնում: Մինչդեռ արևմտյան զարգացած երկրներում առաջարկում էին բավականին ազդեցիկ և փորձված հորմոնային բուժում՝ պրոգեստերոն, որը զգալիորեն բարձրացնում է սաղմի կամ էմբրիոնի կենսունակությունը և տեստաստերոն, որի շնորհիվ բարձրանում է սաղմի կպչողականությունն էնդոմետրիումին: Կինն իրեն անհրաժեշտ տեստաստերոնը, հղիության առաջին ամիսներին, կարող է ստանալ նաև ամուսնուց՝ ինտենսիվ սեռական հարաբերությունների շնորհիվ, քանի որ այդ ժամանակ զգալիորեն բարձրանում է նրա սեռական հակման կամ լիբիդոյի զգացողությունը: Սխալ բուժման պատճառով, ո՞վ գիտե ինչքա՜ն երեխաներ, դեռ սաղմնային վիճակում դատապարտված են եղել ոչնչացման Խորհրդային Միության տարիներին, միգուցե և հետո էլ:    

Լևոնն ու Նարինեն մի քանի տարի պայքարում էին երեխա ունենալու համար, բայց դեռևս ապարդյուն: Նարինեն արդեն մի քանի անգամ հղիացել էր, բայց հղիության առաջին երկու ամիսների ընթացքում հղիությունը բնական ձևով ընդհատվում էր՝ հոգեկան մեծ ցավ պատճառելով երիտասարդ ամուսնական զույգին: Ամեն անգամ Նարինեն ստացիոնար բուժում էր անցնում, բայց միևնույն է վիժում էր: Այս անգամ էլ նա հիվանդանոցում բուժման կուրս էր անցնում. բուժող բժիշկը հուսադրում էր, քանի որ արդեն երկուս ու կես ամիս անցել էր, իսկ բնական վիժման վտանգը գրեթե ամբողջովին կանցներ երեք ամիս հղիությունը պահպանելուց հետո:

Նարինեի մայրը և սկեսուրն այլևս չէին հավատում բժիշկներին և ջերմորեն աղոթում էին նրա համար՝ ապավինելով միայն Աստծուն:

Լևոնն ամեն օր, աշխատանքից հետո այցելում էր կնոջը, միաժամանակ համով ուտելիքներ փոխանցելով նրան, որ փոխնեփոխ պատրաստում էին նրա մայրը և զոքանչը: Ամեն անգամ Նարինեին տեսնելիս, Լևոնը փորձում էր հուսադրել նրան.

- Մի օր էլ անցավ, Նարինե ջան, միգուցե լավ կլինի, հը՞:

- Հա, լավ կլինի Լևոն ջան, - ժպտալով պատասխանում էր կինը:

Մի օր Լևոնը, տուն գնալիս, հիվանդանոցի սպասասրահով անցնելիս լսեց, թե ինչպես է մի երիտասարդ տղա հայհոյում բժշկուհուն.

- Ես քո մե՜րը… Ես քո մե՜րը…

- Երիտասարդ, կարգին պահիր քեզ, այլ ոչ թե խուլիգանի պես, թե չէ՝ հենց հիմա միլիցիա կզանգեմ, - սրտնեղելով սաստում էր նրան բժշկուհին.

- Զանգի՛ր, ես քո մերը… Զանգի՛ր, որ գան քեզ տանեն, պոռնի՜կ…

Լևոնը հիշեց մոր ասածը. «Դժվարին պահին կանայք անիծում են, իսկ տղամարդիկ՝ հայոյում» և, չկարողանալով անտարբեր մնալ, մոտեցավ երիտասարդին: Երբ իմացավ եղելությունը, անկախ իրենից, ինքն էլ հայհոյեց բժշկուհուն.

- Ես քո մե՜րը… Ես քո մե՜րը…

Այդ պահին սպասասրահ մտավ մի միլիցիոներ և պինդ բռնեց Լևոնի թևից: Ըստ երևույթին, հիվանդանոցի մյուս աշխատակիցներն արդեն հասցրել էին զանգել միլիցիա:

- Մյուս խուլիգանին էլ բռնե՛ք, նա էլ էր հայհոյում, - ոգևորված գոռաց բժշկուհին:

Երբ միլիցիերն իմացավ, թե ինչ է պատահել, չկարողացավ իրեն զսպել, և շրջվելով դեպի բժշկուհին, գոռաց.

- Ես քո մե՜րը… Ես քո մե՜րը …

Պարզվեց, որ երիտասարդը մի օր առաջ իր հղի կնոջը բերել էր հիվանդանոց, որպեսզի պաշտպանեին նրան հղիության բնական ընդհատումից, իսկ բժիշկը նրա հղիությունն արհեստականորեն ընդհատել էր:  


Կալիֆորնիա, Գլենդեյլ

30 հուլիսի, 2016թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...